Նյու Յորք Ռևյու | Բաց նամակ Խորհրդային Միությունում հակահայկական ջարդերի վերաբերյալ

Սեպտեմբերի 27, 1990թ.

(Այս նամակը Ֆրանսիայում Հելսինկյան եզրափակիչ ակտը վերահսկող կոմիտեի և Փարիզի Փիլիսոփայության միջազգային քոլեջի մտավորականների համատեղ նախաձեռնությունն է։)

Ջարդերի դարաշրջանը, մի դարաշրջան, որ բոլորս կարծում էինք` ավարտվել էր, կրկին վրա է հասել։ Այս տարի ևս մեկ անգամ Ադրբեջանի հայկական համայնքը սոսկալի և անհանդուրժելի կանխամտածված կոտորածների զոհ դարձավ։

Իբրև ուսումնագետներ, գրողներ, գիտնականներ, քաղաքական առաջնորդներ ու արվեստագետներ՝ մենք առաջին հերթին ցանկանում ենք մեր խորագույն վրդովմունքն արտահայտել այս բարբարոսական գործողությունների կապակցությամբ, որոնք կամենում էինք հավատալ, թե մարդկության անցյալի գիրկն են անցել։

Մեր այս հայտարարությունն ավելին է, քան տեղի ունեցածի հետփաստական դատապարտում։ Մենք ցանկանում ենք միջազգային հանրությանն ահազանգել մարդկության ապագային սպառնացող ռասայական խտրականության շարունակական վտանգի մասին։ Վատ նախանշան է, որ նացիստական համակենտրոնացման ճամբարներում հրեաների ցեղասպանությունից կես դար ու Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումից քառասուն տարի անց ճիշտ նույն անզորությունն ենք վերապրում մարդու իրավունքների նման աղաղակող խախտումների բախվելիս։ Աններելի կլիներ, եթե հիմա մեր լռությամբ նպաստեինք նոր զոհերի տառապանքներին։

Կովկասում հայերի դրությունն իսկապես չափազանց լուրջ է, ու մենք չենք կարող լռել։ Նման պահերին մեր պարտքն է ստանձնել բարոյական հանձնառություն աջակցելու վտանգի մեջ հայտնված ժողովրդին։ Պարտականության զգացումն առաջնորդում է մեզ դիմել միջազգային հանրությանն ու հանրային կարծիքին։

Ավելի քան երկու տարի առաջ Ադրբեջանում հայերի դեմ ակտիվ հետապնդումներ սկսվեցին։ 1988թ. փետրվարի սումգայիթյան ջարդերին հաջորդեցին Կիրովաբադի ու Բաքվի` նույն թվականի նոյեմբերի կոտորածները։ Բոլորովին վերջերս՝ 1990թ. հունվարին, ջարդերը շարունակվեցին Բաքվում ու Ադրբեջանի այլ հատվածներում։ Սոսկ այն փաստը, որ ջարդերը կրկնվող ու օրինաչափ էին, ստիպում է մեզ կարծել, որ այս ողբերգական իրադարձությունները պատահականություն կամ ինքնաբուխ պոռթկումներ չեն։

Ավելին՝ մենք ստիպված ենք փաստել, որ Խորհրդային Ադրբեջանում հայ փոքրամասնության դեմ ոճրագործությունները եթե ոչ պաշտոնական քաղաքականություն, ապա հետևողական պրակտիկա են դարձել։ Ըստ հանգուցյալ Անդրեյ Սախարովի խոսքերի («Նյու Յորք Թայմս», Նոյեմբերի 26, 1988թ.)՝ այս ջարդերը «բնաջնջման իրական վտանգ» են Ադրբեջանի և 80 տոկոս հայ բնակչությամբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնիկ հայ համայնքների համար։

Սարսափը սահմաններ չունի, հատկապես, երբ մտաբերում ենք, որ ներկայիս սպառնալիքը հայ ժողովրդի հանդեպ է, որը 1915թ. թանկ վճարեց Օսմանյան Կայսրությունում տարբերվելու իր իրավունքի համար։ Այնտեղ հայերը ցեղասպանության պատճառով, որը ռասայական խտրականության վատագույն դրսևորումն է, կորցրին իրենց բնակչության կեսին։ Ավելին` վերջին ջարդերը ստիպել են հայերին վերհիշել բնաջնջման դեռ չհաղթահարված մղձավանջը, իսկ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը հայտնվել են լիակատար շրջափակման մեջ այն դեպքում, երբ Հայաստանի գազի 85 տոկոսը ներմուծվում էր Ադրբեջանի տարածքով։[1]

Չափազանցություն չի լինի պնդելը, թե այսպիսի շրջափակումը հավասարազոր է Հայաստանը խեղդամահ անելուն։ 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից ավերված այս երկրում շրջափակումը կաթվածահար է արել տնտեսությունն ու մահացու հարված հասցրել վերակառուցմանն ուղղված ջանքերին։

Մենք անկեղծ հույս ենք հայտնում, որ Պերեստրոյկան կհաջողի։ Բացի այդ, հույսեր ենք կապում Գլասնոստի ու ժողովրդավարացման գործընթացների հաջողության հետ։ Մենք գիտակցում ենք, որ ամբողջատիրական պետությունից անցումը օրենքի գերակայության չի կարող տեղի ունենալ մեկ օրում։ Այնուամենայիվ, անհրաժեշտ ենք համարում, որ այս անցումային գործընթացում Խորհրդային Միության կառավարությունը խթանի, հաստատութենականացնի և օրինական կարգավիճակ տա ժողովրդավարության համար հույժ կարևոր ուժերի, ինչպիսիք են մարդու իրավունքները, հանդուրժողականության սկզբունքը և ժողովրդական շարժումները։ Ժողովրդավարությունը պաշտպանելու և ի ցույց դնելու սրանից ավելի լավ առիթ լինել չի կարող։ Ցանկացած պարագայում վատթարագույնից խուսափելու միակ ճանապարհը սա է։ Իսկ բազմազգ պետության դեպքում վատթարագույնը կարող են լինել որևէ ժողովրդի կամ փոքրամասնության գոյության իրավունքի նկատմամբ սպառնալիքները։ Հենց անորոշ ու անցումային ժամանակաշրջաններում է, որ ժողովուրդների իրավունքներին (այսօր՝ հայերի, վաղը՝ մեկ այլ ժողովրդի կամ փոքրամասնության) սպառնում են կամ մերժում դրանք։ Այսկերպ, ականատես լինելով, թե ինչ հեշտությամբ են ԽՍՀՄ-ում զարգանում խտրական շարժումները՝ հատկապես «Պամյատ» անվամբ հայտնի հակասեմական շարժումը, մենք խորը մտահոգություն ենք հայտնում։

Զգոն լինելու մեր պարտավորությունից ելնելով՝ պահանջում ենք, որ խորհրդային իշխանությունները, ինչպես նաև միջազգային հանրությունը միաձայն դատապարտեն հակահայկական ջարդերն ու հատուկ պարսավանքի արժանացնեն խտրական գաղափարախոսությունը, որը ոճրագործներն օգտագործում են որպես իրենց ոճիրների արդարացում։

 Մենք խորհրդային իշխանություններին ու միջազգային հանրությանը խնդրում ենք անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցները՝ երաշխավորելու Կովկասում ու Խորհրդային Միության այլ հատվածներում բնակվող հայերի պաշտպանությունն ու անվտանգությունը։ Այս գործընթացը կարելի է սկսել ադրբեջանական շրջափակումը ամբողջությամբ վերացնելու ճանապարհով։

Ակնհայտ է, որ հայերի բռնի արտաքսումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը լինել չի կարող, մի հիմնախնդրի, որը, ըստ էության, մարդու իրավունքների հարց է։

Քանի որ 1915թ. ցեղասպանությունը ևս սկսվել է ջարդերով ու զանգվածային բռնագաղթերով, և քանի որ այդ մասին ցավոտ հիշողությունը դեռ պահպանվում է, Հայաստանն այսօր ապրում է չարչարանքի և հուսահատության օրեր։

Հենց այսպիսի հանգամանքներում է, որ օրենքի գերակայությամբ առաջնորդվող պետությունների միջազգային հանրությունը պետք է ապացուցի մարդու իրավունքներին իր հավատարմության իսկությունը՝ երաշխավորելու, որ անտարբերության ու մեղսակցության սահմանակից լռության պատճառով տեղի չի ունենա երկրորդ ցեղասպանություն։

 

Դեյվիդ Աարոն (Մարդու իրավունքների միջազգային լիգայի հոգաբարձու)

Սըր Իսայա Բեռլին (Բոլոր հոգիների քոլեջ, Օքսֆորդ)

Ուիլյամ Մ Չեյս (Ուեսլեյան համալսարանի նախագահ)

Ժակ Դերիդա (Փիլիսոփայության ֆակուլտետ, Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց)

Լյուկ Ֆերի (Փիլիսոփայության ֆակուլտետ, Ռենի համալսարան)

Ալեն Ֆինկելկրաուտ (Փիլիսոփա, Փարիզ)

Հանս-Գեորգ Գադամեր (Փիլիսոփայության ֆակուլտետ, Հայդելբերգի համալսարան)

Անդրե Գլյուկսման (Փիլիսոփա, Փարիզ)

Վարդան Գրեգորյան (Պատմության ֆակուլտետ, Բրաունի համալսարան)

Յուրգեն Հաբերմաս (Փիլիսոփայության ֆակուլտետ, Ֆրանկֆուրտի համալսարան)

Ագնեշ Հելլեր (Փիլիսոփայության ֆակուլտետ, Սոցիալական հետազոտությունների նոր դպրոց)

Բենջամին Լ Հուքս (Գործադիր տնօրեն, Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիա)

Լեշեկ Կոլակովսկի (Փիլիսոփայության ֆակուլտետ, Բոլոր հոգիների քոլեջ, Օքսֆորդ)

Էմանուել Լևինաս (Փիլիսոփայության ֆակուլտետ, Փարիզի IV համալսարան, Սորբոն)

Ադրիան Լիթըլտոն (Պատմության ֆակուլտետ, Ջոնս Հոփկինսի անվան միջազգային ուսումնասիրությունների կենտրոն)

Ժակ Պուլեյն (Փիլիսոփայության ֆակուլտետ, Փարիզի VIII համալսարան)

Հիլարի Փաթնամ (Բոստոն)

Պոլ Ռիկյոր (Փիլիսոփայության ֆակուլտետ, Փարիզի Նանտեր համալսարան)

Ռիչարդ Ռորթի (Փիլիսոփայության ֆակուլտետ, Հյուսիսային Կարոլինայի համալսարան)

Ջերոմ Ջ Շեստակ (Մարդու իրավունքների միջազգային լիգայի նախագահ)

Չառլզ Թեյլոր (Փիլիսոփայության ու քաղաքագիտության ֆակուլտետ, ՄքԳիլի համալսարան, Մոնրեալ)

Ռայներ Վիլ (Փիլիսոփայության ֆակուլտետ, Հայդելբերգի համալսարան)

Ռեջինալդ Է Զելնիկ (Պատմական գիտությունների պրոֆեսոր, Բերքլիի համալսարան)

և ևս 110 մտավորական

Բնագիրը տե՛ս այստեղ։

Թարգմանություն անգլերենից՝ Հրանուշ Հակոբյանի

[1] Բնագրում այս նախադասության մեջ որոշ բառեր պակասում են։ Հնարավոր է, որ նախնական տարբերակում երկու նախադասություն է եղել և խմբագրական ուղղումների ընթացքում երկուսը սխալաբար միակցվել են։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *