Արամ Ալավերդյան | Չառլսթոն

ԾառԱշնան զովքի հետ երիտասարդ տնօրեն Առնոն գին խոսեց, պատշար Մենդել Արամայիսին պատվիրեց տունը շուրջանակի ցանկապատել: Որդիներինը՝ դասերից հետո, խաղողաքաղն էր: Երկու տարում հիմնովին կանգնած տան նորամուտը պիտի ավարտվեր խաղողաքաղով. տնամերձ այգին բերքոտել, առաջին միրգը հասել է:
Ուստա Մենդելը՝ համեստ, շիտակ ձեռագործը առանձնակի չգովաբանող, շինարհեստի ամեն գործ վիզ առնող մարդ, խնդիր ուներ Առնոյի ամենամեծ ջանքը՝ վերջին քանի տարվա վաստակը, կատարելության բերել: Նա, գործն ու բնավորությունն իրարից անբաժան, իմաստավոր, պատշար չէ հո՜… շենի մենախոս-դերասան:
…Հետո, մինչև տարվա վերջ, Առնոն Բաքվից սպասում էր եղբորը: Ավագ եղբորորդու համար՝ գյուղից աղջիկ պիտի ուզեին: Մի երեկո, ընթրիքն անց, մարդ ու կին, սրունք-սրունքի պառկած, շենը տակ-գլուխ տվեցին, եկան-հասան շրջակա գյուղերում հայտնի որսկան, անշառ սուտասիկ, կենցաղկոմբինատի հարյուր տարվա տրակտորիստ՝ Պասկա Աբելի տասնավարտ աղջկան: Եղբոր կողմը, բեռնաթափքը՝ թառափ, չեխական գարեջուր, ձմերուկ-սեխ՝ լիքը, դարպասի դեմ ազդանշան կտա, տղամարդ-կնիկ, տեգր-տեգրակին իրար կխառնվեն, շրթներկոտ կհամբուրվեն, իրիկուն-գիշեր, լավ ուտել-խմել կանեն, վաղուց մոռացված չարլսթոնին կանցնեն, կուրախանան: Թե՛ հարսանիքն էլ գլուխ բերվում՝ տան նորամուտը օրհնվում է պսակով: Բարիքը տանից անպակաս լինի՛…
Քամքաշ աշնան արեգակի թաքնվելուն պես, մուշկեթ խաղողենին բոլորտիք տոգոր բույր է ցրել: Վազը՝ ծանրոտ, խաբուսիկ հով է պարուրել այգուն: Զեփյուռի ճիգը, ցրտերից առաջ, ահա՛ բերքը տուն պիտի անի: Այսպես է. մեղուն, որ խաղք տվեց դեպի հասուն, կապտամուգ, թավշե ճութը, տերևի կանաչ փայլը կորավ՝ կաղնեփայտե տակառը հարկ է ձեռնասրահի փոշուտից գլոր տալ դեպի ջրծորակ, ջուրը կապել մեջը: Հերվա աշնանից պարապուրդի չորոտ փայտը՝ մինչև ուռչի, տակառը պրկվի, պատրաստ լինի մթերման՝ դեռ մի քանի ժամ, ճաքերը զուր ջուր կցայտեն: Ուռչելուն պես, հատակից վեր, ցցակողը մի հղոկ բարձր, Առնոն՝ մատան հաստության անցք է բացում, ճղան կտորից խցան բզում, փափուկ թմփոց զարկով՝ փականք անում: Մեկ-երկու օր՝ մնում է բերքահավաքը: Որդիներից մեկը դույլը ձեռքին ճթերն է քաղում, մյուսը՝ կռները ծալած ճմոռ անում: Գիլանի միջուկը այդ պահին դոնդող է պայթում, փրփուր տալիս: «Հաա՜յ…. գինի բորբոքվելուն եղանակը չխեղդի….»-,ներքուստ փափագելու է տերը:
Առնոն՝ աներոջ Ալեքսանին ընկերաբար խնդրեց՝ քարի հոգս անել: Աներոջ շշի մտերմությունն աչքի առնելով, հավաստիացրեց՝ օղի-միս անպակաս, ժամանակին հասցնել: Ու ինքը գործուղման մեկնեց:
Շինանյութի համար՝ հանդում կրաքարի տեղանք պիտի գտնվի. սեպ-կռան, ամուր բազուկ՝ հերիք են: Քարի երակը գտար, սեպ տվեցիր՝ ինքնիրեն ճայթ կանի, կբացվի: Կռանն, ահա՜, իրոք, ամուր բազկի պետք ունի: Աներ-փեսա՝ համերաշխ բարեկամ լինելը՝ չգրված, հազվադեպ, կարևոր բան է: Թե՜ մեկը մյուսին հարգեց՝ կյանքը խաղաղ է անցնելու: Ալեքսանը՝ հոգու խորքում գիտի, երկու բաժակից հետո, միշտ կատակում է՝ «աներն է փեսի էշը, թե՞ հակառակը»:
Երկերեսանի զոքանչը, մեկ-մեկ, իմիջայլոց, կատակի տալով՝ կասեր. «փեսայիս ոտը խերով չէր, մեր դուռը բացելը, պապին գործից դուրս անելը, հետն էլ Ճռռանհարթի խոտհարքին ձին գայլի բաժին դառնալը մեկ եղավ»: Միևնույն է, Առնոյի առաջնեկ, քչախոս, խոնարհ լինելուն՝ նա լալ, ամոթխած հարգանք ուներ: Բավական է՝ ընտանյոք աղջիկ-փեսա-թոռ, վեր կենային, խաղաղ աղջամուղջին հյուր գնային, իսկույն հավ կմորթի, վաղօրոք սալ մածուն կմերի, պեքու թաղաղուցք պահածոն, պապուն ջգրու, կբացի: Հոնի կիսատ, թաքուն պահած, փոշոտ շիշ օղին՝ հանկարծ կորած տեղից կհայտնվի:

Շիկահեր, քրքիջը երեսին ուստա Մենդելը՝ իր արհեստի մասին փիփիսոփայում է. «…ուստան որ հերսոտեց, զինքը ցրիվ տվեց, մուրճ-մալա նետեց, ավել-պակաս ուշունցով, ծխախոտից ծխախոտ վառեց, գործի նաղսը փորձեց իրենից գցել՝ ուրեմն «պիշի պրապալը», նա գործ անող չի»:
-Բոլորը փախել, քե՞զ են քար-ցեխ տալու թողել, ջահե՛լ: Դե ոչինչ, մի քանի օր է՝ ընկերություն արա՛,- պատշարի մոխրագույն հնամաշ գոգնոցը վզակալ՝ հետևին խաչկապ արեց, թևերը ծալեց, դաջվածք՝ «не забуду мать родную», մազոտ արմունկները բացեց, Առնոյի ավագ որդուն դիմեց նա:
– Հա՛, ինչ պակաս է՝ կասես, էստեղ եմ,- տիրոջ իրավունքով ասաց Առնոյի որդի Արտակը:
– Լա՛վ: Քո տարիքին եմ, էս Գագարինը կոսմոս է թռչում,- անցյալը ներկայով մատուցեց, հիմնապատին քուղ-ցցափայտ ձգելու ման եկավ Մենդելը, – ասացին՝ մնաց կոմունիզմը, էս է՜, էլի՛, հասել ենք: Վե՛րջ: Արժանի կյանքի կանցնենք, մատակարարը, ա՛յ մարդ, ռոբոտն է լինելու: Հա՛: Ասացին՝ ի՞նչ փող, ինչ բա՜ն, փողը պիտի վերանա: Մտնելու ես խանութ, ուզածդ՝ ձեռքովդ տոպրակ դնես, հանգիստ, քո քեֆին, տուն գնաս: Էսքա՞ն էլ կինո, հը՛…Դե ու՜ր է, ասում են հա՜ ասում: Մեկ էլ ասացին՝ ութսուն թիվը որ եկավ, «ֆսյո՛», հաստատ բան է, պատրաստվե՛ք, կոմունիզմ է: Էս վերջերն, էլի՛: Դանգլան կհավատա, լավ, էէէ՜…- ինքիրեն, հուսահատ, հազիվ լսելի՝ հեգնեց պատշար Մենդելը:
Ձմեռնամուտ, մի լեցուն նոյեմբերի, հոկեյի թունդ շրջան, խորհրդային պետության առաջնորդ Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը մեռավ:
– Այ ժողովիու՜րդ, լացու՛մ եք ու անտեղյակ եք, է՜է է , Ամերիկան ատոմ է խփելու, հը՛մ,- գյուղամիջով քստիմստի ճեմում, այս ու այն կողմ՝ բնավորությանը հարիր, խուճապ էր տարածում մանկաբարձ Ցինգռի Անժիկը: Անորոշ սպասումի ժամանակը, բոլորից կարծես անկախ, կարճ տևեց, մինչև հայտնվեց ճաղատը բծոտ Միխայիլ Սերգեևիչը: Մեծ երկիրը իրականում, ինչպես և հեռուստաեթերից, աչքառ, օրստօրե, տեսանելի հյուծախտի մեջ ընկավ:
Առնոն՝ Մարտակերտ, հաշվետու ժողովի մասնակից, շրջկոմին՝ ընդունելության, անոթի, կնճռոտ լռությամբ, ծառայողական «Մոսկվիչի» ղեկին, սովոր կերպով՝ արգելաոտնակն անտես, խութուփոս համրելով՝ սուրում էր դեպի տուն: Առհասարակ, երբ նա կնոջ դրած ընթրիքին՝ «…կուշտ եմ, մի թարմ թեյի հոգս արա…» է ասում, օրվա թերթերը սուտ, պատկերավոր ետուառաջ խշխշացում, անհույս քրքրում ընդունիչը՝ «Ամերիկայի ձայնը» որոնելու՝ ուրեմն գործատեղ ինչ-որ բան այն չէ:
– Բա՞ն է պատահել, վայ թե՜ էլի անանիմկա է գնացել: Հաջան Գըրիշի Հերսիկն էսօր դերձականոցից մի տեսակ էր նայում ինձ, հըը՜..մատերիալիստ թաղվածը վա՜՞յ թե…..- մտասևեռ, ավելը ձեռքին, կանխորոշեց Գոհար կինը:
– Ասացի՝ բան չկա՛, գլուխս էլի տարա՞ր, – մտքին համերաշխ, կիսատ ձայնը բարձրացրեց Առնոն:
– Դա քեզանից չէ: Մի բան ասա՝ մենք էլ իմանա՛նք, էս է, էլի գիշերն դուրսուդուռ ես անելու, քնահարամ անես բոլորիս: Գուցե՞ Նիկոլ տափդրիքն է բան գրել վերևին:
– Հոգնած եմ, թո՛ղ մի քիչ զինքս հավաքեմ, գլուխս տեղը գա՛,- տեղի տվեց, վերնազգեստը հանեց, հեռուստացույցը միացրեց Առնոն:
Շրջկոմի նորանշանակ առաջին դեմքը երկու ամիս է ինչ առաջավորի փոխանցիկ դրոշը շրջանային ժողովում հանդիսավոր հանձնել է իրեն՝ կենցաղսպասարկման կոմբինատի նորաթուխ տնօրեն Առնոյին: Պատիվ, անուն, համեստ հպարտություն, անթաքույց գոռոզություն. բեղուն տարիքի կոմունիստ ղեկավարը՝ կարծես ուրիշ կարիք չպիտի ունենա: Պլանի վեցերորդ ամսվա անընդհատ գերակատարումը ամբողջ կոլեկտիվի խնդիրն է: Հո՛գ չէ, թե աշխատավարձ է ուշանում մեկ-մեկ, շինանյութ է խնայվում: Լինող բաներ են: Մի գյուղի, հողուջրի, մոտոցիկլետավոր, համերաշխ բանվորություն է աշխատում: «Կլյաուզնիկ», նախանձ, բողոքատու, չար մարդու աչքը՝ փու՛շ…:
Շրջկոմի պլենումը՝ համարվեց փակված: Գյուղարանք- շրջկենտրոն ժամանած տեղական ղեկավար անձինք, սովոր աղմուկով, շինծու ձեռքսեղմումով՝ պարպեցին դահլիճը: Շրջկոմի ամուրի, պեպենոտ, ծծառատ, մշտազբաղ քարտուղարուհին, խառնշտոր թղթապանակը թևատակին, հասավ աստիճաններով իջնող երիտասարդ տնօրեն Առնոյին.
– Առաջինը կանչել է, մտե՛ք գրասենյակ, հենց հիմա՛, սպասում է:
Փոխանցիկ դրոշ ստանալուց հետո, Առնոն նորանշանակ շրջկոմի ղեկավարին դեռ ընդունելության չէր եղել: «Պլանը ձգելու բաժին ոնց որ կա», -ինքնիրեն,-«աշխատավարձի հարց է, դժվար թե ուշանա, փոխանցման դադար է՝ իսկ եթե կուզեք, մեր անելիքը քիչ է»,- սրտոտեց, դուռը հոդածալ ցուցամատի բախելուց հետո, բացեց նա:
-Պլանը՝ պլան: Մնացած հարցերը ո՞վ է լուծելու…շա՞տ չես շուտ կանաչ արտի վրա մենակ վազում, մե՛ր ընկեր,- անորոշ խոսքի կեսից՝ սկսեց աչքերը կարմրոտ քարտուղարը:
– Ընկեր Գաբրիելյան, երկու ամսվա ռոճիկի դադարը՝ բանկում խնդրել են մի քիչ սպասել, լավ կլիներ՝ դուք միջամտեիք: Իսկի դժգոհ, բողոքատու մարդ չկա դեռ հիմնարկում: Հաշվետվություն-բան՝ սարքին փակված է, շինանյութը՝ մոտովորապես երկու ամսով բավարար, ձմեռվա փայտի մթերումն ավարտին՝ անտառտնտեսության հետ տոմսի հարցերը լուծած: Մի կողմից լավ է, որ կանչել եք, խնդրում եմ՝ միջնորդեք բանկի կառավարչությանը,- ամփոփ ներկայացավ, գլխիվայր, վճռորոշ, դիպուկ զեկուցեց Առնոն:
– Բա իմ բաժին հարցերն ո՞վ է լուծելու, թե քեզ չհասկացողի տեղ ես դնում: Վերստուգիչ ուղարկեմ՝ իմանա՛ս յուղը մածնից լինելը, թացը չորից ջոկելը, թե գլխիդ զոռ ես տալու՞: Իմ բաժի՛նը, Թելյա՛ն: Համոզ էի՞ր, թե դրոշի արժան ես: Միթե՞ էնքան գեղցի պիտի լինի մարդ, որ ուղիղ տեքստով ամեն ինչ ասվի ճակատին,- ակնապիշ, լկտի հոխորտաց կուսակցական շրջանային նորանշանակ առաջնորդը, ըմպեց պաղ թեյը, անկրակ ծխախոտը տրորեց մատների արանքում:
Միամիտ գյուղացի չպիտի լինես՝ հասկանաս խոսքի արմատը, կեսբերան ասվածի իմաստը: Զրույցն արտառոց ուտվողներից է, միջոցն է փակուղային: Բաժինը՝ բաժին, կյանքում ամեն ինչ, ամեն տեսած՝ առաջին անգամ տեղի ունենալու խորհուրդ ունի, պարզից պարզ: Միջո՛ցը… ու՞մ գրպան է պռատելու. պետությա՜՞ն, բանվորի՜՞, իի՜՞ր… Եթե ի՛ր, ապա եկե՜լ, գյուղացի տեղով, Առնոն հասկացել է: Երեկվա երեխան չի, հո՛…«…շունշան որդի, կարող ա ռոճիկս բերեմ, տամ քեզ: Փայ տվողը ինքը պիտի փայ ունենա, չէէ՞՜, աչքը ծակ ավազակի որդի՛, բիճ սրիկա թալանչի, թե պետության եկամու՞տը տամ քեզ…»….
Ամեն ինչ դասավորվեց խիստ աճապարանքով: Մի քանի ամիս տևած գիշեր-ցերեկի անքուն ապրումներն ամփոփեցին ակնկալ պատկերի մեջ: Շրջկոմի պատկան մարդիկ, անհաղորդ, պիծիկրակ ժպիտ երեսներին, եկան կոմբինատի հաշվապահություն: Առաջաձոր գյուղի կենցաղկոմբինատի բակում, ծանոթ, միասին բազում անգամ հաց կերած դեմքերի հետ, անխոս, կանգուն ծխելու ժամանակ, նրանք գլուխ տարուբերեցին, հասկանալ տվեցին՝ իրենցից կախված բան չկա: Տակնուվրա շաբաթվա վերստուգումը ի հայտ բերեց խորդանշական, ապառիկ ֆինանսական վերագրում: Սա, նրանց կարծիքով, ծածկելու բան չէր: «Հասկացե՛ք», ասացին նրանք, «հացը՝ հաց, երախտիքը՝ երախտի՛ք, գործը գնալու է դատախազություն…»: Շրջկոմի քարտուղարի, իր հետ բերած, «կարգուկանոնին» դեմ գնալու հնար չկա: Ամեն ղեկավար ոլորտ գտնվելու է իր մարդկանց ձեռքում: Այդ մարդիկ, կուսակցական լինելուց զատ, ներքին հոտառության ձիրք պիտի ունենան, օրինախախտները պիտի պատժվեն, համակարգից հանվեն. սա են պահանջում երկրի «առաջադիմությունն» ու շահը, եթե կուզեք, նաև պաշտոնեական համատեղելիությունը:
Փորձառու, արհեստավարժ, օրհասական քինախնդրություն….
Առնոյի հանդեպ մոգոնված պատժի ծանրությունը, ինչ-ինչ կողմով, մեղմ ընթացք ստացավ՝ միայն գործի ծայրը մարզկենտրոն չհասցնելու, ավելորդ գլքացավանքից խուսափելու նկատառումով: Խորհրդային բանակի ծառայության տարիներին, տասնիննը տարեկան հասակում ստացած կոմունիստական տոմսը նրանից խլվեց- սա պատիժ՝ կուսակցական գծով: Ժողովրդական սեփականությունն «անխնա մեքենայության ենթարկելու, ֆինանսական չարաշահումների պարագայում»՝ տարուկես պայմանական ազատազրկում- սա էլ դատական վճիռը: «Պայմանականը», երիտասարդ կուսակցականի, նախկինում բարոյական վարքի, երկու տասնամյակ օրինակելի, ազնիվ աշխատանքի դիմաց կուսակցական բյուրոյի ու անձամբ շրջկոմի ղեկավարի «բարեհոգության» արգասիքն է: «Է՛դ է իմ բաժինը…դե հիմա գնա՛ ու հասկացի՛ր, որ, իսկապես, մածունը սև է, գյուղացի՛…»….

-Հա ՛: Բարի օր, Արամայիս. դե պատմի՛ր, ինչ կա՞, նորություն-բան: Մերոնք օգնու՞մ են, ուստա,- շրջկենտրոնից նոր ժամանած մարդատարի թափքից իր դարպասին կիպ իջնելով՝ Մենդելին դիմեց Առնոն:
-Աստծու բարին. վա՛յ, Առնո՞, էս ինչ խաբար: Մաշի՛նդ ուր է բա՞: Վայ թե ճանապարհին ես մնացել, չաստ է կոտրե՞լ,- անդադար, հանկարծակի շարեց Մենդելը:
-Չէ՛, ուստա, է՛լ մաշին չկա: Հիմա էլ թող ուրիշները քշեն, էլի, պետության ապրանքը հո՛ ինձ համար չի նախատեսած միայն:
-Դե լավ, մի կարգին խոսք ասա՝ հասկանանք, ինչ է պատահե՞լ: Առնոն առանց մաշի՞ն…դա գրում գրելու բան չէ:
– Էգուցը քար-ցեխդ ես եմ տալու, նախկին կոմունիստս: Է՛դ էլ՝ քո գովաբանած կոմունիզմը: Եկա՜վ, հա՛…- դուրեկան սոսկումից ունայնացած՝ սրտի պաշտոնական շեշտով կատակեց Առնոն:
-Պահ՛,- մուրճը դրեց ու ծխախոտ հանեց Մենդելը:
-Հա՛, կոմունիզմիդ վերջը եկել է, Մենդել, մի տեղ գրի՛ր….
– Դե լավ է՜, մի խերով բան ասա՛,- ափերը, թափ տվեց, գործից կտրվեց, մրթմրթաց նա,- հը՛, էն մեր հարևան շառ քածն ասաց, էլի՜, խեղճը մեռավ՝ երկիրը քանդվելու է…
– Մենդե՛լ, ամսվա վերջին ուզում եմ պատը պրծած լինենք, մերոնք էս է՝ Բաքվից կերևան, էս հարսանիքի հարցն էլ լուծեմ՝ ուր որէ ձմեռ է, փայտի հոգս պիտի անենք…
– Պասկան էլ իմացա՞ր՝ ինչ համերգներ է տալիս, այ մարդ, կնիկը սրան զոմբի է սարքել,- կեղծ, իբր, ժպտաց Մենդելը:- Վաղն, ասաց, հարևանափայ է՝ գալու եմ օգնեմ:
Աշխարհի քաղաքական անցքերի վերլուծական կենտրոններից՝ Դալլաք Աշոտի վարսավիրանոցում, ուշունց-հռհռոց, հեգնանք-փռշտոց, լուռ ծխանքի մեջ, թեժ նարդի էր շրխկում: Ինքը՝ նվաղկոտ ձայնի Աշոտը, հերթական հաճախորդ, թուրք հայտնի ձիագող Սուրխայի երեսն ահա՛ եռացող ջուր շփել, տանից բերված, մրկած սրբիչը երեսին՝ շոգի կտա, փրփուր կքսի, մինչև «նեմեցի փռոնտում» ոտք չդրած, բայց հայրենականի մեդալ-շքանշան ունեցող, տարեց թուրքի չեչոտ մաշկը կկակղի, նա՝ լուցկու հատիկը կայծկրակ չրթացրեց, «Պրիմա» վառեց, ածելին փափուկ թավ տվեց ու նյութ բացեց.
– Արմո՛, ասում ես Աֆղանստանից Սեիդիշեն զինվոր-մեռել բերեցի՞ն: Տեսնես՝ ումոնցից է: Մորս կողմն էլ է էն կողմերից,- ցավեց Աշոտը:
– Զանգել, իմանալ է պետք, կամ թե փոշտի Սուղին վաղը կասի,- ասաց մշտական այցելու Բեղլու Վարդանը:
– Ամերիկան է խառնողը, Քարտերն ասում են՝ դուշմաններին զենք է մատակարարում,- մեջ մտավ, կողքանցի խոսեց Քաչալ Սերոժը, շարունակելով զառ նետել, – սե-բիրդ խաղա՛ , էստեղ եմ,- դպրոցի տնտմասի մշտապես պարապ վարիչ, խաղընկեր Հոսանին՝ քար փախցնելում բռնեցրեց նա: Աշոտը՝ քնկոտ թուրքի երեսին փրփուր կրկնեց: Հոսանը՝ զառը կրկին պտղունց շուռքով, ծածուկ քար բռնեց, հետ կորցնելու համար, կծու-տնազով, զրույցի վիճակը խառնակեց.
-Սուրխա՛յ, դու էլի մասնագետ մարդ ես, Ալիևին Մոսկվա տանելն ի՞նչ է տալու:
– Մասնագե՜ետ: Հա՛, լավ թալան-կածանի ինժեներ է, բա մասնագետ չէ՞,- փռթկոցի միջից փսփսաց մեխանիզատոր Գեներալ Լավրենտը,- հա՛, «յհարկե», Սուրխայի փորձը մեծ է, Բաքու-Քյուրդամիր, Եվլախ-Միրբաշիր, Աղդամ-Մարտունի շուկա չի թողել, կուպար է արել, «յհարկե՛», կիմանա:
Սուրխայը, տեղը՝ նեղ, վարսավիրի ածելին այտին, բարկ ու դաժան աչքերը կոպերում անխոս չռեց, ոլորեց Հոսանին: Սա թեթև հևաց, զառի տուրք՝ նարդու քարի ջուխտկոշը ցանկալի շրխկոցով տուն արեց ու բոլորովին մի ուրիշ-ինչ բան մտմտաց.
– Անտերն էլ, հինգ ամիս է, ո՛չ ոռն է երևում, ո՛չ փորը: Քոլատակցի պահեստապետ Սաշան երինջը ծախեց, թե չորս ամսական հղի է, տա՛ր, հանգիստ: Աչքս ջուր է կտրել: Սուրխա՜յ, տարին շուռ է եկել, բան է բռնելու՞, թե ստերջ է մնացել:
-Տնաշե՛ն, դե մարդու երեսը արյուն պիտի անե՞մ, համբերի՛ր, էլիի՜,- թուրքին ընկերաբար պաշտպանելով, ժխորը փարատեց Դալլաք Աշոտը:
– Արազխանանց լոպազին էլ, ասում են, ոնց որ գործից հանել են, էրեկ Մենդելի կին Մարետն էր պատմում թութունի չորանոցում:

Գյուղամեջը, Պրավլեննի-Կանցելյար լինելուց զատ, մեծ անցուդարձի հրապարակ է: Խանութն առաջավորի ապրանք է ստանալու, առաջկտրուկ՝ հիվանդանոցի ճերմակ հագած կնանիք, Կիչանից եկած դժվար ծննդկանը գալարվելու թողած՝ պիտի վրա հասնեն: Մարտակերտից վիլիսը կինոմեխանիկ Վանոն նոր հնդկական կինո բերեց՝ դեմի խինդողնոտում «աչկո» խաղացող ջահելությունը կիմանա: Հաշվապահ Սուրենի պատշգամբում հարս-սկեսուր լեզվակռիվ սկսեցին՝ Պրավլեննին բերանբաց կչարախնդա: Քարտուղար սարսաղ Վազգենն էլ ահա՛. ում բռնի, ականջին կեղծ մտերմությամբ գաղտնիք է պահ տալու, հետն էլ՝ բոլորին նույնը՝ «…տե՛ս, հաա՜, դու իմացար մենակ, բերանիցդ չթռցնես..»՝ կասի: Մարդ չմնաց, բոլորին նույն գաղտնիքն է վստահել:
Փոստը բերել են: Հեռու Չիտայից Մողես Սեդրակի որդի, բանակային Ռուդիկից՝ էլի նամակ չկա: Վաղուցվա պատմություն է. «…սրա նման մեկը ծառայության է մեկնում, մի ամիս, երկու-երեք՝ նամակ չկա ու չկա: Ծնողանք մտահոգ, դիմում են զինկոմին, բա էսպես-էսպես, ո՛չ խաբար, ո՛չ նորություն, մեռանք սպասելուց…ահագին ժամանակ անց, փակետ ստացան վերջապես, մեջն էլ կարծես լուսանկարի կոշտություն: Բացում, այ մարդ, մեր Գյադուկի շամբը՝ քեզ վկա. ժանգոտ, հազար տարվա ծմակ: Շրջեն հետևը՝ իրենց լակոտի չանչյուլ ձեռագիրն է. ի՞նչ գրած լինի, որ լավ լինի. մամա-պապա, ես լավ եմ, շատ չմտածե՛ք: Դե նկարում էլ չփնտրե՛ք ինձ, աջի կողմի հաստոտ ծառի ետևն եմ…»:

… Ստացվում է՝ Առնոն վիզ է առել, եղբորորդու պսակի հարցը լուծել: Մեծամիտ, սովոր լռել է, եղբայրն էլ՝ լինելուց շոյված, քիթը ցից, կատակի է վերածել, որդուն՝ թե՝ «…շենի աղջկան դեմ չեմ, հացը որ սառնարան չդնի, եկած հյուրի մոտ խայտառակ չանի՝ ուրախ եմ լինելու..» : Զրույցը դեռ բացվել է տարվա գարունքին, երբ Բաքու-Սումգայիթ, տոհմ ու ազգական հավաքվել են՝ պապի քառասունքը գյուղում նշելու: Դեպիրիկուն, արդեն արարողությունն՝ ավարտ, հավաքվել են Առնոյի տանը: Նրա միջնեկ եղբայր լինելը թեև ավագների մոտ վերևից նայել է տալիս, միևնույն է՝ մարդը ամբողջ հիմնարկի տեր ու տիրական է, ծանր-ծանր խոսք ունի, ասածին՝ չափակշիռ մտածմունք է դնելու: Այսպես շարունակ, նա, թեթև գոռոզությամբ, կերած-խմածի մեծաբարո, ամբարտավան գոհությամբ ասել է՝ «դե միացրեք էդ մագնիտոֆոնը, պապին գնաց, էլի՛, իր կյանքը ապրեց, մի քիչ ժամանակից շուտ, բայց գերդաստանը նրա պատիվը միշտ բարձր է պահելու: Մարդուն յոթ երեխա ունի, երեսունն անց թոռ, ծոռները օրական ավելանում են. բախտավոր, կուշտ, ոտուձեռ չոր-ցամաք ապրել է: Միացրե՛ք էդ ապրանքը…»: Փեսացուն Բոկա է դրել. «…սիգարետաա՜, սիգարետաա՜…յա կուռյու սիգարետուուու՜…»: Տեգրակնանիք առանձնացել են: Գյուղինը՝ պատմել հա՜ պատմել է՝ ինչ աղջիկ է նրանց տուն հարս գնալու, եփած-թխած, աղիկ-ծաղիկ, տնբոժոժ, մատերը ոսկի, իսկական կնկացու: «Վիզդ ինչ լինի՛, տնաշենի աղջի՛կ», բաքվեցիների մեկնելուց հետո ասել է կերուխումի խոնջահար ամուսինը, «փեշդ վրեն՝ գովում հա գովում ես, ի՞նչ ես խոփդ խոր կոխել, չաչանակ դառել. քո երեսն են վերջում պոկելու, գիտե՞ս: Էս է, ասացի՛, պատին գրի՛ր…սպասի՜ի՛ր, հոր հետ խոսե՜ե՛մ, գուցե էդ մարդիկ «չէ» են ասելու, ոտերդ ի՞նչ ես յուղել, տնաշենի աղջիկ…կամ՝ տարա՛ն, մի բանեցու դուրս չեկավ՝ տակից դու՞րս ես գալու, վայ աստուո՜ւծ… »:
Պասկայի աղջիկը տասներորդն ավարտում է: Թղթերը տալու էր բժշկական:
Մարզին երկու լիմիտ են տվել, կընդունվի՝ կընդունվի, չի ընդունվի՝ ոտուձեռով եկել են, մարդու կգնա: Քաղաք տեղ է, բախտը ամենքի՞ն են բաժին հանում: Հարևան Աշխենը՝ քսիփըսին ականջին, պլկանը կախ, թևերը գոգնոցի տակ խաչել, թունոտ նախանձը կրծքին, մի կերպ, աչքի առջև շահեցած աղջկա մոր Ռուզանին՝ կեղծ առռոգանությամբ ասում է. «…ախչի՛, լավ խալխ են, երեսդ կտրվի՛, գելդ Խասիխութում ոռնացել է: Չէ չասե՛ս, տու՛ր տանեն, գիժ չես…»:
Պասկայի տրակտորը՝ վառելաբույր հռնդաց շենի կողմերը: Երկու փայտացու հաճարենի քաշել, Քոլատակա սարի Զավոդից եկել-հասել էր կոմբինատի բակ: Հոգնած մաղձ-ուշունց թափել աշխարհի տիրոջը, աստծո լռությանը, ծնողանց իրեն արած բախտին, Առնոյի խղճին: Վերջում թափքից զինքը ցրիվ տալով՝ երկփողանին հանել, գիշերվա կեսին արթնացած հիմնարկի պահակ Ալախան Սուրենի վրա պոռթկացել. «…ոռը բոշ քո մերը՜.., հինգ ժամ հարայ եմ անելու՞, խի չես դարպասները բացու՞մ: Անտեր տե՛ղդ՝ մի ուշքը գլխին մարդ չլինի՞: Դիրեկտո՛ր, բրիգադի՛ր, բանվո՛ր… մի ճիպոտով քշած շան որդիներ են, է՜, արա՜….ձգանը հուպ չտա՞մ՝ չոքի՛ հըըը՞»: Սուրենը իր կրիա քայլքով, կեսգիշերվա ցրտից սրսփած, դարպասը բացեց, թմրամոլի հանդարտությամբ թե՝ «…հալիդ կա՛ց, ռեխդ էլ գնա Ռուզանի հետ բացի՛ր…դիրեկտորիդ տուն են ուղարկել, աչքդ լու՛յս: Գնա ցավակցի՛ր, էնքան կռկռացիք՝ մարդուն հանեցին…ձե՛ր սարսաղ…»:
Առնոյի կինը՝ բանջար հաց է թխում: Արևի շողքը ալրափոշուց տունը ջրաղաց է դարձրել: Պասկան դուռը բացեց, համերաշխության, սփոփելու խոսքը՝ կապ, ներս մտավ, լուռ տնավարի նստեց: Առնոն պառկած տեղից ելավ, կեղծ հորանջեց, կնկա թխած հացերը դրեց սեղանին: Մաճառ, բաժակ, պատառաքաղ, ափսե՝ լուռ եկան սեղան: Սիգարեթ վառեցին: Պասկա Աբելը լեզուն չէր թռչում: Առնոյի գործից հանելուն՝ հավատը չէր գալիս, կարկամել էր: Հեռուստաեթերը օլիմպիական խաղերի թեժ պահերն էր տալիս: Լակոտ գինի, թեժոտ մազա՝ ձմեռնամուտի նիրհ ու ողող հաց: Համեղ ուտեստն անխոս ճոթ արեցին: Կատակ-կատակ՝ լավ հարբեցին: Դեռ ասու՜մ են՝ մուշկեթից խմիչք չի լինում, մեջ բան չկա:
Եթերից մարմնամարզուհին ազատ ոճի իր համարն էր կատարում, հեզառատ ցատկում, էլի՛ ցատկում: Նեղ ու պիրկ, անոսկոր մարմնին Պասկայի աչքը չար ու ցանկասեր խանդաղատեց: Բեղերի բոհում, մուշ-մուշ ձեթոտ համեղ հացը նա ճպճպացրեց, մարզուհու հերթական տարփալի ցատկից հետո՝ դարձավ մեկնաբանեց.
-Տեսակդ նզովա՛ծ, հա ա՜, մի սրան տե՛ս, է՜, արա, բոփսիկը բաց է, է՜, լրիվ, ա՛յ մարդ: Բա քեզ հեր չունե՜ս, քեզ ախպեր չունե՜ս…ես քո՜ո՜…
Առնոյի խինդը պայթեց: Պասկան իր սրամիտ թույնին դիտմամբ տեղի չտվեց: Սեղանը վերջում միայն իր հունն ընկավ, բայց էլի՛ հիմնարկ-գործ նյութ դառավ:

Դուստրը՝ Լիզան, մի կես ամսից ընդունելության քննություն կհանձնի: Համադասարանցի, ներքին թաղից մատուցող Սուսանի աղջիկ Սուրբիկը՝ ձեռքը մի քիչ շուռ, ընկերակցում, միասին պարապում են: Մի օր, սրա տուն գնալուց հետո, Լիզան բան նկատում, լացը աչքին, սփրթնած ընկնում է մոր փեշը.
-Մամա, վաա՜յ, քո նվեր մատանին չկա՜, գետինը ծակել, մտել է մեջը, չկա ու չկա՛, չեմ գտնում, վաա՜յ, ես մեղք չունե՜մ:
Դիվահար մայրն իսկույն ամուսնու ականջը կգցի՝ «..երկաթը տաքտաք են թակում, վե՛ր կաց, քանի ուշ չի, գնա Սուսանի բարիշակը: Էն փչացածին, առանց ձեն-ծպտուն, ուշունց, կոշտ խոսք, ասա՛, մեր ապրանքը սուսփուս հանե՛ք: Ամեն ինչ մեր մեջ մնա՛, երեխեք են, ոչի՛նչ, մի ղալաթ է արել են, ամեն ինչ կպատահի՜…»:
– Սուսան, դուրս արի մի՛…մատանին շան ծիծ կերածդ բերել է, հանե՛ք, շուտ արե՛ք, ժամանակ չունեմ, գործի մարդ եմ, գնում եմ դարդիս,- հազաց, ծուխ բաց թողեց, հոխորտաց բռի որսկան Պասկան: Անուն հանած հայտնի բոզ Սուսանը, խոսքի գալու փոխարեն, իր ասածի, լրբալաց կտա, երկրորդ հարկից հարձակվի.
-Գողը դու՛ք եք, ձեր ազգուտակը: Շառով տալու համար, գլխներիդ մի շան օյին կդնեմ, որ հարյուր տարվա մեռելի ետևից կհասնե՛ք: Գիտե՜ք ի՞նչ կա: Որբևայրի եք տեսե՞լ, անտեր-անտիրական եք կարծե՞լ, հողե՛մ ձեր բոշա գլուխը: Մարդուն տուն եք թողնում՝ շառը դնում վրա՞ն:
-Ախչի՛, ես քո մաստին չեմ, երեխուս ապրանքը հանի՛ր, մի կոպեկ չի՛-էրկու կոպեկ չի՛, շան փորի ծնունդ, հազարաթի սովոր այլանդակ:
– Այ անկարող մոզի՛, ետ դա՛ռ, գնա՛գործիդ,- շպրտեց նա, իբր զգուշացում ձայնը իջեցնելով,- էն աստուծը վկա՛, Աբել, ուշ ժամ է, ձենս կգցեմ թաղը, ասե՛մ՝ տափդրիք, անկուշտ որձդ, եկել է ինձ վրա,- անեծքի հետ փորձեց ահաբեկել Սուսանը:
– Ի ի ի՞նչ, քո վրա՞, ախչի, -շինծու ծիծաղեց Պասկան,- Վրադ իսկի շունն էլ չի գա՛, ախչի, ա բոզի կալոշ, ասացի՝ ապրանքս հանի՛ր, – տակ չմնաց նա,- քո վրա որ բան շարժվի՝ կդնեմ սատորին, մեջից ցաքատով էրկու կես անե՛մ, քոչի շեյթա՜ն….

Պատը շարել, Մենդելը հասել էր Քուվեյթ Աշոտի չափարի դեմը: Աղմուկ լսվեց, այս ու այն կողմ հարայ տվեցին: Չաղ Զարվարդի կույր աղիքը ցավից կծկվել՝ Աղվես Ռուբենի «ուազը» տարավ Ստեփանակերտ, մարզային վիրաբուժարան: Մենդելը՝ բեզար, մի քայլ պատ շարել մնացած, բան չի գտնելու՞, ասա.
-Խե՜ղճ էն բժիշկներ, դե ե՛կ մի ասա…էլի՛ ասելու եք՝ խի ասաց:
– Ոնց թե՞, Արամայիս քեռի,- տատամսեց Առնոյի ավագ որդի Արտակը:
– Այ մա՛րդ, Զարվարդի ապենդիցիտը գտնելու համար, դոկտորը նրա աջ կողի տակ դինամիտ պիտի սազ անի ու … կամաաա՜ց պայթեցնի: Նրանից կույր աղիք գտնելը գիտե՞ք հեշտ է, հը՛…
Խոսքն ու կատակը կոպեկ չարժեն: Արդար վաստակի դիմաց մի բան տուն տանելու ժամը եկավ՝ նա քաշվում է: Ասող-խոսող, օձը բնից հանող, լեզուն կրակ Մենդելը չի՝ խոնարհ, ամաչկոտ, վստահազուրկ հարս է: Վարձը՝ վարձ, Առնոյի կինը սեղան գցեց, փաթեթի մեջ նոփ-նոր վերնաշապիկ նվեր պատրաստեց: Վարպետին մնում է՝ քիչ-միչ երախտապարտ, կուշտ հյուրի դեր խաղալ, այսքան օրերի խելոք, օրինակելի տանտիրոջ որդիներին գովաբանել, բոլորի բերանից անպակաս՝ Պասկայի արկածներից պատմել, դեռ հարսանիքից էլ տիկնոջ հետ միասին հրավեր ստանալ: Երեխաներն էլ՝ Մենդելից կտրվել չէին ուզում, պահին նայելով՝ խնդրում ու խնդրում էին էլի մի բան պատմել:
-Լենին պապին սիգարեթ չէ՛ր ծխում, չէ՛ր հայհոյում: Հիմիկվա վարժապետների զուգարան չգնալը նրանից է գալիս, հո մե՛նք չենք հնարել,- լուրջ փիլիսոփայի նման սկսեց Մենդելն ու բաժակը դեմ արեց ընթրիքի օղու շշին: Առնոն նրա չգիտես որտեղից բերած փաստերից հաճոյացավ որդիների մոտ:
Հետո, երկրորդ բաժակից Մենդելը իրական փիլիսոփայության անցավ.
-Կյանքը, երեխե՛ք, կամ մեր հանդի պուտպուտուրիկ հոպոպը, տեսա՞ծ եք,- պատմեց նա,- ինչքաա՜ն տարիք ես առնում, իբր բան ես հասկանում՝ էնքան խճճվում ես: Էդպես էլ հոպոպը. մարդուխաբի տեղով տապուռ է կենում, մոտենում ես, թվում է՝ ըհը՜, էս է, կբռնես: Առ՛ քեզ, թևին կտա կթռչի:

Յոթ օրը լրացավ՝ գինին քամել է պետք: Ջեջը՝ մի կողմ, օղի են քաշելու: Յոթ օրական մաճառ խելոք հյութը, կարելի է խմել, ջրի նման վար է հոսում: Մի թաս, երկու՛, յոթ օրը որ անցավ՝ պռըշի դնելը զանցանք է. գինին մտնելու է երակիդ մեջ, արյունդ, շը՜ռռռ, քշելու, պտտելու է մարմինդ: Գինու բորբոք կրակն ահա հասնում է գլուխդ, խաղողի բերկրալի, կենարար հյութը խփում է խելքիդ ակունքին ….ու մոլագար, ուշաթոթով խաղս բռնում մեջդ: Դեռ այդ պահին էլ, կատարդ եռուն, հարսանիքին ձեռքերդ վեր բարձրացնե՜ես, պարդ այլասեր տարածես ուրախ աղաղակի տարերքում՝ լակոտ գինին քեզանից կսարքի խելակորույս Երեմանց Ըսահակ: Քոնը՝ հարբածի չառլսթոնն է: Ուրեմն՝ կրակի հետ խաղա- մաճառի հետ մի խաղա՛:
Քառասուն օրը եկավ, Առնոն թեթև բռունցքի զարկով, այս ու այն կողմ խփեց կաղնե տակառի տռզած խցանին: Կարմիր-սպիտակ, փրփուր, պաղ բարիքը՝ շիթուբույր ցայտեց կավե ամանի մեջ: Ցուրտը՝ հաճո, թթուն՝ համեղ, հացը՝ թաժա, խորովածը՝ ճտճտան, լեցուն հոգի, դե խմի՛ր, խմեն՜նք: Իսկ արևն ահա թեքվեց սարերին….

ք. Դ.Ռ.
08.09.2011

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *