Մի հատ էշն ի՞նչ էր, որ գյուղում չկար,
Մի հատ էշն ի՞նչ էր, որ գյուղում չկար,
Մի հատ էշն ի՞նչ էր, որ գյուղում չկար․․․
Զույգը նստած ամեն մեկը տան մի անկյունում անճար մի աթոռ գրկած խոսում էին ոչնչի մասին։ Լռությունն այնքան ծանր էր, որ սենյակի մեջտեղում կախած նկարը մեկ մեկի կողմն էր պտտվում, մեկ մյուսի ու աչքերով հասկացնում, որ նրանք պարտավոր են իրար հետ խոսել, սակայն զույգից յուրաքանչյուրը, հանդիպելով մյուսի հնարավոր հայացքին, անմիջապես դեմքը թեքում էր, որպեսզի հանկարծ դեմ հանդիման հայացքները չհանդիպեն։
Էդպես անցնում էին րոպեներ, ժամեր, օրեր, ամիսներ, տարիներ ու զույգից յուրաքանչյուրը պատից կախած նկարի մեջ գտնում էր իր անմահությունը։
Նրանք նկարի միջի տղայի նման չէին ծերանում, քանի որ զույգի կյանքը կանգնել էր այն օրը, երբ լուրը ստացան։
Լուրն ու լուռը միասին միաժամանակ մտան տուն ու էդ օրվանից սկսած հոգեմաշ լռությունը տիրեց շուրջ բոլորը։
Զույգը ժամանակ առ ժամանակ խառնում էր լուրի ու լուռի առաջինը տուն մտնելու պարագան ու մոռանում, որ դրանք միաժամանակ էին եկել ու բառի մեջ մեկ տառի սխալը տարբերություն չէր տալիս։ Նրանք իրենք իրենց մեջ կռիվ էին տալիս՝ սկզբում լուրը եկավ ու դրանից հետո իրենք լռեցին, թե լուռը եղավ դրանից հետո միայն լուրը ստացվեց։
Նույն կերպ էլ խառնում էին Մատաղիսը՝ մատաղի մսի հետ ու ամեն անգամ մատաղի միս լսելիս մի նոր լուրի փափագով լցվում։
Լուրից 4 ամիս 6 օր առաջ՝ ամեն վայրկյան, լուռ ու մունջ նրանք սպասում էին, սակայն ոչ մի տեղեկություն։
Կտոր-փսոր, էստեղից-էնտեղից, մոտիկից-հեռվից, շշուկով կամ աղաղակով, ինչ-որ մի փշուր էր հայտնվում պատշգամբի եզրին ու երկու աղունիկներ սկսում էին այդ փշուրը ուսումնասիրել և նրանցից որևէ մեկը չէր համարձակվում այն ուտել։
Հետո քամին, կամ անձրևը կորցնում էր էդ փշուրի կտորը ու երկուսով կրկին մնում էին մի նոր՝ անհույս փշուրի հույսին։
Նույնիսկ նկարի պատին հայտնվելուց հետո էլ, նրանք նախկին սովորույթի համաձայն կրկին սպասում էին լուրի։ Լռության մեջ երկուսով խոսքը մեկ արած չէին ցանկանում արտասանել առաջին բառը։
Միասին ապրում էին, միասին շնչում նույն օդը, միասին մտնում անկողին, միասին գիշերն արթուն մնում, միասին արթնության մեջ երազ տեսնում, սակայն նույնիսկ երազում նրանք չհամարձակվեցին միամյանց հետ խոսել։ Նույնիսկ իրենց ստեղծած մինուճար նկարը՝ իր անհուն ջանքերի գործադրմամբ չկարողացավ լռությունը խախտել։
Հաշտեցման խնդիր չկար, որ երբևէ գժտված լինեին, ու հիմա էլ պետք լիներ հաշտեցում՝ պարզապես ամեն մեկը ինքն իրեն էր մեղավոր համարում, թե ինչպես չկարողացավ փայփայել այդ պստլիկ նկարը ու թույլ տվեց, որ այն պատից կախվի։
Իսկ հիմա նոր լուրի հույսով սպասում էին, թե մի հրաշքով նկարը կյանք կառնի ու ինչ-որ մի լուր կբերի նկարի տիրոջից։
Ո՞ր ձորերում, ո՞ր չոլերում, ո՞ր թփերում, ո՞ր փոսերում կորավ նկարի տերը ու ինչպե՞ս կարողացավ իր կորստով փշուր դարձնել երկու մարդու։
Այդ փշուր դարձած մարդկանցից առանձին-առանձին փշուրի օրինակ էին վերցրել, որպեսզի հաստատեն, որ գտնված փշուրը հենց իրենցն է ու բոլոր փորձաքննությունները հաստատել էին դա, սակայն կրկին ոչ մի լուր չկար։
Այս անլուր ու լուրաշատ աշխարհում միայն մեկ բանն էր հաստատուն՝ որդուն ճանապարհելիս գրկախառնված մոր հպարտության զգացումը, թե ինչպիսի մարդ է լույս աշխարհ բերել։
Այդ հպարտությունը առավել էր ամեն ինչից՝ և՛ սպասումից, և՛ լուրերի բացակայությունից, և՛ նույնիսկ անվերջ ձգվող լռությունից։
Որդուն փաթաթված մոր հպարտությունը լցնում էր ողջ տարածությունը ու թույլ չէր տալիս որևէ բառ արտասանել։
Հոր մոտ լրիվ ուրիշ էր՝ նա ամեն տեսակ ջանք գործադրում էր, որպեսզի կարողանա նայել կնոջ աչքերին ու էդպես էլ շատ տարիներ չանցած առանց մինուճար բառ արտաբերելու միայնակ թողեց իր զույգին։
Չէ՛, մենակ չէ՝ նկարի հետ միասին ու ամուսնու հեռանալուց հետո էլ կինը չհամարձակվեց նրա նկարը տեղադրել պատից կախվածի կողքին, որ հանկարծ պատահաբար նրանց հայացքները չհանդիպեն։ Կամ էլ մտածեց, որ կամաչի նույն պատի վրա կախված լինելուց։
Իսկ այժմ՝ արդեն լրիվ միայնակ լռեց։
Միայնակ լռելն ու միայնակ լուրի սպասելը շատ ավելի դաժան է, քան կարելի էր պատկերացնել, դրա համար էլ ամուսնու գնալուց շատ չանցած կինն էլ միացավ նրան ու երբևէ շնչով ու ծիծաղով լեցուն տանը մնաց միայն մոր հպարտությունը՝ այն անվերջանալի հիշողությամբ, թե ինչպիսի որդի է աշխարհին պարգևել։
Միայն հոգեվարքի մեջ մայրը խախտելով լռությունը մի նախադասություն էր անդադար արտասանում․
Մի հատ էշն ի՞նչ էր, որ գյուղում չկար,
Մի հատ էշն ի՞նչ էր, որ գյուղում չկար,
Մի հատ էշն ի՞նչ էր, որ գյուղում չկար․․․
Անտեր գերեզմանատանը բոլորին թաղելուց հետո հայտնի դարձավ, որ զոհվածների մեծ մասը մինչև մեռնելը վիրավոր է եղել ու այնքան ծանր չէ, որ չկարողանային քայլել, սակայն այնքան թեթև էլ չէ, որ կարողանային աննկատ հեռանալ։ Դրա համար էլ դեռևս ողջ մնացած ու չվիրավորված ընկերները՝ անտեր տներում նրանց թաքցնելուց հետո, փորձել էին գյուղերում, ավաններում, քաղաքներում մի ավտոմեքենա, կամ մի մոտոցիկլետ, կամ մի հեծանիվ, կամ մի ջորի, կամ մի ձի, կամ մի էշ գտնել, որպեսզի կարողանան տարհանել իրենց դանդաղ արնաքամ լինող ընկերներին, սակայն էդպես էլ չէին գտել։
Մի հատ էշն ի՞նչ էր, որ չգտնվեց ու էսքանից հետո ու՞մ էր պետք այդ անպիտան լուրն ու խեղդամահ անող այս տիեզերական լռությունը․․․