Հասմիկ Հակոբյան | Գրականություն` Արցախ

Հասմիկ ՀակոբյանԱրցախյան գրականություն… արդյո՞ք ճիշտ է այս հարցադրումը, առաջին հայացքից կարծես թե մտավախություն կա, որ փորձ է արվում   տարանջատում կատարել և արցախյան գրականությունը ներկայացնել ընդհանուր հայ գրականությունից դուրս` որպես լոկալ մի երևույ: Սակայն խնդիրն այստեղ սահմանային գծագրումներ կատարելու մեջ չէ, այլ միտված է արցախյան գրականության վերլուծությանը` որպես տվյալ տարածքում կայացող պատմական երևույթների արձանագրող: Վերջին տասնամյակների հայ գրականության զարգացման ընդհանուր համապատկերի վրա արցախյան գրականություն այսօր որոշակի նմանություններով հանդերձ բավականին ընդգծված տարբերակիչ հատկանիշներով  ինքնուրույնության և անկախության  հայտ է ներկայացնում, և դա ոչ այնքան տարածքային տարանջատման հարթությունում, որքան պատմականորեն կատարվող իրադարձությունների   և մարդկային  բարոյահոգեբանական մտորումների:
Մի առիթով Հրանտ Ալեքսանյանը գրել է. «Գեղարվեստական յուրաքանչյուր կանոնիկ երևույթ  դարաշրջանի հոգեմտավոր նախասիրությունը լինելուց զատ` նրա ամբողջական դիմանկարի տիպական որևէ գծի արտահայտիչն է» Գարուն,    թիվ 5-6, 2006), իսկ արցախյան գրականության տիպական գծերն արձանագրելիս նկատում ենք, որ պոեզիայի զարգացման միտումներն այստեղ հիմնականում ուղղված են տեսիլապատկերային բանաստեղծության զարգացման, իսկ արձակում գերիշխող են պատումի հուշապատումային ձևերը:
Մերօրյա արցախյան պոեզիայում  իրոք զարգացումներն  ընթանում են հիմնականում  տեսիլապատկերային բանաստեղծության աստիճանում, և եթե փորձելու լինենք գոնե մասամբ պարզել այսօրինակ բարդ երևույթ պատճառները, ապա պետք է հայացք նետենք անցյալ դարասկզբի արևմտահայ պոեզիային (Սիամանթո, Դանիել Վարուժան, Ինտրա) և արձանագրենք, որ «Ամեն քայլի ոտքիս ծայրը խփում է Ստամբուլի /խուլ պատերին./ Տիեզերացունց մռնչյունով Սիամանթոյի, Ռուբեն Սևակի ու Վարուժանի, /ավազուտներում անցնող ճանապարհը եղեռնի /անընդհատ իմ ոտքերից հետ են ձգում` կախված ինձանից…» (Վ.Հակոբյան` «Քրիստոսի ծաղիկներ…», էջ.20): Փաստորեն  բանաստեղծության այս տեսակի հայտնությունը մեր գրականության մեջ կապված է կենսական բնաջնջման ահագնացող վտանգին զուգահեռ: Առավել փաստցիորեն արտահայտվելու դեպքում կարող ենք օրինակ բերել Վարդան Հակոբյանի «Քրիստոսի ծաղիկներ կամ դադարներ` կտրուկ շրջադարձերով» ասքապատումը և նկատել, որ տեսիլապատկերները մի դեպքում ծնվում են ահագնացող վտանգից, մյուս դեպքում  վերափոխվում առասպելապատումի` փոխարինելով   բացարձակ իրականության պարտադրած ցավին (Մհերի առասպելը վերոնշյալ ստեղծագործությունից):
Տեսիլապատկերի առավել լայն ուսումնասիրությունը թույլ է տալիս նկատել, որ այն նաև փիլիսոփայական մտորումները և հոգեկան դաշտում կատարվող անտեսանելի խմորումները տեսանելիության դաշտ տեղափոխելու, լավագույն միջոցն է: Վարդան Հակոբյանի պոեզիայում մտապատկերներն ու հոգեկան ապրումները օղակաձև կապի մեջ են միմյանց հետ. պատկերին միշտ հաջորդում է ապրում, հետո գալիս  է մտորումը, հետո կրկին մտապատկերը, որն արդեն ամբողջացնում է ասելիքը.
1. «Երկինք հասնելու ամենակարճ ուղին ծաղկի ցողուննէ»:
2. «Խաղաղությունն Արցախում զոհյալների ոսկորներով բարձրացած/աշտարակ է,/որի վեհությամբ ինքնամոռաց հիանում են երեխաները»:
3. «Աքիլլեսն այդպես էլ չկարողացավ հասնել կրիային ու անցնել,բայց մրջյունն ահա կանգնել է եղեգնախոտի ծայրին և պատրաստ սպասում է, որ մասնակցի արևի ծագմանը:» («Բանաստեղծության սահմանից դուրս», էջ.9): Ի տարբերություն Վարդան Հակոբյանի հաջորդական փոխանցումներով մտապատկերների, արցախցի մյուս բանաստեղծի` Հրանտ Ալեքսանյանի մոտ առավելապես զարգացած է մտապատկերների համադրական եղանակը և հաճախ  նույնիսկ  բացակայում է վերջնական եզրահանգում-ամբողջականացում տողը. ամեն ինչ թողնված է ընթերցողի մտավոր տեսադաշտի հայեցողությանը: Նրա ժողովածուներից մեկը` «Խորանարդներ նորին գերազանցությանը»  (1997թ) վերնագրով, այն դիտակետն է, որով բանաստեղծը տեսնում է աշխարհը: Կյանքն ինքնին մի խորանարդ է, առավել ընդգծված` ռուբիկ-կուբիկ խաղալիք, որի ամեն մի նիստը արտացոլում է կյանքի այս կամ այն երևույթը` ամենատարբեր տեսանկյուններից: Կարծում եմ այս ժողովածուի առավելությունը կայանում է նրանում, որ մի քանի տարբեր մտապատկերների համակցումը ի վերջո իմի է բերվում բանաստեղծությունների վերջում հնչող եզրահանգման միջոցով: «Կինը բյուրեղապատիկ է սիրում/ հաղթող զինվորին, /նրա հաղթությամբ կինը Մարիամ է:-/Այդ գիտեն բոլոր կռվող տղամարդիկ, /և նրանց արյունը սաստիկ եփ է գալիս, /և նրանք միմիայն հաղթություն են տենչում , /և կռիվն երիցս բորբոքվում է /ժամանակի լեցուն անկյուններում:-/Օ կին գեղահրաշ-պատերազմների չմարող ոգի:» (էջ.5):Պատերազմը մարդկային էության կենսաէջերի  թարմացման միջոց է, մշտական շրջապտույտ, կատարելության ձգտում` արտահայտված Մարիամի կերպարով: Տրամաբանական եզրահանգումների և համակցումների սովոր մեր մտածելակերպը դժվարությամբ է ընկալում Ալեքսանյանի անտրամաբանական համակցումների հաջորդականությունը: Պատկերներն ու ապրումները, որոնք սովորաբար փոխկապակցված համակցումներ են ունենում, տվյալ պարագայում բացակայում են: Երբ Հ.Ալեքսանյանը գրում է օրինակ. «Դժգոհել գիտե քամին,մռայլվել գիտե քարը», ապա բոլորովին պարտադիր չէ,որ հաջորդ պատկերը քամու կամ քարի հետ համակցվող որևէ երևույթ լինի, այստեղ առավելապես կարող է տեղակայված լինել որևէ հոգեկան մտորում,որը առաջին հայացքից ոչ մի կապող բան չունի առաջին պատկերի հետ, բայց ենթադրաբար մեզ պետք է հուշի, թե որ ուղղությամբ պետք է ընթանա մեր կռահողականությունը: «Այնպես ենք տարվել հեքիաթներով, / որ եղելության հետ/կամա-ակամա սկսել ենք գժտվել…/ Վարկյանի ձևը փոխել կարող են / հոգով քաջերը»: («Կենսադաշտ», էջ.46): «Պոեզիայի մշտարթուն երակը» գրախոսության մեջ Հովիկ  Մուսայելյանը Հ. Ալեքսանյանի «Պայմանասքեր «հam»  ինտեգրքից» ժողովածուի մասին գրում է. «Բանաստեղծի գեղագիտական կողմնորոշումը բառն ազատագրում է նախապաշարումներից, մետաֆորը ձեռք է բերում նոր վիճակ`երևույթը քննության է առնվում իր ընթացքի մեջ…» (Գ.թ, 2005թ): Սակայն այս ամենով հանդերձ կա մի մտավախություն, որ նախնական կապանքներից ազատագրված մետաֆորային պատկերների սոսկական անցումները, երբ չեն միջնորդավորվում ապրումային շերտով, կարող են սպանիչ ազդեցություն ունենալ բանաստեղծություն կոչվող երևույթի համար առհասարակ: Նմանատիպ մտավախության համար առիթ են հանդիսանում Հ.Ալեքսանյանի նորարական բանկոլները (բանաստեղծական կոլաժներ), որոնք պարզապես խեղդված են տեսիլապատկերներով:
Արցախյան մեկ այլ բանաստեղծի` Ռոբերտ Եսայան մոտ տեսիլապատկերները հիմնականում անցլալից ներկա տեղափոխված  հուշապատկերներ են: Մանկության աշխարհից եկած այդ հուշատեսիլքները հիմնականում հիմնված են պարզ շարժումներից ծնվող վերհուշից: «Հայրս ձեռքի մատներն այնպես էր փակում, / ինչպես օրն իր կոպը…», «Տատիս դիմագծերն անջատվել ու փոխանցվել են հողե հատակին»: Առհասարակ մանկության պատկերները` որպես անցյալի վերհուշ, իրենց անընդհատական ներկայությունն են ապահովում նաև ներկայում:»Հիշողության պատանդն է մանկությունս»,-գրում է Ռ.Եսայանը, իսկ ահա Նարինե Պետրոսյանը իր գրախոսականում  ասում է. «Ըստ էության ժամանակի շղթայակերպ միացությունը Եսայանի պոեզիայում գաղափարական որոնումների հանդիպավայրն է, որից ածանցվում է հիշողությունը: Անցյալը, ներկան ու ապագան միաձուլվում են Տիեզերական ժամանակի անսկիզբ ու անվերջ շրջապտույտում»: (Գ.թ,թիվ 12,2003թ):Անցյալի տեսիլապատկերներով կառուցված բանաստեղծություններում ապրումը չափազանց կենսունակ ու խորն է, իսկ ահա մյուս ժողովածուներում` «Տարածություն և ոգի», «Քաոս և լույս», ինչպես նաև պոեմներում` «Ինքնության անդրադարձներ», «Ռեքվիեմ» և այլն թեև կան իրոք եզակի մետաֆորային պատկերներ,սակայն ընդհանուր բանաստեղծական տողը չափածո ստանդարտից այն կողմ չի անցնում:
Ժամանակակից պոեզիան վաղուց թոթափել է զուտ  լիրիկական ապրումների արտահայտչամիջոց լինելուց. մերօրյա պոեզիան չափազանց զգայուն է իր շուրջը կատարվող այս կամ այն երևույթի նկատմամբ` առավելապես եթե այդ երևույթը պատերազմն ու քաղաքական բարդ իրադրությունն  է: Եվ հետաքրքրական է, որ ի տարբերություն հիմնականում փաստագրական արձակի, պոեզիան երևույթի դիտարկումը կատարում է առավել բարդ` մարդկային գործոնի ազդեցության աստիճանում: (Իհարկե շատ հաճախակի հանդիպում են նաև բազմաթիվ պաթետիկ ոճի հայրենասիրական բանաստեղծություններ`նվիրված Արցախին,արցախյան ազատամարտին): Թվում է այլևս անհնար է խոսել հայրենիքի կամ հաղթանակի մասին  առանց բանաստեղծական վսեմ պաթոսի, սակայն Վարդան Հակոբյանի հետևյալ տողեր գալիս են ապացուցելու հակառակը. «Իսկ Մայակովսկին կամ Ուիթմանը որտեղից իմանան, /թե ինչ երանություն է չճանաչված երկրի քաղաքացի լինելը», իսկ ահա մեկ այլ օրինակ. «Տերևների շշուկներում ծվարած աստղը չճանաչված /տերությունն է` մեր երկրի ու մեր սիրո նման, / որ դե’ յուրե չի ընդունվում, / դե ֆակտո հարատևում է:» («Բ.ս.դ.», էջ35): Իսկ ահա «Ոսպնյակներ» բանաստեղծությունը պատերազմի-երևույթի  ներկայացման ամենալավագույն օրինակն է` առանց ավելորդ մեկնաբանությունների:»Ձեռնասալյակը ձեռքով հրում է զինվորը,և երազներով տարված շնիկն ուշացած վազում է սալյակի հետևից…Արդեն կորել է «դեպին»..Եվ սալյակի ետևից շնիկը վազելով հաչում է բացակա ոտքերի վրա, որոնց միշտ քսմսվում էր»: Պատերազմի շունչը զգացվում է նաև Հրանտ Ալեքսանյանի առաջին «Անկման Սիմետրիան»(1989թ) ժողովածուում («Արցախի ամառը-1989թ»,»Զրահամեքենաներ Ստեփանակերտում 1988-89-90թթ»), ինչպես նաև հետագա որոշ բանաստեղծություններում , սակայն հետագայում` առավելապես փիլիսոփայական ընկալման աստիճանում`առանց որոշակի  տեղային գծագրության ու թվարկության:
Արցախյան պոեզիայի մյուս բնորոշ առանձնահատկությունը տեղաշարժման, ընթացքի գաղափարի առակյությունն է: Վարդան Հակոբյանի պոեզիայում ճանապարհի, ընթացքի գաղափարը տանում է արտաքին ու ներքին աշխարհների բացահայտման. «Սիրում եմ մենակ գնալ ճանապարհը: Եվ սիրում եմ չհասնելը, /քանի որ հասնելու մեջ /խաբկանք կա անշուշտ /չէ± որ աշխարհի ոչ մի ճանապարհ վերջ չունի»/Թ.հ,էջ15/:Իսկ ահա Նորեկ Գասպարյանի պոեզիայում շարժումն ընթանում մեկ այլ ընթացքով. մենք սովորաբար առարկաների ու երևույթների մասին մեր դիտարկումները կատարում ենք մեր շարժման ընթացքի տեսանկյունից, իսկ ահա Նորեկ Գասպարյանը «Պար» ժողովածուի «Փողոցային երգեր» շարքում աշխարհը դիտարկվում է անձնավորված անշարժ երևույթների տեսանկյունից:»Տառապյալների համար է ստեղծված ճամփեզրի ծառը:Նրան չի հասնում ճանապարհը մեծ, /ամեն մի սերունդ իր շիվն է տանում նրա հայացքից…»(«Պար»,էջ6): Մարդկային էության բազմաշերտությունը ենթադրել է տալիս, որ նրա ներսում կարող են նստած լինել մի քանի մարդկային տեսակներ` արքան, միմոսը, թափառականը, այստեղից էլ առաջանում է կյանք-թատրոն համեմատության եզրը. այս երևույթը նույնպես բնորոշ է Ն.Գասպարյանի պոեզիային:
Մտապատկերային բանաստեղծությունը  կարծես շարունակական հիմքեր ունի արցախյան պոեզիայում, քանզի առավել երիտասասարդ սերնդի բանաստեղծ Լեռնիկ Հակոբյանի պոեզիայում այն նույնպես իր մասնակի արտացոլումն է գտել: Հայրենի եզերքի, բնության,հայրենասիրության, լիրիկական ապրումների բազմաթիվ արտահայտություններ` հիմնականում չափածո ձևի մեջ, հանդիպում են Բոգդան Ջանյանի,Նվարդ Ավագյանի, Գուրգեն Գաբրիելյանի, Հրաչյա Բեգլարյանի, Արկադի Թովմասյանի,Ժաննա Բեգլարյանի,Դավիթ Միքայելյանի և այլոց պոեզիայում: Վերջացնելով արցախյան պոեզիայի վերլուծությունը կարող ենք հանգիստ խղճով արձանագրել,որ իրոք, այսօր Արցախում կա բավականին բարձր ու ներկայանալի մակարդակի վրա գտնվող բանաստեղծական արվեստ, իսկ ահա արձակի հարցում պատկերը բոլորովին այլ է: Խնդիրն այստեղ ոչ այնքան լավ կամ վատին  է վերաբերվում (քանզի իրոք այսօր Արցախում կան օժտված արձակագիրներ, ովքեր ի վիճակի են ստեղծել գեղարվեստական գեղեցիկ պատում), որքան թեմատիկ դաշտի տեղապտույտին: Մինչ այսօր արցախյան արձակը դեռ մեզ է ներկայանում հողի,բնության հետ կապված հասրակ գյուղացու ապրելակերպի  մաթևոսյանական գյուղի նկարագրության կերպով, միայն ժամանակին զուգահեռ փոխվել են մտահոգությունների պատճառները: Եթե ասենք Կիմ Գաբրիելյանի «Դառը խնձոր»(1990թ)  ժողովածուի հերոսները հանգիստ առօրյայով ապրող,շինարարությամբ զբաղվող, կոլտնտեսական մանրումեծ խնդիրներով տարված մարդիկ են, ապա  Կոմիտաս Դանիելյանի «Ճիչ»(2004թ)  ժողովածուում հերոսներն արդեն ապրում են  պատերազմական ընթացքից վերաձևված բարոյահոգեբանական , սոցիալական նոր մթնոլորտում:Օրինակ «Աշխետ նժույգը» պատմվածքում դեռահաս տղայի ուսերին է մնացել ամբողջ տան ծանրությունը: Ժամանակից շուտ ինքն իր պարտադրանքով  մեծածացած երեխայի համար դժվար է իր նոր կարգավիճակին համակերպվելը և ինչ-որ մի պահի, այլևս անկարող լինելով դիմանալ այդ  ճնշմանը, տղան սկսում է  անզորությունից լաց լինել: Համարյա համանման իրավիճակում է գտնվում «Ճիչ» պատմվածքի գլխավոր հերոսը, որը նույնպես դոռահաս պատանի է և ստիպված շրջափակված տարածքից դուրս բերել ու մինչև հոսպիտալ հասցնել երեխա սպասող մորը: Կոմիտաս Դանելյանը խուսափում է պատերազմի անմիջական նկարագրություններից, այլ երևույթի բացասական կողմերը փորձում է ներկայացնել պատերազմից դուրս ապրող հասրակ մարդկանց առօրյայի ու հոգեբանության միջոցով: Իսկ ահա Մաքսիմ Հովհաննիսյանի «Արցախ իմ,ցավ իմ»(1998թ) և «Հարար,հարար»(2006թ) ժողովածուներում պատերազմական իրադարձությունները մեզ են ներկայանում առավելապես փաստագրական պատումի, առավել ճիշտ, էպիզոդիկ նկարագրությունների միջոցով: «Ռաֆոն», «Գրիշայի պատմածը», «Օրը արևոտ էր, մարտ» պատումների սյուժեն ստեղծում է ոչ թե հեղինակը, այլ պատմող հերոսը:
Արձակի նկատմամբ մի փոքր այլ տեսանկյուն է ցուցաբերում Նորեկ Գասպարյանն իր` «Չավարտված խաղ» ժողովածուում: Կարծես առավել բազմազան են թեմաները, գործողությունների վայրը գյուղից հեռացված է, նրա հերոսներն առավելապես քաղաքաբնակներ են,պատերազմի թեմաների հիշատակման մեջ էլ բացակայում է հուշապատումն ու հերոսականությունը, նրա հերոսներն  սեփական  արարքների շուրջ կենտրոնացած «փոքր մարդիկ»  են, որոնք կլանված են առօրեական մանրումեծ մտահոգություններով :Առանձնակի ուշադրության է արժանի Համլետ Մարտիրոսյանի արձակը. «Հրաժեշտ համազարկից առաջ» (2007թ)  ժողովածուն  իրոք արցախյան արձակի այն եզակի նմուշներից է, որը դուրս է ամեն տեսակ ընդհանրացումներից, թեմայի առաջնությունը չէ այստեղ կարևոր, այլ այն թե ինչպես են շարժման մեջ դրվում հերոսները և իրենց շարժման հետագծին համահավասար տեղաշարժում ասելիք նյութը: «Հորադիզ» պատմվածքի սկզբնամասի ընթերցումը առաջին հայացքից այնպիս մի տպավորություն է թողնում, որ ընթերցածդ ընդհամենը մի սովորական հուշապատում է, երիտասարդական վերհուշ, սակայն ամբողջ պատմվածքում մի սև գիծ կա, որը համարյա անտեսանելի է, մասնակիորեն դա կոնկրետանում է գլխավոր հերոսի տագնապների միջոցով ու անհետանում:Եվ միայն վերջում` հակընթաց ուղղությամբ կատարված ժամանակային գրառումն է  կոնկրետացնում տագնապի զգացողության իրական պատճառը. «Այս պահին  ոչ ես, ոչ նա, աշխարհում ոչ ոք չգիտեր սատանայից բացի,որ այսօր ես եղբորս հետ եղա այն տեղում, անցա այն ուղիով, որը տարիներ հետո դառնալու է եղբորս մահվան ճանապարհը… «(էջ85): «Տեղ պիտի հասնենք մինչև լուսաբաց» պատմվածքը և´ սյուժեով, և´ ապրումային դաշտով, և´ ներկայացման ձևով «Հորադիզ» պատմվածքի սկզբունքով է կառուցված` մասնատվող ժամանակի: «Այդ պահին ես միակ մարդն էի, որն արդեն գիտեր. երկու ժամ առաջ եղբորս ճանապարհել էի դեպի մահ…» (էջ.94):                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            Գրքի առաջաբանում Վարդան Հակոբյանը գրում է.  «Գերիրականին Հ. Մարտիրոսյանը հասնում է իրականով:Գլխավորը նրա բերած զգացումները երբեք չեն վերածվում սենտիմենտալության…ավելին, Համլետին հատուկ է «զգացումի ինտելեկտուալությունը»: Մարտիրոսյանի արձակում հաճախ հանդիպող ծլլան թախիծ, ծլլան անձրև արտահայտությունները լավագույնս բնորոշում են նրա արձակը, և իրոք թախիծը մեծ տեղ  է գրավում նրա արձակում, բայց դա ոչ թե գեղարվեստական հնարանք է, այլ չկայացած կյանքի դրամատիզմ. «Դա չկայացած կյանքի ապտակն էր ճակատագրին, դա վրեժխնդրություն էր մահից,ոչնչացնող ծաղր մահին» (էջ.56): «Նիրվաննա», «Արևամուտ, ծլլան թախիծ»  պատմվածքների հերոսները չկայացած ճակատագրով մարդիկ են, որոնք իրականության մեջ այլևս գոյություն չունեն, նրանք կարծես մնացել են անցյալում: Երբ «Արևամուտ, ծլլան թախիծ» պատմվածքում կինը տղամարդուն «Անկեղծ ասա,ես կամ քո կյանքում» հարցն է հղում, տղամարդը պատասխանում է. «Դու ապրում ես իմ հուշերում» (էջ55): Հուշերից այն կողմ այլևս կյանք չկա, այլ իրար հաջորդող օրերի հերթագայում է:
Եթե փորձելու լինենք ամբողջացնել ասելիքը, ապա կարող ենք արձանագրել, որ շատ քիչ բացառություններով պատերազմական իրադարձությունների, հետագայում նրա թողած ավերիչ ազդեցության  նկարագրությունները այսօր ամբողջովին կլանել են արցախյան արձակի տարածքը, գրականությանը տարել ժամանակի պարտադրած ուղիով: Այլ կերպ չէր էլ կարող լինել, անտեսել համանման երևույթն անհնար էր: Պարզապես պատերազմը, ինքնին շատ բարդ ու հակասական երևույթ լինելով, համանման բարդ մոտեցում է պահանջում նաև արձակագրից, անմիջական ցավի առկայությունը դեռևս չափազանց շատ է, իսկ արձակը սիրում է թեմաներին մոտենալ անցյալ ժամանկի փիլիսոփայական խորացումներով:

Share Button

6 Կարծիք

  • Marat says:

    Hetaqrqir e. Ayo grakanagitutyun@ yev arhasarak gitutyun@ parzutyun e sirum.

  • Arqmenik Nikoghosyan says:

    Սա պարզ հոդված է: Երևի պարզունակ ես ուզում:

  • Marat says:

    Parzunak@ yev parz@ tarber baner en…

  • Hasmik Hakobyan says:

    Իսկ դուք որը կոնկրետ ի նակտի ունեք, Մարատ, ձեր գրածը չափազանց երկիմաստ է?

  • Marat says:

    Hasmik jan, Dzer grats@ parz e, isk hodvats@ lav.

  • Marine Mkrtchyan says:

    Bavakan lav hodvac e, Hasmik jan, yes zbaxvum em Grakanutyan mej Arcaxyan azatamarti artacolmamb, indz dur ekav,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *