Առաջին անգամ այդ քարտեզի մասին ուսուցիչներիցս մեկից եմ լսել։ Դա այն տեսակ տեղեկատվություն չէր, որ պետք է հաղորդեր մեզ, բայց կարծում եմ, որ ձանձրանում էր նրանից, ինչ պետք է աներ, և երբեմն անսպասելի թեմաների էր անցում կատարում։ Նա մեր իսկական ուսուցիչը չէր, չնայած որ դասավանդում էր քաղաքի հիմնական դպրոցում և կրթված մարդու համբավ ուներ։ Նրա անունը Մաալիմ Հասան Աբդալա էր։ Վերջերս էր հարևան տուն տեղափոխվել և ապրում էր առաջին հարկի սենյակներում, որոնք վարձակալում էր մեր հարևաններ հորեղբայր Աբդուլրահմանից և Բի Ֆատմայից։ Հարգանքից ելնելով էինք նրանց «հորեղբայր» և «հորաքույր» կոչում։ Նրանք երեխաներ չունեին, վերևի երկու հարկերն էին զբաղեցնում և առաջին հարկի կարիքը չունեին։ Հորեղբայր Աբդուլրահմանը նույնպես ուսուցիչ էր, բայց շատ ավելի նշանավոր։ Նա միջնակարգ դպրոցում էր դասավանդում, որտեղ ամբողջ ուսուցումը անգլերենով էր, և ավարտել էր Կամպալայի Մակերեր համալսարանական քոլեջը։ Այդ ժամանակ միջնակարգ դպրոցի բոլոր ուսուցիչները եվրոպացիներ էին, և այն, որ հորեղբայր Աբդուլրահմանը ուս ուսի տված աշխատում էր այդ առասպելական մարդկանց հետ, յուրահատուկ հմայք էր հաղորդում նրան։ Նա և Մաալիմ Հասանը հավանաբար նախկինում ճանաչել էին միմյանց կամ սովորել էին միասին, երբ ավելի երիտասարդ էին։
Մայրիկիս միտքն էր, որ պետք է Մաալիմ Հասանի մոտ հաճախեինք։ Հավելյալ պարապմունքների ոչ մի ակնհայտ կարիք չկար։ Դասերը բաց չէինք թողնում և հետ չէինք ընկնում, ինչպես հաճախ լինում էր, երբ բարեկամներին հյուր գնալիս երեխաներն ուղեկցում էին իրենց ծնողներին կամ հիվանդանում էին։ Այն ժամանակ թվում էր, թե երեխաները ոչ թե մի քանի օրով էին հիվանդանում, այլ մի քանի ամսով, և դպրոց էին վերադառնում՝ բոլորից հետ ընկած, կամ գրեթե բոլորից՝ բացի անուղղելիներից, որոնք ընդդիմանում էին սովորելուն, ասես դա պատվի և համբավի հարց էր։ Մեր ծնողները հանճարեղ մասնագիտական ձգտումներ չէին դնում մեր առաջ, որոնք մշտական ուսում էին պահանջում, ինչպես որ դպրոցում մի քանի հնդիկ տղաների դեպքում էր, որոնց ծնողները վաղ տարիքից նրանց ուղարկում էին հավելյալ պարապմունքների, որովհետև որոշել էին, որ վերջիններս պետք է բժիշկներ, իրավաբաններ կամ մաթեմատիկական հանճարներ դառնային։
Ծնողներիս մտքով նույնիսկ չէր անցնում նման շքեղություն պատկերացնել մեզ համար, սակայն չեմ կարծում, թե մեր դպրոցական աշխատանքների մասին անհանգստանալու առիթ ունեին։ Իմ կրտսեր եղբայր Հաջին հաջողությունների էր հասնում դպրոցում՝ առանց հատուկ ջանքերի, համենայն դեպս, բոլոր ուսուցիչները գոհ էին նրանից, և շատ ընկերներ ուներ։ Նա ինձնից մի տարի հետ էր ընկել, բայց ուսուցիչները նրան իմ աշխատասիրության օրինակին հետևելուն հորդորելու փոխարեն ինձ էին նրանից սովորելու և մի փոքր փայլ ցուցաբերելու կոչ անում։ Ես բարեխիղճ աշխատավոր էի, որին պետք էր ամեն ինչ բացատրել, և որը երկմտում էր ամեն թռիչքից առաջ։ Երբեմն մարդիկ հարցնում էին, թե մեզնից ով էր ավագը։
Ինչ վերաբերում է մեր քույր Ռանդային, ապա նա նոր էր դպրոց գնացել, բայց երբ իմացավ, որ պարապմունքների էինք հաճախելու Բի Ֆատմայի տուն, պնդեց, որ ինքն էլ մասնակցեր։ Բի Ֆատման նրա սիրելի հորաքույրն էր և մանկուց երես էր տալիս նրան։
Չգիտեմ, թե հայրս ինչ կարծիք ուներ այդ ցերեկային պարապմունքների մասին։ Բազմիցս ասել էր, որ պետք է աչքաբաց, ավելի դիտունակ ու խելամիտ լինեի։ Դա այն նույն երկար ու տանջալից ցուցակն էր, որին ստիպված էի համակերպվել դպրոցում։ «Դու պետք է ավելի ուշադիր լինես աշխարհի հանդեպ, – ասաց նա»։ Բայց չէր ակնկալում, որ Մաալիմ Հասանը կսովորեցներ դա։ Համենայն դեպս, ես երկար չէի մտորում պատճառների մասին, թե ինչու էին մեզ ուղարկում Մաալիմ Հասանի մոտ։ Ենթադրում էի, որ մայրիկիս թվում էր, թե դա լավ միտք էր և մեր կրթության մասին մայրական հոգատարության դրսևորում։ Հայրս միշտ չէր, որ համակարծիք էր նրա մեծ եռանդին, և նույնիսկ դժգոհում էր դպրոցից բերված որոշ գիտելիքների անպիտանությունից։ Ի՞նչ իմաստ կար իմանալու անգլերեն մանկական ոտանավորներ կամ լսելու ժլատ արկածախնդիրների պոռոտախոսություններ։ Մայրիկիս համար դպրոցը գիտելիք էր, չնայած որ նա նույնպես միշտ իր գաղափարներ ուներ այն մասին, թե ինչն էր օգտակար, իսկ ինչը՝ ոչ։ Անգլերենն ու թվաբանությունն օգտակար էին, որովհետև դրանք լավ իմանալու դեպքում կարող էինք միջնակարգ դպրոց տեղափոխվել։ Ամեն դեպքում մեր հարևանությամբ ուսուցիչ էր ապրում, որը, ինչպես ասում էին, այնքան շատ գիրք էր կարդացել, որքան երկրում ոչ ոք չէր կարդացել, և ազատ ժամանակ ուներ։
Ես գիտեի, թե ով էր Մաալիմ Հասանը, դեռ մինչև նրա՝ մեր ուսուցիչ դառնալը։ Երբեք չէր խոսել ինձ հետ, բայց եթե անծանոթ մեկը հարցներ, թե ով էր այդ տղամարդը, առանց տատանվելու նրա անունը կտայի։ Գիտեի նաև, որ երբեմն նվագախմբում ուդ էր նվագում։ Մի տարի հայրս տարօրինակ համերգի տոմսեր էր առել մեզ համար։ Նա չեկավ, որովհետև երաժշտությունը սովորաբար գլխացավ էր առաջացնում նրա մոտ, և ես կարծում էի, որ տաարաբյան երգերի սիրային տանջանքները կաշկանդիչ էին նրա համար։ Այդ երեկո նվագախմբում նվագում էր Մաալիմ Հասանը, և մյուս բոլոր երաժիշտների նման մուգ կոստյում էր կրում և թիթեռնաձև կապած փոխկապ․ հագուստ, որը ուրիշ ժամանակ երբեք ոչ ոք չէր հագնում։ Դա եգիպտական նվագախմբերի նմանակում էր, որոնք նմանօրինակ էին հագնվում, որպեսզի այդ կերպ արտահայտեին իրենց այժմեականությունը, և ինչպես երաժշտական առումով, այնպես էլ հագուստի հարցում իրենց ազդեցությունն էին ունեցել տաարաբի վրա։
Ինչ-որ մռայլ բան կար Մաալիմ Հասանի մեջ։ Նա ինքնամփոփ էր և կասկածամիտ, կտրուկ ձայնով էր խոսում և ինչ-որ ձևով կարողանում էր խուսափել վիրավորանքներից։ Քայլելիս խոնարհում էր աչքերը, իսկ նրա ողջույնը զուսպ էր և նույնիսկ մի փոքր ջղային։ Նա նման չէր մեր թաղամասի տղամարդկանցից շատերին, որոնք միշտ ողջունում էին միմյանց, անցնում էին փողոցը կամ թռնում հեծանիվների վրայից, որպեսզի միմյանց ձեռք սեղմեին, ինչպես նաև բարձր խոսում և ծիծաղում էին փողոցում։ Կեսօրից հետո և վաղ երեկոյան նրանք նստում էին սրճարաններում, զրուցում, բանավիճում, բամբասում և ծանոթանում աշխարհի հետ։ Օրվա զով ժամերին տղամարդիկ այնքան ժամանակ էին անցկացնում փողոցներում, որքան իրենց տներում։ Այդ պատճառով որոշ փողոցներից ավելի լավ էր խուսափել։ Մաալիմ Հասանը բարձր չէր խոսում և արտասովոր ձևով չէր ծիծաղում, ինչպես այդ ուրիշ տղամարդիկ։ Ոչ էլ հայրս, որովհետև նման անտաշությունը անվայել էր համարում, և երբեք ոչ ոքի վրա ոչ մի առիթով ձայն չէր բարձրացնում։ Բայց հայրս ոչինչ այնքան շատ չէր սիրում, որքան ժամերով սրճարանում նստելը՝ քաղաքականության մասին խոսելով, մինչդեռ Մաալիմ Հասանը կարող էր մի քանի րոպեով մտնել՝սուրճ խմելու, և հետո շարունակեր ճանապարհը։
Միայն հիմա, երբ վերհիշում եմ նրան և փորձում նկարագրել, այդ մանրամասնություններն աչքիս առաջ են գալիս։ Համարյա չէի նկատել, երբ հարևան տուն էր տեղափոխվել։ Տղամարդիկ հենց այդպես էլ անում էին, առաջին հարկում տուն էին վարձում և մենակ ապրում։ Հնարավոր է նրանք քաղաքում էին ապրում, իսկ նրանց ընտանիքները՝ գյուղում։ Կամ ընտանեկան տանը տեղ չկար, չափից ավելի շատ եղբայրներ ու քույրեր, մորաքույրներ և զարմիկներ կային, իսկ մթնոլորտը տոգորված էր վեճերով և հայհոյանքներով։ Կամ մենակ էին ապրում ինչ-որ բարդ պատճառներով, որպեսզի իրենց ուզած ոճով և ավելի ազատ շնչեին։
Ենթադրում եմ, որ ըստ ծնողներիս միջև կնքված համաձայնության՝ հայրս պետք է հոգ տաներ մանրուքների մասին և վճարումներ կատարեր։ Հավանաբար սովորական վեճ էր ծագելու այդ առիթով։ Մայրս հայտնի էր իր փափկասրտությամբ։ Հարևաններն ու բարեկամները լացացնում էին նրան իրենց դժբախտությունների մասին պատմություններով, հետո նա տալիս էր նրանց այն, ինչ չպետք է տար կամ չէր կարող իրեն թույլ տալ․ իր լավագույն կանգան , իր զարդերը, մեր ճաշը։ Հորս ռեակցիան ջղայնության և թերահավատ ծիծաղի միջև էր տատանվում, բայց մայրս անուղղելի էր։ Միանգամից գլխի չէի ընկել, բայց ավելի ուշ սկսեցի մտածել, թե արդյոք հավելյալ պարապմունքները Մաալիմ Հասանի համար նույնքան ձեռնտու չէին, որքան մեր՝ երեխաներիս համար։ Մի խոսքով մի օր՝ կեսօրից հետո գնացինք պարապմունքի։
Սենյակը, որտեղ Մաալիմ Հասանն ուսուցանում էր մեզ, տան առաջամասում էր գտնվում։ Այն երկու պատուհան ուներ, որոնք վանդակապատված էին և հատակից մինչև առաստաղն էին ձգվում։ Մեկը դիմացն էր, իսկ մյուսը՝ կողքը, երկուսի փեղկերը լայն բաց էին, և հետկեսօրյա լույսը ողողում էր սենյակը։ Կահույքը բաղկացած էր պատի մոտ դրված չորս չոր աթոռներից և կողմնային պատուհանի մոտի փոքր գրասեղանից, որի մոտ նստած էր Մաալիմ Հասանը, երբ եկանք։ Այն ավելի շատ կառավարական գրասենյակ էր հիշեցնում, քան բնակելի տարածք՝ անշուք և անպաճույճ, դատարկ բետոնե հատակով, առանց խսիրի կամ գորգի։ Նրա ուդը պատի մոտի պատվանդանի վրա էր դրված։
Առաջ ինձ դուր էր գալիս թրթիռը, որը զգում էի նոր ուսուցիչների հետ ծանոթանալիս, երբ մի ուսումնական տարուց մյուսն էինք անցնում։ Բայց Մաալիմ Հասանի կախ գցած աչքերն ու հարդարված բեղերը տխուր և միաժամանակ սարսափեցնող տես ք էին հաղորդում նրան, և ես այդ առաջին դասին սրտի թալկացումով հանեցի ոտնամաններս նրա սենյակի առաջ։ Մեզ ասվել էր բերել մեր դպրոցական տետրերը, որոնք Մաալիմ Հասանն ուսումնասիրում էր, քանի դեռ մենք նստած էինք սենյակի տարբեր անկյուններում, որտեղ նա մեզ նստեցրել էր։ Հետո տարբեր վարժություններ հանձնարարեց, և մեզնից յուրաքանչյուրի հետ հերթով ժամանակ էր անցկացնում, քանի դեռ մենք պայքարում էինք։ Երբ խոսում էր, նրա ձայնը խռպոտ էր և անվստահ, ասես վաղուց չէր օգտագործել այն։ Միմյանց հետ չէինք խոսում և հայացքներով էլ համարյա չէինք փոխանակվում։ Այդ լարված իրավիճակը շարունակվում էր երեք դաս (շաբաթը երկու անգամ էինք գնում նրա մոտ), իսկ չորրորդին գալով՝ տեսանք, որ ներքևի փեղկերը կիսով չափ փակված են ցերեկային լույսից։ Բացի դրանից՝ հենց դռան հետևում փոքրիկ բրդյա գորգ էր փռված։ Հավանաբար կտրուկ լույսն ու դատարկ հատակը անկարգությունները կանխարգելու համար էին, և երբ պարզ դարձավ, որ մենք հնազանդ էինք և հիմնովին վախեցած, մեր ուսուցիչը փոքր-ինչ մեղմացրեց մթնոլորտը։
Իմ քույր Ռանդան այդ ժամանակ արդեն հանձնվել էր՝ ողբալով իր դժբախտությունը այն ողբերգական անձնազոհությամբ, որին անփորձ ցինիզմով դեմ էր առել, և որին մայրս երբեք չէր կարողանում դիմակայել։ Երբեք իրեն այդպես չէր պահում հորս առաջ, ում հրապուրում էր անհուն սիրով, և որը փոխադարձ պաշտում էր նրան, բայց գիտեր, որ մեր մայրը չէր կարող անդրդվելի մնալ նրա արցունքների և զայրույթի առաջ։ Դեռ այն ժամանակ էի զարմանում, թե ինչպես էր Ռանդան հետագայում հաղթահարելու զայրույթը, երբ ավելի ուշ կյանքում այն վրա հասներ նրան, կամ այնքան էր խաղ անելու դրա հետ, որ այն տափակաբանություն էր թվալու։ Այդ օրը նա հասավ իր ուզածին, և նրան թույլ տվեցին թողնել հավելյալ պարապմունքները։ Նրա համար դա ընդամենը զվարճություն էր, որովհետև չէր կարողանում հանդուրժել, երբ ինչ-որ բանից հետ էր մնում։
Հետկեսօրյա դասի ինչ-որ պահին Մաալիմ Հասանը որոշեց ուղղագրական թեստ տալ մեզ։ Ուղղագրական թեստերը դուր էին գալիս ինձ, բայց ոչ որովհետև հեշտ էին տրվում ինձ, այլ այն պատճառով, որ շատ ժամանակ էին խլում, և ինձ դուր էին գալիս տետրերի փոխանակման դրաման և ուրիշի աշխատանքը գնահատելու գործընթացը։ Հաջիին հեշտ էին տրվում ուղղագրական թեստերը, բայց այդ օրը նա, ինչպես և ես, տանուլ էր տվել բառերից մեկի պատճառով, որոնք Մաալիմ Հասանը տվել էր մեզ այդ օրը։ Այդ բառը Կոստանդնուպոլիսն էր։ Մեր ուսուցիչը ժպտաց մեր տգիտության վրա և ասաց․ «Ստամբուլ։ Մինչև Ստամբուլ դառնալը այն Կոստանդնուպոլիս էր կոչվում»։ Ստիպեց, որ ճիշտ գրեինք այդ բառը և մի քանի անգամ բարձր արտաբերեինք։ Ասաց, որ մեծն հռոմեացի կայսեր անունով էր կոչված այն։ Ահա թե ինչ էր նշանակում՝ Կոնստանդինի քաղաք։ Հետո քաղաքի 1453 թվականի անկման մասին պատմեց․ թե ինչ երկար և ինչպիսի քաջությամբ էին դիմակայում պաշտպանները, թե ինչպես էին օսմանյան նավատորմին խանգարել մտնել Բոսֆոր՝ արգելափակոց կառուցելով դրա երկայնքով, և ինչպես էր սուլթան Մուհամմեդ II Նվաճողը ցամաքով տեղափոխել իր նավերը՝ յուղով պատված գերանների վրայով սահեցնելով դեպի Սև ծով, և այդպիսով կարողացել էր հետևի կողմից նվաճել քաղաքը։ Մեր ուսուցիչը պատմում էր մեզ քաղաքի անկման մասին՝ միաժամանակ և՛ որպես հաղթանակի, և՛ ողբերգության։ Դրանից հետո գնում էինք դասերին՝ հույսով, որ Մաալիմ Հասանը կձանձրանար անգլերենից և թվաբանությունից, և կխորասուզվեր իր գիտական անուրջներից մեկի մեջ։
Նա իր պատմություններն այդքան հաճախակի չէր պատմում իմ եղբայր Հաջիին, որը մի քանի շաբաթ անց սկսեց բաց թողնել դասերը, չնայած ո՛չ ես, ո՛չ նա չէինք պատմում մայրիկին այդ մասին։ Մաալիմ Հասանը հարցնում էր նրանից, իսկ ես ասում էի այն սուտը, որը տրամաբանական էի համարում։ Նա ավելի հանգիստ էր թվում, երբ միայն երկուսով էինք։ Ավելի քիչ էր հոնքերը կիտում և կարդալով նստում էր գրասեղանի մոտ, քանի դեռ կատարում էի աշխատանքը, որը հանձնարարել էր ինձ։ Երբեմն ուդ էր նվագում, բայց դադարում էր նվագել հենց-որ տեսնում էր, որ հետաքրքված էի, դրա համար էլ սովորեցի գլուխս կախ պահել և ձևացնել, թե չէի նկատում։ Հաճելի էր լսել, թե ինչպես էր նվագում, քանի դեռ դանդաղում էի ցանկացած ձանձրալի առաջադրանք կատարելիս, որ տվել էր ինձ։ Իր հայտնի գրքերը ուրիշ սենյակում էր պահում, բայց պարապմունքների ժամանակ դրանցից մեկը միշտ նրա սեղանին էր՝ այն դեպքերի համար, երբ ընթերցանության համար մի քանի ազատ րոպե էր ունենում։ Ավելի հաճախ էր ժպտում՝ զգույշ և դժկամ ժպիտներով, որոնք կերպարանափոխում էին նրա դեմքը։ Անունով էր դիմում ինձ և հարցեր էր տալիս իմ մասին։ Ի՞նչ սպորտով եմ զբաղվել։ Նրա խոսքերով՝ եռանդուն լողորդ էր եղել ժամանակին, բայց դա այն ժամանակ էր, երբ ավելի երիտասարդ էր։ Ւր ժպիտներից մեկով պարգևատրեց ինձ, երբ ասացի, թե որքան եմ սիրում դպրոց գնալ։
Երբ վարժվեցի Մաալիմ Հասանին, և նա պակաս խիստ դարձավ իմ հանդեպ, սովորեցի փոքրիկ պատմություններ կորզել նրանից։ Ծովը հաճախ էր հիշատակվում նրա պատմություններում։ Ահա թե ինչպես մի անգամ պատմեց ինձ քարտեզի մասին։ Առաջին օրն էի նկատել այն, երբ եկել էինք նրա սենյակ, շագանակագույն-ոսկեգույն շրջանակով նկար էր կախված պատից։ Այդ նկարը և ավարտական դասարան հիշեցնող խմբակային լուսանկարը շոգ և դատարկ սենյակի միակ պաճուճանքն էին։ Երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ, թե ինչ էին նշանակում կորնթարդությունների և փոքր դրոշակների ուրվապատկերները։ Մեր աշխարհը լի էր պատկերներով, դրանք բոլորը որոշակի առումով բացատրելի էին, և չնայած որ հստակ չգիտեի, բայց ենթադրում էի, որ դրանցից շատերը ինչ-որ մեկի աստծու հետ էին կապված։ Դերձակի արհեստանոցում փղի գլխով թանձրամարմին մարդու նկար էր կախված։ Վարսավիրանոցում շրջանակների մեջ ուրդուով տեքստեր էին կախված և աստղերի ու լուսինների նկարներ՝ իրենց բազմազան կորնթարդություններով։ Կրոնական գրախանութում թևավոր հովատակի նկարներ կային ու ևս մեկը՝ խաչված կոր սրերով։ Օրացույցների վրա պատկերված էին ութ ձեռք ունեցող կին, հսկայական մորուքով տղամարդ, վիթխարակերտ շենքեր, ինչպես նաև տարբեր այբուբեններով բառեր և թվեր։ Շագանակագույն և ոսկեգույն կորնթարդություններով գեղեցիկ նկարը անհանգստության պատճառ չէր։ Մտածում էի, թե մի օր պատմելու էր ինձ դրա մասին։ Հոկտեմբերյան մի շոգ օր՝ նրա հանձնարարած հատվածի վրա աշխատելու թեժ պահին (առաջադրանք, որն անտանելի էր), դրդեցի նրան այդ ուղղությամբ։ Առանց պոկելու հայացքս հառեցի նկարին՝ մե՛րթ մեկ, մե՛րթ մյուս կողմ թեքելով գլուխս, որպեսզի հասկանայի դրա նշանակությունը։ Գիտեի, որ հետևում էր ինձ, և հույս ունեի, որ չէր կարողանալու դիմադրել, որպեսզի չպատմեր ինձ դրա մասին։
-Գիտե՞ս, թե ինչ է սա, – հարցրեց նա։
Այդ ժամանակ արդեն մի քանի անգամ էր, ինչ ինքնուրույն էի հաճախում պարապմունքների, և որոշ փոքր կամայականություններ էին թույլատրված ինձ։ Վեր կացա և մոտ գնացի պատին։ Առանց շտապելու ուսումնասիրում էի նկարը, և հանկարծակի հասկացա, որ աշխարհի անհարթ, գլխիվայր շրջված քարտեզն էր։ Հենց Աֆրիկայի ուրվապատկերը դարձավ բանալի։
-Քարտեզ է, – ասացի ես։ – Ինչո՞ւ է գլխիվայր շուռ տված։
Եռանդիս ի պատասխան՝ հաճույքով ժպտաց։
-Այդ ժամանակ այդպես էին կազմում քարտեզները, – ասաց նա։ – Չգիտեմ, թե ինչու։
Քարտեզագրի անունը Ֆրա Մաուրո էր, վանական, որն ապրում էր Վենետիկի ծովածոցի փոքրիկ կղզում և ոչ մի քայլ չհեռանալով դրանից՝ կազմել էր աշխարհի քարտեզը։ Այդ ժամանակ չէի լսել Վենետիկի մասին, չգիտեի, թե ինչ էր ծովածոցը, ոչ էլ գիտեի, թե ով էր վանականը։ Այդ ամենն ասացի Մաալիմ Հասանին, նա մի պահ հետ գցեց գլուխը՝ այդ կատարյալ տգիտությանը ժպտալով։ Հետո պատմեց Վենետիկի և Մուրանո կղզու մասին, որտեղ ապրում էր Ֆրա Մաուրոն։ Այնպես էր խոսում, ասես մոտիկից ծանոթ էր այդ վայրերին։ Ֆրան լսել էր ճանապարհորդների պատմությունները, ուսումնասիրել բոլոր աղբյուրները, որ կարողացել էր գտնել, և հետո կազմել էր աշխարհի քարտեզը, որն ավելի ճշգրիտ էր, քան դրանից առաջ ստեղծվածները։ Այն ժամանակ մտածեցի, թե Ֆրան ինչ-որ չափով նման էր Մաալիմ Հասանին, չնայած իմ ուսուցիչը չգիտեր ինչպես աշխարհի քարտեզ կազմել։ Ֆրայի նման նա մեկն էր, ով ապրում էր իր երևակայության մեջ, ով ճանապարհորդում էր իր գիտակցությունում։ Հաստատ գիտեի, որ Մաալիմ Հասանը երբեք չէր տեսել Վենետիկը։ Եթե տեսած լիներ, բոլորս արդեն իմացած կլինեինք այդ մասին։ Վենետիկը դեռ ոչինչ, ես կզարմանայի, եթե Ունգուջայից այն կողմ որևէ տեղ եղած լիներ։ Մարդիկ մշտապես գալիս ու գնում էին, և ճանապարհորդներին կարելի էր տարբերել նրանց ինքնավստահությամբ, նրբագեղ համարձակությամբ և զրույցներով։ Նույն հաջողությամբ կարելի էր պատմել նրանց մասին, ովքեր երբեք ոչ մի տեղ չէին եղել, և Մաալիմ Հասանը նրանցից մեկն էր, թեև նրա պատմություններից շատերը ծովի մասին էին։
Հաջորդ անգամ, երբ խոսեց քարտեզի մասին, պատմեց տպատառերով գրված փոքրիկ բաներների մասին, որոնք տարբեր աղբյուրներից տեղեկատվություն էին հաղորդում առանձին վայրերի մասին։ Չէր կարելի կարդալ դրանք, որովհետև տպատառերը շատ մանր էին, և ամեն դեպքում, ինչպես ինքն էր ասում, գրությունը լատիներեն էր, և նա չէր կարող այն կարդալ։ Հետո Մաալիմ Հասանն ինքն իրեն հիշեցրեց, թե ինչի համար էի շ այնտեղ, և ինձ հետ ուղարկեց՝ ավարտելու բաժանման գործողության երկար վարժությունը, որն ընդհատել էր։
Բայց չէր կարողանում չանդրադառնալ քարտեզին, և երբ երրորդ անգամ խոսեց դրա մասին, պատմեց, թե ինչ էր գրված տպատառ փոքրիկ բաներներից մեկում։ Խոսքը նավի մասին էր, որին փոթորիկը Խավարի ծով էր քշել, որն արաբները Ատլանտյան էին կոչում։ Այն առավոտ, երբ նավը լքել էր Մուկալլան և ուղևորվել դեպի սև ափը, առավոտկեսյան լուսին էին տեսել, որը դժգույն կախված էր երկնքից։ Մակույկներով նավարկում էին ուղևորները՝ կանայք, որպեսզի միանային իրենց ամուսիններին, որոնք արդեն այնտեղ էին, և տղամարդիկ, որոնք ուզում էին բաժին ստանալ այդ կանաչ երկրի առատաձեռն պարգևներից։ Կանանցից մեկն ասել էր, թե դժգույն լուսինը ինչ-որ վատ բանի նախանշան էր։ «Բոլորին հայտնի է նախանշանի ուժը, ասել էր այդ կինը, – և իմաստուններն ավելի լավ է ականջ դնեն։ Անավարտ մի՛ թողեք այն, ինչ պետք է ավարտին հասցվի»։ Նրանք, ովքեր լսել էին՝ ինչպես էր արտաբերել այդ խոսքերը, բղավել էին, որպեսզի ձայնը կտրեր ու դժբախտություն չբերեր։ Բայց արդեն ուշ էր, նախանշանը կատարվեց։ Մի քանի օրյա նավարկությունից հետո քամին քշել էր նրանց ծովի խորքերը, և չէին կարողացել իրենց նավը թեքել դեպի ափը։ Միակ բանը, որ կարողացել էին անել, ավելի ու ավելի հեռու՝ դեպի հարավ, նավարկելն էր՝ հույս ունենալով, որ քամու ուղղությունը կփոխվեր, և կկարողանային շրջվել դեպի արևմուտք։ Երբ շրջվեցին, հասկացան, որ բոլոր ցամաքային սահմաններից ու Աֆրիկայի վերջամասից այն կողմ էին անցել։ Այն ժամանակ ոչ ոք չգիտեր, որ Աֆրիկան վերջամաս ուներ։ Հաջողությունը լքել էր նրանց, և քառասուն օրերի ընթացքում օդից և ջրից բացի ոչինչ չէին տեսնում։ Նահոդայի հաշվարկներով 2000 մղոն դեպի արևմուտք էին գնացել՝ կործանման մեջ վստահ։ Երբ եղանակի պատճառով առաջացած լարվածությունն անցել էր, շրջել էին նավն ու վերադարձել յոթանասուն օրում։ Սառը հոսանքները խլել էին նրանց ու քշել փոթորկոտ ափերի երկայնքներով, մինչև որ ինչ-որ հրաշքով չէին հայտնվել օվկիանոսի մեջտեղում գտնվող հսկայական արշիպելագում ։ Ողջ հորիզոնը լցված էր այդ հողով։ Այդ ժամանակ միայն հինգ հոգի էր կենդանի մնացել։ Մնացած բոլորը, Աստծո կամոք, հոգին ավանդել էին սովից, ծարավից և հիվանդություններից։ Կենդանի մնացածներից մեկն այն կինն էր, որը առավոտկեսյան լուսինը որպես իրենց գալիք աղետի նախանշան էր մեկնաբանել։ Ճանապարհորդության ընթացքում նա խելքը թռցրել էր, կամ գուցե ձևացնում էր, որովհետև վախենում էր, որ դժբախտություն բերելու պատճառով նավից դուրս կնետեին։ Մյուս չորսը նավաստիներ էին՝ մարդիկ, որոնք սովոր էին ծովի դժվարություններին։ Կինն անընդմեջ փոքրիկ տղայի մասին էր խոսում, որին թողել էր հարևանների մոտ՝ Մուկալլայում, և ողբում ու սգում էր նրա ճակատագիրը։ Հայտնի չէ, թե ինչ է եղել այդ հինգին, երբ հասել են Նգազիջա , որը, ամենայն հավանականությամբ, այն արշիպելագն է, որտեղ նրանք ափ էին իջել՝ բացի այն մեկից, ով պետք է որ պատմած լիներ իրենց փորձության մասին։
-Երբեք չեմ մոռանա այդ նավի և դրա վախեցած ուղևորների պատկերը, երբ առավոտկեսյան լուսնի ներքո ճանապարհ էին ընկնում Մուկալլայից, – ասաց Մաալիմ Հասանը։
-Եվ այդ ամենը այդ պստլիկ բաների մեջ է գրվա՞ծ, – հարցրի ես։
Մաալիմ Հասանը խոժոռվեց։
-Չէի սպասում, որ ինչ-որ մեկը ողջ կմնար, – ասացի ես։ – Հարյուր տասն օր փոթորկոտ ծովում լինելը դյուցազներգության նման բան է․ այդ ի՞նչ նավ պետք է եղած լիներ, որ դիմանար այդ ամենին։
-Սամբուկ , – պատասխանեց նա։
-Քանի՞ ուղևոր կար նավի վրա։ Ի՞նչ էին նրանք ուտում։ Ինչպե՞ս կարող էին դիմանալ մի նավի վրա, որը մասամբ էր տախտակամածով ծածկված։ Բայց եթե կենդանի մնացածներ չլինեին, ինչպե՞ս էր Ֆրա Մաուրոն Խավարի ծովի քառասուն և վերադարձի յոթանասուն օրերի մասին իմանալու։ Միայն պատկերացրե՛ք, թե ինչ կլիներ, եթե նրանք չվերադառնային ու շարունակեին նավարկել Խավարի ծովով։
Բայց տեսա, որ Մաալիմ Հասանը շփոթված էր և սկսում էր համբերությունը կորցնել իմ սովորական հարցերի պատճառով։ Հնարավոր է կարծում էր, թե այլ կերպ էի արձագանքելու նրա պատմությանը․ թվում էր, թե նյարդայնացնում էի նրան։ Նա խոժոռվեց և թեքեց հայացքը։
-Ավելի լավ կլինի մինչև գնալդ ավարտին հասցնես փոխադրությունը, – ասաց նա։
Երկար չմնաց վատ տրամադրության մեջ և այդ օրը՝ մինչև դասի ավարտը, նորից խոսեց քարտեզների մասին․ Հնդկական օվկիանոսի չինական և արաբական քարտեզներ, Արևմտյան Ասիայի քրիստոնեական քարտեզներ, որոնցում Երուսաղեմը միշտ աշխարհի կենտրոնում էր։ Ուզում էի հարցնել, թե որտեղից գիտեր այդ ամենի մասին, բայց չէի ուզում նորից նյարդայնացնել նրան։ Հավանաբար դա նրա հայտնի ուսուցման մի մասն էր։ Երբ հեռանում էի, մի գրություն տվեց ինձ։ Փոքրիկ քառակուսու տեսքով էր ծալված, իսկ ծայրերը այնպես էին ներս մտցված, որպեսզի կնիք ստացվեր։
-Քո հորաքույր Մասուդային կփոխանցե՛ս սա, – կամաց ասաց նա՝ խոնարհելով աչքերը։ – Բայց ոչ բոլորի աչքի առաջ։
Հորաքույր Մասուդան իրականում իմ հորաքույրը չէր։ Նա հայրիկիս քրոջ դուստրն էր, այնպես որ նա իմ զարմուհին էր, բայց ծնողներս նրա մասին այնպես էին խոսում, ասես մեր հարազատ քույրը լիներ։ Մի քանի ամիս առաջ էր տեղափոխվել մեզ մոտ, որովհետև ամուսինը բաժանվել էր նրանից։ Նրա ծնողները նույնպես բաժանված էին։ Նրա հայրը մենակ էր ապրում առաջին հարկի սենյակում, որը վարձակալում էր, իսկ մայրը նորից էր ամուսնացել և տեղափոխվել Տանգա ։ Հայրս նրա մոր եղբայրն էր, և ամենավաղ հիշողություններից մայր ու դուստր մեր տան հյուրերն էին։ Մի քանի ամիսը մեկ անգամ ինչ-որ մեկը ժամանում էր հյուրընկալվելու, և մի քանի օր կամ շաբաթ մեկնելու ոչ մի նշան չկար, և երբ գալիս էր Մասուդան, հենց այդպես էր լինում։ Դա նշանակում էր նոր օրակարգ, նոր բամբասանքներ, հյուրերի համար նախատեսված ուտելիք (համենայն դեպս, որոշ ժամանակով), իսկ հետո հյուրի հեռանալու սպասում, որպեսզի նորից կարողանայինք անկողին մտնել և վերադառնալ սովորական առօրյային։ Բայց Մասուդան մեզ դուր էր գալիս, որովհետև խաղում էր մեզ հետ, երբ փոքր էինք, միշտ ցինիկ բաներ էր ասում, մարդկանց մեջքի հետևում ծիծաղում էր նրանց վրա և երբեմն արգելված բառեր էր օգտագործում։ Այնքան լավ տեսք ուներ, որ նրա թուխ մաշկը փայլփլում էր, երբ քայլում էր փողոցում, տղամարդիկ ինչ-որ ուրիշ հայացքներ էին գցում նրա վրա, որովհետև չէր փակում դեմքը։ Հավանաբար քսան տարեկանն անց էր, երբ բաժանվեց, բայց մենք գիտեինք, որ մինչև այդ էլ խնդիրներ կային, որովհետև հաճախ էր մեզ հյուր գալիս և ամուսնու ծաղր ու ծանակի մասին պատմություններով լացացնում էր մայրիկիս։ Վերջիվերջո ամուսիններն այլևս չկարողացան հանդուրժել միմյանց, և Մասուդան տեղափոխվեց մեզ մոտ, մինչև որ կարողանար ամեն բան կարգի բերել։
Հաստատ գիտեի, թե ինչ էր տվել ինձ Մաալիմ Հասանը։ Գաղտնի փոխանցման համար երեխային տրված երկտողը միայն սիրային նամակ կարող էր լինել։ Նույնիսկ բթամիտ երեխան, ինչպիսին ես էի, գիտեր դա։ Երկտողը դրեցի վերնաշապիկիս գրպանը և հեռացա՝ առանց Մաալիմ Հասանին նայելու։ Գնացի տուն՝ գրքերս թողնելու, և ի ուրախություն ինձ՝ Հաջին տանը չէր, այլապես անպայման պատմելու էի երկտողի մասին, իսկ նա վազելու էր մայրիկի մոտ, որպեսզի պատմեր նրան դրա մասին։ Ժամանակ էր պետք՝ մտածելու համար, թե ինչ էի անելու։ Եթե երկտողը տայի Մասուդային, և նա պատասխան գրեր, զզվելի դերում էի լինելու։ Չգիտեմ, թե որտեղից, բայց գիտեի դա, գիտեի՝ եթե բացահայտեին ինձ, հայրս արհամարհանքով նայելու էր ինձ, իսկ մայրս ժամերով կշտամբելու էր։ Բացի դրանից՝ գիտեի, որ վայելուչ չէր, որ Մաալիմը Հասանը գրություն գրեր նրան, իսկ ես փոխանցեի։ Եթե գրությունը մայրիկիս տայի, ինչը սաստիկ ուզում էի անել, կազատվեի ցանկացած պատասխանատվությունից։ Նա կորոշեր տալ այն Մասուդային կամ հորս կամ էլ պատռել։ Երկտողը պահեցի բարձի երեսի մեջ և դուրս եկա՝ տեսնելու արդյոք չէր կատարվում մի բան, որին կարող էի միանալ։
Կարծում էի, թե ամենաապահով քայլը անմեղ ձևանալը և երկտողը հնարավորինս անհոգ կերպով Մասուդային հանձնելը կլիներ, ասես գաղափար անգամ չունեի, թե ինչ-որ արգելված բան կար։ Բայց վերջիվերջո ամեն բան սխալ արեցի։ Ընթրիքից հետո մայրս և Մասուդան նստած զրուցում էին հյուրասենյակում, իսկ հայրս գնացել էր իր ննջասենյակ՝ ռադիո լսելու կամ կարդալու։ Այդ երեկո Մասուդան մի որոշ ժամանակ մենակ էր նստած, և ես որոշեցի, որ դրանից հարմար հնարավորություն չէր կարող լինել։ Գնացի իմ ննջասենյակ, վերցրի երկտողը բարձիս երեսի մեջից և շտապեցի հյուրասենյակ։ Ձեռքս կիսով չափ դեպի Մասուդան էի պարզել, որը անսպասելի զարմանքով էր նայում ինձ, երբ աղմուկ լսեցի հետևումս ու հասկացա, որ մայրս էր վերադարձել։ Հետ քաշեցի ձեռքս և փորձեցի ափով փակել երկտողը։
-Ի՞նչ է դա, – հարցրեց մայրս՝ ձգվելով դեպի դաստակս։
Երկտողը փոխանցեցի Մասուդային, մինչև մայրս հասավ ինձ՝ փոխանցելով այնպես, ինչպես ինձ կարգադրել էին չանել։ Մասուդան խլեց այն ձեռքիցս և դրեց զգեստի գրպանը։ Կարծում եմ՝ նրանք երկուսն էլ գիտեին, որ տղամարդուց սիրային երկտող էի փոխանցել, և համարյա լսում էի, թե ինչպես էին աշխատում նրանց մտքերը և ինչ հետևություններ էին անում։
-Ո՞վ է տվել այն քեզ, – հարցրեց մայրս։
Մի պահ հետո Մասուդան սկսեց ժպտալ։ Նա ձեռքը տարավ զգեստի գրպանն ու բացեց երկտողը։ Կարդալուն զուգընթաց նրա ժպիտը ավելի ու ավելի էր լայնանում, իսկ երբ ավարտեց կարդալ, սկսեց ծիծաղել։ Դա ծաղրական ծիծաղ էր, որին միայն կանայք են ընդունակ։ Չգիտեմ ինչպես նկարագրել, բայց լսել էի, թե ինչպես էին աղջիկներն այդպես անում, երբ փողոցում անցնում էի նրանց մոտով, և դա ինձ ստիպում էր աշխարհի ամենաանմիտ մարդը զգալ ինձ։ Ահա այդ նույն կերպ Մասուդան ծիծաղում էր Մաալիմ Հասանի երկտողի վրա։
Այդ ժամանակ մայրս բռնել էր օձիքիցս, և փախչելն այլևս անհնար էր։
-Ո՞վ է քեզ այն տվել, – հարցրեց նա՝ Մասուդայի ծիծաղից կռահելով դրա բովանդակությունը։
Երբ չպատասխանեցի, մայրս կտրուկ հարված հասցրեց ծոծրակիս, և առանց տատանվելու բերանիցս դուրս թռցրի Մաալիմ Հասանի անունը։
-Ի՞նչ է ուզում, – հարցրեց Մասուդային։
Մասուդան ժպտալով թոթվեց ուսերը․
-Անհեթեթություն է։ Կարո՞ղ եք պատկերացնել։ Ո՞վ կցանկանա որևէ ընդհանուր բան ունենալ այդ թշվառ մարդու հետ։ Ինքը ու իր գրքերը։ Ինչպե՞ս է համարձակվել։ Խելքը թռցրել է։
Հետո պատռեց նամակը, իսկ հետո՝ ևս մեկ անգամ, և պատառիկները թափեց գետնին՝ ոտքերի մոտ։ Դեմքի արհամարհական արտահայտությունը, երբ անում էր դա, ստիպեց սրիկա զգալ ինձ, ասես միտումնավոր էի նման կերպ վարվել Մաալիմ Հասանի հետ։ Մորս՝ օձիքիս բռնելաձևն ուժեղացավ, և ես զգացի նրա լարվածությունը։ Մայրս ամբողջ պատմությունն էր ուզում իմանալ, նա սիրում էր ամեն բան մանրամասն իմանալ։ Ուզում էր իմանալ, արդյոք երբևէ Մաալիմ Հասանը որևէ անպատեհ բան էր ասել ինձ, դիպչել էր ինձ, ինչ էր պատահել այդ օրը, ինչ էր ասել, երբ տվել էր երկտողը։ Հարցերը հերթագայվում էին մորս խրախուսիչ հարվածներով և Մասուդայի ծաղրական դիտողություններով, ով այդ ժամանակ արդեն կողպել էր դուռը, որպեսզի չանհանգստացնեին մեզ։ Երբ մորս պատմեցի քարտեզի և նավի մասին, որը նավարկել էր առավոտկեսյան լուսնի ներքո, և դժբախտության մասին, որ պատահել էր նրանց, նրա բռնելաձևը թուլացավ, ասես վերջապես ինչ-որ բան էի բացատրել։
Ինձ արգելեցին վերադառնալ Մաալիմ Հասանի մոտ։ Երբ տեսնում էի նրան փողոցում, նույն հանդիսավորությամբ էր պատասխանում ողջույնիս, ինչ միշտ, բայց չէր հարցնում, թե ինչու այլևս չէի հաճախում նրա դասերին։ Երկտողը ստանալուց մի քանի օր անց Մասուդան լքեց մեզ և մեկնեց իր մայրիկի մոտ՝ Տանգա։ Մեկնելու օրը աջ ձեռքով բռնեց կզակս և ասաց․
-Գիտե՞ս, թե ինչ կար այն երկտողում։ Անմտություն էր, ինչ-որ զզվելի երգ կամ դյութանք, որ իր գրքերից էր դուրս գրել։ Հավաքի՛ր քեզ։ Ուշադի՛ր եղիր, թե ինչ ես վերցնում մարդկանցից։
Անցավ մի քանի ամիս, և մայրս պատմեց այն, ինչ գիտեին մնացած բոլորը։ Շատ տարիներ առաջ Մաալիմ Հասանի ամբողջ ընտանիքը խորտակվել էր Մոմբասայից Նդազիջա նավարկության ժամանակ։ Նրա հայրը միակ փրկվածն էր, որին թողել էին տենդից ապաքինվող հարևանի հետ։ Ավելի ուշ շատ երիտասարդ տարիքում մահացել էր, իսկ նրա կինը նորից էր ամուսնացել և տեղափոխվել կզղու հարավ։ Պատանի տարիքից Մաալիմ Հասանը մենակ էր ապրել, և դա չէր կարող ոչ մի լավ բանի հանգեցնել։ Մորս խոսքերով՝ բարեկամների կորուստը խեղաթյուրել էր կյանքի ամբողջ թեթևությունը։
-Նա իր գրքերն ունի, – ասացի ես։
-Ի՞նչ լավ բան կա գրքերի մեջ, – ասաց մայրս։ – Միայնությունը նրան հիվանդ է դարձրել։
Մասուդայի հեռանալուց շատ չանցած Մաալիմ հասանը տեղափոխվեց վարձակալված սենյակներից։ Չգիտեմ, թե արդյոք որևէ բան ասել էր մայրս Բի Ֆատմային, բայց չէի զարմանա, եթե իմանայի, որ ասել էր։ Կարծում եմ՝ անհանգստացած էր նրանով, որ իր երեխաներին վստահել էր մի տղամարդու, որը պատկառելի կնոջը կարող էր երկտող գրել։ Մեկ ամիս անց հանձնեցի միջնակարգ դպրոց ընդունելության քննություններս և բոլորին զարմացրի իմ արդյունքներով։ Հայրս ասաց, որ պետք է պարզեի, թե ուր էր տեղափոխվել Մաալիմ Հասանը, և շնորհակալություն հայտնեի նրան, դրա համար ենթադրեցի, որ հայրս տեղեկացված չէր կես ճամփին բռնված երկտողի միջադեպի մասին։
Թարգմանությունը անգլերենից` Էլիզա Ստեփանյանի