Առավոտը հաց է բուրում
Մռայլ ծերունին առավոտյան թարմ հացի բանբերն է: Հացը նրա մազոտ ու անկենդան ձեռքերին, անկյանք աչքերում ու ցելոֆանի մեջ այլ բուրմունք ունի: Առանց նախկին ուրախության, ծերունական դանդաղկոտ հիշողությունների, անհաղորդ աշխարհին:
Հացը՝ շաքարաքլորի հետ միասին՝ ծերունական դողդոջ ձեռքերում․․․քայլերը՝ մանրիկ․․․Կանգառ, բենզալցակայան, դպրոց, երեխաների գոռգոռոցներ, թարմ հաց․․․ Տխուր, մտամոլոր, հացը սեղմեց կրծքին մռայլ ծերունին, առավոտյան հացի բանբերը:
Երազանքի մեքենան
Մանկական այգում ինչքան ուժ ունեիր վազեցիր, նստեցիր քո երազանքի մեքենան: Հաջորդ պահին քեզ արագ դուրս հանեցին ու մի կողմ հրելով՝ լացդ կորզեցին. այնքա՜ն չէիր ուզում լաց լինել․․․ դիմադրում էիր քո մանկական ուժերի ողջ անզորությամբ։ Հրեցին մի քանի անգամ մեքենայից դուրս, մի քանի քայլ հեռու, երբ դիմադրում էիր ու ճանկռտում ճակատագրին: Կորացար ու ուժգին բղավեցիր մանկական թուլությունից:
Քո երազանքի մեքենան մնաց հեռվում, երբ սկսեցիր ծիծաղել հիստերիկ ծիծաղով: Ծիծաղով դու ծաղրեցիր բոլորիս: Քո լացն ու ծիծաղը 500 դրամ էր՝ 10 րոպեի համար: Իսկ քո՝ սիրո ծարավ մայրն անհեթեթ ուրախ մրթմրթալով քարշ էր տալիս քեզ իր հետևից, ավելի ու ավելի հեռու երազանքի մեքենայից:
Ես օդը նետեցի 500 դրամանոցը և չնայեցի էլ՝ գիր, թե ղուշ, ուր ընկավ-կորավ:
Գիր թե ղուշ՝ փոքրիկս, ահավոր ցավոտ քո երազանքներով…
Արևային պատկերներ
Արևը բոցկլտաց միամիտ շողերով, թաքնվեց մարդկանց թիկունքներին: Սիրո լեզվով խլրտաց սրտերի մեջ:
Ծերունիները խորամանկ հայացքով երկար նայեցին անցնող-հեռացող, տաք կանանց, հետևից: Նայեցին հաճույքով, տնքալով, սիրո լեզվով վարգող, կեղեքող կանանց։
Մի մայր երկար ուղղեց օրորոցը: Անհույս բեղմնավորումից ուրախ, մտքերը՝ երջանիկ, հոգուց բխող առաջին պահերով:
Ամուսիններ՝ լռակյաց՝ իրենց գլխավերևում ամպհովանի կազմած նորաբողբոջ ծառերի կատարների նման:
Լռության գաղտնիքների խորհուրդների մեջ, ջարդված, կեղտոտված, անթիկնակ նստարանի մի անկյունում իրար սեղմված սիրահարներ, ծվարած սիրո ճիրաններում, մեղկ սիրո վերջին փորձերում, արևային տարիների բեռը հոգում:
Վարորդի տարեց, հուսահատ, մազոտ օգնականը. շրջած արկղի վրա դրված սուրճի գավաթը՝ «վերջին ռեյսն է» – ասաց ուրախ – ամպերի անհունի մեջ սլացող, սուրճի գոլորշիներով․․․լուցկու հատիկով քչփորեց, նկարեց ապագան սուրճի մրուրի մեջ՝ զվարճության համար:
Թիկնեղ հացթուխներ. գաղտնի հաճույքով գարեջրի վայելքում, հաց-բուլկեղենի հեղեղներից հետո: Կարկանդակի ժիր մասնագետին հայացքով ամուր գրկող, սիրատարփ, անպատկառ ժպիտ՝ հալվող արևի ներքո:
Ակնթարթը՝ կյանքի մեկ օրվա, մայրամուտի ստեղծագործ տրոփող, արևային պատկերների մեջ:
Ինձ չժպտացող աղջիկը
Ժպտում եմ համառորեն ինձ չժպտացող աղջկան:
Չի ժպտում: Երբեք: Նյարդայնանում եմ անօգուտ ներկայությունից: Նայում է վերից, մեղմ ու լուծված ժպիտով: Չի թաքցնում, չի փախցնում հայացքը. զրուցում է աներես համարձակությամբ: Ցուցադրում է պիրկ բարեմասնությունները՝ ինձ: Կանացի խորհուրդի իր ներկայությամբ՝ միայնության ու անպաշտպանության շշնջոցներով, անիմաստ քմայքներով, նեոնային լույսերի պայծառության խորհուրդով: Գիշերային լույսերի պայթյուններով, որ ամփոփում են կանացի գեղեցկության սլացքները: Գիշերային լույսերը դարձան գովազդի աղջկա սիրո լուսարձակները:
Նեոնային լուսե ժպիտներ՝ ինձ չժխտող ու երբեք չժպտացող աղջկա..
Խանութում
Շատ, շատ էր կորացել ծեր կինը՝ մինչև գետին խոնարհվել: Երկար հաշվեց մանրադրամները ափի մեջ: Երկյուղած, խորհրդավոր, ձեռքի մեջ այս ու այն կողմ տանելով, կարծես էլ երբեք փող չէր տեսել: Կոնֆետ էր գնել մի քանի հատ: Հազիվհազ հերիքեցին դրամները: Թեթևացած շունչ քաշեց, մեկնեց գանձապահին: Կերջանկացնի երեկոյան թեյը, թոռների կյանքի մեկ այլ վայրկյանը, որ իր վերջին հանգրվանն է:
Խանութում երկար, տանջալից լռություն զնգաց:
Կասկադի ձայները
Արևահմա հորդում են հարազատ Կասկադի բյուրավոր ձայները:
Վարգում են տուրիստն ու տեղացին, պորտը բաց կինը: Ցայտող շատրվանի բոցկլտուն, այրող զովությունն են զգում պապակ շուրթերին: Աղավնիների միալար ղունղունոցը կասկադում: Սիրո շուրջպարն ավարտվում է անշարժ, մեռյալ երկաթյա մահարձանի նենգ բարեմասնությունների, զսպված քրքիջի ու զայրույթի, ամոթխած կիրթ հուզմունքի շշունջների մեջ:
Հոգնած տղերքը քարշ են տալիս հովեկի ուսապարկն ու ամուր, էժանագին սանդալները, թավ բրդոտ մորուքներով, հեղափոխական մտահայեցությամբ: Նստարաններին անմահացած մեղկ ծերունիները ծամում են ժամանակի սամումն ու մեղմում ժամանակի պատերազմը:
Կասկադում օդապարիկներ են ու բամբակե քաղցր պաղպաղակներ: ժամանակը՝ երեխաների ձեռքերում է:
Ժամանակը ներդաշնակ ու արդարամիտ պատմություն է Կասկադի սրտում:
Կյանքի ճոճանակը
Առաջ ու հետ: Առաջ ու հետ: Հրի՛ր կյանքի ճոճանակը: Որ ժպտա թոռդ օրերի հաշվարկի չափով: Քո թափառող-մոլոր հայացքի ուժգնությամբ հրի՛ր կյանքի ճոճանակը: Սիրովդ կտրի՛ր անմիտ օրերի ամուր շղթան: Լցրո՛ւ շրջապատը մանկան խինդով ու թոռանդ ջերմությամբ: Որ թափահարի ոտքերը տարածության լռակյաց հողմերում: Ցնցի մանրամաղ, փափուկ վարսերը մանկան, մայրամուտի մեջ պեծպեծին տվող աչուկների վայելքով:
Վայելի՛ր վերջին հողմերը հոգուդ՝ անմաքուր ասֆալտին, բանջարեղենի փոքրիկ կրպակի մոտ, փոքրիկ այգում: Ցայտաղբյուրի անմահական հեքիաթի կողքին: Հրի՛ր կյանքի ճոճանակը քո անցնող օրերի վերջին սիրով: Վայելի՛ր հմայքը կյանքի ճոճանակի: Թոռանդ հետ միասին քո կյանքի վերջին օրերում:
Առաջ ու հետ: Առաջ ու հետ:
Նրա ներկայությունը
Սուրճ, և ամեն ինչ: Ամենուր:
Տանը, փողոցում, երազներում, արթմնի, հեղված՝ աշխատավայրում: Ամենուր մեղմիկ ֆռթոց, երաժշտություն՝ անուժ բանվորի, մեղկ տնտեսուհու, քայլող կոկետուհու, մտքի ինժեների, գլխարկը գլխին քաշած դպրոցականի, ճենապակե բաժակով խաբեբայի, նենգ ժպիտով պչրուհու, դանդաղ շարժումներով թոշակառուի, վերջին շնչում մահացողի: Խորհրդավոր երազի հմայքը՝ երազողի գավաթի տակունչքներում, բախտագլորի անուրջներում, երջանիկի՝ բազում գավաթներում, մտածողի գլխացավերում, հոգնատանջի ցնորքներում, մանուկի՝ մայրական կաթում անարատ:
Սուրճ, և ամեն ինչ: Ամենուր․․․