ԱՐԵԳ ԱԶԱՏՅԱՆ | Թռչող աֆրիկացին

Areg-Azatyan

Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի

ՕՐ 8. ՍԵՆԵԳԱԼ
«ԴԱԿԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ»

Լսվեց ավազահատիկների աստիճանաբար սաստկացող ձայնը, ասես` մետաղ տաշեին, եւ նավակը տեղ հասավ: Կաբո Վերդեից Սենեգալ եկա: Միանգամից աչքս գրավեց Թուբայի մզկիթը, որը հեռվից գոթական աշտարակ էր հիշեցնում, եւ ափին կանգնած ձկնորսները: Դա կյանքումս տեսած ամենասարսափելի ձկնորսությունն էր: Այդպիսի տեսարան երբեք չէի տեսել. մոտ հազար ձկնորս` միմյանցից 20 սմ հեռավորությամբ, մի քանի շարքով կանգնած էին, իսկ նրանց առջեւում արդեն որսված ձկներն էին թփրտում: Ձկները դուրս էին սողոսկում զամբյուղների միջից եւ ջուրը չհասած` գլուխներին հարված էին ստանում ու տեղնուտեղն աչքերը դուրս էին թռչում: Այս ամենն էլ ավելի սարսափելի էր դարձնում աղմուկը եւ ձկների հոտը: Կարծես շուկա լիներ, ուր միայն վաճառողներն էին:
Անցա նրանց միջով, մի քանի րոպեների ընթացքում զզվեցի ձկներից եւ ձկնորսներից: Ծովափում ձուկն այնքան շատ էր, որ նավակներով էին տեղափոխում:
Սուրբ Լուիում էի: Գեղեցիկ քաղաք էր, բայց երկար չզբոսնեցի, քանի որ որոշել էի գնալ Դակար: Դակարի ճանապարհին անցա նաեւ Թիես քաղաքը, ավելի ճիշտ, շրջանցեցի այն: Արդեն ինձ վստահ էի զգում. որքան ավելանում էր այցելածս երկրների թիվը, այնքան վստահությունս մեծանում էր, այնքան ցանկություն էր առաջանում շփվել բոլորի հետ, տեսնել յուրահատուկ եւ տարօրինակ բաներ եւ, վերջապես, արկածախնդիր էի դարձել: Ինձ այլեւս ոչինչ չէր վախեցնում, նույնիսկ ինքս էի փորձում փնտրել միստիկ եւ առանձնահատուկ պատմություններ, վայրեր, մարդկանց:
Հանկարծ զգացի, որ Աֆրիկան հարազատ է դարձել, կարեւոր չէր, թե որ երկրում ինչ կտեսնեմ, կարեւորը միայն տեսածիս մասին նշումներ անելն էր, ես բավարարվում էի նույնիսկ մեկ քաղաքով, մեկ վայրով, երբեմն` մեկ անձով:
Սենեգալում անգլերեն չեն խոսում, սակայն այդ հարցը նույնպես ինձ չէր մտահոգում, գիտեի, որ որոշ երկրներում անպայման թարգմանչի կարիք եմ ունենալու, բայց կարծում էի, որ Սենեգալն այդ երկրների մեջ չէր մտնում, բացի դրանից, նախօրոք էր պետք մտածել այդ մասին:
Սենեգալն առաջին երկիրն էր, ուր հանդիպեցի իմ պատկերացրած մարդկանց. նրանք Բասարի երկրից*1 էին, նրանց ապրելակերպն էկզոտիկ էր, ինքնաշեն տնակներն ու գոմերը` ապշեցուցիչ: Բասարիների ոտքերը շատ երկար էին, հիմնականում` թաթի մասը, կարծես բադի ձգված թաթեր լինեին: Ոտքով գնում էի Դակար, եթե այս միտքը տեղացիներից մեկն իմանար, պարզապես կծիծաղեր եւ կասեր` գնա: Հետս երկու շիշ 1,5լ ջուր էի վերցրել, որը գնել էի Սուրբ Լուիսի «Օազիս» հյուրանոցից:
Դանդաղ էի քայլում, որպեսզի ավելորդ անգամ ջուր չխմեի: Իհարկե, կարող էի եւ այդ ճանապարհը շրջանցել կամ անցնել մեքենայով, բայց ոտքով շատ ավելի հետաքրքիր էր թվում:
Առաջին շիշը վերջացավ, այդ պահին ավազին ձիու սմբակների հետքեր նկատեցի, ինչպես նաեւ ուղիղ գիծ, որն անիվի հետք էր հիշեցնում: Հասկանալի էր, որ ինձանից բացի, մոտակայքում ուրիշ մարդիկ էլ կային եւ ելնելով հետքի խորությունից (հետքը թարմ էր, քամիները չէին ծածկել)` կարելի էր ենթադրել, որ ընդամենը մեկ-երկու կիլոմետր են հեռու: Միայն այդ մասին մտածելու ընթացքում խմեցի մնացած ջուրը եւ արագ վազեցի սմբակների ուղղությամբ:
Ճիշտ էի ենթադրել. մոտ 1-2 կմ անց հասա նրանց: Չորսն էին, բոլորը նստել էին մի փոքրիկ սայլի վրա, որի մի անիվը մյուսից փոքր էր: Նրանցից մեկն ամբողջությամբ ծածկված էր կարմիր հագուստով, իսկ մնացածը` սպիտակ: Առջեւում ձին էր, որը նման էր կենգուրուի (ծնոտի մասը), ձին գործազուրկի հայացք ուներ: Կարծես մի քանի անգամ ինքնասպանության փորձ էր կատարել: Տնքացող նորածնի պես դանդաղ առաջ էր գնում` իր ետեւից մի կերպ քարշ տալով ծռված սայլը, որի ետեւի մասում պարկեր էին շարված:
Նրանք նկատեցին ինձ, կանգնեցրին սայլը: Նրանցից մեկն ասաց.
– Էյ, է, է:
Այս ձայնը տարօրինակ արձագանք հիշեցրեց, անապատում արձագանք չէր կարող լինել:
– Մանգի ֆի,- շարունակեց:
– Ի՞նչ, անգլերեն գիտե՞ք,- հերթական անգամ, հիմար ժպիտով ստիպված էի նույն հարցը տալ:
– Մանգի ֆի, Սալամ Ալեիկում,- ասաց:
– Ալեիկում Սալամ,- այդ մեկը գիտեի:
– Նանգա դեֆ:
– Չեմ հասկանում,- ձեռքով-ոտքով խոսում էի հետը:
– Նանգա դեֆ, նակա լիգեյե բի:
Այդ պահին երկու բան էի ուզում` կամ երկնքից մի թարգմանիչ իջներ կամ` հեռանալ նրանցից, թեեւ շատ հետաքրքիր կերպարներ էին:
Որքան էլ որ տարօրինակ կթվա, կրկին ամեն ինչ իմ ուզածով եղավ. չգիտեմ որտեղից հայտնվեց մեկը եւ ասաց, որ կարող է թարգմանել: Այդ մարդը մոտոցիկլետով էր եւ մետաղե գլխարկով, որի դիմացի ապակին ամբողջությամբ փակել էր երեսը եւ ոչինչ չէր երեւում: Նա սպորտային համազգեստով էր: Ինձ խնդրեց, որ ավելորդ հարցեր չտամ:
– Ինչո՞վ օգնեմ քեզ, չե՞ս հասկանում վոլոֆների լեզուն:
– Վոլո՞ֆ:
– Այո,- ասաց մոտոցիկլիստը:
– Ծանոթ եմ, եթե չեմ սխալվում, Զազին վոլոֆ էր,- քթի տակ ասացի:
– Ի՞նչ:
– Հեչ, ուղղակի Մավրիտանիան հիշեցի: Ասում ես վոլոֆերե՞ն են խոսում:
– Այո՛:
Այս ընթացքում վոլոֆները, սայլի մեջ նստած, ուշադիր մեր զրույցին էին հետեւում, նրանք էլ իրենց հերթին փորձում էին մեզ հասկանալ:
– Անունդ ի՞նչ է,- հարցրի:
– Թիերի Սաբին*2:
– Ֆրանսիացի՞ ես:
– Այո՛:
– Իսկ ի՞նչ ես անում այստեղ:
– Խնդրեցի` հարցեր չտաս, չէ՞, ես էլ չգիտեմ, թե ինչ եմ անում, միայն գիտեմ, որ մոլորվել եմ:
– Վոլոֆները չե՞ն կարող օգնել քեզ:
– Չգիտեմ, հետո այդ հարցը կկարգավորեմ,- խոսքն ուղղեց վոլոֆներին,- Սալամ Ալեյկում:
– Ալեյկում Սալամ,- ասաց կարմիր հագուստովը:
– Նրանք արաբ ե՞ն,- հարցրի:
– Ոչ,- ասաց Թիերին, որն այդ լեզվով այնքան էլ լավ չէր խոսում,- ասացի` վոլոֆ են:
– Այդ դեպքում ինչո՞ւ են ասում Սալամ Ալեյկում:
– Դա ի՞նչ կապ ունի, նրանք մուսուլման են:
– Հա,- բազմանշանակալից ասացի, ասես այդ մասին ամեն ինչ գիտեի:
– Անա վաա կեր գա,- շարունակեց Թիերին:
– Ջերե ջեֆ, ջերե ջեֆ,- պատասխանեց կարմիր հագուստովը:
– Ի՞նչ ասացիր:
– Հարցնում էի` ընտանիքն ինչպե՞ս է:
– Իսկ ինձ ի՞նչ էին ասում:
– Ոչ մի լուրջ բան, ողջունում էին, հարցնում էին, ինչպե՞ս ես, գործերդ ինչպե՞ս են:
– Բայց մենք ծանոթ չենք: Դու ծանոթ ե՞ս:
– Անապատում բոլորը միմյանց ծանոթ են,- ասաց Թիերին,- ես պետք է գնամ: Գալիս ե՞ս:
– Ոչ, ես հատուկ եմ ոտքով այստեղ եկել, ուզում եմ զրուցել նրանց հետ: Եթե գնաս, ինչպե՞ս եմ զրուցելու:
– Ես նրանց կասեմ, որ չես հասկանում վոլոֆերեն: Նրանք ֆրանսերեն լավ են խոսում, կխնդրեմ, որ փորձեն անգլերեն խոսել, ինչպես էլ չլինի, առեւտրական են, օտարերկրացիների հետ հաճախ են շփվում, մի քիչ անգլերեն կիմանան:
– Ես նրանց հարցրել եմ, ոչինչ չգիտեն:
– Լավ չես հարցրել,- Թիերին մոտեցավ նրանց, շշուկով ինչ-որ բան ասաց, վերադարձավ,- գիտեն, կփորձեն խոսել, ճիշտ է, վատ են խոսում, բայց ինչ-որ բան կհասկանաս,- բե բենեն յուն,- մոտոցիկլետի շարժիչը միացրեց, ավազահատիկներն աջ ու ձախ թռան, մի քանիսը դաղեցին դեմքս:
– Սպասի՛ր, ի՞նչ ասացիր նրանց:
– Ասացի` մինչ նոր հանդիպում:
Թիերին վայրկենապես անհետացավ: Նա շատ կասկածելի թվաց: Ոչինչ չհարցրեց: Նորմալ մարդը, տեսնելով ինձ անապատում, կզարմանար, բայց նա նույնիսկ այդ մասին չակնարկեց: Տարօրինակ էր նաեւ այն, որ ինձ խնդրեց հարցեր չտալ: Միեւնույն ժամանակ հայտնվեց այնպես անսպասելի, որ ցանկացած մարդ կուզենար հարցեր տալ:
Մոտեցա վոլոֆներին` հույսով, որ մեր միջեւ երկխոսություն տեղի կունենա:
– Ասում եք` անգլերեն գիտե՞ք:
Նրանք խառնվեցին իրար: Սկսեցին ֆրանսերեն ինչ-որ բաներ ասել: Հետո` վոլոֆերեն, վերջապես երկար սպասելուց հետո, ինչ-որ անգլերեն բառեր արտաբերեցին:
– Կարո՞ղ եմ ձեզ միանալ,- հարցրի` մի քանի քայլ մոտենալով սայլին:
– Ո՛չ, ո՛չ, ո՛չ,- միաձայն բղավեցին,- անհնար է, չենք կարող:
– Ես գրող եմ, հասկանում ե՞ք, գրող:
– Չէ, չէ, աջ կողմը նույնպես զբաղված է, ոչ:
– Ասում եմ գրող եմ, գրող:
Նրանք գրող բառի փոխարեն աջ էին հասկացել, անգլերենում այդ երկու բառերը միմյանց շատ նման են արտասանվում: Հանեցի ծոցագրպանիցս տետրակս եւ ձեռքով բացատրեցի:
– Հասկացանք, բայց դու չես կարող գալ:
– Ինչո՞ւ:
– Դու մեր խմբից չես:
– Ի՞նչ խումբ:
– Անձնակազմից,- վրա բերեց «կարմիր» վոլոֆը,- երբեւէ լսե՞լ ես «Փարիզ-Դակար» ավտոմրցաշարի մասին:
– Այո՛, այժմ Լիսաբոնից են մեկնարկում: Այդ մրցաշարը, հավանաբար, Սենեգալի հետ կապված ամենահայտնի բանն է: Բայց դուք ի՞նչ կապ ունեք դրա հետ,- ասացի:
– Մենք գնում ենք Դակար: Մենք էլ ենք այդ մրցույթին մասնակցում: Այժմ Դակարի ճանապարհին ենք:
Դա ամենաանսպասելի բանն էր, որ լսեցի, եթե ասեին, որ հոգիներ են, կամ նրանց քամին է փչել բերել` միգուցե հավատայի, բայց այդ սայլով ու ձիով ո՞վ է «Փարիզ-Դակար» ավտոարշավին մասնակցում, նրանք երեւի այլ բան նկատի ունեին:
– Այժմ 2006 թիվն է, չէ՞,- հարցրի` ճշտելու համար, որ իրականությունից շեղվել եմ, թե ոչ:
– Այո՛, այո՛,- միաբերան ասացին:
– Դուք հոգիներ ե՞ք:
– Ոչ:
– Մեռած ե՞ք:
– Ոչ, ինչո՞ւ:
– Բայց, այդ մրցաշարն այս ամսին չի լինում: Այժմ սեպտեմբեր ամիսն է, իսկ մրցաշարը դեկտեմբերի 31-ից հունվարի 10-ն է, եթե չեմ սխալվում:
– Այո՛, ճիշտ է:
– Այդ դեպքում ի՞նչ մրցաշարի եք մասնակցում: Եվ հետո, ո՞վ է սայլով ավտոմրցաշարի մասնակցում:
Նրանք լուռ էին: Հեռվում քամին թափահարում էր ավազը, եւ փոշին, գոլորշի հիշեցնելով, մոտենում էր:
Վոլոֆները, քորելով գլուխները` գլխաշորերն էին ուղղում, իսկ տնքացող ձին անիմաստ որոճում էր` շարժելով դատարկ բերանը:
– Քամի է մոտենում,- ասացին,- արի՛ մեզ հետ:
– Ոչ, քիչ առաջ ասացիք, որ դուք անձնակազմ եք, հիմա էլ ուզում եք ինձ ձեզ հետ վերցնել:
Նրանք խնդրեցին, որ արագացնեմ: Ես առարկեցի:
– Ի՞նչ պարկեր են,- հարցրի
– Աղ է:
– Այդքան շա՞տ:
– Այո՛:
– Իսկ ո՞ւր եք տանում դրանք:
– Դինդիֆելո ջրվեժ` Բասարի երկիր, Սիդիի*3 սիրած վայրը:
– Սիդին ո՞վ է:
– Մի աղջիկ: Գնում ենք նրա գերեզմանաքարի մոտ:
– Մահացե՞լ է:
– Այո՛: Տասը տարեկան էր:
– Ձեր աղջի՞կն էր:
– Այո՛,- երեքով ասացին:
– Ցավակցում եմ:
– Կարիք չկա: Դեպքից 18 տարի է անցել: 1988թ-ին Սիդին ավտովթարի ենթարկվեց: Այդ ժամանակ դեռ Սենեգամբիան*4 չէր փլուզվել:
Հանկարծ նկատեցի, որ վոլոֆները սկսեցին անգլերեն լավ խոսել:
– Բայց ասում էիք` Դակա՞ր եք գնում:
– Այո՛, սկզբից անցնենք մրցուղին, հաղթենք, հետո կգնանք Դինդիֆելո:
– Իսկ ինչպե՞ս է մահացել Սիդին:
– Մի ֆրանսիացի մոտոցիկլիստ վրաերթ է արել նրան:
– Մոտոցիկլիստն ի՞նչ գործ ուներ այստեղ:
– «Փարիզ-Դակարին» էր մասնակցում: Սիդին գնացել էր` ջրհորից ջուր բերելու, այդ ժամանակ տեսել էր հեռվում գեղեցիկ մայրամուտը, դույլը դրել էր ավազին եւ հենվել ջրհորին: Այդ պահին մոտոցիկլիստը հայտնվել էր եւ վրաերթի ենթարկել:
Շատ դաժան բան պատմեցին: Թեեւ ամենաքիչը երեք հարց ունեի, բայց ինձ զսպեցի:
– Գալի՞ս ես, թե՞ ոչ,- ասացին:
– Ոչ, դուք գնացեք, հաղթե՛ք ձեր մրցությունը:
– Զգու՛յշ եղիր:
Ամեն ինչ պարզ էր: Ինչ վերաբերում էր նրանց մրցաշարին, ապա, հավանաբար, կամ հայրը ցնորվել էր կամ էլ ազգային ավանդույթ էր: Ուրիշ բացատրություն չէի տեսնում: Միանգամից հիշեցի այն մոտոցիկլիստին, որը եկավ, թարգմանեց ու անհետացավ:
Քամին սաստկանում էր: Անապատն ուղտերի սապատներ էր հիշեցնում, որոնք, մերթընդմերթ սահելով, մոտենում էին: Ես նստեցի ավազին` գլուխս խոնարհելով եւ ձեռքերով փակեցի աչքերս: 17 անգամ մտքումս նույն երգի հատվածները երգեցի, մինչեւ մրրիկն ավարտվեց: Երբ աչքերս բացեցի, վոլոֆների սայլի եւ ձիու սմբակների հետքերն անհետացել էին, կարծես քամին քշած լիներ: Իսկ հեռվից մի մոտոցիկլիստ էր մոտենում: Երբ ավելի մոտեցավ, համազգեստից ենթադրեցի, որ Թիերին է:
– Վոլոֆները գնացին,- ասաց:
– Իսկ դու ո՞վ ես: Նրանք ինձ մի շատ տարօրինակ պատմություն պատմեցին մոտոցիկլիստի մասին:
– Գիտեմ, գիտեմ, մտածում ես, ե՞ս եմ վրաերթի ենթարկել աղջկան: Գիտեմ այդ պատմությունը: Դու նրանց մի՛ հավատա:
Թիերին գլխարկը հանեց: Նա շեկ, գանգուր մազեր ուներ, աչքերը մուգ կապույտ էին, դեմքին` դեղին մորուք: Նա ազնիվ հայացք ուներ:
Թիերին նայեց մայրամուտին, հետո նայեց ինձ, կրկին նայեց մայրամուտին, հետո ասաց.
– Ես մոլորվել եմ, ես այդ դեպքի հետ կապ չունեմ,- նա անջատեց մոտոցիկլետի շարժիչն ու շարունակեց,- 1988թ. ձմռանը Բայե Սիդին գնացել էր ջրհոր` ջուր բերելու, նա տեսել էր գեղեցիկ մայրամուտը, ինչպես այժմ, եւ ձեռքի դույլերը դրել էր ավազին ու հենվել ջրհորին: Քիչ անց մի մոտոցիկլիստ, որը մասնակցում էր «Փարիզ-Դակար» ավտոմրցույթին, մեծ արագությամբ մոտեցել էր նրան, այդ պահին Սիդին շրջվել էր ու տեսել մոտոցիկլիստին, բայց չէր հասցրել փախչել: Սիդին ընկել էր գետնին, բայց ընկնելուց առաջ նրան թվացել էր, թե դա մի ձի էր` սայլով, ուր նստած էին չորս վոլոֆներ, մեկը կարմիր համազգեստով, մնացածը` սպիտակ, խեղճ աղջիկը երբեք մոտոցիկլետ չէր տեսել…

Ծանոթագրություն
1* Ցեղատեսակ է, որն ապրում է Սենեգալում, ինչպես նաեւ սահմանակից երկրներում:
2* Թիերի Սաբինը եղել է «Փարիզ-Դակար» մրցաշարի հիմնադիրը: 1976թ. մոլորվելով Լիբիական անապատում (այդ ժամանակ մասնակցել է Աբիջան-Նիցցա մրցաշարին), վերադառնալով հայրենիք` որոշել է նոր մրցաշար կազմակերպել: Թիերի Սաբինը մահացել է 1986թ.` ուղղաթիռի վթարից:
3* Իրական անունը ոչ թե Սիդի է, այլ Սիբի Բայե, 1988թ. 10 տարեկան հասակում աղջիկը վրաերթի է ենթարկվել «Փարիզ-Դակար» մրցաշարի ժամանակ: Սիբի Բայեն ազգությամբ Մալիից էր:
4* 1982-1989թթ. Սենեգալը եւ Գամբիան միասնական պետություն էին, որը կոչվում էր Սենեգամբիա:

Նվիրում եմ Սիբի Բայեի եւ Թիերի Սաբինի հիշատակին:

———–

ՕՐ 23. ԿԱՄԵՐՈՒՆ
«ԼԵՍ ՏԵՏԵՍ ԲՐՈՒԼԵՍ»

Նախապես պլանավորել էի ճամփորդությունս շարունակել դեպի Սուդան, բայց անհնար էր (Չադի եւ Սուդանի բոլոր սահմանները փակ են), ուստի ուղեւորվեցի դեպի Կամերուն` հարավ-արեւմուտք: Սկզբից` Յաունդե, հետո` Դուալա:
Դուալան բավական գեղեցիկ քաղաք է եւ նման չէ շատ այլ աֆրիկյան քաղաքների, Կամերունի մայրաքաղաքը չէ, բայց վստահ եմ, որ իր տեսքով ոչնչով չի զիջում: Դուալան իր անունը ստացել է տեղաբնակներից (բնակիչների մեծ մասը դուալաներ են):
Ես չէի պլանավորել գիշերել այստեղ, մութն ընկնելուն պես լքելու էի քաղաքը, այդ իսկ պատճառով, արագ քայլելով Դուալայի փողոցներով, փորձում էի հնարավորինս շատ բան տեսնել, բայց ոչինչ չտպավորվեց։ Դուալացիները տարօրինակ ժպիտով էին նայում վրաս, նրանք զարմացած ու տարակուսած էին, ինձ թվում էր, թե մեկը կմոտենա ու կասի` ի՞նչ ես անում, այստեղ ի՞նչ ես կորցրել: Իհարկե, դա ինձ ճնշում էր:
Ինչպես նշեցի, Դուալան մեծ քաղաք էր` ամենամեծը Կամերունում, այն նաեւ նավահանգիստ էր եւ հեռվում` մոտ մեկ-երկու կմ-ի վրա երեւում էր ծովը: Դուալայի կենտրոնում էի, դիմացս 3-4 հարկանի վառ դեղին մի շենք էր կանգնած, հեռվից այն արեւի պես շողում էր: Շենքի պատուհանները կապույտ էին, դժվարանում եմ ասել` բնակելի էր, թե ոչ, բայց բավական կոկիկ էր: Կանգնել էի խաչմերուկի վրա գտնվող այդ գեղեցիկ շինության դիմացի մայթին գտնվող խանութի մոտ եւ հետեւում էի արեւի լույսին, որն աստիճանաբար փախչում էր շենքի վրայից: Մոտակա տասը րոպեների ընթացքում արեւը մայր մտավ, եւ քաղաքը լուսավորեց դեղին շենքը:
Կիսախավար քաղաքն անմիջապես լռեց: Մայթերը դատարկվեցին, փակվեցին խանութներից շատերը, մեքենաները պակասեցին: Հետեւում էի կամաց-կամաց քուն մտնող քաղաքին, կարծես Դուալան հորանջեր: Կատարյալ լռության մեջ լսելի դարձավ մի երգ, որը հարեւան փողոցից էր գալիս: Բառերն անգլերեն էին, երեւի ինչ-որ փողոցային է, որը հարբել է ու գլուխը կորցրած երգում է` մտածում էի, սակայն մեղեդին բավական հաճելի էր: Վազեցի դեպի «երգող փողոցը»: Փողոցի անկյունում` մի մոխրագույն շենքի տակ, մի մարդ էր կուչ եկել: Նա երկար մազեր ուներ, երբ ինձ տեսավ, ձայնն ավելի բարձրացրեց.
– Մարդիկ որքան ագահ են, նրանք մեռնելուց հետո էլ հանգիստ չեն մնում, անընդհատ ուզում են, ուզում: Դուրս են գալիս հողի տակից ու կրկին իրար սպանում, մինչեւ սրտերը հանգստանում են ու նորից մտնում են հողի տակ: Հե՛յ, մեռած մարդի՛կ դուք շատ ագահ եք…
Երբ մոտեցա նրան, լռեց, մի քանի կում խմեց ձեռքի շշից, որը հավանաբար գարեջուր էր ու նայեց վրաս: Հետո հազաց, մոտեցավ ու շիշը մեկնեց:
– Այդ ի՞նչ է,- հարցրի:
– «Մութզիգ»: Լավ գարեջուր է,- անգլերենով ասաց,- գվինեական է, ավելի ճիշտ գերմանական է, բայց Գվինեայում են պատրաստում: Վերցրո՛ւ, խմի՛ր
– Չէ, շնորհակալ եմ, ես նկատի ունեի երգը: Ի՞նչ երգ էիք երգում:
– Սա սովորական երգ է, բայց շատ լավն է: «Լես Տետես Բրուլես»:
– Դա ի՞նչ է:
– Չես լսե՞լ:
– Ոչ:
– Զարմանալի է, երբեք չե՞ս լսել:
– Ոչ, ասում եմ:
– Շատ զարմանալի է:
Նա շրջվեց, իր «Մութզիգը» քաշեց գլուխը, հետո հազալով մոտեցավ.
– Ծխախոտ ունե՞ս:
– Չէ, չեմ ծխում, ծխելը լավ բան չէ:
– Ինձ մի՛ սովորեցրու, ծխելն ավելի լավ է, քան «Մութզիգը»,- նա շիշը օդ շպրտեց եւ մի քանի վայրկյան անց ապակու շրխկոց լսվեց,- ահա, «Մութզիգը» գահավիժեց: Ասում ես՝ չգիտե՞ս «Լես Տերես Բրուլեսին»:
– Ո՞չ:
– Զարմանալի է:
Նա ծնկի իջավ, նայեց լուսնին եւ խզված ձայնով, համարյա բղավելով, երգեց. «Ես այստեղ եմ, համարյա մեռած եմ, ագա՛հ մարդիկ, դուք, որ ձեր շիրիմների տակ որդերի պես քնած եք, վե՛ր կացեք ու կերե՛ք իրար, ցու՛յց տվեք, որ ձեր նմանները վխտում են ամենուր, ես չեմ վախենում ձեզանից…»:
Նրա երգն աստիճանաբար վերածվեց բղավոցի, նա չէր տիրապետում իրեն, ձայնալարերը խզվել էին, հազիվ էր շարժվում: Թեեւ հարբած էր, որքան էլ զզվելի ու տհաճ տեսք ուներ այդ երկարամազ, դեղնած աչքերով սեւամորթը, պետք է խոստովանեմ, որ շատ հետաքրքիր բաներ էր ասում, եւ նման չէր սովորական փողոցայինի, որը տզրուկի պես մտածում է, թե որտեղ հարբի ու քարշ գա: Միգուցե իմ հայրենիքում ես նույնիսկ չմոտենայի նրան, բայց այստեղ` Դուալայում, նա ներդաշնակ էր դիտվում` կիսախավար փողոցի ու մերթընդմերթ ընթացող մեքենաների ֆոնի վրա: Կարեկցանքից բացի` ուզում էի հասկանալ նրան, պարզ էր, որ նրա երգի բառերը մի ինչ-որ «հերթական» երգից չեն:
– Կուզե՞ք Ձեզ տուն տանեմ,- ասացի:
– Ես տուն չունեմ, իսկ դու կուզե՞ս գալ իմ տուն: Ինձ` հյուր:
– Չհասկացա, եթե տուն չունեք, ինչպե՞ս կարող եք ինձ հյուրընկալել:
– Կարո՞ղ ես ծափ տալ:
– Ինչո՞ւ:
– Ծա՛փ տուր, կասեմ: Ավելի բարձր, ավելի, այո՛, լավ է, հիմա շարունակի՛ր նույն ռիթմով. «Է՛յ, դու՛ք, ագահներ, որ երկնքում եք, արդեն քանի տարի է այդտեղ փտում եք ու գարշահոտ է գալիս վրաներիցդ, տեսե՛ք, որ ինձ ծափահարում են, ես ինչ-որ մեկին դեռ պետք եմ, տեսե՛ք, որքան բարձր են ծափահարում, լսո՞ւմ եք, ես ինչ-որ մեկին դեռ հետաքրքրում եմ…»:
Նա կրկին սկսեց հազալ ու թավալվեց գետնին: Ես մոտեցա, որպեսզի բարձրացնեմ, բայց ընդդիմացավ.
– Դու ավելի լավ է ծափ տուր, դա ինձ ավելի է դուր գալիս, ես ինքս ոտքի կկանգնեմ:
Ես շարունակեցի ծա՛փ տալ` զգալով, որ դա նրան իսկապես ուրախացնում է, նույնիսկ հուզվել էր:
– Այո՛, սա է իմ տունը, ուզո՞ւմ էիր գալ, որքան բարձր ծափահարես, այնքան շուտ իմ տուն կմտնես: Ա՛յ այդպես, քեզ կորցրու, ափսոս «Մութզիգը» վերջացավ: Ծափ տուր այո՛, այո. «Հե՛յ, դու՛ք, թշվառներ, որ վաղուց արդեն նիրհ եք մտել, դուք, որ ծանր-ծանր թավալվում եք հողի տակ, դու՛րս եկե՛ք, տեսե՛ք, թե ինչ համերգ եմ տալիս». «Մութզիգ» կառնե՞ս ինձ համար:
– Որտեղի՞ց, արդեն գիշերվա տասն անց է:
– Մյուս փողոցի անկյունում մի կրպակ կա: Մարկին կասես երկու շիշ տա, կասես Ժան Մարին է ուղարկել: Կասես, թող իմ հաշվին գրի, ես հետո կվճարեմ: Գնա՛, շու՛տ արի, այստեղ սպասում եմ:
Ես գնացի: Իհարկե, կարող էի եւ չգնալ: Բայց Ժան Մարին շատ հետաքրքիր անձնավորություն էր ու շատ գեղեցիկ էր խոսում: Երբ մոտեցա կրպակին, որի դիմապակու վրա «Կոկա-կոլա»-ի հսկա գովազդային պաստառ էր փակցված, մի պահ թվաց, թե սխալ եմ եկել, բայց գանգուր մազերով վաճառականը մոտեցավ ու հարցրեց.
– Ի՞նչ եք ուզում:
– Մարկը դո՞ւք եք:
– Այո՛, ես անգլերեն լավ գիտեմ, ֆրանսերեն էլ գիտեմ, ի՞նչ է պետք:
– Երկու շիշ գարեջուր:
– Որի՞ց:
– «Մութզիգ» տվեք:
– 500 ֆրանկ:
– Դուք Ժան Մարիին ճանաչո՞ւմ եք,- ասացի:
– Այն խելառի՞ն:
– Այո՛, այն թափառականին:
– Հա, գիտեմ, ի՞նքն է ուղարկել:
– Այո՛:
– Ասել է, որ իր հաշվին գրե՞մ:
– Այո՛:
– Չեմ տալիս,- կոպիտ ասաց,- այդ հիվանդը հաշիվ չունի: Դու էլ իրա խելառ ընկե՞րն ես:
– Ոչ, ոչ, ես, ավելի ճիշտ ես նրա ընկերն եմ, բայց խելառ չեմ: Ես կվճարեմ, մի անհանգստացեք:
– Այդ փողոցայինը մեր բոլորի խնդիրն է դարձել, ամեն օր սպասում ենք, թե երբ է մեռնելու, պրծնենք դրանից: Ամեն գիշեր, իրեն կորցրած, քարշ է գալիս փողոցներով ու հիմար երգեր երգում:
– Դրա համար ուզո՞ւմ եք մեռնի:
– Չէ, բացի դրանից՝ լավ մարդ չէ: Ապուշի մեկն է, ավելի ճիշտ, մի քիչ թերհաս է: Ժամանակին չէինք ճանաչում նրան: Նույնիսկ մարդիկ ասում են, որ նա միանգամից քառասուն տարեկան է ծնվել: Տեղացի չէ, բայց Կամերունից է ու լավ անգլերեն գիտի:
– Շնորհակալ եմ, բարի գիշեր,- վերցրի գարեջուրն ու արագ դուրս եկա կրպակից:
– Բարի գիշեր, որ տեսնեք, հարցրե՛ք, թե երբ են մեռած հոգիները գալու իր ետեւից:
Ուղեւորվեցի դեպի հարեւան փողոց: Ժան Մարին պառկած էր, մի պահ ինձ թվաց, թե չի շնչում, սեղմեցի ուսը, վեր թռավ:
– Եկա՞ր, քնել էի: Գիտե՞ս` երազումս ինչ տեսա:
– Ի՞նչ:
– Ինձ ու քեզ: Լոնդոնում էինք: Կներես, մոռացա ներկայանալ` Ժան Մարի Ահանդա: Բերեցի՞ր:
– Հա, վերցրու՛:
– Մարկը տվե՞ց:
– Հա:
– Մենա՞կ էր:
– Հա:
– Ասացի՞ր, որ իմ հաշվին գրի:
– Հա:
– Մարկը լավ մարդ է: Լավ սիրտ ունի: Հարյուր տարվա ընկերներ ենք: Ինձ շատ է հարգում: Դե խմի՛ր: Ի՞նչ ես զարմացած վրաս նայում, խմի՛ր, լավ գարեջուր է: Չե՞ս խմում:
– Չէ, չեմ ուզում, գիշերով ճանապարհ պիտի գնամ:
– Ո՞ւր ես գնալու:
– Մալաբո:
– Նավո՞վ:
– Այո՛:
Ժանը երազկոտ հայացքով նայեց դեպի ծովը:
– Նավ նստած կա՞ս,- հարցրեց:
– Այո՛, բայց փոքր, ավելի ճիշտ` նավակ:
– Չէ, նավն ուրիշ բան է, նավով ճամփորդելն ուրիշ հաճույք է:
– Նստե՞լ եք:
– Ես ամբողջ աշխարհը նավով շրջել եմ:
– Անկեղծ ասած` զգացվում է, որ աշխարհը տեսել եք: Ի՞նչ եք եղել մասնագիտությամբ: Այսինքն, նկատի ունեմ ի՞նչ եք:
– Ոջիլ եմ, ինչ-որ մեկի մազերի մեջ ծնված ոջիլ: Չեմ ուզում խոսել, ուզում եմ երգել, երբ երգում եմ, թեթեւանում եմ, երջանիկ եմ դառնում: Գիտե՞ս` հիմարը խելոքից ինչով է տարբերվում:
– Ինչո՞վ:
– Հիմարը խմի-չխմի գիտի, որ հիմար է, իսկ խելոքը մինչեւ չխմի, չի խոստովանի: Արդյունքում երկուսն էլ ապուշ են: Բայց ես ապուշ չեմ, ես փիլիսոփա եմ:
– Իսկ ես գրող եմ, Աֆրիկայի մասին եմ գրում, գիտե՞ք, ես սիրում եմ Աֆրիկան, թող մի փոքր վերամբարձ հնչի, բայց Աֆրիկան ինձ հարազատ է դարձել, նույնիսկ չեմ ուզում լքել այն:
– Քեզ պե՞տք է, որ գրում ես: Ո՞ւմ է պետք, ո՞վ է քեզ հիշելու, ո՞ւմ ես պետք, մեկ է` մի օր ինձ պես «Մութզիգի» շշեր ես շպրտելու,- ձեռքի շիշը կրկին օդ շպրտեց,- մյուս շիշն էլ տու՛ր: Ես գիտեմ` ինչ եմ ասում, կյանքը դաժան բան է, ինչի ուզում ես, հասի, մեկ է` վերջում Մարկի կրպակի հույսով ես ապրելու:
Ակնհայտ էր, որ Ժան Մարին շատ դժգոհ էր կյանքից, նա բողոքում էր, չգիտեմ ինչու, բայց հավանաբար դրա առիթն ուներ: Ժանը գրպանից մի զույգ գուլպա հանեց` վարդագույն-սպիտակ զոլերով ու հագավ: Սկսեց երգել. «Մարդիկ որքան ագահ են, նրանք մեռնելուց հետո էլ հանգիստ չեն մնում, անընդհատ ուզում են, ուզում: Դուրս են գալիս հողի տակից ու կրկին իրար սպանում, մինչեւ սրտերը հանգստանում է ու նորից մտնում են հողի տակ: Հե՛յ, մեռած մարդի՛կ, դուք շատ ագահ եք, դուք մեռնելուց հետո էլ հանգիստ չեք մնում, վերեւից նայում եք ներքեւ ու ծաղրում եք ինձ»:
– Ասում եք «Տետես Բրուլես»:
– «Լես Տետես Բրուլես»: Այո՛: Չե՞ս լսել:
– Ոչ:
– Իսկ ես շատ եմ լսել, սիրածս խումբն է: Կամերունյան խումբ է: Նշանակում է՝ այրվող գլուխներ կամ տաք գլուխներ:
– Նրանց ե՞րգն է:
– Այո՛: Լավ երգ է, չէ՞:
– Հա, վատը չէ: Հաջող երգ է:
– Տեսնո՞ւմ ես, իսկ դու ուզում ես գիրք գրել: Այստեղ` Կամերունում, շատ բան չկա անելու, այստեղ մի հրաբուխ կա հյուսիսում Ռհումսիկիի մոտակայքում, բոլորն ասում են` հանգած է, բայց ես վստահ եմ, որ գործող է: Մեկ էլ ծովային կենդանիներն են համեղ` խեցգետիններն ու ոստրեները: Հա, մեկ էլ լավ ֆուտբոլ կա: Գժվել կարելի է: Ուրիշ ոչինչ չկա: Ամեն դեպքում ես այդպես գիտեմ: Ծխախոտ չունե՞ս:
– Ասացի` չեմ ծխում, դուք էլ մի՛ ծխեք:
– Ինձ ի՞նչ, գիտես, չգիտե՞մ, որ օգտակար բան չէ: Գիտես` չգիտե՞մ, որ ոչ մեկի վեջը չեմ: Ոչ մեկն էլ ինձ չի սիրում: Գիտես` չգիտե՞մ, որ Մարկն ամենավերջին ստորն է, ամենավերջին առեւտրականը: Վստահ եմ, որ վերջում էլ քեզ ասել է, թե երբ եմ մեռնելու, որ բոլորը պրծնեն ինձանից: Ես ամեն ինչ էլ գիտեմ: Ի՞նչ է, քեզ թվում է, թե գի՞ժ եմ, թե ոչնչի ունակ չե՞մ: Սուտ է: Պարզապես կյանքն է այդպիսին, մի օր դու ներքեւում ես, մի օր` վերեւում, մի օր մեռած ես, մի օր` ողջ, ամեն ինչ այդպես է: Ինչու՞ ես սառած ինձ նայում: Գնա՛, չքվի՛ր աչքիցս, ոչ մի բան էլ չեմ խոսում: Ասում ես` վատ երգ չէ, գոնե գիտե՞ս, որ դա հանճարեղ երգ է, քեզ ի՞նչ կա, որդի պես աջ ու ձախ ես մարմինդ քարշ տալիս ու գրում ես: Ու ոչ մի վայրկյան չես մտածում իմ մասին, չես մտածում, որ Ժան Մարին այստեղ ամեն գիշեր ոռնում է: Գիտե՞ս` վատը որն է,- Ժանը ձեռքը սեղմեց ուսիս՝ մի փոքր սպառնալիքով,- վատն այն է, որ մարդը կորցնում է ուրախ լինելու ցանկությունը, հանկարծ սկսում է մտածել, թե ինչ է ուզում ու պարզվում է, որ սոված որդի պես միայն ուզում է, կարեւոր չէ, թե ինչ, կարեւորը ուտի-ուտի-ուտի: Բոլորը որդեր են, որդեր. «Լսում ե՞ք, որդե՛ր, հե՛յ, վերեւում, ձեզ հետ եմ, որ ննջում եք ձեր անկողիններում ու շարունակ ուզում եք լափել: Չեք հանգստանում…»:
Ժանը երեւի ամենաքիչը տասն անգամ որդ բառը կրկնեց: Զգացի, որ աստիճանաբար նյարդայնանում է: Մարկը ճիշտ էր: Նա, երբ կորցնում է իրեն, սկսում է անկառավարելի դառնալ: Ուզում էի գնալ, մեր զրույցը գնալով անհեթեթ էր դառնում ու, անկեղծ ասած, մի փոքր վախենում էի:
– Ի՞նչ ես նայում: Չգիտե՞ս հա՞, ոչինչ չգիտես:
– Ի՞նչ չգիտեմ,- հարցրի:
– «Լես Տետես Բրուլեսին»:
– Չէ:
-Լավ է, որ չգիտես: Երբ ես էլ մեռնեմ, էլ ոչ ոք չի իմանա: Քեզ ի՞նչ կա, դու Լոնդոնում վայելի՛ր կյանքը, իսկ ես…
***
Գիշեր էր` տասնմեկին մոտ, արդեն ուղեւորվում էի նավահանգիստ, ճանապարհին մտա Մարկի կրպակ, չգիտեմ ինչու սիրտս «Մութզիգ» քաշեց:
– Մեռա՞վ,- հարցրեց Մարկը:
– Այո՛,- ասացի:
– Ի՞նչ արեցիր:
– Ոչինչ, թողեցի մենակ, չէի ուզում երկար մնալ մոտը:
– Իմ մասին ասացի՞ր:
– Ի՞նչ պիտի ասեի:
– Որ անհամբեր սպասում ենք, թե երբ են հոգիները գալու ետեւից:
– Այո՛:
– Ի՞նչ ասաց:
– Ասաց, որ Ձեզ շատ է սիրում, իր հարյուր տարվա ընկերն եք եւ Ձեզ շատ է հարգում:
– Մեկ է, հիմարի մեկն էր Ժան Մարին,- մի պահ լռելուց հետո ասաց Մարկը:
Դանդաղ քայլում էի դեպի նավահանգիստ, մարմինս դողում էր, ուզում էի քնել: Հանկարծ մի պաստառ միտս եկավ, որը տեսել էի Լիբիայի գնացքի վագոններից մեկում` վագոնները միմյանց միացնող դռան վերեւում: Հիշեցի վագոնավար Մուհամեդին, որին հարցրել էի, թե ովքեր են պաստառին պատկերված եւ նա ասել էր. «Les tetes Brules»* նվագախումբը:

Ծանոթագրություն
* «Լես Տետես Բրուլես» նվագախումբը Կամերունի եւ ընդհանրապես Աֆրիկայի ամենաճանաչված երաժշտական խմբերից մեկն է: Նրանք, այսպես կոչված, «մեղմ» փոփի կամ «Բիկութսի» պարի ներկայացուցիչներ էին: 80-ականներին դարձան ճանաչված իրենց ոճի մեջ:
«Լես Տետես Բրուլեսը» ֆրանսերեն բառ է, նշանակում է այրվող գլուխներ կամ տաք գլուխներ: Աստիճանաբար նրանք դարձան ճանաչված ու սիրված ամբողջ աշխարհով մեկ` Եվրոպայից ԱՄՆ-ը եւ Ճապոնիա: Նրանք շատ գունազարդ էին հագնվում, կարծես ծաղրածուներ լինեին` զոլավոր գուլպաներով, ներկված դեմքերով, երկար մազերով:
1988թ. խմբի կիթառահարի` Զանզիբարի ինքնասպանությունը կարող էր հանգեցնել «Լես Տետես Բրուլեսի» կազմալուծմանը, բայց խումբը դրանից հետո կարողացավ եւս մի քանի տարի գոյատեւել եւ ձայնագրություններ թողարկել: Այդ ժամանակ իր մեծ դերը խաղաց խմբի հիմնադիր Ժան Մարի Ահանդան*1:
*1 Պատմվածքի հերոսը հորինված կերպար է եւ չի համապատասխանում Ժան Մարիի իրական կենսագրությանը:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *