Մարիա Պավլիկովսկա-Յասնոժևսկա | Արևի համբույրը

 Լեհ բանաստեղծուհի։ Հայտնի է որպես լեհական Սաֆո և Լեհաստանի միջպատերազմական ժամանակաշրջանի քնարական պոեզիայի թագուհի։ Մարիա Պավլիկովսկա-Յասնոժևսկան ծնվել է 1891 թվականի նոյեմբերի 24-ին Կրակովում։ Նկարիչ Վոյցեխ Կոսակի դուստրն է։ Սովորել է Կրակովի Գեղարվեստի ակադեմիայում։ Երիտասարդության տարիներին զբաղվել է ինչպես գրականությամբ, այնպես էլ նկարչությամբ։ Վլադիսլավ Բզովսկու հետ ամուսնալուծությունից հետո ամուսնանում է Յան Պավլիկովսկու հետ։ Սակայն երկրորդ ամուսնությունը նույնպես երկար չի տևում։ 1939 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին, իր երրորդ ամուսնու՝ Ստեֆան Յասնոժևսկի հետ մեկնում է Ֆրանսիա, իսկ 1940 թվականի հունիսին՝ Անգլիա։ Այնտեղ նա հրատարակում է հայրենասիրական բանաստեղծությունների «Վարդն ու այրվող անտառները» (1940), «Զոհ աղավնին» (1941) ժողովածուները։

1944 թվականին նրա մոտ ախտորոշվում է քաղցկեղ։ Մահացել է 1945 թվականի հուլիսի 9-ին Մանչեսթերում։ Թաղված է Մանչեսթերի Հարավային գերեզմանատանը։

 

Մշուշ ու կռունկներ

Փայփայեք, փայփայեք ամռան վերջին օրերը,
երբ դեռ կանաչ է զարկում վայրկյանը ժամի,
որի մեջ արդեն անկենդան մորեգույնն է խառնվում թանձրորեն․․․
Կի՛ն, հագի՛ր դիմակն ու թիթեռի թևերը
և վազի՛ր ու փնտրի՛ր երկչոտ, հետաքրքրությամբ
չինական տաղավարում և գծերում ստվերի
(իսկ մշուշը բարձրանում է արդեն ․․․ կռունկնե՜ր, կռունկնե՜ր)-
ու՞ր են աչքերը, որ կանչում են քեզ անունով։
Փայփայեք, փայփայեք ամռան վերջին օրերը,
երբ ծառերի կանաչ հովհարները փայլում են ոսկով։ –
Օ ՜, կի՛ն գեղեցիկ, հարուստ կի՛ն,
փնտրի՛ր թխկիներից անդին, վարդագույն պարսպից այն կողմ,
հարցրու՛ սիրամարգի ջրերին լճակում շրջան,
երբ փոթորկի տնքոցն հոսում է եղեգի փետուրների միջով
(իսկ մշուշը բարձրանում է արդեն -կռունկնե՜ր, կռունկնե՜ր)
ու՞ր են շուրթերը, որ պիտի համբուրեին քո հոգին։

 

Մագնոլիա

Պառկել է տերևի վրա ծաղիկը
քնկոտ,
դեղնասպիտակ ինչպես փղոսկր։
Քաղցր այնքան, որ ձանձրանում է։
Բուրավետ մի իր –
չարամիտ խորհրդավոր աշխարհ –
տարօրինակ հյուր
մեր՝ մարդկանց մեջ։

 

Մեղեդի

Ոչ հեռու
ոչ մոտ
օրորոցի վրա
սպիտակ ինչպես կաթը
քաղցր ինչպես աստղերը
նեղ ինչպես վիթխարի մթին մեքենաները
ծնողներով լի
դղրդալով հեռուներում
անհայտ․․․
Ինչ-որ մի միամիտ լուսին կամ արև
մանկական երեկոյի ժամին կամ առավոտյան․․․

 

Արևի համբույրը

Արևի համբույրն անպտուղ է, թեև ոսկի-
օտար ծաղկի հայացք է շատ փխրուն-
աղմուկ ջրի-օտար բարբառ՝ ոչ թե փնթփնթոց հիմարի –
խոտեր -որքա՜ն հեռու են ազգականները։

Շուն -ինչքան ջահել ու հիմար եղբայր,
իսկ ի՞նչ իմաստ ունեն ձանձրալի բլուրները մրջյունների։
Ի՞նչ է պատմում բույրը երկնքից ընկած եղևնու թարմ կոների
և այն, որ թիթեռն ունի պուտեր իր թևերին։

-Դու, մար՛դ, դո՛ւ՝ ինձ մոտիկ մեկը, դու հիասքանչ ես
դու իմ հոգու քաղցր կերակուր –
Ես նախընտրում եմ քեզ, եղբա՛յր, լի հաճույքով ու ուժով,
ուռենու արծաթ ճյուղերից առավել։

 

Տաք երկնագույն մարգագետնում

Տաք երկնագույն մարգագետնում
Արածում են ճագարները սպիտակ,
Ու արածում են սպիտակ գառները
Ոսկով ծաղկուն առավոտներին։
– Երկնագույն մարգագետիններն անսահման
Ոչնչի համար պետք չեն ոչ մեկին –
Դրանք այն սպիտակ նապաստակների համար են,
Սպիտակ գառների համար են դրանք
Եվ ուրախ սիրահարների
թևավոր հազար մտքերի համար են դրանք։

 

Երջանկություն

Ես չգիտեմ, չգիտեմ, թե ում ինչ վատություն է արել
Քաղցր երջանկությունն իմ շաբաթների վերջին։
Այն նզովվա՞ծ էր, ինչի՞ համար և ինչու՞,
Եթե այն ոչ մեղք է գործել, ոչ հանցանք։

Միայն գիտեմ, որ թշնամիներ ունի, որ դատապարտված է,
Որ ներման հայցումներն են մերժված,
Որ այս գիշեր, առավոտ վաղ արթնացած,
Բաց կթողնի իր վերջին քաղցր շունչը։

Իսկ թութունի ծաղկե մահիճները, ռեդեդան ու խորդենին՝
Լուսնի լույսով ողող ու տոնական ցողի մեջ,
Ծաղկեփունջն են այն, որ երկիրը դնում է ի հրաժեշտ
Նրան, ով արցունքներով գնում է դեպի հանգիստն հավերժ։

 

Տրամադրություն

Պատուհանից այն կողմ երևում է աշխարհը՝
որպես բատիստե մոխրագույն մի լաթ,
սպիտակ կարկատանների
ու սպիտակ աստղերի մեջ –
աշխարհ ձանձրալի մանկական մի պատմության –
աշխարհ մայրիկի,
որ գործում է ձանձրալի ներքնաշորեր
և մտածում է ձնաբքի ժամին
իր տխուր հույսի մասին
և այն մասին, որ եղևնու համար գնի գունավոր մոմեր։-

Թարգմանությունը լեհերենից՝ Տաթև Խաչատրյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *