***
Հոկտեմբեր- աշուն-առավոտ,
Պատարագ՝ մեկշաբթի։
Մեռելները գնում են
թողության։
Ապրողները՝ հևում են անկողնում
հանց լոթի։
Շները հաչում են մի հանգի,
լողում է քաղաքը
քաոսում տռփանքի։
Ներկված արձանները զարթնել՝
ծամում են լավան ասֆալտի,
ծորում է արևը ցիտրուս,
նիրհում են ծառերը վերջին։
Պոկվում է հեռվում
միալար.
հնչյունը փշրվող
ջութակի։
Կանգառ- փողոց -օր՝
քամի։
Քաղաք, թե՞
անծայր
դագաղ ասֆալտի,
չես ապրի դու էստեղ
ոչ մի օր.
զիլ հավերժ է մեռելոց կիրակին։
***
«Կարևորը մեռնելն է»
Կարևորը պատվով մեռնելն է,
գրել են լակոտները պատին,
հերոսի անունից կերել են՝
բուտերբրոդ, շաուրմա, պեռաշկի,
շարվել են ավագ բեսերը
լակում են` թքում մի հանքի,
կախվել են սգո լենտերը՝
եռաֆազ հոսանքից։
Սարգիս -18
Ալբերտ- 20
Գեւորգ -19
Սամվել, Կարեն՝ 25։
Խաղաղ երեկոն գլորում է,
հաստափոր, լոզոտ մի մարմին,
նայում վեր՝
իրոնիկ բարբառում է.
-Հա դե լավ, այ ախպեր, ի՞նչ կռիվ,
Ու՞մ համար գնայի մեռնեի։
Ծխում են
խաղաղ
ամպերը,
համբարձվում է խավարը մանրիկ,
արյուն են հորդում թաց բիբերս,
երկինքը ՝ ցրված թաց աճյուն է,
երկինքը՝ անդրախտ
մով
ճահիճ։
«Տեսախաբություն»
Միսը միս է փնտրում,
սերը` սեռ
երևի…
ծառը ջուր է փնտրում, արեւ
երբեմն էլ `մեգ,
իսկ ես ոչ հոգի ունեմ, ոչ արմատ, ոչ անուն,
ոչ սեռ,
ես` նախաստեղծ բառի վրպակս
ի ՞նչ սիրեմ,
ու ՞մ,
երբ ամենը տեսախաբկանքն է
մրափող Աստվածների:
***
Եւ երբ վերջանա ամենը,
երկինքը կթափվի թաց աղմուկով,
հավիտենական ոչնչության մեջ կթրխկա վերջին կապկամարդը։
Սառը գուղձերի մեջ կծորա հանց արճիճ՝
մեզն արևի,
ոչ ոք չի տեսնի
Ոչ ոք չի հիշի զառամյալ մահը:
***
Չեկար …
բառերը սափրում են տարիները,
բառերը սափրում են պա՜պ,
մեռնում եմ ամեն օր ու
զարթնում եմ,
լույսի թիրախն եմ հար։
Քո անկյանք օրերը
Ֆլեգմատիկ,
նույն են.
ամեն օր ուրբաթ է,
չմեռնես,
դու ապրող՝ իմ միրաժն ես`
անանուն,
անհուշ,
անցավ:
«Արգելված լիրիկա» շարք
***
Եւ ու՞մ են պետք
բանաստեղծությունները,
վիտրաժները գեղեցիկ,
քաղաք-դոմին այս ո՞ւմ է պետք
երբ դու կաս,
երբ ՝ արեւը վառվում է մազերիդ մեջ,
մահը մոռանում է ամեն ինչ։
Ցավը մանկական խուտուտ է դառնում քեզ հետ
սեր իմ,
երբ դու կաս՝
ինձ հրաշքներ պետք չեն։
Եւ չկա աշխարհում ոչ մի ողբերգություն,
ոչ մի կորուստ՝
չլինելուցդ բացի։
Դու սանձում ես իմ վայրի սիրտը,
քո ծիծաղից երկինքն է զարթնում,
ես աշխարհում ամեն ինչ
քո անունով եմ կոչում,
դու վերջին փրկիչն ես
որին՝
չեմ սպանելու։
***
Զանգի՜ր, որ կարդամ Բրոդսկու
Не выходи из комнаты ստիխը քեզ համար,
Զանգի՜ր, որ ճայթի իմ բերանից անունդ`
հանց կրակոց։
Ես կձգեմ մեղքի պարանը
կզակս ի վար։
Զանգի՜ր, որ խարխուլ լռությունս բողբոջի
քո խաղաղ՝ եթերից ձայնալիքի։
Զանգի՜ր,
զանգի՜ր, որ
մեռնեմ երջանիկ։
***
Մոռացել եմ բոլոր սիրուն հոմանշիները,
մետաֆորները կարգին,
խորիմաստ ու տպավորող բառերը բոլոր,
ոնց գրեմ քո մասին, պստիկս,
ոնց գրե՞մ,
երբ անունդ հոլովում է աշխարհը,
իրերը,
գրքերը` որոնց հպվում ես քնքշորեն,
ու մատներդ դողացող չեն հասնում.
ինձ
ինձ,
ինձ…
ես ինչ անե ՞մ
երբ գնում ես,
ամեն ինչ դառնում է անանուն,
սառը` վաղանցիկ, անըմբռնելի:
( եւ դու ես ամենը)
Կույրի պես հետևում եմ ձայնիդ նրբերանգներին,
հողմապտույտի մեջ ոռնոցիս`
որսում ամոթխած դեմքդ:
Ես ո՞նց գրեմ քո մասին, պստիկս,
իմ միակ բառը դու ես:
***
Գրե՞լ քո մասին
ինչ իմաստ ունի՞։
Աշխարհում ամեն ինչ քո մասին է,
ու քեզ համար։
Ես ոչ թութակ եմ,
ոչ էլ պլագիատ
Լռեմ քո մասին,
լռեմ ամենը՝
դու ես։
***
Եթե մենք համբուրվենք՝
ծառերը ամաչկոտ կկախեն գլուխները,
լուսինը տաք ոսկի կթափի
շիկնած դեմքերիս։
Խաղաղ կիջնի մթի շղարշը՝
հալվող
կիպ մարմիններիս վրա։
Ես կմոռանամ երեսնամյա որբությունս,
անգո եւ շնչավոր ամեն բան կմոռանամ,
ու թող սենտիմենտալ հիմար լինեմ
քեզ հետ։
Սերն առանց հիմարության ո՞ւմ է պետք:
Ես կլիզեմ շութերիդ խաղացող ՝
արևը,
եւ կճչաս ձեռքերիս մեջ
սիրուց ու
դողից։
Եթե մենք համբուրվենք՝
կջնջվեն բոլոր ողբերգական էջերը գրքերից
(մի կարգին նովել կգրի ժամանակը երկու գժի մասին)
եւ բոլոր հեռէկրաններից կհնչի քո սիրելի
Ցոյը։
Հիմա կոտրում եմ մոնիտորս,
շպրտում եմ ձեռքիս տակ ընկնող բոլոր
սիրային հիասքանչ վեպերը, պոեմները։
Մի՞թե չես գալու այսօր,
ասա՜,
մի՞թե մեկ անգամ չի լինի հրաշք աշխարհում:
Ախ, ես հոգնել եմ չհավատալուց,
եւ հրաշքներն են հոգնել
պարզունակ ՝ ավարտվող ֆիլմերից,
մյուզիքլներից, երգերից, գրքերից։
Հրաշքները ապրել են ուզում:
Արի՝ թող աշխարհը
մի անգամ ինձ նախանձի։
Արի ՝ որ կատարվի անհավանականը։
Փրկիչը չի գալու,
արի ՝ դու ես իմ Աստվածն ու սատանան։
Ածելին սողում է կապույտ ՝ թրթռուն
երակներն ի վար,
մահը պար է գալիս կարմրահյուս արյան
շիթերի վրա:
Հեռէկրանին համբուրվում են,
փողոցում համբուրվում են,
քամին համբուրվում է կույս կանաչի հետ,
քաղաքը համբուրվում է, պստիկս,
Աշխարհն է համբուրվում ու՞ր ես,
չես գալիս էլի,
ես ամեն օր հառնում եմ հազարավոր մեռնելերից,
չստացած համբույրիդ պատճառով։
***
Քո երջանկության դեղատոմսն եմ գրում,
նախապատրաստում եմ ոնց հարկն է,
հերթական մահ- հրաժեշտին,
էս անգամ ՝
առանց լացկան բաների,
քաղցր- մաղցր բառերի ու
դրամատիզմի։
Մտքում հրաժեշտի տեքստս
կրկնում եմ տաս անգամ,
Հետո՝ կրկնում եմ բարձր,
ապուշ ու կարեւոր
ապուշ ու անհրաժեշտ
մի քանի նախադասություն։
Լվանում եմ երեսս,
ձեռքերս,
հոգիս
քեզանից…
բայց հոտդ կաթում է էլի.
պատերից, լույսից, աղմուկից:
Հոտդ` շնչում է իմ բերանով։
Ջուրը կլանում է ոռնոցս,
բթացնող լույսի մեջ լողում է
անհաղորդ դեմքդ,
շուրթերդ խաղում են հանց ածելի:
Անհատակ կարմրի մեջ խեղդվում է թթվածինը:
Անջատում եմ լույսը,
մութը հաղթում է մեզ,
նոր հիվանդություն եմ փնտրում հիմա պստիկս,
նոր մոլություն`
քեզնից վտանգավոր,
քեզնից մահացու,
Քեզնից կարեւոր,
իսկ երջանկությանդ դեղատոմսը կուղարկեմ առցանց, ահա.
– Դու սիրել չգիտես պստիկս, եւ դա է քո միակ հաղթաթուղթը :
***
Չի կարելի` զգուշացնում է սպիտակ ցուցանակը.
չի կարելի անցնել սահմանը,
մտնել խոտածածկ տարածք,
բարձր խոսել.
սեքս անել ծառուղում` չի կարելի:
Չի կարելի բացել սիրտը անձրևի առաջ,
Չոր ասեմ` զռռալ չի կարելի:
Չի կարելի `
Ցրտին թեթև շապիկով դուրս գալ
գոռում է մայրս:
Ես փակում եմ տանս չորս դագաղներն անբռնակ:
Տանիք եմ ելնում ` ծոցս խցկած գինու շիշը,
Պատռում եմ շորերս ու ցած նետում:
Հիմա քամին է իմ շապիկը,
ոչ ոք վերև չի նայում…
էս քաղաքում իմ պես գժերն անտեսանելի են:
Հիմա քեզ մոտ եմ գալիս`
զգալու պայթող զարկերակդ,
Համբուրելու նուրբ ու թրթռացող երակները այտերիդ,
գալիս եմ մթի սառը գալարնորով դեպ պաատուհանդ,
գալիս եմ սիրելու քեզ մինչ շնչասպառություն:
Գալիս եմ.
Որովհետև`
չի կարելի ապրել,
չի կարելի մեռնել առանց քեզ:
«Մյուս կյանքում»
Մյուս կյանքում կլինեմ
այն ինչ պետք է, պստիկս,
ավելի թիկնեղ ու գեղեցիկ,
ավելի՝
ավելի մոդայիկ ու քչախոս,
որ չամաչես ինձանից:
Մյուս կյանքում ` երբ եկած գնացած լինեն
քո բարձրահասակ- սրտակեր- կիսաստված տղամարդիկ
խաղաղ կսիրեմ քեզ
օրը ` 23 ժամ, իսկ մնացած մեկ ժամը
Ցոյը կցողի մեզ լոգարանում՝
փրփուրե ամպերով:
Մյուս կամ ընթացիկ կյանքերից մեկում, սեր իմ,
ես կջնջեմ քո կակտուսե ուղեղը
երկատվող ցավից,
կատարյալ լինելու մոլուցքից,
սերը մեր կլինի փափուկ պուդինգի պես,
ազատ կլինենք
ընտանեկան կալանքից,
խիստ անհրաժեշտ խլամից եւ այն ամենից
ինչը ստեղծված է լիարժեք մեռնելու համար։
Մյուս կյանքում, սեր իմ,
կամ՝ ընթացիկ կյանքերից մեկում
ես կլինեմ
կատարյալ մոռացկոտ- բարի՝ ներողամիտ
ու քո սիրելի գրքերից կսարքեմ մեր տան տանիքը,
բայց հիմա ներիր ինձ, պստիկս,
ես երեսնամյա գեշ տղամարդ եմ ՝
որն ամոթից ներկում է սպիտակները,
և վախենում է խոստովանել, որ լաց է լինում
քեզ ճանապարհելիս:
Շարունակիր սպանել ինձ,
թռչնակերպ քո մատներով
անաղմուկ`
մինչ հոգեդարձ։