Երկար ժամանակ ոչ ոք գլխի չէր ընկել, որ լսվող ձայնը իսկապես թառի ձայն է, թե՝ քամու, և եթե ես պատահաբար այնտեղից չանցնեի՝ երբեք չէի հավատա։ «Օսթադ Զամանին[1] շատ էին ծեծել», ասում էր էբադը, թառն էլ ջարդեցին և, որպես վերջին «արգելված գործիք», այրեցին։ Թառը մի ծեր կաղնեփայտից էր։ Ծառը հատելիս էբադը տեսել էր հազարավոր շրջագծեր պարունակող ծառաբունը։
Տանը որքան նավթ կար, հավաքել ու լցրել էին ջարդված թառի վրա։ Շրջակա տներից էլ որքան նավթ կար բերել էին։ Զորապետը յոթ անգամ լուցկին վառել, սակայն չէր բռնկվել, վերջում հարևաններից մեկը հրահան էր առաջարկել, և զորապետն ասել էր. «Մերսի»: Ես տեսա այն թառերը, երբ պատահաբար անցնում էի քաղաքամերձ ճանապարհով։ Սկզբում ենթադրեցի տասը թառ եմ տեսնում կամ, գուցե հարյուր, բայց հետո նկատեցի, որ ծեր վարպետ Ջալալի թառն էլ այն խորքերում է։
Հրահանը վառելուն պես կրակը միանգամից բոցավառվել է։ «Ամբողջ տունը այրվեց»: Կրակը բարձրացել էր մինչև ամպերը, և քաղաքից դուրս էլ բոցը երևում էր։ Կանանցից շատերը հագուստներից մի կտոր պատռել, յոթ անգամ իրենց երեխաների գլխի շուրջը փաթաթել ու կրակն են նետել։
Կրակն այնքան մխաց, որ ամպերը մի քիչ մոխրավուն դարձան, բայց տեղից չշարժվեցին։ Երբ զորապետը հրահանը վերադարձրել է հարևանին, նա ասել է. «Մերսի»: Եվ զորապետը ասել է. «Ցավում եմ, քո տունն էլ այրվեց»։ Եվ հարևանն ասել է. «Իմ տունը երբեք չի կործանվի»։
Արդեն մի քանի ժամ ոտքով գնում էի ճանապարհով, սակայն ոչ մի ինքնաշարժ չէր երևում, ես էլ առանց հոգնություն զգալու նայում էի հողից դուրս ցցված լարերին։
«Մյուս հարևանների տներն էլ այրվեցին»։ Զորապետը և հարևանները յոթ օր սպասեցին, մինչև ամեն ինչ այրվեց, ու նավթը սպառվեց։
էբադը տեսել է, որ երբ զորապետը մոխիրները մի կողմ է քաշել, ապշած շշնջացել է. «Յոթ օրը քիչ չէր»։ Եվ թառի փայտը մոխիրների միջից հանել ու ցույց էր տվել հարևաններին։
Երբ տեսա ոչ մի ինքնաշարժ չկա ու չի երևում ճանապարհին, գնացի ու նստեցի մի ծեր կաղնու տակ, սակայն ծխի հոտը ասես շարժում էր ծառը և բոլոր տերևները գլխիս թափում։ Օսթադ Զամանին արթնացնելիս էբադը ասել է. «Փայտը դեռ չի այրվել, բայց եթե հիմա անձրև գա կթրջվենք»։ Զորապետը գնացել էր պահակակետի հրամանատարին զեկուցելու, որ փայտը չի այրվել։ Հետո, երբ «մետաղների մասնագետի» հետ վերադարձավ, մետաղների մասնագետը ասել է. «Անշուշտ, թառի լարերը լավ չեն պոկել»։ էբադը, հայացքը ուղղելով երկինք, Օսթադ Զամանին ասել. «Արդեն երկու յոթ տարի է անձրև չի եկել, ամպերը մոխրագույն-մոխրագույն են դարձել»։ Երբ մետաղների մասնագետը ասել է մի աքցան բերեք, հարևաններից մեկը ասել է. «Իմ տունը դեռ չի այրվել»։ Եվ սևազգեստ մի պառավ մոխիրների միջից դուրս գալով մետաղների մասնագետին ասել է. «Առ, սա ամուսնուս ժառանգությունն է, վերցրու քեզ, պետք կգա»։ Եվ մետաղների մասնագետը ասել է. «Մերսի»։
Եթե այն ձայները չլսեի, հավանաբար, մինչև յոթ տարի կքնեի հենց այդ տերևների տակ։ Գլուխս դուրս հանեցի տերևների միջից և ձայները առանց արձագանքի չլսելու համար ականջներս մաքրեցի խխունջներից։ Լավ նայելուց հետո տեսա, որ ճանապարհը լիքն է խխունջներով, և նոր միայն գլխի ընկա, թե ինչու ոչ մի ինքնաշարժ չկա ճանապարհին։
էբադը շատ ավելի ուշ ինձ պատմեց, թե ինչպես, երբ մետաղների մասնագետը աքցանով թառից պոկեց այն մի կտոր լարը, Օսթադ Զամանը ճչաց ու մատները դողացին, ասես թառ նվազելիս լիներ։ Սակայն մետաղների մասնագետը ոչ մեկից հրահան չպահանջեց, մի անգամ, միայն մի անգամ լուցկին վառեց, և փայտը հրկիզվեց։
էբադի կինը ոտքը սևազգեստ պառավի գլխին դրեց` կրակի բոցը չափելու համար։ էբադը ասում էր, թե կրակը այնքան էր վեր խոյացել, որ եթե իր կինը նույնիսկ բոլոր սևազգեստ պառավների գլխին կանգներ, էլի բոցի բարձրությանը չէր հասնի։
Երբ լսեցի ձայները, դեռ չէի հասկացել, որ գուցե թառի ձայն լինի, շատ մեղմ էր, սակայն, երբ ճանապարհից հեռացնում էի խխունջներին՝ ինքնաշարժերի երթևեկությունը ապահովելու համար, զգացի քամու ուժգնանալը։ Տարիներ անց իմացա, որ երբ էբադը տեսել է այրվող փայտը, մի հաստ, սպիտակ շորով ծածկել է Օսթադ Զամանի գլուխը` այդ տեսարանը չտեսնելու համար։ Եվ էբադի կինը ասում էր. «էբադը վախենում է ասել, որ սպիտակ, հաստ շորը մի կողմ քաշելուց հետո, մինչև այժմ, այլևս Օսթադ Զամանին չի տեսել»։
Բարձր շենքերի վրա կանգնած բոլոր հարևանները տեսել էին բոցի ավելանալուն զուգընթաց քամու ուժգնանալը և լսել ունկերին հասնող թառի ձայնին նմանվող ինչ-որ ձայն, որը յոթ հարյուր տարուց ի վեր արգելված է եղել այս քաղաքում, իսկ երեխաներից ոչ մեկն իր կյանքում դեռևս թառի ձայն չի լսել։
Օսթադ Ջալալը այն ժամանակ, երբ ես և էբադը երեխա էինք, պատմում էր, որ զորապետի պապը և այն հարևանի պապը, որը զորապետին հրահան տվեց և զորապետն ասաց. «Մերսի», տներից հավաքում էին թառերը և թաղում քաղաքից դուրս, ճանապարհի եզրին։ Օսթադ Ջալալը իր հորից լսել էր, որ դեռևս տարիներ առաջ Օսթադ Զամանը վճռել էր՝ ծեր կաղնեփայտից թառ շինել, բայց համբերել էր մինչև կաղնին կարգին ծերանա, որպեսզի հատելիս էբադին ցույց տա, թե ծառի բունը որքան շրջագծեր է պարունակում։
Անըմբռնելիորեն ձայնը ահագնանում էր, սակայն ծեր կաղնին քամու ընթացքը արագացնելու համար ուժգնորեն թափահարվում էր։ Երկար ժամանակ անցավ, մինչև գլխի ընկա, թե այս կաղնին որքան նման է մյուս ծեր կաղնիներին։ Բարձր շենքերից իջնելուց հետո հարևանները ասել էին. «Ի՛նչ սիրուն ձայն էր»։
Ես ինքնաշարժերի ընթացքը ապահովելու համար ճանապարհը մաքրեցի բոլոր խխունջներից և ինքս ինձ ասացի. «Ի՛նչ սիրուն ձայն էր»։ Սակայն, երբ էբադը և հարևաններն ինձ ասացին, որ այդ ձայները իսկապես քամու ձայն են եղել, հիշեցի, թե որքան նման էր համերգի, համերգ, որ մինչ այդ չէի լսել, իսկ Օսթադ Զամանի վկայությամբ երեխաներից ոչ մեկը իր կյանքում դեռևս թառի ձայն չի լսել:
Երբ էբադի կինը նրա գրառումները իմ տրամադրությանը հանձնեց, նախքան ընթերցելը ենթադրեցի, որ անշուշտ նրանցում նկարագրված է, թե ինչպես ահել ու ջահել սևազգեստ կանայք պարել են կրակի շուրջը, իսկ երբ կրակի բոցը ուժգնացել է` վերածվել են դեղնավուն մոխրի։
Մի օր էբադը կնոջ ականջին շշնջացել է, որ այս ձայները իսկապես յոթ հարյուր տարի առաջ թաղված թառերի հնչյուններն են, որոնք համերգ են տվել այրված այս թառի կարոտից։ Եվ մի կույս կնոջից լսել էի, որ եթե Օսթադ Զամանի թառն էլ մյուս թառերի կողքին, քաղաքից դուրս ճանապարհի եզրին թաղեին, երբեք նման հրաշալի համերգ չէինք լսի։
Ես ինքս, քաղաքից դուրս, ճանապարհի եզրին տեսել էի դուրս ցցված թառերի լարերը, որոնք էբադի ու կնոջ ծնոտի նման դողում էին, երբ այրում էին Օսթադ Զամանի թառի մարմինը, և ճիշտ այն ժամանակ, երբ ճանապարհի եզրին ինքնամոռաց լսում էի համերգը, հասկացա, որ քամին համերգի ձայնի կեսը քաղաք է տանում ճիշտ այնպես, ինչպես Օսթադ Զամանի թառի ձայնի կեսն էր տարել, երբ այն լարում էր, որպեսզի հարևաններն ու երեխաները լսեն, բայց էլեկտրալարին նստած ագռավն էլ այն լսեց։
Երբ հեռվից լսեցի ինքնաշարժի դռդռոցը նոր միայն զգացի, թե որքան ավելի հմայիչ էր թառերի համերգը։
Երբ ինքնաշարժը կանգնեց ճանապարհի եզրին, հասկացա, որ պիտի նստեմ, որովհետև արդեն մի քանի շաբաթ կլիներ թափառում էի։ Ինքնաշարժի մեջ նկատեցի առջևում նստած զորապետին, իսկ վարորդը այն նույն հարևանն էր, որ զորապետին հրահան տվեց և զորապետը ասաց. «Մերսի»։
Չգիտեմ, գուցե մի քանի յոթ օր ինքնաշարժի մեջ էինք, մինչև քաղաք հասանք և եթե զորապետը միզելու համար չիջներ ինքնաշարժից՝ ես երբեք չէի կարող փախչել։
Միայն տարիներ անց զորապետի տղան անձրևի տակ ինձ ասաց. «Հայրս ուզում էր քեզ քաղաքից դուրս տաներ ու թաղեր, բայց երբ թառի մարմնի կանաչ մոխրին մոտեցավ, հարևաններից մեկին հարցրեց, թե արդյոք փախստական չի՞ տեսել, և հարևանը ասաց. «Ոչ»։ Միայն երբ թառի մարմնի կանաչ մոխիրը մի կողմ տվին, տեսա Օսթադ Զամանի դողացող, կմախքացած մատները… ասես թառ նվազելիս լիներ»։
Թարգմանությունը պարսկերենից՝ Էդուարդ Հախվերդյանի