ԿԱՐԵՆ ԱՆՏԱՇՅԱՆ | Բանակային թեման իբրև խոսքի ազատության ակտ հայ արդի արձակում


Բովանդակություն

  1. Ներածություն
  2. Հեղինակների ընտրանքային խումբը
  3. Խաղաղության բանակ
  4. Բանակային գրականության լեզուն
  5. Հայ զինվորի բարոյական չափանիշները
  6. Սոցիալական շերտավորման հիերարխիան
  7. Զինվորն իբրև քաղաքացի
  8. Հայ սպայի կերպարը
  9. Վերջաբան
  1. 1.   Ներածություն

Այս հետազոտության նպատակը արդի հայ բանակի և արդի հայ գրականության ունեցած փոխհարաբերությունների բացահայտումն է: Կփորձենք հասկանալ`

–      բանակի մասին ի՞նչ հաղորդագրություն է բերում գրականությունը բանակից,

–      ինչպիսի՞ բանակի մասին է պատմում բանակային գրականությունը և ինչպե՞ս:

Ուսումնասիրության նյութ հանդիսացող գրականության թեման` արդի հայ բանակը, շատ նեղ-ինքնատիպ և իր ստեղծման ժամանակի ու ասելիքի կարևորության մեջ ամենաարդիականներից ու հետաքրքրականներից մեկն է: Խոսել արդի հայկական բանակին առնչվող գրականությունից, իբրև բանակի ներսից կարևորագույն տեղեկատվություն հաղորդող անփոխարինելի աղբյուրի` միգուցե արդարացված է, սակայն  գրականագիտական տեսակետից` պատասխանատու, եթե հաշվի առնենք, որ այն չափազանց տաք է ու չափազանց նորեկ գրական գործընթացի ընդհանուր համատեքստում որպես նոր դիմագծվող թեմա և որպես հարյուր տոկոսով երիտասարդ հայ գրական սերնդի ասելիք:

Ուսումնասիրության գրանյութի հեղինակների ընտրանքային խումբը բնորոշվում է հետևյալ ընդհանրական հատկանիշներով` նրանք բոլորը 25-30 տարեկան տղամարդիկ են, որպես շարքայիններ կամ կրտսեր հրամանատարներ ժամկետային զինծառայություն են անցել հայկական բանակում և ծառայությունը ոչ վաղ անցյալում են ավարտել, գրում են առաջին դեմքով, նրանց բոլորի ստեղծագործությունները կարելի է գտնել ինտերնետում:

Հաշվի առնելով հեղինակներին ընդհանրացնող այս հատկանիշները, չի կարելի անտեսել, որ միգուցե բանակային թեմայով ստեղծագործելու նրանց գլխավոր շարժառիթը` սեփական կենսափորձից բխող «դեպրեսիվ ապրումի» հաղթահարումն է գեղարվեստականացումով: Սա ինքնին հետաքրքրացնում է նրանց տեքստը որպես բանակի միջով անցած մարդու պաթոլոգիա և ազատ խոսքի դրսևորում, միգուցե նաև դժվարացնում բանակի մասին համակողմանիորեն հավաստի  տեղեկատվության ստացումը: Խնդիրն այս հետազոտության շրջանակներում առանցքային կարևորություն ունի, եթե նպատակադրվել ենք բանակի մասին գրականության քննարկումը վերածել բանակի մասին քննարկման: Սակայն բանակային թեմայով ստեղծված և արդեն իսկ շրջանառության մեջ գտնվող գրանյութն իբրև անշրջանցելի փաստ ընդունելով և համեմատական վերլուծության մեթոդով զուգահեռներ տանելով ընտրված հեղինակների ստեղծագործությունների միջև` կարծում եմ` կարող ենք բավարար հիմնավորված եզրակացնել, որ, իրոք, գործ ունենք ազատ խոսքի դրսևորման հետ:

Ընտրված հեղինակներից հատկապես Համբարձում Համբարձումյանն ու Արամ Պաչյանը առանձնանում են բանակային թեմայով իրենց ստեղծագործությունների պարբերական հրապարակումներով ու խնդրահարույց բոլոր ներքին հարաբերություններին հետևողական անդրադարձներով: Սեփական բանակային կենսափորձը (որպես նորակոչիկների համար նախապատրաստական ուղեցույց-ձեռնարկ) ներկայացնում է Հովհաննես Իշխանյանն իր «Ուվալնյատի օրը» խորագրով բանակային ակնարկների շարքում:

  1. 2.   Խաղաղության բանակ

Մեր նկարագրած բանակը բնորոշելու համար ներմուծենք «Խաղաղության բանակ» պայմանական եզրը` ի նկատի ունենալով, որ ռազմական գործողությունների իրականացումը նրա գլխավոր հատկանիշը չէ: «Խաղաղության բանակի» գրականությունն էլ էապես տարբերվում է «պատերազմող բանակի» գրականությունից, վերջինիս ռազմա-հայրենասիրական, պատմական, բարոյախրատական և մոնումենտալ հատկանիշները տեղափոխելով փակ համակարգում` ներանձնային հարաբերությունների, անհատի ողբերգության, սոցիալական շերտավորման և ոչ պատերազմական իրավիճակում մարդու հանդեպ մարդու գործադրած բռնության թեմաների դաշտ:

«Միգուցե մի հազար տարի առաջ նրա առաջնորդությամբ մեր նման տղերքը կարողանային գրավել Փոքր Ասիան ու միջերկրականի ծովեզերքը, մի հարյուր տարի առաջ միգուցե մենք երկար բեղեր ունենայինք ու կռվեինք նրա հետ Տալվորիկի սարերում, բայց հիմա առանց պատերազմի զորքը մեռնում էր քրտնքախաշ ձանձրույթից ու բլոտ էր խաղում մայրաքաղաքից բերված պեռաշկու վրա:» Կ.Ա., Փիղը:

«Խաղաղության բանակի» գրականության հիմնական հատկանիշներից մեկն էլ այն է, որ նրանում գրեթե բացակայում է թշնամու, հակառակորդի կերպարը` ռազմա-պատմական գրականության դասական ընկալմամբ և հիմնական կոնֆլիկտը հասունանում է ներխմբային միջավայրում: Եթե նույնիսկ թշնամին կա էլ, ապա այն սպառնալիքի ու ագրեսիայի հիմնական աղբյուրը չէ, և ոչ մի կոնֆլիկտ ու զարգացում թշնամու շուրջ չի կառուցվում` «Մեր դիրքից մինչև ազերիների դիրքը ընդամենը հարյուր հիսուն մետր է և պարզ լսում եմ, թե նրանց դիտորդը ոնց է գետնատնակի դիտորդին ձայն տալիս։ Վստահ եմ՝ ժամ է հարցնում։ Ուրիշ ժամանակ ռուսերեն կգոռայի, կհարցնեի, բայց վախենում եմ, որ մեր վաշտի հրամանատարը կարող է գետնատնակից դուրս եկած լինի ու ինձ լսի։», Հ.Հ., Երկու Ժամ: Տեսնում ենք, թե ինչպես է հեղինակը ագրեսիայի ու լարվածության կիզակետը հակառակորդից տեղափոխում դեպի իր վաշտի հրամանատարը:

Նույն հեղինակի «Արտակարգ դրություն» պատմվածքի վերջաբանում նկարագրվում է մի իրավիճակ, երբ երկրում անկայուն քաղաքական վիճակի պատճառով հակառակորդի ակտիվացում է նկատվում դիրքերում և փոխհրաձգություն է սկսվում: Հեղինակը չի զարգացնում այդ տեսարանը` փոխարենը երկրում հայտարարված արտակարգ դրությանը զուգորդելով առավոտյան գումարտակի հրամանատարի հենակետ կատարած անակնկալ այցից առաջացած խուճապի տեսարանը, որպես երկրում հայտարարված արտակարգ դրությանը համարժեք իրավիճակ:

  1. 3.   Բանակային գրականության լեզուն

Արդի հայ գրականության կարևորագույն հարցերից մեկը` գրական լեզվաշերտերի իրացման հարցը, առավել սուր է ներկայանում բանակային թեմայով գրականության մեջ. ինչպե՞ս կերպավորել մի լեզվական տիրույթում ապրող հերոսին մեկ այլ լեզվական տիրույթում ապրող ընթերցողի համար: Վահե Բուդումյանը, օրինակ, կարծում է, որ այդպիսի խնդիր ընդհանրապես չկա և վավերագրական ճշգրտությամբ պատումը արտածում է բուն բանակային լեզվաշերտով. «Տեսե՞լ ես Մենչը Արտոյի հետ ոնց ա խոսում, մոտավորապես սենց. «Արտո ջան, ազիզ, ի՞նչ կա»  ու թշերին` բեսամփ անդուր, ոնց որ լակոտ ա ինչ ա: Հա Թեմոն, մի խոսքով հելան դուրս ես էլ հետևներից, ուզում էի ջոգեի ով ով ա, գնացի ես` չուժոյ պախմել:», Սուտի գանգստերներ: Ոչ նույն ճշտությամբ, սակայն բանավոր խոսքի ոճավորումը լայնորեն օգտագործելուն հավատարիմ է մնում նաև Հովհաննես Իշխանյանը:

Արդի հայ բանակի` իբրև համակեցության պարտադրված տղամարդկանց փակ համակարգի, ոչ կանոնադրային հաղորդակցության լեզվաշերտի կազմույթն իր մեջ ներառում է զուտ տղամարդկային լեզվամտածողության հիմնական բաղադրիչները` ա) իշխանության ու սոցիալական կարգավիճակի արտահայտություն և ընդգծում, բ) անբռնազբոսիկություն:

Արդի հայ բանակի ոչ կանոնադրական բանավոր շփման լեզվաշերտի հիմնական բաղադրիչներն են`

–      հայհոյանքը,

–      սովետական բանակից մնացած բառերն ու արտահայտությունները,

–      այսպես կոչված` «գողական օրենքների» հասկացությունները,

–      ռուսերենից հայերենացված բանակային կանոնադրական եզրերը,

–      շրջանային բարբառները:

Բանակային բարբառը, քիչ թե շատ մեկուսացված լինելով հասարակական փոխշփման միջավայրից, հարաբերականորեն փակ համակարգի նյութ է, որը դրսևորում է իր ողջ անբռնազբոսիկությունը` մեծամասամբ պահպանելով լեզվի գլխավոր գործառույթներից միայն արդյունավետ հաղորդակցության միջոց լինելու գործառույթը:

Համբարձում Համբարձումյանը, Կարեն Անտաշյանն ու Արամ Պաչյանը հիմնականում ընտրում են գեղարվեստական պատումի դասական լեզվաշերտը` բանակային մթնոլորտը ստանալով միայն ուղիղ խոսքում` օգտագործելով արդի հայերենին բնորոշ բանավոր խոսքի ոճավորումն ամբողջությամբ` «ա» օժանդակ բայ, բարբառային խոսքեր, հայհոյանքներ:  Մեկ այլ (օգտակար) ծայրահեղության է հասնում Հ.Հ.-ն` իր պատումը կառուցելով արդի հայ բանակի նորագույն տերմիններով, որոնք ներկայումս ոչ կանոնադրական բանավոր հաղորդակցության մեջ գրեթե կիրառելի չեն իրենց արմատացած ռուսական համարժեքների պատճառով` հենակետ (пост), պահպանակ (предохранитель), ձգան (курок), փամփշտանոց (магазин), փամփուշտ (патрон), դիտորդ (поставой), հերթափոխ (смена), երեկոյան անվանականչ (проверка): Դժվար է ասել, թե հեղինակի կողմից «գնդի զամպատեխ» կամ «գնդի զամպալիտ» արտահայտությունների օգտագործումը որդեգրված սկզբունքի բացթողում է, թե ուղղակի պատկերավորման միջոցի իրականից դեպի կեղծի սահմանագիծը չանցնելու մտայնություն, սակայն ասենք վերջինիս հայերեն համարժեք «գնդի հրամանատարի դաստիարակչական գծով տեղակալ» ձևակերպումը հուշում է համաձայնվել հեղինակի նախընտրության հետ:

Ընդհանրապես, ուսումնասիրության առնված բոլոր տեքստերը համեմված են բանակային բարբառի միայն բանակային միջավայրում ապրող ու հասկանալի արտահայտություններով ու բառերով, որոնք առանձին առանձին մի ամբողջ ուսումնասիրության նյութ են` իրենց բացած պատմական, աշխարհայացքային ու արժեքային շերտերով: Մի քանիսի մասին առավել մանրամասն.

Բոռզի` (ռուս.` борзый, оборзеть – обнаглеть, ճարպիկ, հնարամիտ) «օրենքով գողական տերմինաբանությամբ» վերաիմաստավորվել ու դարձել է բնորոշիչ այն մարդու համար, ով իր հնարամտության շնորհիվ կարող է ոչ մի գործ չանել ազատազրկման վայրում: Բանակում օգտագործվում է նույն իմաստով:

Գառլախ (թրք.` xxxx   կեղտոտ, անարգված, փչացած), օգտագործվում է «պիղծ» իմաստով հիմնականում որոշակի տարածքներ ու իրեր, երբեմն նույնիսկ մարդկանց բնորոշելու համար:

Խլեշ, խլեշ անել` օգտագործվում է մեկի «սրբություններին» անդրադարձող հայհոյանքը դասակարգելու համար:

Յախշի (թրք.` xxxx  լավ) օգտագործվում է որպես  «լավ տղա» արտահայտության համարժեք:

Շկոդնիկ (ռուս.` шкодник, դատարկապորտ, ձրիակեր) օգտագործվում է ընդհանուր բաժնից նախատեսվածից շատ, կամ թաքուն ուտողին բնորոշելու համար:

Ուվալնյատ (ռուս.` увольнять, ազատում զբաղեցրած պաշտոնից) օգտագործվում է զորացրվել իմաստով:

Չաթլախ (թրք.` çatlak, մտավոր հետամնաց), օգտագործվում է որպես սրբապիղծ, պղծված:

Չաստ (ռուս.` военная часть – զինվորական մաս) զորամաս:

Պալիտ (ռուս.` палить, վառել) պալիտ անել, պալիտ ըլնել, օգտագործվում է արգելված գործողություն անելիս կամ չնախատեսված վայրում բռնելը կամ բռնվելը բնորոշելու համար:

Տուլիկ  (ըստ ընդունված մեկնաբանության` հապավում է`  տնային ուտելիքներով լի կապոց): Քաղաքացիական կյանքից զորամաս զինվորի համար ուղարկվող կապոցի (հիմնականում սնունդ) անվանումն է:

Դեմբել բառը ծագում է  «Демобилизация» տերմինի, որպես ժամկետային զինծառայողների զորացրման գործընթացի, սխալ մեկնաբանությունից, այդ նշանակությամբ լայնորեն օգտագործվում է հետխորհրդային երկրներում:

 

  1. 4.   Հայ զինվորի բարոյական չափանիշները

Բանակի կենսագործունեության բոլոր ոլորտները` զինվորների և սպաների փոխհարաբերություններից մինչ ռազմական գործողություններ, կարգավորվում են տարբեր ռազմական կանոնագրքերով, որոնք ժամանակի ընթացքում անընդհատ խմբագրվելով ու համալրվելով ստացել են այն տեսքը, որ հիմա ունեն: Հայկական բանակի համար դրանք 98% ճշտությամբ խորհրդային բանակի կանոնագրքերի պարզ արտածումներն են: Սակայն այդ կանոնադրությամբ թույլատրելի կամ պարտադրվող դրույթներ կան, հատկապես միջանձնային փոխհարաբերությունների ու ներքին կարգուկանոնի կարգավորման առումով, որոնք հայ զինվորների աշխարհայացքային ու արժեքային պատկերացումների հետ անհամատեղելի են և հայկական բանակում միջանձնային փոխհարաբերությունները հատկապես ժամկետային զինծառայողների միջև կարգավորվում են այդ կանոնագրքերում սահմանվող դրույթների հետ կապ չունեցող «չգրված օրենքներով», որոնք անվերջանալի հակասության ու հակադրության մեջ են միմյանց հետ` բազմաթիվ կոնֆլիկտների ու ողբերգությունների պատճառ դառնալով: Կ.Ա.«Փիղը» պատմվածքում այդ արժեքային դրույթները «Լավ տղու կոդեքսը» խորագրով բերվում են գրեթե ակադեմիական սահմանումների ճշտությամբ`

            (հատված)

«Լավ տղու հիմնարար սրբությունն իր ինքնասիրությունն է:

Լավ տղու հատկանիշներն են` շնորհքը, մաքրությունը (հոգեմարմնական), պատասխանատվությունը ասածների և արածների համար:

Լավ տղու թվարկելի սրբություններն են` ծնողները (որոշ վերապահումներով), կենսաբանական ախպերներն ու նրանց հավասարեցվող անձինք, եթե լավ տղերք են, կենսաբանական քույրերն ու նրանց հավասարեցվող անձինք, եթե օրինավոր են, բոլոր նրանք, ում լավ տղեն ընդունում է որպես ախպեր կամ քույր, ընտանիքը, տունը, հացը, սեփական և այլ լավ տղերքի երեխեքը, ընկերները (հիմնականում լավ տղերքի համար կինը կամ սիրած աղջիկը սրբություն են, բայց սա չի պնդվում):

Լավ տղեն չի խաբում լավ տղերքին:

Լավ տղուն չեն խաբում այլ լավ տղերքը:

Լավ տղուն չեն կարող ասել, թե նա ինչ և ինչպես անի:

Տղամարդու կամ կնոջ հետ «կրավորական» դիրքերով օրալ և անալ սեքսուալ հարաբերությունների փորձառությամբ տղամարդիկ և կանայք միակողմանիորեն համարվում են պիղծ և լավ տղեն պետք է բացառի նրանցից սնունդի ընդունումը ու նրանց օգտագործած իրերի (հիմնականում սպասքի) օգտագործումը:»

Վարքագծի կանոնների հատվածական սահմանումներ կարելի է գտնել գրեթե բոլոր հեղինակների մոտ:

«Չի կարելի որևէ մեկին սրբություն հայհոյել, ինչ ձևով ուզում է լինի: Բանակում դա կոչվում է «Խլեշ անել»: Խլեշ թույլատրվում է միայն սպաներին և մնացած պագոնավորներին, թեև ասեմ, որ դա էլ խորհուրդ չէի տա կիրառել կամ, գոնե եթե կիրառում եք, անել դա միայն ծայրահեղ հիմնավորված դեպքում:», Լիոն, Չգրված օրենքներ:

«Գառլախ տարածքն էն տեղն է, որ ինչ-որ ժամանակ օգտագործվել է որպես պետքերը հոգալու տեղ, որտեղ ծառի տակ միզել են կամ կղել: Գործող զուգարանն էլ է գառլախ տարածք: Գառլախում կարելի է քայլել, բայց ինչ-որ բան վերցնելը տաբու է: Գառլախը սեփական կամ ուրիշի կեղտին դիպչելն է կամ կեղտի հետ առնչություն ունեցող տարածքում որևէ առարկայի դիպչելը: Եթե որևէ մեկը գառլախ տարածքում ընկած բան վերցնի, ինքն էլ է գառլախվում ու մնացած զինվորները նրան ընդունում է որպես գառլախ: Ոչ ոք իրեն` գառլախին չի կպնում, ոչ ոք հետը հաց չի ուտում, կարծես թե գառլախվածն էլ է համարվում գառլախ տարածք ու վրան կպցրած է «անարգված է» ցուցանակը:» Հ.Ի.,Գառլախ:

«Սևը (փրչոտը) ընդհանուր առմամբ ասեց, որ «Իրանց» ջանքերով «ավել անելը ստե էլ մոմենտ չի» ու ընդհանրապես, չաստում չկա գործ, որը «լավ տղու հագով չի, բացի զուգարան մաքրելը»,  Կ.Ա., Փիղը:

  1. 5.   Սոցիալական շերտավորումը բանակում

Ժամկետային զինծառայության հենց առաջին պահից, մեծ հաշվով` պատահականության սկզբունքով, միմյանց հետ համակեցության պարտադրված երիտասարդ տղամարդկանց միջև սկսվում է փոխադարձ ճանաչողության ու դերերի բաշխման ցավոտ սոցիալական գործընթաց:  Հիմա պետք է հաստատվի, թե ովքեր են որոշում ընդունողները, ովքեր` կատարողները, ովքեր են թույլերը, ովքեր` ուժեղները: Այսինքն` համակեցության նոր համակարգն իր նորմերով փակ համակարգում ձևավորում է որոշակի սոցիալական շերտավորման հիերարխիա: «Ոմանք դա կանխամտածված են անում, ոմանց մոտ ինքնաբերաբար է ստացվում (ինչպես իմ), ոմանք վիզ են դնում դրա համար, մարդ են մեջ գցում, ծեծ են ուտում, ոմանք արժանանում են դրան, ոմանք պարգևատրվում և ոմանք էլ պատժվում են դրանով: Այսինքն այն միշտ մի ձև առաջանում է, որովհետև բոլորն ուզում են հնարավորինս շուտ հասկանալի դարձնել անորոշն ու հիմնավորված վերաբերմունք ունենալ քո նկատմամբ: » Կ.Ա., Փիղը:

Հետազոտելով քննության առնված գրանյութը` կազմենք ժամկետային զինծառայողների միջև ոչ ֆորմալ սոցիալական դերաբաշխման հիերարխիան, որ կարելի է ներկայացնել պայմանական չորսաստիճան բուրգի ձևով  (տես` Աղ.):

Աղյուսակ: 01 սոցիալական շերտավորման հիերարխիան ՀՀ բանակում

Հ Աստիճան Կարգավիճակային ֆորմալ անուններ
1 Ամենաբարձր նայող, պալկավոյ
2 Բարձրին մոտ կամ միջին յախշիներ, լավեր, լավ տղերք, բորզիներ
3 Ցածր հարիֆություն
4 Ամենացածր չաթլախներ, գառլախներ

Եթե կա պաշտոնական կանոնադրությունից անկախ վարքագծի կանոնների ու բարոյական նորմերի «չգրված օրենքներ», ապա պետք է լինեն նաև այդ կանոնների պահապաններն ու դրա «զոհերը»:

Ա.Պ.«Կարդինալ Գուգոն և Մադամ Բովարին» ու Կ.Ա.«Փիղը» պատմվածքներում առանցքային հերոսները այդ սոցիալական հիերարխիայի ամենավերևում կանգնած մարդիկ են` Կարդինալն ու Փիղը: Այս երկու հերոսների միջև հետաքրքիր աղերսներ կան: Նրանց շուրջ սարքվում են բազմաթիվ ներզորամասային միֆեր ու պատմություններ, «Գուգոյի մասին հազար ու մի լեգենդներ էին պատմում… ասում էին, որ ահավոր դաժան բնավորություն ունի ու երբեք սխալ չի ներում, ասում էին, որ զորամասի հրամանատարի մատը կծելով պոկել է, ասում էին, որ թույն սենյակ ունի, ու մոտը սիրուն աղջիկներ են գալիս:» Ա.Պ., Թռչուններ:  

Նրանք միևնույն ժամանակ խորը ենթագիտակցական սարսափի ու սակրալ պաշտանմունքային զգացողությունների աղբյուր են` «Երբ տաք ջրի ու գոլորշու շիթի մեջ մաքրվող ու հանգստացող մեր զինվորական օրգանիզմները լվացվում էին անազատության կեղտից ու խաղաղվում, Փիղը շրջվում էր դեպի մեզ, ջրի տաք շիթը լվանում էր նրա մարմնից օճառը ու մերկացնում նրան և բոլորը, ով թաքուն` աչքի ծայրով, ով անթաքույց, նայում էին նրա անդամին, որ պարզապես մի բան չէր, որ բոլորիս վրա էլ կար. այն իսկական ֆալոս էր, նրանից լույս էր ճառագում, կաթնագույն ու մեղրահամ լույս:», Կ.Ա., Փիղը:

Նրանց կերպարի ընկալման միջոցով բացվում է բանակային փակ ու կեղտոտ համակարգից դեպի մեկ այլ` հոգևոր տիրույթ տանող ուղի: Նրանց սրբագործումը  հեղինակների կողմից հատկապես ընդգծվում է նախկին քաղաքացիական կյանքում սոցիալական բարեկեցության նախադրյալների մերժումով` առաջինը որբ է, մյուսը` սովորական ընտանիքի սովորական տղա: Ամենահետաքրքիր զուգորդությունը` նրանք երկուսն էլ դանակահարվելով սպանվում են պատումի վերջում ծառայողական պատճառներով:

«Փիղը» պատմվածքում փորձ է արվում բացահայտել զինվորական ոչ ֆորմալ հիերարխիայի ամենավերևում կանգնածի միստիկ ընկալման արխետիպային հիմքերը` «Մեր մեջ, ախպերնե՛ր, նստած ա Փղի կերպարը` որպես մեր պայմանական «ցեղի»  գլխավոր որձ: Դե ոնց որ կապիկների, գայլերի, վայթե առյուծների մոտ ա, կա մի որձ` ամենաուժեղն ու ամենասիրունը, ամենաառողջն ու ամենասեքսոտը, որ բեղմնավորում է բոլոր, անխտիր բոլոր էգերին, դե դա բնության հաշվարկով «վռոդե» ճիշտ բան ա, Փիղն էդ գլխավոր որձն ա, մենք էլ, ասենք, էդ մնացած անկապ որձերն ենք, որ պետք ենք որսի-բանի համար, բայց ոչ սերունդ տալու, դեռ է՜ն գլխեն էդպես ա եղել, ու հիմա մեր մեջ նստել ա զոհի, խեղճի, անսերունդ մնալու, մահվանը պատրաստ զինվորի հոգեբանությունը»:

Առանձնակի ուշադրության են արժանի նաև հիերարխայի ամենաներքևում գտնվող զինվորների կերպարները: Սրանք հենց այն մարդիկ են, ովքեր ամենից շատն են տուժում: Նրանք են համակարգի և իրերի այսպիսի դրվածքի զոհերը: Մարդիկ, ովքեր խախտել են սրբության սրբոց կանոններն ու մինչ զինծառայության ավարտը ստիպված են կրելու այդ բեռն իր ողջ ծանրությամբ:

ԱՊ-ն իր «Թռչուններ» պատմվածքում, որն ի դեպ քննության առնված պատմվածքներից միակն է մոգական ռեալիզմի տարրերով, նկարագրում է Բիբիկ մականունով հերոսի, ումից կախված է «լավ տղա» համարվող Գոջու ճակատագիրը, որովհետև միայն Բիբիկը կարող է անել այն «պիղծ» աշխատանքը (զինվորական զուգարանի մաքրությունը), որը պարտադրվել է Գոջուն: ԱՊ-ն իրեն հատուկ սուր դրամատիզմով նկարագրում է այն ստորացուցիչ վիճակը, որում գտնվում է Բիբիկը` մերժված զինվորներից ու ստորացված սպայակազմի կողմից` «Բիբիկ, քուրիկդ սիրուն ձեռագիր ունի, համոզի բեր իմ համար, մինչև չբերես` զուգարանից դուրս չես գա», ասում է նրան լեյտենանտ Գեգեն:

Պատմվածքի ամբողջ կոնֆլիկտը կառուցվում է գլխավոր հերոս Սևի շուրջ, ով զինվորական  բարձր կարգավիճակ ունենալով` պետք է փրկի Գոջուն պահպանել իր «լավ տղու մաքրությունը» և ձեռնամուխ է լինում Բիբիկին զուգարանի մաքրության համար բերելու գործին:  Նա գիտակցում է, որ ո՛չ ինքը, ո՛չ Գոջին ոչնչով լավը չեն Բիբիկից, սակայն այնուամենայնիվ բերում է` կատարելով իր «պարտականությունն ի պաշտոնե»: Գործող բարոյական կանոնների ու հերոսի ներքին համոզումի միջև կոնֆլիկտը, այսինքն` սոցիալական արդարության վերականգնման ուղին հեղինակը լուծում է Սևի կողմից լեյտենանտ Գեգեյի սպանության ու հաջորդող ինքնասպանության միջոցով:

«Թռչուններում» Բիբիկի այդ կարգավիճակում հայտնված լինելու պատճառների մասին ոչինչ չի խոսվում, բայց «Փիղը» պատմվածքում ոչ ավանդական սեռական կողմնորոշումը կամ «լավ տղու կոդեքսին» հակասող սեռական փորձառությունը բերվում է իբրև մարդկանց դասակարգելու նախապայման իր հաջորդող հետևանքներով` «Քյավառցի Ծըծն ու Ծուծը օրալ սեքսում անմիջական կրավորական մասնակցություն ունեցած լինելու ոչ անհիմն կասկածների պատճառով` ճաշարանի անկյունում առանձին, մեկ տեղանոց սեղանին էին հաց ուտում, զարմանալիորեն միշտ ջոկ-ջոկ, որովհետև տանել չէին կարողանում միմյանց: Որովհետև Ծըծի ծըծ լինելը Ծուծն էր բացահայտել:»

«Արա, էսի ինձ էլ, զամպալիտին էլ բռնել կտա, Յաշիկ, դու հո բոզ չես, արա»: Հրամանատարի ասածը իսկապես զվարճալի է, որովհետև գումարտակում բոլորին հայտնի է, որ Դամբուլը նրա գործ տվողն է, նրա անձնական օգտագործման մատնիչը: Հ.Հ., Քարոզարշավ:

«Փչանալու» մեկ այլ հավանական ուղի է մատնանշում Հ.Ի.-ը` «Մեկն էլ տուլիկիցս էր ուտելիք տարել, 10 րոպե պահանջվեց, որ ես ու Աշը պալիտ անենք դրան: Բայց չթողեցի պուբլիկավատ արվի, խիղճս չտվեց, որ հարիֆի ծառայությունը իմ ձեռով թթվի, որ ամեն անցնող ասի. «էս էն չաթլախն ա ու թքի վրեն», Հաց գողցողը:

Եթե սոցիալական շերտավորման հիերարխիայի ամենավերևում կանգնածի կերպարն ընկալվում է որոշակիորեն սրբագործված ու «արդարացիորեն» արտոնյալ, իսկ ամենաստորին աստիճանի վրա գտնվողների մերժվածությունն ու մեկուսացվածությունն «արդարացիորեն» ստորացված, ապա միջին մակարդակում գտնվող արտոնյալների ու ոչ արտոնյալների «դասակարգերը» մշտական լարվածության մեջ են միմյանց հետ ու մի կողմից իշխանության պահպանման, մյուս կողմից` այդ իշխանության բողոքարկման մշտական պայքար կա, որովհետև ակնհայտորեն միևնույն «լավ տղա» կատեգորիայում գտնվելով` իրավունքների ու պարտականությունների անհավասարաչափ բաշխումը սոցիալական անարդարություն է վկայում: «Երբ խոհարարը խորովածը քաշեց շշերից ու տարավ ներս, հետևից գնացինք: Բայց ներս չէինք էլ մտել` խոհարարը մեր տղերքի հետ դուրս եկավ ու ասաց. «Չմտնեք, Գրիշը ասեց` էս հազիվ մեզ հերիքի»: Մեր աչքերը չռվեցին: Մեկը համարձակվեց ասել` «Էդ մի էծը իրա՞նք պիտի ուտեն», – ու ցրվեցինք:, ՍԳ, Նրա աչքերը:

«Բա որ,- արտահայտվում է Երևանցի Չամուռը,- կամբատը քո պատճառով գումարտակին պատժի, կարալ տես երկու հարյուր հոգուն պատասխան տաս քո արարքի համար»: Չամուռը գումարտակի այն «լավերից» է, որոնց սպաների մեկի պատճառով բոլորին պատժելու  մեթոդը ձեռնտու է, որովհետև նրան հնարավորություն է տալիս այդ մեկի վրա «կեղտ բռնել» ու նրա վրա իշխանություն ունենալ: Հ.Հ., Ընտրություն:

  1. 6.   Զինվորն իբրև քաղաքացի

Զինվորական ծառայությունը` հատկապես զինապարտության օրենքով սահմանվող ժամկետային զինծառայությունը, բնորոշվում է քաղաքացիական մի շարք իրավունքների ու ազատությունների սահմանափակումով: Սակայն նույնիսկ զինծառայողների համար սահմանադրորեն ամրագրված ընտրության ազատության դրույթի փաստացի իրացումն աննկարագրելի հեռու է ամրագրվածից:

Հ.Հ.-ը «Քարոզարշավ», «Ընտրություն», «Արտակարգ դրություն» եռագրության մեջ մանրամասնորեն նկարագրում է զորամասի ներքին կյանքը ընտրությունների նախաշեմին` ի ցույց դնելով բոլոր այն «տեխնոլոգիաները», որով զորամասի բարձրաստիճան հրամանատարական կազմը դրդում է ժամկետային զինծառայողներին ընտրել իր (կամ իրեն հանձնարարված) թեկնածուին, որը, բնականաբար, օրվա իշխանությունների թեկնածուն է: Ընտրությունները կարևոր քննության նախապատրաստություն են հիշեցնում բարձրաստիճան հրամանատարների կողմից, ովքեր ակնհայտ հրահանգ են ստացել և պարտավորված են այն իրացնել անվրեպ: Գնդի հրամանատարության կողմից նույնիսկ շրջանառվում է սեփական քարոզչական կարգախոսը` «Մի միտք, մի որոշում, մի հավատք, մի թեկնածու», ՀՀ, Քարոզարշավ:

Քաղաքական դիրքորոշում չունեցող զինվորների մեծամասնության համար ընտրությունների օրվա սպասումը տոնի սպասումի է նման, որովհետև այդ օրը տարբերվելու է ծառայողական պարտականություններով սովորական օրից, սակայն քաղաքական դիրքորոշում ունեցող զինվորները «վտանգավոր» են դառնում ինչպես սպաների, այնպես էլ մնացած զինվորների համար, որովհետև առաջինները կարող են խնդիրներ ունենալ գնդի հրամանատարների, իսկ վերջիններս` իրենց վերադասների հետ:

Քաղաքական այլակարծությունը զինվորի համար դառնում է մեկուսացման ու հնարավոր հետապնդման պատճառ: «Ես Սերժին չտեմ ընտրի». զգուշացնում է լոռեցի Նժդեհը: Նրա ծնողները ընդդիմադիր են,  մինչև զորակոչվելը ընդդիմության միտիգներին է մասնակցել: «Հետոյի մասին չես մտածում». ասում է Աբովյանցի Կյաժը: «Ի՞նչ տեն անի, ուշունց տեն տա, մի քանի սիլլա տեն տա, կուբախտ տեն նստացնի, թող անեն»: ՀՀ, Ընտրություն:

Զինված ուժերը գործիք են դառնում գործող իշխանության համար ոչ միայն երկրի արտաքին անվտանգության պահպանման, այլև ներքին քաղաքական խնդիրների լուծման համար, իբրև ամենավերջին ու ամենազորեղ գործիք: Անկախ գործող իշխանություններից անընդհատ կրկնվող այդ պատմական դեժավյուն նկարագրում է ՍՀ-ն իր «Ես ու իմ ընկեր Շուռը» պատմվածքում` «Բա հիշու՞մ ես, որ տանկերը կոխել էին հրապարակ, մեզ էլ դատախազության դեմի սադում` վրանների մեջ էին պահում… Ախպեր, ծառայության մեջ միշտ էլ հավեսով եմ եկել Էրևան, բայց էդ միակ անգամն ա, որ Էրևան գալուս համար փոշմանել եմ… »:

Ժամկետային զինծառայողի զինվորական պարտականության ու քաղաքացիական, մարդկային դիրքորոշման միջև հակասությունը սրվում է, երբ զինծառայող-քաղաքացին ի պաշտոնե, պարտականություններից ելնելով` օգտագործվում է իր սեփական քաղաքացիական-մարդկային դիրքորոշմանը հակասող գործողության մեջ` «Գումարտակի տղաներից շատերը հույս ունեն, որ մեր գումարտակն էլ Երևան կտանեն: Ավելի հեռատեսները հասկանում են, որ զինվորներին զբոսնելու կամ հարազատներին տեսակցելու համար չեն Երևան տանում, այլ գուցե հենց իրենց բարեկամներին զսպելու համար: Քննարկում ենք, թե ով ինչպես կվարվի, եթե մեզ տանեն, ժողովրդի առջև կանգնեցնեն և հրամայեն առաջխաղացման դեպքում կրակել:» ՀՀ,  Արտակարգ դրություն:

  1. 7.   Հայ սպայի կերպարը

Քննության առնված բոլոր ստեղծագործությունների հեղինակները ժամկետային զինծառայողներ են, այդ պատճառով միգուցե սխալ է բանակային գրականության մեջ հայ սպայի ամբողջական կերպարի հավակնությամբ կերպարի կառուցումը, սակայն ևս մեկ անգամ ընդգծեմ, որ արդեն իսկ որպես անշրջանցելի փաստ առկա ու ակտիվ ընթերցման ու քննարկման համացանցային տիրույթում գտնվող այս գրականությունը ստեղծում է որոշակի ընդհանրականություն բանակի ներքին մթնոլորտի մասին, որն ուղղակի հնարավոր չէ զանց առնել: Փորձենք հասկանալ, թե ինչպիսի սպայի մասին է պատմում «զինվորական» գրականությունը:

Սպայի կենտրոնական կերպար կա Ա.Պ.«Ճագարի օրագրից» պատմվածքում: Այն ծառայությունն ավարտած զինվորի պսեվդոերկխոսությունն է այն սպայի հետ, ով ծառայության ընթացքում պարբերաբար կտտանքների ու ծեծի է ենթարկել իրեն: Հետբանակային հոգեբանական խոր տրավմայի մեջ հայտնված զինվորի համար կյանքը երկու մասի է բաժանվում` մինչ ծառայությունն ու ծառայությունից հետո: Սեփական պաթոլոգիան գիտակցող զինվորի ներքին պսեվդոերկխոսության կիզակետում հրամանատարն է` զինվորի հանդեպ իր չարդարացված բռնության մանրամասն նկարագրություններով ու նրա չարագործ կերպարի ամբողջականացմամբ:

Հեղինակի «Թռչուններ» պատմվածքում հանդիպում ենք մեկ այլ սպայի կերպարի, որ նորից հրեշավոր ցինիզմի մեջ է ներկայանում` «զուգարան մաքրող» Բիբիկի հանդեպ իր կտտանքներով:

Սպայի բացասական` մեկ ագրեսիվ բռնակալի, մեկ` անկամ թուլամորթի կերպարներով են հարուստ ՀՀ-ի պատմվածքները: «Քիթդ կկծեմ, կթքեմ դեմքիդ». գումարտակ մտավ Գիժը ու ինչ-որ մեկին հարամեց: ՀՀ, Ընտրություն: Կամ` «Վաշտի հրամանատարը անձնագրով բոզի տղա է: Մի օր կարող է բոլոր դիտորդներին դիրքերից իջեցնել ու նրանց հետ նստել տնական օղի խմել, մյուս օրը գետնատնակում քնած ժամանակ տռելու համար հենակետին տագնապ տալ ու ժամերով ամբողջ անձնակազմը վերևում պահել: Կարող է իր հեռախոսը տալ, որ տուն զանգես, կարող է ձմռան ցրտին անձնակազմին դուրս հանել ու երկար պահել, որ իր հեռախոսային զրույցը չլսենք: Ամեն ինչ կախված է նրա տրամադրությունից:» Երկու Ժամ: 

Ցածր հրամանատարական կազմի ու ժամկետային զինծառայողների միջև հարաբերությունների տիպական մոդել է նկարագրվում նույն պատմվածքում` «Վաշտի հրամանատարը լավ տղա է խաղում, մեզ մոտ գումարտակի հրամանատարին ու նրա տեղակալներին բոզ է անվանում, վաշտի յախշիների ու լավերի հետ իբր ընկերություն է անում, նրանք էլ ձևացնում են իբր նրան սիրում ու հարգում են, բայց իրականում բոլորս էլ գիտենք, որ եթե պետք լինի, իր կաշին փրկելու համար մեզ գումարտակի հրամանատարի ձեռքն էլ կհանձնի, ռազմական ոստիկանությունում էլ կբոզանա:»

Առանձնահատուկ ջանք պահանջվեց գտնելու հայ սպայի թեկուզ մեկ դրական կերպար քննվող բանակային գրականության մեջ` «Չոխ մականունով վաշտի հրամանատար կա այդ զորամասում, ու եթե ինչ-որ մեկին քաղցրավենիք են ուղարկում տնից, ապա այդ կոնֆետները նա հատիկ-հատիկ բոլորին հավասար բաժանում է` «բլատնոյ» լինես, թե ոչ:» Ա.Ա., Եղնիկների չաստ: Այս փոքրիկ ակնարկում խոսվում է սահմանապահ զորամասում ծառայող մի սպայի մասին, ով սոցիալական արդարության պահպանման գլխավոր երաշխավորն է:

  1. 8.   Վերջաբան

Հայոց բանակ` միաժամանակ ուրախության և ցավի տարօրինակ խառը զգացողություններ առաջացնող հաստատություն և հասկացություն բոլոր նրանց համար, ովքեր առիթ են ունեցել առնչվելու բանակի հետ: Հայոց բանակ` սրբության սրբոց մի բան, որի մասին միշտ ընդունված է խոսել զգուշությամբ, հոտնկայս, ձայնի մեջ հպարտության խորին զգացում ու ակնածանք, առ այն, որ երկրի անվտանգության գլխավոր երաշխավորն է և առ այն, որ մենք քիչ ենք առիթ ունեցել հպարտանալու բանակ ունենալու և նրա հաղթանակները վայելելու փաստով ընդհանրապես: Հայոց բանակ` հոգեբանական և ֆիզիկական համակեցության հարաբերականորեն ընդհանրական մեծ մամլիչ, որի միջով անցնող երիտասարդ տղամարդկանց իրար հաջորդող սերունդներն ընդհանուր հիշողություններ ունեն իսկական ընկերության, իշխանության համար պայքարի, բռնության, անարդարության, չբավարված ցանկությունների,  երազանքների ու հերոսության տխուր ու երջանիկ պատմությունների շուրջ:

Ընդհանրապես` հայ գրականության և գրականագիտության պատմության մեջ դժվար է առանձնացնել ուսումնասիրություններ, որ զբաղվում են բանակի ներքին կյանքը ներկայացնող գրականության քննությամբ. Նախ` անցյալում այդպիսի ստեղծագործությունների բացակայության և հետո` բանակի ավանդական սրբագործման պատճառով:

Այս ուսումնասիրությունն իր բոլոր եզրահանգումներում խնդիրներ է ի ցույց դնում, որոնց մասին սովորաբար ընդունված չէ խոսել, համենայն դեպս` պաշտոնական լրահոսի շրջանակներում, սակայն մենք դա անում ենք արդի հայ բանակը որպես առավել առողջ մի հաստատություն ունենալու մտահոգությամբ: Ես, որպես ՀՀ Զինված ուժերում ժամկետային զինծառայության բոլոր հնարավոր դժվարությունների միջով անցած ՀՀ քաղաքացի, ինձ թույլ եմ տալիս այսպիսի քննադատության շռայլությունը` միևնույն ժամանակ գիտակցելով, որ ինչքան էլ բանակի մասին խոսակցությունները սրվեն ու հասարակական քննարկման լայն առիթ հանդիսանան վատ իմաստով` բոլորս էլ միշտ պետք է զգուշավոր լինենք` թույլատրելի սրտացավության ու անթույլատրելի քննադատության սահմանը չանցնելու համար:

Օգտագործված գրականության ցանկը

  1. Արամ Պաչյան` «Ռոբինզոն և 13 պատմվածքներ», պատմվածքների ժողովածու
  2. Կարեն Անտաշյան` «Փիղը», պատմվածք
  3. Համբարձում Համբարձումյան` «Երկու ժամ», «Քարոզարշավ», «Ընտրություն», «Արտակարգ դրություն», պատմվածքներ
  4. Սևադա Գրիգորյան` «Նրա աչքերը», պատմվածք
  5. Սարգիս Հովսեփյան` «Ես ու իմ ընկեր Շուռը», պատմվածք
  6. Վահե Բուդումյան` «Սուտի գանգստերներ», պատմվածք
  7. Հովհաննես Իշխանյան` «Ուվալնյատի օրը» բանակային ակնարկների շարք (սույն աշխատանքի ստեղծումից հետո հրատարակվել է գրքով)
  8. Լիոն` «Չգրված օրենքներ», ակնարկ
  9. Արման Ասատրյան` «Եղնիկների չաստ», ակնարկ


Օգտագործված հապավումների ցանկը

Ա.Ա. – Արման Ասատրյան

Ա.Պ. – Արամ Պաչյան

ԺԶ – ժամկետային զինծառայող

Կ.Ա. – Կարեն Անտաշյան

Հ.Ի. – Հովհաննես Իշխանյան

Հ.Հ. – Համբարձում Համբարձումյան

Ս.Գ. – Սևադա Գրիգորյան

Ս.Հ. – Սարգիս Հովսեփյան

Վ.Բ. – Վահե Բուդումյան

Աշխատանքը ստեղծվել է «ԵՎՐԱՍԻԱ-ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
«Արտահայտման ազատության և ժողովրդավարության դրսևորումները հայ գրականության մեջ» ծրագրի շրջանակներում

Բեռնել թվային տարբերակը

Share Button

Նշանաբառ՝

1 Կարծիք

  • Ani Hovnanyan says:

    Թեման խիստ արդիական է,սակայն կարևոր է պահել սահմանը արտաքին ոիժերի կողմից մեր դեմ ուղղված հակաքարոզչության առիթ չդարձնելու համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *