Իոսիֆ Բրոդսկի | Բռնապետության մասին

Հիվանդություն ու մահ. այսքանով թերևս սահմանափակվում են բռնապետի ու իր հպատակների ընդհանրությունները: Միայն սա արդեն թույլ է տալիս պնդել, որ ժողովուրդը շահում է, եթե բռնապետը ծեր է: Չեմ ուզում ասել, թե մահկանացու լինելու գիտակցումը պարտադրորեն խաղաղեցնում ու մեղմում է նրա բնավորությունը, այդուհանդերձ այն ժամանակը, որ նա ծախսում է, ասենք, սեփական նյութափոխականության շուրջ խորհրդածությունների վրա, պետական գործերից կորզված ժամանակ է: Քիչ թե շատ խաղաղ ժամանակաշրջանները ինչպես ներքին, այնպես էլ միջազգային կյանքում ուղիղ համեմատական են ձեր Գլխավոր քարտուղարի կամ Ցմահ նախագահի հիվանդությունների թվին: Անգամ եթե բավարար չափով ընկալունակ է տիրապետելու լրացուցիչ կոշտության արվեստին, որին ուսուցանում են բոլոր հիվանդությունները, նա սովորաբար չի շտապում այդ նոր որակը կիրառել պալատական խարդավանքներում կամ արտաքին քաղաքականության մեջ: Թեկուզ այն պատճառով, որ բնազդաբար ձգտում է վերադառնալ իր առողջ վիճակին և նույնիսկ համոզված է, որ լիարժեքորեն ապաքինվելու է:

Իոսիֆ Բրոդսկի, Անվանափոխված քաղաքի ուղեցույց

Սեփական հոգու մասին խորհրդածելու ժամանակը բռնապետն օգտագործում է ստատուս քվոն պահպանելու ուղիներ ծրագրելու համար: Որովհետև նման դիրքում մարդը չի տարբերակում ներկան, պատմությունն ու հավերժությունը. պետական քարոզչությունը միաձուլել է դրանք` ի հարմարություն և՛ բռնապետին, և՛ բնակչությանը: Նա կառչում է իշխանությանը ճիշտ այնպես, ինչպես ցանկացած տարեց մարդ` կենսաթոշակին ու խնայողություններին: «Վերևների» պարբերական զտումները ժողովուրդն ընկալում է որպես փորձ` պահպանելու այն կայունությունը, որի տեսլականով էլ ամենից առաջ ղեկավարվում էր, երբ թույլ էր տալիս, որ հաստատվի բռնապետությունը:

Եզակի դեպքերում է գագաթը պայմանավորում բուրգի կայունությունը, այդուհանդերձ գագաթն է, որ գամում է մեր ուշադրությունը: Վաղ թե ուշ երկրաչափական այդ հոգեմաշ կատարելությունը ձանձրացնում է, ու հայացքդ պարտադրաբար փոփոխություն է պահանջում: Տեղի ունեցող փոփոխությունները, սակայն, գրեթե միշտ դեպի վատն են: Տարեց մարդը, որը պայքարում է զորությունն ու դիրքը չկորցնելու համար, ինչը հատկապես տհաճ է իր տարիքում, առնվազն միանգամայն կանխատեսելի է: Որքան էլ արյունարբու ու նողկալի լինի այդ պայքարում, դա դույզն իսկ չի անդրադառնում բուրգի ո՛չ ներքին կառուցվածքի, ո՛չ էլ գցած ստվերի վրա: Ասենք, նրանք, ում դեմ պայքարում է` հակառակորդները, լիովին արժանի են դաժան վերաբերմունքի թեկուզ այն պատճառով, որ չնայած տարիքային տարբերությանը, նույնական են իրենց հավակնություններում: Քանզի քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ջունգլիի օրենքներ որդեգրած զուտ երկրաչափություն:

Վերևում` ասեղի ծայրին, մեկ հոգու տեղ կա միայն, և գերադասելի է, որ այդ մեկը ծեր լինի, քանի որ ծերերը չեն ջանում հրեշտակակերպ ներկայանալ: Ծերացող բռնապետի միակ խնդիրը սեփական դիրքը պահպանելն է, նրա ամբոխավարությունն ու կեղծավորությունը հպատակների ուղեղների վրա չեն ծանրանում դրանց հավատալու անհրաժեշտությամբ կամ շարադրանքի բազմակերպությամբ: Մինչդեռ նորահայտ ջահելը, իր անկեղծ կամ կեղծ ջանադրությամբ ու նպատակասևեռումով, ի վերջո բարձրացնում է հանրային ցինիզմի մակարդակը: Հետադարձ հայացք ձգելով մարդկության պատմությունը, կարող ենք վստահաբար ասել, որ ցինիզմն է առաջընթացի ճշմարիտ չափանիշը:

Քանզի նոր բռնապետերը միշտ ներմուծում են երեսպաշտության ու դաժանության նոր խառնուք: Ոմանք ավելի հակված են դաժանության, մյուսները` երեսպաշտության: Հիշեք Լենինին, Հիտլերին, Ստանիլին, Մաոյին, Կաստրոյին, Քադդաֆիին, Հոմեյնիին, Ամինին և մյուսներին: Նրանք միշտ գերազանցում են իրենց նախորդներին ու նորովի են ոլորում քաղաքացիների ձեռքերը, թերևս` նաև դիտորդների ուղեղները: Մարդաբանի համար (այս ամենին, անշուշտ, զգալի հեռավորությունից հետևող) զարգացման այս կերպը մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ ընդլայնում է մեր պատկերացումները մարդկության՝ որպես տեսակի մասին: Հարկ է նշել, սակայն, որ նկարագրված գործընթացը հավասարապես պայմանավորում են ինչպես տեխնիկական առաջընթացն ու ընդհանուր բնակչության քանակական աճը, այնպես էլ տվյալ բռնապետի չարակամությունը:

Մերօրյա սոցիալ-քաղաքական բոլոր կազմավորումները` ժողովրդավարական թե բռնապետական, ավելի ու ավելի են հեռանում անհատականության ոգուց`գերադասելով զանգվածի բռնի համահավասարեցումը: Մարդու գոյաբանական բացառիկության գաղափարը փոխարինվում է անանունության գաղափարով: Անհատը կործանվում է ոչ այնքան սրից, որքան առնանդամից, և որքան էլ փոքր լինի ձեր երկիրը, այն պահանջում է կենտրոնական պլանավորում (կամ վերածվում է այդ պահանջի կատարման օբյեկտի): Նման իրավիճակը դյուրությամբ ծնում է այս կամ այն ինքնակալությունը, և այս համատեքստում բռնակալին կարելի է դիտարկել որպես իր դարն ապրած համակարգիչ:

Եթե նրանք լինեին սոսկ իրենց դարն ապրած համակարգիչներ, դա ընդամենը չարյաց փոքրագույնը կլիներ: Դժբախտությունն այն է, որ բռնապետերն ի վիճակի են ձեռք բերել նորագույն, գերժամանակակից համակարգիչներ և ջանում են օգտագործել դրանք: Նորագույն տեխնոլոգիաների կիրառման հնացած ձևերի օրինակներից են բարձրախոսին ապավինող Ֆյուրերը կամ Քաղբյուրոյի իր ընդդիմախոսներին հեռախոսային գաղտնալսումների օգնությամբ վերացնող Ստալինը:

Մարդիկ բռնապետ են դառնում ոչ այն պատճառով, որ դրանում են տեսնում իրենց կոչումը, և ոչ էլ պատահաբար: Բռնակալության հակված անձը սովորաբար գերադասում է կարճ ուղին ու բռնանում է սեփական ընտանիքի նկատմամբ: Իսկական բռնապետը, մինչդեռ, հիմնականում ամաչկոտ է, անհետաքրքիր ու ձանձրալի իր առտնին կյանքում: Բռնապետը վեր է մագլցում քաղաքական կուսակցության միջոցով (կամ բանակի, որի կառուցվածքը չի տարբերվում կուսակցականից), քանզի որևէ բանի գագաթը մագլցել-հասնելու համար հարկավոր է ունենալ ուղղահայաց տեղագրությամբ բնութագրվող որևէ այլ բան:

Եվ այսպես, ի տարբերություն լեռան, կամ թերևս երկնաքերի, կուսակցությունն ըստ էության շինծու իրականություն է՝ ստեղծված մտավոր (կամ որևէ այլ առումով) գործազուրկների կողմից: Նրանք աշխարհ են գալիս ու հայտնաբերում, որ ամբողջ ֆիզիկական իրականությունը, լեռներն ու երկնաքերներն արդեն գբաղեցված են: Պիտի ընտրեն, ուստի, երկուսից մեկը՝ սպասեն, որ հին համակարգում տեղ ազատվի, կամ ստեղծեն իրենց՝ այլընտրանքային տեղը: Այս վերջինն ավելի նպատակահարմար են գտնում թեկուզ այն պատճառով, որ կարող են անմիջապես գործի անցնել: Կուսակցության ստեղծումը ինքնաբավ զբաղմունք է, ընդ որում՝ ամենակուլ: Արդյունքը, անշուշտ, անմիջապես չի երևում․ փոխարենը աշխատանքը ծանր չէ ու մտավոր առումով հարմարավետ է՝ պայմանավորված նպատակների մշուշապատությամբ:

Իր ժողովրդագրական ծագումը թաքցնելու համար կուսակցությունը հաճախ ստեղծում է սեփական գաղափարախոսությունն ու առասպելաբանությունը: Ընդհանուր առմամբ, նոր իրականությունը միշտ ստեղծվում է հնի նմանությամբ՝ կապկելով գոյություն ունեցողի կառուցվածքը: Այդպիսով միաժամանակ քողարկում է սեփական երևակայության պակասը և վավերականության նմանություն է տալիս ամբողջ ձեռնարկին: Այդ պատճառով է, ի դեպ, որ այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը պաշտում է ռեալիստական արվեստը: Առհասարակ, երևակայության բացակայությունն ավելի վավերական է, քան դրա առկայությունը: Կուսակցությունների ծրագրերի միալար տաղտկությունը, դրանց առաջնորդների գորշ,աննկատ արտաքինը զանգվածին հրապուրում է որպես սեփական արտապատկեր :Գերբնակեցվածության դարաշրջանում չարը (ինչպեսև բարին) բնութագրվում են նույնպիսի միջակությամբ, ինչպես դրանք կրողները: Ուզում ես բռնակալ լինել՝ եղի՛ր տաղտկալի:

Եվ նրանք տաղտկալի է, ու տաղտկալի է նրանց կյանքը։ Ուրախություն նրանք ապրում են միայն մագլցելիս, երբ հաջողվում է խորամանկել, ճանապարհից հեռացնել, ստորացնել մրցակցին: Դարասկզբին, քաղաքական կուսակցությունների ծաղկման ժամանակաշրջանում, լրացուցիչ ուրախություններ ևս կային՝ լույս ընծայել պատեհապաշտ հոդված, թաքնվել ոստիկանական հսկողությունից, կրակոտ ելույթ ունենալ ընդհատակյա համագումարում, կուսակցության հաշվին հանգստանալ Շվեյցարական Ալպերում կամ Ֆրանսիական Ռիվիերայում: Այսօր այդ ամենն անցյալում է՝ հրատապ հարցերը, կեղծ մորուքները, Մարքսին սերտելը: Մնացել է սոսկ պաշտոնյաների առախաղացումն անշտապ տնօրինելը, անվերջ գրասենյակային աշխատանքը, թղթաբանությունն ու վստահելի գործակիցների որոնումները: Լեզվին հետևելու կարիք անգամ չկա, քանի որ այն անկարող է արտաբերել որևէ բան, որ արժանի լինի գաղտնալսող սարքերով հագեցած պատերի ուշադրությանը:

Գագաթին հասցնում է ժամանակի դանդաղ ընթացքը․ մխիթարական է սոսկ այն, որ դա վավերականություն է հաղորդում ձեռնարկին, քանզի այն, ինչը ժամանակ է պահանջում, վավերական է: Անշտապ է անգամ ընդդիմության կարգավիճակում գտնվող կուսակցության առաջընթացը, իսկ իշխողն առհասարակ շտապելու կարիք չունի․կես դար իշխելուց հետո ի վիճակի է ինքը բաշխել ժամանակը: Անշուշտ, իդեալների տեսակետից՝ այդ բառի վիկտորիական իմաստով, միակուսակցական համակարգը առանձնապես չի տարբերվում քաղաքական բազմակերպության ժամանակակից ձևերից: Եվ այդուհանդերձ՝ գոյություն ունեցող միակ կուսակցությանն անդամագրվելու համար հարկավոր է ունենալ անազնվության միջինից բարձր մակարդակ:

Այնուամենայնիվ, որքան էլ խորամանկես, որքան էլ բյուրեղի պես անբասիր լինի անձնական գործդ, վաթսունից շուտ քաղբյուրոյում չես հայտնվի: Այդ տարիքում կյանքն արդեն բացարձակապես անշրջելի է, ու իշխանության ղեկը ձեռքը գցողը բռունցքները բացում է միայն սեփական հոգեհանգստի մոմը բռնելու համար:Վաթսունամյա մարդը հազիվ թե ձեռնարկի տնտեսական կամ քաղաքական վտանգ պարունակող որևէ գործունեություն: Նա գիտի, որ իրեն տասը տարի կամ մի փոքր ավելի է մնացել, ուստի իր հաճույքները գաստրոնոմիական կամ տեխնիկական բնույթի են՝ փառահեղ սնունդ, արտասահման ծխախոտ և արտասահմանյան ավտոմեքենաներ: Նա ստատուս քվոյի մարդ է, ինչը, անկասկած, շահեկան է միջազգային հարաբերությունների առումով՝ նկառի առնելով անշեղորեն աճող հրթիռային զինանոցը, բայց միանգամայն մերժելի է երկրի ներսում, ուր անգործությունը հավասարազոր է եղած վատի վատթարացմանը: Թեև այդ վերջին հանգամանքից կարող են օգտվել իր մրցակիցները, նա ավելի շուտ կվերացնի նրանց, քան ինչ-որ փոփոխություններ կառաջարկի: Չէ՞ որ ամեն ոք միշտ կարոտով է հիշում իրեն հաջողություն բերած իրադրությունը:

«Լավ» բռնապետության միջին տևողությունը տասը-տասնհինգ տարի է, առավելագույնը՝ քսան: Դրանից ավելի ձգվելու դեպքում այն անխուսափելիորեն վերածվում է հրեշապետության: Ու ստանում ենք մի մեծություն, որը ինքնադրսևորվում է պատերազմներ կամ ներքին տեռոր սանձազերծելով, հաճախ՝ թե՛ մեկը, թե՛ մյուսը: Բնությունը, փառք Աստծո, իր գործն անում է՝ ժամանակ առ ժամանակ աջակցելով բռնապետի հակառակորդներին և որպես կանոն՝ ճիշտ պահին: Այն է՝ նախքան մեր հերոսը կմտադրվի իր անունն անմահացնել մղձավարջային որևէ ձեռնարկով: Երիտասարդ կադրերը, որոնք իրականում այնքան էլ երիտասարդ չեն, ճնշում-հրում են ներքևից՝ նրան մղելով դեպի անեղծ Քրոնոսի երկնագույն անհայտությունը: Քանզի բուրգի գագաթից հետագա ընթացքը միայն այդ ուղղությամբ է լինում: Պատահում է, և բավակական հաճախ, այնպես, որ բնությունը միայնակ է գործում՝ հաղթահարելով պետանվտանգության մարմինների ու բռնապետի անձնական բժիշկների թիմի հրեշավոր դիմադրությունը: Արտասահմանից շտապ ժամանող մասնագետները փորձում են զառամախտի ճահճից դուրս բերել մեր հերոսին: Երբեմն նրանք այնքան հաջող են իրականացնում այդ մարդասիրական առաքելությունը (քանզի այդ մասնագետներին ուղարկած պետությունները շահագրգռված են, որ ստատուս քվոն պահպանվի), որ մեծ մարդը վերականգնվում է՝ կրկին ի վիճակի լինելով սպառնալ իրենց երկրներին:

Ի վերջո տեղի են տալիս բոլորը: Պետանվտանգությունը թերևս ավելի չկամությամբ, քան բժիշկները, քանի որ բժշկական հիերարխիայի վրա գալիք փոփոխությունների ազդեցությունը նշանակալի չէ: Բայց նույնիսկ պետանվտանգությունը, վերջիվերջո, ձանձրանում է տիրոջից, ումից ամեն դեպքում ավելի երկար են ապրելու: Եվ պահապանների զգոնությունը թուլանալուն պես ներս է սողոսկում մահը՝ գերանդին, մանգաղն ու մուրճը ձեռքին: Հաջորդ առավոտյան բնակչությանն արթնացնում են ոչ է ճշտապահ աքաղաղները, այլբարձրախոսներից հորդող Շոպենի «Սգո քայլերգի» ալիքները:Հետևում է զինվորական պատիվներով թաղումը՝ ձիաքարշ հրետասայլ, որի առջևից՝ մի ամբողջ դասակ զինվորներ, որոնցից յուրաքանչյուրի ձեռքի ալ բարձիկին մեկական շքանշան կամ մեդալ է, որոնք մի քանի օր առաջ զարդարում էին բռնապետի բաճկոնը, ինչպես մրցույթ-ցուցահանդեսների բազմակի դափնեկիր ազնվազեղ շան կուրծքը: Որովհետև հենց շուն էլ եղել է՝ մրցանակների արժանացած, շնարշարներում հաղթած: Ու եթե բնակչությունը սգում է նրա վախճանը, իսկ դա հաճախ է լինում է, ապա դա խաղադրույքը տանուլ տվածների արտասուքն է․ ժողովուրդը սգում է ժամանակի կորուստը: Այնուհետև հայտնվում են քաղբյուրոյի անդամները՝ ուսերին պահած ալ դրոշով ծածկած դագաղը՝ իրենց միակ ընդհանուր հայտարարը:

Մինչ նրանք տանում են իրենց մեռած հայտարարը, ցոլում ու բզզում են լուսանկարչական սարքերն ու տեսախցիկները, օտարերկրացիներն ու տեղացիները ակնդետ հայացքներով փորձում են նրանց գաղտնաքող դեմքերից կռահել ժառանգորդին: Հնարավոր է, որ հանգուցյալն այնքան մեծամիտ է գտնվել, որ քաղաքական կտակ է թողնել, որը, ամեն դեպքում, չի հրապարակվի: Որոշումը կընդունվի գաղտնի՝ քաղբյուրոյի փակ (բնակչության համար) նիստում: Ասել է թե՝ ընդհատակյա: Գաղտնապահությունը կուսակցության հնուց եկող մոլությունն է, դրա ժողովրդագրական ծագման, փառապանծ ընդհատակյա անցյալի արձագանքը: Ուստի դեմքերը ոչինչ չեն ասում:

Դա նրանց հիանալիորեն հաջողվում է, քանի որ ասելիք չունեն: Քանի որ կրկնվելու է այն, ինչ արդեն մի քանի անգամ եղել է: Նորը հնից տարբերվելու է միայն արտաքինով: Հոգեպես ու մնացած բոլոր առումներով նա դատապարտված է դառնալ հանգուցյալի ճշգրիտ նմանակը: Թերևս հենց դա է ամենագլխավոր գաղտնիքը: Եթե խորամուխ լինենք, ապա կուսակցության ղեկավարի փոփոխությունը հարության երևույթին ամենամոտ իրողություն է մեզանում: Կրկնությունը, անշուշտ, ձանձրույթ է ծնում, բայց եթե այն խորհրդավորությամբ է պարուրված, որոշ հետաքրքրություն առաջացնում է:

Առավել ուշագրավ է, սակայն, գիտակցումը, որ բռնապետ կարող է դառնալ այս մարդկանցից յուրաքանչյուրը: Շփոթի ու անհստակության պատճառը սոսկ այն է, որ առաջարկն է գերազանցում պահանջարկը: Այն, որ գործ ունենք ոչ թե անհատների, այլ կուսակցության բռնակալության հետ, որն արդյունաբերական հիմքերի վրա է դրել բռնապետերի թողարկումը: Ինչը կուսակցության կողմից շատ խորաթափանց քայլ է՝ ընդհանուր առմամբ, և տեղին՝ մասնավորապես՝ հաշվի առնելով, թե ինչ արագությամբ է դիրքերը զիջում անհատականությունը: Այլ կերպ ասած՝ մեր օրերում «ով ով է լինելու» գուշակությունը նույնքան ռոմանտիկ ու հնաբույր խաղ է, որքան բիլբոկեն, ընդ որում՝ միայն ազատորեն ընտրված մարդիկ կարող են իրենց թույլ տալ նման զվարճանք: Վաղուց անցել են արծվաքիթ կիսադեմերի, սրածայր կիսամորուքների ու փարթամ մորուքների, ծովափղի ընչացք կամ ատամի խոզանակ հիշեցնող բեղերի ժամանակները: Շուտով հոնքերն էլ անցյալի գիրկը կանցնեն:

Այդուհանդերձ այդ դատարկ, գորշ, անհատականությունից զուրկ դեմքերն ընդհանրություն ունեն՝ նման են մնացած բոլոր մարդկանց, և դա ընդհատակի ինչ-որ շունչ է տալիս․հար և նման են իրար, ինչպես խոտը: Տեսողական միօրինակությունը լրացուցիչ խորություն է հաղորդում «ժողովրդի կառավարման» սկզբունքին, երբ ոչ ոք չի կառավարում: «Ոչ ոք»-երի կողմից կառավարվելը, մինչդեռ, առավել համընդգրկուն բռնակալությունն է, քանզի այդ «ոչ ոք»-երը բոլորին են նման: Նրանք ամենատարբեր ձևերով ներկայացնում են զանգվածը, ու հենց այդ պատճառով ընտրություններ անցկացնելու կարիքը չունեն: Անշնորհակալ զբաղմունք կլինի պատկերացնելը, թե ինչ արդյունքի կբերեր «մեկ մարդ՝ մեկ քվե» համակարգը, ասենք, մեկ միլիարդանոց Չինաստանում․ ինչպիսի խորհրդարան կստացվեր ու քանի տասնյակ միլիոն մարդ կկազմեր փոքրամասնությունը:

Քաղաքական կուսակցություների բազմացումն ու ծաղկումը դարասկզբին գերբնակեցվածության առաջին նշանակն էր, նույն գերբնակեցվածությունն էլ պայմանավորում է դրանց այսօրվա հաջողությունը: Մինչ անհատապաշտներըծաղրում ու հեգնում էին, կուսակցությունները հզորանում էին հենց դիմազրկման հաշվին, և անհատապաշտներն այլևս դադարել են ծիծաղել: Կուսակցությունների նպատակը, սակայն, ամբողջ կուսակցության կամ որևէ առանձին պաշտոնյայի հաղթանակը չէ: Դրանք, անշուշտ, իրենց ժամանակից առաջ են անցել, ժամանակը, սակայն, շատ բան ունի առջևում, և հատկապես՝ բազմաթիվ մարդիկ:Կուսակցությունների նպատակը սեփական քանակական ծավալումը այլևս չծավալվող աշխարհին հարմարեցնելն է, իսկ դրան հասնելու միակ ուղին բոլոր մարդկանց դիմազրկումն ու բյուրոկրատացումն է: Քանզի կյանքն ինքնին ընդհանուր հայտարար է, ինչը բավարար հիմք է գոյության առավել հանգամանալի կազմակերպման համար:

Բռնապետությունը հենց դրանով է զբաղվում՝ կազմակերպում է ձեր կյանքը: Եվ դա անում է ամենայն մանրակրկտությամբ, և անկասկած շատ ավելի լավ, քան ժողովրդավարությունը: Բացի դրանից, անում է հանուն ձեզ, քանզի ամբոխի մեջ անհատականության ցանկացած դրսևորում կարող է վտանգավոր լինել․ առաջին հերթին, անշուշտ, դա անել հանդգնածի համար, թեև վերջինս պիտի մտածի նաև իր կողքին կանգնածների մասին: Սա է կուսակցապետության նպատակը՝ իր անվտանգության ծառայություններով, հոգեբուժարաններով, ոստիկանությամբ ու քաղաքացիների նվիրվածությամբ: Այսքանը, սակայն, բավարար չէ․ իդեալն այն է, որ ամեն մարդ դառնա ինքն իր բյուրոկրատը: Եվ այն օրը, երբ այդ երազանքը կիրականանա, արդեն մոտենում ու ուրվագծվում է: Քանզի անհատական գոյության բյուրոկրատացումը սկիզբ է առնում քաղաքականության շուրջ խորհրդածություններից ու չի ավարտվում գրպանի էլեկտրոնային հաշվիչի ձեռքբերմամբ:

Այսպիսով, եթե որևէ մեկը եղերերգական տրամադրություն ունի բռնապետի թաղմանը, ապա պատճառն ինքնակենսագրական է, նաև այն, որ այդ վախճանը հավելյալ որոշակիություն է տալիս «հին, բարի օրերի» կարոտին: Ի վերջո հանգուցյալը նույնպես անցել էր հին դպրոցը, երբ մարդիկ դեռ չէին զգում իրենց ասածի ու արածի տարբերությունը:Եթե պատմության մեջ նրան հատկացվի ոչ ավելի, քան մեկ տող, ավելի լավ․կնշանակի, որ հպատակների արյունը չի թափել այնքան, որքան անհրաժեշտ է մեկ պարբերության համար: Նրա սիրուհիները գիրուկ էին ու ոչ շատ: Գրում էր քիչ, չէր նկարում ու երաժշտական որևէ գործիչ չէր նվագում, ոչ էլ կահույքի նոր ոճ ներմուծեց: Նա պարզապես բռնապետ էր, և այդուհանդերձ, մեծագույն ժողովրդավարությունների առաջնորդները բաղձանքով ջանում էին սեղմել նրա ձեռքը: Կարճ ասած՝ չշեղեց նավի ընթացքը: Որոշ չափով նրա շնորհիվ է, որ առավոտյան պատուհանը բացելիս տեսնում ենք հորիզոնական և ոչ ուղղահայաց հորիզոն:

Իր աշխատանքի բնույթի բերումով, ոչ ոք չգիտեր, թե իրականում ինչ էր մտածում: Միանգամայն հնարավոր է, որ ինքն էլ չգիտեր, թե իրականում ինչ էր մտածում: Սա կարող էր գերազանց դամբանագիր դառնալ, եթե չլիներ այն անեկդոտը․ որ ֆինները պատմում են իրենց ցմահ նախագահ Ուրխո Կեկկոնենի կտակի մասին: Այն սկսվում է այսպես․ «Եթե ես մեռնեմ․․․»

1980

Թարգմանությունը անգլերենից՝  Լեոնիդ Զիլֆուղարյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *