Ընդհանրապես, մենք չափազանց դյուրազգաց ու զգացմունքային ենք այն դեպքերում, երբ Եղեռնի մասին օտարներն են գրում, թեկուզ՝ անտաղանդ ու անարժեք:
Աշխարհում ստեղծվել է Հայոց Մեծ եղեռնին նվիրված ու եղեռնն արտացոլող մեծածավալ գիտական ու գեղարվեստական գրականություն: Միայն մատենագիտական ցանկը մի ամբողջ հատոր կարող է կազմել: Այդուհանդերձ, այդ ասպարեզում, հատկապես գեղարվեստական գրականության մասով, մեր իմացություններն ու տեղեկացվածությունը սահմանափակվում են մի քանի գործերի շրջանակով:Չարենցի «Դանթեական առասպել», Սևակի «Անլռելի զանգակատուն», Շիրազի «Հայոց դանթեականը» պոեմները, Հրաչյա Քոչարի «Նահապետը», «Կարոտ» վիպակները թերևս ամենահայտնին են դրանց շարքում: Այնինչ քչերն են տեղյակ 1915 թվականի Հայոց մեծ եղեռնին առաջին գրական-վավերագրական անդրադարձի՝ Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիներ» հուշագրության մասին, որը լույս տեսավ 1919-ին Թուրքիայում հրատարակվող հայերեն «Ժամանակ» օրաթերթում: Ավելին՝ այդ հուշագրությունը մոտ 90 տարի անհայտ էր նույնիսկ մասնագետներին, և միայն 2005-ին գրականագետ Գրիգոր Հակոբյանի կողմից հայտնաբերվեց ու լույս ընծայվեց առանձին գրքով: Իսկ Օտյանից առաջ դեռ 1911-ին լույս տեսած «Ավերակներուն մեջ» գրքում Զապել Եսայանն էր վկայագրել Ադանայի կոտորածները: Հայաստանյան ընթերցողներին գրեթե անծանոթ են եղեռնյան թեմաների՝ սփյուռքահայ գրականության մեջ եղած արծարծումները, որոնք երբեմն բոլորովին այլ մոտեցումներ են ի հայտ բերում:Սահմանափակ տեղեկացվածությունը հանգեցրել է Եղեռնի թեմայի պատկերման միակողմանի ու կաղապարային ընկալման, անպայման կոտորածների տեսարաններ, պարտադիր լաց ու հառաչանք, անպայման պաթետիկ հայտարարություններ, որոնց մեր բեմերից միանալու է գալիս այդ ստեղծագործությունների ճոռոմ ասմունքը:Գուցե դա է պատճառը, որ այդ կաղապարից դուրս ստեղծված, բայց կրկին Եղեռնի թեմային առնչվող մի շարք արժեքավոր գործեր այսօր գրեթե չեն էլ հիշվում կամ չեն ընկալվում որպես այդպիսին: Իբրև բնորոշ օրինակ կարելի է հիշատակել Վազգեն Շուշանյանի «Ճերմակ Վարսենիկ», «Բանաստեղծը և կինը» վիպակները, Ստեփան Ալաջաջյանի «Եղեգները չխոնարհվեցին» վեպը, և այլն:Մյուս կողմից՝ ճիշտ չեն արժևորվել Եղեռնի թեման արտացոլող գեղարվեստական գրքերը: Երբեմն դրանց արժեքայնությունը որոշվել է միայն այն հանգամանքով, որ Եղեռնի մասին են: Պատահական չէ, որ տարիներ առաջ Հրանտ Մաթևոսյանի՝ «Անլռելի զանգակատունը» Պարույր Սևակի լավագույն գործը չէ» խոսքը բազմաթիվ խոսակցությունների առիթ տվեց ու ոչ միանշանակ ընկալվեց:
Երևույթը բնութագրական է հատկապես օտարազգի գրողների պարագայում: Եթե Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը», Կուրտ Վոնեգուտի «Կապտամորուսը», վերջերս լույս տեսած՝ Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» և մի քանի այլ վեպերի պարագայում թեման ու գեղարվեստական բարձր իրացումը համընկնում են, ապա հիմնականում Եղեռնի թեման դառնում է որոշ ստեղծագործությունները բարձր գնահատելու, անգամ հայերեն թարգմանելու միակ չափանիշը: Խոսքս վերաբերում է, մասնավորապես, Գոնսալո Գուարչի «Հայկական տոհմածառ», Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» և նմանատիպ այլ գործերի: Բացի այդ, հաճախ որևէ վեպում Եղեռնին վերաբերող ամենահեռավոր ակնարկն անգամ մենք դարձնում ենք դրա հիմնական առանցքը և երկն ընկալում ու գնահատում միայն այդ դիրքերից: Օրհան Փամուքի «Ձյունը» վեպն էլ այդպիսի օրինակներից է:Ընդհանրապես, մենք չափազանց դյուրազգաց ու զգացմունքային են այն դեպքերում, երբ Եղեռնի մասին օտարներն են գրում, թեկուզ՝ անտաղանդ ու անարժեք: Ու զարմանալիորեն՝ անտարբեր ենք, երբ նույն թեման հազար անգամ ավելի բարձր գեղարվեստական մակարդակով իրացնում է հայ, այն էլ՝ ժամանակակից հայ գրողը: Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը» վեպի հանդեպ, հատկապես ընթերցողական շրջանակների գրեթե անտարբերության և, ասենք, Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վեպի շուրջ ստեղծված իրարանցման պարզ համեմատությունն իսկ այդ առումով լիարժեք պատկեր է ստեղծում:Վերն ասվածն ընդամենը ընդհանուր օրինաչափությունների մատնանշում է, եթե կարելի է այդպես ասել՝ հակասական օրինաչափությունների մատնանշում, որը հերթական անգամ ի ցույց է դնում այն ցավալի իրողությունը, որ նույնիսկ 100 տարի անց Հայոց մեծ եղեռնը իբրև իրողություն՝ իր բոլոր կողմերով չենք կարողանում ընկալել: Թող ներվի ասել, բայց մեծ մասամբ Հայոց մեծ եղեռնը մեզ համար թեմա է ընդամենը, որի մասին գրում ենք, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ ենք այցելում, որով արժևորում ենք ու արժևորվում, որի պատճառով բարդույթավորվում ու ըմբոստանում ենք… Ու սպասում ենք, որ աշխարհը ճանաչի Ցեղասպանությունը: Իսկ գրականությունը, թե՛ հայ, թե՛ համաշխարհային, իր տարբեր իրացումներով վկայում է, որ մենք էլ չենք ճանաչում Ցեղասպանությունը:
Սկզբնաղբյուրը` imyerevan.com