1950 թ. 17-ամյա Անդրեյ Տարկովսկին սիրահարվում է ոմն Տ. Պ.-ի*՝ որոշելով նույն թվականի ամռանն ամուսնանալ նրա հետ: Այս մասին Անդրեյը չի ասում թե՛ մորը և թե՛ քրոջը: Նամակ է հղում միայն հորը, որում խոսում է իր սիրո, դերասանական հակումների ևն մասին: Ստորև՝ Արսենի Տարկովսկու պատասխան-նամակը՝ որդուն.
——
* աղջկա լրիվ անունը չի նշվում:
… Երբ սիրում եմ, ինձ ավելի շատ ցնցված եմ զգում, քան՝ երջանիկ:
————
Անդրեյ Տարկովսկի
«Թանկագին Անդրյուշա…. մեծապես ազդվեցի նամակիցդ, հատկապես որ այդպես սիրահոժար և քնքշորեն վստահեցիր ինձ քո գաղտնիքը:
Ես ամենևին չեմ մտածում, թե դու դեռևս փոքր ես, այլ հակառակը՝ գիտեմ, որ արդեն հասուն մեկն ես դարձել, թեև, դրանից զատ, գիտեմ նաև, որ բավական անփորձ ես լուրջ հարցերում և որ բնավորությունդ տակավին անկայուն է և չի էլ կարող կայուն լինել, քանզի բնավորությունը կոփվում է խուճապային հանգամանքներում, այն ամենի հետ ունեցած ընդհարմամբ, ինչին որ պիտո է դիմակայել. դժբախտության, որը հարկ է վերապրել ու հաղթահարել և որից պետք է դուրս պրծնել: Որքան դժվարին են լինում մանկությունն ու պատանեկությունը, այդքան էլ ավելի վաղ է տղեկը պատանի դառնում, իսկ վերջինս էլ՝ տղամարդ: Չեմ կարծում, որ շատ դյուրընթաց մանկություն է քեզ բաժին ընկել, սակայն մտածում եմ, որ դու, ավա՜ղ, չափազանց հազվադեպ կամ թեկուզև երբեք աշխույժ լինելու անհրաժեշտություն չես զգացել, որ ուղիներ չէիր ընտրում քեզ համար՝ թողնելով այդ գործը հանգամանքերին և ենթարկվելով նրանց, չմաքառելով ընդդեմ փորձությունների և խույս տալով դրանցից: Հնարավոր է՝ ես սխալվում եմ, բայց վաղ պատանության տարիներին դու բնավ էլ թիավար մեկը չէիր ծովում, այլ՝ քամուն տրված տերև: Քո փոխարեն (բայց ո՜չ երբեք դու) ամեն ինչում մայրդ էր անխոնջ բանում, և մանկությունն ու պատանեկությունը քո կարող էին էլ ավելի տխուր լինել, բայց ոչ սակայն՝ ծանր: Քո տարիքում ես անհամեմատ փորձառու էի քեզանից, քանի որ շատ ավելի բարդ ժամանակներում եմ մեծացել, բայց և հիմա էլ շատ լավ եմ հիշում ու հասկանում՝ ինչպիսի մշուշ էր տիրում գլխումս: Բայցևայնպես, այն ժամանակ ես այնպիսի մի բան ունեի, ինչն ինձ փրկում էր և իմ հավատարիմ ուղեվար աստղն էր. անսանձելի կիրքը պոեզիայի հանդեպ: Ես ամեն բանում կարծես այժմյան քո կրկնակը լինեի՝ նույնքան թեթևամիտ, նույնպես ենթարկվում էի հանգամանքներին, լողում հոսանքին համընթաց և այդպիսին էի ամեն ինչում՝ ի բացառումն պոեզիայի. այստեղ ես պողպատյա կարգուկանոնի էի հետևում և թեկուզև ընհանուր առմամբ քեզ նման անառույգ էի և թուլակամ, սակայն բացարձակապես այդպիսին չէի պոեզիայում: Մայրս հիշում է այն ջանասիրությունը, տոկունությունն ու համառությունը, որ ես դրսևորում էի պոեզիայում. ահա թե ինչն էր իմ կյանքի դպրոցը, որը և ինձ հնարավորություն էր տալիս չամաչելու ինքս ինձնից: Այստեղ, անցողակի, ահա թե ինչ ասել կուզեմ քեզ. ես այնպիսի մեկը չունեի, որ կարողանար ինձ որևէ՝ առավել խելամիտ մի բան խորհուրդ տար, քան սեփական դիտավորություններս էին: Ինձ ավելին էր տրված, բայց ես անդադրում շարունակում էի ստեղծանել այն ամենում, ինչ իմ արվեստին էր վերաբերում: Այդ ամենի վրա ծախսված ժամանակը (բազու՜մ տարիներ) զուր չէր, սակայն ես մեղք չունեմ, որ լիովին չկարողացա այդ արվեստն ի գործ կիրառել: Ես չափից դուրս անզիջում էի արվեստում, և ինձ մոտ ի հայտ եկան իցե թե ոչ ճշմարտացի պատկերացումներ այն կյանքի կոչելու առումով (ինչ պետք է գրել և ինչ տպագրել ու այդպես շարունակ), այնինչ, ի հեճուկս դրա, երիտասարդությանս ավարտին ես արդեն հասուն բանաստեղծ էի՝ բավական խոստումնալից հնարավորություններով: Մինչդեռ այժմ ես շատ, շա՜տ եմ զղջում, որ իմ կրթությունը (գլխավորապես՝ ինքնակրթությունը) նպատակաուղղված էր սոսկ առ պոեզիան, և եթե ինչ-որ մի բան էլ գիտեմ, ապա լոկ այն պատճառով, որ արվեստի բերումով ինձ հարկավոր էր շատ ավելին իմանալ: Ափսոսում եմ շատ, որ չեմ ուսանել այնպիսի մի ֆակուլտետում, որտեղ պետք է շատ աշխատել, որտեղ կարելի է ստանալ ճշգրիտ գիտելիքներ և այնուհետ աշխատել (գիտական աշխատանքով զբաղվել) դույն ճշգրիտ գիտությունների ասպարեզում:
Արվեստը կյանքի զավակն է և ըստինքյան չի ծնվում: Հարկավ, իսկականն ու ճշմարիտը մեծ արվեստն է, այլ ոչ՝ կիրառականը: Խոսքը հատկապես գրականության մասին է. այն գրեթե կարիք չունի սովորելու: Խնդիրն այլ է երաժշտության, կերպարվեստի և, կամ, դիցուք, բալետի պարագային, որտեղ հարկավոր է տասնամյակներ շարունակ, ի մանկութենե ուսանել, տեխնիկական հմտություններ ձեռք բերել, առանց որոնց արվեստի այդ տեսակները ոչինչ չեն կարող արժենալ:
Ես մատներս եմ կրծոտում, որ 17-18 տարեկանում փորձ չարեցի ընդունվելու որևէ հատուկ (ֆիզիկամաթեմատիկական, տեխնիկական կամ բնագիտական) ուսումնական հաստատություն և հետո միայն սկսեի պոեզիայով զբաղվել: Որքա՜ն բան կտար դա ինձ:
Իսկ դու…. Աստվա՜ծ իմ. ախր, չէ՞ որ ոչ ոքի հայտնի չէ՝ արդյոք ունես դու տաղանդ, հանուն որի արժե այդքան ջանք ներդնել և զոհաբերել ամեն բան: Իսկ միգուցե չունե՞ս: Ինչպիսի ապագա է քեզ սպասվում այդժամ: Ի՞նչը կարող է ավելի սարսափելի լինել, ասենք, երկրորդական կարգի դերասանի դատարկ և անիմաստ կյանքից:
Ահա իմ խորհուրդը. անպայման ավարտել դպրոցը, ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն, ստանալ ուզածդ ցանկացած կրթություն և գեթ մեկ տարի աշխատել այդ (ճշգրիտ գիտությունների) ասպարեզում: Ու միայն հետո, թե դարձյալ պահանջ կունենաս առ արվեստը (մանավանդ երբ տաղանդդ կվերազանցի սիրողական մակարդակը), կարող ես զբաղվել ուզածդ բանով, թեկուզև՝ ուսանել դերասանական բուհ-ում:
Այնպե՜ս կուզեի քեզ հասկացնել տալ իմ գործած սխալները, որպեսզի պատսպարվել կարողանայիր քո (որ այդքան նման եմ իմ սեփականին) թերություններից:
Իսկ այժմ՝ քո սիրահարության մասին: Այն, ինչ հիմա գրելու եմ քեզ, անվերապահորեն ճշմարիտ է, եթե, դիցուք, մենք՝ հայր և որդի, միանման ենք ստեղծված, իսկ դա բազում կողմերով հենց այդպես է, որ կա. չէ՞ որ մենք այնքա՜ն նման ենք հոգեպես: Մենք (համենայն դեպս՝ ինձ մոտ այդպես է, ուստիև ենթադրում եմ՝ քեզ մոտ ևս) հակում ունենք սրընթաց կերպով նետվելու կամայական անդունդը, եթե այն դույզն-ինչ ձգում է և թեկուզև փոքրագույնս վարագուրված է մեզ հրապուրիչ թվացող որևէ մի բանով: Մենք դադարում ենք մեկ ուրիշ բանի մասին մտածելուց, և մեր տեսադաշտն այնքան է կրճատվում, որ այլևս ոչինչ, բացի ջրհորից, առ որը ուզում ենք նետվել, չենք նկատում: Սա շատ վատ է և կարող է կործանարար լինել:
Ի սեր Աստծո, չփորձես ամուսնանալ: Նախ և առաջ, գոնե փոքր-ինչ հանդարտվիր, քանի որ դարձյալ դիվոտել կսկսես ամուսնությունից 3-5 տարի անց, եթե այն չափից դուրս վաղաժամ դուրս գա և երկուսիդ (դու + նէ = ընտանիք) կյանքն էլ դժոխքի վերածի, որից ընդամենը մեկ ելք կա՝ ապահարզանը. տառապանք թե՛ քո, թե՛ կնոջդ և թե՛, եթե լինեն (ինչը չի բացառվում), երեխաների համար: Այս ամենը քեզ գրում եմ իբրև լիափորձ մեկը: Հավատացած եղիր, որ այլ կերպ չի լինում և չի էլ կարող լինել: Խոսիր մորդ հետ և նույնն էլ նրանից կլսես:
Պետք չէ, որ սերը քեզ փալաս դարձնի և առավել ևս՝ տակավին դիմակայելու անընդունակ մի թորշոմած տերև: Սերը մեծազոր ուժ է և պատանեկան կարողությունների անկրկնելի կազմակերպիչ: Պետք չէ սերը կրքի վերածել, մոլեգնության և, կամ, ինքնուրացության: Ես երջանիկ կլինեմ, եթե քո սիրահարությունը սեր դառնա, բայց ոչ երբեք վերածվի հոգիդ ամայեցնող ժանտախտի: Թող որ նէ բարեհոգի ու անմիջական լինի. ես հենց այսպես եմ պատկերացնում այն աղջկան, որին սիրահարվել ես: Որովհետև շատ եմ սիրում քեզ և ի սրտե երջանկություն ցանկանում: Իսկ երջանիկ լինել՝ նշանակում է չլինել փեռեկված, տատանողական մեկը, նշանակում է սիրել կյանքիդ գործը, աշխատել հանուն դրա և ապրել դրանով, ինքնակայանալ կենսական խնդիրներում: Ճշմարիտ սերը սատարում է սխրագործելուն. թող որ այն քեզ համար ևս այդօրինակ ապավեն լինի:
Այս նամակը, ինչպես արդեն հասկացար, բարոյախրատական է: Ցավոք սրտի, մենք երկուսս էլ ամաչկոտ ենք, ուստիև գրելն առավել հեշտ է, քան առերես խոսելը, և, ահա, ես հենց գրում եմ: Իսկ դու մի՛ սրտնեղիր, որ այդպիսով ես ցանկանում եմ իմ փորձը քեզ փոխանցել և օգտվել տալ դրանից:
Աղաչում եմ քեզ՝ սթափվի՛ր. սովորիր և մտածիր (դու գրում ես, թե ես կասեմ՝ դու՛րս նետիր ներան գլխիցդ և այլն… բայց ո՜չ), մտածիր սիրո մասին, և թող նա՝ քո սերը, ուղեվար աստղ լինի քեզ համար:
Արա՛գ արձագանքիր նամակիս. մենք այստեղ ենք լինելու ընդհուպ հուլիսի 20-22-ը: Անկեղծ և շիտակ կլինես ինձ հետ (ես քո ընկերն եմ և կօգնեմ խորհրդով), հանգամանորեն կգրես՝ ով է քո սիրելին, թե ինչ ես մտադիր անել հետագայում (դպրոց, բուհ ևն)… և թե ինչ է կատարվում հոգուդ մեջ, սրտումդ և գլխումդ:
Ամուր համբուրում եմ, իմ թանկագին որդի, ես անսահման, անսահման սիրում եմ քեզ, կարող ես լիովին վստահել ինձ:
Պինդ համբուրում եմ. քո հայրիկ: Նամակդ կփոխանցես Մարինոչկային, կհամբուրես մորդ»:
——————————
07. 07. 1950 թ.
Թարգմանությունը ռուսերենից՝ Գևորգ Ճաղարյանի