Բարև ու ցտեսություն
կարճ կտրած մազերով,
խորը կտրած ժպիտով,
կտոր-կտոր ուրախությամբ,
ինձ նայող աղջիկ.
մենք էլ չենք նստի իրար կողք`
չենք համարձակվի,
ոչինչ չենք փոխի,
մենք չենք էլ փորձի:
Մենք հավերժ նահանջողներ ենք
մենք այդպիսին ենք…
Մենք էլ չենք նստի իրար կողք
քայլի մանուշակագույնի մեջ
չենք ծխի մեզ կապող վերքերի
դառնահամը
չենք շնչի մեկս մյուսի
տխրահամը
չենք շոշափի չխլացող
արնահամը
Բարև ու ցտեսություն
խորը լողացող հայացքով,
խորը կտրած կասկածներով,
խորը պահված աչքերով,
ինձ մոռացող աղջիկ
մենք էլ չենք նստի իրար կողք
չենք համարձակվի
չենք փորձի…
***
Ամեն խաղամոլ գիտի
վերջում՝ ամենատակը մի ձմեռ
միշտ կա…
թեկուզ կարելի է գլորել բոլոր
շշերը
կոտրել բոլոր կողերն ու
խորտակել գիշերները
խեղդամահել գիշերները
ու մնալ բոլոր փողոցներում
ու ծխել բոլոր մատների
եղունգները
միևնույն է տակը մի ձմեռ
կմնա
միշտ մի ձմեռ կմնա, որ գցես ուսերիդ
ու ընկնես ծովերի
հետևից
նավերի հետևից
ու հատկապես
էն աղջկա հետևից…
կարող ես շուռ տալ բոլոր գրպաններդ
տակը միշտ մի ձմեռ
կա
ամեն խաղամոլ սա գիտի…
***
Սառնություն
ինձ մեկնված
մաշկիդ ու
առավոտ շուտին
քսված․
Ծանր, թանձր
ձեռքդ
քաշիր
հեռացրու-֊վերացրու
բոլոր
կիսատություններս
հետը տանելով
արմատախիլ անելով
մոռացնելով․․․
․․․․․․․․․․․․․․․․․
այդ առավոտը
սառն ու սատկած
ձկնկուլ էր,
որ վերջին շնչում
կլանեց մեզ․
***
Ոչ մի տեղից չեկած
իմ կողքին ծերացած
աղջիկ
ինչու՞ ոչ մի տեղ
չգնացիր…
ինչու՞ ամբողջ կյանքիդ ժամանակ
չընկար
չվհատվեցիր…
գուցե ես դրան էի սպասում.
ինչու՞ ոչ մի անգամ
չուշացար
կամ չբարկացար
կամ չնեղացար
կամ չմեծացար…
այդպես էլ
աղջիկ մնացիր
իմ կողքին ծերացած
աղջիկ
ինչու՞ ոչ մի անգամ
չհանձնվեցիր…
***
Եղավ այն ինչ եղավ
ոչ ոք չծնվեց, ոչ ոք չմեռավ,
ոչ մեկ էլ լուսին չթռավ
եղավ այն ինչ եղավ
մենք այդպես էլ իրար չտեսանք
մենք այդպես էլ առանց
իրար տեսնելու
ծանոթացանք
նվագեցինք
ժպտացինք
իրար կողք նստեցինք
իրարով վարակվեցինք
ու
հեռացանք
ու ահա և
եղավ այն ինչ եղավ
ու ափսոսալու էլ բան
չկա
ու մոռանալու էլ
դժվար թե մի բան
մնա
***
Ծածկում եմ ջուրը
մորուքս քսելով սառույցներին
ճերմակ մազերիս ծայրերը
սահեցնում մանր տների
գոմերի ու կայմերի
արանքով…
մոխրագույն եղբայրն իմ
կողջունի ինձ
շուտով…
գիտեմ:
Եղունգներս քսվում են առավոտին
Ծառերի կեղևը փշաքաղվում է
Ու ծառը մեռած է կարծես
Կուզեի իմանալ
արդյոք հիշում են կապույտ
թարթիչներս,
կուզեի իմանալ՝ հիշում են
մորուքիս թանձրությունը
կուզեի իմանալ,
արդյոք հիշում են
մատներիս սվվոցն իրենց կոկորդում…
Բույրս տարածվում է
հեծնած բուերին ու
ձկներին.
մոխրագույն եղբայրն իմ
կողջունի ինձ շուտով:
***
Մենք ուտում էինք
իրար գրկած
մենք քնում էինք
իրար գրկած
մենք լողանում էինք
իրար գրկած
իմ լեզուն քո բերանում
քո լեզուն
իմ լնդերի վրա
իսկ դրսում հեղափոխություն էին
շինում
իսկ մեր գլխում
հրավառություն էր
հրավառություն.
***
Գիշերվա միջից ելած
կին
որ քայլում ես փետրվարն առած
ոտքերիդ արանքը
մենք քայլում ենք
իրար ընդառաջ
անվստահ
ոլորուն երեկոներով
գորշ ու կոշտ շենքերի
բակերով
դու ու ես
անտուն
անսիրտ
չհարմարված
մենք քայլում ենք
բոլոր իմաստությունները
գլխներիս մեջ օրորելով
քայլում ենք հատուկենտ
ծառերի ստվերներով
ու բոլոր արևներից
նեղսրտած
բոլոր արևների
հակառակ կողմով
***
Վերցրու այս երազը
սառույցի ու ծովի թռչուն
վերցրու փետուրներիդ մեջ
կտուցիդ մեջ
Ճանկերովդ
վերցրու, բռնիր ամուր, որ չգցես
ցած…
Վերցրու այս երազը
թռիր թռչուն սառույցի
ոսկորների ու փտած հողի
վրայով
այն չերևացող նավերի վրայով
որ երեկ խաղում էին իմ հետ
մտիր մշուշի դարպասներով
արնահոսող ստվերների ու երկաթի
երկիր.
ամառվանից չեմ քնել անցած,
սպիտակել են աչքերս,
ձյունապատվել է մաշկս,
փայլում եմ մոխրագույն լույսով…
Վերցրու այս երազը
սառույցի ու ծովի թռչուն
Տար այն ամպերի մեջ
վառվող կրակին նվեր
Ասա, որ ամռավանից չեմ քնել անցած
սպիտակել են աչքերս,
ձյունապատվել
***
Պարի՛ր ինձ հետ
Դե՛
Պարի՛ր ինձ հետ
Դե խավարի
Պարը պարի՛ր ինձ հետ
Դոփի՛ր ոտքերդ
Խրվի՛ր մինչև
Առաջին սառույցը
Ոտնամատներովդ զգա
Սառույցի աղիքները
Պարի՛ր դե,
Պարի՛ր դե,
Կաղնու պարը բռնի՛ր ինձ հետ
Կաղնու մահը երգի՛ր ինձ հետ
Կաղնու սիրտը կիսի՛ր ինձ հետ
Քսի՛ր մաշկդ սառնամանիքին
Դե՛
Քսի՛ր մերկ մեջքդ քամու լեզվին
Դե՛
Ճեղքի՛ր կուրծքդ առանց վարանելու
Որ դուրս թռչի
Արծիվ-աստվածը
Դե՛
Դու՛րս թող ընդերքիցդ,
Պարի՛ր օձերի պարը
Դե՛ պարի՛ր
Կերակրի՛ր քեզնով օձերին
Դե քսի՛ր արյունդ
Օձերի աչքերին
Դե՛ պարի՛ր ինձ հետ
Պարի՛ր ինձ հետ
Մինչև գիշերահավասար
Դե պարի՛ր ինձ հետ
Մինչև գիշերահավասար
Պարի՛ր ինձ հետ:
***
Կիսախավար աղջիկ
իմ աղջիկ
անտառային
կեչիների բույրով աղջիկ
այսօր կեսգիշերից հետո բացվեց
մշուշ միայն ու
անհայտություն
լավ է, որ կողքիս էիր…
ես բռնվեցի կրծքերիցդ
դրանց դանդաղկոտությունից
կառչեցի
ու փշաքաղվեցի
հետույքիս, մեջքիս
ու պարանոցիս երկայնքով
կառանելով
քար աչքերիդ
ծոցում…
բոլոր հանդիպած
ձյուների մեջ
քո ճիչն էր
կիսախավար աղջիկ
բոլոր առավոտների մեջ
քո դատարկությունը
անշարժություն էր կատարյալ…
լավ է, որ կողքիս էիր…
լավ է, որ ծովի վրայով
ճայեր կան թռնող
լավ է, որ անտառներում դեռ
լուռ է: