Առավոտյան Դավիթը ժամ գնաց, իսկ Նարգիզը վեր կացավ, երեխաներին զարթեցրեց, ուղարկեց գոմ և պատրաստվում էր թոնիր վառել։ Տան դուռը ճռճռալով բացվեց և ներս մտավ մի յոթ տարեկան աղջիկ՝ հարևանենց Սոփին։ Նա ձեռքին բռնած ուներ խմորի մի գունդ՝ մի թթխմոր։ Նարգիզի թթխմորն էր այն, որ նախորդ երեկոյին տարավ Սոփին, որովհետև նրա մայրն այսօր հաց պիտի թխեր։ Բայց ինչու էր հետ բերում այժմ, զարմացած մտածեց Նարգիզը. այսպես վաղ հացը թխած չէին կարող լինել, օրվա այս ժամին դեռ թոնիրն էլ չեն վառում։ Մինչ այդ Սոփին կամացուկ, վախվխելով, մոտեցավ թոնրի թմբին և անվճռական ձայնով ասաց՝
— Ա՛ռ ձեր թթխմորը, Նարգիզ բաջի։
— Աղջի՛, ձեր հացը ե՞րբ թխեցիք, լույսը նոր է բացվում։
— Դեռ չենք թխել։
— Հապա ինչու բերիր թթխմորը։
— Մայրիկս ասաց՝ տար հետ տուր։
— Ինչու՞։
— Չեմ իմանում… էն ժամն էլ չեմ իմանում,— պատասխանեց Սոփին գլուխը քաշ ձգած, ոտքերին նայելով։ Սակայն իր երդումը նա այնպիսի եղանակով ասաց, որից պարզ երևում էր, թե նա բան գիտե, բայց հրամայված է ոչինչ չասել։ Նարգիզն այդ լավ զգաց, և բախան անհաջող էր կեղծում։
— Աղջի, ուրիշ տեղից թթխմոր բերիք՞։
— Ուրիշ տեղից… հա, բերինք։ Ալմոենց թթխմորը բերինք՝ մայրիկս բերեց… ես բերեցի, ասաց՝ գնա բեր, բերեցի… խմոր արինք, շատ ենք խմոր արել։
— Սոփի, ինչի՞ մեր թթխմորով չարիք խմորը։
— Չեմ իմանում… ես ի՞նչ գիտեմ։ Մայրիկս ասաց… մայրիկս ասում էր՝ Նարգիզ բաջիենց թթխմորը լավը չի։
Նարգիզը մռայլվեց։ Այստեղ մի բան կար։ Այս երեխան դեռ էլի բան գիտեր, իսկ ինչ որ գիտեր, լավ բան չէր լինելու։
— Հիսուս Քրիստոս,— մռմռաց Նարգիզը։ — Թթխմորը լավ չի,— շարունակեց Նարգիզը՝ շրթունքները կծոտելով,— մեղա՜յ քեզ, Աստված, ո՞վ էր լսել՝ թթխմորը լավը չի… Աղջի, ի՞նչպես թե թթխմորը լավը չի… թթխմորն էլ լավ չի լինի՞։
— Չեմ իմանում… մայրիկս ասում էր՝ ձեր թթխմորը հարամ է…
— Աղջի, գժվե՞լ ես, թե մերդ է գժվել։ Քո ծամն էլ կտրեմ, քո մորն էլ. մեր թթխմորն ինչու՞ է հարամ լինում, արյուն ենք արել, ի՞նչ է, սևավոր։
— Չեմ իմանում… մայրիկս ասում էր՝ ձեր թթխմորը արյունոտ է, ուտել չի լինի… ասում էր…
Եվ աղջիկը դարձյալ ինչ-որ մռմռաց շարունակ ոտքերի տակը նայելով և թթխմորը ձեռքին, բայց Նարգիզը լավ չլսեց։ Սակայն նրան թվաց, որ այդպես միամտությամբ ասված բառերը պետք է ավելի սարսափելի լինեին, քան ինչ որ լսեց, ուստի ճչաց սաստիկ կատաղած.
— Աղջի, ինչ ասի՞ր…
Երեխան այդ ճչոցից վերև նայեց, տեսավ Նարգիզի կատաղած դեմքը, սաստիկ վախեցավ, շրթունքները դողացին և արցունքները կախվեցին աչքերից։ Նա հեկեկաց։ Նարգիզը մեղմացավ։
— Սոփի, մի լաց՝ էն ի՞նչ ասացիր, չլսեցի։ Մայրիկդ ի՞նչ էր ասում։
— Չեմ իմանում,— պատասխանեց աղջիկը լացի միջից և կցկտուր,— մայրիկս ասում էր… էն մարդերին… էն օրը… ախպեր Դավիթն է մատնել, սպանել տուել… ասում էր, ձեր թթխմորը արյունոտ է… ասում էր, մեղք է նրանով խմոր անել… ես ի՞նչ անեմ, բաջի, մայրիկս ասաց, խալխն են ասում, դուրսն են ասում,— շտապեց ավելացնել Սոփին, նկատելով, որ Նարգիզի դեմքը կրկին կապտեց և շրթունքները ծռմռվեցին,— մայրիկս ասաց՝ տա՛ր հետ տուր, ես էլ բերի, հը՛, դնեմ այստե՞ղ, բաջի, հա՞…
Բայց Նարգիզն էլ չէր լսում։ Աղջկա ձայնը հնչում էր նրա ականջին ինչպես մի անորոշ բզզոց։ Նա լուռ էր, աչքերը լայն չռած, նայում էր այդ աղջկան, որ թթխմորը ձեռքին կանգնել էր նրա առաջ՝ դողալով երկյուղից… Հարվածը սարսափելի էր։ Ի՞նչ բռնել այդ աղջկան, թոնրի մեջը կոխել, վառե՞լ, թե՞ նրանց տուն գնալ և մոր ծամերը փետել գլխին։ Ահա թե դուրս անել, վազել, տածում էր Նարգիզը, երբ Սոփին արտասանում էր իր վերջին խոսքերը։ Մինչ այդ՝ աղջիկը դրեց թթխմորը թմբի վրա և շտապով դուրս գնաց դռնից։
Նարգիզը մնաց մտքերի ծովի մեջ… Այն ի՞նչ ասաց Սոփին։ Երկու շաբաթ առաջ էր. այդ լավ էր հիշում Նարգիզը, և ո՞վ կմոռանար այդ դժոխքի օրը,— տաճիկ զինվորները հանկարծ պաշարեցին ջրատար Յունոյի տունը, ուր մի քանի ղարիբ մարդիկ կային։ Սարսափելի կռիվ տեղի ունեցավ, տանեցիք ջարդուեցին, Յունոն իր զավակների հետ սպանվեց, կինը տարան, տունը կրակ տվին, և էլի ուրիշ քանի՜ մարդ սպանվեց։ Ասում էին, որ գյուղացիներից մատնող է եղել՝ Նարգիզն ի՜նչ այրված սրտով անիծում էր մատնողին, բայց միթե՞ այդ մատնիչը, այդ արնապարտը, այդ հոգին կորցնողը Դավի՞թն է, իր ամու՞սինը, և այն ծով արյունը զավակների վզի՞ն է ընկնում։ Սոփին ասաց, մայրն է ասել, դրսում ասում են, ասում են, ասում են…
Թթխմորն իր տեղում էր։ Նարգիզը չէր կարողանում նայել խմորի այդ հասարակ գնդին։ Սոփին ասաց՝ հարամ է, արյունոտ է, մտածում էր նա։ Իսկ եթե ճիշտ է, ինչու էր բարկանում։ Նա նստած մնաց իր տեղում, թոնիր վառելը մոռացավ, խմորը մնաց թմբի վրա։ Բոլոր տներից ծուխը բարձրանում էր, Նարգիզի երդիկից ոչինչ չէր դուրս գալիս։ Նա սպասում էր, դրությունը անտանելի էր. գոնե Դավիթը շուտ տուն գար՝ կամ ցրեր այս սև կասկածը, կամ մի փոս փորեր, թաղեր իրեն։
— Ժամ գնաց…— մռմռաց Նարգիզը թունոտ հեգնությամբ,— աղոթո՜ւմ է…
Երկար և ձիգ րոպեներ անցան… Վերջապես բակում լսվեց Դավթի ոտնաձայնը ու սովորական հազը։ Նարգիզը ցնցվեց այդ հազից, ինչպես օձի խայթոցից. նա և շտապում էր տեսնել ամուսնուն և դողում էր վճռական րոպեից՝ ինչպես կախաղանի դատապարտված մեկը։ Դավիթը տեր-ողորմեան համրելով ներս մտավ հանդարտությամբ, առանց կնոջը նայելու, անհոգ քայլվածքով մոտեցավ հացի տաշտին, դուրս քաշեց այնտեղից մի կոլոր հաց, գրպանը դրեց և պատրաստվում էր, ըստ սովորության, գնալ Եղոենց սաքուն՝ մինչև որ կինը թոնիրը կվառեր, կվերջացներ։ Նարգիզը լուռ հետևում էր նրա շարժումներին, նայում էր դեմքին, որից ոչինչ հասկանալ կարելի չէր, նայում էր աչքերին, որոնց կոպերից կախված էր դեռ ժամից դարձողի երկյուղածությունը։ Երբ ամուսինը պատրաստվում էր դուռը բանալ, Նարգիզը ձայն տվեց.
— Այդ ի՞նչ դրիր գրպանդ։
— Հաց է, ի՞նչ է,— զարմացած պատասխանեց Դավիթը։
— Ո՞ւր ես տանում։
— Խե՞նթ ես ի՞նչ է, այ կնիկ, տանում եմ ուտեմ, ո՞ւր եմ տանում։
— Արյունոտ հացը կուտվի՞…
Դավիթը գունատվեց։ Նրա դեմքը վայրկենապես այլայլվեց, երկյուղածությունն ու խաղաղությունը կորան… Թեև նա իսկույն փորձեց իր խռովքը ծածկել, առերևույթ սառնասրտություն և անտարբերություն ձևացնել, սակայն արդեն ուշ էր։ Նարգիզը հիմար չէր, նրա փորձող հայացքը մինչև իր ամուսնու հոգու խորքն իջավ ու այնտեղ սև դժոխք գտավ ի զուր խաբում Դավիթը։ Նարգիզը սոսկաց իր գյուտից։ Նա դժբախտ էր, նա դողում էր ոճրից, դողում էր թափված արյան առաջ, դողում էր իր զավակների, իր օջախի համար։ Նա գլուխը քաշ ձգեց, երեսը ծածկեց ձեռքերով, և զսպված բարկությունն ու վիշտը դուրս թափվեցին յորդ արցունքներով…
Կնոջ հեկեկոցը ևս առավել չփոթեց Դավթին, և երբ կինը կրկին վերև նայեց, Դավիթը գունատված էր ինչպես թուղթ և ձեռքով գրպանում ջղոտ անհանգստությամբ ճմռում էր հացը։ Բայց և այնպես նա փորձեց պաշտպանվել. վերջին ճիգն էր գործ դնում.
— Կնիկ, երազ ես տեսել, ի՞նչ ես դուրս տալիս — արյունս ո՞րն է, ես ի՞նչ արյուն եմ արել…
— Ո՞ւր էր թե երազ լիներ, սևավոր մարդ։ Երազի արյունը՝ բախտ է ցերեկին, իսկ այդ բախտը կտրվեց մեր տնից։ Տե՛ս…
Նա ցույց տվեց թմբի վրայի թթխմորը։ Դավիթն ապշած նայում էր թթխմորին առանց բան հասկանալու, իսկ կինը շարունակեց այս անգամ ավելի ցավով, քան զայրացած.
— Մեր տունը արյունով լցված է, սևավոր մարդ, մեր թթխմորը հարամ է, մեր թթխմորը արյունոտ է, հարևանները մեր թթխմորով էլ չեն ուզում հաց թխել, բերին հետ տվին։ Դե թող սևը գա մեզ տանի, էլ ինչի՞ ենք ապրում, Հաբելի ու Կայենի տուն շինեցիր մեր տունը, մարդ, թող Կայենի կոտոշ բուսնի գլխիդ…
Դավիթն այժմ հասկացավ… Խոսք չուներ, բերանը փակվեց։ Կինը կրկին արտասվեց, ուստի նա բարոյական համարեց շուտով դուրս գնալ տնից դեպի սաքուն։ Գյուղամիջից անցնելիս՝ նա աշխատեց իր սովորական իշխանական եղանակով քայլել, խրոխտ, հանդարտ, բարեպաշտ դեմքով և երբեմն-երբեմն հազալով։ Եղոենց գոմին հասավ։ Դրսից լսվում էին խոսակցության ձայներ. երևում էր, որ սաքունը լիքն է գյուղացիներով։ Դավիթը դուռը բացեց և ներս մտավ, աշխատելով չկորցնել իր ձևերն ու սառնասրտությունը։ Նրա ներս մտնելու հետ ձայները մեկեն դադարեցին և նա շփոթվեց։ Նույնիսկ նրան թվաց, թե իր լսած վերջին բառերը նույնն էին, ինչ որ կինն ասաց՝ «թթխմորը հարամ է, արյունոտ է»։ Դավիթն իրեն չլսելու տվեց և առերևույթ հանդարտությամբ ասաց՝
— Ողորմի Աստված։
Ձայնն ավելի բարձր դուրս եկավ, քան պետք էր. գոնե Դավթին այդպես թվաց, և նա այնպես փակեց բերանը, կարծես մեկը ապտակով խփեց շրթունքներին։ Այդ չէր բոլորը՝ սարսափելին այն էր, որ իր «Ողորմի Աստված»-ին ոչ ոք չպատասխանեց։ Այդ էլ չնկատելու տվեց Դավիթը և առաջ անցավ իր սովորական տեղը գրավելու բուխարիկից դեպի ձախ, երկրորդ տեղը՝ հաստաբեղ Մանոյի և Խուս-Հովեի մեջ։ Դիտմամբ արդյոք, թե անուշադրությունից, այսօր այդ երկու մարդու մեջ շատ քիչ տեղ էր մնացել նրա համար, և երբ Դավիթը մոտեցավ, ոչ մեկը չշարժվեց։ Դավիթը մի կերպ ներս սողոսկեց, նստեց։ Լռությունը շարունակվում էր. դիտմամբ չէին խոսում, թե խոսել չէր լինում։ Մոտիկ հարևաններն էլ երեսները դարձրել էին Դավթից…
Ժամում շատ ցուրտ էր։ Տերտերը աղոթքները կոլկուլտուեց, ասաց Դավիթը։ Ոչ ոք ձայն չհանեց, լռությունը շարունակվեց։ Դավիթը հանեց չիբուխը, պատրաստեց, կրակը վերցրեց, վրան դրեց և սկսեց արագ-արագ ծխել։ Ոչ ոք կրակ չառաջարկեց նրան։ Հանկարծ Մանոն նրա կողքից վեր կացավ և դուրս գնաց։ Դավիթը կծկվեց և վար նայեց։ Քիչ հետո Խուս-Հովեն էլ դուրս եկավ։ Դա արդեն ավելի տարօրինակ էր։ Դավիթի ողնաշարի երկարությամբ մի պաղ բան սողաց դեպի լուխը։ Նա գլուխը քաշ էր ձգել և նայում էր չիբուխը մոռացած։ Սարսափելին այն էր, որ գյուղացիները իրար հետևից դուրս էին փախչում, կարծես վարակիչ ախտ էր բուն դրել։ Դավիթը աչքերը չռած, նայում էր նրանց, և մեջքի պաղ արյունը լայնանում էր, մոտ էր մրսելու։ Ավելի սարսափելի էր, որ յուրաքանչյուր գյուղացի դուրս գալուց արհամարհական հայացք էր ձգում նրա վրա, դեմքերը փոխված էին, խորթ, օտար։ Սաքունը դատարկվեց իսպառ։ Դավիթն այժմ էլ կասկած չուներ. իր մատնության մասին գիտեին բոլորը։ Սաքունն այժմ իր լռությամբ սարսափելի էր, ահավոր։ Բայց ո՞ւր գնալ։ Տո՞ւն… Նարգիզն այնտեղ արտասվում է արյունոտ թթխմորի առաջ։ Եվ նա մնաց անշարժ նստած, աչքերը յառած այն պատի ճեղքին, որտեղից մի ճպուռի ողբաձայն, միակերպ ճռճռոցն էր լսվում։ Նայում էր և չէր մտածում… Երկար ժամեր անցան։ Հետո Դավթին թվաց, թե ինքը՝ ինքը չէ, թե գյուղացիների հետ ինքն էլ դուրս է եկել։ Հո՞մ այստեղ մենակ չէր նստի ճպուռին ականջ դնելու։ Իր ապշության մեջ այս միտքը նրան դուր եկավ, մխիթարեց, բայց ո՞վ էր ինքը՝ այդ հասկանալ չէր կարողանում։ Մտածում էր ընդարմացած ուղեղով։ Այդ դրության մեջ նա ձեռքը մեքենայաբար գրպանը տարավ, հացը դուրս քաշեց, նայեց։ Սոված չէր։ Մի բան անելու համար հացը դեպի բերանը տարավ, կրծեց ու կրկին հիշեց թթխմորը, արյունոտ թթխմորը։ Չէ՞ այս հացը նույն թթխմորից էր, համն էլ տարօրինակ էր… Նա ծամել չկարողացավ և սարսափով զգաց, որ պատառը իր բերանում ասես աճում, մեծանում է, սեղմում է կոկորդը, խեղդում է նրան։ Դավիթը շտապով հանեց բերանից պատառը և ձգեց հեռու…
Գոմի լռությունն ավելի ու ավելի ճնշող էր դառնում։ Դուրս փախչել էր հարկավոր, բայց ո՞ւր, այդ նա չգիտեր. միայն թե դուրս, լայն տեղ, բաց երկնքի տակ։ Եվ նա ոտքի կանգնեց, թողեց հացը և սրտապատառ դուրս փախավ գոմից առանց հետ նայելու…
Մինչև երեկո խելացնորի նման դաշտում թափառելուց հետո, նա քայլերն ուղղեց դեպի գյուղը։ Բայց խավար փողոցի մեջ հազիվ մի քանի քայլ արած, նրա առաջ ցցվեցին երկու խորհրդավոր մարդիկ։ Դավիթը ճիչ անգամ չարձակեց, երբ մահացու զենքի փայլը տևեց մթության մեջ և զգաց երկաթի պաղ ծայրը իր կրծքին։ Արդարությունը իր իրավունքն էր պահանջում…
Մյուս առավոտ գյուղացիները գտան նրան փողոցում՝ դաշույններով խողխողված։ Մի դիակ փողոցում և մի հաց սակում՝ երկուսն էլ անախորժ գտածոներ էին գյուղացիների համար. դիակը՝ դավաճանի էր, հացը՝ հարամ։ Մի խոր փոս փորեցին, արյունոտ դիակը դրեցին փոսի մեջ, հարամ հացն էլ թաղեցին հետը՝ արյունոտ էր, ուտել չէր լինի։
Ամեն առավոտ գյուղի երդիկներից ծխի պտույտները, որպես թանձրացած սև հոգսեր ու ցավեր, ձգվում են դեպի վեր, դեպի երկինք և բոթերով բեռնավորված բանբերների պես վազում են կապուտակ անսահմանության մեջ, զարհուրելի բաներ են պատմում և կարծես հաշիվ ու համար պահանջում անարդար երկնքից։ Միայն Դավթի խրճիթից ծուխ չի բարձրանում։ Այդ խրճիթը երկնքից պահանջ չունի. նա կարծես կամենում է լռել և ծածկել երկնքից այն մեծ ոճիրը, որ իր հարկի տակ է մտածված։
Այն սև օրից սկսած՝ Նարգիզն ուխտ է արել՝ մի ամբողջ տարի էլ թոնիր չվառել, էլ հաց չթխել իր արյունոտ թթխմորով, իր արնապարտ օջախում։ Առավոտյան այն ժամին, երբ հարևանները կրակ են ձգում թոնիրները, Նարգիզը վերցնում է իր երկու որբերին, գնում է եկեղեցի, չոքում է խոնավ գետնին երեխաների հետ, արցունքով թրջում է եկեղեցու հատակը և աղոթում է, աղոթում…
Ո՞ւմ համար է աղոթում նա՝ իր ոճրագործ ամուսնու հոգու փրկության, թե՞ իր զավակների և իր օջախի վրայից արյունը վերցնելու համար, այդ միայն ինքը գիտի։ Երբ նա եկեղեցուց տուն է վերադառնում, բարի հարևանները նրա օրվա պաշարը բերել են լինում իրենց արդար հացից…
Երբեմն-երբեմն երեխաները զարմացած հարցնում են մորը.
— Մայրիկ, ինչո՞ւ հաց չես թխում։
— Թթխմոր չկա, ձեզ մեռնեմ, մեր թթխմորը արյունոտ է,— պատասխանում է մայրը, և զսպված արցունքները կաթիլ-կաթիլ թափվում են աչքերից։ Եվ նայում են մանուկները խորը վշտով, երկար, երկար, և մտածում են, մտածում, բայց նրանց փոքրիկ գլուխները չեն կարողանում հասկանալ, թե ինչու է արտասվում մայրը և ինչու է թթխմորը արյունոտ..Աւետիս Ահարոնեան
