Ալեքսեյ Իվանով | Աշխարհագրագետը խմեց-մսխեց երկրագունդը

Ալեքսեյ Վիկտորովիչ Իվանով (ծնվ. 1969 թ.) – գրող։ «Большая книга» (2006), «Ясная Поляна» (2006), ՌԴ կառավարության (2017) և մի շարք այլ մրցանակների դափնեկիր։
Ծնվել է Գորկիում (Նիժնի Նովգորոդ), նավաշինարարների ընտանիքում, դպրոցն ավարտել է Պերմում։ Սովորել է Ուրալի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի և Արվեստի պատմության ֆակուլտետներում։ Աշխատել է որպես ուսուցիչ, հսկիչ, զբոսավար։
Առաջին իսկ գիրքը՝ «Պարմայի սիրտը» պատմական վեպը (2003), ստիպեց քննադատներին խոսել Իվանովի մասին՝ որպես լեզվամտածողությամբ ու թեմայով վառ, ինքնատիպ հեղինակի։ «Հանրակացարան արյան վրա», «Աշխարհագրագետը խմեց-մսխեց երկրագունդը», «Խռովության ոսկին», «Վատ եղանակ» և մյուս վեպերը մեծ ճանաչում ստացան ընթերցողների կողմից: Նա նաև մշակութային հետազոտությունների ժանրում գրել է մի շարք գրքեր Ուրալի մասին՝ «Ռուսաստանի ողնաշարը», «Հանքարդյունաբերական քաղաքակրթություն», «Յոբուրգ», «Եղան» և այլն:
Իվանովը համատեղում է ռուսական դասական արձակի ավանդույթը զանգվածային մշակույթի ձևերի հետ։ Նրա տեքստերում ռեալիզմը միահյուսվում է միստիցիզմի, իսկ իրադարձությունների դինամիզմն ու սրությունը՝ բնապատկերային և դիմանկարային նրբագեղ նկարագրությունների հետ։

(հատված վեպից)

Պոնիշը, որ ամռանը հազիվ քսան քայլ լայնություն ուներ, այժմ այնպես էր վարարել, որ ողողել էր դիմացի ափի եղևնուտը՝ որքան աչքը կտրի։ Ուշ ու միանգամից վրա հասած գարուն էր։ Լեռնալանջերից, բնավայրերից հորդում էր հալոցքաջուրը՝ համատարած հեղեղ դարձած։ Այդ հեղեղը սրընթաց քշում-տանում էր պոկված ճյուղեր, մաշված սառցաբեկորներ, մամուռի և ճիմահողի կտորներ, կիսափտած տերևներ, կեղևի մնացորդներ, սևացած խոտ: Ծառաբներին դարչնագույն կեղևաթելերից կիսաշրջազգեստներ էր պտտելով հագցրել: Կեղտոտ փրփուրը ձգվում էր արագընթաց հոսանքով մեկ՝ խցանվելով հորձանուտներում։ Պոնիշն ինքնաթոր օղու պես պղտոր էր:
Մեր ուսապարկերը խառնիխուռն դատարկված, իսկ իրերը ցաքուցրիվ սփռված են դալուկ կեչիների մեջ։ Ես տղերքին սովորեցնում եմ ճիշտ տեղավորել: Մի կերպ իրենց վրա քաշելով կարմիր փրկաբաճկոնները՝ տղերքը, հայհոյելով, վհատված թափառում են ափով մեկ՝ քարշ տալով և այս ու այն կողմ կիտելով իրենց հագուստներն ու իրերը։
Հազիվհազ ժամուկեսում գլուխ ենք բերում:
– Իսկ հիմա պետք է ձողեր կտրենք հիմնակմախքի համար,- ասում եմ ես:
Տղերքն ամբողջ խմբով մռայլ նստել ու չարացած ծխում են։ Ես կեղծ շվշվացնում եմ՝ խաղացնելով կացինը: Վերջապես, մռայլ խմբակույտի մեջ ծնվում է չարագույժ մռթմռթոց, որն աստիճանաբար վերածվում է կատաղի հայհոյանքի։ Տղերքը որոշում են, թե ով պետք է գնա ձողերի հետևից: Վերջապես, խմբակույտից ետնառաջ չորեքթաթ դուրս է թռչում Տյուտինը, կանգնում է, ձեռքիցս խլում կացինն ու նվնվալով, կռանալով, ինքն իրեն քարշ տալով՝ մտնում է կեչիների մեջ։ Բոլորը նստած են, սպասում են, լուռ են, ծխում են։ Ես նույնպես: Տյուտինը վերադառնում է մի գրկաչափ բարակ սոճիներով:
– Սրանք շատ թույլ են, – ասում եմ ես:- Մեզ ավելի ամուրներն են պետք:
– Գրողը տանի, Զոհ, նորից քարշ տուր քեզ մահակների ետևից,- բղավում է Գրադուսովը:
Աղջիկները մի կողմ են գնում և, շրջվելով, նստոտում ափին։ Տղերքը պառկած են: Ես լուռ ծխում եմ։ Տյուտինը կանգնել է քիչ հեռու, թփերի մեջ՝ եղնիկի պես։
– Լավ,- ասում եմ ես։- Հիմնակմախքը թող բարակ ձողերից լինի։ Բայց հաշվի առեք՝ զգուշացրել եմ, որ դրանք կարող են կոտրվել։
Ես բացատրում եմ, թե ինչպես է պատրաստվում կատամարանը: Ցույց եմ տալիս՝ ինչպես փչել գոնդոլները: Բոլորին անմիջապես թվում է, թե դա ամենահեշտն է։ Գրադուսովը, Դեմոնն ու Օվեչկինը շտապում են դեպի ինձ։ Տուրուդմփոցի մեջ Գրադուսովը զավթում է պոմպը և դրանով հարվածում մյուսների գլխին։ Դե ինչ, թող փչի Գրադուսովը:
Սովորեցնում եմ շրջանակ հյուսել։ Բոլորը մռայլ կանխազգացմամբ նայում են ինձ՝ կիսաշրջան կազմած, ձեռքերը գրպանում։ Լռում են: Ես հյուսում եմ: Բոլորը նայում են։ Ես հյուսում եմ: Բոլորը նայում են։ Ես ասում եմ.
– Մարդն աշխարհում երեք բանի կարող է անվերջ նայել` վառվող կրակին, ընկնող թքին և ուրիշի աշխատանքին:
Բորմանը, ծանր տնքալով, կքանստում է ու ձեռքն առնում պարանը: Դժկամորեն նրան է միանում հոգոց հանող Չեբիկինը։ Ապա՝ ընկճված Օվեչկինը։ Դեմոնն ու Տյուտինը առաջվա նման պառկած են կեչիների մեջ։
Կատամարանը, թեկուզև դանդաղ, բայց պատրաստվում է։ Բարակ ձողերով հյուսված երերուն շրջանակից կապկպում ենք չորս գոնդոլ՝ ամեն շարքում երկուական։ Այնուհետև վրան ձգում ենք ցանցը, պտտելով քաշում ենք կառանը և արդեն միահամուռ մեր նավն իջեցնում ենք ջրի մեջ։ Բոլորը մտախոհ զննում են այն։
– Էրոտիկ ստացվեց,- ասում է Չեբիկինը:
– Մեր գյուղում էլ մի տղա փչովի նավակով լողաց-լողաց ու խեղդվեց,- կամացուկ ասում է Տյուտինը:
Բոլորը երկար ժամանակ լուռ են։
– Ժանիք,- վերջապես ասում է Գրադուսովը։
– Դե, բաժանեք տեղերը,- առաջարկում եմ ես:- Իմը նավախելի աջ կողմում է:
Նավախելի աջ կողմը հրամանատարի տեղն է։ Իսկ տղերքին, չգիտես ինչու, թվում է, թե նավախելի տեղերը բոմժերի համար են, իսկ ահա ազնվական տեղերը միայն ցռուկի վրա են։ Գրադուսովը բերանքսիվայր ընկնում է աջ գոնդոլի առաջամասի վրա, գրկում է այն ձեռքերով ու բղավում, որ բոլորին կոչնչացնի սղոցով։ Չեբիկինն ու Օվեչկինը ծեծում են նրան։ Տյուտինը ցատկոտում է շուրջը, քանի դեռ Գրադուսովի ճտքակոշիկը պատահաբար չի անցնում քթի տակով: Տյուտինը երեսնիվայր փռվում է գետնին ու լռում։ Մինչ Չեբիկինն ու Օվեչկինը քաշքշում են Գրադուսովի ոտքերը տարբեր ուղղություններով, Բորմանն արագ ու գործնական քուղակապվում է ձախ գոնդոլի առաջամասում: Խորամանկ Դեմոնն իր ունեցվածքը հարմարեցնում է Բորմանի հետևում: Հետո նրանք՝ չորս հոգով, այնուամենայնիվ, պոկում են ծեծվող Գրադուսովին։ Չեբիկինը ճարպկորեն զբաղեցնում է ցռուկի աջակողմյան տեղը, իսկ Օվեչկինը՝ Չեբիկինի թիկունքում: Գրադուսովը դուրս է պրծնում Բորմանի ու Դեմոնի ձեռքերից և սկսում է կատամարանից պոկել Չեբիկինի՝ կարկասին ամուր կապած ուսապարկը։ Բոլորը կրկին քաշքշում են Գրադուսովին և գոռում, որ հարբեցողները նստում են նավախելում ու չեն խառնվում, օրինակ՝ Աշխարհագրագետը։ Գրադուսովը կատաղած թքում է Չեբիկինի ուսապարկի վրա ու գնում դեպի նավախել։
Ես օգնում եմ աղջիկներին տեղավորվել՝ Լյուսկան Գրադուսովի, իսկ Մաշան՝ իմ դիմաց։ Տյուտինը, ուշքի գալով, ոտքի է կանգնում և տեսնում, որ իրեն տեղ է մնացել միայն կատամարանի մեջտեղում։ Մնում էր պարզապես ընտրել՝ որտեղ նստել՝ աջ կամ ձախ կողմում:
Տյուտինը վերցնում է թին, չգիտես ինչու, մագլցում բլրակի վրա և երկար, լրջախոհ թափահարում է այնտեղ՝ փորձելով, թե որ ձեռքով իրեն հարմար կլինի թիավարելը։ Պարզվում է՝ ավելի հարմար է ձախով: Նա իր ուսապարկը տեղավորում է ձախ գոնդոլի վրա: Գրադուսովը սպառնում է, որ եթե իր դիմաց տեսնի Զոհի գանգը, ապա անմիջապես կբացի այն։ Տյուտինը, հոգոց հանելով, հնազանդորեն սողում է դեպի աջ գոնդոլը։ Ճակատամարտը հանդարտվում է։
– Իսկ հիմա,- ասում եմ ես,- պետք է գնալ ճաշի համար փայտ բերելու:
Տղերքն անշարժ նստած են կեչիների մեջ՝ չար ու լուռ։ Ծխում են։
– Տղերք…,- խղճալի հարցնում է Լյուսկան:- Ինչո՞ւ եք դուք ոնց որ… Բորմա՛ն…
– Գրողը տանի, էլի ե՞ս,- գռմռում է Բարմինը:- Միշտ՝ Բորմա՛ն: Բորմա՛ն… Աչք եմ ծակո՞ւմ, ինչ է: Հրե՛ն, թող Դեմոնը գնա:
– Ես չեմ կարող: Ձեռքս կտրել եմ: Ահա, տեսեք:
– Ի՞նչ ես քո պրոբլեմները հագցնում մռթիս,- բղավում է Գրադուսովը:- Ձգվի՛ր: Իմն էլ ոտքս է հարվել։ Հետո ի՞նչ:
– Ոտքը ձեռք չէ, դրանով փայտ չես կտրի:
Գզվռտոցը բռնկվում է նոր կրքով: Շուտով արդեն բոլորն են բղավում, կուրծք ծեծում, կացին են նետում միմյանց վրա և թափահարում խեղված մարմնամասերը։ Տյուտինն աստիճանաբար քոչում է դեպի թփերը։
– Վիկտոր Սերգեևիչ,- ուժասպառ ասում է Մաշան,- ախր տեսնում եք՝ ոչ մի կրակ էլ նրանք չեն վառի… Գուցե պարզապես մի թեթև ուտե՞նք:
– Նախ և առաջ,- պատասխանում եմ ես,- նրանք արդեն լափել են այն ամենը, ինչ տնից վերցրել են…
– Ես չեմ լափել,- իսկույն միջամտում է Լյուսկան:
– Երկրորդ,- շարունակում եմ ես,- համբերեք, աղջիկներ: Այդպես է պետք: Եվ երրորդ՝ եկեք գնանք անտառ ու երեքով խժռենք Լյուսկայի կարկանդակները։
– Լավ չէ երեքով,- վճռական ասում է Մաշան:- Եթե բաժանել, ուրեմն՝ բոլորին։
– Մաշա,- ասում եմ ես:- Մի փորձիր հասկանալ ինձ, պարզապես վստահիր: Հետո ինքդ կտեսնես՝ կպարզվի, որ ես ճիշտ եմ։
Մաշան շփոթված լռում է։
– Ախր հավատում է նա քեզ, ուղղակի մոգոնում է,- ասում է Լյուսկան:
– Հիմար,- շիկնելով պատասխանում է Մաշան:
Մենք երեքով գնում ենք անտառ և այնտեղ ուտում Լյուսկայի սենդվիչները, վաֆլիներն ու չիփսերը։ Երբ կես ժամ անց վերադառնում ենք, տղերքը՝ գեղանկարչական դիրքով, մռայլ պառկած են ափին։
– Հրեն՝ ցախը…,- մռթմռթում է Գրադուսովն ու կոշիկի ծայրով բարձրացնում կտրված կեչիների մի փոքրիկ կույտ։
Ես վերցնում եմ մի կեչի և ոտքով ճկում։
– Ցախ չէ, խոնավ պարաններ են,- ասում եմ ես:- Բացի այդ, քիչ է: Իսկ ո՞ւր են երկճյուղ փայտերը խարույկի համար: Ո՞ւր է լայնադիր գերանը: Ո՞ւր են ջրով լի կաթսաները: Ո՞ւր է կրակը:
Տղերքը չեն պատասխանում:
– Մի խոսքով՝ այսպես,- ամփոփում եմ ես:- Գիշերելու տեղ գտնելու համար լողում ենք հենց հիմա: Կնախաճաշենք ու կճաշենք ընթրիքին:
Եվ ահա մենք նավարկում ենք։ Ես այնքան երկար եմ սպասել, թե երբ եմ կարողանալու իրական բովանդակությունը ամփոփել այս պարզ բառերի մեջ. մենք նավարկում ենք: Դաստակներով, քունքերով ու ականջներիս ծայրերով զգում եմ օդի խոնավ թարմությունը։ Յուրաքանչյուր թիահարվածից դեղին ջրի վրա երկու ձագարափոս է ոլորվում, և դրանց նախշը իոնիական խոյակ է հիշեցնում։ Տաղտուկի ճանկերը, որ մի ամբողջ տարի ժանգոտվում էին հոգուս մեջ, կամաց-կամաց թուլանում են։ Ինձ թվում է, թե երկար ժամանակ անց առաջին անգամ շարժվում եմ մի ճանապարհով, որն ինձ կտանի դեպի ուրախություն։
Տղերքը հանկարծ մոռացան, որ քաղցած ու հոգնած են։ Նրանք ապշեցին, որ իսկապես լողում են իրական գետով իրական տայգայում։ Անմտաբար թիավարում են տարբեր ուղղություններով ու հռհռում։
– Էրոտիկ է,- խենթացած մրմնջում է Չեբիկինը:
Պոնիշը սրընթաց գլորվում է եղևնուտի միջով՝ մայրամուտից փայլկտուն, սաթե ճանապարհ՝ երկու սև, բարձր պարիսպների միջև: Գետի վրա աղմուկ է՝ թփերը մրմնջում են, տարածությունն արձագանքվում է դղիրդով: Մեր կողքին, շատ մոտ, թիով ձգվելու չափ, առկայծում-անցնում են եղևնու ճյուղերը: Երեկոն խտացրել է բոլոր գույները, արևադարձային ձկների երանգներով ներկել ամպերի պոչերն ու լողակները։ Վայրի, հրակարմիր երկինքը մշուշոտ ու կուրորեն նայում է մեզ արևի անհուն հորձանուտով։ Փչովի տարա և վրան մի բուռ մարդուկներ՝ ահռելի տայգայական օվկիանոսի մեջտեղում: Ինչպես դանակը՝ կոկորդին, ինչպես առաջին սերը, ինչպես վերջին բանաստեղծությունները:
– Աշխարհագրագետ, իսկ ի՞նչ է այնտեղ՝ առջևում,- հարցնում է Բորմանը:- Տո՞ւն:
– Միգուցե Պե՞րմն է,- հույսով ենթադրում է Տյուտինը:
– Լողանք-հասնենք՝ կտեսնենք,- ասում եմ ես:
– Գրողը տանի, ախր դրանք խութեր են,- բղավում է Չեբիկինը:
Աղեղի երկայնքով մենք ընթանում ենք առաջ: Եվ ահա շրջադարձի ետևից մեզ ընդառաջ ու դեպի վեր են մագլցում քարե պատեր։ Եղևնուտը վարագույրի պես մի կողմ է քաշվում։ Ոչ թե պարզապես վիթխարի, այլ սարսափելի վիթխարի մի ժայռ ընկած է ձախ ափին՝ եղևնիների թավուտներում, ինչպես ելուստավոր դինոզավրը խոտերի մեջ: Չեբիկինը սարսափից կամ հիացմունքից երկար սուլում է: Այդպիսի սուլոցով ռումբն է ընկնում։ Տղերքը դադարում են թիավարել՝ աչքերը սևեռելով քարե զառիթափին։
Ընդհանուր ապառաժոտ հիմքի վրա, որի կողքով թռչում է Պոնիշը, իրար վրա են բարձրացել երկու թեք ժայռ։ Ձախը վերևից ճեղքված է երեք գագաթի, իսկ աջը մասնատված է չորսի: Ու ժայռերի արանքում, անիրական գայլիկոնի պես, վերջում ուռչելով՝ վեր է հառնում մի նեղ, խորդուբորդ աշտարակ՝ Սատանայի Մատը։ Յոթ գագաթ-յոթ եղբայր, Յոթնամարդու ժայռը: Եղևնու նիզակները խոցում են Եղբայրների կողերը։
Պոնիշը մեզ քշում-տանում է ժայռի տակ։ Մի մարդու նման բարձրացնում ենք գլուխներս։ Բիրտ որմածք: Վաղուցվա ջարդվածքատեղեր: Աղեղնաձև նստվածքաշերտերն ասես ճրթճրթում են անհավանական ծանրության ճնշման տակ։ Ճեղքեր ու փորվածքներ՝ պատված գարնանային ջրհոսքերի ողողուտներով ու գորշ քարաքոսերով: Ծերպերից, ինչպես հրանոթի փողեր հրակնատներից, ցցված են վերևից տապալված ծառերի ջարդոտված բները։ Ու նաև փլվածքների քարե լեզուներ, և չոր ոստերի կույտեր կիրճերում, և միաձույլ հողազանգված չորացած եղևնիների ճյուղերի հետևում: Իսկ գագաթների երկայնքով՝ սարսափելի բարձրության վրա, սոճիների՝ մայրամուտից բոսորագույն սաղարթների եզրագիծ:
Եվ հանկարծ Բորմանը սկսում է բղավել՝ ջղաձգորեն ցնցելով թին։ Ես հայացքս գագաթներից գցում եմ գետին։ Մազերս ծածանվում-խռնվում են գլխիս վրա։ Պոնիշը ժայռի տակ ասես սայթաքում է երկար սալաքարի վրա՝ հունին հակառակ, և գլուխկոնծի տալով թռչում:
Փայլուն ջրհոսքը գլորվում է ողորկ սալաքարի վրայով և դանակի պես մխրճվում քլթքլթացող փրփրաշիլայի մեջ, որտեղից դուրս են թռչում ցայտերի շատրվաններ։ Մեր կատամարանը կողքով մտնում է շիթի տակ: Մի ակնթարթ հետո մեզ շուռ կտա։
– Ձախ նավակող, թիավարի՛ր,- բղավում եմ ես:
– Ետ թիավարի՛ր,- բղավում է Բորմանը։
– Չեբա՛, շշմա՛ծ, կսպանեմ,- բղավում է Գրադուսովը
– Ե՛տ,- զիլ ճչում է Չեբիկինը:
– Շրջվի՛ր,- ճղճղում է Օվեչկինը։
– Ա-ա-ա՜…,- խոյանում է Տյուտինը:
Ես ետ եմ թիավարում՝ ամբողջ մարմնով ետ թեքվելով ու կոշիկներիս ծայրերով հրելով հիմնակմախքի լայնադիր գերանը։ Թիի կոթը ճռթճռթռում է լարվածությունից, իսկ բերանի տակից փրփուր է սողում։ Կատամարանը ցնցվում է՝ գետաձիու մռութով շրջվելով խոչընդոտին ընդառաջ։ Ինձ թվում է, թե ուժերի գերլարումից կտրվում են մեջքիս պարանները։ Մենք լողալով մտնում ենք հոսանքի՝ մայրամուտից կուրացուցիչ հայելու մեջ և ջրհոսքով դիմահար ընկնում ենք ցած:
Ճերմակ խլթխլթոցը կուլ է տալիս Բորմանին և Չեբիկինին, ապա՝ Դեմոնին ու Օվեչկինին: Կատամարանը մեջտեղից ճկվում է, և նույնիսկ ջրի խորտակող մռնչյունի միջից ես լսում եմ կոտրվող հիմնակմախքի ճայթունը։ Տղերքը դուրս են գալիս ջրի տակից, իսկ փրփուր-լեզուն գլորվում է Տյուտինի վրայով և փշրվում Մաշայի և Լյուսկայի ծնկներին: Ասես աքացի ստանալով՝ թաց կատամարանը դուրս է թռչում սահանքից, թերևս միայն շրխկացնելով իմ ու Գրադուսովի ճտքակոշիկներին։
Ու այդ պահին տեսնում եմ, թե ինչպես է Տյուտինը հանկարծ սկսում կամաց-կամաց ընկղմվել հիմնակմախքի մեջ։ Տյուտինը լուռ է։ Նրա դեմքին միայն սարսափեցնող մեծության աչքեր են և փոքրիկ, պինդ սեղմված բերան։ Հիմնակմախքը կոտրվեց հենց մեջտեղում, որտեղ իրար են կցվում երկու զույգ գոնդոլները, այսինքն՝ Տյուտինի տակ։ Եվ հիմա կատամարանը դանդաղ բաժանվում է երկու մասի:
– Բռնի՛ր Զոհին…,- Գրադուսովն առաջինն է բղավում:
Մաշան, Լյուսկան և Օվեչկինը միահամուռ կառչում են Տյուտինից, որը հիմնակմախքից արդեն դուրս է ցցված մինչև գոտկատեղը, ինչպես Իվանը՝ Կովի Որդին* խոնավ հողից։ Այժմ Տյուտինը միակ կապող օղակն է մեր կատամարանի երկու կեսերի միջև: Նա կախված է նրանց միջև՝ մինչև կուրծքը ջրի մեջ, ինչպես ամբարի կողպեքը դարպասի փեղկերից։
– Դեպի ա՛փ,- հրամայում եմ ես:
<…>
Յոթնամարդու գագաթը սարահարթ է՝ վրան սոճիներ: Այն թեթև զառիվայրով իջնում է զառիթափի վրա ցցված Եղբայրների գագաթնաշարի վրա: Գագաթների միջև՝ կեռ, մամռոտ կիրճերի աստիճանաձև լաբիրինթոս՝ լեփ-լեցուն չոր ոստերով:
Մենք դուրս ենք գալիս դեպի զառիթափի եզրը: Ներքևում սարսափելի դատարկություն է: Առջևում՝ հորիզոնի վրա, տարածվում է տայգայի հեռաստանը։ Տայգան մշուշոտ կապույտ է, այն մեղմ, դանդաղ ալիքներով բարձրանում է տեսադաշտով մեկ։ Եվ չկան ոչ ժայռեր, ոչ գետեր, ոչ կածաններ, ոչ գյուղեր՝ համատարած ծխագույն գոյություն։
– Էրոտի՜կ է,- մռթմռթում է Չեբիկինը՝ զմայլված նայելով շուրջը։
Հենց մեր դիմաց անձայն վեր է հառնում Սատանայի Մատի սահմռկելի կուռքը։ Թվում է՝ այն աճում է անմիջապես բրածո Պերմի ընդերքից՝ խորքում թաղված գազանանման մողեսների ոսկորներից։ Նա հիպնոսացնում է, ինչպես ուղղաձիգ տնկված կոբրան։ Ես զգում եմ նրա անխոս, անտես, անմարդկային հայացքը խոնարհած քարե կոպերի միջով։
– Ֆու, ոնց է նայում…,- կծկվում է Լյուսկան:
Տղերքն արագ անցնում են քարե սյան կողքով։
– Աշխարհագրագետ, իսկ այս կիրճերի մեջ գոնե կարո՞ղ ենք քթներս խոթել,- հարցնում է Չեբան:
– Կարող եք,- թույլ եմ տալիս ես:- Միայն թե ինչ-որ տեղից չընկնեք…
Չեբիկինն անհետանում է կիրճերից մեկում։ Մյուսները, չգիտես ինչու, դանդաղում են: Անսպասելիորեն Չեբիկինը հայտնվում է Եղբայրների գագաթնաշարից մեկի վրա։
«Հե՜յ, ժանիքներ…,- գոռում է նա ու թափահարում ձեռքերը:
– Անմիջապես իջի՛ր…,- միաձայն սարսափահար բղավում են Մաշան և Լյուսկան:
Բայց Չեբիկինը, գոհ ծիծաղելով, շարունակում է մագլցել, անհետանում է ելուստների ետևում, իջնում ծերպերի մեջ, նորից հայտնվում՝ ճանճի պես սողալով ժայռերի վրայով։ Սառցե գունդը որովայնումս՝ հետևում եմ նրա շարժումներին։ Վախենում եմ նույնիսկ ցնցվել, ասես այդպիսով կարող եմ հրել նրան: Տղերքը տնքում են՝ բնազդաբար սեղմելով բռունցքներն ու լարելով մկանները։ Լյուսկան ձեռքերով փակում է դեմքը։ Ես դողացող ձեռքերով բերանս սիգարետ եմ դնում՝ ֆիլտրը դեպի դուրս, և վառում եմ այն՝ ոչինչ չնկատելով։ Չեբիկինը բարձրանում է վերջին, ամենաբարձր, ամենասուր և ամենաանմատչելի գագաթի վրա։ Նա ինչ-որ բան է աղաղակում, թափահարում է գլխարկը, մեջքով շրջվում դեպի մեզ և խփում հետույքին։
– Դե, վերջ, եկավ Չեբայի վերջը,- ատամների արանքից մռթմռթում է Գրադուսովը:
– Այնտեղ քարանձա՜վ կա…,- մեզ է հասնում Չեբիկինի ճիչը:
Այնուհետև նա արագ և հմտորեն հետ է սողոսկում և ինչ-որ տեղ կեսճանապարհից թեքվում է, որպեսզի ավելի կարճ ճամփով հասնի քարանձավին։
– Եկեք մենք էլ շարժվենք դեպի քարանձավ,- ասում եմ տղերքին:- Ա՛յ այնտեղ…
Իջնում ենք դեպի մամռոտ, խոնավ, ցուրտ ու մութ կիրճը։ Այն զառիվեր է և խորդուբորդ իջնում է ներքև։ Տղերքը ձեռքերով կառչում են թաց քարերից, գայթում են փտած փշատերևների ու սայթաքուն լպրծուն գերանների վրա։ Որոշ տեղերում մենք ստիպված ենք ցատկել ոչ բարձր զառիթափերի վրայով: Տղերքը ներքևից ապահովում են աղջիկներին: Մաշան այսօր ինձ ուղղակի չի նկատում։
Ես քայլում եմ վերջինը ու մտածում դրա մասին: Այլևս չեմ ամաչում երեկվա համար, և ինձ ցավացնում է ոչ թե Մաշայի անուշադրությունը, այլ գուցե նաև բացահայտ անբարյացակամությունը։ Ինձ թվում է, թե հոգուս մեջ Մաշային ծածկել եմ աղյուսներով, ինչպես պատուհանը պատի մեջ։ Հոգուս մեջ միայն թեթև միջանցիկ քամի է սրտի շրջանում, ինչ-որ տեղ բացված նոր անցքից, որտեղից ջարդել-հանել եմ աղյուսները:
Առջևում ու ներքևում մերթընդմերթ երևում է Չեբիկինը:
– Այստեղ արի, ոչխա՛ր,- չարությամբ բղավում է Գրադուսովը:
– Ձգվի՛ր,- խորհուրդ է տալիս Չեբիկինը և քրքիջով վազում-կորչում խորշի ետևում:
Վերջապես դուրս ենք գալիս հարթ, մերկ տարածք: Այդտեղ, պատի վերևում քարայրի եռանկյունաձև անցքն է։ Տղերքը բարձրանում-հասնում են մուտքին ու ներս նայում։
– Այնտեղ զառիթափ է,- ասում է Օվեչկինը:
– Իսկ ինչպե՞ս իջավ Չեբիկինը,- զարմանում է Լյուսկան:
– Բու-բու-բու-բո՛ւ,- կենսախինդ բացատրություն է լսվում քարանձավից:
– Ըհը՜,- թերահավատորեն համաձայնում է Բորմանը:- Բոլորը նրա պես մակականեր չեն ։
– Մեր գյուղում մի տղա մագլցում, մագլցում էր ժայռերի վրայով, ընկավ ու ջախջախվեց,- ասում է Տյուտինը:
– Ձեր գյուղում ողջ տղանե՞ր գոնե մնացել են,- հետաքրքրվում է Մաշան:
– Գիտե՞ք, թե ուր է բարձրացել Չեբան,- հարցնում եմ ես:- Հնում այս քարանձավը եղել է…
– …զուգարան,- հուշում է Գրադուսովն ու խրխնջում:
– …սրբավայր, իսկ այստեղ՝ այս հարթ տարածքում, կուռքեր էին կանգնած։
– Ի՞նչ սրբավայր,- զարմանում է: Լյուսկան- Մի՞թե այստեղ որևէ մեկն ապրել է:
– Այստեղ մեծ ժողովուրդներ են ապրել, որոնց մասին մարդկությունը վաղուց մոռացել է։ Այստեղ կային բերդեր, ջրանցքներ, տաճարներ։ Ապրում էին իշխաններ, քրմեր, աստղագուշակներ, բանաստեղծներ։ Պատերազմներ էին ընթանում, գրոհով քաղաքներ էին գրավվում, հզոր ցեղախմբերը մահվան գնով կռվում էին ժայռերի մեջ։ Ամեն ինչ եղել է: Ու անցել:
Տղերքն անսովոր ուշադրությամբ են լսում։ Դպրոցում դասերի ժամանակ նման բան չեմ տեսել: Նրանց աչքերից հասկանում եմ, թե ինչ են զգում: Նրանք, իհարկե, ինձ նման Սատանայի Մատի մոտ նույնպես զգացին անտես ու անբացատրելի հայացք։ Եվ ահա այժմ նրանց ոտքերի ներքո երկիրն ասես խոսեց։ Հանկարծ պարզվեց, որ այն մինչև ամենախորքերը, մինչև գազանանման մողեսների թաղված ոսկորները հագեցած է իմաստով, արյունով, պատմությամբ։ Այս ոգեշնչվածությունը նրանից արտաշնչվում է դեպի երկինք և թափանցում մարմինների մեջ, ինչպես Չեռնոբիլի հողից ճառագայթումը։ Տայգան և ժայռերը հանկարծ դադարեցին վայրի, անանուն ամայություն լինելուց, որտեղ շնչահեղձ են լինում թշվառ գյուղերն ու կալանավայրերը: Տայգան և ժայռերը հանկարծ դարձան կյանքում մի տեսակ կարևոր, շատ բաներից, եթե ոչ ամեն ինչից ավելի կարևոր ու անհրաժեշտ:
– Աշխարհագրագետ, ավելի բարձր ասա,- լսվում է Չեբիկինի ճիչը:
– Ավելի լավ է՝ դուրս արի,- ի պատասխան ճչում է Բորմանը:
– Անհեթեթություն, սկսելու եք կռվել… Աշխարհագրագետ, ավելի բարձր…
– Հնագետներն այստեղ պեղումներ են կատարել,- ես պատմում եմ այն, ինչ կարդացել ու լսել եմ Յոթնամարդու մասին,- գտել են զոհաբերված կենդանիների բազմաթիվ ոսկորներ ու նետերի ծայրակալներ…
– Ի՞նչ է, դո՞ւ ես ոսկորներդ կորցրել, Զոհ,- Գրադուսովը կողքից հրում է Տյուտինին:
– Գտա՜: Գտա՜,- քարանձավի խորքից ոգևորված գոռում է Չեբիկինը:- Նետի ծայր եմ գտել…
Տղերքը հուզված սկսեցին այս ու այն կողմ նետվել քարանձավի դիմաց։
– Դուրս արի, այլանդա՛կ,- բղավում է Գրադուսովը:- Ձեռք չենք տա: Տղու խոսք:
Որոշ ժամանակ անց Չեբիկինը դուրս է սողում ու ինձ է մեկնում մի երկայնաձիգ քար։ Տղերքն ակնածանքով նայում են քարին, շոշափում մատների ծայրերով: Սովորական քարի կտոր է։
– Սա ի՞նչ է: Նե՞տ: Նիզա՞կ,- շողալով հարցնում է Չեբիկինը:
– Մամոնտի կղանքի քարացած կտոր,- ասում եմ ես:
Տղերքը ծիծաղում են: Չեբիկինը ամոթահար թաքցնում է քարը գրպանում։
– Ձեզ՝ ժանիքներիդ համար, գուցե և կղանք է…,- ակամա ասում է նա:
Մենք հետ ենք գնում, բարձրանում կիրճով։ Ես գնում եմ վերջինը: Տղաներն առաջ ընկան ու մոռացան աղջիկների մասին։ Հենց ուզում եմ օգնել Մաշային բարձրանալ, նա շրջվում է և հայացքով հրում ինձ։
– Պետք չէ,- զայրացած ասում է նա և փոքր-ինչ լռելուց հետո ավելացնում:- Ես ընդհանրապես չեմ ուզում, որ դուք ինձ դիպչեք:
Ճաշելուց հետո հավաքում ենք մեր իրերը, որպեսզի նավարկենք: Բորմանը կամաց-կամաց խորհրդատվություններ է ընդունում ինձանից։ Իսկ Մաշան ինձ չի նկատում։ Նա դա անում է ոչ ցուցադրաբար, ինչն ինքնին նշանակում է որոշակի ուշադրություն: Նա ինձ չի նկատում այնպես, ինչպես մարդը չի նկատում արձակված կոշկակապերը։ Բայց ես հանգիստ եմ: Ես գիտեմ, որ Մաշան իմն է։ Պարզապես չգիտեմ՝ ինչ անել նրա հետ: Իմ ճակատագրի մեջ նրա համար տեղ չեմ տեսնում: Ու դա ինձ տխրեցնում է։ Ես սիրում եմ նրան: Եվ ցավալիորեն ուրախ եմ, որ մենք հիմա արշավի ենք։ Արշավը նման է ճակատագրի արգելոցի: Վրանի մոտ ուսապարկս հավաքելիս լսում եմ, թե ինչպես է Մաշան զրուցում Օվեչկինի հետ։ Նրանք վրանում երկուսով են։ Նրանց թվում է, թե պատերն իրենց բաժանում են աշխարհից։
– Դու այսօր անհասկանալի ես,- զգուշորեն ասում է Օվեչկինը:
– Կարգին եմ,- անհողդողդ պատասխանում է Մաշան:- Քաշի՛ր ձեռքերդ:
– Աշխարհագրագետի՞ պատճառով է:
– Քո գործը չէ:
– Իսկ ե՞ս,- լռությունից հետո վերջապես հարցնում է Օվեչկինը:
– Ինքդ որոշիր։
Ես ցավում եմ Օվեչկինի համար։ Մաշան չափից ավելի ուժեղ բնավորություն ունի: Այլ երգ է Լյուսկան։ Երբ մենք իջնում էինք Յոթնամարդուց, նա թրմփաց լանջի վրա, իսկ հետո սկսեց նվնվալ և խնդրել, որ իրեն պահեն։
– Լավ, արի տանեմ,- համաձայնեց Բորմանը:
Նա շալակեց Լուսկային և տնքտնքալով քարշ տվեց դեպի ճամբար։ Բարեբախտաբար, այն մոտ 200 մետր հեռավորության վրա էր:
– Գրադուսով, այսօր դու ես հերթապահ,- ճաշի ժամանակ հիշեցնում է Բորմանը:
– Գնա կաթսաները լվալու,- հավանություն է տալիս Լյուսկան՝ պտտվելով Բորմանի շուրջը:
– Մենակով վայել չէ,- մռնչում է Գրադուսովը։- Աշխարհագրագետն էլ թող մաքրի։
– Նախաճաշի ժամանակ նա հերթապահում էր քո փոխարեն, իսկ դու քնել էիր:
– Ինձ չի՛ հետաքրքրում: Արթնացնեի՛ք: Եվ ընդհանրապես, Բորմանն իմ ղեկավարը չէ։ Ես դեմ էի նրան:
– Իսկ նրան մեծամասնությունն է ընտրել, ուրեմն՝ նա է հրամանատարը։
– Ուրեմն թող մեծամասնությունն էլ լվանա կաթսաները… Իսկ դու ինչո՞ւ ես հրամաններ տալիս, եթե նա է հրամանատարը։ Խիստ անհամբեր ես, ուրեմն՝ հրամայիր քո Բորմանին, և ոչ թե ինձ, հասկացա՞ր, Միտրոֆանովա:
– Այդ ինչո՞ւ է Բորմանն իմը,- ապշեց Լյուսկան։
– Ախր նա քեզ շալակած քարշ է տալիս, ինչպես կեղտի տոպրակ…
– Հետո ի՞նչ, ես սիրահարվել եմ նրան,- չարանում է Լյուսկան:- Իսկ դու նախանձում ես, որովհետև շիկահեր ես, իսկ քիթդ ահա այսպիսին է,- Լյուսկան լայն տարածում է ձեռքերը։
– Նախանձելու բան լիներ,- կատաղած բղավում է Գրադուսովն ու խլում կաթսաները։
– Թող որ այդպես, առ քեզ, թե սիրում է, կեղտը ափսոս չէ:
Դեմոնը վախենում է՝ տեսնելով Լյուսկայի շուրջ մղվող ճակատամարտը։ Նա փորձում է խառնվել, բայց ոչ ոք նրան չի նկատում։ Այդ ժամանակ ծույլ Դեմոնը, հուսահատված, որոշում է դիմել սխրանքի: Ճաշից հետո նա զեկուցում է Լյուսկային, որ նրա ուսապարկը կապել է կատամարանին։
– Օ՜, շնորհակալ եմ…,- հընթացս ուրախանում է Լյուսկան և իսկույն բղավում:- Բորման, իսկ ինչո՞ւ է Գրադուսովը ցեխ շպրտում:
Գրադուսովը քայլում է զայրացած, բոլորի մեջ սխալներ է գտնում, ոտքերով հրում է իրերը։ Ի վերջո, մեկնելուց առաջ, պարզվում է, որ միայն նա դեռ պատրաստ էլ չէ։ Նա վազում է բացատով մեկ ու բղավում.
– Բորման, որտե՞ղ է իմ ուսապարկը: Ես այն առաջինը հավաքեցի:
– Ահա քո ուսապարկը,- Բորմանը գլխով հանգիստ ցույց է տալիս թփերը:
Գրադուսովը քարշ տալով հանում է ուսապարկը և զզվանքով գցում գետնին։
– Սա ընդհանրապես ինչ-որ բոմժի է, ոչ թե իմը:
– Իմն է…,- կամացուկ ծվծվում է Լյուսկան:
Դեմոնն անզոր ժպտում է և թոթվում ուսերը։ Մի կերպ դուրս ենք գալիս նավարկելու:

Կրկին մեզ տանում է Պոնիշի դեղին, արբած ջուրը։ Կրկին կողքներովս թռչում են հեղեղված եղևնուտները։ Ցածր ամպերն անհամաչափ սահում են տայգայի վրայով: Կրակե կապույտ երկնքի երկար հեղեղատները սողում են հեռվում։ Հեռավոր բարձր բլուրների վրա, որտեղ ընկնում է արևի լույսը, անտառը բոցավառվում է պայծառ, հզոր մալաքիտի պես: Լեռնաճյուղավորումների լանջերին հեռվից ճերմակին են տալիս անտառների մեջ սուզված ժայռերը։ Գետնահար, ամրակուռ կիտված քարաբեկորները երբեմն դուրս են պրծնում թավուտից դեպի գետը, ինչպես կենդանիները՝ ջրելատեղ: Ջուրը տանում է մեզ, մեր կողքով վազում են ափերը, և երկինքն ու երկիրը բաժանող գիծը մե՛կ նյարդային դողում է եղևնիների փշատերևների վրա, մեկ աստիճանաբար թեքվելով՝ բարձրանում ու իջնում է լեռների մեղմ ալիքներով՝ ինչպես երկրի հանդարտ շնչառությունը։
Ափերին երեկոյան սկսում են հանդիպել սառցահոսքերից տապալված ծառեր: Ես անհանգստանում եմ: Գետի լայնքով ընկած նման «սանդերքը» կարող է հեշտությամբ պատռել մեր գոնդոլները։ Առջևում տեսնում եմ մի երկար սոճի, որը եռանկյունաձև կամարի պես ընկած է հոսանքի վրա։ Բավական է քամու պոռթկում, որ սոճին տապալվի ներքև և ուղեփակոցի պես արգելափակի ճանապարհը։ Ես ամբողջ հասակով կանգնում եմ կատամարանի վրա և նայում առաջ։ Տեսնում եմ մեկ, երկու, երեք, ևս մի քանի եղևնի, որոնք ընկել են ջուրը։
Գործերը վատ են: Լողում ենք սոճու տակով, ինչպես դարպասի հեծանի: Այդ դարպասները տանում են դեպի չոր ոստերի թագավորություն։
Կատամարանը շրջանցում է մի սանդերքը, ապա՝ մյուսը՝ շրխկացնելով նավակողով: Բորմանը հրամաններ է արձակում խելամտորեն, առանց նյարդայնանալու: Բայց երրորդ սանդերքին մենք կառչում ենք նավախելով։ Գրադուսովը կռվում է եղևնու ճյուղերի հետ և դրանց միջից դուրս է գալիս կարմրած, գզգզված, ամբողջովին քերծված։
– Ժանիք,- բղավում է նա՝ դիմելով Բորմանին:- Մտածիր՝ ուր ես հրամայում:
Եվ հենց այդ պահին քշվում ենք մեկ այլ եղևնու վրա:
– Դեմքով ցա՛ծ և առա՛ջ,- գոռում եմ ես:
Անձնակազմը, ինչպես մուսուլմանները նամազի ժամանակ, երեսնիվայր ընկնում է: Մենք թռչում ենք եղևնու տակ: Ճյուղերը ճանկռում են մեր ծոծրակները, մեջքներս, պատռում մեր իրերը քողարկող ծածկը: Խառնիխուռն շաղ են գալիս չոր փշատերևներ, փայտափոշի։ Պոնիշը մոլեգնորեն քարշ է տալիս մեզ ծառաբնի մյուս կողքով:
– Վտա՜նգ,- հանկարծ աղիողորմ ճչում է Չեբիկինը:
Այժմ նավակողով թռչում ենք արդեն կեչու սանդերքի վրա:
– Կառչեք դրանից թիերով,- բղավում եմ ես:
Հոսանքն այնքան ուժեղ է, որ քիչ է մնում թիերը ձեռքիցդ խլի։ Նավակողով ջարդոտելով ճյուղերը՝ մխրճվում ենք սաղարթի մեջ։ Ես կառչում եմ շրջանակից և ոտքերով ընդունում ծառաբնի հարվածը։ Ամբողջ ուժով ետ եմ հրվում բնից, որպեսզի մեզ քարշ չտա սոճու տակով։ Այն չափից ավելի ցածր է ընկած և պարզապես մեզ բոլորիս կհավաքի-կգցի ջուրը՝ բուլդոզերի դանակի պես: Պոնիշը մեր դիմադրությունից ասես ավելի է մոլեգնում: Մի ակնթարթում խլթխլթալով մի ամբողջ ալիք է բարձրանում ձախ նավակողմում: Ձախ գոնդոլը լողալով բարձրանում է դրա վրա։ Մենք թեքվում ենք աջ կողքի վրա, և ալիքը, այնուամենայնիվ, սեղմում-խցկում է մեզ կեչու տակ:
– Տյուտին, Մաշա, արա՛գ դեպի ձախ նավակող,- հրամայում եմ ես:- Բոլորը հագնեն փրկաբաճկոնները։ Օվեչկին, ներքևից կտրիր ճյուղերը:
Գորշ ստվերի նման կողքովս թռչում է Օվեչկինը ծառաբնի վրայով՝ կացինը ձեռքին: Նա հեծնում է բնին ու սկսում կատաղորեն կտրատել այն դիմահար։
– Օվեչկին, ե՛տ գնա,- ամբողջ ուժով գոռում եմ ես:
Օվեչկինը լռում է։ Դեմքը սպիտակել է։ Տղամարդու պես ուռել են ճակատի երակները։ Կացինը վեր ու վար է անում։ Տաշեղները կտցահարում են ինձ։ Խլացուցիչ ճայթուն, ճռթոց, ճողփյուն – կտրված ծառաբունն է, որ բոլոր ճյուղերով գրկելով կատամարանին, փուլ է գալիս ջրի մեջ: Ցայտերի շատրվանները գլորում են ինձ ու Գրադուսովին։ Ազատվելով՝ կատամարանը կտրուկ առաջ է շարժվում։ Մի ակնթարթ տեսնում եմ Օվեչկինին՝ կտրատված ծառաբնին հեծնած, որը մնում է ետևում։ Եվս մի ակնթարթ, ու Օվեչկինը չղջիկի նման ցատկում է հեռացող կատամարանի վրա և կրծքավանդակով ընկնում նավախելին։ Գրադուսովի հետ ջրից քաշում-հանում ենք նրան։ Պոնիշը մեզ՝ ազատներիս ու խենթերիս տանում է ավելի հեռու:
– Դու, ի՞նչ է, գժվե՞լ ես,- Օվեչկինի վրա գոռում է Գրադուսովը:- Բուրատինո՞ն ես, որ չի խեղդվում:
Մաշան մթագնած, լուրջ աչքերով նայում է Օվեչկինին։
– Ախր նա փրկեց մեզ…,- ցնցված ասում է Լյուսկան:
– Էլի սանդերք,- տասը րոպե անց բղավում է Բորմանը:
Այժմ, անջրպետելով գետը, հունի վրա ընկած է հաստաբուն, ճյուղատարած սոճի։ Ջուրը քլթքլթում է ճյուղերի մեջ, փրփրաբաշ ալիքները ցատկոտում են ծառաբնի վրայով, որի շուրջը տարուբերվում ու խռնվում է տարբեր տեսակի լողացող աղբ։ Մենք սա հաղթահարել կարող ենք միայն մեր կատամարանը քարշ տալով տանելով առափնյա ուռիների միջով։
– Ձախ նավակող, թիավարի՛ր,- հրամայում եմ ես:
Մենք հաստատուն կերպով խրվում ենք թփերի մեջ։ Ամբողջ ուժով ձգվում ենք ճյուղերից, բայց կատամարանն առաջ չի ընթանում։ Թիով չափում եմ խորությունը։
– Ի՞նչ եք նայում,- զայրացած բղավում եմ տղերքին:- Հանի՛ր տաբատդ, պիտի հրենք։
Բորմանն անտրտունջ սկսում է քաշել-հանել ճտքակոշիկները։
– Մենք է՞լ,- շրջվելով հարցնում է Մաշան:
– Դուք ո՞ւր, գրողը տանի,- բղավում է Գրադուսովը:- Նստե՛ք, մեջ մի ընկեք։
Սվիտերներով, վարտիքներով ու ճտքակոշիկներով մենք սահելով մտնում ենք ջրի մեջ և ձեռքներս գցում հիմնակմախքին: Ցուրտը վամպիրի պես մխրճվում է մարմնի մեջ: Խորությունն այստեղ՝ ծնկներից փոքր-ինչ բարձր։
– Դու ո՞ւր ես խցկվում,- գոռում է Գրադուսովը Տյուտինի վրա:- Օգնական է, չէ մի, գրողը տանի, հինգ կիլո մահճակալով:
– Մե՜-ե՛կ…,- հրամայում եմ ես:- Մե՜-ե՛կ… Է-հեյ…
Յոթ հոգով մացառուտների միջով քարշ ենք տալիս կատամարանը տապալված սոճու մոտով։ Կատամարանը սատկած փղի պես ծանր է։ Ուռենու մերկ շիվերը ճանկռում են մեր ոտքերը։ Մենք սայթաքում ենք արմատների վրա: Չեբիկինն ու Բորմանը միաժամանակ ընկնում են, բայց ոտքի են ելնում ու շարունակում ձգել:
– Հենց նույն ձևով իրենց մակույկները քարշ էր տալիս Երմակի խումբը,- խռպոտ ձայնով ասում եմ ես:
Վերջապես կարելի է վեր ելնել: Դողդողալով՝ տղերքը տաբատներն իրենց վրա են քաշում հենց թաց վարտիքների վրայից։ Կապտած Գրադուսովը բղավում է.
– Միտրոֆանովա՜: Ինձ մի շիշ ու չոր շալվար բեր:
– Որտեղի՞ց,- վախենում է Լյուսկան:
– Հիմա էնպե՛ս կասեմ, թե որտեղից… Ախր նստած ես ի՛մ ուսապարկի վրա:
Լյուսկան փութկոտ արձակում է Գրադուսովի ուսապարկը։ Հանում է ինչ-որ պարաններ, մետաղալարերի կծիկներ, ապակե տարաներ, մոմեր, անհասկանալի նշանակության մանր մեխանիզմներ, և այս ամենը սարսափով փոխանցում Մաշային։ Ի վերջո լույս աշխարհ են գալիս հսկայական կանաչ վարտիքներ ու մի շիշ օղի։ Ատամներով բացում եմ այն, խմում հենց շշի բերանից ու փոխանցում մյուսներին՝ շրջան կատարելու։ Դողիս վրա ասես տաք ջուր է հորդում:
– Առջևում սառցե արգելապատնեշ է,- ընկճված ասում է Բորմանը:
Մենք երկարացնում ենք վիզներս: Գետի լայնքով ընկած է մի եղևնի, որի վրա քշել-բերվել է մի ամբողջ սառցալեռ։ Սառույցի կոտրվածքներն ու եզրագծերը շողշողում են արևի ներքո, պարզվում է՝ ամպերն արդեն ցրվել են: Ե՛վ աջ, և՛ ձախ կողմերում՝ անանցանելի ողողված եղևնուտ։ Հնարավոր չէ անցնել: Խառնակուտակ:
– Ի՞նչ անել,- հուսահատ հարցնում է Բորմանը:
– Ձգվել,- ասում է Գրադուսովը:- Ֆիլմի ավարտ:
Որպեսզի բացատ գտնենք գիշերելու համար մենք շրջադարձ ենք կատարում դեպի ողողված կածանը։ Այստեղ սև լռություն է ու անդորր։ Պոնիշի գվվոցը մարում է։ Մենք դանդաղ լողում ենք եղևնիների երկու պատերի արանքով։ Մեզնից ցած երևում են մշուշոտ գոգավորություններ։ Մաքուր ջրի մեջ անշարժ կախված են կոները: Անտառն արտացոլվում է ինքն իր մեջ: Հողի զգացողությունը կորչում է։ Հեռվում, եղևնու փշատերևների ու ճյուղերի ետևում պաղում է լայնարձակ, վառ վարդագույն լուսաբացը։

* «Буря-богатырь Иван коровий сын» – ռուսական ժողովրդական հեքիաթ՝ գրված բանահավաք Ա. Ն. Աֆանասևի կողմից, ներառված է նրա «Ռուսական ժողովրդական հեքիաթներ» ժողովածուի առաջին հատորում: (ծանոթ.` թարգմ.)

Թարգմանությունը ռուսերենից՝ Շաքե Երիցյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *