Ուիլյամ Ուայմարք Ջեյքոբս | Կապիկի թաթը

Զգույշ եղիր քո ցանկություններում․ դրանք կարող են իրականանալ – անհայտ հեղինակ

Մաս 1

Դրսում գիշեր էր, խոնավ և սառը գիշեր. փոքրիկ հյուրասենյակի վարագույրը ծածկում էր պատուհանը, իսկ բուխարում բոցկլտում էր վառ կրակը։ Հայր ու որդի շախմատ էին խաղում՝ կլանված շախմատային ինչ-որ տարօրինակ ռազմավարությամբ՝ հայրն իր Թագավորին դրեց այնպիսի ավելորդ վտանգավոր հարվածի տակ, որ նույնիսկ բուխարու մոտ նստած կարուձև անող սպիտակամազ տարեց կինը չկարողացավ զսպել իր մեկնաբանությունը։
– Լսո՞ւմ եք քամու ձայնը,- մրմնջաց պարոն Ուայթը, որը շատ ուշ էր նկատել իր ճակատագրական սխալը և փորձում էր շեղել որդու ուշադրությունը։
– Լսում եմ,- պատասխանեց որդին՝ ուշադիր զննելով տախտակը և մեկնելով ձեռքը,- շախ։
– Դժվար թե այսօր գա,- ասաց հայրը՝ ձեռքն օդում՝ տախտակի վերևում պահելով։
– Մատ,- պատասխանեց որդին։
– Սարսափելի է նման խուլ տեղ ապրելը,- անսպասելի կոշտությամբ գոռաց պարոն Ուայթը,- աշխարհի բոլոր դաժան տեղերից ամենադաժանը։ Ոտքդ առաջ ես դնում, հայտնվում ես ցեխի մեջ։ Ճանապարհի փոխարեն կեղտոտ գետ է։ Չգիտեմ՝ մարդիկ ինչ են մտածում, երևի կարծում են, որ եթե ճանապարհի վրա երկու տուն է մնացել, ուրեմն կարելի է գրողի ծոցն ուղարկել։
– Դե լավ, շատ մի տխրիր, սիրելիս,- հանգիստ ձայնով ասաց նրա կինը,- գուցե մյուսը դու շահես։
Պարոն Ուայթը կտրուկ շարժումով վերև նայեց և հասցրեց նկատել, որ իր կինն ու որդին փոխանակվում են սփոփիչ հայացքներով։ Բառերը չորացան ծերուկի շուրթերին, և նա իր մեղավոր ժպիտը թաքցրեց նոսր ճերմակ մորուքի տակ։
– Ահա և նա,- ասաց Հերբերտ Ուայթը՝ լսելով բացվող դարպասի ճռռոցը և ծանր քայլերի ուժգնացող ձայնը։
Ծերուկը հապճեպ վեր կացավ և նետվեց դեպի դուռը։ Միջանցքից լսվեցին նրա ցավակցական խոսքերը։ Դռան արանքում կանգնած հյուրն անընդհատ գլխով էր անում, իսկ տիկին Ուայթը պարբերաբար օրորում էր գլուխն ու քթի տակ շշնջում․ «վա՛յ, վա՛յ»։
Տիկին Ուայթը քաղաքավարի հազեց և բարձրացրեց գլուխը․ նրա ամուսինը ներս մտավ բարձրահասակ և ամրակազմ մի տղամարդու հետ։ Մաշկի կարմրավուն երանգը հուշում էր, որ արևի տակ շատ է լինում, իսկ աչքերը խոսում էին վտանգավոր թշնամի լինելու մասին։
– Սերժանտ-մայոր Մորիս,- հայտարարեց պարոն Ուայթը՝ ներկայացնելով հյուրին իր կնոջն ու որդուն՝ Հերբերտին։
Սառը ձեռքսեղմումներից հետո Մորիսը նստեց իրեն առաջարկված աթոռին՝ բուխարու մոտ, և խանդավառությամբ հետևեց պարոն Ուայթին, որը դարակից վիսկիի շիշ և բաժակներ էր հանում։
Երրորդ բաժակից հետո Մորիսի աչքերը փայլում էին․ նա վերջապես սկսեց խոսել։ Ուայթերի փոքր ընտանիքը հետաքրքրությամբ էր լսում հեռվից ժամանած սպային, որը խոսում էր պատերազմի և հերոսական արարքների մասին, պատմում տարօրինակ ազգերից և վայրի տեսարաններից։
– Քսանմեկ տարի է անցել,- ասաց պարոն Ուայթը՝ նայելով կնոջն ու որդուն,- երբ ճանապարհում էինք, դեռ նիհար էր ու երիտասարդ։ Իսկ հիմա՞․ հապա նայեք։
– Կարծում եմ՝ տարիները չեն փոխել Ձեզ,- քաղաքավարի ասաց տիկին Ուայթը։
– Ես էլ կուզեի Հնդկաստան գնալ,- ասաց ծերուկը,- երկիրը տեսնելու։
– Ավելի լավ է՝ մնաք այստեղ,- ասաց սերժանտ-մայորը՝ գլուխն օրորելով։
Նա դատարկ բաժակը դրեց սեղանին, հոգոց հանեց ու կրկին թափահարեց գլուխը։
– Շատ կցանկանայի տեսնել հին տաճարները, դերվիշներին, ինչու չէ՝ նաև փողոցային աճպարարներին,- բացատրեց ծերուկը,- Մորիս, վերջերս ինձ ինչ-որ կապիկի թաթի մասին էիք պատմում, չէ՞։
– Մոռացեք,- կտրուկ ասաց Մորիսը,- չարժե, որ դրա վրա ժամանակ ծախսեք։
– Կապիկի թա՞թ,- հետաքրքրությամբ բացականչեց տիկին Ուայթը։
– Դե, կախարդանքի պես մի բան է,- առանց երկար մտածելու՝ մեկնաբանեց Մորիսը։
Երեք հետաքրքրված լսողներն առաջ եկան։ Կլանված սեփական մտքերով՝ Մորիսը դատարկ բաժակը մոտեցրեց շուրթերին ու նորից դրեց սեղանին։ Պարոն Ուայթն այն լցրեց վիսկիով։
– Մի կողմից որ նայես,- ասաց Մորիսը՝ ձեռքով շոշափելով գրպանը,- սովորական թաթ է, կապիկի չորացրած թաթ։
Նա ինչ-որ բան հանեց գրպանից ու ցույց տվեց ներկաներին։ Տիկին Ուայթը զզվանքով հետ նստեց, բայց որդին վերցրեց թաթը և երկար ուսումնասիրեց։
– Եվ ի՞նչ կախարդական բան կա այս թաթի մեջ,- հարցրեց պարոն Ուայթը՝ թաթը որդու ձեռքից վերցնելով։
Նա մի պահ զննեց տարօրինակ իրը, ապա դրեց սեղանին։
– Մի ծերունի դերվիշ էր կախարդել,- բացատրեց սերժանտ-մայորը,- շատ սուրբ մեկը։ Ուզում էր ապացուցել, որ մարդկանց կառավարում է ճակատագիրը, իսկ ովքեր փորձեն խառնվել նրա գործերում, շատ կզղջան։ Ու դրեց կախարդանքը․ թաթը կարող է կատարել երեք տարբեր մարդկանց երեք տարբեր ցանկությունները։
Մորիսն այնպես էր պատմում, ասես իրոք հավատում էր դերվիշի կախարդանքին։ Շուտով Ուայթերը հասկացան, որ իրենց քմծիծաղն անտեղի էր և կարող էր վիրավորել հյուրին։
– Իսկ ինչո՞ւ Դուք չեք փորձում,- հետաքրքրվեց Հերբերտը։
Սպան չափեց նրան մի հայացքով, որով միջին տարիքի մարդիկ նայում են անհարգալից երիտասարդներին։
– Ես արդեն փորձել եմ,- շշնջաց նա, և դեմքն անսպասելի գունատվեց։
– Ե՞վ։ Իրականացա՞ն Ձեր երեք ցանկությունները,- հարցրեց տիկին Ուայթը։
– Այո,- պատասխանեց Մորիսը՝ սեղմելով բաժակն իր ատամներին։
– Իսկ ուրիշ ինչ-որ մեկը օգտվել է՞ կախարդանքից,- շարունակեց տիկին Ուայթը։
– Այո, առաջին օգտվողի բոլոր երեք ցանկություններն իրականացել են,- հնչեց պատասխանը,- չգիտեմ՝ առաջին երկու ցանկությունները որոնք էին, բայց երրորդը սեփական մահն էր։ Այդպես է թաթը հայտնվել ինձ մոտ։
Մորիսի տոնն այնքան լուրջ էր, որ սենյակում գերեզմանային լռություն տիրեց։
– Եթե դուք արդեն պահել եք երեք ցանկությունները, թաթը Ձեզ այլևս պետք չէ, Մորիս,- վերջապես ասաց ծերուկը,- ինչո՞ւ եք պահում Ձեզ մոտ։
– Քմահաճույք է երևի,- դանդաղ ասաց սպան՝ օրորելով գլուխը,- մտածում էի վաճառել, բայց հրաժարվեցի․ արդեն չափից շատ խնդիրներ է ստեղծել։ Բացի այդ, չեմ կարծում, որ մարդիկ գնեն։ Շատերը չեն հավատում, մտածում են՝ ուղղակի հեքիաթ է, իսկ ովքեր լուրջ են վերաբերվում, խնդրում են վճարելուց առաջ փորձարկել։
– Եթե ևս երեք ցանկության հնարավորություն ունենայիք, կօգտագործեի՞ք,- հարցրեց ծերուկը՝ հայացքը Մորիսի վրայից չթեքելով։
– Չգիտեմ,- պատասխանեց մյուսը,- չգիտեմ։
Մորիսը վերցրեց թաթը, մի քանի վայրկյան պահեց ցուցամատի ու բթի արանքում և հանկարծակի շպրտեց բուխարին։ Ցածրաձայն ճչալով՝ պարոն Ուայթն արագ կռացավ ու հանեց թաթը կրակի լեզվակներից։
– Թողեք՝ այրվի,- հառաչելով ասաց սպան։
Նրա անկեղծությունն այլևս կասկած չէր առաջացնում։
– Մորիս, եթե Ձեզ պետք չէ, տվեք ինձ,- ասաց ծերուկը։
– Չեմ կարող,- համառորեն պնդեց Մորիսը,- ես ազատվեցի դրանից, շպրտեցի կրակը։ Եթե պահելու եք, ինձ հետո չմեղադրեք։ Խելամիտ գտնվեք ու այրեք թաթը։
Պարոն Ուայթը բացասաբար շարժեց գլուխը և ուշադիր զննեց իր նոր ձեռքբերումը։
– Ինչպե՞ս եմ ցանկություն պահում։
– Աջ ձեռքում սեղմած պահեք ու բարձրաձայն ասեք ցանկությունը,- բացատրեց մայոր-սերժանտը,- բայց հետո չասեք, որ չեմ զգուշացրել։
– Կարծես «Հազար ու մի գիշեր»-ը լինի,- փնթփնթաց տիկին Ուայթը, վեր կացավ ու սկսեց ընթրիքի պատրաստություն տեսնել,- չե՞ս ուզում ցանկանալ, որ երկուսի փոխարեն չորս ձեռք ունենամ, որ ամեն ինչ հասցնեմ։
Պարոն Ուայթը գրպանից հանեց թալիսմանը․ Մորիսը տագնապահար բռնեց նրա ձեռքը։ Բոլորը բարձր ծիծաղեցին։
– Եթե որոշել եք ցանկություն պահել,- ասաց Մորիսը,- գոնե խելքին մոտ բան մտածեք։
Պարոն Ուայթը թաթը հետ խցկեց գրպանը և աթոռները մոտ բերելով՝ հրավիրեց Մորիսին ճաշասեղանի մոտ։ Ընթրիքի ընթացքում թաթի մասին գրեթե մոռացել էին, իսկ ուտելուց հետո բոլորը հավաքվեցին՝ լսելու Մորիսի պատմությունները Հնդկաստանում իր արկածների մասին։
– Եթե կապիկի թաթի մասին պատմությունը իր արկածների պես հորինվածք է, ուրեմն մենք անիմաստ ժամանակ ենք ծախսում,- ասաց Հերբերտը Մորիսի հետևից դուռը փակելուց հետո․ ընթրիքից հետո Մորիսը շտապել էր լքել Ուայթերի տունը, որպեսզի հասցնի մեկնել վերջին գնացքով։
– Իսկ փոխարենը ինչ-որ բան տվեցի՞ր,- ասաց տիկին Ուայթը՝ ուշադիր նայելով ամուսնուն։
– Փոքր մի բան,- թեթևակի կարմրելով՝ պատասխանեց պարոն Ուայթը,- ստիպեցի՝ վերցնի, չէր ուզում։ Վերջում նորից խնդրում էր, որ թաթը շպրտեմ բուխարին։
– Այ դա չեմ կարծում,- ցուցադրաբար ասաց Հերբերտը,- ինչո՞ւ շպրտել, եթե մենք կարող ենք լինել հարուստ, հայտնի ու երջանիկ։
Նա ժպտաց։
– Հայրիկ, առաջին ցանկությունդ թող լինի թագավոր դառնալը։ Մայրս էլ ամբողջ օրը չի բողոքի։
Տիկին Ուայթը ծիծաղեց ու կտորը ձեռքին՝ նետվեց որդու հետևից։ Հերբերտն ուրախ պտտվում էր սեղանի շուրջ։
Պարոն Ուայթը կրկին հանեց թաթը ու կասկածամտորեն ուսումնասիրեց այն։
– Չգիտեմ՝ ինչ ցանկանամ։ Ինձ թվում է՝ ես ամեն ինչ ունեմ։
– Եթե տան պարտքերն ամբողջությամբ վճարես, երջանիկ չե՞ս լինի,- առաջարկեց Հերբերտը՝ ձեռքը դնելով հոր ուսին,- սկզբի համար արի երկու հարյուր ֆունտ ուզենք։
Ժպտալով ու սեփական թեթևամտությունից ամաչելով՝ ծերուկն աջ ձեռքով սեղմեց թաթը։ Հերբերտը թեթևակի ժպտաց մորը, ապա լրջացավ ու նստեց դաշնամուրի դիմաց՝ հանդիսավոր կերպով հարվածեց ստեղներին։
– Ես ցանկանում եմ երկու հարյուր ֆունտ,- հստակ արտաբերեց ծերուկը։
Նրա խոսքերն ուղեկցվեցին դաշնամուրի ստեղների պարով, որոնք անսպասելի ընդհատվեցին, երբ լսվեց ծերուկի՝ սարսուռով լի ճիչը։ Կինն ու որդին շտապեցին նրա մոտ։
– Շարժվեց,- գոռաց նա՝ սարսափած նայելով գետնին ընկած թաթին,- երբ բարձր ասացի ցանկությունս, օձի նման գալարվեց բռիս մեջ։
– Բայց փողը չի երևում,- ասաց որդին՝ թաթը բարձրացնելով և սեղանին դնելով,- դժվար էլ երբևէ երևա։
– Երևի քո երևակայությունն էր, սիրելիս,- ասաց կինը՝ անհանգստացած հայացք նետելով ամուսնու վրա։
Պարոն Ուայթն օրորեց գլուխը։
– Ամեն դեպքում, փորձը փորձանք չբերեց։ Բայց շատ վախեցա։
Տղամարդիկ վառեցին ծխամորճը, և ընտանիքը կրկին նստեց կրակի շուրջ։ Դրսում ոռնում էր քամին, և ամեն անգամ վերևից լսվող դռան դնգդնգոցից պարոն Ուայթը վեր էր թռնում։ Հյուրասենյակում տիրեց ծանր ու անսովոր լռություն, որը տևեց այնքան, մինչև տարեց զույգը որոշեց գնալ քնելու։
– Ենթադրում եմ՝ փողերը մեծ քսակով ձեր մահճակալի կողքն են դրված,- ասաց Հերբերտը և բարի գիշեր մաղթեց իր ծնողներին,- իսկ պահարանում սարսափելի հրեշ է ծվարել, թաքուն կնայի, թե ոնց եք գրպանում արգելված գումարը։
Հերբերտը, որը սովորաբար ամեն ինչին թեթև էր նայում, միայնակ նստեց սենյակի խավարում՝ անթարթ նայելով բուխարու մեռնող կրակին։ Նրա աչքին դեմքեր էին երևում՝ ահարկու դեմքեր։ Մի քանի րոպե Հերբերտն ապշահար զննում էր դրանցից մեկը, որը սարսափելի այլայլված էր ու նման էր կապիկի։ Ամեն ինչ արդեն պարզ էր․ նա ձեռքով շոշափեց սեղանի մակերեսը, ջղային ծիծաղով վերցրեց բաժակն ու կտրուկ շարժումով ջուրը լցրեց բուխարին։ Նրա մյուս ձեռքը գտավ կապիկի թաթը․ թեթևակի դողալով՝ Հերբերտը սրբեց ձեռքը վերարկուի թևի վրա և բարձրացավ քնելու։

Մաս 2

Հաջորդ առավոտյան Հերբերտ Ուայթը, նստելով ձմեռային արևով ողողված ճաշասեղանի շուրջ, ծիծաղում էր նախորդ օրվա իր վախերի վրա։ Սենյակում տիրում էր երջանիկ, ուրախ մթնոլորտ, որն իսպառ բացակայում էր նախորդ գիշեր։ Պահարանի վրա անուշադրության էր մատնված չորացած, փոշեպատ թաթը՝ ասես ապացուցելով, որ դերվիշի կախարդանքին ոչ ոք չէր հավատում։
– Երևի բոլոր զինվորականներն էլ նույնն են,- ասաց տիկին Ուայթը,- հիմարություն էր Մորիսին լսելը։ Մեր օրերում ո՞ւմ ցանկությունն է կատարվում, որ մերը կատարվի։ Եթե կարողանային, կանեին․ երկու հարյուր ֆունտն ո՞ւմ է վնաս։
– Գուցե երկնքից կընկնի հայրիկի գլխին,- ասաց Հերբերտը։
– Մորիսն ասում էր, որ ամեն ինչ բնական է լինում,- մեկնաբանեց հայրը,- քեզ կարող է թվալ, որ ուղղակի պատահականություն էր։
– Լավ, բայց փողերին ձեռք չտաք, մինչև չգամ,- ասաց Հերբերտը և վեր կացավ, որ գնա աշխատանքի,- թե չէ վախենամ՝ ժլատ ու փնթփնթան ծերուկի վերածվես, ու մենք ստիպված բոլորի մոտ ձևացնենք, իբր չենք ճանաչում քեզ։
Տիկին Ուայթը հռհռաց, ապա արագ վեր կացավ՝ որդու հետևից դուռը փակելու։ Դռան արանքում կանգնած՝ նա հայացքով ճանապարհեց Հերբերտին, ապա նորից նստեց սեղանի շուրջ՝ հրճվելով մտքից, որ ամուսինն իր սնահավատության համար ստացավ արժանի պատիժը։ Այնուամենայնիվ, դռան առաջին թակոցը լսելուն պես նա շտապեց ներքև։ Փոստատարը մեկնեց վճարային կտրոնը՝ քննարկելով սերժանտ-մայորների հետպատերազմական վարքը, մասնավորապես՝ խմիչքին հանձնվելու սովորությունը։
– Հերբերտը հաստատ զվարճալի մեկնաբանություններ կթողնի, երբ տուն գա,- ասաց տիկին Ուայթը՝ նստելով սեղանի շուրջ։
– Գիտեմ,- պատասխանեց պարոն Ուայթը՝ գարեջուր լցնելով,- բայց ես ամեն դեպքում պնդում եմ, որ թաթը երեկ շարժվեց իմ ձեռքում։ Կարող եմ երդվել։
– Քեզ ընդամենը թվացել էր,- ասաց տիկին Ուայթը՝ փորձելով հանգստացնել ամուսնուն։
– Ես ավելի քան համոզված եմ,- պատասխանեց պարոն Ուայթը,- հաստատ շարժվել էր։ Ես ուղղակի ․ ․ ․ ի՞նչ եղավ։
Տիկին Ուայթը չպատասխանեց․ նա ուշադիր հետևում էր դարպասի հակառակ կողմում տարօրինակ շարժումներ անող տղամարդուն, ում անվճռական կեցվածքը հուշում էր, որ պատրասվում է ներս մտնել։ Մտաբերելով երկու հարյուր ֆունտի մասին նախորդ գիշերվա արկածը՝ նա հասցրեց նկատել, որ անծանոթի հագին թանկարժեք հագուստ էր, իսկ գլխին՝ մետաքսե փայլուն գլխարկ։ Երեք անգամ նա մոտեցավ դարպասին, մի քանի վայրկյան կանգնած մնաց, ապա հետ քայլեց։ Չորրորդ անգամ նա ձեռքը մի վայրկյան պահեց օդում, անսպասելի վճռականությամբ հրեց դարպասը և շարժվեց առաջ։ Նույն պահին տիկին Ուայթը ձեռքերը տարավ մեջքի հետևը, խուճապահար արձակեց գոգնոցի թելը և գոգնոցը դրեց բարձի տակ։
Նա ուղեկցեց անծանոթին հյուրասենյակ․ վերջինս իրեն ակնհայտորեն անհարմար էր զգում, իսկ տիկին Ուայթին նայում էր այնպես, ասես ուզում էր գաղտնի պահել սպասվող լուրը։ Փոխարենը համբերատար լսում էր տիկին Ուայթին, որը շտապեց ներողություն խնդրել սենյակի անփույթ վիճակի և ամուսնու կեղտոտ բաճկոնի համար, որը նա սովորաբար հագնում էր այգում։ Հետո սպասելու տիկին Ուայթի հերթն էր, բայց անծանոթը համառորեն լռում էր։
– Ես․․․ Ինձ խնդրել էին մտնել Ձեզ մոտ,- վերջապես կմկմաց նա՝ կռանալով ու վարտիքի գրպանից բամբակի կտոր հանելով,- ինձ ուղարկել են «Մո և Մեգինս»-ից։
Տարեց կինը հանկարծակի վեր թռավ։
– Ի՞նչ է եղել,- հարցրեց նա շնչակտուր,- Հերբերտին բա՞ն է պատահել, ի՞նչ է եղել, ի՞նչ։
– Հանգիստ, հանգիստ, սիրելիս,- միջամտեց պարոն Ուայթը՝ պատասխանի չսպասելով,- նստիր ու մի շտապիր եզրակացություններ անել։ Չեմ կարծում, որ Դուք վատ լուրերով եք եկել, պարոն։
Նա հայացքով չափեց անծանոթին՝ կանխազգալով նրա պատասխանը, բայց հույս ունենալով, որ սխալվում է։
– Ցավում եմ,- սկսեց լրաբերը։
– Նա վիրավո՞ր է,- կատաղի ձայնով հարցրեց մայրը։
Լրաբերը դանդաղ գլխով արեց։
– Շատ ծանր վիրավոր,- գրեթե շշուկով ասաց նա,- բայց էլ ցավ չի զգում։
– Փա՜ռք քեզ, տե՛ր Աստված,- գոռաց տիկին Ուայթը՝ ձեռքերը պինդ սեղմելով իրար։
– Շնորհակալ եմ, տե՛ր Աստված, շնորհակալ․․․
Բայց նույն պահին եկավ գիտակցումը․ տիկին Ուայթը հասկացավ՝ ինչ նկատի ուներ լրաբերը՝ «էլ ցավ չի զգում» ասելով։ Գույժը հայտնած լրաբերը դանդաղ թեքեց գլուխը՝ խուսափելով տիկին Ուայթի հայացքից, բայց աչքի տակով նկատեց տիկնոջ դեմքին դաջված սարսափը։ Տիկին Ուայթը թեքվեց դեպի իր ամուսինը, որը դեռ չէր ընկալել գույժը, և դողացող գլուխը դրեց նրա ուսերին։ Հետևեց երկար լռություն։
– Ձեր որդու մարմինը մնացել է մեքենայի մեխանիզմի արանքում,- ցածրաձայն ասաց այցելուն։
– Մնացել է․․․ մեխանիզմի արանքում․․․ – ինքնաբերաբար կրկնեց պարոն Ուայթը՝ անսպասելի ցնցումից կորցնելով հասկանալու ունակությունը։
Հայրն ուժասպառ ընկավ աթոռին և նայեց պատուհանից դուրս՝ բռնելով կնոջ ձեռքը, ասես քառասուն տարի առաջ լիներ, երբ դեռ սիրահետում էր նրան։
– Հերբերտից բացի մենք ոչ ոք չունեինք,- շշնջաց ծերուկը՝ նայելով լրաբերին,- մեզ համար շատ դժվար է․․․
Լրաբերը հազեց ու դանդաղ քայլեց դեպի պատուհանը։
– Ընկերությունը խնդրեց փոխանցել իրենց ցավակցական խոսքերը,- ասաց նա՝ առանց շուրջը նայելու,- ես էլ խնդրում եմ Ձեզ, որ հասկանաք՝ ես ընդամենը աշխատող եմ և հրամաններ եմ կատարում։
Պատասխան չկար։ Տիկին Ուայթի դեմքն այլայլված էր, գունատ, շնչառությունն անհարթ էր, իսկ աչքերը մեխվել էին հեռու կետի։ Ամուսնու դեմքին հավանաբար նույն արտահայտությունն էր, որով իր ընկեր սերժանտ-մայորը առաջին անգամ մեկնել էր պատերազմելու։
– Ինձ խնդրել են փոխանցել, որ կատարվածի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում և չունի Ձեզ վճարելու օրինական պարտավորություն,- շարունակեց լրաբերը,- այնուամենայնիվ, հաշվի առնելով Ձեր որդու նվիրական ծառայությունը, որոշում է կայացվել որպես փոխհատուցում Ձեզ նվիրաբերել որոշակի գումար։
Պարոն Ուայթը բաց թողեց կնոջ ձեռքը և ոտքի կանգնելով՝ նայեց լրաբերին կատարյալ սարսափով։
– Որքա՞ն,- շշնջացին նրա չորացած շուրթերը։
– Երկու հարյուր ֆունտ,- պատասխանեց լրաբերը։
Չլսելով կնոջ ճիչը՝ ծերուկը թույլ ժպտաց, կույրի պես առաջ պարզեց ձեռքերը և անզգայացած ընկավ հատակին։

Մաս 3

Երկու մղոն հեռու գտնվող մեծ գերեզմանոցում տարեց զույգը թաղեց միակ որդուն և վերադարձավ տուն, որն այժմ խավար էր ու լուռ։ Ամեն ինչ այնքան արագ կատարվեց, որ ընտանիքը ոչինչ չհասցրին գիտակցել, փոխարենը հուսահատ սպասում էին նոր փոփոխության, որը պետք է թեթևացներ երկու ծեր սրտերի համար չափազանց ծանր բեռը։
Օրերն անցնում էին, բայց ոչինչ չէր փոխվում․ ամուսինները հասկացան, որ պետք է հաշտվեն ծանր իրականության հետ։ Երբեմն նրանք մի կերպ էին փոխանակվում կցկտուր բառերով, որովհետև արդեն ոչինչ չունեին խոսելու։ Օրերը թվում էին չափազանց երկար ու հոգնեցուցիչ։
Մոտ մի շաբաթ անց՝ ուշ գիշերը, ծերուկն արթնացավ, մեկնեց ձեռքը և չգտավ կնոջն իր կողքին։ Սենյակում մութ էր, բայց ծերուկը հստակ լսում էր կնոջ լացը պատուհանի մոտ։ Նա նստեց մահճակալի վրա և ականջ դրեց։
– Հետ արի,- փափուկ ձայնով կանչեց նա,- կմրսես։
– Տղաս ավելի է մրսում հիմա,- քթի տակ ասաց տիկին Ուայթը ու նորից սկսեց հեծկլտալ։
Լացի ձայնն աստիճանաբար խլացավ։ Մահճակալը դեռ տաք էր, իսկ աչքերը ծանրությունից ճկվում էին։ Սկզբից ծերուկն ուղղակի ննջեց, ապա, երբ արդեն խոր քուն էր մտել, կնոջ բղավոցից հանկարծակի վեր թռավ։
– Թա՛թը, թա՛թը,- կատաղի գոռում էր նա,- կապիկի թա՛թը։
– Ի՞նչ է, ո՞ւր է,- հարցրեց ահաբեկված ծերուկը,- ի՞նչ է պատահել։
Տիկին Ուայթը սայթաքելով վազեց ամուսնու մոտ։
– Ինձ թաթն է պետք,- համարյա շշուկով ասաց նա,- չես ջարդել, չէ՞։
– Հյուրասենյակում է՝ բուխարու վերևի դարակի վրա,- զարմացած պատասխանեց ծերուկը,- ի՞նչի համար ես ուզում։
Տիկին Ուայթը ճչաց և միաժամանակ վայրի ծիծաղեց։ Նա կռացավ ու համբուրեց ամուսնու այտը։
– Նոր հասկացա,- ասաց նա,- ինչպե՞ս առաջ գլխի չէի ընկել։ Ոչ ես, ոչ դու։
– Ի՞նչը,- հարցրեց ծերուկը։
– Մյուս երկու ցանկությունները,- արագ պատասխանեց տիկին Ուայթը,- մենք միայն մի ցանկություն էինք պահել։
– Քեզ դա չհերիքե՞ց,- զայրացած հարցրեց ծերուկը։
– Ո՛չ,- ոգևորված բացականչեց կինը,- մենք ևս մեկը կպահենք։ Իջիր ու բեր թաթը։ Ցանկացիր, որ մեր տղան նորից ողջ լինի։
Ծերուկը ցատկով նստեց մահճակալին․ վերմակը սահելով ընկավ դողացող ծնկների վրայից։
– Աստված իմ, դու խելագար ես,- սարսափից քարացած՝ ասաց նա։
– Գնա բեր,- հրամայեց կինը գրեթե շնչակտուր,- արագացրու, բեր, պահիր ցանկությունը։ Վա՜յ, տղաս, Հերբերտս։
Պարոն Ուայթը վառեց լուցկու հատիկը, ապա մոմը։
– Ավելի լավ է՝ պառկես, քնես,- նրա ձայնը կրկին դողում էր,- դու ինքդ չես հասկանում՝ ինչ ես խոսում։
– Մեր առաջին ցանկությունը կատարվեց,- հուսահատ ասաց կինը,- ինչո՞ւ հրաժարվենք երկրորդից։
– Դա պ – պ- պատահականություն էր,- կմկմաց ծերուկը։
– Գնա բեր ու պահիր երկրորդ ցանկությունը,- հուզմունքից դողալով՝ բացականչեց տիկին Ուայթը։
Ծերուկը նայեց կնոջը։
– Քո տղան տասը օր է, ինչ մահացել է, բացի դրանից, հիմա մենք Հերբերտին միայն հագուստով կարող ենք ճանաչել։ Եթե այլայլված տեսք ունենա, ի՞նչ պիտի անես։
– Տղայիս հետ բեր,- գոռաց տիկին Ուայթը և ամուսնուն քաշեց դեպի դուռը,- դու իրո՞ք կարծում ես, որ իմ սեփական տղայից պիտի վախենամ։
Մթի մեջ խարխափելով՝ ծերուկն իջավ հյուրասենյակ և գտավ բուխարին։ Թալիսմանը նույն տեղում էր․ հանկարծ նրան պատեց վախը, որ դեռ բարձրաձայն չասված ցանկությունը կարող էր հետ բերել Հերբերտին ավելի շուտ, քան նա կհասցներ սենյակից դուրս գալ։ Ծերուկի շունչը կտրվում էր․ մի պահ նրան թվաց, որ չի գտնում դուռը։ Ճակատը պատվեց սառը քրտինքով․ ձեռքով շոշափելով սեղանը՝ նա առաջ եկավ, հենվեց պատին և քսվելով կողքի գնաց, մինչև գտավ շոշափեց վերև տանող աստիճանները։ Կապիկի թաթը ձեռքում էր։
Մտնելով սենյակ՝ նկատեց, որ կնոջ դեմքի արտահայտությունը կտրուկ փոխվեց։ Դեմքը սպիտակեց, լցվեց սպասումով ու ինչ-որ տարօրինակ փայլով։ Ծերուկը վախեցավ կնոջից։
– Պահի՛ր,- գոռաց նա անողոք ձայնով։
– Սա հիմարություն է, դաժանություն,- թույլ ձայնով արձագանքեց ծերուկը։
– Պահի՛ր,- կրկնեց կինը։
Պարոն Ուայթը բարձրացրեց ձեռքը։
– Ես ցանկանում եմ, որ իմ որդին նորից ողջ լինի։
Թալիսմանն ընկավ գետնին․ ծերուկը սարսափահար ներքև նայեց, ապա ուժասպառ ընկավ աթոռին։ Տիկին Ուայթը քայլեց դեպի պատուհանը և քաշեց վարագույրը։
Ծերուկը նստեց այնքան, որքան կարող էր դիմանալ սաստիկ ցրտին։ Նա մերթընդմերթ բարձրացնում էր գլուխն ու հայացք նետում պատուհանից դուրս նայող կնոջ վրա։ Գրեթե ամբողջությամբ հալված մոմը ստվերներ էր նետում մութ սենյակի պատերին։ Երբ լույսն ի վերջո մարեց, ծերուկը դանդաղ վերադարձավ անկողին՝ անասելի բավականություն զգալով կախարդանքից օգտվելու անհաջող փորձից։ Մի րոպեից նրան միացավ տիկին Ուայթը, որն առանց որևէ ավելորդ շարժումի պառկեց ամուսնու մոտ։
Երկուսն էլ լուռ պառկած էին ժամացույցի սլաքների կտկտոցի տակ։ Գիշերվա բնական ձայներից բացի ոչինչ չէր լսվում։ Մթությունը ճնշող էր, ուստի մի քանի րոպե տրամադրվելուց հետո ծերուկը վերցրեց լուցկու տուփն ու իջավ ներքև՝ մոմի հետևից։
Լուցկին հանգչեց ճանապարհին, և ծերուկը ստիպված կանգ առավ աստիճանների վրա՝ նորը վառելու։ Հենց այդ պահին գլխավոր դուռն ինչ-որ մեկը գրեթե անձայն թակեց, ասես չէր ուզում, որ իր մասին իմանային։
Լուցկու տուփն ընկավ ծերուկի ձեռքից։ Նա քարացավ՝ շունչը պահելով։ Լսվեց երկրորդ թակոցը։ Ծերուկը շրջվեց ու խուճապահար վազեց վերև, մտավ սենյակ ու հետևից փակեց դուռը։ Երրորդ թակոցն արձագանքեց տնով մեկ։
– Ի՞նչ ձայներ են,- գոռաց տիկին Ուայթը վեր թռնելով։
– Առնետ է,- դողացող ձայնով պատասխանեց ծերուկը,- մոտովս վազելով անցավ։ Աստիճանների վրա էր։
Տիկին Ուայթը նստեց ու ականջ դրեց։ Հերթական թակոցը բարձր արձագանքեց վերևի հարկում։
– Հե՛րբերտն է,- ճչաց նա,- Հե՛րբերտ։
Նա վազեց դեպի դուռը, բայց ծերուկն առաջ ընկավ։ Պինդ բռնելով կնոջ ձեռքից՝ նա անհամարձակ ձայնով շշնջաց․
– Ի՞նչ ես պատրաստվում անել։
– Տղաս է եկել, Հերբերտը,- փորձելով դուրս պրծնել ամուսնու ձեռքերից՝ գոռաց մայրը,- մոռացել էի, որ գերեզմանոցը մոտ է մեր տանը։ Թո՛ղ ինձ, թող դուռը բացեմ։ Ինչո՞ւ ես ինձ բռնել։
– Աստծու սիրուն, խնդրում եմ՝ մի՛ թող նրան ներս,- վախից դողալով ու գրեթե լացելով՝ ասաց ծերուկը։
– Դու քո սեփական որդո՞ւց ես վախենում։ Թո՛ղ ինձ։ Հե՜րբերտ, գալիս եմ, տղաս, գալիս եմ։
Լսվեց հերթական թակոցը։ Ապա ևս մեկը։ Տիկին Ուայթը մի կերպ պոկվեց ամուսնուց ու վազեց ներքև։ Ծերուկը հետևեց կնոջը մինչև աստիճանները և սկսեց աղաչել նրան հետ վերադառնալ։
Նա լսեց շղթայի զրնգոցը, ապա ներքևի փականի բացվելու ձայնը։ Իսկ հետո լսեց կնոջ ծանր, հուսահատ հևոցը։
– Վերևի փականը,- գոռաց նա առաջին հարկից,- արի օգնի՛ր, չեմ հասնում։
Բայց ծերուկն արդեն սողում էր հատակին՝ խավարի մեջ փնտրելով թաթը։ Միայն թե գտնի, միայն թե հասցնի, քանի դեռ նա չի մտել տուն։ Թակոցներն ուժգնացան՝ ցնցելով տունը։ Ծերուկը լսեց՝ ինչպես է կինը աթոռներից մեկը մոտեցնում դռանը, լսեց վերևի փականի ձայնը, բայց նույն պահին գտավ թաթը։ Նա խելագարի պես բռնեց թալիսմանն իր աջ ձեռքում ու շնչակտուր պահեց իր վերջին՝ երրորդ երազանքը։
Թակոցները դադարեցին, լսվում էր միայն խլացող արձագանքը։ Նա լսեց՝ ինչպես է կինը հեռացնում աթոռը ու բացում դուռը։ Սառը քամին հասավ վերև։ Լսվեց կնոջ հիասթափության ու վշտի աղիողորմ ճիչը, որը ծերուկին ուժ ու համարձակություն տվեց՝ ներքև իջնելու։ Նա վազեց կնոջ մոտ, ապա դեպի դարպասը։ Ճանապարհի հակառակ կողմում թարթում էր լապտերը՝ լուսավորելով ամայի, անաղմուկ փողոցը։

Թարգմանությունը  անգլերենից՝ Յուրի Սարգսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *