Լուսաբացին Աքբար Մեծի[1] «հաղթանակի նոր քաղաքի» ավազաքարե վեհ պալատներն այնպիսի տեսք ունեին, ասես կարմիր ծխից էին կառուցված: Բազմաթիվ քաղաքներ ծնունդ առնելուց շատ չանցած հավերժական քաղաքների տպավորություն են սկսում գործել, բայց Սիկրին[2] միշտ նման էր լինելու օդատեսիլի։ Հենց որ արևը բարձրացավ զենիթ, ցերեկային տապի հսկայական մահակը թակեց սալաքարերը՝ բոլոր հնչյունների համար խլացնելով մարդկային լսողությունը, ստիպելով, որ օդը դողա այնպես, ինչպես վախեցած պարուրաեղջյուր այծքաղը, և թուլացնելով ողջամտության ու զառանցանքի, երևակայականի և իրականի սահմանը։
Նույնիսկ Կայսրը տրվեց երևակայությանը։ Թագուհիները իրենց պալատներում ուրվականների նման սավառնում էին օդում, իսկ ռաջպուտցի և թուրք սուլթանուհիները «բռնիր, թե կարող ես» էին խաղում։ Այս թագավորական կանանցից մեկն իրականում գոյություն չուներ։ Նա երևակայական կին էր, որին հորինել էր Աքբարը, ինչպես միայնակ երեխաներն են երևակայական ընկերներ հորինում, և չնայած բազմաթիվ կենդանի, թեև օդում սավառնող, կողակիցներին՝ Կայսրը մնում էր այն կարծիքին, որ իսկական թագուհիները տեսիլքներ էին, իսկ նրա գոյություն չունեցող սիրեցյալը՝ իրական։ Կայսրն անվանեց նրան Ջոդհա, և ոչ մեկ չհամարձակվեց հակառակվել նրան։ Կանանց ննջասենյակների մեկուսացման մեջ, նրա՝ մետաքսե միջանցքներով պալատում մեծանում էին Ջոդհայի ազդեցությունը և իշխանությունը։ Մեծն երաժիշտ Թանսենը[3] երգեր էր ձոնում նրան, Աբդ ալ-Սամադ Շիրազին[4] ինքնուրույն պատկերել էր Ջոդհային․ առանց տեսնելու նրա դեմքը՝ երազի հիշողություններով էր նկարել նրան, և երբ Կայսրը տեսավ նրա ստեղծագործությունը, շողշողացող գեղեցկությունից սկսեց ծափ տալ։ «Դու կյանքի կոչեցիր նրան,- ասաց նա, և Աբդ ալ-Սամադը հանգստացավ ու դադարեց վախենալուց, որ նրա գլուխը չափից ավելի թույլ էր ամրացված վզին»։ Եվ կայսերական արվեստանոցի վարպետի այդ կախարդական ստեղծագործության ցուցադրությունից հետո ամբողջ արքունիքն իմացավ, որ Ջոդհան իրական էր, բոլոր նշանավոր պալատականները՝ Նավարատնան[5]՝ Ինը զարդերը, ոչ միայն նրա գոյությունը ընդունեցին, այլև նրա գեղեցկությունը, իմաստությունը, շարժումների նրբագեղությունն ու ձայնի փափկությունը։ Աքբա՜ր և Ջոդհա՜։ Օ՜հ, օ՜հ։ Այդ դարաշրջանի սիրո պատմությունն էր։
Կայսեր քառասուն ամյակին մոտ քաղաքի կառուցումը վերջապես ավարտվեց։ Տասներկու երկար, շոգ տարի պահանջվեց այն կառուցելու համար, չնայած մի պահ այնպիսի տպավորություն էր, ասես այն տարեցտարի վեր էր խոյանում՝ առանց ջանքերի, կախարդանքի պես։ Կայսեր՝ աշխատանքի նախարարը որևէ շինարարություն թույլ չէր տալիս նրա՝ կայսրության նոր մայրաքաղաք ժամանակավոր այցի ընթացքում։ Երբ կայսրը ոստանում էր լինում, որմնադիրների գործիքները լռում էին, ատաղձագործները մեխեր չէին խփում, ներկարարները, ընդելուզիչները, կտորեղենի կախիչները և շիրմաների փորագրիչներն անհետանում էին տեսադաշտից։ Այդ ամենը, ինչպես ասում են, հանգստացնող հաճույք էր։ Միայն հիացմունքի հնչյուններն էին թույլատրված։ Պարողների ոտքի կոճերի զանգակները քաղցր արձագանքում էին, շատրվանները խշխշում էին, իսկ զեփյուռը տարածում էր հանճարեղ Թանսենի նուրբ երաժշտությունը։ Բանաստեղծություններ էին շշնջում Կայսեր ականջին, իսկ հինգշաբթի օրերին պաչիսիի[6] բակում բազմաթիվ ալարկոտ խաղեր էին կազմակերպում, որոնց ժամանակ շախմատի տախտակի վրա ստրկուհիներին կենդանի խաղաքարեր էին դարձնում։ Օրվա երկրորդ կեսին վարագույրների հետևում և պունկահների[7] տակ հանգիստ սիրո ժամանակն էր։
Ոչ մի քաղաք բաղկացած չէ միայն պալատներից։ Փայտից, ցեխից, գոմաղբից, աղյուսից և քարից կառուցված իսկական քաղաքն ապաստանել էր կարմրաքարե զորեղ գետնախարիսխի պատերի տակ, որոնց վրա կանգնած էր թագավորական նստավայրը։ Դրա մերձակայքը ձևավորվում էր ինչպես ռասայով, այնպես էլ առևտրով։ Այստեղ արծաթագործների փողոցն էր, այնտեղ կողպված, զրնգուն զինանոցներն էին, իսկ այնտեղ՝ երրորդ ձորակի վերջում, թևնոցների և հագուստեղենի տեղն էր։ Արևմուտքում հինդուիստական գաղութներն էին, դրա հետևում՝ քաղաքային պատերից այն կողմ, պարսկական թաղամասն էր, դրա հետևում էլ թուրանների[8] շրջանն էր, վերջինիս հետևում էլ՝ Ուրբաթի մզկիթի[9] հսկայական դարպասների մոտակայքում, այն մահմեդականների տներն էին, որոնք ծնվել էին Հնդկաստանում։ Գյուղական վայրերի ողջ երկայնքով սփռված էին վերնախավի առանձնատները, արվեստատունն ու գրչատունը, որոնց համբավը տարածվել էր ամբողջ երկրով, մեկ տաղավար երաժշտության համար, և մեկն էլ՝ պարերի բեմադրության։ Մեծամասամբ պարապության ժամանակ չէր լինում ստորին Սիկրիում, և երբ Կայսրը տուն էր վերադառնում պատերազմից, լռության մասին հրամանը շնչահեղձ էր անում ցեխի քաղաքին։ Մորթելու պահին ստիպված էին լինում փակել հավերի կտուցները՝ արքայից արքայի հանգիստը խաթարելու վախից ելնելով։ Սայլի ճռռացող անիվի պատճառով սայլապանը կարող էր ճիպոտահարության արժանանալ, իսկ եթե մտրակի հարվածից գոռար, պատիժը կարող էր էլ ավելի դաժան լինել։ Ծննդաբերող կանայք զսպում էին գոռոցները, իսկ շուկայի անխոս ներկայացումը յուրաօրինակ խելագարություն էր։ «Երբ Թագավորն այստեղ է, մենք բոլորս խելագարվում ենք, – ասում էին մարդիկ՝ շտապով ավելացնելով «ուրախությունից», որովհետև ամենուրեք լրտեսներ ու դավաճաններ էին»։ Ցեխի քաղաքը սիրում էր իր Կայսերը․ այդպես էին պնդում, պնդում էին անխոս, որովհետև բառերն այդ արգելված կտորից ու հնչյունից էին։ Երբ Կայսրը նորից մեկնեց արշավների, իր երբեք չվերջացող (բայց միշտ հաղթական) մարտերի ընդդեմ Գուջարաթի և Ռաջաստանի, Քաբուլի և Քաշմիրի զորքերի, լռության բանտը բացվեց, շեփորներ և ուրախ բացականչություններ պոռթկացին, և մարդիկ վերջապես կարողացան ասել միմյանց այն, ինչ ամիսներ շարունակ ստիպված էին թաքցնել․ «ես սիրում եմ քեզ», «մայրս մահացել է», «ապուրը համեղ է», «եթե չվերադարձնես գումարը, որ պարտք ես ինձ, արմունկներից կկոտրեմ ձեռքերդ», «թանկագի՛նս, ես էլ քեզ եմ սիրում»․ ամեն ինչ։
Ի ուրախություն ցեխի քաղաքի՝ պատերազմական գործերը հաճախ էին շեղում Աքբարին։ Իրականում նա հիմնականում բացակայում էր, և նրա բացակայության ընթացքում խռնվող աղքատների, ինչպես նաև անհոգ զբոսնող շինարարների աղմուկն ամեն օր բարկացնում էր անզոր թագուհիներին։ Նրանք պառկում էին միասին և հառաչում, իսկ այն, թե ինչ էին անում՝ միմյանց շեղելու համար, և ինչ զվարճությունների էին տրվում իրենց գաղտնի սենյակներում, չի նկարագրվելու այստեղ։ Միայն երևակայական թագուհին էր մնում մաքուր, և հենց նա էր, ով պատմեց Աքբարին զրկանքների մասին, որոնք կրում էին մարդիկ չափից ավելի ջանասեր աստիճանավորների՝ նրա՝ տանը գտնվելու ժամանակը թեթևացնելու ցանկության պատճառով։ Հենց որ Կայսրն իմացավ դրա մասին, չեղարկեց հրամանը, աշխատանքի նախարար նշանակեց պակաս դաժան մարդու և պնդեց, որպեսզի ձի թամբեն և անցնեն իր ճնշված հպատակների փողոցներով և բացականչեն․ «Մարդի՜կ, այնքա՛ն աղմկեք, որքա՛ն կցանկանաք։ Աղմուկը կյանք է, իսկ աղմուկի լիառատությունը լավ կյանքի խորհրդանիշ է։ Բոլորս հանգստանալու ժամանակ կունենանք, երբ բարեհաջող մահացած լինենք»։ Քաղաքն ուրախ աղմուկ-աղաղակով բռնկվեց։
Դա այն օրն էր, երբ պարզ դարձավ, որ գահին նոր տեսակի թագավոր էր բազմել, և աշխարհում ոչ մի բան նույնը չէր մնալու։
Երկրում վերջապես խաղաղություն տիրեց, բայց Թագավորի հոգին ինչպես միշտ անհանգիստ էր։ Թագավորը նոր էր վերադարձել արշավից․ Սուրաթում[10] մի նորահարուստի դատաստանն էր տեսել, բայց արշավների և պատերազմի երկար օրերի ընթացքում նրա բանականությունը պայքարի մեջ էր մտել փիլիսոփայական և լեզվաբանական հանելուկների հետ ոչ պակաս, քան ռազմականների։ Աբուլ-Ֆաթ Ջալալ ուդ-դին Մուհամմադ, Արքայից արքա՝ մանկությունից հայտնի որպես Աքբար, որը նշանակում է «մեծ», իսկ վերջերս չնայած նույնաբանությանը՝ Աքբար Մեծ, իր մեծության մեջ մեծ, կրկնապատիկ մեծ, այնքան մեծ, որ կրկնությունը տիտղոսում ոչ միայն տեղին էր, այլև անհրաժեշտ՝ արտահայտելու համար նրա՝ Մեծն Մողոլի՝ անհետաքրքիր, ճակատամարտերից հոգնած, անպարտելի, մտազբաղ, աստիճանաբար գիրացող, հիասթափված, բեղավոր, բանաստեղծական, չափից դուրս գայթակղիչ և բացարձակ կայսեր փառքի մեծությունը, որը չափից ավելի փառահեղ էր, չափից ավելի ամենապարփակ, և, կարճ ասած, չափից ավելի էր մեկ անձ լինելու համար։ Այդ ամենակուլ տիրակալը, աշխարհների կլանիչը, բազմագլուխ հրեշը, որն ինքն իրեն առաջին դեմքով և հոգնակի թվով էր դիմում, սկսեց մեդիտացիա անել տուն վերադառնալու երկար և հոգնեցուցիչ ճանապարհին, որի ընթացքում նրան էին ուղեկցում ջախջախված թշնամիների գլուխները, որոնք տարուբերվում էին թթվի համար նախատեսված կավե փակ բանկաների մեջ, և առաջին դեմք, եզակի թվի՝ «ես»-ի տագնապալի հավանականությունները։
Նա՝ Աքբարը, երբեք ինքն իրեն «ես»-ով չէր դիմում ո՛չ առանձին, ո՛չ բարկացած ժամանակ, ո՛չ էլ երազներում։ Նա (էլ ո՞վ կարող էր լինել) «մենք»-ն էր։ Նա «Մենք»-ի սահմանումն ու մարմնավորումն էր։ Նա հոգնակիության մեջ էր ծնվել։ Երբ ասում էր «մենք», նա բնականաբար և իսկապես նկատի ուներ ինքն իրեն՝ որպես իր բոլոր հպատակների, իր բոլոր քաղաքների և հողերի, գետերի և լճերի, ինչպես նաև իր սահմանների տարածքում գտնվող բոլոր կենդանիների, բույսերի և ծառերի, գլխի վերևում թռչող թռչունների, աղջամուղջային խայթող մոծակների, անդրաշխարհի որջերում գտնվող, ամեն ինչի արմատները դանդաղ կրծող անանուն հրեշների մարմնավորման։ Նկատի ուներ ինքն իրեն՝ որպես բոլոր իր հաղթանակների ամբողջության, որ իր մեջ էր ամփոփում գլխատված թշնամիների կամ ուղղակի սանձահարված հակառակորդների բնավորությունները, ունակությունները, պատմությունները, հնարավոր է նույնիսկ հոգիները․ բացի այդ՝ ինքն իրեն համարում էր իր ժողովրդի անցյալի և ներկայի ապոգեյը և նրանց ապագայի շարժիչ ուժը։
Այդ «մենք»-ն այն էր, ինչ նշանակում էր թագավոր լինել, բայց հասարակ մարդիկ (այժմ ի օգուտ արդարության և քննարկման նկատառումներից ելնելով՝ ինքն իրեն թույլ տվեց խորհել դրա մասին), անկասկած, երբեմն նույնպես հոգնակի թվով էին մտածում իրենց մասին։
Արդյոք սխա՞լ էին նրանք։ Թե՞ (օ՜, նենգ միտք) ինքն էր սխալ։ Հավանաբար ինքն իրեն որպես ընդհանրություն ընդունելու այդ գաղափարն էր նշանակում աշխարհում լինել էակ՝ ցանկացած էակ․ վերջիվերջո նման էակը, անխուսափելիորեն, էակ է ուրիշ էակների մեջ, բոլոր բաների գոյության մի մասն է։ Միգուցե հոգնակիությունը թագավորի բացարձակ մենաշնորհը չէր, վերջիվերջո միգուցե դա նրա՛ աստվածային իրավունքը չէր։ Բացի այդ՝ կարելի էր պնդել, որ քանի որ միապետի խորհրդածությունները պակաս վեհ և ազնվաբարո ձևով, անկասկած, արտացոլվում էին նրա հպատակների մտքերում, կանայք ու տղամարդիկ, ում իշխում էր, անխուսափելիորեն իրենք իրենց պետք է որպես «մենք»-եր ընդունեին։ Հնարավոր է իրենք իրենց հոգնակի արարածներ էին համարում, որոնք բաղկացած էին իրենք իրենցից՝ գումարած նրանց երեխաները, մայրերը, հորաքույր-մորաքույրները, գործատուները, գործընկերները, պաշտոնակիցները, տոհմերը և ընկերները։ Նրանք նույնպես հոգնակի թվով էին տեսնում իրենց․ մի «ես»-ը նրանց երեխայի հայրն էր, մյուսը՝ նրանց ծնողների երեխան։ Գիտեին, որ իրենց գործատուների հետ նույն կերպ չէին պահում իրենց, ինչ տանը իրենց կանանց հետ․ կարճ ասած, նրանք բոլորը «ես»-երի՝ հոգնակիությամբ լցված պարկեր էին, ինչպես կայսրն էր։ Այդ դեպքում արդյոք էական տարբերություն չկա՞ր իշխողի և իշխվողի միջև։ Եվ այդ պահին նրա նախնական հարցը նոր և ապշեցուցիչ եղանակով վերաձևավորվեց․ եթե նրա բազմադեմ սուբյեկտները հաջողեցնում էին իրենց մասին եզակի թվով մտածել, արդյոք կարո՞ղ էր նա էլ «ես» լինել։ Կարո՞ղ էր գոյություն ունենալ «ես», որն ուղղակի ինքն ու ինքն էր։ Արդյոք կայի՞ն բացարձակ, միայնակ «ես»-եր, որոնք թաքնված էին երկիր մոլորակի լեփ-լեցուն «մենք»-երի հետևում։ Այդ հարցերը վախեցնում էին նրան, երբ գնում էր տուն՝ սպիտակ ձին թամբած, անվախ, անհաղթելի և, պետք է խոստովանել, աստիճանաբար գիրացող․ և երբ այդ հարցը գիշերն էր ծագում նրա մտքում, դժվարանում էր քնել։ Ի՞նչ պետք է ասեր, երբ նորից տեսներ Ջոդհային։ Եթե ուղղակի ասեր «ես վերադարձա» կամ «ես եմ», իր հերթին Ջոդհան կկարողանա՞ր եզակի թիվ, երկրորդ դեմքով, այն «դու»-ով դիմել նրան, որը երեխաների, սիրահարների և աստվածների համար էր թողնված։ Եվ ի՞նչ կնշանակեր դա․ որ նա Ջոդհայի երեխա՞ն էր, թե՞ նրա աստվածը, թե՞ ուղղակի սիրեցյալը, որի մասին նա նույնպես երազել էր, որին երազել էր կյանքի կոչել նույնպիսի խանդավառությամբ, ինչ ինքն էր երազել Ջոդհայի մասին։ Կարո՞ղ էր արդյոք այդ կարճ բառը՝ այդ «դու»-ն, լեզվի ամենագրգռիչ բառը լինել։ ««Ե՛ս», – մրթմրթում էր նա քթի տակ։ – «Ե՛ս» այստեղ եմ։ «Ե՛ս» սիրում եմ քեզ։ Արի՛ «ի՛նձ» մոտ»։
Տուն վերադառնալու ճանապարհին վերջին ռազմական բախումը խախտել էր նրա խորհրդածությունը։ Եվս մի նորահարուստ իշխանիկի վերջը պետք է տրվեր։ Դիվերսիա կատարել Քաթիավար թերակղզու վրա՝ սանձահարելու համառ Քուչ Նահինի Ռանանին՝ մեծ բերանով և երկար բեղերով տղամարդուն (իր սեփական բեղերի պատճառով Կայսրը սնափառ էր և անբարյացկամ էր մրցակիցների հանդեպ)՝ ավատատիրական կառավարիչին, որն անհեթեթորեն սիրում էր ազատության մասին խոսել։ «Ազատություն ո՞ւմ համար կամ ինչի՞ց, – ներքուստ քմծիծաղ տվեց Կայսրը»։ Ազատությունը մանկական երևակայություն էր, կանանց համար՝ խաղ։
Ոչ ոք երբեք ազատ չի եղել։ Նրա բանակը շարժվում էր Գիր անտառի սպիտակ ծառերի միջով, ինչպես անձայն վրա հասնող ժանտախտը, և Քուչ Նահինիի խղճուկ, փոքրիկ ամրոցը, ծառերի խշխշացող գագաթներում մահ տեսնելով, քանդեց իր սեփական աշտարակները, բարձրացրեց կապիտուլյացիայի դրոշը և ստորանալով ողորմածություն հայցեց։ Հաճախ պարտված հակառակորդներին մահապատժի ենթարկելու փոխարեն Կայսրը ամուսնանում էր նրա դուստրերից մեկի հետ և աշխատանք էր տալիս պարտված աներոջը․ ընտանիքի նոր անդամն ավելի լավ էր, քան նեխող դին։ Սակայն այս անգամ գեղեցիկ դեմքից նյարդայնացած՝ պոկեց ամբարտավան Ռանայի բեղերը և կտոր-կտոր արեց այդ թուլամորթ ցնորամոլին․ անձամբ, իր սեփական թրով արեց դա, ինչպես կաներ նրա պապը, իսկ հետո գնաց իր սենյակ՝ դողալով և սգալով։ Կայսեր աչքերը շիլ էին ու մեծ և դեպի անսահմանությունն այնպես էին նայում, ինչպես կարող էին նայել երազկոտ, երիտասարդ կինը կամ ցամաք փնտրող ծովագնացը։ Նրա շուրթերը լիքն էին և կանացի գոռոզությամբ առաջ եկած։ Սակայն չնայած բոլոր այս աղջկական շեշտադրումներին՝ նա հզոր, ուժեղ և զորեղ տղամարդու տիպար էր։ Պատանի ժամանակ անզեն ձեռքերով էգ վագր էր սպանել, հետո այդ արարքի պատճառով խելագարության էր հասել, ընդմիշտ հրաժարվել մսից և բուսակեր դարձել։ Թագավոր-փիլիսոփա, բուսակեր-մահմեդական, զինվոր, որը միայն խաղաղություն էր ուզում․ եզրույթների հակադրություն։ Այդպիսինն էր մեծագույն տիրակալը, որին երկիրը երբևէ ճանաչել էր։
Մարտից հետո, երբ երեկոն իջավ դատարկ մեռյալների վրա, մելամաղձության մեջ արյունաշաղախ, քանդված ամրոցի ներքևում՝ փոքրիկ ջրվեժի սոխակի երգի (կըլ-կըլ, կըլ-կըլ) լսելիության սահմաններում, երգում էր նա՝ Կայսրը՝ իր դիպակե վրանում կամաց-կամաց կոնծելով ջրով բացված գինին և ողբալով իր արյունահեղ ծագումնաբանությունը։ Նա չէր ուզում իր արյունարբու նախահայրերին նմանվել, թեև նրանք մեծագույն մարդիկ էին եղել պատմության մեջ։ Նա ճնշվում էր ավարառու անցյալի անուններից, որոնցից մարդկային արյան հեղեղների միջով սերում էր նրա անունը․ նրա պապ Բաբարը, զորապետ Ֆերգանան, որ նվաճել, բայց միշտ ատել էր այդ նոր գերիշխանությունը, այդ չափից ավելի մեծ հարստությունով և չափից ավելի շատ աստվածներով Հնդկաստանը, անսպասելի պերճախոսության ձիրքով մարտամեքենա Բաբարը, մինչև Բաբարը Տրանսոքսիանայի և Մոնղոլիայի արյունարբու իշխանները, իսկ ամենքից առաջ Թեմուչինը՝ Չինգիզ խանը, որոնց շնորհիվ ինքը՝ Աքբարը, պետք է ընդուներ Մողոլների անունը, այնպիսի մողոլ պետք է լիներ, որպիսին չէր հանդիսանում և որպիսին չէր զգում իրեն։ Նա․․․հնդիկ էր զգում իրեն։ Նրա հորդան ո՛չ Ոսկեգույն էր, ո՛չ Կապույտ, ո՛չ էլ Սպիտակ։ «Հորդա» բառն ինքնին անճոռնի, խոզային, կոպիտ բանի նման ցնցեց նրա նրբավարժ լսողությունը։ Նա հորդաներ չէր ուզում։ Նա չէր ուզում հալեցված արծաթ լցնել պարտված թշնամիների աչքերի մեջ կամ մահացու ճզմել նրանց կառամատույցով, որի վրա ճաշում էր։ Նա հոգնել էր պատերազմից։
Հիշեց մանկության ուսուցչին՝ պարսիկ Միրին[11], որն ասում էր, որպեսզի մարդ հաշտ ու խաղաղ լինի ինքն իր հետ, պետք է հաշտ ու խաղաղ լինի մնացած բոլորի հետ։ Sulh-i-kul[12]՝ կատարյալ խաղաղություն։ Ոչ մի խան չէր կարող հասկանալ այդ գաղափարը։ Աքբարը Խանություն չէր ուզում։ Երկիր էր ուզում։
Երիտասարդ, բարեկազմ և թուխ Քուչ Նահինի Ռանան, անմազ և արյունածոր դեմքով, ծնկի էր իջել Աքբարի ոտքերի մոտ՝ սպասելով տապալիչ հարվածին։
-Պատմությունը կրկնվում է,- ասաց նա։- Յոթանասուն տարի առաջ քո պապը իմ պապին էր սպանել։
-Մեր պապը,- պատասխանեց Կայսրը՝ սովորության համաձայն՝ թագավորական հոգնակի թիվ օգտագործելով, քանի որ այդ պահին եզակի թվի փորձարկման ժամանակը չէր, այդ սրիկան դրան ներկա լինելու արտոնությանն արժանի չէր,- բանաստեղծի լեզու ունեցող բարբարոս էր։ Մենք հակառակը՝ բարբարոսական պատմությունով և բարբարոսական խիզախությունով բանաստեղծներ ենք մի պատերազմում, որն ատում ենք։ Դա ցույց է տալիս, որ պատմությունը չի կրկնվում, այլ առաջ է գնում, և որ Մարդն ունակ է փոխվելու։
-Դահիճի համար տարօրինակ դիտարկում է, – կամացուկ ասաց երիտասարդ Ռանան։ – Բայց Մահվան հետ վիճելն ապարդյուն է։
-Ժամդ հասել է,- համաձայնեց Կայսրը։- Այնպես որ մինչև գնալդ ճի՛շտն ասա, ի՞նչ տեսակ դրախտ ես ակնկալում գտնել շղարշով անցնելուց հետո։
Ռանան բարձրացրեց այլանդակված դեմքն ու նայեց Կայսեր աչքերի մեջ։
-Դրախտում «երկրպագությունն» ու «բանավեճը» նույն իմաստն ունեն,- հայտարարեց նա։- Ամենակարողը բռնապետ չէ։ Աստծո տանը բոլորն ազատ են խոսելու այնպես, ինչպես ցանկանում են, և դա նրանց նվիրվածության ձևն է։
Նա նյարդայնացնող էր, բայց կասկածի ենթակա չէր, որ ավելի սուրբ էր, քան «դու» տեսակի երիտասարդությունը, և չնայած վրդովմունքին՝ Աքբարը զգացված էր։
-Խոստանում ենք, որ երկրպագության այդ տունը այստեղ՝ երկրի վրա կկառուցենք, – ասաց Կայսրը։ Հետո «Ալլահ Աքբար», «Աստված զորեղ է» կամ գուցե «Աքբարն աստված է» գոռալով՝ թռցրեց գոռոզ, փոքրիկ անտաշի հանդուգն, խրատական և դրա պատճառով հանկարծակի անպետք դարձած գլուխը։
Ռանային սպանելուց մի քանի ժամ հետո Կայսերը համակեց միայնության ծանոթ դևը։ Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկն իրեն հավասարի պես էր խոսում նրա հետ, դա խելագարության էր հասցնում նրան, և նա գիտեր, որ դա սխալ էր։ Թագավորի զայրույթը միշտ էլ սխալ էր․ զայրացած թագավորն աստծո նման էր, որը սխալներ էր գործում։ Եվ ահա ևս մեկ հակասություն էր ծագում նրա մեջ։ Նա ոչ միայն լալկանների դահիճ և բարբարոս փիլիսոփա էր, այլև ստորաքարշության և ստորաքարշության հակում ունեցող եսամոլ էր, որը, այնուամենայնիվ, ուրիշ աշխարհի էր ձգտում․ աշխարհի, որտեղ կկարողանար հենց այն մարդուն, որն իրեն հավասար կլիներ, որին կկարողանար ընդունել որպես եղբայր, ում հետ կկարողանար ազատ զրուցել, սովորել և սովորեցնել, հաճույք ստանալ և պատճառել, աշխարհի, որտեղ կկարողանար հրաժարվել նվաճումների չարախինդ բավականությունից հօգուտ դատողության ավելի մեղմ, բայց միևնույն ժամանակ ավելի ճնշող բերկրանքների։ Գոյություն ունե՞ր արդյոք նման աշխարհ։ Ի՞նչ ճանապարհով կարելի էր հասնել այնտեղ։ Որևէ տեղ աշխարհում կա՞ր արդյոք նման մարդ, թե՞ հենց նոր մահապատժի էր ենթարկել նրան։ Իսկ միգուցե բեղերով Ռանան միա՞կն էր։ Մի՞թե հենց նոր սպանել էր միակ մարդուն, որին կարող էր սիրել։ Կայսեր մտքերը զգայուն և գինեհամ դարձան, աչքերը հարբած արցունքներով վարագուրվեցին։
Ինչպե՞ս կարող էր իր ուզած մարդը դառնալ․ աքբա՞րը, մե՞ծը։ Ինչպե՞ս։
Մեկը չկար, ում հետ կարելի կլիներ խոսել։ Նա իր՝ քարի նման խուլ թիկնապահին՝ Բհակտի Ռամ Ջայնին, հրամայել էր կորչել վրանից, որպեսզի կարողանար հանգիստ խմել։ Թիկնապահը, որը չէր լսում իր տիրոջ զառանցանքները, օրհնություն էր, սակայն Բհակտի Ռամ Ջայնն արդեն սովորել էր շուրթերով կարդալ, ինչը մեծապես նվազեցրել էր նրա արժեքը՝ դարձնելով նույնպիսի ականջ դնող, ինչպիսին մյուսներն էին։ «Թագավորը խենթ է, – ասում էին նրանք»։ Բոլորն էին ասում։ Նրա զինվորները, նրա հպատակները, նրա կանայք։ Հավանաբար Բհակտի Ռամ Ջայնը նույնպես այդպես էր ասում։ Դեմքին չէին ասում, որովհետև հզոր ռազմիկ և աժդահա էր, ասես հնագույն հեքիաթների հերոս լիներ, նաև արքայից արքա էր, և եթե նման մարդն ուզում էր մի փոքր ցնդած լինել, ովքե՞ր էին նրանք, որ առարկեին։ Սակայն Թագավորը խենթ չէր։ Թագավորը գոհ չէր իր գոյությամբ։ Ձգտում էր լինել։
Շա՛տ լավ։ Նա պահելու էր Քաթիավարի մահացած իշխանիկին տրված խոստումը։ Իր հաղթական քաղաքի սրտում երկրպագության տուն՝ բանավեճերի տեղ էր կառուցելու, որտեղ յուրաքանչյուրը յուրաքանչյուրին կկարողանար ասել այն, ինչ կուզեր՝ ցանկացած հարցով՝ ներառյալ Աստծո չգոյությունը և թագավորների վերացումը։ Այդ տանը նա համեստություն կսովորեր։ Ո՛չ, այժմ ինքն իր հանդեպ էր անարդար։ «Սովորել» չէ։ Ավելի շուտ ինքն իրեն կհիշեցներ համեստություն մասին, որն արդեն բույն էր դրել նրա սրտի խորքում, և կառողջանար։ Այդ համեստ Աքբարը հավանաբար նրա ամենալավ «ես»-ն էր՝ արտաքսման մեջ անցկացված մանկության հանգամանքներից ծնված, որն այժմ չափահաս վեհությամբ էր պարուրված, սակայն շարունակում էր գոյություն ունենալ․ «ես», որը ծնվել էր ոչ թե հաղթանակից, այլ պարտությունից։ Այդ օրերին ամեն բան հաղթանակների էր հանգեցնում, բայց Կայսրը ամեն ինչ գիտեր պարտության մասին։ Պարտությունը նրա հայրն էր, որի անունը Հումայուն էր։
Չէր սիրում մտածել հոր մասին։ Նրա հայրը չափից ավելի շատ ափիոն էր ծխել, կորցրել կայսրությունը և հետ էր վերադարձել միայն այն բանից հետո, երբ Շիայի հետևորդ էր ձևացել (տվել էր Koh-i-noor[13] ադամանդը), որպեսզի Պարսկաստանի Թագավորը պայքարելու համար զորք տար, իսկ գահին վերադառնալուց գրեթե անմիջապես հետո մահացել էր՝ ընկնելով գրադարանի սանդուղքից։ Աքբարը չէր ճանաչում հորը։ Աքբարը Սինդում էր ծնվել, իսկ Հումայունը Չաուսի մոտ պարտություն կրելուց հետո փախել էր Պարսկաստան՝ լքելով որդուն։ Տասնչորս ամսական որդուն, որին գտել և մեծացրել էր Հումայունի եղբայր և թշնամի Ասքարին Քանդահարից՝ վայրենի մարդ Հորեղբայր Ասքարին, որն ինքը կսպաներ Աքբարին, եթե կարողանար բավականին մոտ լինել վերջինիս, բայց չէր կարողացել, որովհետև միշտ նրա կինը խանգարել էր։
Աքբարը ողջ էր մնացել, որովհետև հորաքույրն էր այդպես ուզել։ Քանդահարում նրան սովորեցրել էին ողջ մնալ, մարտնչել, որսի գնալ և սպանել, բայց շատ բաներ առանց ուսուցման էր սովորել, օրինակ՝ հոգ տանել ինքն իր մասին, հետևել լեզվին և չասել այնպիսի բան, որի համար կարող էին սպանել նրան։ Ինքնուրույն էր սովորել կորստի արժանապատվության, պարտության և այն մասին, թե ինչպես է մաքրվում հոգին պարտությունն ընդունելիս, թե ինչպես բաց թողնել՝ խուսափելով բաղձանքիցդ ամուր կառչելու թակարդից, ընդհանուր լքվածության մասին, ու մասնավորապես հայրազրկության, հայրերի պակասի, հայրազրկության նվազման մասին, և փոքրամասնության՝ մեծամասնությունից լավագույն պաշտպանության մասին․ ներաշխարհ, հեռատեսություն, խորամանկություն, համեստություն և պերիֆերիկ տեսողություն։ Թերագնահատման բազմաթիվ դասեր։ Թերագնահատում, որից կարող էր սկսել աճը։
Սակայն կային բաներ, որոնք նրան ոչ ոք չէր էլ մտածել սովորեցնել, և որոնք նա երբեք չէր սովորելու։
-Մենք Հնդկաստանի Կայսրն ենք, Բհակտի Ռամ Ջա՛յն, բայց չենք կարող մեր գրողի տարած սեփական անունը գրել,- լուսաբացին բղավեց իր թիկնապահին, երբ վերջինս օգնում էր նրան լվացվել։
-Այո՛, օ՜, ամենաօրհնյալ էա՛կ, բազմաթիվ որդիների հա՛յր, բազմաթիվ կանանց ամուսի՛ն, աշխարհի միապե՛տ, երկիր մոլորակի տիրակա՛լ,- ասաց Բհակտի Ռամ Ջայնը՝ տալով սրբիչը։
Այդ ժամը՝ Թագավորի անկողնուց վեր կենալու ժամը, նաև կայսերական շողոքորթության ժամն էր։ Բհակտի Ռամ Ջայնը հպարտությամբ կրում էր Կայսերական առաջին դասի շողոքորթի տիտղոսը և հին դպրոցի գեղազարդ ոճի՝ հայտնի որպես ընդհանուր քծնանք, վարպետն էր։ Չափազանց երկար գովաբանությունների արտառոց ձևակերպումներ մտապահելու համար կատարյալ հիշողություն ունեցող մարդը կարող էր միայն այդպես քծնել՝ հաշվի առնելով անհրաժեշտ կրկնություններն ու հերթականության ճշգրտության անհրաժեշտությունը։ Բհակտի Ռամ Ջայնի հիշողությունն անսխալական էր։ Նա կարող էր ժամեր շարունակ շողոքորթել։
Կայսրը տաք ջրի տաշտի միջից իրեն խոժոռվող իր սեփական դեմքը տեսավ, որը խոժոռվում էր իրեն, ասես ճակատագրի նախանշան լիներ։
-Մենք Արքայից արքան ենք, Բհակտի Ռամ Ջա՛յն, բայց չենք կարողանում մեր սեփական օրենքները կարդալ։ Սրան ի՞նչ կասես։
-Օ՜, դատավորներից ամենաարդա՛ր, բազմաթիվ որդիների հա՛յր, բազմաթիվ կանանց ամուսի՛ն, աշխարհի միապե՛տ, երկիր մոլորակի տիրակա՛լ, գոյություն ունեցող ամեն ինչի տիրակա՛լ, գոյություն ունեցող ամեն ինչի միավորի՛չ, – ասաց Բհակտի Ռամ Ջայնը՝ ոգևորվելով իր առջև դրված խնդրից։
-Մենք Վեհ Լուսապսակ ենք, Հնդկաստանի Աստղ և Փառքի Արեգակ, – ասաց Կայսրը, որն ինքը մի երկու բան գիտեր շողոքորթության մասին։ – Եվ բոլորս մեծացել ենք քաղաքի այս անպիտան, խուլ վայրում, որտեղ տղամարդիկ քնում են կանանց հետ՝ երեխաներ ունենալու համար, իսկ տղաների հետ՝ նրանց տղամարդ դարձնելու համար․ մեծացել ենք՝ հետևելով հարձակվողին, որը հետևից էր գործում, և զինվորին, որը հենց դիմացն էր։
-Այո՛, օ՜, շլացուցիչ լո՛ւյս, բազմաթիվ որդիների հա՛յր, բազմաթիվ կանանց ամուսի՛ն, աշխարհի միապե՛տ, երկիր մոլորակի տիրակա՛լ, գոյություն ունեցող ամեն ինչի տիրակա՛լ, գոյություն ունեցող ամեն ինչի միավորի՛չ, Վեհ Լուսապսա՛կ, Հնդկաստանի Ա՛ստղ և Փառքի Արեգա՛կ,- ասաց Բհակտի Ռամ Ջայնը, որը թեև խուլ էր, բայց գիտեր ինչպես հասկանալ ակնարկը։
-Մի՞թե այդպես է պետք դաստիարակել թագավորին, Բհակտի Ռամ Ջա՛յն,- մռնչաց Կայսրը՝ զայրացած մի կողմ հրելով տաշտը։- Անգրագետ, ինքն իր հետևը պաշտպանող, վայրենի․ այդպիսի՞ն պետք է լինի իշխանը։
-Այո՛, օ՜, Իմաստունների իմաստո՛ւն, բազմաթիվ որդիների հա՛յր, բազմաթիվ կանանց ամուսի՛ն, աշխարհի միապե՛տ, երկիր մոլորակի տիրակա՛լ, գոյություն ունեցող ամեն ինչի տիրակա՛լ, գոյություն ունեցող ամեն ինչի միավորի՛չ, Վեհ Լուսապսա՛կ, Հնդկաստանի Ա՛ստղ և Փառքի Արեգա՛կ, մարդկային հոգիների տիրակա՛լ, մարդկանց ճակատագրերի արարի՛չ, – ասաց Բհակտի Ռամ Ջայնը։
-Դու ձևացնում ես, թե չես կարողանում շուրթերով կարդալ բառերը, – բղավեց Կայսրը։
-Այո՛, օ՜, Մարգարեներից թափանցամի՛տ, բազմաթիվ որդիների․․․
-Դու այծ ես, որի վիզը պետք է կտրել, որպեսզի ճաշին միսդ ուտեն։
-Այո՛, օ՜, աստվածներից գթասի՛տ, բազմաթիվ․․․
-Քո մայրը խոզի հետ է քնել, որպեսզի քեզ ծնի։
-Այո՛, օ՜, պերճախոսներից պերճախո՛ս, բ․․․
-Մի՛ անհանգստացիր,- ասաց Կայսրը։- Այժմ ավելի լավ ենք զգում մեզ։ Հեռացի՛ր։ Կարող ես ապրել։
Եվ ահա շոգին առկայծող ափիումի տեսիլքի նման նորից հայտնվեց Սիկրին՝ կարմիր ապարանքի պատուհաններից դրոշակների նման ծածանվող իր փայլուն մետաքսներով։ Ահա այստեղ էր իր՝ հպարտ տեսքով այս ու այն կողմ անող սիրամարգներով և պարող աղջիկներով տունը։ Եթե պատերազմի պատճառով ծվեն-ծվեն եղած աշխարհը դաժան ճշմարտություն էր, ապա Սիկրին գեղեցիկ խաբեություն էր։ Կայսրը վերադարձավ տուն, ինչպես ծխամոլն է վերադառնում իր ծխամորճին։ Նա կախարդ էր։ Այնտեղ կարարեր նոր աշխարհ՝ կրոնից, երկրից, տիտղոսից և տոհմից դուրս աշխարհ։ Ամենագեղեցիկ կանայք այնտեղ էին, և բոլորը նրա կողակիցներն էին։ Այնտեղ էին երկիր մոլորակի ամենափայլուն տաղանդները, որոնց մեջ էին Ինը զարդերը, ամենափայլուններից ինը ամենափայլունները, և նրանց շնորհիվ չէր լինի մի բան, որին չկարողանար հասնել։ Այնտեղ էր նաև Բիրբալը[14]՝ լավագույններից լավագույնների իննյակից լավագույնը։ Նրա առաջին նախարարը և առաջին ընկերը։
Առաջին նախարարը և այն ժամանակների մեծագույն իմաստունը ողջունում էր նրան Հիրան Մինարում[15]՝ փղերի ժանիքների աշտարակում։ Կայսեր չարությունը գլուխ բարձրացրեց։
-Նախարա՛ր,- ասաց Աքբարը՝ ձիուց իջնելով։- Մի հարցի կպատասխանե՞ս։ Մենք երկար ենք սպասել, որպեսզի տանք այդ հարցը։
Առասպելական սրամտության և իմաստության առաջին նախարարը հնազանդորեն գլուխ տվեց․
-Ինչպես կկամենաք, Ջահանփանա՛հ[16], Աշխարհի Ապաստարա՛ն։
-Լա՛վ, այդ դեպքում,- ասաց Աքբարը, ի՞նչն է առաջինը եղել, հա՞վը, թե՞ ձուն։
-Հավը,- միանգամից պատասխանեց Բիրբալը։ Աքբարն անակնկալի եկավ։
-Ինչպե՞ս կարող ես այդքան վստահ լինել,- ուզում էր իմանալ նա։
– Huzoor[17],- պատասխանեց Բիրբալը։- Ես խոստացել էի միայն մեկ հարցի պատասխանել։
Առաջին նախարարն ու Կայսրը կանգնած էին քաղաքի ամրոցապատի աշտարակին՝ նայելով պտտվող ագռավներին։
-Բիրբա՛լ, – մտածկոտ ասաց Աքբարը, – ի՞նչ ես կարծում, քանի՞ ագռավ կա իմ թագավորությունում։
-Ջահանփանա՛հ, – պատասխանեց Բիրբալը, – դրանք ուղիղ ինը հարյուր իննսունինը հազար ինը հարյուր իննսունինն են։
Աքբարը շփոթվեց։
-Ենթադրենք, հաշվեցինք դրանց, – ասաց նա, – և ստացվեց, որ դրանք ավելի շատ են․ այդ դեպքում ի՞նչ։
-Դա կնշանակի, – պատասխանեց Բիրբալը, – որ հարևան թագավորության ընկերներն են եկել նրանց այցելության։
-Իսկ եթե ավելի քիչ լինե՞ն։
-Ուրեմն՝ որոշները արտասահման են գնացել՝ ավելի ընդարձակ աշխարհ տեսնելու։
Արքունիքում Աքբարին էր սպասում մի հյուր՝ մեծագույն լեզվաբան՝ հեռավոր արևմտյան երկրից եզվիտ[18] քահանա, որը տասը լեզվով ազատ խոսում և բանավիճում էր։ Նա մարտահրավեր նետեց Կայսերը՝ գուշակելու նրա մայրենի լեզուն։ Քանի դեռ Կայսրը մտորում էր հանելուկի մասին, առաջին նախարարը պտտվեց քահանայի շուրջն ու հանկարծակի դաժանությամբ ոտքով խփեց նրա հետույքին։ Քահանան մի շարք հայհոյանքներ արտաբերեց, բայց ոչ պորտուգալերեն, այլ իտալերեն։
-Տեսնո՞ւմ եք, Ջահանփանա՛հ, – ասաց Բիրբալը, – երբ մի քանի հայհոյանք տալու ժամանակն է գալիս, մարդ միշտ իր մայրենի լեզուն է ընտրում։
-Եթե աթեիստ լինեիր, Բիրբա՛լ, – Կայսրը մարտահրավեր նետեց իր նախարարին, – ի՞նչ կասեիր աշխարհի մեծագույն կրոնների ճշմարիտ հավատացյալներին։
Բիրբալը բարեբաշտ բրահման էր Տրիվիկրամպուրից, բայց առանց տատանվելու պատասխանեց․
-Կասեի, որ, ըստ իս, նրանք բոլորը նույնպես աթեիստներ են․ ուղղակի ես մի աստծո ավելի քիչ եմ հավատում, քան նրանցից յուրաքանչյուրը։
-Ինչպե՞ս թե, – հարցրեց Կայսրը։
– Բոլոր ճշմարիտ հավատացյալներն իրենց պատճառներն ունեն չհավատալու բոլոր աստվածներին՝ բացի իրենցինից, – ասաց Բիրբալը։ – Ի դեպ, հենց նրանք են ոչնչի չհավատալու պատճառ տալիս ինձ։
Երազում էր՝ նայելով Անուփ Թալաոյի՝ միապետի անձնական պաշտոնական լողավազանի՝ նմանը չունեցող Լողավազանի, բոլոր հնարավոր լողավազաններից լավագույնի, որի մասին ասում էին, թե երբ թագավորությունը վտանգի մեջ էր լինում, դրա ջրերը նախազգուշացում էին ուղարկում՝ խաղաղ մակերևույթին։
-Բիրբա՛լ, – ասաց Աքբար, – դու գիտե՞ս, որ մեր սիրելի թագուհին դժբախտաբար գոյություն չունի։ Թեև բոլորից առավել ենք նրան սիրում, բոլորից առավել ենք նրանով հիանում և նույնիսկ կորած Koh-i-noor-ից առավել ենք գնահատում, նա անմխիթար է։ «Ձեր ամենատգեղ, ամենակռվարար ջադու կինն անգամ միս ու արյունից է, – ասում է նա։ – Վերջիվերջո ես չեմ կարողանա մրցել նրա հետ»։
Առաջին նախարարը խորհուրդ տվեց Կայսերը․
– Ջահանփանա՛հ, Դուք նրան պետք է ասեք, որ վերջում հենց նրա հաղթանակն է ակնհայտ լինելու բոլորի համար, որովհետև վերջիվերջո թագուհիներից ոչ ոք նրանից երկար գոյություն չի ունենալու, մինչդեռ նա ամբողջ կյանքի ընթացքում վայելելու է Ձեր սերը, իսկ նրա փառքն արձագանքելու է դարեր շարունակ։ Այդպիսով՝ թեև իրականում ճշմարիտ է, որ գոյություն չունի, բայց ճշմարիտ է նաև այն, որ նա մեկն է, ով ապրում է։ Եթե այդպես չլիներ, այնտեղ՝ այն բարձր պատուհանից այն կողմ, ոչ ոք չէր սպասի Ձեր վերադարձին։
Ջոդհայի քույրերը՝ մյուս կանայք, սկսեցին ատել նրան։ Ինչպե՞ս կարող էր Կայսրը նախընտրել մի կնոջ ընկերակցությունը, որը գոյություն չուներ։ Երբ թագավորը հեռանում էր, նա, համենայն դեպս, նույնպես պետք է չլիներ․ նա ոչ մի կապ չուներ այն ամենի հետ, ինչն իրականում գոյություն ուներ։ Պետք է անհետանար ուրվականի նման, որպիսին որ կար, պետք է ստվերի կամ հայելու մեջ սողոսկեր և չքանար։ Ըստ կենդանի թագուհիների՝ այն, որ նա դեռ այդպես չէր արել, քաղաքավարության կանոնների յուրատեսակ խախտում էր, որը միայն երևակայական էակից կարելի էր սպասել։ Ինչպե՞ս կարող էր իր վարվելաձևն իմանալ, եթե նրան ոչ ոք չէր դաստիարակել։ Նա անուսում հերյուրանք էր և արհամարհանքի էր արժանի։ Նրանք զայրանում էին, որ Կայսրը ստեղծել էր Ջոդհային՝ նրանց բոլորից ինչ-որ մի բան գողանալով։ Կայսրն ասել էր, թե Ջոդհան իշխան Ջոդհպուրի դուստրն էր։ Նման բան չկար։ Դա ուրիշ թագուհի էր, որը ոչ թե իշխանի դուստրն էր, այլ քույրը։
Կայսրը նաև կարծում էր, թե իր մտացածին սիրելին էր իր առաջնեկի մայրը, իր երկար սպասված առաջնեկի, որը սրբի օրհնությամբ էր բեղմնավորվել, հենց այն սրբի, որի՝ բլրի գագաթին գտնվող հյուղակի կողքին էր կառուցված հաղթանակի այդ քաղաքը։ Բայց նա արքայազն Սալիմի մայրը չէր, ինչի մասին բոլոր նրանց, ովքեր ուզում էին լսել, դառնությամբ պատմում էր արքայազն Սալիմի իսկական մայրը՝ Ռաջկումար Հիրա Կունվարին՝ հայտնի որպես Մարիամ-ուզ-Զամանի, որը Ամերի Քաչվահա տոհմից ռաջա Բիհար Մալի դուստրն էր։ Այդպիսով՝ երևակայական թագուհու գեղեցկությունը բաժին էր հասել նրան մի կնոջից, հինդու կրոնը՝ մյուսից, իսկ նրա անհաշիվ հարստությունը՝ երրորդից։ Բայց Ջոդհայի խառնվածքը Աքբարի սեփական ստեղծագործությունն էր։ Ոչ մի իրական կին երբևէ այդպես լիովին ուշադիր, այդպես ոչ խստապահանջ և այդպես անսահման հասանելի չէր եղել։
Ջոդհան անհնարինություն էր, կատարելության մասին երևակայություն։ Նրանք վախենում էին նրանից՝ հասկանալով, որ անհնարին լինելով՝ անհաղթելի էր, և հենց դրա համար էլ Թագավորը ամեն ինչից առավել էր սիրում նրան։ Ջոդհային ատում էին նրա համար, որ գողացել էր իրենց պատմությունները։ Եթե կարողանային սպանել նրան, կսպանեին, բայց քանի դեռ Կայսրը չէր հոգնել կամ ինքը չէր մահացել, Ջոդհան անմահ էր, որովհետև գողացել էր իրենց պատմությունները։ Կայսեր մահվան գաղափարը դուրս չէր գալիս խորհրդածությունների շրջանակից, բայց թագուհիները դեռ չէին մտածում այդ մասին։ Մինչև այդ պահը լուռ կուլ էին տալիս վիրավորանքները։ «Կայսրը խենթ է, – իրենք իրենց փնթփնթում էին նրանք, բայց խոհեմաբար զսպում էին իրենց, որպեսզի բարձր չարտաբերեին այդ խոսքերը»։ Եվ քանի դեռ Աքբարն այստեղ-այնտեղ էր արշավում՝ մարդկանց սպանելով, մտացածին կողակցին թողել էին բախտի քմահաճույքին։ Երբեք չէին արտաբերում նրա անունը։ Ջոդհա, Ջոդհաբայի։ Նա միայնակ թափառում էր իր պալատի սենյակներով։ Ջոդհան միայնակ ստվեր էր, որը մերթընդմերթ երևում էր ցանցավոր սալաքարերի արանքից և չքանում։ Նա կտոր էր, որը ծածանում էր զեփյուռը։ Գիշերը կանգնում էր Փանչ Մահալի[19] վերնահարկում գտնվող գմբեթի տակ և երկար նայում հորիզոնին՝ սպասելով Թագավորի վերադարձին, որը նրան իրական էր դարձրել։
Ջոդհան գիտեր, որ իր փառավոր ամուսնու արյան մեջ հմայություն կար։ Բոլորը լսել էին Չինգիզ խանի մեռելահարցության, կենդանիների զոհաբերության ու գերբնական խոտաբույսերի օգտագործման մասին, և այն մասին, թե ինչպես էր սև արվեստ օգտագործելով՝ ութ հարյուր հազար ժառանգ աշխարհ բերել։
Բոլորը լսել էին պատմությունն այն մասին, թե ինչպես էր Լենկթեմուրը երկիրը նվաճելուց հետո փորձել բարձրանալ աստղերի մոտ և երկինքը նույնպես նվաճել։ Բոլորը գիտեին պատմությունն այն մասին, թե ինչպես էր կայսր Բաբարը փրկել Հումայունի կյանքը՝ շրջելով նրա անկողնու շուրջը և հրապուրանքով Մահը տղայից հորը փոխանցել՝ ինքն իրեն զոհելով, որպեսզի որդին կարողանար ապրել։ Մահվան և Սատանայի հետ այդ համաձայնագրերը նրա ամուսնու ժառանգությունն էին, իսկ իր գոյությունը այն բանի ապացույցն էր, թե որքան ուժեղ էր նրա մեջ եղած մոգությունը։
Երազանքից իրական կյանքի ստեղծումը գերմարդկային արարք էր, որը հափշտակում էր աստվածների մենաշնորհը։ Այդ օրերին Սիկրին լեփ-լեցուն էր բանաստեղծներով և արվեստագետներով՝ այդ ինքնահավան եսասերներով, որոնք խոսքի և պատկերի ուժով էին ցույց տալիս իրենց, որպեսզի դատարկ ոչնչից ինչ-որ գեղեցիկ բան ստեղծեին, բայց ո՛չ բանաստեղծը, ո՛չ նկարիչը, ո՛չ երաժիշտը և ո՛չ էլ քանդակագործը չէին մոտեցել նրան, ինչին հասել էր Կայսրը՝ Անթերի Մարդը։ Արքունիքը լիքն էր նաև տարերկրյա բույսերից պատրաստված անուշահոտ քսուքներով օծված օտարերկրացիներով, կոփված առևտրականներով, Արևմուտքից եկած նեղ դեմքերով քահանաներով, որոնք իրենց տգեղ, տհաճ լեզուներով պարծենում էին իրենց հողերի, աստվածների և թագավորների մեծությամբ։ Երբ Կայսրը Ջոդհային ցույց տվեց լեռների և հովիտների նկարները, որոնք նրանք բերել էին իրենց հետ, նա Հիմալայների և Քաշմիրի մասին մտածեց և ծիծաղեց նրանց՝ բնական գեղեցկությանը մոտենալու ողորմելիության, նրանց «լ-ների» և «հ-ների» վրա․ կիսատ բառեր կիսատ բաներ նկարագրելու համար։ Նրանց թագավորները վայրենիներ էին, նրանք իրենց աստծուն ծառին էին գամել։ Ի՞նչ էր ուզում Ջոդհան այդ անմիտ մարդկանցից։
Կոնկրետ ի՞նչ էին եկել փնտրելու։ Ոչ մի օգտակար բան։ Եթե մի քիչ իմաստունություն ունենային, ճանապարհորդության ապարդյունությունը ակնհայտ կլիներ նրանց համար։ Ճանապարհորդությունն անիմաստ էր։ Դուք հեռացել էիք մի տեղից, որտեղ իմաստավորված էիք և որին իմաստ էիք հաղորդում՝ դրան նվիրելով ձեր կյանքը, և հափշտակվել հեքիաթային երկրներով, որտեղ անկեղծորեն անհեթեթ տեսք ունեիք։
Այո՛, այդ վայրը՝ Սիկրին, հեքիաթային երկիր էր նրանց համար, ճիշտ այնպես, ինչպես նրանց Անգլիան ու Պորտուգալիան, նրանց Հոլանդիան և Ֆրանսիան դուրս էին Ջոդհայի հասկացությունից։ Աշխարհը մեկ ընդհանրություն չէր։ «Մենք նրանց երազանքն ենք, – ասել էր նա Կայսերը»։ Ջոդհան սիրում էր նրան, որովհետև վերջինս երբեք չէր մերժում նրա կարծիքները, և երբեք ձեռքի վեհ շարժմամբ դեն չէր նետում դրանք։
-Բայց պատկերացրո՛ւ, Ջոդհա՛, եթե կարողանայինք արթնանալ ուրիշների երազներում ու փոխել դրանք, եթե նրանց մեր երազներ հրավիրելու համարձակություն ունենայինք, – ասաց նրան Կայսրը, երբ մի երեկո գանջիֆա խաղաքարտերով թղթախաղ էին խաղում։ – Ի՞նչ կլիներ եթե ողջ աշխարհը մեկ ընդհանուր հարթմնի երազի վերածվեր։
Ջոդհան չէր կարող Կայսերը երևակայության գերի անվանել, երբ նա խոսում էր հարթմնի երազների մասին, որովհետև այդ դեպքում ինքն ի՞նչ էր։
Նա երբեք չէր լքում պալատները, որտեղ տասը տարի առաջ ծնվել էր, ծնվել էր արդեն չափահաս՝ տղամարդուց, որը ոչ միայն նրա արարիչն էր, այլև սիրեցյալը։ Ճշմարիտ էր․ Ջոդհան և՛ նրա կինն էր, և՛ երեխան։ Եթե լքեր պալատները, հմայությունը կքայքայվեր, կամ էլ ուղղակի ինքն էր այդպես կարծում, և կդադարեր գոյություն ունենալուց։ Գուցե կարողանար անել դա, եթե նա՝ Կայսրը, նրա կողքին լիներ, որպեսզի իր հավատի ուժով նեցուկ լիներ նրան, բայց եթե մենակ լիներ, հաջողության ոչ մի հավանականություն չէր ունենա։ Բարեբախտաբար Ջոդհան հեռանալու ցանկություն չուներ։ Պալատային համալիրի զանազան շինություններն իրար կապող պարսպապատված և վարագուրված միջանցքներով լաբիրինթոսը տալիս էր ճանապարհորդելու բոլոր այն հնարավորությունները, որոնց կարիքը ուներ։ Դա նրա փոքրիկ տիեզերքն էր։ Ուրիշ վայրեր նվաճելու հետաքրքրություն չուներ։ Թող մնացյալ ողջ աշխարհն ուրիշներինը լիներ։ Հղկված քարի այդ քառակուսին նրան բավական էր։
Ջոդհան առանց անցյալի կին էր՝ առանձնացված պատմությունից, կամ ավելի շուտ միայն այն պատմությունը ունեցող, որը Կայսրը բարեհաճել էր շնորհել նրան, և որը մյուս թագուհիները անողոքաբար վիճարկում էին։ Նրա անկախ գոյության հարցը նորից ու նորից համառորեն տրվում էր՝ անկախ Ջոդհայի ցանկությունից։ Եթե Աստված երես թեքեր իր արարածից՝ Մարդուց, արդյոք Մարդն ուղղակի կդադարե՞ր գոյություն ունենալուց։
Դա հարցի ծավալուն տարբերակն էր, բայց նրան ավելի շատ անհանգստացնում էին դրա եսասիրական, համառոտ տարբերակները։ Նրա կամքն անկա՞խ էր այն մադուց, ով կամեցել էր, որ նա լիներ։ Նա գոյություն ունե՞ր միայն այն պատճառով, որ այդ մարդը դադարել էր հավատալ նրա գոյության հավանականությանը։ Եթե այդ մարդը մահանար, նա կկարողանա՞ր շարունակել ապրել։
Ջոդհան զգաց, որ զարկերակն արագացավ։ Շատ շուտով ինչ-որ բան էր կատարվելու։ Զգաց, որ ուժեղանում էր ու կարծրանում։ Կասկածները լքեցին նրան։ Աքբարը գալիս էր։
Կայսրը մտավ պալատային համալիր, և Ջոդհան զգաց նրա մոտալուտ պահանջի ուժը։ Այո՛։ Ինչ-որ բան էր կատարվելու։ Արյամբ էր զգում նրա քայլքը, որքան շատ էր մոտենում, այնքան ավելի շատ էր տեսնում նրան իր մեջ։ Ջոդհան Կայսեր հայելին էր, որովհետև վերջինս այդ կերպ էր ստեղծել նրան, բայց միևնույն ժամանակ նա նա էր։ Այո՛։ Այժմ, երբ արարման գործընթացն ավարտված էր, Ջոդհան ազատ կարող էր մարդ լինել, որին ստեղծել էր Կայսրը, ազատ այնպես, ինչպես բոլորը, այն բանի սահմաններում, ինչն իրենց էության մեջ նշանակում էր լինել և անել։ Որքան ուժեղ, արյամբ ու ցասումով լի դարձավ հանկարծակի։ Կայսեր իշխանությունը նրա վրա հեռու էր բացարձակությունից։ Միակ բանը, որ պահանջվում էր նրանից, հետևողական լինելն էր։ Երբեք ավելի հետևողական չէր զգացել իրեն։ Էությունը հեղեղի նման հորդեց նրա մեջ։
Սկզբում Ջոդհան կնախատեր նրան։ Ինչպե՞ս կարող էր այդքան երկար բացակայել։ Նրա բացակայության ժամանակ բազմաթիվ դավադրությունների հետ էր ստիված եղել պայքարելու։ Ամեն ինչ անապահով էր։ Պատերն ինքնին շշուկներով էին լցված։ Ջոդհան պայքարել էր նրանց բոլորի հետ և պաշտպանել էր պալատը մինչև նրա վերադարձը՝ հաղթահարելով տնային սպասավորների մանր ու շահադիտական դավաճանությունները, մոլորության մեջ գցելով պատերից կախված լրտես մողեսներին, հանդարտեցնելով դավադիր մկների իրարանցումը։ Այդ ժամանակ նա զգում էր, որ մարում էր, քանի որ ապրելու համար պայքարը պահանջում էր գործի դնել կամքի բոլոր ուժերը։ Մյուս թագուհիները․․․ո՛չ, մյուս թագուհիներին չէր հիշատակելու։ Մյուս թագուհիները գոյություն չունեին։ Միայն ինքը գոյություն ուներ։ Ինքը նույնպես կախարդուհի էր։ Ինքն իր կախարդուհին էր։
Միայն մի տղամարդ կար, որին նա պետք է դյութեր, և նա այդտեղ էր։ Նա չէր գնալու մյուս թագուհիների մոտ։ Այդ տղամարդը մոտենում էր նրան, ինչը նրան հաճույք էր պատճառում։ Ջոդհան լի էր նրանով, Կայսեր՝ Ջոդհայի տենչանքով, նրանով, ինչը շուտով կատարվելու էր։ Ջոդհան նրա կարիքների գիտակն էր։ Ամեն ինչ գիտեր։
Դուռը բացվեց։ Ջոդհան գոյություն ուներ։ Նա անմահ էր, որովհետև սիրով էր ստեղծված։
Աքբարի գլխին կոկարդով ոսկեգույն չալմա էր, հագին՝ դիպակե ոսկեգույն թիկնոց։ Նա կրում էր նվաճված երկրների փոշին՝ որպես պատվի զինանշան։ Դեմքին ամոթխած ժպիտ էր։
-«Ե՛ս» ուզում էի ավելի շուտ գալ տուն , – ասաց նա։ – «Ե՛ս» ուշացա։
Ինչ-որ անշնորհք և փորձառական բան կար նրա խոսքում։ Ի՞նչ էր եղել նրան։ Ջոդհան որոշեց անտեսել կայսերը ոչ հատուկ անվճռականությունը և գործել այնպես, ինչպես որոշել էր։
-Օ՜, Դուք ուզում եք, – ասաց նա՝ իր ցերեկային սովորական հագուստով ուղիղ կանգնած և մետաքսե գլխաշորով դեմքի ներքևամասը փակած։ – Տղամարդը չգիտի, թե ինչ է ուզում։ Տղամարդը չի ուզում այն, ինչ ասում է, որ ուզում է։ Տղամարդն ուզում է այն, ինչի կարիքը ունի։
Աքբարը շփոթվեց Ջոդհայի՝ իր՝ մինչև առաջին դեմք, եզակի թիվ ցածրացումն ընդունելու մերժումից, ինչը պատիվ էր նրա համար, ինչը պետք է ստիպեր նրան ուրախությունից ուշաթափվել, ինչը Աքբարի նոր բացահայտումն ու սիրո խոստովանությունն էր։ Աքբարը տարակուսած և մի փոքր վհատված էր։
-Քանի՞ տղամարդ ես ճանաչել, որ այդքան լավ տեղեկացված ես, – ասաց նա՝ խոժոռված մոտենալով Ջոդհային։ – Քեզ համար տղամարդի՞կ էիր հորինում, քանի դեռ «ե՛ս» այստեղ չէի, թե՞ գտնում էիր տղամարդկանց, որոնք քեզ հաճույք էին պատճառում, տղամարդկանց, որոնք երազանքներ չէին։ Կա՞ն տղամարդիկ, որոնց «ե՛ս» պետք է սպանեմ։
Այս անգամ, անկասկած, պետք է նկատեր դերանվան հեղափոխական, տարփալից փոփոխությունը։ Անկասկած, այս անգամ հասկանալու էր, թե ինչ էր փորձում ասել։
Չնկատեց, չհասկացավ։ Ջոդհան հավատում էր, որ գիտեր, թե ինչն էր նրան գրգռում, և միայն խոսքերի մասին էր մտածում, որ պետք է ասեր, որպեսզի Աքբարն իրենը դառնար։
-Ընդհանրապես կանայք ավելի քիչ են մտածում տղամարդկանց մասին, քան տղամարդիկ կարծում են։ Կանայք ավելի հազվադեպ են մտածում իրենց տղամարդկանց մասին, քան իրենց տղամարդիկ կուզեին պատկերացնել։ Բոլոր կանայք բոլոր տղամարդկանց կարիքն ավելի քիչ ունեն, քան բոլոր տղամարդիկ ունեն նրանց կարիքը։ Դրա համար էլ լավ կնոջը հնազանդության մեջ պահելը կարևոր է։ Եթե հնազանդության մեջ չպահես նրան, հաստատ կփախչի։
Ջոդհան չէր զուգվել նրան դիմավորելու համար։
-Եթե տիկնիկ եք ուզում, – ասաց նա,- տիկնիների տուն գնացե՛ք, որտեղ նրանք սպասում են Ձեզ, գեղեցկանում, ճվճվում և միմյանց մազեր քաշքշում։
Դա սխալմունք էր։ Նա մյուս թագուհիներին հիշատակեց։ Կայսեր հոնքերը խոժոռվեցին, իսկ հայացքը մթագնեց։ Ջոդհան սխալ քայլ արեց։ Դյութանքը գրեթե չքացավ։ Նա իր հայացքի ողջ ուժը ներդրեց, որպեսզի Աքբարը իր մոտ վերադառնար։ Կախարդանքը պահպանվում էր։ Ջոդհան բարձրացրեց ձայնն ու շարունակեց։ Չէր շողոքորթում նրան։
-Դուք գրեթե ծերուկի տեսք ունեք,- ասաց նա։- Ձեր որդիներին թվալու է, թե նրանց պապն եք։- Ջոդհան չշնորհավորեց նրան հաղթանակների կապպակցությամբ։- Եթե պատմությունն ուրիշ ընթացք ստանար,- ասաց նա,- դեռ կիշխեին հին աստվածները, աստվածները, որոնց հաղթել եք, պատիժների և օրենքների փոխարեն արարքներով և պատմություններով լի բազմաձեռ ու բազմագլուխ աստվածները, գոյության աստվածները՝ կանգնած գործողության աստվածուհիների կողքին, պարող աստվածները, ծիծաղուն աստվածները, ֆլեյտաների և կայծակների աստվածները, լիքը-լիքը աստվածներ, ու գուցե դա առաջընթաց կլիներ։ – Ջոդհան գիտեր, որ գեղեցիկ էր, և այդ պահին իր բարակ մետաքսե քողը մի կողմ գցելով՝ դուրս հանեց այդ գեղեցկությունը, և Աքբարը կորավ։- Երբ տղան է երազում կնոջ մասին, մեծ կուրծք և փոքր ուղեղ է նվիրում նրան, – շշնջաց Ջոդհան։ – Երբ թագավորն է կին պատկերացնում, նա իմ մասին է երազում։
Ջոդհան հմտացած էր «յոթ տեսակ եղունգներում», այսինքն՝ եղունգների օգտագործման արվեստում՝ սիրային գործողությունն ուժեղացնելու համար։ Մինչև Կայսեր երկար ճանապարհորդությունը Ջոդհան Երեք Խորը Նշան էր դրել նրա վրա, որոնք նրա աջ ձեռքի առաջին երեք մատներով Աքբարի մեջքի, կրծքի, ինչպես նաև ամորձիների վրա թողնված քերծվածքներ էին․ ինչ-որ մի հուշ Ջոդհայից։ Հիմա, երբ Կայսրը տանն էր, Ջոդհան կարող էր ստիպել նրան ցնցվել, կարող էր նրա մազերը ցից-ցից կանգնեցենել՝ եղունգները նրա այտերի, ստորին շուրթի և կրծքի վրայով տանելով՝ առանց հետք թողնելու։ Կամ կարող էր նշան դնել Կայսեր վրա՝ կիսալուսին թողնելով նրա վզին։ Կարող էր եղունգները դանդաղ նրա դեմքի մեջ խրել։ Կարող էր նապաստակի նման թռչկոտել՝ նշաններ դնելով նրա պտուկների շուրջը՝ առանց նրա մարմնի մյուս մասերին դիպչելու։ Ոչ մի կենդանի կին այնքան հմուտ չէր «Սիրամարգի ճանկի» նուրբ խորամանկության մեջ, որքան Ջոդհան․ բութ մատը դրեց նրա ձախ պտուկի վրա, իսկ մյուս չորս մատներով «անցավ» կրծքի վրայով՝ հպվելով մագիլների նման կորացած երկար եղունգներով, որոնք հենց այդ հանդիպման ակնկալիքով էր սրել և պահպանել՝ մխրճելով Կայսեր մաշկի մեջ, մինչև որ դրանք ցեխի վրայով քայլելիս սիրամարգի կողմից թողնված հետք չհիշեցրին։ Ջոդհան գիտեր, թե ինչ էր ասելու Աքբարը, մինչև աներ այդ ամենը։ Պատմելու էր, թե ինչպես էր զինվորական վրանի միայնության մեջ փակել աչքերն ու նմանակել նրա գործողությունները, պատկերացրել, թե մարմնի վրայով սահող իր եղունգները ջոդհայի եղունգներն էին, և գրգռվել էր։
Ջոդհան սպասում էր, որ Կայսրը ասեր դա, բայց չասաց։ Ինչ-որ բան ուրիշ էր։ Այժմ անհամբերություն, համարյա նյարդայնություն և զայրույթ կար նրա մեջ, որը Ջոդհան չէր հասկանում։ Այնպես էր, ասես սիրեցյալի արվեստի բազմաթիվ նրբությունները կորցրել էին իրենց դյութանքը, և նա ուզում էր ուղղակի տիրանալ նրան և ամեն ինչի վերջը տալ։ Ջոդհան հասկացավ, որ Աքբարը փոխվել էր։ Եվ մնացյալ ամեն բան նույնպես փոխվելու էր։
Ինչ վերաբերում է Կայսերը, նա այլևս երբեք ուրիշի ներկայությամբ ինքն իրեն եզակի թվով չէր դիմում։ Նա հոգնակի թվով էր աշխարհի աչքերում, հոգնակի թվով էր նույնիսկ կնոջ աչքերում, որ սիրում էր նրան, և հոգնակի թվով էլ մնալու էր։ Կայսրը սերտեց իր դասը։
Թարգմանությունը անգլերենից՝ Էլիզա Ստեփանյանի
[1] Մողոլական կայսրության կայսր 1556 թվականից մինչև մահը։
[2] Հին քաղաք և համայնքային շրջան Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Ագրա շրջանում։
[3] Աքբար Մեծի պալատական երաժիշտ, սիտարիստ։
[4] Պարսիկ, հնդիկ մանրանկարիչ և վայելչագիր, մողոլական կայսերական արքունիքի ազնվական։
[5] Հին հնդկական պատմությունում ինը հայտնի մարդիկ, որոնց թվում էին գրողները և գիտնականները։
[6] Ավելի քան 4000 տարի առաջ Հնդկաստանում հայտնված սեղանի խաղ։
[7] Ք․ա․ 6-րդ դարից սկսած օգտագործվող հովհարիչի տեսակ։ «Պանկհան» ծագել է «պանկհ» բառից, որը նշանակում է թռչյունի թևեր, որոնք թափահարման ժամանակ միջանցիկ քամի են առաջացնում։
[8] Արևելաիրնական քոչվոր ցեղերի անվանում զրադաշտականության մեջ։
[9] Հասարակական ամենախոշոր մզկիթը Իրանի Սպահան քաղաքում։
[10] Խոշոր քաղաք Հնդկաստանի Գուջարաթ նահանգում։
[11] (պարսկերեն) Իշխանական պետությունների ղեկավարի հազվադեպ տիտղոս, ազնվական տիտղոս, որը սովորաբար գործածվում է մարդու համար, որը միջնադարյան մահմեդական ավանդության մեջ զորապետի հետնորդն էր։
[12] Արաբական եզրույթ, որը բառացի նշանակում է համընդհանուր խաղաղություն
[13] 105 կարատանի ադամանդ, որն այժմ Եղիսաբեթ Բոուզ-Լայոնի թագուհու թագի վրա է և պատմության մեջ ամենահայտնի ադամանդներից մեկն է համարվում։
[14] Մողոլ կայսր Աքբարի արքունիքի մեծն վեզիրը։
[15] Վաղ 16-րդ դարի համալիր, որը գտնվում է Պակիստանի Փենջաբ նահանգում։
[16] Եզրույթ Ուրդուում, որը գործածվում էր մողոլ թագավորներին դիմելու համար։
[17] Բարձր աստիճանի տիտղոս կամ պաշտոն Հնդկաստանում, որն օգտագործվում է որպես հարգանքի նշան։
[18] Կաթոլիկ եկեղեցու ռազմատենչ հիսուսյան կարգի անդամ, հիսուսյան կրոնավոր:
[19] Պալատ Ֆատեհպուր Սիկրիում։