Աշոտ Ավդալյան | Հիշատակի զարդատուփ

ԽՄԲԵՐԳ

 

Կորստյան մոխիր.
տուր հիշատակի
փոքրիկ զարդատուփ,
որ ես ճյուղերից հորինեմ մահվան երաժշտախումբ,
որ ես երգվեմ ադամամութին ու երեկոյան,-
ու թե սրինգ եմ` արծաթաջրվեմ,
ու թե բամբիռ եմ`ոսկով ծուլանամ
ու թե շվի եմ`հեռավորին գամ,
ու եթե փող եմ`մերձավոր ես ինձ։

Կորստյան մոխիր.
տուր հիշատակի փոքրիկ զարդատուփ։

* * *
Դու մենակ ելար ու ընթերցումի դաշտերով անցար.
ու կանգնած կանայք ջուր էին ցողում ավետումներին,
հեքիաթի նման քո տաք դռանը կանգնած էր քամին,
ու կարմիր դաշտն էր մոռացումների զուգերգը երգում։
Եվ երգն հնչում էր իբրև մոլեգնող արծաթների ձայն,
ու երգը գույնն էր հպատակության ու դաշտի ոգին,
և ընծայված էր կարմիրը ձեռամբ,
հանգանակում էր կանաչ ու դեղին,
ու տաք հորձանքից կապույտն էր ելնում
պաղ շեղջերի մեջ առավոտների։
Ու կրակվում է արյունս տապից,
ու ձայն էր հնչում հպատակության,
ու օրհներգության թասերի վրա
օրն էր զուլալվում…

* * *
Թե կրակված ես դու հիշողությամբ
ու սուրբ ես աչքով,
և տեսանելին բացակա է միշտ
թող ես զրուցեմ քեզ հետ մի վայրկյան,
չերևակված նայեմ աչքերիդ
ու զգեստներիդ զարդակարերից
դեմքդ երիզեմ,
որ չգոյության խարխափող երկրից
վերադառնաս ետ:
Եվ վերադարձդ լինի կամովին,
Իբր քո ներսում կար հարթանկար՝ հայտնության կարով,
և պետք է միայն տեսանող մի աչք,
որ զգաստացներ
ու շաղված լույսի դիմահարդարող ակնկալությամբ
վերծաներ փոշին,
ու առույգության ոսկեկարը տար:

* * *
Հրաշք է կարծես,
որ չեմ երկմտում աղեղնավորի և քամու առաջ,
որ չեմ ծանրանում քարերի վրա,
չեմ հիշատակվում պսակ հյուսելիս,
և նվիրատուն ոչ թե երկինքն է,
այլ ձայնը կնոջ,
որը երբևէ աղեղնավոր է հիշողության մեջ
ու փոքրիկ հրաշք։
Որը երբևէ տեսել է ծաղկող երանելիին,
ու պատարագի հունձք է ժողովում,
նայում է` ծուխը ցրվում է դաշտով,
լուռ ուղեկցում է գեղեցկությանը,
նայում է մանկանց զորահավաքին,
լուռ ջուր է ցողում տաղասացներին,
ու երանելի աղեղը պրկյալ,
տես, բաց է թողնում պահի ետևից։

* * *
Ո՞վ կենարար լույս՝
Բանաստեղծություն,
հազար ու հազար կաթսաներով լի
եռում ես իմ մեջ, որ դառնաս գինի՝
հաշիշն արևի:

Եվ ես փառքի դեմ
թող բանաստեղծի փառքը մնա միշտ
ու ընդմիշտ ետին:

Հասուն ես դառնում ծուլությամբ մրգի
Ու կազդուրվում ես բանականությամբ,
դու արեգնային լռություն ունես
և հողեղեն ես հասկից ավելի,
և եթե փորձեմ աչքերիդ նայել,
ինձ հարսնարանից չտարագրես:

* * *
Քնիր, հեռավոր իմ հոգնած թռչուն,
կյանքը դարձել է կրկնակի ծաղիկ,
մեր կյանքը որպես թեթև մատնություն
անզգուշորեն բերել է քամին։

Քնիր, ու տուր ձայնդ ուրիշին,
որ քեզ միայնակ չթողնեն-գնան,
որ թերթեն կյանքի մագաղաթը հին,
գուցե մի բան կա գրված քեզ համար։

Թերթիր շատ զգույշ, թերթերը թաց են,
նահատակները չեն ներում երբեք,
և չզարմանաս եթե դու լսես
-Ես ձեզ չեմ հիշում, ես չեմ հիշում ձեզ։

Ծածկիր մատյանը, մագաղաթը ծեր,
և մի հարցրու, որտե՞ղ կամ ինչո՞ւ,
կյանքը այս պահին՝ թեթև մատնություն,
որ քեզ հուշել են անզգուշորեն։

* * *

Լցված եմ, Տեր,
չեմ դարմանվում հիշողությամբ,
քայլ չի անում ծիրանիներ հագած օրը,
իսկ երկինքը ձայնը խորն է պահում իր մեջ։

Օ˜, թուլության բարկ առավոտ,
գավազանդ ծաղկում է, տես,
ու ցուպ դառնում հնամենի,
ի՞նչ երգ պահեմ հիշատակող,
առավոտին ինչ տամ, ասա,
տես՝ կանգնած եմ հրամանի,
և անցյալն է- օտարական,
լցված եմ, Տեր,
թող դարձի գա տեսանելին,
որ ես հայցման կանգնեմ մի պահ
ու հունձքս տամ առավոտին։

* * *
Եվ երգն էր ծաղիկ
ու հեռվից եկած օրերի մեջ էր,
լսվում էր հոգու գողտրիկ պատմություն՝
թե հարյավ ձայնը, ջրեր են լալու:
Ջրերն են լալու՝
մեղսական ու ծույլ հայացքների տակ
ու կրելու են զարդեր արծաթե,
ու կրելու են ծաղկունքի գոտին,
ու կրելու են օրն իբրև ափսե հրավառության,
հիշատակարան թերթող հրեշտակ,
որն հեռվից եկած օրերի մեջ էր,
և ջուրն հոսում էր,
առավոտն էր բաց,
և ջուրն հոսում էր,
պատուհանն էր բաց,
և ջուրն էր վազում,
և ջուրն էր լալիս
մեղսական ու ծույլ հայացքների տակ:

 

ԴԱՌՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ

Չես զարդարի դու ինձ, օր,
ինձ չես կրի քո ներսում,
ծանր են ձևերն իմ հույսի,
ու երազներն են անհույս:
Չես տա կարմիր ժապավեն,
ցնծության պահ չես բաշխի
ու երկունքի մատանին
չես հագցնի իմ մատին:
Զգեստներիս չես տա լույս,
չես նայի իմ աչքերին,
կորցրածի պաղ հոգին
նման է պիղծ խավարին,
Ծառզարդարի պատրանքով
Էլ չեմ նայի երկնքին,
մինչև անցնես իմ մոտով՝
հայտնության ջահը ձեռքիդ:

 

* * *
Հրամայիր, լինեմ ծեր,
հրամայիր, լինեմ սուրբ,
միայն քայլիր, մոտեցիր, երբ ընկրկեմ ու ծաղկվեմ
արարչության բեմի մոտ։
Ի՞նչ է տրված, որ լռեմ,
չարտասանեմ իմ հոգին,
չհիանամ աշխարհի ոչ ու փուչով մի վայրկյան,
անցյալում՝ ձայն,
իսկ հիմա՝ ձայնի աղքատ թալանիչ,
կույր մեղսակից անցյալը թագավորող ցնորքին։
Այսօր հալոցք,
իսկ վաղը՝ ձյուների պաղ հարսանիք,
կհիանամ այն ձեռքով, որ գրում է մինչև վերջ,
կյանքին ասում է հրաշք, մահին ասում է փրկիչ։
Հրամայիր, լինեմ ձյուն,
հրամայիր, լինեմ ձայն,
արտաքսելով իմ հոգին
նշավակեմ ամեն ինչ,
ձյունը թողած ձայնակցեմ քո հողեղեն անցյալին,
մատնության դուռ բացեմ ինձ,
հոգուս գալուստը սգամ՝
կրակով է հանդգնում ու հայտնվում ամեն կին։
Հրամայիր, ասեմ ուր,
հրամայիր-ասեմ երբ։

 

* * *
Ձայնեմ փոքրիկ շուշանի պես,
փոքրիկ երգով առնեմ թևեր,
քայլեմ իբրև անմեղություն,
նստեմ թափված քարերի մեջ:
ու օրն առնեմ ծաղկի նման,
զրուցելով հանեմ գոտին,
որ ոչ երկինք է´լ համբառնա
ու ոչ նայի կարմիր քարին:
Ու տամ նրան զուգերգի ձայն,
ու տամ նրան պագշոտ թևեր,
նայեմ, ո՞ւմ է մտապահում,
նայեմ, ո՞ւմ է մտքից հանել:

 

ԴԱՐՁ

Թող որ իմ դարձը
երանգապնակ ընձեռի քեզ, քույր,
որ տոնախմբվես հուշերի բարձին,
գունատեսությամբ լինես պաշտելի,
և լույս անընդմեջ կրես կրծքիդ տակ,
որ երբ քես լսեմ,
շշուկներիցդ կարմիրը հունցեմ,
սրտիցդ զուգված հայտնվի բառը՝
շարախոսելով գորգերի լզուն,
վրիպի ձայնով,
ու աչքերով դիպչի կատարյալ ձևին,
ու սրսփալով արդարանալու սուտը հորինի:

 

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ ՋԱՀՈՎ

Օծման զգեստը հագին
մոտենում էր ու ասում,
թե տես, գնաց ցանկալին,
նոր ցավեր է երկնելու։

Թե տես, նայեց երկնքին,
ինչ-որ ձայն է լսելու,
թե տես, լսեց ու հիմա
նոր զգեստ է հագնելու։

Ու գալիս է, որ նայի`
պատկերը ոնց է ծաղկում,
և տա գույնի օրհնություն`
օծման զգեստը հագին։

Ու հայցման գույնը ձեռքին,
հարության լույսը հունցած
նա իր երգերը կասի`
թողության ջահը բռնած։

 

* * *

Հուշն արթուն է.
ունայնության շերտերն են թաց,
դուռն է գոցվում ճառագայթի մերձեցումից,
մութ հնոցից երկատվում եմ
ու փակվում եմ երկնքի պես:

Եկ, արթնացող վտարանդի,
եկ, ձեռքերս կանչում են քեզ,
կամչում են քեզ զարդեր հագած,
պարի պատրաստ, հիացքի մեջ…

Լույսն արթուն է,
և ափի մեջ քնած եմ ես՝
չառագայթին մի կողմ հրած,
անձրևներով, զանգակներով
և թրթռուն վարդը բռնած,
որ արթնացման օրը ծաղկի.
որ մոգության պահը երկնի.
որ հիացքին տամ ճանապարհ-
իղձը թողած ընծայաբեր քամիներին:

 

ՇԱՐԺՈՒՄԸ ԱՐԾԱԹ

Ես դուռը գտա, ուզում եմ մտնել,
ուզում եմ գտնել հնացած գինին,
զվարթ ձայները ինձ կանչում են վեր,
հնձանները թաց, հնձանները շեր,
հնձանում կնոջ ստինք ու ողկույզ,
այս ժամանակը չարացրել է մեզ-
և կանգնած եմ ես, աչքերիս նայեք
ու որոտացեք ականջներիս մեջ,
այդ ե՞րբ է օրը այսքան երկարել,
այդ ե՞րբ է քամին հրավերք բերել:
Եվ ձեր անցյալի տակառը պղինձ,
և ձեր հոնքերի շարժումը արծաթ,
և ձեր պատկերը՝ ըմպանակ մի հին,
մանուկն է ըմպում մատներով արծաթ:
Դե, բառ որոնեք, քաղցրացրեք գինին,
շրջեք իմաստը դարավոր ողբի,
մի օր շուշանը հայտնվեց դաշտում,
մի օր նարգիզը չքնաղ երևաց:
ու կամիր դուռ նահանջես մտոք,
ու կարմի դուռ մի պահ երերաց,
հրճվանքը կաթեց, սարսուռը հևաց,
հին օդը անցավ ողբի փականով:

 

* * *

Դու լույս ես դարձյալ, սքողված դեմքով,
անմեղ հայացքով նայում ես շուրջդ,
և ձայներն ահա վեր են տանում քեզ,
և օրերն արդեն շուրթերդ են լիզում,
և թովչանք բերող կանայք հրճվելով,
գլուխդ գրկած՝ դարմանում են սեր:

Եվ քեզ երկիրը զարդարուն տանում
և հաճույքների բաց դռան վրա շղթայում է քեզ,
որ դու ամոքվես ու ծարավ զգաս,
որ վեր նետելիս՝ քո անունը տան,
որ վար նետելիս՝ սարսափից երկնես:

Որ վարարումդ տաս մեծ ու փոքրին,
անդարձ կորածի անունը հիշես,
ու ձայնդ լցնես հավելումներով.-
Դու լույս ես դարձյալ՝ սքողված աչքով:

 

* * *

Ճարահատյալ աջ եմ թեքվում,
որ զորության մեջ հմայվեմ,
որ նկատվեմ տարերքի մեջ,
պարերգի մեջ ու ծնունդի,
որ հոգնության սափորն առած
ծնրադրեմ բաց երկնքին-
թե տես, փախավ մեղավորը,
երանելին աչք չի փակում:
Ու կորուստներ, ձայներ, ճիչեր
ու հեղձուցիչ օրերի դարձ,
դեռ մոգություն, հեղձուկ, ընթացք,
այս ամենը տարերքի հետ:
Դեռ աչք փնտրիր, որ դառնա օր,
որ հույսի հետ երևակես,
այն ի՞նչ է , տեր, ե՞ս եմ երգում,
ե՞ս եմ հայցում, որ զորանամ,
առավոտյան եկա դարձի,
այս կեսօրին, ո՞ւր համբարձվեմ:

 

* * *

Ծաղկի համբարձման,
օրդ՝ թևավոր,
իսկ առավոտդ՝ տեսնող է եղել,
քո շուրջը միայն ասեղնագործող հովերն աղմկել
ու զուգսիդ համար ընտրել են ցողը հրապույրների:
Թերթերդ պահիր,
թող հրապույրի առավոտը գա,
ու հրաժեշտի քույրերը երգեն,
թող անձրև տեղա, որ փառաբանող ջրերը լսեն,
թող անձրև տեղա, և ուրախության սեղանների մոտ
մանուկներ լինեն՝
ի լրում հուշի,
հշատակարան թերթող ծառերի…

 

* * *

Եվ այս օրն էր՝
կտցահարեց մեր պաղ հոգին
ու արթնացավ:
Եվ արթնացման ձայներ փռեց ճանապարհին՝
անցնող-դարձող թռչունների ոտքերի տակ,
ու կրակը դրեց շեմին-
որ տաքանա:
Որ երբ հետո հրաժեշտի կանգնած լռենք,
պոզահարենք մեր թախիծը ու հեռանանք,
մեր տաք շեմի սպասումը դառնա քարոզ
ընթեռնելի:
Շեմը լինի վերծանելի
ու պաշտելի… լույսի համար:

 

* * *

Հոգնած գիշեր,
լույսդ կաթ-կաթ ըմբոշխնելով,
չհագեցող ծաղկի նման կփշրվեմ,
արծաթաջուր ցողիր վրաս,
աստղերիցդ մեկը զոհիր,
որ ես, որ ես մոլորվելով
հայտնաբերեմ այն ծիրանին,
որ նետում են բախտի վրա՝
իբրև գահի լուսավոր կետ:

Հոգնած գիշեր,
արծաթաջուր ցողիր վրաս,
աստղերիցդ մեկը զոհիր,
որ ես դառնամ ոչ թե քայլող հուղարկավոր,
այլ ընթացքը պահպանող գիր,
որ ես լցվեմ առատության զարդակարով,
որ ես լինեմ թռչող մոխիր,
ոչ թե փոշի անապական,
որ ես խոսեմ տիեզերքի հովիվի հետ
ու ջուր ցողեմ արեգական:

* * *

Խմբվեց քամին ի հիշատակ ճամփորդների,
օ, լույս փնտրիր նրա ձայնով,
ցույց տուր մի պահ վարձկանի դեմք,
ցուց տուր հոգիտ իբրև շուշան,
ու երբ աստղը մտապահես,
ու երբ հիշես, որ եկել է օրհնության պահ,
թող երգ բերի վտարանդին,
և ճամփորդը լույս ունենա,
և ապրողը ունենա երթ,
և զորության ծաղիկը գա
ու երկնքի մոտով սահի,
ընկնի ծառին-
ի հիշատակ՝ դարմանելով
սկիզբը մեր
ու վախճանը ամենօրյա-
Տեր, փրկիր մեզ աստղի փայլից:

* * *

Եվ այն էլ, որ ես
կրեցի հոգիս իբրև զարդանախշ,
և այն էլ, որ ես հավիտենական լռություն տեսա
և տեսանելի եղա ամենքին,
և տեսանելի եղա ամենուր,
և հետո եկած օրերի համար
չդարձա ընկեր
ու զրուցակից ծիսական պահին,
ու չկրեցի զգեստներն իբրև տոնախմբության մի նոր այցելու,
և ինձ հուշերի ծաղիկը բացեց,
և ինձ տուն բերեց մոտալուտ քամին,
և ես դաղձի մոտ հիշատակվեցի։
Օ, շնորհ արա, բաղձանքի ոգի,
տար ինձանից երգ,
հաղորդություն տուր այսօրվա համար,
ահա նայում եմ – բազմությանն եմ մոտ
ահա նայում են- որ ոչինչ չտան.
շնորհ արա, տեր,
որ զարդանախշից ծաղիկներ հայցեմ։

* * *

Մեղրի ծորացող, կպչուն մեղմությամբ
Իջնում է լույսը դաշտախոտերին,
Իջնում է փափուկ, ապրող հոգնությամբ
Ու ընծայում է արևը հողին:

Իջնում է անփույթ, հրե լռություն,
Քնքշանք է լուռ արթնանում, բուրում,
Ամենուր կյանքն է հրճվում ու վառվում,
Հողն ապրեցնում բարի հոգնությամբ:

Իրար բույրեղեն համբույրն են հղում.
Հողը՝ ձիթենուն, ձիթենին կյանքին,
Լցվում է օդը գգվեցնտող, կանչող,
Քնքուշ, ապրեցնող խելագարությամբ:

Մեղրի ծորացող, կպչուն մեղմությամբ
Իջնում է լույսը դաշտախոտերին,
Մինչև լռության հերկերի միջից
Տրտմության ոսկե արորը հանեմ:

* * *

Եվ երանի ենք տալիս արևին,
և երանի ենք առնում խավարից,
մեր հոգնությունը դաշտից է գալիս,
մեր ցնծությունը գետերն են տանում:

Եվ աջ ենք թեքվում զորության համար,
և ձախ ենք թեքվում, որ առանձնանանք,
և մեծ կիրակին չունեցավ պատրանք,
մեզ ուրբաթների ծուխն է տանելու:

Եվ մեզ տանում է, որ տա երկնագիր,
հայտնության պահը ասեղնագործի,
վազող ջրերին երանություն տա,
Ու հոգնություն տա կանգնած ծառերին:

Ինչ-որ ձայներ լուր են բերելու,
թե զարդարված են անցորդ ու աստված,
նրանց ձայնի մեջ ոսկին հնազանդ,
իսկ խմբերի մեջ դառնում է ազդու:

Եվ հայտնությունը դադար է հայցում
և հայտնությունը փայլ է անցյալից,
և երանի ենք տալիս աստծուն,
և երանի ենք առնում խավարից:

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

Օ, ժպտացեք ծաղկող հանդերձների մեջ,
զույգերին բերեք հրավառության,
թող մանրադրամ նետեն զարթոնքի
ու առատության օրհներգը երգեն:

Եվ թող գույները ճանաչող տղան
մատուցի գույնը բացվող խմբերգի,
և թող աղջիկը ամոթխածության
հնչերգի գոտին հուշիկ արձակի:

եվ թող օրհնելով ձեռքերը պարզեն,
թող խոնարհումով կրեն մատանին,
թե հիշատակի վարդերն աղմկեն,
թող մի հաշտարար իր ձեռքը մեկնի:

Օ˜, դուք արդարներ, շրջվեք արեգդեմ,
և շեփորերով ազդարարեք, որ կանգնած եք շեմին,
և հիմա իբրև հարշագործներ
կայցելեք հոգուն, որ շուրջը նայի:

* * *

Ի՞նչ ընծայագիր տամ առավոտին,
որ իր հավատքը ճոճելով անցնի
ու տա բեղուն պահ,
որ ես այդ օրը ընթերցեմ ծածուկ՝
պատրաստ լինելով հադիմնության,
որ չեմ ներշնչվել իբրև վերծանող
ու չեմ հանդգնել իբրև նորածին:
Ներսից ու դրսից արձագանքվել եմ
ու մնացել եմ բառին ծառայող:

Եվ ես, որ գիտեմ հրապուրանքը
թարգմանել ճիգով,
և ես, որ գիտեմ մթագնել մեկից,
պայծառացումը համարելով ցող,
և ես, որ գիտեմ-
խաղաղվել է ձյունը տեսնելու համար,
նորից եմ ապրում հաշտարար պահի ոնտձգությամբ.
անմեկնելի է
լինել ցեղակից այս առավոտի,
զարդարել օրը
Ու կյանքը թողել նույն բեմի համար:

* * *
Օ, գոհացում չկա, տեր,
ոչ վերևից, ոչ վարից։

Ըմբոստության գոհարներ թող ճաշակեմ` իբրև ծես,
և թող լույսեր մակընթաց գերեվարեն այս չարին,
ուր կանգնած են տղաներ շարեշար ու միամիտ,
ուր կանգնած են հեշտանքից պայծառացող աղջիկներ,
ուր կանգնած է մեր հոգին իբրև ծաղկող մենություն,
ուր կանգնած է հիացքը իբրև նվեր կանացի։

Օ, գոհացում չկա տեր,
ոչ վերևից, ոչ վարից։

Բայց կան այնտեղ շատ հեռվից հիշատակվող անուններ,
վաղնջական քնի մեջ, ծաղիկներով զարդարուն,
որ պատմում են անցյալից, պատրանքի քող գործելով։

* * *

Կանաչների պաղ հայացքների տակ,
Անհանգիստ հոգու զնգզնգոցներով
Ուզում եմ երգին մոտենալ այնպես,
Ինչպես որ սրտին սիրտն է մոտենում:

Ուզում եմ փարվել նրա ձեռքերին
Քամիների տաք, տաք գգվանքներով,
Ապրածս նրա հոգուն կտակել,
Չապրածս թողնել առավոտներին:

Քամիների տաք սարսուռը որսալ,
Գետերի հունով ուղարկել հեռուն,
Միտքը կանգնեցնել պատկերների մեջ,
Իսկ երգը հոգուց մաղով գողանալ:

Ուզում եմ երգը՝ ցավերով զուգված,
Հայտնվի կյանքի անդաստաններում,
Իսկ ես իմ ձայնը կորցնեմ, փռեմ
Ու արևի հետ գտնեմ երկնքում:

Կանաչների պաղ հայցքների տակ,
Անհանգիստ հոգու զնգզնգոցներով
Ուզում եմ երգին մոտենալ այնպես,
Ինչպես որ սրտին սիրտն է մոտենում:

* * *

Ձորերում մութը
խաղաղություն է շուրթերին սերտում
կիրակնօրյա պատարագի պես,
իսկ լռությունը ազատ է, ինչպես
երկրի ստեղծման հինգերորդ օրը:

Կնոջ կոնքերի լայանացող հունով
գետը վազում է դեպ ուրախություն,
ու թաց, թաց հողը կարծես մատնում է
երկնքով անցած ամպերի մասին,
իսկ կանաչները ծլարձակում են
խաղաղության մեջ:

Ու հանկարծ, հանկարծ,
Չճանաչելով ոչ մի սրբություն,
Քամին հրելով բերում է մարդուն:

* * *

Ներքնատեսության հզոր սարսափից
կուզեմ տանջել քեզ
ու երիվարի նման հավաքել
գեղեցկությունը իմ մաշկի վրա:
Ու ըմբոստանալ
քո աչքերի դեմ,
քո մազեր դեմ,
ու երջանկության կարոտը
այնքան նրբորեն հյուսել շուրթերիդ-ձայնիդ
ճառագայթների ներքնատեսությամբ
և արարումի այնպիսի թափով,
որ սիրտդ հանկարծ
զգա քավության այնպիսի պահանջ,
որ դու հերարձակ,
պահանջող ձայնով,
կրքից ցպահանջ
նետվես լռության ու խավարի մեջ,
հալվես, չքանաս,
ձուլվես խավարին, հասկերին, հողին՝
անկման սարսափը տանելով քեզ հետ:
ներքնատեսության հզոր սարսափից
կուզեմ սիրել քեզ:

* * *

Լույսը ապրող զորություն, իրիկուն է աչքիս մեջ,
Ես մանկամիտ զորությամբ մոտենում եմ ձևերիդ,
Հրկիզիր ինձ, բայց պահիր, հպատակիր սիրտս քեզ,
Որ հոգնությունս մի օր քաղաքի մեջ չանիծեմ:

Քնաթաթախ փողոցներ, լուսնի ձևեր մտածված,
Անմիաբան թույլ աստղեր, չհասկացված-հեռավոր,
Որ ինձ տարան իրենց մեջ, հռչակեցին բանսատեղծ,
Ճաշակեցի ուրիշ հաց, ճանաչեցի ուրիշ ձեռք:

Եվ երգերս, տես, հիմա տարիքն ունեն իմ սիրո,
Եվ աչքերիդ նման, քույր, հավատում եմ գալիքին,
Հրկիզիր ինձ, բայց պահիր, հպատակիր սիրտս քեզ,
Չճաշակեմ ուրիշ հաց, չճանաչեմ օտար ձեռք:

* * *

Նիրհի, պատրանքի դռան հետևում,
ուր ծաղիկն ունի հալածված մտքի երանգապնակ,
ուր հալածված է մեղուն պաշտելի
ու զազրախոսված թիթեռներն անթիվ,
լսվում է երգի մոռացաված կտոր,-
շարունակվելու պատրանքն է ձախլիկ,
որ հեռուն գնա աճպարարելու
ու մթագնելու թուլությամբ միայն,
որ քեզ ընծայված տեսնելիս՝ լսես
մատների աղմուկ ու ձայների դարձ,
որոնք տալիս են զգաստությունդ մեղմելու հնար,
որ ճանապարհվես ընծայագրված
ու բարեխոսված, իբրև ընտրյալի երանգապնակ:

* * *

Աչքերս առեք, երգերս տարեք,
օրերս առեք, ցավերս պահեք,
և ինչ էլ լինի, ոչինչ չեմ զգա,
օ, ես իմ սերը թաքցրի այնպես,
որ նույնիսկ մի օր ինքս մոռացա:

Անցած օրերը ոչինչ չեն հիշում,
հուշերն են պահում օրերին անցած,
երկինքս առեք, աստղերս հանեք,
երազս տարեք, հուշերս պահեք,
ես քեզ կորցրի երազներիս մեջ:

Ահա օրերը խուլ բզզոցներով
իմ գոյությունն են հոտոտում, անցնում,
օ, սիրտս առեք ու սերս տարեք,
լույսերս առեք, գիշերը պահեք,
ես գաղտնիքներս թաքցրի այնպես,
որ նույնիսկ մի օր ինքս մոռացա:

* * *

Ասացի գնամ,
տուն եմ ունեցել,
դաշտեր եմ թողել միայնակ ու ցոփ,
ասացի՝ դաշտը լցնեմ ինձանով,
խորհուրդ տամ կյանքին, գլուխս թեքեմ:
Ու երբ անձրևը պաղ արահետով
հոսեց՝ վախճանը կրելով իր մեջ,
դաշտը անջատվեց ինձանից փութով,
գնաց՝ իր դույլը դատարկողի պես:
Եվ ես մնացի անսահման մենակ,
չէր տեղավորվում սիրտս դաշտի մեջ,
անձրևը չուներ գգվանքի ալիք,
և քարը չուներ քարաքոսի հետք:
Եվ տանը մեռնող-հառնող կիրակին,
որ ճանապարհ էր անցել յոթ օրում,
կյանք էր նվիրել մղձավանջներին,
աչքն էր կորցրել խավարիկ ձորում:
Ահա իմ սիրտը,
որ դաշտ էր տեսել տիեզերքի մեջ
ու դուռ էր գտնել պարիսպների տակ,
ուզեց դուրս նայել մարմնիս միջից,
ուզեց բարձրանալ երկնային ծիրով,-
անսահմանությամբ, անսահման մենակ:

* * *

Եվ այդ ինչպե՞ս են շիրիմներն արդար
քնում ծաղկի պես,
և հիշողության դաշտով վազողը մանկամիտ է մի։

Այդ ու՞ր ես փոքրիկ հրեշտակ առած վազում ձորերով,
ո՞ւմ ես պահելու պատրանքների մեջ,
քնած ես չունես արթնացման ծաղիկ,
չունես քո երգը,
որ մտապահեն ասեղնագործը ու վտարանդին։

Չունես քո դարձը
իսկ քեզ կանչողը մայր է երևի,
որ հիշողության դաշտում է թողել իր թագավորին:

Օ, ծանր է դեմքը հիշողության մոր,
և ո՞վ է նրան երկիր առաքել`
քարե տանիքներն ու մահվան դուռը ծածկելու համար։

* * *

Օ, կա երկինք,
և դու աչքերիդ ուժն ես ծաղկեցնում,
որ տեսնես Դուռը,
տեսնես նրա մոտ բացակայողին:

Տեսնես, ինչ հունձք է ժողովել քամին,
ում է ձանձրույթի օր հրամցրել,
և ինչ երգեր է տվել օրհնության
խմբերգի համար:

Օ, հպատակներ ապրող հուշերի,
ծաղկեշղթաներ չկան իմ ձեռքին,
որ հրամցնեմ, փնտրեմ անուններ՝
ծպտված լույսը մատուցանելով:

Որ տամ հուշերի ձեռագիրը ձեզ,
որ արտագրեք ի սեր պատրանքի,
ի սեր հոգնության դուստրերի, մահվան,
ի սեր խմբերգի:

Եվ վայելչագիր ձեռագիրն արդար
Տանեմ դռան մոտ՝
ի տես նրա մոտ բացակայողի:

* * *

Եվ ո՞վ է հանում գիշերն իր ներսից,
թաքցնում լույսի, ստվերների տակ,
և թանձր օրը
ո՞վ էր լվանում հիշողության մեջ:
Հոգին ծաղկում էր,
և շուրջը միայն զարդանկարներ էր խմբերգի նման,
և շուրջը միայն կանանց մեղեդին
ծլարձակում էր-շնորհը բացում:
Եվ շուրջը միայն հրավառության
օրը իր զարդն էր հայցում դրկիցից
ու տանում էր ետ-
դեպի սկիզբն ու տեսանելին:
Օ,ցանկալի էր
այդ պահին նայել աստղերին, հետո
մարմինը լվալ,
օ,ցանկալի էր
այդ պահին լսել
խմբերգի ձայնը,
նայել հեռացող կանանց ետևից,
օ, ցանկալի էր քրտնած երեսը
խավարով սրբել
ու դուռը բանալ:

* * *

Ավարտվեց հուշը,
ծածկիր մտքերդ ծաղկաքողերով
ու պատկերների փոքրիկ բացատից
հեռացրու հոգիդ,
հեռացրու ու տար
ու պատկերազարդ գորգի մեջ պահիր առանձնությունը,
թող անձրևների գիշերը ծաղկի,
քո առանձնության երգերի համար
ու արարողի
ու երգող դաշտի:
Ու հիշողության երգող բացատով քայլի երեխան
իր հեքիաթասաց թռչունների հետ,
ու թովչի ծաղկի անունը լինի
ասեղնագործող քրոջ շուրթերին:
Ավարտվեց հուշը,
նրան գորգագործ քույերը տարան,
ր տան երկինքը բացող կարոտին…

Share Button

Նշանաբառ՝

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *