ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ | Ժամանակը եվ դիպվածը

 Աշոտ Խաչատրյան

Կինս իր մեկուկես տարեկան երեխայի հետ եկավ ապրելու իմ տանը` դեռ կինս չէր: Ես ճիշտ որ այդպես էլ չիմացա, թե մենք ինչու ամուսնացանք, որովհետև ապրում ենք` ինչպես ապրում էինք, և իսկապես չեմ հիշում, թե` ինչու: Կամ ինչու երեխային էլ բերեց: Կինս իհարկե: Դրա մասին բան չէր ասվել: Երեխային բերելու մասին խոսք չէր ասվել: Դա որ հաստատ հիշում եմ: Ես չգիտեի նույնիսկ, որ գոյություն ունի երրորդը, մինչև որ չբացեցի դուռը ու ներս թողեցի: Ես ինչ իմանայի՝ ինչ է լինելու: Թեև կարող էի իմանալ: Ժամանակը և դիպվածը: Ամենքին: Իհարկե: Հաճախ, հաճախ` հիշելիս, որովհետև հազվադեպ եմ հիշում, եթե իհարկե դա է հիշելը, նույնիսկ թվում է, թե գիտեի: Բայց` չէ, ոնց որ շփոթում եմ: Ուրեմն ներս թողեցի, ասացի արդեն: Երեխայից բացի` մի մեծ, շատ մեծ ճամպրուկ էր բերել ու պատի ժամացույց: Եթե ոչինչ չէր թաքցրել իհարկե: Դեռ ներս չէր մտել, երբ ասեց, թե երեխան ինձ չի խանգարի: Երևի զգում էր: Ավելի լավ, մտածեցի, բայց ինչ կարիք կար ինձ չխանգարելու համար նրան բերել: Երևի պետք էր գրկել երեխային ու հարցնել անունը, բայց ես գրկեցի, ներողություն, վերցրեցի ճամպրուկը, միայն ճամպրուկը, ու նրանք ներս մտան, ու ես պատին կպած տեսնում էի, ինչպես չտեսնեի, թե ոնց են մտնում, գրողը տանի, իմ տուն: Վերջ, մտածում եմ, եկան: Ես ծածկեցի դուռը և` հավանաբար, որպեսզի մի բան ասեմ, ասացի, որ ճանապարհին կարող էր երեխային կորցնել:

– Ո՞նց էի կորցնելու,– ասաց:

Ոնց էր կորցնելու, ասում է, ու ապուշացած ինձ նայում: Որովհետև մի ձեռքով ճամպրուկն է բերել, մյուսով` ժամացույցը, եթե իհարկե ոչինչ չէր թաքցրել: Ճամպրուկը, թաքցրածը, երեխան, ժամացույցը… Ժամացույցն ինչու էր բերել: Խցկվել է ուզում: Բայց չեմ սիրում, որ խցկվում են: Ես սիրում եմ` երբ ես ինքս: Ես ինքս: Ինքս: Ին-քըս:

– Տիկիիին,– ասում եմ,– չփորձեք խցկվել ձեր երեխայով և ժամացույցով: Երեխան գուցե ավելորդ էր, գուցե պետք չէր ասել, բայց` ճիշտ է, որ չէի ուզում: Տիկինը ոչինչ չպատասխանեց: Տիկինը չլսեց նույնիսկ: Ոնց լսեր, եթե ես ոչինչ չասացի, այսինքն` ասացի իհարկե, բայց դեպի ներս ստացվեց: Գաղտնի մնաց այսինքն: Դա իմ հիմնական զբաղմունքն է: Ես սիրում եմ` այսպես, բառը գաղտնի թողնել ու իմանալ: Հետո, երբ կուտակվում են, գաղտնիները, ես մեկի մասին մոռանում եմ, և գաղտնիքը դառնում է կատարյալ: Կարող է թվալ, թե գաղտնիքն իմ մեջ է: Բայց կարծում եմ, որ` չէ: Հիմա արդեն ավելի հաճախ եմ արտաքնոց գնում:

Ճամպրուկը կինս դատարկեց թախտին, մինչ ես զուգարանում… մի խոսքով: Երբ ներս եկա սենյակ, հետո, կինս իրերն էր դասավորում, երեխան գետնին նստած երևի խաղում էր, իսկ թախտի վրա ճամպրուկի եղածից հսկայական բլուր ասեմ թե դեզ, չգիտեմ, դրա նման մի բան էր գոյացել, ու ես զարմանքից, որ այդպիսի ճամպրուկներ կան, սկսեցի գովել կնոջս ճամպրուկը: Նա անտարբեր մնաց: Գուցե ճիշտ կլիներ երեխայի մասին խոսել: Եսիմ: Բայց եթե հնարավոր է չխոսել, ինչու խոսել, թեև` եթե հնարավոր է խոսել, ինչու չխոսել, նույնպես ճիշտ է: Մտնել, ասենք, ճամպրուկի մեջ, գլուխը դուրս հանել, միայն գլուխը ու անվերջ խոսել իրենց մասին, մինչև որ չգժվեն ու չփակեն ճամպրուկը: Իսկ հետո հանգիստ խղճով կարելի է նաև, դադար առնել, որովհետև եթե անմտության մեջ են` ինչ ասես: Որովհետև, եթե հնարավոր է խոսել, ինչու խոսել: Ահա թե ես ինչ արեցի:

Ժամացույցը կախեցինք սենյակում, թեև ուզում էի, որ խոհանոցում կախենք, ավելի շուտ` չէի ուզում, բայց եթե կախում ենք` խոհանոցում, որ հեռու լինի: Ժամացույցը ինքը կախեց: Ես հրաժարվեցի նույնիսկ ձեռք տալ: Ասացի, որ դրանից պզուկոտում եմ: Կինս ժամացույցը գրկած կանգնեց աթոռին, և այդ պահին էր կարծեմ, որ ես ուզեցի անցնել երեխայի կողքով ու` իբր անզգուշաբար, տրորեցի թաթիկը: Հետո սկսեց ինչ-որ շարժումներ անել: Հավանաբար ժամացույցի տեղն էր որոշում: Ես չտրորեցի փոքրիկի թաթիկը, որովհետև ժամացույցն ընկավ: Չեմ կարծում, որ դիտավորյալ գցեց: Ժամացույցն ընկավ երեխայի գլխին և` պատահականություն էր թե չէ, կարծում եմ, որ չէ, բայց երեխայի գլուխը փշրվել-բաժանվել էր տասներկու մասի: Որպեսզի չսխալվեմ` ես նորից հաշվեցի: Տասներկու կտոր: Չէի սխալվել: Կամ մաս, տասներկու մաս: Ես չգիտեմ` նման դեպքերում սովորաբար ինչպես են ասում: Գուցե ճիշտ կլիներ տասներկուսը թվերով գրել: Գուցե: Ես մի անգամ էլ հաշվեցի: Ավելը ես բերեցի հետո: Զարմանալի է, բայց արյուն չկար, ու ես սրտախառնուք չունեցա ու չփսխեցի: Նաև` որ ժամացույցն աշխատում էր, թեև ժամանակի փոխարեն փորոտիքն էր ցույց տալիս: Նախանձելի վախճան ունեցար, մտածեցի ես, ու հաճույքից ծիծաղում էի, կամ չէի ծիծաղում կամ հաճույքից չէ, որ ծիծաղում էի, եթե նույնիսկ ծիծաղում էի, երբ ավելը ձեռքիս սենյակ մտա:

– Ավելն ինչո՞ւ բերեցիր,– զարմանում է: Իրոք: Ես մուրճն էի բերելու: Ավելն ինչու բերեցիր, ասում է, ու ես ձև եմ անում` իբր ինքս էլ չգիտեմ, իբր ապուշ եմ, անուշադիր այսինքն, չեմ հասկանաս թե` ինչու, ու նա ծիծաղում Է: Ու ես էլ: Ու երեխան էլ ծիծաղեց, որովհետև մայրը ծիծաղում էր: Հետո բերեցի մուրճը ու ժամացույցը կախեցինք սենյակում: ժամացույցը ես իհարկե կախեցի: Թեև` ինչ իմանաս: Կամ որ ժամացույցը փորոտիք էր ցույց տալիս: Երեխան ոտքի տակ է ընկնում: Վերջ, մտածում եմ, սկսվեց: Ես ուզեցի անցնել կողքով ու անզգուշաբար, իբր չեմ նկատել, տրորել հրեշտակի թաթիկը: Բայց չեմ տրորում: Հակառակ դեպքում լաց կլիներ: Մայրն ինչ որ բան զգաց հավանաբար, որովհետև անմիջապես գրկեց նրան, ու հետո դրեց թախտին: Ես չեմ կարող ասել, թե չսիրեցի նրա երեխային, որովհետև երբ սենյակ մտա` մոռացա ասել, որ դուրս էի եկել, մոր կրծկալի հետ խաղացող հրեշտակը ինձ նույնիսկ դուր եկավ: Ես նույնիսկ անհանգստացա նրա համար, մտածեցի` որ կընկնի թախտից, ու պատի մոտ տարա: Միակ բանն է, որ ժառանգել եմ: Թախտի մասին եմ ասում: Վրայի կարպետն անվերջ մոռանում եմ: Ուրեմն` կարպետն ու թախտը: Կամ հակառակը` թախտն ու կարպետը: Հավանաբար չեն կարողացել: Մտածեցի, որ կարող էին ավելին թողնել: Այս առիթով ամեն անգամ տխրում եմ, թեև չգիտեմ, թե հատկապես ում համար: Մնացած ամեն ինչ իմն է: Եթե իմն է:

Վերջ: Երեքով ենք ապրելու: Ես, նա, նրա երեխան: Այդպես էլ քնեցինք: Երեքով: Երեխան` պատի մոտ, կողքին` մայրը, հետո ես: Եզրին: Ես` հետո: Այսուհետ ես միշտ լինելու եմ հետո, մտածում եմ, բայց` առը ձեզ: Այս տեղափոխությունն ինչ-որ բան նշանակում է սիրելիս ասում եմ ինքս ինձ, ու սկսում հաշվել ժամացույցի տկտկոցը: Մեկ… Երեխան լաց է լինում: Վերջ: Բայց սա դեռ սկիզբն է: Ես փորձում եմ խլացնել ինձ, սակայն անօգուտ: Սպասում եմ: Հետո նորից գրկում կնոջս: Նա թեթևակի հրեց ինձ, հետույքով, հետո` նորից, որ էլի սպասեմ: Ես ձեռքս ետ տարա: Սպասում եմ: Ասում էր` չի անհանգստացնի: Ստեց իհարկե: Բայց ես ինչու հավատացի: Ուզում եմ հասկանալ, թե ինչու է լաց լինում: Թեև` չէ: Ընդամենը ուզում եմ, որ լաց չլինի:

– Ինչո՞ւ է լաց լինում,– հարցնում եմ:– Երեխա է,– ասում է: Բոլորովին իզուր: Տեսնում եմ, որ երեխա է:

– Բարձը դեմքին դիր,– ասում եմ:

Ու նա ծիծաղեց, որովհետև կարծեց, թե կատակում եմ, ու ասաց` կխեղդվի: Թող խեղդվի, մտածում եմ, ու թքոտում մատս: Հետո ձեռքս ցած տարա ու թուքս քսեցի հետանցքին: Նա նորից հրեց, բայց` հետույքն էր հարմարեցնում: Դուրը եկավ իհարկե: Իհարկե դուրը կգա:

– Դու ինձ չես սիրում,– ասում է, և` որպեսզի տեսնի, որ սիրում եմ, ես ձեռքը պոկում եմ երեխայից ու դնում անդամիս: Իսկ նա` տեսնում ես, ասում է, որ չես սիրում, քո ուզածն, ասում է, ուրիշ բան է: Ինչու է վիրավորվում: Ես, գրողը տանի, գուցե առաջին անգամ եմ սիրում: Ինչու վիրավորեց: Գուցե ես էլ կարող եմ իր անունը գրել չորացած քաքի վրա: Ու հետո լպստել մատս: Ինչու է վիրավորում: Թե դա ուրիշ բան է: Առաջին սիրո գաղափարը ինձ դուր եկավ: Իզուր վիրավորեց, մտածում եմ, և վիրավորված գնում արտաքնոց: Հետո` երկուսն էլ քնած էին արդեն: Բայց լացն ուղեղիս մեջ է: Բանվորի պես գանգս փորում է: Այդպես էլ քնեցի: Կամ դրա պես մի բան: Գուցե նորից շփոթում եմ: Հնարավոր է: Երեխան հատակին ընկած խաղում էր, երբ արթնացա: Հետո ինձ նայեց: Ես աչքով արի: Երեխան ժպտաց: Վերջապես մեկը, որ խաղը թողած` հետաքրքրվում է ինձնով: Այդ պահին ես նրա համար ամեն ինչ էի: Դա ինձ դուր եկավ: Բայց բանվորը շարունակում էր ուղեղս փորել: Հետաքրքիր է` բանվորին տեսնո՞ւմ է, թե` չէ: Ես ուզեցի հիմարություններ անել, որ ուրախանա, բայց նա այլևս ինձ չէր նայում: Այդքանի համար էլ շնորհակալ եմ, մտածում եմ, բայց` չի փրկի: Ես ելա տեղիցս հագնվում էի, երբ կինս սենյակ մտավ: Հավանաբար երեխայի համար է անհանգստացել: Իհարկե: Ես անաղմուկ եմ հագնվում: Խոհանոցից սենյակ` տասնըքանի քայլ է: Երկու թե երեք: Բայց ինչու հիշեցի: Թերևս, որ անաղմուկ եմ հագնվում: Սուրճը ես խոհանոցում խմեցի, ոտքի վրա: Կինս ասաց, շատ էր հոգնած, ու ես մեծահոգաբար ժպտում էի, երբ երեխան սկսեց լաց լինել: Երևի քնել է ուզում, ասում է, ու գնաց երեխայի մոտ: Իսկ ես կարծում եմ` որ չէ: Ես չգնացի կնոջս ետևից, ես խոհանոցում սպասում էի ու վրա-վրա երրորդ սուրճն էի խմում, երբ կինս եկավ ու զարմանքից թռչկոտում Էր, որովհետև երեխան առաջին անգամ շուտ քնեց: Հիմա ես հաճախ մտածում եմ նույնիսկ, nr փոքրիկը ճակատագրապաշտ էր: Այդպես էլ կա: Ես խնդրեցի կնոջս մոտակա կրպակից գնել օրվա թերթերը, և նա առանց հագուստը փոխելու շտապ դուրս եկավ: Ես լացի ձայն լսեցի, երբ դուռն էի կողպում, ու սենյակ մտա: Երեխան քնած էր:

Երեխան քնած էր: Հիմա է, որ հայտնելու եմ: Թեև հինգերորդ էջն է` դրանով եմ զբաղված: Բայց` չէ, հիմա է, nր հայտնելու եմ: Ես մտա սենյակ, ասացի թե չէ, երեխան քնած էր: Ու ես սպանեցի նրան: Ես բարձը դրեցի դեմքին և այնքան ամուր էի սեղմել, որ եթե թպրտար նույնիսկ չէի զգալու, և չէի զգալու` ինչքան է անցել, որովհետև բարձը ետ տարա, երբ սկսեց դուռը թակել: Կինս իհարկե: Ես բարձը ետ տարա ուրեմն: Երեխան չէր շնչում: Իսկ քիչ առաջ քնած էր: Ես գուցե լավ չարեցի, որ սպանեցի նրան, բայց… Դուռը նորից թակեց: Նորից` կամաց: Այսինքն` որ երեխան հանկարծ չզարթնի: Ես, ճիշտ է, վախեցա մի քիչ, և վախից էր երևի, որ փոքրիկին թաքցրեցի ժամացույցի մեջ: Հետո զարմացել, թե պարզապես ուրախ էի, որ ժամացույցի մեջ կարողացա տեղավորել մեկ թե մեկուկես տարեկան երեխայի մարմինը: Խաղալիքներն ու միզանոթը թաքցնելու մասին ես մտածեցի հետո, երբ դուռն էի բացում: Կինս ներս մտավ, ու ես ճիշտ է որ հիշեցի, թե ինչպես օր առաջ նրանք երկուսով եկան: Կնոջս ձեռքին մի մեծ ճամպրուկ կար ու պատի ժամացույց: Եթե ոչինչ իհարկե չէր թաքցրել: Կինս ներս մտավ ուրեմն, ասացի, թերթերն ինձ մեկնեց ու գնաց սենյակ: Իմ վախը չէր անցնում: Ես փախել խոհանոց ու սպասում էի, և, Աստված իմ, ինչ անօգնական էի ես, այնքան որ խղճացի նույնիսկ ինքս ինձ: Կինս դուրս թռավ սենյակից և երեխային էր փնտրում իհարկե, nր զուգարան մտավ: Վերջ մտածում եմ, հիմա կգա ու կհարցնի, թե որտեղ է երեխան: Բայց` չէ: Երեխային ժամերով չեն փնտրում զուգարանում: Իմ վախը չէր անցնում, հետո` միզանոթը, խաղալիքները, երեխայի հոտը, ամեն ինչ հիշեցնում էր, և ի՞նչ էի ասելու, ես ինչ էի ասելու, եթե հարցներ: Հետո եկավ ու ոտքերը դողում էին: Վերջ մտածեցի, հարցնում է, ահա` ո՞ւր է երեխան…
Ու ասաց.
– Ես փորկապությունը լուծից գերադասում եմ:

Հետո` միզանոթի հետ երեխայի հոտն էլ անցավ: Միզանոթը ես շպրտեցի խաղալիքների հետ, կարծեմ` նույն օրը: Կամ` մյուս: Արդեն չեմ հիշում: Նա ինչպես չհարցրեց` այդպես էլ չհարցրեց: Ժամացույցի տկտկոցն է միայն, որ մեկ-մեկ հիշեցնում է ինձ երեխայի մասին: Ոչինչ այլևս: Մնում է հայտնեմ, որ ամուսնացանք մենք տարիներ հետո, թեև այդպես էլ չիմացա թե ինչու, որովհետև ապրում ենք` ինչպես ապրում էինք, երբ կինս դեռ կինս չէր:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *