Ֆրանսիացի արձակագիր, էսսեիստ Պասկալ Քինյարը ծնվել է Վերնոյում 1948թ. ապրիլի 23-ին: 2002թ. Պասկալ Քինյարը արժանացել է Գոնքուրի մրցանակի «Թափառող ստվերներ» ստեղծագործության համար: Գրել է երաժշտությանը նվիրված վեպեր և էսսեներ` « Երաժշտության դասը», «Աշխարհի բոլոր առավոտները», «Ամալիա առանձնատունը», «Վուրտեմբերգի Սալոնը» և այլն: «Ատելություն առ երաժշտություն» գիրքը Պասկալ Քինյարի էսսեների ժողովածուն է, որտեղ ֆրանսիացի գրողը խորհում է ձայնի, լռության և երաժշտության մասին:
Մաս 1
Ատելություն առ երաժշտություն
*
Պլոտինիոսի խոսքերով`«զգայական տիեզերքում հնչող երաժշտությունն արդյունք է այն երաժշտության, որ գոյություն ունի այդ տիեզերքից առաջ»[1]:
Երաժշտությունը այլ աշխարհից է:
*
Սիրենները երգում են ծաղկավետ մարգում, ուր իենց իսկ հոշոտած նավորդների փտած ոսկորներն են[2]:
Երբ մոր արգանդում ենք, մենք չենք կարող վերցնել փեթակի մեղրամոմը և փափկեցնելով խցկել ականջները: (Մեղուները, որ սավառնում են ծաղիկների շուրջը, կրետները` ամպրոպից առաջ բզզացող, անվարագույր սենյակներում թռչող ճանճերը…): Նման պահերի մենք չենք կարող չլսել[3]: Մենք կարծես կանգնած ենք տախտակամածին` կայմին մոտ, շղթայված ձեռքերով և ոտքերով, նման փոքրիկ Ոդիսևսների` մոլորված մայրական արգանդի օվկիանոսում:
Ահա, թե ինչ է ասել Ոդիսևսը, երբ լսել է սիրենների երգը, ահա թե ինչ է աղաղակել` խնդրելով հանուն աստվածների արձակել իրեն նավակայմին շղթայող կապանքներից, որ կարողանա ափ իջնել և վայելել կախարդական և հմայիչ երաժշտությունը:
— Autaremon kèr èthel akouemenai! – ես սրտանց ուզում եմ լսել:
Ոդիսևսը երբեք սիրենների երգը չի անվանել «գեղեցիկ»: Ոդիսևսը` միակ մահկանացուն է, ով լսել է այդ մահացու երգը, բայց խուսափել է կործանումից: Եվ սիրենների երգի մասին ասել է, որ այն «սրտում արթնացնում է լսելու ցանկություն»:
*
Պինդարոս, Պիթիական ներբողներ:
Ոսկե՛ քնար, քեզ է լսում շարժումը…[4]
*
Սրինգը (հուն. aulos) հնարել է Աթենասը:
Սիլենոս Մարսիասը[5] Աթենասին ասաց , որ երբ նա փչում է իր tibia-ն (լատ. tibia – սրինգ)` նմանակելով Գորգոնայի երգը, նրա բերանը լայնաբաց է, այտերը` ուռած, աչքերը` ցցված: Մարսիասը բղավեց. «Նետիր սրինգը, թող այդ ծամածռությունը, որ աղավաղում է քո դեմքը, և երգը, որ վախ է ներշնչում»: Բայց Աթենասը չլսեց:
Մի անգամ Փռյուգիայում գետափին սրինգ նվագելիս աստվածուհին տեսավ ջրում իր արտացոլանքը և դեմքի աղճատված տեսքը սարսափեցրեց նրան: Նա իսկույնևեթ սրինգը հեռու նետեց ` ափամերձ եղեգների թավուտը: Եվ փախուստի դիմեց:
Այդժամ Մարսիասը վերցրեց Աթենասի նետած սրինգը:
*
Երբ քանդակագործ Միրոնը ցանկանում էր պատկերել երաժշտության աստծուն, նա քանդակել է ծառից կախված Մարսիասին, որին դեռ կենդանի մաշկահան են անում։
*
Mousikè, ինչպես հայտնում է Հեսիոդոսի տողերից մեկը[6] , ցողում է վիշտը մոռացության մի քանի կաթիլներով: Իսկ տխրությունը հոգու համար նույնն է, ինչ գինու նստվածքն սափորի համար, որտեղ պահվում է գինին: Հին Հունաստանում mousikè (երաժշտության) մուսան անվանվում էր Էրատո[7] : Նա եղել է Պանի պատգամախոսուհին: Կախարդը ոգեշնչվում է կենդանիներից, քուրմը` մարդկային զոհաբերությունից, աէդոսը` մուսաներից:
*
Երաժշտական հնչյունները առանձնացված են մարդկային խոսքից, ինչպես նաև բնական Հնչողությունից[8]:
Մահվան հնչյուններ:
Հերմեսը[9] կրիայի փորոտիքը հանում է, հափշտակում և զոհաբերում է կովերը, մսից քերթում է կաշին, մաքրում և ամրացնում է կրիայի պատյանին, իսկ հետո ձգում է վրան ոչխարի յոթը աղիներ: Այդպես նա հնարում է կիթառը (կիֆարա): Այնուհետև զիջում է իր կրիա-կով-ոչխարը Ապոլլոնին:
Սիրդոնը, ինչպես վկայված է «Հերոսների գրքում», հայտնաբերում է, որ կաթսայում եփվում են իր զավակների մարմինները և մահացած տասներկու որդիների սրտերից վերցված ջղերը ձգում է ավագ որդու աջ ձեռքի ոսկորների վրա ։ Ահա թե ինչպես է Սիրդոնը հնարել առաջին foendyr-ը:
«Իլիականում» կիթառը դեռևս կիթառ չէ: Այն պարզապես աղեղ է: Եվ երաժիշտը հենց Գիշերն է: Մի խոսքով` գիշերային տագնապալի ունկնդրում:
…արծաթաղեղ Ապոլլոնը
Ցասումնալի սրտով իջավ Օլիմպոսի բարձունքներից —
Ուսերին էր գցել աղեղն ու կապարճը իր ամրափակ.
Սլացքի հետ զնգում էին սլաքները նրա ուսին՝
Մինչ սուրում էր ցասումով լի, վրա հասնում գիշերվա պես (Nukti eoikôs)։
Ապա եկավ ու, նավերից հեռու նստած, նետ արձակեց.
Սահմռկելի շառաչ (deinè klaggè) ելավ այդ աղեղից արծաթեղեն
Նախ գրոհեց ջորիներին ու շներին թրև եկող,
Հետո ուղղեց նա սրածայր իր նետերը մարդկանց վրա,
Եվ վառվեցին խիտ ու անվերջ խարույկները դիակիզման:
Ինն օր Աստծո սլաքները թափվում էին զորքի գլխին…[10]
«Ոդիսականի» վերջին գլուխներում Ոդիսևսը հանդիսավոր մտնում է պալատի սրահը: Նա քաշում է աղեղը: Պատրաստվում է արձակել առաջին նետը` փեսացուներին սպանելու նշան տալով: Նոր զոհաբերություն, որին ներկա է Ապոլլոն-նետաձիգը:
Ինչպես այրը, որը հմուտ երգիչ է ու քնարահար
Հեշտությամբ է լարը ձգում նոր ականջին և ոչխարի
Այդ քաջոլոր աղիքը պինդ ամրացնում է երկու ծայրից:
Այդպես լարեց Ոդիսևսը իր մեծ աղեղն առանց ճիգի:
Եվ դա բռնած իր աջ ձեռքով, փորձեց լարը, որ գեղեցիկ
Երգեց նրա այդ հպումից` ծիծեռնակի ձայն հանելով [11]:
Կրկին առաջին տեղում քնարն է, իսկ աղեղը` միայն երկրորդ: Ոդիսևսի աղեղը նման է քնարի: Եվ աղեղնաձիգը համազոր է քնարահարին: Աղեղի թրթռացող լարը երգում է մահվան երգը: Եվ եթե Ապոլլոնը հմուտ նետաձիգ է, ապա նրա աղեղը հիանալի երաժշտական գործիք է:
Աղեղը – մահն է հեռավորության վրա, անմեկնելի մահ: Ավելի ճիշտ` այդ մահը նույնքան անտեսանելի է, որքան ձայնը: Ձայնալարը, քնարի լարը, աղեղի լարը` ծագում են մեռած կենդանու ջղից, ջղից կամ աղիքից, որն անտեսանելի ձայն է արձակում և սպանում է հեռավորության վրա:
Աղեղնալարը աշխարհում առաջին երգն է: Երգ, որի մասին Հոմերոսը ասել է. «այն իր ձայնով նմանվում է ծիծեռնակի»: Լարային գործիքների լարերը` մահ-քնարի լարերն են: Քնարը և կիթառը հին աղեղներ են, որ հղում են իրենց մեղեդին աստծուն, ինչպես նետերն են սլանում գազանի վրա:
Ձայնը և խոսքը համակցված են, չնայած երբեք չեն հպվում և չեն հանդիպում միմյանց, երբ երգը հուզում է, այն 1) խոցում է 2) սպանում է:
Աստվածները չեն տեսնում, բայց լսում են միմյանց երկնային ամպրոպում, ջրվեժի աղաղակում, ամպերում, ծովում: Նրանք նման են ձայների: Աղեղը օժտված է բառի հատկություններով: Այն գործում է հեռավորության վրա: Նրա նետի ուղին անտեսանելի է օդում:
*
Պլատոն, Պետություն, III, 401d
«Երաժշտությունը թափանցում է մարդկանց մարմինները և տիրում է հոգիներին»: Սրինգը մղում է նրանց անդամները պարային շարժումների, որին հաջորդում են ազդրերի անզսպելի շարժումները[12]: Մարդկային մարմինը երաժշտության զոհն է:
Սիրենները շեղում են Ոդիսևսին իր ուղուց (odos): Հունարեն odos նշանակում է և ուղի, և երգ: Օրփևսը[13]` երգերի նախահայրը, փափկեցնում է քարերը, սանձահարում է առյուծներին և լծում իր կառքին: Երաժշտություն գերում է, գերում է այնտեղ, որտեղ հնչում է և մարդկությունը քայլում է նրա ռիթմով հմայված: Այն հիպնոսացնում և ստիպում է մարդկանց փախչել իրականությունից:
Մենք բոլորս ունկնդրման զոհն ենք:
Ծանոթագրություն
[1] Պլոտինոս, Էննեադներ, Գիրք V (Հաղագս Բանականի) հին հուն. թրգմ., ուսումնասիրություն և մեկնություններ՝ Ա. Ստեփանյան, Երևան, Սարգիս Խաչենց, 1999: «Զի երաժշտության բացկայությունը չէ, որ ծնում է երաժշտության գիտակին, այլ ինքը` երաժշտությունը… »:
[2] Սիրենները պատկերվել են կանացի կրծքով ու գլխով, թռչնի ոտքերով: Ըստ «Ոդիսականի» նրանք բնակվում են Կիրկեի կղզու և Սկիլլայի միջև գտնվող կղզու վրա: Իրենց հմայիչ երգով հրապուրում են ծովագնացներին, որոնք դառնում են ավար սիրեններին:
[3]Մենք ապրում ենք ծնվելուց առաջ: Մենք ապրում ենք երկու աշխարհների միջև, երկու լեզուների միջև, կորած երգի և նրան փնտրող լեզվի կամ նրան զտող երաժշտության միջև,- ասել է իր հարցազրույցներից մեկում Պ.Քինյարը:
[4] Պինդարոս, Ներբողներ, հին հունարենից թարգմանեց, ծանոթագրեց և առաջաբանը գրեց Արամ Թոփչյանը, Երևան, «Ապոլոն»,1992:
[5] Պ. Քինյարի «Գաղտնի կյանքը» վեպում ասվում է. «Երաժշտությունը հորինած սատիրոս (սիլենոս) Մարսիասի կաշին քերթում են: Ինչո՞ւ են հունական առասպելում երաժշտին ողջ-ողջ մաշկահան անում: Դիմակազերծելու համար, քանզի երաժշտությունը անբացատրելի է, անտեսանելի և անմիջապես մակերեսից թափանցում է խորքը»:
[6] Հեսիոդոս, Թեոգոնիա, 81-83:
Ում որ շատ են ուզում պատվել աղջիկները Մեծ Դիոսի`
Տեսնելով որ ծնվել է նա Զևսի սնած արքաներից,
Նրա լեզվին քաղցր ցող են նրանք հեղում:
[7] էրատո – սիրային պոեզիայի և երաժշտության մուսան:
Հիշենք Ա. Պուշկինի «Քարե Հյուրը» պիեսը.
«Կյանքի բոլոր հաճույքներից
Միայն սիրուն է երաժշտությունը զիջում,
Բայց և սերն էլ մեղեդի է …»:
[8] «Աշխարհի բոլոր առավոտները» վեպում Պ. Քինյարը գրում է .«Երաժշտությունը պարզապես տրված է արտահայտելու այն, ինչ խոսքը չի կարող արտահայտել: Այդ առումով էլ այն լիովին մարդկային չէ»:
[9] Հերմես – Զևսի և Մայայի որդին, անասնապահության աստվածը և հովիվների հովանավորը: Հերմեսը կրիայի պատյանին լարեր ձգելով, հնարել է քնարը:
[10] Հոմերոս, Իլիական, հին հունարենից թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի, Երևան, «Զանգակ», 2022։
[11] Հոմերոս, Ոդիսական, հին հունարենից թարգմանությունը ՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի, 2024, անտիպ:
[12] Լուկրեցիոսի «Իրերի բնության մասին» գրքում գրում է.
Թռչուններից սովորել են երգել մարդիկ շատ առաջ,
Քան տաղերը քաղցրահնչյուն հմայքի հետ մեղեդու
Հասել են մեր ականջներին և հիացմունք պատճառել:
Մարդիկ լսած, թե ինչպես է ցողուններով եղեգի
Սուլում քամին, սովորել են փչել շվին գեղջկական,
Հետզհետե ներշնչվելով արդեն վարպետ մատներով
Քաղցր ձայնի հետ միասին սկսել են գանգատվել
Սրինգը, որ հնարել են անտառներում հեռավոր
Մենության ու հանգստի մեջ, ուր հովիվներ են եղել…
Ուրախանում էին մարդիկ, ծաղկում մուսան գեղջկական
Եվ զարդարում էին անհոգ ուրախ մարդիկ օրինբուն
Իրենց ուսերն ու գլուխը ծաղիկների պսակով,
Եվ սկսում կայտառ պարել, շարժել կոպիտ ձեռքերը,
Եվ կրունկներով տրորելով իրենց հողը հարազատ…
Թարգմանությունը` Սամվել Թավադյանի