Ավտոն գնաց-գնաց-գնաց-գնաց, ու՞ր պի-տի հաս-նի…
Ինձանից ոչ խիստ հեռավոր ժամանակներում մանկապարտեզների, շենքերի, սեփական ու անգամ վարձով տների բակերից կարելի էր լսել այս հանճարեղ բանաստեղծական ռիթմիկ երկտողը շատ սովորական երեխաներից: Դիմադրելով, Զինաիդա Բալայանի ասած, դարուվեր ժամանակի ըմբոստությանը (այստեղ սիրով կարող եք ավելացնել ևս մի քանի սարսռեցնող մակդիր Սոկրատ Խանյանից)` այս, չեմ ամաչում ասել, անժամանակ մոդեռն երկտողը դարձավ լավագույն բանաձևումը Երևան-Ստեփանակերտ-Գանձասար երթուղու. մեր ավտոբուսը գնաց-գնաց-գնաց-գնաց, բայց ու՞ր պիտի հասներ, որքա՞ն ժամանակում և ո՞ր ճանապարհով հատկապես…
Նմանատիպ հարցերի ստույգ պատասխանը տալու համար առանձնապես պետք չէր բարձրացնել սեռային տարբերությունների հարցը, գրողական համայնքի պատկանելությունն ու տարիքի հետ կապված խնդիրները, ընդամենը պետք էր գնալ ՀԳՄ նախագահի պլպլան մեքենայի ցեխոտ անվադողերի ուղենշած ծիրով:
(Այս հատվածում կարող եք դնել ձեր անկեղծ ծափահարությունները և ավտոբուսյան ընթերցումների Աշոտ Գաբրիելյանական տարբերակը):
Բոլոր ուղիները Հռոմից բացի երբեմն տանում են նաև Ղարաբաղ
…և քանի որ մեր վարորդը ոչ միայն գրող չէր, ճանապարհին խմող չէր և ոչ էլ հավակնում էր ճանապարհին քնողների ցուցակում գոնե վերջից հինգ-վեցերորդ անիմաստ տեղերը զբաղեցնել, լրիվ իրավունք ուներ մի 30 կմ ավելի կամ պակաս քշելու: Սահմանն անցնել-անցնել էր` Ադրբեջանն էլ կտեսնեինք, հետո նաև Իրանը, ապա թուրքիան, և վերջում, բնականաբար, մանրացված ոսկորներով ու անուն-ազգանուններով կհասնեինք կապույտ մի տարածություն` երկինք Նաիրի…
Բայց Վարորդը…
Հիշեցնեմ, որ վերջինս խոհեմաբար ոչ մի անգամ չպարեց, չցատկոտեց վարորդական իր աթոռից և չկրկնեց ոչ մի հնչյուն մեր հեռավոր նախնիներից և առհասարակ չխոսեց 21-րդ դարցիների լեզվի նորացված տարբերակով, ինչով զբաղված էին ավտոբուսի միջնամասին բնակիչները. մեր տունը մեր ավտոբուսն էր:
Ինչ ասեմ, պարզապես հրաշալի մարդ էր, որ երկար մտածեց, մտածեց և հասկացավ, որ այնքան էլ անդնդախոր չէ տարբերությունը երիտասարդ գրողների և, ասենք, հոգեկան հիվանդների, պարզապես երկրորդները ունեն լսարան` կամված հրաշալի բժիշկներից, բուժքույրերից և տարաբնույթ սպիտակազգեստներից (հրեշտակների լինելիությունը ևս չի բացառվում), մինդեռ երիտասարդ գրողները ոչ միայն լսարան ու փող չունեն, այլև որոշ քննադատների հետ ճշտությամբ փորձում են Ռաբլեի պատվիրանները կատարել` խմել, խմել, խմել… Կենացդ, Շուշի, նախ գալիս ենք քեզ մոտ, մի-երկու ժամ շուտ, թե ուշ…
Անձրև, անձրև, մի արի, մենք եկել ենք Մուրացանի արձանին թարմ մեխակներ դնելու…
Վ. Հակոբյան, Ս. Սարինյան, Ա. Հարությունյան և ուրիշներ, աղուհաց ու Մուրացանի անվան դպրոց: բարև, Շուշի: Բարև, Քանաքարա: Բարև, Վիտալի: Չմոռանամ մեծն Սոկրատ Խանյանին, որ ամենաիսկական նահապետի նման կանգնեց մեր կողքին, ժպտաց ու լուսանկարվեց մեզ հետ, և հանճարեղացանք բոլորս մի պահ` նախապես վերհիշելով Կոլգեյթի գովազդը: Մեզ հետ էր նաև ղարաբաղյան անձրևը` տիպիկ բարբառով, որ լսում էինք ու բառ չէինք հասկանում, բայց լսում էինք, և անձրևը տեր հոր փոխարեն օծում ու թրջում էր մեզ ու ողջունում փշաքաղված մեր մարմինների մուտքը մառախուղների երկիր ԼՂՀ, բացսիրտ, բացսեղան, տաք ու լավ մարդկանց…
Պտույտ մը Ստեփանակերտի փողոցներով ու հայդե մեր տուն` Գանձասար…
Ավելի կոնկրետ` «Տիտանիկ» հյուրանոց, Կաչաղակաբերդ, գետի խշշոց, վերլիբրի նման մշուշ` երկար ու կարճ տողերով լեռների հմայքը ընդգծող և կանաչ, կանաչ, կանաչ, կանաչ գեղեցկություն, որը տեսնելու համար պարզապես պետք է աչքերը փակել ու շշնջալ որևէ անուն` հարազատ ու տաք, շատ տաք, որովհետև ցուրտ է, լավ ցուրտ, երկարաթև որևէ բլուզ հագեք ու եկեք մաֆիա խաղալու…
ես կդնեմ թատրոնի թեկնածությունը
Չնայած առաջին գիշերն եմ այնտեղ եղել, բայց կասկածելի ցուրտ էր, կասկածելի էին խանդավառ ծափահարություններն ու ժպիտ-ծիծաղները, անգամ չեմ կարող համոզված ասել` որ թիվն էր` 2008, թե՞ մի ուրիշ, կխնդրեի շերիֆին տնօրենի սենյակում ստուգել, եթե, իհարկե, նա մեզ հետ Գանձասար է եկել. ի դեպ, կարո՞ղ եմ, բարևներ ուղարկել Մհեր Բեյլերյանին…
խոր գիշեր
խոսքն այն գիշերների մասին է, որոնք ոչ մի կապ չունեին մեր տաք ու անհեռուստացույց սենյակների, պահարանների, անկողինների ու խրտվիլակների հետ, որոնց հանդեպ հատկապես Մարին ցուցաբերում էր ամենամարդկային վերաբերմունքը. գրեթե մութ սենյակում կանգնեցնում էր շարքով բոլորին պատի տակ, անդրշիրիմյան ստվերները ծածանվում էին սենյակով մեկ, և Մարին… չըխկ, չըխկ, չըխկ… լուսանկարում էր բոլորին…
Բայց խոսքն այս գիշերվա մասին չէր: Հերթական գիշերն էր իջել մաֆիա խաղացողների ամենատարբեր մարմնամասերին. շերիֆի աչքերին, դոնի և իր հանցակիցների ձեռքերին, որոնց մեջ դոնկիխոտյանը Վիտալիի շերիֆությամբ երբեմն շարժվում էր: Վիտալի. դոն, որ ինքնասպան եղավ, շերիֆ, որ ինքն էր ու ինքը, մարդ, որին մեղք էր կասկածելը, կասկածեիր` խաղն անհետաքրքիր կանցներ…
Ճեղքելով մաֆիան
Ինչը կհաղթեր Գանձասարում մաֆիային,
թե չլինեին թեյն ու… Հասմիկ Հակոբյանը…
թեյ` անկրկնելի կոնֆետով,
200 դրամանոց և մաղարիչի ենթավերնագրով,
թեյ` անուն բարձր և վսեմ,
իրիկունը 4 անց կես…
թարմ ծաղիկներ գիշերով սափրվածների ոսկորներին կամ առավոտ
բարի լույս մենթերին ու մաֆիոզներին, և բարի լույս, շերիֆ-տանտեր, դու սխալ դուռ էիր թակել երեկոյան, փորձիր կրկին: Բայց ինչ փորձես, երբ ամենուր շերիֆներ են բազմանում հեքիաթային արագությամբ, մեկ էլ ծխախոտի մնացորդներն ու ծուխը:
«Աչքեր, աչքեր, ասեք ինձ` տերդ սև՞ է, թե՞ կարմիր»…
– Չինացի ա, Ան ջան, ասում ա` կոտլետ օզյում իք…
իսկ կոտլետից առաջ ձուն էր…
…դրանից առաջ չինացի խոհարարուհին էր, իսկ դրանց սկզբում գրողների կեսժամանոց սովն ու քնել, թե չքնելու մեջ մտատանջվողները, որ սահուն անցում կատարեցին նախաճաշյան հավկիթները ուտել, թե չուտելու, և հատկապես ինչպես ու որտեղ…
Քայլիր աջից: Միջանցքում չվազվզես: Բարձրաձայն չաղմկես:
Կատարիր պատվիրաններն այս և միգուցե դու քեզ զգաս, ինչպես Գուրգեն Հայրաետյանի անվան դ-ցի աշակերտն իր հեքիաթային լուսավոր ու մեծ դասարանում, որտեղ անցկացվում էր երիտասարդների խորհրդաժողովը, իսկ հեքիաթայինը ներխուժել էր ամենուր, անգամ զեկույցների, զեկույցների թեժությունը երբեմն հանճարեղորեն ընդհատող սրճախմությունների ու կոնֆետաթղթի ճռճռոցի մեջ: Աստիճանաբար տարածքը լքեցին հեքիաթասացները, հետո նաև մշակույթի նախարար Ն. Գասպարյանը, ակադեմիկոս Ս. Սարինյանը մեկ սենյակի վերջում էր, մեկ բոլորի ուշադրության կենտրոնում, շատ լսելի էր Ա. Հարությունյանի ձայնը` դասախոսական ողջ էմոցիայով, և կասկածելի էր Գուրգեն Խանջյանի սպիտակող բեղ-մորուքը, ով համալրում էր և’ երիտասարդների շարքը, և’ ամաչկոտ, լավ սովորող աշակերտի նման կանգնում-լուսանկարվում էր ավագների հետ…
աբրա կա դաբրա, աբրա կա դաբրա
…թեևս շշնջում էին պատերը, այլապես ինչպես անհետացավ վերոհիշյալ սենյակից Լևոն Անանյանը, երբ դռներ չբացվեցին, սեղաններ չքաշվեցին մի կողմ, այլ ՀԳՄ նախագահը` ծխախոտը ձեռքին, սահեց դեպի պատուհանը և… ա~յ քեզ հրաշք, իսկը տերյանական ցնորք…
պատմավեպ ջան, պատմավեպ
…ասա ինֆորմացիայի աղբյուր ես, թե՞ գնամ ցայտաղբյուրից ջուր խմող անմեղ երեխաների անմեղ արձանի հետ ես էլ հերթի կանգնեմ ու չըխկ, լուսանկարվեմ, – մտածում էր նույն այս սենյակում աներևույթ հեքիաթային բարի փերին` նայելով մե՛կ Վահրամ Դանիելյանին, մե՛կ Անահիտ Հայրապետյանին, որի լուսանկարչական ապարատի և իր ձեռքի փայտիկի միջև նկատում էր ինչ-որ հեռավոր և լրիվ անմեղ կապեր…
անմեղ կապեր
Թե ինչ կապ ուներ մարտի 1-ին աշխուժացած «Լևոն & Սերժ» փակ բաժնետիրական ընկերության ներքին կյանքը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին այցելած երիտգրողների հետ, չիմացա…
ազգիս համեստագույն էակները
Նրանց անուններն էլ կային երիտգրողներով ու երիտքննադատներով լցված ցուցակում: Նրանք էլ գիտեին, որ Հրաչ Սարիբեկյանը գիտեր: Նրանք էլ էին Գանձասարի հավկիթասեր հյուրերը: Նրանք էլ էին զարմանքից լայն բացված բերաններով ծիծաղում, երբ հուզմունքից արտասվախառը ձայնով ասմունքում էր Աշոտը: Նրանք էլ էին խաղում մաֆիա ու գրականություն: Բայց նրանք չէին կարող անտարբեր անցնել, երբ ժամանակ առ ժամանակ հարություն էր առնում Հարություն Հովակիմյանը, երբ Հայկ Համբարձումյանը` ԵՊՀ դասախոս, մարդ, որն առանց լսարանի կյանք չունի և պատրաստ էր դասախոսություններ կարդալ անգամ ավտոբուսի մեջ…
մարդ, որ միշտ մեզ հետ է
…կամ Վարդան Համոբյան կամ Գանձասարյան մեր օրերի ձմեռ պապին կամ մարդ, որին վախենում եմ ավելորդ բառերով սիրել…
իսկ հետո
…ավտոն գնաց, ես իջեցրի վարագույրը, որովհետև լուսամուտս դեռ չէր մարսել լեռների վերլիբրը, որովհետև կանաչ, կանաչ գեղեցկությունը տեսնելու համար պարզապես պետք էր փակել աչքերը ու շշնջալ որևէ անուն` հարազատ ու տաք, շատ տաք…
Արտատպված է՝ Գրեթերթ. 2008թ. թիվ 2(10)-ից
Սկզբնաղբյուրը՝ hs-poetry.blogspot.am