ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ | Մրցանակաբաշխություններ, մրցանակներ, մրցանակակիրներ

Արքմենիկ Նիկողոսյան2001-ի աշնանը, ՀՀ պետական մրցանակակիրներին որոշելու նախաշեմին, «Գրական թերթը» «Ինչպե՞ս եք վերաբերվում գրական մրցանակներին» հարցով դիմել էր մի քանի հայ գրողների (2001, թիվ 12): Պարզվեց, որ մրցանակաբաշխությանը «Մատնահետք» բանաստեղծական ժողովածուով ներկայացված Էդվարդ Միլիտոնյանը մրցանակը համարում է «լավ գրականությունը գնահատելու մի միջոց», Արտեմ Հարությունյանը, որ երկու տարի անց կարժանանա այդ մրցանակին`  «օզոն` գրական միջավայրը մաքրող և իսկական հեղինակին մատնանշող»: Արտաշես Ղազարյանի պատասխանում որոշ մտահոգություն է առկա` «Եթե մրցանակի արժանացած 10 գրքերի թվում թեկուզ մեկը ընտրված է պատահականությամբ կամ, որ ավելի վատթար է` սուբյեկտիվ մղումներով, ուրեմն այդ մրցանակը մեկընդմիշտ կորցնելու է իր խորհուրդն ու իմաստը»:Իսկ ահա Վարուժան Նալբանդյանի վերաբերմունքը կտրուկ է ու ժխտական` «Գրական մրցանակներն ինձ ավելորդ են թվում: Դրանք էլիտայի նման մի բան են ստեղծում, որի անդամները չարաշահելով այդ նույն մրցանակները, ճնշում են գործադրում և´ խմբագրությունների, և´ գործընկերների վրա: …Մրցանակաբաշխության արդարացիությանը որոշ կասկածանքով եմ վերաբերվում: Երբեմն մրցանակաբաշխությունից շատ առաջ արդեն հայտնի է լինում մրցանակակիրը: Այսինքն` դա ձևական բան է: Փող են տալիս նրանց, ում ուզում են: Իսկ ուզում են փող տալ իրենց մերձավորներին»: Միանգամից ասեմ, որ հիմա ինձ ճշմարիտ են թվում բոլոր այս տեսակետներն էլ, սակայն երկար ժամանակ վերջին երկու պատասխանները, հատկապես երկրորդը, մի տեսակ տարօրինակ էին թվում, թյուրիմացության պես մի բան, քանզի ինձ համար գրական մրցանակները ուղեցույց են եղել գրեթե միշտ, կողմնորոշել են, հուշել, ակամա հետաքրքրություն առաջացրել դրանց արժանացած գրքերի ու հեղինակների հանդեպ, որովհետև մտածել եմ, որ դրանք հենց այնպես չեն տրվում, անպայման ինչոր կարևոր արժեք իրենցից ներկայացնում են ու որ դրանք շնորհող հանձնաժողովների կազմում ընդգրկված են գրական չափանիշներն ամեն ինչից վեր դասող անկաշառ մարդիկ: ՈՒ եթե հանկարծ մրցանակակիր որևէ գիրք չի համընկել իմ  գեղագիտական ճաշակին և արժեքավոր գրքի իմ ըմբռնումներին, մտածել եմ, որ ինչոր բան գուցե առայժմ ինձ հասու չէ: Դա հեռվից: Կամ, որ ավելի ճիշտ է` դրսից: Իսկ ներսում հանկարծ պարզում ես, որ տրվող գրեթե յուրաքանչյուր գրական մրցանակ պատճառաբանվածություն ունի: Հատու´կ պատճառաբանվածություն: Որ երբեմն ամեն ինչի հետ առնչվում է, բացի այն գրքից կամ ստեղծագործությունից, որի համար տրվել է մրցանակը: Ասենք` այդ տարի տվյալ բանաստեղծի հիսունամյակն էր լրացել (ուշարժան է, որ նաև` վաթսունամյակը, յոթանասունամյակը, բայց հետաքրքիր է` երբեք քառասունամյակը կամ… էլ չասեմ) կամ ծանր վիրահատության էր ենթարկվել ու շատ փող ծախսել, կամ` էս անգամ էլ նրան տանք, վաղուց չի ստացել կամ երբեք չի ստացել, էլ չեմ ասում` բարեկամ, ծանոթ, հարազատ հավերժական կատեգորիաների մասին… Այս իմաստով` հոդվածիս վերնագրում հասկացությունների տրամաբանական հերթականությունն է, այնինչ` առավել իրատեսորեն մտածելու դեպքում թերևս ՄՐՑԱՆԱԿՆԵՐը սկզբնադիր վիճակում պետք է լիներ, քանզի, ցավոք, առաջնայինը դա է և սակավ դերակատարություն ունեն գեղարվեստական արժանիքն ու գեղագիտական չափանիշը: Այսօր (ավելի ճիշտ` պարզվում է` արդեն վաղուց) մեզանում կարծես թե այնքան էլ էական չէ, թե տվյալ գրողն ու նրա որևէ գիրքը ո՞ր մրցանակաբաշխությունում են հաղթող ճանաչվել, էականը տվյալ մրցանակաբաշխության սահմանած մրցանակն է` գումարը, էլ ավելի ճիշտ` գումարի չափը: Համենայն դեպս` բանավոր քննարկումներում այս հանգամանքը շատ է ընդգծվում: Ըստ այդմ էլ` առավելապես կրքեր են բորբոքվում ՀՀ պետական մրցանակի շուրջ, քանզի, ցավալի փաստ է, մեր ժամանակներում այդ մրցանակը գրողին ոչ թե կամ ոչ այնքան փառք է բերում, այլ ու որքան… փող: Թեպետ, անշուշտ, և ուրիշ կերպ չէր էլ կարող լինել, վեճերի ու վիճաբանությունների արտաքին հատույթում շոշափվում են գեղագիտական, երբեմն` բարոյական բնույթի հարցեր:

Ի վերջո, 2001ին ՀՀ պետական մրցանակ գրականության բնագավառում չտրվեց: Հենց այդպես: Ստացվեց, որ լավ գրականություն չկա կամ կա, բայց չի գնահատվում, գրական միջավայրը չմաքրվեց, իսկական հեղինակ չմատնանշվեց… Ստացվեց, որ սուբյեկտիվության գործոնը անպայման ինչոր դեր խաղացել է, փող տվողը մերձավոր չի ունեցել մրցանակին հավակնողների շարքում… Դատելով արձագանքներից` նույնիսկ մրցանակ չտալն էլ ուներ հատուկ պատճառաբանվածություն: «Գրական թերթը» նոր հարցով դիմեց գրական աշխարհի մարդկանց` «Ինչո՞վ եք բացատրում, որ գրական որևէ ստեղծագործություն ՀՀ պետական մրցանակի չարժանացավ» (2001, թիվ 27): Պատասխանները տարբեր էին, հաճախ իրարամերժ, բայց ավելի հաճախ խոսվում էր չարակամությունից, սխալ կազմված հանձնաժողովից ու հատկապես հանձնաժողովի նախագահից… Մրցանակաբաշխությանը «Ժամերգություն» բանաստեղծական ժողովածուով ներկայացված Արմեն Մարտիրոսյանն, օրինակ, ասում էր. «…սրանից հետո, քանի որ պետական մրցանակներ շնորհող հանձնաժողովի նախագահը չի փոխվելու (թերևս կփոխվի կազմը, բայց ոչ նախագահը), առաջարկում եմ գրականության և առհասարակ եղած բոլոր մրցանակները տալ այդ հանձնաժողովի նախագահին, որպեսզի, ո՛վ գիտի, մի օր բանաստեղծ դառնա…»: Քանի որ այս պատմությունն արդեն բավականին հին է և շատ բան մոռացված, կարծում եմ` արժե հիշեցնել հանձնաժողովի նախագահի անունը` ՀՀ Նախագահի խորհրդական (այդ ժամանակ) Ռազմիկ Դավոյան: Շեշտեմ` բանաստեղծ Ռազմիկ Դավոյան:  Բնականաբար, ըստ շատերի` նա է նպաստել մրցանակն իր գրչակիցներից որևէ մեկին չտալուն, ըստ ամենայնի` գրողական նախանձից դրդված: «Պետությունը գրականության նկատմամբ իր վերաբերմունքը պիտի դրսևորի ոչ իշխանական ամբիոններին մոտ կանգնած մտավորականների ձեռամբ, որովհետև նրանք կուսակցական ու հազարումի այլ շահեր կարող են ունենալ»,– ասում էր Հովիկ Հովեյանը: Չար բամբասա՞նք է: Չգիտեմ: Սակայն փաստ է, որ ՀՀ Նախագահը կարճ ժամանակ անց կազմալուծեց Դավոյանի գլխավորած հանձնաժողովը: Բայց մյուս կողմից էլ դեռ հարց է` այդ հանձնաժողո՞վն էր իրավացի` մրցանակ չտալով (անկախ պատճառներից), թե՞ այս ընթացքում արդեն երկու պետական մրցանակ շնորհած հանձնաժողովները: Ե´վ Արտեմ Հարությունյանի «Հուդայի արձակուրդը» (2003 թ. դափնեկիր),  և´ հատկապես Հենրիկ Էդոյանի «Երեք օր առանց ժամանակի» (2005 թ. դափնեկիր) բանաստեղծական ժողովածուներն ունեն գեղարվեստական անուրանալի արժանիքներ և վերջին տարիների լավագույն գրքերից են, բայց ես կարծում եմ, որ գոնե պետական մրցանակը պետք է տրվի բացառիկ գրքերի, գիրք, որ իրմով նշանավորել է գրական ընթացքի որևէ հանգրվանային վիճակ: Եվ ի՞նչ պարտադիր է, որ պետական մրցանակը շնորհվի երկու տարին մեկ (եթե այն իսկապես գրողներին ֆինանսապես օգնելու միջոց չէ լոկ), չէ՞ որ գրական ընթացքի ամեն մի նոր շրջափուլ իրեն հաստատում, ինչոր հանգրվանի է հասնում ութտասը, երբեմն նույնիսկ տասնհինգ տարում:
Ամեն դեպքում, գրականության բնագավառում պետական մրցանակ չշնորհելը 2001ին ընկալվեց որպես վիրավորանք ընթացիկ գրականության հասցեին: «Հայրենի գրականության արտն այդքան ցանցառ չէր, որքան մրցանակի բացակայությունն է ենթադրել տալիս»,– Հրանտ Մաթևոսյանն այսպես ասաց: Նրա կարծիքով` «Լավ կլիներ, եթե հանձնախումբը չհետևեր մրցանակաբաշխության կանոնադրությանը և մրցանակով նշեր այնպիսի խոշոր անհատականությունների, որպիսին Աղասի Այվազյանն է, Հրաչյա Սարուխանը…»: Նման մի տեսակետ էլ Հովիկ Հովեյանն արտահայտեց. «Ես կարծում եմ` մրցանակը Աղասի Այվազյանին կարելի էր միայն անվան համար տալ»:
Հաջորդ տարի հիմնադրվեց ՀՀ Նախագահի մրցանակը և առաջինը այն շնորհվեց Աղասի Այվազյանին` «Մանչերը» թատերական վեպի համար: Ի՞նչ է ստացվում` նշվեց խոշոր անհատականությու՞նը, անվան համա՞ր տրվեց, մե՞ղք էին քավում` նրա մեծությունը հանիրավի անտեսելու համար… Հակված եմ մտածելու, որ այո, քանզի մրցանակակիր վեպն ապահովում է այվազյանական բնագրի միջինից հազիվ բարձր մակարդակ և նրա լավագույն գործերի թվին չի պատկանում հաստատ: Այսինքն` մի կողմ դրվեց գեղարվեստական չափանիշը: Եվ գոնե լավ է, որ այս պարագային գործել են բարոյաբանական դրդիչներ:
Ընդհանրապես, գոնե սկզբնական շրջանում ՀՀ Նախագահի մրցանակը գրականության բնագավառում մի տեսակ այլընտրանքայինի տպավորություն էր թողնում: Նկատի չունեմ միայն պետական մրցանակի պարագան: 2004ին ՀՀ Նախագահի մրցանակը շնորհվեց… իհարկե, Ռազմիկ Դավոյանին: Բանաստեղծի, որը վաղուց արդեն մրցանակ շնորհող հանձնաժողովի նախագահ չէր, և բոլորովին վերջերս էր ազատվել ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից: Մեկնաբանություններն այս պարագային թողնում եմ ընթերցողին: Ասեմ միայն, որ գրական որոշ շրջանակներում բամբասանքներ էին շրջում, թե մրցանակի արժանացած գիրքը` «Ծիտիկը ցուցահանդեսում» մանկական բանաստեղծությունների ժողովածուն, իրականում գոյություն չունի, տպագրվել է մի քանի օրինակով, այսպես ասած` նմուշի համար, որպեզի տրամադրվի մրցանակ շնորհող հանձնաժողովի անդամներին: Ես Ազգային գրադարանում պատվիրեցի և ստացա այդ գիրքը: Գուցե ասեն, թե մի քանի հատ էլ գրադարանի համար է տպագրվել, բայց ինձ ավելի շատ այլ հարց է հետաքրքրում` ուրիշ էլ ի՞նչ գրքեր են ներկայացված եղել, որ հանձնաժողովը ստիպված է եղել մրցանակ շնորհելու ոտանավորների այդ սովորական գրքույկին: Եվ, ընդհանրապես, ես առաջարկում եմ, որ ՀՀ պետական և ՀՀ Նախագահի մրցանակները շնորհող հանձնաժողովների անդամները մրցանակը շնորհելուց հետո անպայման մամուլում հանդես գան տվյալ գիրքը վերլուծողներկայացնող հոդվածով, թե չէ հաճախ այն տպավորությունն ես ստանում, թե առանց գրքերը կարդալու են որոշում կայացրել, զուտ հեղինակի անվան, այսպես ասեմ` հմայքին ենթարկվելով: Իզուր չէ տարվա հատույթում լավագույն երկերը առանձնացնող երիտասարդ քննադատների հեգնանքը. «Ի տարբերություն գրական մրցանակներ շնորհող հանձնաժողովների, առանձնացված գրական երկերը ներկայացնում ենք «բաց ու թափանցիկ» ընթերցումներով» (Գարուն, 2006, թիվ 12, էջ 89):
Եթե իրոք մրցանակաբաշխություններն ու մրցանակները միտված են լավ գրականությունը ընդհանուր մակերևույթից բարձրացնելցուցանելու, ապա այս առումով մեր գրական դաշտում ամենակարևորները ՀԳՄ սահմանած մրցանակներն են ըստ ժանրերի` պոեզիա, արձակ, թատերգություն, հրապարակախոսություն, գրաքննադատություն: Քննադատության ժանրային տեսակներից մեկի անվանումով եթե սահմանեմ, ապա դրանք, իսկապես արժանի գրքերին հանձնվելու պարագային, յուրօրինակ տարեկան տեսություններ կարող են դառնալ, և որոշ առումներով կլրացնեն քննադատների թողած ինչինչ բացեր: Մանավանդ որ` գումարային առումով, բարեբախտաբար, ՀԳՄ մրցանակներն այնքան էլ գայթակղիչ չեն: Սակայն տպավորությունս այնպիսին է, որ այստեղ էլ ամեն ինչ հարթ չէ: Մի տեսակ խիզախումն է բացակայում ՀԳՄ մրցանակաբաշխությունում և իմիջիայլոցություն է նկատելի: 20012005 թթ. ընթացքում ՀԳՄ մրցանակին արժանացած գրքերից ու ստեղծագործություններից շատ քչերն են, որ գրական արդի ընթացքում իսկապես որևէ լուրջ դերակատարություն են ունեցել: Էլ չեմ ասում, որ երբեմն խախտվում են տարրական պայմաններ: Հիշեցնեմ, որ մրցանակաբաշխությունն ամենամյա է և կոչված է արժևորելու տվյալ տարվա հունձքը, այնինչ` 2001ին Վահան Վարդանյանին շնորհվել է պոեզիայի մրցանակը` 1998ին լույս տեսած «Խռովք» ժողովածուի համար: Կամ` Արմեն Մարտիրոսյանի «Արգելված պտուղը» գիրքը 2005ին արժանացել է պոեզիայի մրցանակին այն դեպքում, երբ գրքի կեսից շատ ավելին թատերգություն է: Հատկանշական է, որ նշված ժամանակահատվածում ՀԳՄ մրցանակաբաշխությունը այդպես էլ չի նշանավորել գրական ընթացքի զարկերակը իրապես կենդանի պահող այնպիսի գրողների, ինչպիսիք են` Աղասի Այվազյանը, Հովհաննես Գրիգորյանը, Լևոն Խեչոյանը, Հենրիկ Էդոյանը, Վարուժան Այվազյանը, Արտեմ Հարությունյանը, Էդվարդ Միլիտոնյանը, նաև` Հուսիկ Արան, Սուսաննա Հարությունյանը…, թեպետ այլ մրցանակաբաշխություններում նրանցից շատերի հաղթանակը (վերն այլ առիթներով հիշատակվածներին ավելացնեմ, որ Հովհաննես Գրիգորյանը 2002ին արժանացել է «Վահագն» մրցանակի` «Հրեշտակներ մանկության երկնքից» ժողովածուի համար, Էդվարդ Միլիտոնյանը` 2005ին ՀՀ Նախագահի մրցանակի` «Վահագն Վիշապաքաղի արկածները» վիպասքի համար, Լևոն Խեչոյանը` Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակին` «Հողի դողը» գրքի համար) մղում է ենթադրության, որ այդ ամենը փոխպայմանավորված է` «հո բոլոր մրցանակները (փողերը) դրան չպիտի տանք, էս մարդն էլ վերջապես գրող է» տրամաբանությամբ: Իհարկե, կան առանձնաշնորհյալ հեղինակներ ու գրքեր, որոնց պարագային նշված տրամաբանությունը չի գործում. Արմեն Շեկոյանի «Երևան հյուրանոց» ժողովածուն 2003ին արժանացել է ՀԳՄ պոեզիայի, իսկ 2004ին Թեքեյան մրցանակներին, Ալեքսանդր Թոփչյանի «Եվ անգամ մահից հետո» վեպը 2005ին ՀԳՄ արձակի, իսկ 2006ին ՀՀ Նախագահի մրցանակներին:
Իհարկե, մրցանակը մեկն է, հավակնորդները` շատ, բայց սա առավել քան պարտավորեցնում է` իսպառ, կրկնում եմ` իսպառ, ոչ հնարավորինս, զերծ մնալ սխալներից: Ամեն դեպքում, ես ինքս կարևոր եմ համարում (նույնիսկ հատուկ պատճառաբանվածության առկայության պարագային), որ ՀԳՄ մրցանակով նշանավորվել են Վահագն Գրիգորյանի «Թռչունի հոգին» վիպակը, Հրաչյա Թամրազյանի «Զվարթ գիտություն» ժողովածուն, որոնք կարևոր գրքեր են արդի հայ գրականության համապատկերում, ինչպես նաև Ժենյա Քալանթարյանի նախանձելիորեն բեղմնավոր ու օգտակար աշխատանքը քննադատության ասպարեզում: Ի դեպ, այդ երեք մրցանակներն էլ շնորհվել են նույն` 2002 թվականին:
Ցավալի է, իհարկե, որ փողը կարևորվում է մրցանակ հասկացության պարագրկումներում, սակայն կա վտանգավոր մի ըմբռնում ևս, որի մասին արժե խոսել: Առկա է այն մոլոր տեսակետը, թե մրցանակի արժանանալով՝ տվյալ գիրքը ինչոր լրացուցիչ գրականգեղարվեստական արժանիքներ է ձեռք բերում: Եվ երբ ասում ես` պոետ չես, գիրքդ գիրք չի, անմիջապես աչքդ է խոթում` էսինչ, էսինչ ու էսինչ մրցանակների է արժանացել հենց քո մերժած էդ գիրքը: Իմ աչքին անմիջապես արժեզրկվում են էդինչ, էդինչ ու էդինչ մրցանակները, բայց այդ կերպ շատերի աչքին գիրքն է արժևորվում, դա իր հերթին առթում է բարձրագոչ գնահատումներ ու այդպես ընկնում են չափանիշները: Այդպիսի մի պատճառով` Թեքեյան մրցանակն ինձ համար այլևս ոչ մի հետաքրքրություն ու արժեք չի ներկայացնում, անկախ այն հանգամանքից, թե այսուհետ ինչ գրքեր կարժանան դրան: Եթե արժեքավոր գրքի փոխարեն մրցանակ է շնորհվում գրական խոտանին…, ապա ո՞րն է այդ գրական  մրցանակի խորհուրդը խորին: Էլի ասեմ` մրցանակի արժանացած լինելու փաստը բուն գրքին ոչ մի արժանիք չի ավելացնում, սակայն դրա հույսը Սարգիս Վահագնի «Արշիլ Կորքի» վեպին Թեքեյան մրցանակ շնորհողները երևի ունեցել են: Գրականագիտությունը դեռ կընթերցի, կարժևորի ու կվերլուծի Վարուժան Այվազյանի «Համեմատական կենսագրություններ» վեպը, այնինչ` այդ վեպից «արժանավոր» համարվածը այդպես էլ կմնա մակերեսայինգովաբանական «վերլուծումի» այն մակարդակին, որ առկա է ինձ ծանոթ երկու հրապարակումներում (Գրետա Մնացականյան, «Մենության վախճան», Գթ, 2005, թիվ 6 և Զեփիւռ Թամերեան, «Արշիլ Կորքի». հեղինակ` Սարգիս Վահագն», Շիրակ, ամսագիր գրականութեան եւ արուեստներու, 2005, յունուարփետրուարմարտ): Եվ այս խորքին ուղղակի զավեշտալի է այդ գրքին տված մրցանակն արժևորողարդարացնող այսպիսի զեղումը. «Սարգիս Վահագնին շնորհած մրցանակը մի տեսակ փոխհատուցում է հայոց ազգային հպարտություն, աշխարհահռչակ Արշիլ Գորկու կրած անագորույն տառապանքներին» («Գրական թերթ», 2006, թիվ 6):
Մրցանակաբաշխությունները զգալի չափով վնաս են հասցնում նաև գրաքննադատությանը, նպաստում բաժակաճառային գրախոսությունների ու տարաբնույթ այլ հոդվածների քանակական աճին: Բնականաբար, պետք է մրցանակաբաշխությունից առաջ որոշակի դրական (ցանկալի է` գերդրական) կարծիք ստեղծել տվյալ գրքի մասին կամ մրցանակն ստանալուց հետո պետք է ինչոր կերպ ի ցույց դրվեն այդ գրքի արժանիքները, արդարացվի մրցանակը հենց տվյալ գրքին տալը: Վստահ եղեք, եթե տարբեր պարբերականներում գրեթե միաժամանակ հոդվածներ են տպագրվում որևէ գրքի մասին, ապա այն հաստատ ներկայացված է որևէ մրցանակաբաշխության: Ցավալին, չէ, ամոթալին այն է, որ քննադատության «աննախադեպ» հետաքրքրությունը գրքի հանդեպ, մեծ մասամբ հեղինակների սարքածն Է: Խորհրդային տարիների «Գրական թերթում» «Ներկայացված է պետական մրցանակի» խորագիր կար, որի ուղղահայացում գրախոսվում էին գրական այդ բարձրագույն մրցանակին հավակնող գրքերը: 2001ին էլ կարծես թե այդպես էր: Համենայն դեպս, «Գրական թերթում» ներկայացվեց այն գրքերի ցանկը, որոնք «ՀԳՄ նախագահության ձևավորած հանձնաժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ներկայացված 25 հայտերից» ՀՀ պետական մրցանակի էին առաջադրվում. 7 հեղինակի 9 գիրք. Զորի Բալայանը ներկայացված էր երեք գրքով: Այնուհետև Սևակ Արզումանյանը գրախոսեց Զորի Բալայանի գրքերը, իսկ Հենրիկ Էդոյանը` Վիգեն Իսահակյանի «Հայրս» հուշագրությունը: Հետագայում այս, իմ կարծիքով, կարևոր ավանդույթը վերացավ: Մեծ հաշվով` գրեթե ոչ ոք չգիտե ինչ գրքեր են ներկայացված գոնե պետական ու Նախագահի մրցանակներին և այդ դեպքում արժանի էր, թե արժանի չէր խնդիրը մի տեսակ առկախ է մնում, զուրկ հիմքից: Այն տպավորությունն ունեմ, որ նույնիսկ հեղինակները ամեն ջանք գործադրում են, որ գիրքը մրցանակաբաշխությանը ներկայացնելու պարագան ամեն կերպ գաղտնի պահվի և օրեցօր շատացող գրախոսությունները այլ լույսի տակ դիտվեն: «Ներկայացված է պետական մրցանակի» խորագիրն այս պարագային գուցե շատ բան չէր փոխի, բայց գոնե այդ ամոթալի միտումը իր թաքուցյալ ճչանությունից կզրկեր. բացահայտ ճչանությունը, հավատացեք, գերադասելի է:

Հետգրություն
Այս հոդվածը գրվել է տարիներ առաջ: Վերջերս վերընթերցեցի ու հասկացա, որ ոչինչ չի փոխվել: Տխրեցի, որ այսօր էլ այն հրատարակելու անհրաժեշտություն կա: Շահնուրն իր «Նահանջը առանց երգի» վեպի առիթով այսպիսի մի խոստովանություն է արել. «Գրողի մը համար որ հասարակական ախտ մը մատնանիշ ըրած է, չկա ավելի լավ բան, քան իր գրվածքին հիննալը»: Դա կնշանակեր, որ այդ ախտից հասարակությունն ազատվելէ: Ավաղ:
Այս տարի ՀՀ Նախագահի մրցանակին արժանացել է Վահագն Մուղնեցյանի «Տաբու» վեպը: Չեմ ուզում քննարկել այս վեպի առավելություններն ու արժանիքները, թերություններն ու այլ հարցեր: Պարզապես ասեմ, որ հենց նա էր ՀՀ Պետական մրցանակի (որի հիմնական հավակնորդներից էր)  արդյունքներից գլխավոր դժգոհողը: ՀՀ Պետական մրցանակը տրվեց Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը» վեպին, ՀՀ Նախագահի մրցանակը կրկին ծառայեց իբրև այլընտրանք` բերան փակելու, ավելորդ աղմուկներից խուսափելու, լավ հարաբերություններ պահպանելու ու էլ չգիտեմ ինչերի համար…

 

© Արքմենիկ Նիկողոսյան, 2006թ.

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *