Լյուդմիլա Պետրուշևսկայա | Այ էսպիսի աղջիկ

Հիմա նա ինձ համար ասես մեռած լինի, իսկ գուցեև իրոք մեռել է, թեև՝ էս ամսվա մեջ մեր շենքից ոչ ոքի չեն թաղել։ Մեր շենքը սովորական հինգհարանի շենք է, անվերելակ, չորս մուտքով, ճիշտ մի էդպիսի շենք էլ դիմացն է և այլն։ Եթե նա մեռներ, միանգամից հայտնի կդառնար։ Ուրեմն ինչ-որ կերպ դեռ ապրում է։

Հրես՝ տես․ ինձ մոտ չլրացված քարտերի արկղին լուսանկար կա փակցված․ կոնտակտ է։ Նա է, Ռաիսան, Ռավիլյան, շեշտը վերջին վանկի վրա, թաթարուհի է։ Էս կոնտակտի վրա ոչ մի բան չես տեսնի․ դեմքին թափված մազեր, երկու ոտք ու երկու ձեռք․ Ռոդենի «Մտածողի» կեցվածքով։

Նա միշտ էդպես է նստում, նույնիսկ վերջերս՝ իմ տարեդարձին։ Ես նրան առաջին անգամ էի տեսնում ուրիշների հետ հարաբերվելիս, մինչ էդ մենակ իրար մեջ էինք շփվել, երկու-երկու՝ նա ու իր Սևան և ես ու իմ Պետրովը։

Պարզվեց՝ նա պարել էլ չգիտի և նստել էր մկան պես լուռ։ Պետրովս նրան դուրս քաշեց պարելու, բայց նա էդ պարից հետո մեկեն գնաց տուն։

 Հա, նա պարել չգիտի, բայց որպես պոռնիկ պրոֆսիոնալ է։ Որտեղի՞ց էր Սևան նրան  ճարել, ո՞ր փոսից էր քերել-հանել։ Դեռ նոր գաղութից դուրս եկած՝ նա նորից ձեռքից ձեռք էր անցել, իսկ Սևան բռնել ու նրա հետ ամուսնացել էր։ Սևան, սիրտը լցված մի պահի, ինքն սա պատմեց, բայց ահավոր երդմամբ խնդրեց, որ ոչ ոքի չասեմ։ Նա նրա հոր մասին էլ պատմեց, թե ոնց է Ռաիսան հինգ տարեկանից դեղահաբերի տուփեր սոսնձել, ինքն ու մայրը հոր գործն էին անում, էդպիսի աշխատանք հայրն էր իր համար ճարել, որովհետև հաշմանդամ էր։ Իսկ հետո մայրը սրտի հիվանդությունից մեռել է հիվանդանոցում, և հայրը սկսել է բացեիբաց իրենց սենյակ կանայք բերել։ Մի խոսքով՝ ահավոր բաներ։ Եվ՝ թե ոնց է Ռաիսան տնից փախել, ընկել է ինչ-որ տղերքի մոտ՝ դատարկ բնակարան, և սրանք նրան մի քանի ամիս բաց չեն թողել, մինչև որ հետո, մի որոշ ժամանակ անց, էդ բնակարանը բացահայտել են։ Բայց էս ամենը պատմություն է, դա հիմա ոչ ոքի չի վերաբերվում, այլ կարևորն էն է, որ Ռաիսան հիմա էլ է դրանով զբաղվում։

Սևան գնում է գործի, նա մնում է տանը․ ոչ մի տեղ չի աշխատում։ Սևան նրա համար ճաշ է թողնում, գործից գալիս է տուն, իսկ նա նույնիսկ չի տաքացրել, նույնիսկ խոհանոց չի մտել։ Պառկում է օրերով, ծխում է կամ խանութներով թրև գալիս։ Կամ էլ լաց է լինում։ Ոչ դես ոչ դեն՝ սկսում է լացել, լացում է չորս ժամ շարունակ։ Եվ իհարկե հարևանուհին, դեմքը սփրթնած, վազ է տալիս մոտս, թե՝ հասեք փրկեք Ռայեչկային, լաց է լինում։ Եվ ես վալիդոլ ու վալերյան առած՝ սլանում եմ։ Թեև ինձ հետ էլ է պատահում –  բայց ոչ հենց էնպես, անառիթ, – որ ուզում ես պառկես ու մեռնես։ Բայց թե հոգուս մեջ ինչ է կատարվում, ինչ դժվարություններ եմ ստիպված լինում տանել՝ ոչ ոք չգիտի։ Ես ոչ բղավում եմ, ոչ էլ թափթփված անկողնում գալարվում։ Մենակ երբ Պետրովս առաջին անգամ ինձ լքեց, երբ նա էդ Ստանիսլավայի հետ ուզում էր ամուսնանալ ու նրանք արդեն պարտքով փող էին փնտրում ապահարզանի ու կոոպերատիվի համար և իմ Սաշային ուզում էին որդեգրել, – մենակ էդ ժամանակ կյանքումս միակ անգամն ինձ կորցրի։ Բան չունեմ ասելու, էն ժամանակ Ռաիսան ինձ պաշտպանում էր իր երեխու պես, և եղունգնելով Պետրովին վրա պրծավ։

Սա Պետրովիս հետ տարին երեք-չորս անգամ լինող բան է, էդպիսի սեր է՝ հավերժական ու անվերջ։ Սա արդեն գիտեմ։ Բայց սկզբում, երբ առաջին անգամ ինձնից հեռանում էր, քիչ էր մնացել ինձ մեր երրորդ հարկից գցեի։ Ամեն ինչ շուտ վերջացնելու անհամբերությունից ոտից գլուխ դողղում էի, որովհետև նա նախորդ օրն ինձ ասել էր, որ   Ստանիսլավային պիտի բերի՝ Սաշայի հետ ծանոթացնելու։ Սաշային առավոտ կանուխ տարա մորս տուն՝ Նագորնի, իսկ հետո վերադարձա ու  ամբողջ օրը սպասում էի նրանց։ Հետո էլ բարձրացա լուսամուտի գոգին ու սկսեցի կապել խոհանոցում Սաշայի տակաշորերի համար մի քանի շարքով Պետրովի ձգած լարից մնացած կտորը։ Լարը ամուր էր՝ քլորվինիլով մեկուսացված։ Ես լարը կապեցի մեծ գամին, որը վաղուց Պետրովը մեխել էր բետոնե պատի մեջ, որպեսզի քիվը ամրացնի։ Էն ժամանակ էս բնակարանը նոր էինք ստացել, ու դեռ Սաշան էլ չկար, և ես հիշում էի, որ Պետրովը համարյա մի ժամ խփում էր պատին։ Ես լարի ծայրը փաթաթեցի գամին, բայց լարը ողորկ էր, և մերակը գամից հա պլստում էր։ Բայց ես այնուամենայնիվ փաթաթեցի լարը, մյուս ծայրն օղակ արեցի վզիս համար, մի կերպ գլուխ բերի ինչը որտեղ կապեմ։ Ու հենց էդ պահին աստիճաններից մեր սենյակը բանալիով սկսեցին բացել։ Ես աշխարհում  ամեն բան մոռացել էի, անգամ Սաշայի մասին էի մոռացել, ու մեն մի բան էի հիշում, որ նրանք ուզում էին Սաշային որդեգրել, և դրանից նա արդեն կարծես պղծված լիներ, կարծես ե՛ս չէի նրան ծնել, ե՛ս չէի կերակրել։ Ու ես վախեցա, որ արդեն Պետրովը Ստանիսլավայի հետ բնակարան է մտնում, և փեղկի բռնակն էնպես թափով քաշեցի, որ ծեփոնը սկսեց ճթճթաց։ Ձմռանը մենք լուսամուտները սոսնձում էինք ծեփոնով։

Իսկ սենյակում արդեն մութ էր։ Լուսամուտից էն կողմ դիմացի շենքն էր՝ դատարկ ու անլույս, դեռ չէին բնակեցրել, միայն քիչ ներքևում փողոցի լապտերն էր վառվում։ Ես մի անգամ էլ թափով քաշեցի բռնակը, էնպես որ փեղկը նունիսկ տեղի տվեց։ Եվ էդ պահին սենյակ մտավ Ռաիսան ու նետվեց ոտքերս գրկելու։ Նա թույլ էր, իսկ ես ուժեղ էի ու էդ պահին մոլեգնած, բայց նա շան պես կառչեց ոտքերիցս ու անընդմեջ պնդում էր․ «Միասին, միասին, ինձ սպասիր»։ Իսկ ես էն ժամանակ մտածեցի՝ դու ի՞նչ ես խցկվում ախր, դո՞ւ ինչ դարդ ունես․ նույնիսկ մի տեսակ վիրավորական էր ինձ համար։ Իմ, կարելի է ասել, կյանքս է փլուզվել, մարդս ինձ լքել է, լքել է երեխու հետ և ուզում է էդ երեխուն խլել, – իսկ քե՞զ ինչ է եղել։ Բայց Ռաիսան ծունկը հա խցկում էր բաց լուսամուտի մեջ, թեև մեր երրորդ հարկից խոր ձյան մեջ նետվելը՝ առանց վզիդ օղակ հագցնելու, ծիծաղելի է։ Եվ ես նրան ամբողջ ուժով հետ հրեցի ու ձեռքս դիպավ դեմքին, իսկ դեմքը թաց էր, լպրծուն, սառցե։ Ես պատուհանից ներս ցատկեցի, փեղկը փակեցի, իսկ ծեփոնը լրիվ կծկվել էր և դա ձգելու որևէ հնար չկար, ու ձեռքերս էլ ինձ վատ էին ենթարկվում։

Էդ դեպքից հետո ինձ մեն մի բան մնաց․ պաղություն գլխիս մեջ։ Չգիտեմ, էստեղ գուցե թե Ռաիսան դեր խաղաց, բայց ես հասկացա, որ հոգու առաջին իսկ ճիչին տուրք տալով անիմաստ դես ու դեն ընկնելը, էդ ամենը իմը չէ։ Խի՞ Ռաիսային հավասարվեմ։

Եվ պարզվեց, որ ամեն բան իրոք պետք էր խելքով անել։ Ես էնպես արեցի, որ շուտով էդ Ստանիսլավան հեքիաթ դարձավ։ Պարզվեց դա շատ հեշտ էր, որովհետև Պետրովն ինձ մոտ հիմարաբար բերանբացություն արեց, թե նա որտեղ ու ինչ է աշխատում, դե իսկ անունը հազվադեպ էր։ Հետո Պետրովս ուրիշներին ունեցավ, շատերին ես նույնիսկ անուններով չգիտեի և նրանց վրա թքած ունեի, ուր մնաց թե լուսամուտից նետվեի կամ կախվեի։ Եվ երբ նա ինձ հետ բաժանվելու մասին խոսք էր բացում, ես բանի տեղ չէի դնում։ Նրա լացն ու բառերը, թե ինձ ատում է՝ ինձ վրա չէին ազդում։ Ես քմծիծաղով նրան սոսկ ասում էի՝ «Ինձնից, անուշս, չես փախչի։ Եթե դու շիզոֆրենիկ ես, ուրեմն գնա բուժվիր»։

Բայց իսկն ասած՝ նա անելանելի դրության մեջ էր․ գիտեր, որ ես իր սենյակից դուրս գրվողը չեմ։ Գնալու տեղ չունեի։ Մեր տասնվեց քառակուսին երկու առանձին սենյակների հետ փոխանակելն անհնար էր։ Եվ մի բան էլ․ երբ Սաշային ունեցանք, Պետրովին իր գործարանում եկսենյականոց բնակարան խոստացան։ Էդ պատճառով էլ ես ամեն անգամ գիտեի, որ նա կֆռֆռա ու էլի հետ կգա, որովհետև երբ շենքը կառուցեն ու ցանկացողների մասին հարց դրվի, նրան, միայնակ, դեռ մի բան էլ՝ բաժանված, ոչ մի բան էլ չեն տա։ Իսկ երբ արդեն երկսենյականոց բնակարան ստանանք, էդ ժամանակ էլ կարելի կլինի փոխանակել ու բաժանվել։ Էնպես որ՝ ամեն անգամ Պետրովը մնում էր ինձ հետ՝ երկսենյականոց բնակարանի սպասումով։ Իսկ գուցեև բանը հեչ էլ դա չէր, և նա ինձ մոտ էր վերադառնում ո՛չ էդ պատճառով։ Որովհետև ես միշտ զգում էի․ եթե Պետրովը իսկականից նման մղում ունենա, նրա աչքին ո՛չ բնակարան կգա, ո՛չ այլ բան, կհեռանա էնպես, ասես չէր էլ եղել։ Եվ երբ նրա հերթական սիրավեպն ավարտվում էր, նա իրիկունները տանն էր մնում, շոռաչք նայում էր, թե ոնց եմ խոհանոցից սենյակ թռչում, օգնում էր ինձ Սաշայի հոգսը քաշել, նույնիսկ նրան բերում էր մանկապարտեզից ու պառկեցնում էր քնելու՝ երբ ես երեկոյան հերթափոխի էի լինում։ Եվ վերջապես՝ մի շիշ կիսաքաղցր շամպայն էր բերում, իմանալով, որ ես էդ գինին սիրում եմ։ Պիտի ասեմ, որ ես դա միշտ կանխատեսում էի և ինքս էլ իմ կողմից էի պատրաստություն տեսնում։ Նա հոգոց հանելով ասում էր՝ «Հետս կխմե՞ս», – և ես խոհանոցի բուֆետից հանում էի չեխական երկարավիզ գավաթները։ Դա միշտ հուզիչ էր լինում, առաջվա ժամադրության պես, բայց էն տարբերությամբ, որ երկուսս էլ գիտեինք, թե դա էդ օրը ինչով կավարտվի։ Նման կեռմանները մեր կյանքին սրություն էին   հաղորդում։ Եվ Պետրովը ինձ շշնջում էր, որ ես ամենատաքն եմ, ամենաքնքուշը, ամենակրքոտը։

    Իսկ Ռաիսան – նա ախր էդ հարցերում ոնց որ չոր քոթուկ լինի։ Մեր ծանոթ տղերքը, որոնք նրա հետ գործ էին ունեցել, – չի կարելի ասել, թե հետը քնել էին, որովհետև էդ ամենը սովորաբար ցերեկն էր կատարվում, երբ Սևան տանը չէր լինում, և շատ հեշտ ամեն ինչին հասնելու համար նրան սենյակում մենակ բռնացնելն էլ հերիք էր․ տղերքն ասում էին, որ նրա հետ հետաքրքիր չէ և նա իրեն էնպես է պահում, ասես իր համար ոչ թե պարզապես հետաքրքիր չէ, այլ նույնիսկ նողկալի է։ Եվ դրանից հետո նա ոչ մեկի հետ չէր ուզում խոսել, մինչդեռ մարդիկ դրանից հետո խոսել են ուզում․ ախր՝ մարդը հո մենակ կենդանի չէ, մարդը նաև մտածող էակ է, նրան հետաքրքիր է իմանալ, թե ինչով է ապրում էն մարդը, որը իր կողքին է, ու առհասարակով՝ ո՞վ է էդ մարդը։ Պատահում էր՝ ես ու Պետրովը զրուցում էինք ամբողջ գիշեր, հատկապես նրա կեռմաններից հետո, և չէինք կշտանում։ Նա ինձ պատմում էր իր կանանց մասին, նրանց համեմատում էր ինձ հետ, իսկ ես էլի էի ուզում, նրանից նորանոր մանրամասներ էի կորզում։ Եվ մենք միասին ծիծաղում էինք Ռաիսայի վրա, ճիշտ է՝ շատ բարի ծիծաղով։ Ախր մեզ ծանոթ բոլոր տղերքը, բառացիորեն բոլորը, նույնիսկ Պետրովի հայրենիքից մեր տուն ժամանածները, բոլորը եղել էին Ռաիսայի մոտ։ Եվ բոլորն էլ նրա մասին մեզ ամեն ինչ պատմում էին։

Այ, օրինակ, մի տղա կա, Հրանտը, Պետրովի համերկրացի։ Մենք նրան գրել էինք, որ եթե գա ու մենք տանը չլինենք, ապա բանալին պահված է հարևան բնակարանում՝ Ռաիսայի մոտ, նա գրեթե միշտ տանն է լինում։ Մենք արդեն վաղուց էինք բանալին թողնում Ռաիսայի մոտ․ էդպես ավելի հարմար էր։ Եվ նրա բանալին էլ մեզ մոտ էր։ Որպեսզի ավելորդ անգամ մեկմեկու բնակարանի դուռը չզանգեինք, հարևաններին էդ գործին չխառնեինք։

Երբ երկուսս էլ գործից վերադարձանք, տեսանք՝ Հրանտն արդեն նստած է Սաշայի բազմոց-մահճակալին, կարմրատակած, տխուր, Սիսլեյի մենագրությունն է աչքի անցկացնում։ Իսկ մանկական գրապահարանին Ռաիսայի մոտ պահվող մեր դռան բանալիներն են․ մենք միանգամից հասկացանք, սկսեցինք ծիծաղել։ Ես հարցնում եմ՝ «Հը՞, Ռաիսան հո չեմուչում չարե՞ց»։ Իսկ նա, վախեցած, ցնցված, նայում է մեզ։ Հետո, երբ նրան ամեն բան բացատրեցինք, նա սթափվեց ու խաղաղվեց, պատմեց ամենայն մանրամասնությամբ։ Ասում էր, որ երբ նա իր առաջ դուռը բացել է, ինքը նույնիսկ հարցրել է․ «Ինչո՞ւ էդպես վախեցաք ինձնից։ Ես հո չեմ կծում»։ Իսկ նա հետ է ցատկել անկյուն։ Նա մեն մի խալաթով է եղել, տանը միշտ է էդպես ման գալիս։ Եվ ավելացրեց, որ իր տպավորությամբ՝ Ռաիսան ինքն էր ամեն ինչի գնում, որովհետև վախենում էր ինչ-որ բանից, պարզապես վախից ուշքը կորցնում էր։ Եվ դրանից հետո մարդու հոգում գարշելի նստվածք է մնում, ասես վիրավորել է ինչ-որ մեկին, թեև Ռաիսան ծպտուն չի հանում ու չի դիմադրում։

 Բայց մենք նրան հանգստացրինք, որ չհուզվի։ Նա արտաքուստ բոլորին է էդպիսին թվում, էդ առաջին հայացքից է փոքրիկ, սևուկ, մունջ աղջկա տպավորություն թողնում, և պարել էլ չի կարողանում, ու երբ մեզ հյուր է գալիս, սուսուփուս նստում է Սաշայի բազմոց-մահճակալին, և նրան պարելու դուրս քաշելը էնքան էլ հեշտ գործ չի, որովհետև մարդաշատությունից նա վախենում է։ Եվ մեր բոլոր ընկերներն էդ ծուղակն են ընկնում․ բոլորի մեջ որսորդի բնազդն է զարթնում, նրա ձեռքերից քաշքշում են, որ անկյունից դուրս բերեն, իսկ նա ոտից գլուխ դողում է։ Եվ հեռանում է տուն։

Մեր ծանոթության հենց սկզբից նա իմ մեջ մի տեսակ խղճահարություն հարուցեց, ինչպես նորածին կենդանին, ոչ թե փոքրիկ, այլ հենց նորածին, որի անկարությունը մարդու գորով չի շարժում, այլ խայթում է հենց սիրտը։ Էդ խղճահարությանը ոչ մի սեր էլ չի խանգարում, դա զուտ խղճահարություն է, որից մարդու շունչ է կտրվում։

Սկսվեց նրանից, որ գիշերվա չորսին մեր դռան զանգը տվեց՝ առանց հաշվի առնելու, որ մենք իրեն օտար մարդիկ ենք, որ գիշեր է։ Ես դուռը բացեցի․ կանգանծ է իր խալաթով, այտերը՝ թաց, արցունքները՝ կզակից ցած, ձեռքերը՝ գրպաններում, ոտից գլուխ դողում է – և ծխախոտ է խնդրում։ Ես նրան տարա խոհանոց, լույսը վառեցի, Պետրովի վերարկուի գրպանում գտա բացված ծխախոտի տուփը։ Միասին ծխում ենք․ հարցնում եմ՝ «Իսկ ո՞ւր է ձեր Սևան»։ Իսկ նա, աչքերն ուռած, պատասխանում է՝ «Գործուղման է»։ Երկար նստեցինք, ես նրա համար սուրճ եփեցի, մինչև նա դադարեց դողալ։ Հետո զգացի, որ Սաշան քնի մեջ բացվել է, գնացի սենյակ, ծածկեցի նրան, վերադարձա, տեսնեմ նա, աթոռակի վրա կռացած, նորից լաց է լինում։ «Ի՞նչ պատահեց, – հարցնում եմ։ – Երևի մարդո՞ւդ ես կարոտել»։ Նա գլուխը բարձրացնում  է ու ասում․ «Ատոմային ռումբից եմ վախենում»։ Ոչ թե մեռնելուց է վախենում, այլ ռումբից, պատկերացնո՞ւմ ես։ Եվ երևում է, որ չի խաղում․ ինչ-ինչ, բայց նրա մեջ խաղ երբեք չի եղել։ Նա միշտ անում էր էն, ինչը ստիպված էր լինում, և երբեք չէր ձևացնում։ Նա տարօրինակ էր նրանով, որ մեջը հեչ – դիմադրություն ասեմ թե ինչ – չկար։ Մի բան նրա մեջ փչացել էր, ինքնապահպանման ինչ-որ բնազդ։ Եվ դա միանգամից զգացվում էր։

Գնալիս նա շեմին նորից սկսեց լացել ու էդպես էլ գնաց տուն։ Ես նրան հետ չպահեցի․ արդեն լուսանում էր, ինին պիտի գործի գնայի։ Հետո, գործիս տեղը, ես հարևանուհուս մասին աղջիկներին պատմեցի՝ մի էնպիսի աղջիկ է, իսկը աշխարհիս խիղճն է։ Ես նրանով նույնիսկ սկսեցի հպարտանալ։

Եվ մենք արդեն չէինք կարողանում առանց մեկմեկու մի օր իսկ ապրել։ Կամ նա էր Սևայի հետ մեր տանը նստած, կամ մենք՝ նրանց տանը։ Գնում ես ծխախոտ խնդրելու, նա խնդրում է՝ մի քիչ նստիր՝ ծխենք։ Ու՝ երկու ժամ։ Ես նրան ամեն ինչ պատմում էի, այ՝ ոնց որ հիմա քեզ։ Ես էդպիսի մարդ եմ, երբ պատմում եմ, դրանից թեթևանում եմ։ Եվ ահա մենք երկու ժամ նստած՝ համաշխարհային խնդիրներ ենք քննարկում – կյանքի մասին, մարդկանց մասին։ Ես՝ հեչ, հանգիստ նաստել զրուցում եմ։ Ես լավ տնտեսուհի եմ, դեռ առավոտվանից եմ ամեն ինչ արել, արդեն ճաշն էլ է պատրաստ, և երբ երկրորդ հերթափոխի եմ լինում, ճաշից անմիջապես հետո ինստիտուտ եմ վազում։ Իսկ նա հա՛մ չի աշխատում, հա՛մ տանը մատը մատին չի տվել․ ասես իսկի Սևայի կինն էլ չլինի։ Սևան խելագարի պես հա՛մ գործի, հա՛մ խանութ, հա՛մ տուն է թռչում՝ ասես տանը երեխան է լալիս։ Գալիս է, ամեն բան հավաքում, թեև Ռաիսայից, բացի լիքը մոխրամանից, աղբ չէր էլ մնում։ Ափսեները չէր կեղտոտում, Սևան նրա համար ապուրը թողնում էր կաթսայի մեջ, երկրորդը՝ թավայի, իսկ նա իսկի չի էլ բացում, իսկի գդալով չի էլ խառնում։

Սևան նաև նրան բժշկի տարավ, գործի տեղը պարապուրդ խնդրեց, ու տարավ։ Բժիշկը նրան ախտորոշեց լիակատար հյուծում և նույնիսկ համարյա դիստրոֆիա։ Ասես մարդը շրջափակման մեջ է ապրում։ Հալվեի ներարկում նշանակեց։

 Նա իր համար ներարկիչ գնեց, և՝ իսկը զվարճալիք․ ինքն իրեն սրսկում է ծնկից վերև։ Նա ամեն ինչ անում է հերթով-կարգով՝ վիրախծուծները, սպիրտը, ստերիլ բամբակի համար արկղը։ Ասեղը հենց ինքն էլ եռացնում է․ ինչ-որ տեղից դա գիտե։ Հետո նստում է լուսամուտի մոտ ու ասում՝ «Շրջվեք», – և մի տեսակ կամացուկ մզալու ձայն է լսվում, մի տեսակ՝ թշշոց։ Ես ուղղակի ներքուստ սարսռում եմ՝ նայում եմ Սավային – սա՝ սփրթնած, բարավորին հենված կանգնել է։ Իսկ Ռաիսան ասում է՝ «Վերջ, տխմարներ», – իսկ ինքը դեռ ներարիչն էլ չի հանել, դեռ հետևում է, թե ներարկիչից ոնց է վերջին նստվածքը դուրս գալիս։

Էսպես՝ ընկերություն էինք անում, նա իմ պատճառով Պետրովիս հետ քանի՜ անգամ է կռվի բռնվել։ Մի կարգին հայհոյել էլ չգիտի, մենակ ասում էր՝ «Դու իսկական քած ես, հասկացա՞ր»։ Երևի էդպես գաղութում էին հայհոյել։

Պետրովը վերջերս մի աղջկա կպավ, հենց մեզ մոտ էլ աշխատում է՝ Անտոնովայի լաբորատորիայում։ Դու նրան գիտես, էսպիսի՝ լիքը-լիքը, լմփոշ մեկն է, դատարկ տեղ։ Եվ Պետրովս հետևիցս հա գալիս ու գալիս է աշխատավայրս․ թեպետ գիտե, ասենք, որ երկրորդ հերթ եմ ու տուն գնալ չեմ կարող, բայց մեկ է՝ հարցնում է՝ «Տուն չե՞ս գալիս»։ Պատասխանում եմ, որ՝ չէ։ «Էդ դեպքում քեզ չեմ սպասի», – և գնում է ուղիղ դրա մոտ՝ լաբորատորիա։ Եվ նա՝ էդ աղջիկը, որքան որ տարօրինակ է, սկսեց ինձ մոտ՝ քարտարան գալ։ Ու մեկ էլ տեսար Պետրովն է ծլում։ Խոսում ենք դեսից դենից, ու ես դեռ ուշքի չեկած՝ մեկ էլ Պետրովս նրան մեր տուն է հրավիրում։  Նա առհասարակ շատ է սիրում, երբ մեր տուն հյուր են գալիս, պարզապես առանց դրա ապրել չի կարող։ Երբ մեր երեկոն պարապ է լինում, նա մռայլ նստում է, հետո մեկեն տեղից վեր է թռչում ու դուրս գալիս։

Ու հենց էդպիսի մի ժամանակ եկավ, որ էդ պարապը պարտադիր պիտի մի բանով լցվեր։ Դրա մոտենալը ես պարզապես ֆիզիկապես էի զգում։ Նայում էի շուրջս ու ինձ համար նշում բոլոր ծանոթ աղջիկներին ու ինքս ինձ հարցնում՝ սա՞ է։ Մեր տանը էդ միջոցում շատ մարդիկ էին լինում։ Սաշային համարյա վերաբնակեցրել էի Նագորնի՝ մորս տուն, թեև նրա մոտ մի թոռնուհի էլ կար։ Ամեն երեկո՝ հյուրեր։ Ես ու Պետրովը ապրում էինք տենդագին, ասես իջևանատուն լիներ․ գալիս էին խմբերով, կիթար ու գինի։ Ես պատրաստում էի իմ ֆիրմային ուտեստները՝ պոպոքով աղիքից երշիկ՝ ցելոֆանի մեջ, և դեղնուցով ու սև հացի բոված կտորտանքով տապակած սոխ։

Ես նայում էի էդ մատղաշ աղջիկներին, որոնք հասունանում էին ամբողջ ճութերով էն ժամանակ, երբ ես ծնում էի Սաշային, մեծացնում նրան, գնում էի խանութներով, կերակրում էի Պետրովին ու շորերը լվանում, էն ժամանակ, երբ մենք մագնիտոֆոն  ու՝ աճող Սաշայի համար մանկական կահույք էինք ձեռք բերում։ Աղջիկները գրոհի էին գալիս վաշտերով՝ սիրուն, նորաձև սանրված, իրենց աղքատիկ թոշակներով ու ռոճիկներով գործները ճարպկորեն գլուխ բերող, ամեն ինչի պատրաստ, նախահարձակ։ Բայց ես գիտեի, որ նրանցից չէ որ պիտի վախենամ։ Պետրովիս ես, այնուամենայնիվ, գիտեի։ Եվ ես նայում էի էդ բոլոր աղջիկներին ու գիտեի, որ նրան Ռաիսան է պետք, և ոչ թե հենց էնպես, այլ ամբողջ կյանքի համար։

Բայց որքան էլ տարօրինակ՝ նրանց հարաբերությունները ոչ միայն չէին կարգավորվում, այլ նույնիսկ ավելի էին վատանում։ Ռաիսան նրան պարզապես տեսնել չէր կարողանում և մեր տանը նրա ներկայությամբ ավելի ու ավելի քիչ էր հայտնվում։ Նա նրան չէր կարողանում ներել այն, որ ես անլուր՝ ձեռից գնում եմ․ չէ որ ես նրան պատմում էի ամեն ինչ՝ բացի իմ գլխավոր կասկածից։

Եվ ահա հետո նա հյուր է հրավիրում էդ պարարտ լմփոշին՝ երրորդ լաբորատորիայից Նադեժդային։ Նա ունի էդ տարօրինակ սովորությունը․ իր աղջիկներին մեկիկ-մեկիկ անպայման պիտի մեր տուն բերի։ Գլխի չեմ ընկնում, թե ինչն է նրան ստիպում դա անել։ Երբեմն մտածում եմ, որ դա անում է հանուն ինձ, այսինքն՝ իմ դեմ, որպիսի ստիպի ինձ ավելի տանջվել ու դրանով իր կեռմանն ավելի քաղցր դարձնի։ Բայց մեկ էլ մտածում եմ, որ ես էստեղ կապ չունեմ, որ Պետրովը հերթական աղջկան մեր տուն է բերում իր հանգստության համար, որ ամեն բան լինի ազնվորեն, առանց խաբեության և էդ աղջիկն էլ ստույգ իմանա, թե ինչի է գնում, գլուխն ինչ փորձության տակ է դնում, – իսկ ինքը՝ Պետրովը, դրանից հետո հոգսից մի տեսակ մի կողմ քաշվելով՝ հեռանում էր մեզ՝ էդ երկրորդ կնոջից բաժանող մեռյալ տարածությունից, որպեսզի մենք՝ ես ու էդ կինը, մեկմեկու հետ կռիվ տանք, այլ ոչ թե իր հետ։ Իսկ գուցե Պետրովը ունակ չէր նման նուրբ հոգեբանության և պարզապես սկզբում, երբ նրանց մեջ բանը դեռ անկողնուն չի հասել, էդ երկրորդ աղջկան գայթակղում էր ընտանեկան զույգի ընկերուհու երկիմաստ, խուտուտ տվող դերով։ Ախր ինքը՝ Պետրովը, արտաքինից բավականին գորշ մեկն է, և ինչ են նրա մեջ գտնում էդ կանայք, ես չգիտեմ։

Կարճ ասած՝ մեր տան գժանոցի մեջտեղում հայտնվեց էդ աղջիկը՝ Նադեժդան։ Ինձ նույնիսկ թվաց, որ նա Պետրովին էնքան էլ չի հետաքրքրում, որ նա իմ թույլ անկողնային համարժեքն է և էս անգամվա կեռմանը տևական չի լինի։ Մի տեսակ շատ հլու էր նա ու հեչ պահանջկոտ չէր։ Նրա մեջ որսի թռչունից ոչինչ չկար, որին վախեցնելուց պետք է երկյուղել։ Նա նման էր տնային կենդանու, որին պետք էր պարզապես ճիպոտով քշել։ Էդ պատճառով էլ ես նրան խղճացի։ Ես ու նա մի քիչ ընկերացանք։ Երբ ես առաջին հերթ էի աշխատում, ինստիտուտից միասին էինք դուրս գալիս։ Եվ ես աստիճանաբար պարզեցի, որ նա կյանքից բան չի հասկանում, ոչ մի բանի հարգը չգիտի – ո՛չ լավ սպիտակեղենի, ո՛չ գրքերի, ո՛չ ուտելիքի։ Նա պարզապես կուրորեն իր ամբողջ մաշկով զգում էր ջերմությունն ու բարությունը և այդժամ առանց դեմքի արտահայտությունը փոխելու և անխոս՝ գնում էր էդ ջերմության վրա։ Ինստիտուտում նրա հաշվին մի քանի` որևէ բանով չավարտված սիրավեպ կար ու անգամ հղիություն, ինչի արդյունքում երեխան ծնվել էր մեռած։ Ես հիշում էի էդ պատահարը և հիշում էի, որ մեզ մոտ կնանիք ասում էին, որ Նադեժդայի համար էդպես ավելի լավ է։

Երեքով մեր ընկերությունը շարունակվեց բավական երկար ու էլի կշարունակվեր, եթե մի բան տեղի չունենար։ Սրճեփի ետևից սենյակից դուրս գալիս նայեցի նախասենյակի հայելու մեջ։ Էնտեղ արտացոլվում էր սենյակի մի մասն ու սեղանը, որի մոտ նստած էր Պետրովը՝ Նադեժդայի հետ։ Եվ տեսա, որ Պետրովը զգուշորեն, ինչպես երեխու, ափը կորացրած շոյում է Նադեժդայի կզակի տակը, և որ սա վերցնում է Պետրովի էդ ձեռքն ու դնում իր կրծքին։

Ես ինձ զսպեցի, թեև միայն մի բան էր ինձ տանջում․ ո՞նց կարող էի աչքիցս բաց թողնել։ Խի՞ էի մտածում Ռաիսայի ուղղությամբ, երբ իրական վտանգը՝ հրես, փքվել էր կողքիս, և ահավորն էլ հենց էն էր, որ, ախր, Նադեժդան իրենից բան չի ներկայացնում։ Ռաիսան, այնուամենայնիվ, «աշխարհիս խիղճն է, այ էդպիսի աղջիկ», իսկ սա՝ դատարկ տեղ է։

Պետրովը գնաց Նադեժդային ուղեկցելու և վերադարձավ գիշերվա մեկին՝ ուժասպառ ու ջարդված։ Ես նրան ձեռք չտվի, ոչ մի բան չասի, որովհետև գիտեի․ էս վիճակով Պետրովը գնում է մի նպատակի՝ քնելու։ Եթե նրան որևէ բան ասեի ու դուրս քշեի, նա կկարողանար քնել խոհանոցում, սանդուղքի վրա, լուսամուտի գոգին։ Նա կարող էր գնալ Նադեժդայի հետ ու մնալ նրա մոտ, բայց ինչ-որ պատճառով հետ էր եկել։ Նշանակում է՝ դեռ ամեն բան կորած չի։ Ուրեմն՝ սա դեռ վերջին փուլը չէ, այլ պարզապես նրա նոր կեռմանի սկիզբն է, որը այլ բան չէր, քան Պետրովի բողոքն ընդդեմ ամուսնական կյանքի միօրինակության։ Ոչ մի այլ բան Պետրովին չէր ստիպի էդպես դեսուդեն ընկնել։ Պարզապես մի գեղեցիկ օր նա սկսում էր ձանձրանալ։ Երբեմն չգիտես որտեղից ճարում ու տուն էր բերում անգագետ վերատպված ու վերալուսանկարված ինչ-որ դասախոսություններ ու բժշկական խորհուրդներ, ըստ էության՝ մաքուր պոռնոգրաֆիա։ Մենք դրանք բարձրաձայն կարդում էինք Սևայի ու Ռաիսայի ներկայությամբ, բայց պիտի ասեմ, որ դա նրանց վրա հարկ եղած տպավորությունը չէր գործում, ինչպես եթե մենք հանկարծ սկսեինք բարձրաձայն աթերոսկլերոզով հիվանդների համար խորհուրդներ կարդալ։ Թեպետ էդ դասախոսություններն ինձ ու Պետրովին կարմրելու աստիճան ծիծաղեցնում էին։ Եվ մեզ համար էլ էր կեռմանի պես մի բան սկսվում, բայց դա տևական չէր լինում ու՝ ամենևին զուրկ էն լիարժեք հոգեկան խաղաղությունից, որը գալիս էր  ընտանիքի ծոցը Պետրովի վերադարձի երեկոյան։

Հա ուրեմն, էն հաշվարկով, որ Պետրովը էս անգամ էլ ինքն իր ոտով հետ կգա, ուշադրություն չէի չդարձնում ոչ մի բանի վրա – ոչ ուշ ժամի տուն գալու, ոչ նրա, որ Սաշային լրիվ բարձիթողի էր մատնել ու դադարել էր նրան կարդալ սովորեցնել։ Բայց մի որոշ ժամանակ անց բնակարանի հարևանս ասաց, որ էս ամբողջ շաբաթը, երբ ես աշխատում էի երեկոյան հերթափոխով, Պետրովը մեր սենյակ ինչ-որ թմբլիկ աղջիկ է բերել և տարել է իմ գալուց հենց առաջ։ Էդ երեկոներին Սաշան էլ տանը չէր լինում․ մայրս նրան մանկապարտեզից վերցնում էր ու տանում իր տուն՝ Նագորնի, էնպես որ՝ սենյակը ազատ էր լինում։

Ես անմիջապես զանգեցի մորս ու խնդրեցի՝ որպես բացառություն էդ երեկո Սաշայի հետ նստի մեր տանը, պառկեցնի նրան քնելու և սպասի իմ գալուն։ Մայրս չէր ուզում, որովհետև նա Նագորնիում շատ գործ ուներ, ավագ եղբայրս  իր երեխային՝ Նինային, բառի բուն իմաստով նրա վզին էր գցել։ Բայց ես մորս համոզեցի օգնել ինձ՝ թող եղբայրս էս երեկո առանց իրեն յոլա գնա։ Չեմ հիշում, թե ինչեր ասացի եղբորս հասցեին՝ միայն թե շողոքորթելով մորս հակեմ ինձ մոտ գալուն։ Մայրս Պետրովի կեռմանների մասին ոչինչ չգիտեր, իսկ թե իմանար՝ անհապաղ մեզ կբաժաներ։ Դրա համար էլ ես նրան ոչինչ չէի ասում, և նա Պետրովի հետ բավական լավ հարաբերություններ ուներ։

Ինչպես որ ենթադրում էի՝ էդ երեկո Պետրովը Նադեժդային նորից էր բերել, և նրանք դեմ էին առել մորս։ Էնտեղ նրանց՝ մորս ու Նադեժդայի միջև ինչ-որ բան էր տեղի ունեցել։ Որովհետև, կրկնում եմ, կռիվը իմ ու Պետրովի միջև չէր, այլ՝ իմ ու Նադեժդայի։ Եվ իմ հաշվարկն էն էր, որ Նադեժդան թույլ դուրս կգա և Պետրովի կատաղած զոքանչին ու լացող երեխային տեսնելով՝ կնահանջի։

Գուցեև նա նահանջել էր։ Բայց՝ ոչ Պետրովը։ Նա էդ գիշեր առհասարակ տուն չեկավ, և նման էր նրան, որ վերջիվերջո էդպես էլ չի վերադառնա։ Մի քանի անգամ եկավ տուն՝ ածելու, գուլպաների ու շապիկների հետևից, հետո՝ մագնիտոֆոնի։ Վայրիացել էր, ձգվել էր և հանկարծ նմանվել էր էն անուշ տղուն, որի ուշքն իմ սիրուց գնում էր մի ժամանակ։

Ես նրան ոչ մի բառ չասացի, անձայն տվեցի մագնիտոֆոնն ու ամենը, ինչ ուզում էր, իսկ նա իրեն ըմբոստ էր պահում, կարծես մտքում նախապես պատասխանում էր իմ չտված հարցերին։ Բայց ես լռում էի, թեև արդեն երևում էր, որ ոչ մի վեհանձնությամբ նրան հետ չես բերի։

Ու էստեղ ես հասկացա, որ կորցնում եմ ամեն բան, ամբողջ աշխարհը։ Մենակ Ռաիսան էր դեռ մնում ինձ հետ՝ էս կողմում, իսկ ամբողջ աշխարհը մյուս կողմում էր։ Մայրս, իր միջամտության անսպասելի հետևանքից վախեցած՝ բարկացած էր ինձ վրա իմ սարքած հանդիպման համար։ Սա՞շան։ Ես սթափ կին եմ։ Ես հասկանում եմ, որ մանկական կապվածությունն ու սերը ուղղված չէ ծնողներին՝ որպես կոնկրետ մարդկանց։ Դեմքի, կերպարանքի, մազերի գույնի, բնավորության, խելքի ցանկացած այլ համակցում նա նույնկերպ էլ կսիրեր։ Նա ինձ կսիրեր, եթե ես մարդասպան լինեի, մեծ ջութակահարուհի, խանութի վաճառող, պոռնիկ, սուրբ։ Բայց դա միայն առժամանակ, քանի դեռ նա ինձնից ծծում էր իր կյանքը։ Հետո իմ՝ որպես մարդու նկատմամբ նույնպիսի անտարբերությամբ նա էլ կհեռանա․ նրա մոտալուտ դավաճանության էս գիտակցումն ինձ ամեն անգամ վհատեցնում էր, երբ կռանում էի նրան գրկելու՝ արդեն լողացրած ու կիսամթում իր բազմոց-մահճակալին պառկեցրած։ Գուցե իմ էս զգացողության համար ես պարտական էի Պետրովին, որ ինձ դավաճանության սպասումի էր ընտելացրել։

Մայրս էլ ինձ արդեն չէր սիրում։ Ասենք՝ նա երբեք էլ ինձ չէր սիրել որպես մարդ, այլ սոսկ որպես իր ծնունդ տվածի, իր միս ու արյան։ Հիմա՝ օր ծերության, նա հիվանդագին կապվել էր Սաշային ու իր մյուս թոռնուհուն՝ Նինային։ Իսկ ես ու Պետրովը, ավագ եղբայրս ու իր կինը՝ մորս համար արդեն կարևոր չէինք․ պարզապես հարազատներ էինք։

Ես գնացի Ռաիսայի մոտ ու նրան ամեն ինչ պատմեցի։ Ես, ինչպես երևում է, նման պատմություններ անելու փորձ ունեմ։ Պատմում եմ ինստիտուտի աղջիկներին,  նույնիսկ պատահական ծանոթ կանանց եմ պատմում, ասենք՝ որոնց հետ աբորտից հետո երեք օր ընկած ես լինում ծննդատանը։ Բայց Ռաիսային ես էդպես չէի պատմում։ Ռաիսան իրոք հասկացել էր, որ ինքը ինձ համար աշխարհում միակն է։ Որ էստեղ խոսքը ոչ թե կեռմանի մասին է, այլ՝ իմ ու Սաշայի համար երկսենյականոց բնակարան ստանալու հույսս կորցնելու, ինչը իմ մոլի երազանքն է եղել և որը անգամ երազում էի տեսնում։ Քանի՜ անգամ ենք ես ու Պետրովը կահավորել էդ տունը։ Պետրովն ուզում էր ինքնը Սիկեյրոսի պես մի վիթխարի որմնանկար անել խոհանոցի պատին, նունիսկ ուզում էր գազօջախի էմալե սպիտակ ընդկալը նկարազարդել, ուզում էր նկարազարդել սառնարանը։ Էս ամենը երազներ էին, թեև Պետրովս փետուրով լավ է նկարում, ամսագրերից հայտնի ջազմենների դիմանկարներ է արտանկարում, դրանք դնում է սև բագետների մեջ ու կախոտում պատերին։ Պետրովս կարող է ջազում ֆոնո պարտիա նվագել, մի քանի տարի նա ինքնագործությամբ ելույթ էր ունենում «Հաղթանակ» ակումբում, մինչև որ էդ ինքնագործունեության ստուգատեսների համար, ավտոբուսով շեֆարկյալ կոլխոզներով շրջելու համար, սոլո երգեցողության դասի մասնակիցներին հարկադիր ծափահարելու համար իրեն ծեր զգաց։ Պետրովը նաև հարվածային գործիքներ էր յուրացրել ու մի քիչ էլ՝ կոնտրաբաս։ Նա մի քանի անգամ իր քառյակի նվագակցությամբ – դաշնամուր, կիթառ, կոնտրաբաս, հարվածային – երգել էր անգլերեն «Շեյկոհեմը» – կարծեմ էսպես է արտասանվում։ Բայց նրա անթերի պարզ, առանց ձայնը խռպոտելու ու երանգավորելու անգլերեն առոգանությունը ոչ ոք չգնահատեց։ Նա երգում էր ոչ էնպես, ոնց որ խոսում էր, դրա մեջ էլ ախր շինծու մի բան կա։ Նա երգում էր պարզ, բարձր, չոր ու ցամաք, միալար, բայց դրանում էնքան շիտակություն կար, էնքան տղամարդկային անկեղծություն ու խոցելիություն։ Նա երգում էր լարի պես պրկված, և երգի ռիթմի հետ թեթևակի ցնցվում էր։ Ես նրան մեն մի անգամ լսեցի, երբ Սաշան երկու ամսական էր։ Էդ երեկո իմ ուշքն ու միտքը Պետրովը չէր, կաթս ուղղակի ճնշում էր կուրծքս, ծորաններս փքվել-կուցումել էին։ Ես նյարդայնանում էի, դիվոտում, զգում էի, որ Սաշան ուտել է ուզում, իսկ Պետրովի բեմելը, ինչպես միշտ, ծրագրի ամենավերջում էր։ Եվ ահա նա իր տղերքի հետ բեմ դուրս եկավ․ նրանք դաշնամուրն էին գլորում, իսկ նա բերում էր փոքրիկ միկրոֆոնը․ նորույթ էր։ Թմբկահարը երկար տեղակայում էր իր հարվածային գործիքնեը, հետո նրանք նվագեցին Չեմբեռլեն, Փափկամազիկը, հետո վերջապես՝ «Շեյկոհեմը»։

 Պետրովը երգում էր՝ երկար մարմնով մեկ ռիթմին համաչափ ցնցվելով, և ես մի քիչ նույնիսկ լսելով ընկա, բայց կաթը ներհոսում էր կուրծքս, ու ես հասկացա, որ պետք է վազել Սաշայի մոտ, նա հիմա բղավում է ու իրենը պահանջում։ Եվ ես ոտքի ելա, թեև երգը դեռ չէր ավարտվել, Պետրովին թիկունք արած՝ դահլիճից դուրս վազեցի։ Ուշքումիտքս Պետրովը չէր, ինչպես որ հիմա էլ նա չէ, որովհետև ներսս լրիվ զբաղեցրել է Սաշան, ինչպես որ էն ժամանակ կաթն էր բռնել ամբողջ կուրծքս՝ միայն միջնորմներ թողնելով։ Ես մինչև հիմա էլ չգիտեմ, թե դահլիճից փախուստս Պետրովը ոնց տարավ, և  նրան ծափահարեցի՞ն արդյոք արժանի կերպով․ ես նրան չհարցրի, նա ինձ չպատմեց։ Ես նրան էդպես էլ ոչինչ չբացատրեցի, ես ու նա առհասարակ իրար հետ քիչ էինք խոսում։

 Չգիտեմ՝ խի՞ էի էս ամենը պատմում Ռաիսային։ Ես նրա առաջ լացում էի, ասես միայն նա կարող էր ինձ փրկել։ Ես չգիտեի՝ Պետրովին ոնց հետ բերեմ։ Ոչ միայն իմ երազ բնակարանն էր փլուզվում, այլ հառնում էր Սաշայի անհերության ահեղ ուրվականը, իսկ դա ինձ համար ամենավատթար վերքն է, և գուցե հենց էդ պատճառով էի համառորեն կառչում Պետրովից։ Ես միայնակ մայր կդառնամ, Սաշան տղամարդու ձեռքի կարոտ կքաշի և ինձնից կհեռանա՝ հենց որ առաջին պատահած ընկերը գայթակղի նրան։ Նա կգնա ցանկացած շալվարի հետևից, տղամարդու խոսքի ու վերաբերմունքի կարոտ՝ նա և՛ վատ շրջապատ կընկնի, և՛ գաղութ։

Ես լացում էի Ռաիսայի առաջ, իսկ նա իր դիրքով քարի պես նստել էր թախտի ծայրին։ Նույնիսկ «գաղութ» բառը լսելիս չցնցվեց։

Բայց առավոտյան ես ցամաքեցի։ Ինձ հանկարծ սկսեց թվալ, որ սա Պետրովի հեթական կեռմանն է, որովհետև նա Նադեժդայի՛ն չի սիրում և մեր մեջ ոչ մի վատ բան չի եղել, ո՛չ կռիվ, ո՛չ վեճ․ չէ որ մայրս էր նրա հետ կռվել, իսկ մայրս հո ես չեմ։ Եվ գործի գնալիս գլխումս հանկարծ մի չարաճճի միտք ծագեց՝ գնալ ու խոսել Նադեժդայի հետ։ Բայց հետո դա մի կողմ դրեցի։ Նրան տեղից շարժել կարելի է միայն իր համար մի լավ բանով, միայն իր մասին հոգալով ու բարությամբ, իսկ ի՞նչ լավ բան կարող էի ես նրան առաջարկել։ Նոր-նոր է նա գլուխը հակել Պետրովիս վրա, և ուզում եմ որ նա բարի կամքով հեռանա՞ նրանից։ Նա ինձ չի էլ հասկանա։

Բայց կարևորը դա չէր․ կարևորը Պետրովին համոզելն էր, որ նա գոնե ձևականորեն տուն գա։ Թող գնա ուր ուզում է, բայց որպեսզի Սաշան նրան տեսնի։ Իսկ դա Պետրովին ո՞նց առաջարկեի․ չէ որ նա կամովին դրան չի գնա, և իմ խնդրանքով՝ նույնպես։

Գնացի Ռաիսայի մոտ ու նրան խնդրեցի հեռախոսով խոսել Պետրովի հետ։ Իբր՝ էսպես ու էսպես, ինչ-որ վաղուց չես երևացել, գուցե անցնեիր՝ զրուցեինք․ ես նրան խոսակցության էսպիսի պարզ ու չպարտադրող տարբերակ առաջարկեցի։ Նա համաձայնվեց, բայց՝ մի տեսակ վախեցած։ Ճիշտ է, ես դրան ուշադրություն չդարձրի։

 Երեկոյան ես մտա Ռաիսայի մոտ։ Նա թախտին պառկած՝ ծխում էր։ Նա ինձ ասաց, որ Պետրովի հետ խոսել է։ Որ նա վաղը կվերադառնա։ Ահա ամենը, ինչ նա ինձ ասաց, իսկ հետո հանկարծ, իր սովորության համաձայն, սկսեց լացել։ Ես խոհանոցից նրա համար մի բաժակ ջուր բերեցի ու վազեցի Սաշային մանկապարտեզից բերելու։

Առավոտ վաղ Պետրովը վերադարձավ՝ պորտֆելով ու մագնիտաֆոնով։ Պորտֆելի մեջ գնձած երկու վերնաշապիկ էր և լրագրի մեջ փաթաթաց գուլպաներ։ Մեր տունը մաքուր էր, հարմարավետ․ նախաճաշեցինք երեքով։ Սաշան ձգվում էր դեպի Պետրովի ձեռքի լրագիրը և հարցնում, թե որը որ տառն է։

Ճիշտ է, կեռմանի վերջը չէր երևում։ Պետրովը ինձ չէր նկատում, տանը քիչ էր մնում։ Բայց դա արդեն լրիվ բացակայելուց լավ էր։

Գործերով ընկած՝ ես մի տեսակ չէի հասցնում մտնել Ռաիսայի մոտ։ Եվ դրա հարկն էլ չկար։ Տունը ամեն բան կուլ էր տվել։ Պետրովի հիմնարկում շուտով պիտի բնակարանի հարցը լուծվեր։ Ես վազվզում էի, կահույքի համար էի ցուցակագրվում, հերթեր էի կանգնում։

Պետրովը արդեն սկսել էր վրաս հայցող հայացքներ գցել, նայում էր ակնհայտ բավականությամբ, թե ոնց եմ խոհանոցից սենյակ թռչում, ոնց եմ խոսում Սաշայի հետ։ Ընթրիքից առաջ նա դուրս եկավ՝ առանց մի բառ ասելու, և վերադարձավ  կիսքաղցր շամպայնի շիշը ձեռքին։

Նա ասաց․

 – Հետս կխմե՞ս։

Ես վազեցի խոհանոց՝ չեխական ապակուց երկարավիզ գավաթները բլելու։

Մենք բաժակները իրար չխկացրինք։ Ես հանաքով ասեցի՝

 – Ռաիսայի կենցը։ Մեր բարի ոգու կենացը։

Իսկ Պետրովը քմծիծաղ տվեց ու մի տեսակ չարությամբ ասաց, որ տղերքը ճիշտ էին ասում, նա իրոք էլ չոր քոթուկ է։

Միայն էդ պահին ես ամեն ինչ գլխի ընկա ու ափսոսացի, որ Ռաիսան էդպես ինձ դավաճանել է։

Եվ նա դադարեց ինձ համար գոյություն ունենալ․ ասես մեռած լինի։

 

Թարգմանությունը ռուսերենից՝ Լեռնիկ Դալաքյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *