Մի քանի օր առաջ էր սկսել կարդալ վեպը։ Հրատապ գործերի պատճառով կիսատ թողեց այն և գնացքով կալվածք վերադառնալիս նորից բացեց գիրքը և ինքն իրեն թույլատրեց աստիճանաբար տարվել սյուժեով և հերոսների կերպարներով։ Այդ երեկո իր հավատարմատարին նամակ գրելուց և ծառայապետի հետ վարձակալների հարցը քննարկելուց հետո վերադարձավ ընթերցանությանն իր աշխատասենյակի լռության մեջ, որի պատուհանները դեպի կաղնիների այգիներն էին նայում: Իր սիրելի բազկաթոռի վրա կուչ գալով՝ մեջքով դեպի դուռը, որն անցանկալի հյուրերի մասին նյարդայնացնող մտքերի կարող էր բերել, և ձախ ձեռքով նորից ու նորից շոյելով կանաչ թավիշը՝ սկսեց կարդալ վերջին գլուխները։ Հեշտությամբ մտապահեց գլխավոր հերոսների անուններն ու կերպարները․ վիպական պատրանքը գրեթե միանգամից համակեց նրան։ Համարյա այլասեռված հաճույք էր ստանում՝ տող առ տող հեռանալով այն ամենից, ինչ շրջապատում էր նրան, և միևնույն ժամանակ այն զգացումից, որ գլուխը հանգստանում էր թավշյա բարձր թիկնակին, ծխախոտն ինչպես միշտ ձեռքի տակ էր, իսկ պատուհանից այն կողմ՝ կաղնիների տակ ծորում էր աղջամուղջի օդը։ Բառ առ բառ կլանվելով հերոսների մռայլ խառնաշփոթով, անձնատուր լինելով կերպարներին, որոնք ձևավորվում և գույն ու շարժում էին ձեռք բերում՝ լեռնային հյուղակում վերջին հանդիպման վկան դարձավ։ Առաջինը մտավ կինը՝ ուշադրությունից լարված, այնուհետև եկավ սիրեցյալը, որի դեմքին ծառի ճյուղի հարվածից առաջացած վերք կար։ Ինքնամոռաց կերպով կինն իր համբույրներով սառեցնում էր արյունը երակներում, բայց տղամարդը հրաժարվում էր գուրգուրանքներից, չէր եկել, որպեսզի կրկներ գաղտնի կրքի ծիսակարգերը՝ պաշտպանված չորացած տերևների և ծածուկ արահետների աշխարհով։ Դաշույնը տաքացնում էր նրա կուրծքը, իսկ դրա տակ բաբախում էր այդչափ ցանկալի ազատության հույսը։ Բուռն զրույցը ծորում էր էջերով, ինչպես օձերի առվակը, և թվում էր, թե ամեն բան առհավետ կանխորոշված էր։ Նույնիսկ գուրգուրանքները, որոնք պատել էին սիրեցյալի մարմինը՝ ասես ցանկանալով կանգնեցնել և տարհամոզել նրան, գարշելի կերպով ուրվագծում էին մյուս մարմինը, որն անհրաժեշտ էր ոչնչացնել։ Ոչինչ մոռացված չէր․ ալիբի, պատահականություններ, հնարավոր վրիպումներ։ Այդ ժամից սկսած ամեն վայրկյանը մանրակրկիտ կերպով մտածված էր նրա կողմից։ Երկու անգամ կրկնեցին ամբողջ պլանը՝ ընդհատվելով միայն, երբ ձեռքի ափը շոյում էր այտը։ Լուսանում էր։
Բաժանվեցին հյուղակի մուտքի մոտ՝ առանց միմյանց նայելու, անսպառ նվիրված իրենց առաջ դրված խնդրին։ Կինը պետք է գնար արահետով, որը տանում էր դեպի հյուսիս։ Հակառակ ուղղությամբ շարժվելով՝ նա մի պահ շրջվեց՝ տեսնելու, թե ինչպես էր կինը, վարսերն ուսերին փռած, վազում։ Տղամարդը վազում էր՝ ծուռումուռ շարժվելով ծառերի և ցանկապատերի արանքներով, մինչև որ աղջամուղջի բաց մանուշակագույն շղարշի մեջ չտեսավ դեպի տուն տանող արահետը։ Շները չպետք է հաչեին և չհաչեցին։ Ծառայապետն այդ ժամին չպետք է այնտեղ լիներ և այնտեղ չէր։ Բարձրացավ սանդղամուտքի երեք աստիճաններով և ներս մտավ։ Արյան անոթների զարկերի մեջից ականջներին էին հասնում կնոջ խոսքերը․ սկզբում երկնագույն սենյակը, հետո պատկերասրահը, գորգածածկ սանդուղքը։ Վերևում երկու դուռ կար։ Ո՛չ առաջին սենյակում մարդ կար, ո՛չ էլ երկրորդ։ Հյուրասենյակի դուռը, այնուհետև ձեռքի դաշույնը, պատուհանների լույսերը, թավշյա կանաչ բազկաթոռի բարձր թիկնակը, բազկաթոռին նստած մարդու գլուխը, որը վեպ էր կարդում։
Թարգմանությունն իսպաներենից` Էլիզա Ստեփանյանի
