Կույր ժամադրությունը մոտենում է, և եթե երեկոյան յոթին մոտ մազերս գոնե մեկ մատնաչափ չերկարեն, դուռը չեմ բացի։ Խնդիրը դիմացի հատվածն է։ Ճակատիս մազափունջն ինքս եմ կտրել, և այժմ Մեյմի Էյզենհաուերին[1] եմ նման։
Հոլին ասում է, որ՝ ոչ, Կլոդետ Կոլբերին[2] եմ նման։ Բայց գիտեմ, թե ինչու է այդպես ասում․ որպեսզի հանդիպեմ այդ տղայի հետ։ Այսօրվա երեկոն լավություն է Հոլիի համար։
Կնախընտրեի անել այն, ինչ մենք սովորաբար անում ենք․ խառնել ռոմն ու կոլան և լողափի ավազին նստած՝ խմել այն, մինչև արևը մայր է մտնում։
Լողափային կյանքով ենք ապրում։
Արևապաշտպան քսուքով և կուրորտային հագուստներով կյանքի մասին չէ խոսքը։ Նկատի ունեմ, որ լողափում ենք ապրում։ Մուտքի դռան հետևում ավազ է։ Օվկիանոսն է, որը մենք տարվա մեջ ամեն օր տեսնում ենք։
Լողափն օդանավակայանի կողքին է․ այնպես որ այս քաղաքում նույնիսկ առաջին կարգի թռիչքներ չկան դեպի Լոս Անջելես։ Բայց փոխարենը կա ավիաընկերության անձնակազմը։ Նրանց համար դա մերձքաղաքային գնացք է, որը նրանց քսան րոպեում սպասասրահից տուն է հասցնում․ տուն ասելով՝ նկատի ունեմ բազմաբնակարան համալիր, որն իսպանական գաղութների կեղծ ոճով է կառուցված։
Այն ընդօրինակում է իսպանական միսիոներական կազմակերպությունների ոճը։ Բայց ցո՛ւյց տվեք ինձ երկու կողմից կռածո երկաթից պատրաստված բազրիքներով միսիոներական գոնե մի կազմակերպություն։
Բացի այդ՝ ներսի բակում շատրվան կա, որի շիթերը խճանկարային սալիկների վրա են ցայտում։ Բարկացնում է այն, որ հենց ամենասկզբից սալիկներն այնպիսի քիմիական նյութերով են մշակել, որպեսզի դրանց «հնության» տեսք տան։ Տեսնելով դրանք՝ ուզում ես ասել․ «Նայե՜ք, գիտեք չէ՞, որ այս մասունքները վերապրուկներ են»։
Այդ վայրի անունը Ռանչո Լա Բրեա է, բայց իրականում այնտեղ բնակվող բորտուղեկցորդուհիների պատճառով այն «Ռանչո Լիբիդո» են անվանում։ Բնակարանների ներսում առաստաղները պսպղում են։
Ո՛չ Հոլին, ո՛չ ես բորտուղեկցորդուհիներ չենք։ Ամսե-ամիս բնակարան ենք վարձում, մինչև որ վերջին հեղեղումներից հետո վերականգնում են մեր տունը՝ մաքրելով տիղմն ու վերացնելով հասցված վնասը։
Հոլին բեք վոկալում է երգում և երբեմն ձայնագրվում է։ Ենթադրվում էր, որ նա պետք է հյուրախաղերի մեկներ, իսկ բնակարանն իմ տրամադրության տակ պետք է լիներ։ Բայց նա չմեկնեց հյուրախաղերի։ Թողարկված վերջին ալբոմի տարածումը երկու անգամ քիչ էր նրա սպասվածից։ Ձայնագրման ընկերությունն ասաց, որ պետք է վերանայի իր անձնակազմը, այնպես որ քանի դեռ Հոլին ուրիշ լեյբլ է փնտրում, ամեն երեկո՝ ներառյալ իմ երեք հանգստյան օրերը, տանն է։
Շաբաթը չորս օր գնում եմ Լա Միրադա[3]՝ տուրիստական ընկերություն, որտեղ աշխատում եմ։ Այնտեղ հասնելու համար հիսունհինգ րոպե է պահանջվում, բայց ես կցանկանայի, որպեսզի ճանապարհը դեպի աշխատավայր ավելի երկար տևեր։ Սիրում եմ ռադիոհաղորդումներ լսել և ինձ դուր է գալիս երթևեկության գոտիներ փոխելը։ Իսկ ավտոմայրուղիով երթևեկելը նման է լողափում ապրելուն․ չես նկատում, թե ինչպես է ժամանակը թռչում, և հանկարծ հայտնվում ես այնտեղ, ուր ուղևորվում ես։
Աշխատանքս լիովին համապատասխանում է ինձ։ Ոչինչ չեմ անում, ոչինչ չեմ ստանում, բայց, երևի արդեն կռահեցիք, դա ավելի լավ է, քան ոչինչը։
Հումորի զգացումն օգնում է։
Այդ տուրիստական ընկերության կարգախոսը հետևյալն է․ «Մենք երբեք գիտակցաբար չենք փչացնի Ձեր հանգիստը»։
Տարեկան երկու խոշոր շրջագայություն ենք անում, բայց այժմ դրանցից ոչ մեկը տեղի չունեցավ։ Եթե կարողանամ դիմանալ, նույն աշխատանքին կմնամ, մինչև որ ծնողներս չմահանան։
Կարծում էի, թե Հոլիի մշտական ներկայությունը կողքիս նյարդայնացնելու էր, բայց այդպես չեղավ։ Ամեն առավոտ գնում ենք «Կասա դե Ֆրուտա» մրգերի շուկա։ Այնտեղ եղած ամեն ինչն ուրիշ բանի չափս ունի․ ելակները լոլիկների չափսի են, խնձորները՝ թուրինջների, պապայաները՝ ձմերուկների։ Կանտալուպների[4] մեկօրյա ծախծխումն արդեն երրորդ շաբաթն է շարունակվում։ Բավականաչափ դրանցից ենք գնում՝ կոկտեյլներ պատրաստելու համար, ինչպես նաև ձվեր։
Բայց եկե՛ք հետ վերադառնանք, որովհետև մինչև «Կասա դե Ֆրուտա» հասնելը պետք է հագնենք գունաթափ ջինսե բաճկոններն ու Հոլիի նախկին ընկերոջ կիսավարտիքները, և ուղևորվենք լողափ՝ նայելով, թե ինչպես է փրկարարի ջիփը դանդաղ անցնում ավազների միջով, ինչպես սանրը՝ խճճված մազերի։
Սիրում եմ, երբ իմ ոտնահետքերն ամենաառաջինն են լինում օրվա մեջ։ Իսկ Հոլին քերելով մաքրում է իր սևացած ոտքերը և անիծում գուդրոնը[5]։
Օրվա մնացած մասն արագ է անցնում։ Սովորաբար կես բաք ինչ-որ ըմպելիք ենք խմում՝ զբոսնելով Հոլիի տարածքով։ Հոլին դա ուսումնասիրություն է անվանում․ ուսումնասիրում ենք ավելի հյուսիս գտնվող ավազներին տեղավորված տղամարդկանց։
-Մեծ սիրով աղով թթու կդնեի ինձ և դա կյանք կանվանեի, – ասում է Հոլին։ – Բայց կան այս բոլոր ուսումնասիրությունները։
Երբեմն այցելում ենք Սյուզիին և Հարդին՝ ապօրինի հողատերերին, որոնք ապրում են թաղամասի ծայրամասում։ Նրանց ալյումինե տնակն արդեն երկար տարիներ է, ինչ այնտեղ է։ Ասում են, թե Հարդը նավահանգստում է գտել Սյուզիին։ Վերջինս մի նավից մյուս նավն էր տեղափոխվում՝ ապրելով դրանց սեփականատերերի հետ, մինչև որ ինչ-որ վեճի պատճառով չէին վռնդում նրան։
Սյուզին արևից թխացած խոշոր ձեռքեր և լայն ազդրեր ունի, որոնք անհամաչափ ցնցվում են, երբ նա քայլում է։
Հարդը բարձրահասակ և նիհար է։
Նրա իսկական անունը Հովարդ է։ Բայց Սյուզին անհասկանալի է արտասանում բառերն ու հնչյունները, և ստացվում է Հարդ։ Կարծես թե նրան սազում է։ Հարդը մինչև ուսերը հասնող սև մազեր ունի և քարալեզի[6] բերանի նման կլոր ու տգեղ բերան։
Եթե թաղամասում ամեն բան հանգիստ է, օդը խոնավ է, և քամի չկա, մենք ինքներս ենք սուզվում փրփրաբաշ ալիքների մեջ։ Երբեմն անձրև է սկսվում, երբ մենք ջրի տակ ենք լինում։
Ոչ մի կերպ չեմ վարժվում լողափին ապրելուն և թաց հորիզոնը տեսնելուն։ Ծայրամաս է, երկրի երկրորդական բեմի նստատեղ։ Եթե ինձ ստիպեին ճշմարտությունն ասել, կասեի, որ դա այնքան էլ լավ բան չէ։ Մարդկանցից, որոնք ապրում են այստեղ, կարելի է լսել միայն հետևյալը․ «Ես պետք է, ես կփորձեմ, ես կանեի»։
Այստեղ ոչ մի տարաձայնություններ չեն լինում։
Բարի և կենսուրախ վայր է։
Այստեղ ապրելով՝ մոռանում ես, որ այն, որ դադարել ես խորտակվելուց, դեռ չի նշանակում, որ դու դեռ ջրի տակ չես։
Այսօր՝ ավելի վաղ, Հոլին պատասխանել էր հեռախոսազանգին և ընդունել էր ընթրիքի ամրագրումը։ Մեր հեռախոսահամարը մեկ թվով է տարբերվում «Թրեյդեր Դոնս» ռեստորանի հեռախոսահամարից, և երբ Հոլին վատ տրամադրություն է ունենում պատվերներ է ընդունում։
-Քանի՞ հոգի է գալու Ձեր խնջույքին, պարո՛ն, – հարցնում է նա։
Վախենում է, որ ավարտին չեմ հասցնի այն, ինչն ի սկզբանե իմ գաղափարը չի եղել։ Ճիշտն ասած, ես այն մարդկանցից չեմ, որ ժամադրությունների են գնում։ Չեմ ուզում տղամարդկանց հետ ծանոթանալ։
Մի քանիսին արդեն ճանաչում եմ։
Հաճախ ենք խոսում այդ մի քանիսի մասին, ինչպես նաև նրանց մասին, ում Հոլին է ճանաչում։ Դա մյուս բանն է, ինչով զբաղվում ենք իմ հանգստյան օրերին։
-Դու լվանում ես ամանները, ես չորացնում եմ, – ասում է Հոլին։
Կարող էի ազատվել այդ բեռից՝ զանգելով մարդանման մանեկեններից հերթական մեկին և չեղարկել ժամադրությունը։ Բայց այդ ժամանակ Հոլին նորից կսկսեր ասել, որ եթե նրա նախկին ընկերը ֆիլմ նայեր այն մասին, թե ինչպես էր նրա հետ վարվում, թփերի մեջ կսողար, կբռներ դանակն ու հրաժեշտ կտար կյանքին։
Նրա նախկինը դեռ շարունակում է լուսանկարներ ուղարկել․ իր լուսանկարները՝ արված դեպի Էլ Կապիտանի[7] ստորոտ արշավների ժամանակ կամ Մոնո լճի ափին։ Նա լուսանկարները ստվարաթղթի վրա է փակցում, ինչի պատճառով ավելի դժվար է ստացվում դրանք պատռել։
Երբեմն նույնիսկ հյուր է գալիս մեզ, երբ քաղաքում է լինում, իսկ մենք ձևացնում ենք, թե ուրախ ենք տեսնել նրան։ Այդ երկուսը՝ Հոլին և նրա նախկինը, անգործ նստում են կողք կողքի և կեղեքում են միմյանց։ Գիտեն միմյանց թույլ կողմերն ու ձախողումները, և մի վայրկյանում կարող են նվաստացնել միմյանց։
Հոլին ասում է, որ նրանց հանդիպումները նման են լողափի մայրամուտներին․ հենց որ արևը մայր է մտնում, ավազն անմիջապես սառում է։ Այն, ինչ տասը րոպե առաջ երջանկություն էր պարգևում, այլևս ոչ մի նշանակություն չունի։
Ա՜խ այդ տղամարդիկ․ այնպես չէ, որ չենք տեսնում, որ նրանք հետաքրքրված են մեզնով։ Լավ ներըմբռնում ունենք․ խնդիրն այն է, որ անտեսում ենք այն։
Շարունակում ենք սպասել, որ մարդիկ կփոխվեն։
Բայց ովքե՞ր են այստեղ հանդիպող մարդիկ։
Ընտրության համար այստեղ կան երկու տեսակի մարդիկ․ նրանք, ովքեր գլորվում են ներքև, և նրանք, ովքեր չեն ուզում առաջ շարժվել։
Կարծում եմ Սյուզին և Հարդը բոլորիցս շատ էներգիա ունեն։ Անցյալ գիշեր նրբանցքից լսեցի նրանց ձայները։ Սյուզին բղավում էր։ Նա ճչաց․ «Հա՛րդ, զգո՛ւյշ։ Ուզում ես ինչ-որ մեկի գլուխն ուտե՞լ»։
Խոհանոցից տեսնում էի այդ ամենը։ Տեսա, թե ինչպես Հարդը վերցրեց անվասկավառակը և նետեց Սյուզիի վրա։ Սյուզին ճչաց և կաղալով սկսեց հեռանալ, բայց Հարդը արագությամբ բռնեց նրա ձեռքը։ Այնուհետև Սյուզին կտրուկ շրջվեց և հարձակվեց նրա վրա։ Բռնեց Հարդի այն ձեռքը, որով նետել էր անվասկավառակը, և տարավ դեպի բերանը։ Լայն բացեց այն, որպեսզի կծեր։ Բայց հաջորդիվ լսվող ճիչը Սյուզիինն էր։ Նրբանցքը լուսավոր էր, այնպես որ պարզ տեսա նրա՝ Հարդի ձեռքի մեջ մխրճված ատամները։ Հարդը կանգնեց՝ ոտքերը լայն չռած, և մի փոքր շրջվեց։ Այնուհետև ռեկորդ գրանցելու ձգտող սկավառականետորդի նման Սյուզիի պրոթեզը Ռանչո Լիբիդոյի տանիք նետեց։
Հույս ունեմ, որ այս պատմությունը կհանի լարվածությունն այսօր երեկոյան։
Օ՜, հանդիպելու եմ այդ տղայի հետ հանուն Հոլիի։
Մազերս չափից ավելի կարճ են, բայց բերանումս ատամներ ունեմ։ Կլոդետ կամ Մեյմի կլինեմ, իսկ նա՝ տարօրինակ, համակրելի մարդ։ Որակի ստուգում անցած կավատ է լինելու։
Հարդի եղբայրն է լինելու։
Այնքան բթամիտ է լինելու, որ ոչ մի օրինակ անգամ չեմ կարողանալու բերել։
«Լա՛վ, – ժպտում եմ այս ամենն ասելիս։ – Բայց հույս ունեմ, որ այլևս երբեք նորից ստիպված չեմ լինելու նման բան անել»։
Ամեն դեպքում կարող եմ անհամբեր սպասել, թե երբ եմ տուն վերադառնալու։ Հոլին սպասելու է։ «Կոբրայի համբույր» է պատրաստելու մեզ համար՝ նռան հյութի մեջ ռոմ ավելացնելով։ Իսկ հետո ինքն իրեն հավաքված փազլի նման տեղափոխվելու է ննջասենյակ։
Կանջատեմ լույսն ու կգնամ նրա հետևից։
Միակ լամպը, որ միացված եմ թողնում, առաստաղին պարող մոլորակների պատրանք է ստեղծում։ Հույս ունենք, որ հաջորդ ամիս հրաժեշտ կտանք Ռանչո Լիբիդոյի պսպղուն առաստաղներին։ Մեր հին տունը հրաշալի են մաքրում։ Պատուհաններին անթափանց փեղկեր են դրել, իսկ պատերը հաստացրել են նրբատախտակներով։ Երբ հաջորդ անգամ հորդառատ անձրևի պատճառով հեղեղ սկսվի, չենք հայտնվի բլրի ստորոտում՝ ջրի միջից որսալով մեր կահույքը։
Այս պահին մեզ մոտ են մեր անկյունային մահճակալները։ Հոլին դեմքով դեպի արևելք է քնում, որովհետև պնդում է, թե այդ դիրքով քնելով` ավելի հանգիստ ու զգոն ես դառնում։ Իմ մահճակալը հյուսիսից հարավ է նայում․ եթե չեմ սխալվում հանգուցյալներին գլուխները դեպի հարավ-արևելք են թաղում։
* * *
Երբեմն ճանապարհորդությունների մասին ենք խոսում։ Ծիծաղելին այն է, որ վայրերը, որոնց մասին մտածում ենք, այն լողափերն են, որոնք նշված են իմ տուրիստական ընկերության թղթապանակների վրա։
Մեզ պետք է տեղափոխվել․ գտնել ցամաքով շրջապատված մի այնպիսի վայր, որտեղ տարվա գոնե կեսն օդը չոր և զով է։ Հույս ունենք, որ մի օր կանենք դա։
-Իհա՛րկե,- ասում է Հոլին։- Հեռու մարդկանցից, որոնք ոչ մի հնարավորություն չեն ընձեռում քեզ։
Ճշմարտությունն այն է, որ լողափն ասես ավելորդ քաշ լինի։ Եթե կորցնես այն, ի՞նչ արդարացում ես գտնելու։
Մի քանի տարի առաջ ես իսկապես հեռացել էի։
Արևելք էի գնացել։
Սխալմունք էր։ Դրանից մի քանի ամիս անց բեռնակիրներն իմ իրերն էին փաթեթավորում։
Մի բան տեղի ունեցավ, որի մասին հետո մտորում էի։
Համար մեկ մայրուղին՝ ափամերձ երթուղին, բազմաթիվ գեղատեսիլ դիտակետեր ունի։ Պատահում է այնպես, որ մարդիկ ընկնում են այդ ժայռերից, երբ երկարացնում են վիզը, որպեսզի ներքև նայեն։ Երբեմն թփերի մեջ են ընկնում, երբեմն՝ քարերի վրա։ Կոչվում է «համար մեկ մայրուղիով գնալ արևմուտք»։ Նույնիսկ այնտեղից ընկած մարդկանց ակումբ կա, որոնք հետմահու են այնտեղ անդամագրվում։
Ահա թե ինչի մասին էի մտածում, երբ իմ իրերով լի ֆուրգոնը վթարի ենթարկվեց։ Ողջ կյանքս ցեխով լի խորը կիրճն ընկավ, որտեղից հորդառատ անձրևի պատճառով երկու շաբաթ չէին կարողանում դուրս բերել այն։ Բորբոսն ասեղնագործում էր սփռոցները, իսկ մողեսները պարում էին կոշիկներիս մեջ։
Ուժեղ ակնարկ էր, բայց ես փոխեցի գոտին և շարունակեցի շարժվել դեպի արևմուտք՝ դեպի տուն։
Կարող եմ ասել, որ նախանշանը բավականին մեծ էր, որպեսզի կարելի լիներ այն անտեսել։
Թարգմանությունն անգլերենից` Էլիզա Ստեփանյանի
[1] Դուայթ Էյզենհաուերի՝ ԱՄՆ-ի 34-րդ նախագահի կինը և ԱՄՆ առաջին տիկինը 1953-1961 թվականներին։
[2] Թատրոնի և կինոյի՝ ծագումով ֆրանսիացի ամերիկացի դերասանուհի։
[3] Քաղաք ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես շրջանի հարավարևելյան հատվածում։
[4] Դդմազգիների ընտանիքի բույս, սեխի տեսակ
[5] Ձյութանման սև նյութ, որ ստացվում է նավթի թորման մնացուկից, խայծղան, հանքաձյութ:
[6] Քորդավորների տիպի բոլորաբերանների դասին պատկանող օձանման ձուկ։
[7] Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռնագագաթներից մեկը։