Լև Վագներ, Նադեժդա Գրիգորովիչ | Այվազովսկու կյանքը

Երրորդ մաս.

Սուրբ Ղազար վանքում

Գեղարվեստի ակադեմիան Հայվազովսկուն ու Շտերնբերգին ուղարկեց Իտալիա:

Մեկնելուց մի շաբաթ առաջ՝ 1840 թվականի հուլիսի 14-ին, Հայվազովսկին այսպիսի խնդրագիր ներկայացրեց ակադեմիայի վարչությանը.

«Նորին մեծության բարեհաճ թույլտվությամբ այս պահիս կատարելագործման համար ուղևորվելով օտար երկրներ և միաժամանակ ցանկանալով պահպանել ծնողներիս աղքատիկ գոյությունը՝ ես՝ նվաստս, դիմում եմ նորին կայսերական ակադեմիայի վարչությանը՝ բարի գտնվել կատարելու իմ սույն խնդիրքը. Յուրաքանչյուր եռամսյակը մեկ արտասահմանում ապրուստի համար ինձ հատկացվող հարյուր ռուբլուց քսանհինգը տրամադրել ծնողներիս՝ խնդրելով ակադեմիային նեղություն կրել, գումարն ուղարկել նրանց բնակության վայրը՝ Թեոդոսիա…»։

Իտալիայի ճանապարհն անցնում էր Բեռլինով, Դրեզդենով, Վիեննայով, Տրիեստով: Բայց երիտասարդ նկարիչներն այնպիսի բուռն անհամբերությամբ էին համակված, որ ոչ մի տեղ կանգ չէին առնում: Եվ ահա նրանք վերջապես Վենետիկում են՝ առաջին իտալական քաղաքում:

Վենետիկն իր հեքիաթային տեսքով շլացրեց պատանիներին: Չնայած մինչև այդ էլ շատ ու շատ էին կարդացել նրա մասին, բայց ամենապոետական նկարագրություններն անգամ նույնիսկ հեռավոր կերպով չէին պատկերում այդ քաղաքի ամբողջ գեղեցկությունը:

Վենետիկը կանգնած է ավելի քան հարյուր կղզիների վրա, և փողոցներն այնտեղ մեծ մասամբ մեծ ու փոքր ջրանցքներ են: Այդ ջրե փողոցների վրա էլ դուրս են գալիս տների ճակատները, ջուրն անարգել զարկվում է նրանց մուտքերի առջև դրված սանդուղքներին: Վենետիկի ամենագեղեցիկ փողոցը Մեծ ջրանցքն է, որը շատ երկար է՝ մոտավորապես չորս կիլոմետր, իսկ լայնությունը շատ տեղերում հասնում է մինչև յոթանասուն մետրի:Նրա երկու կողմերում վեր են խոյանում հնօրյա գեղեցիկ պալատներ՝ սպիտակ մարմարից կառուցված, որոնց ճակատները զարդարված են ոսկեզօծ գեղաքանդակներով, գունավոր մարմարով և խճանկարներով: Այդ պալատ-պալացոների մեծ մասը կառուցվել է դեռևս 12-13-րդ դարերում, մի մասն էլ՝ 14-15-րդ դարերում, Վերածննդի դարաշրջանի լավագույն ճարտարապետների կողմից:

Երկու կողմից վեր խոյացող շքեղ այդ պալատներն անդրադառնում են Մեծ ջրանցքի ջրերում և ստորջրյա ֆանտաստիկ մի քաղաքի տպավորություն են թողնում: Յուրաքանչյուր պալատի առջև փայտե սյուներից կապված են մակույկներ: Վենետիկը հայտնի է իր գոնդոլներով: Եվ արտասովոր գեղեցիկ տեսարան է ստացվում, երբ մակույկավարը, զարդանախշ ղեկին նստած, մի ձեռքով թիավարում է շքեղ գորգով ծածկված գոնդոլը, մյուս ձեռքն էլ ուրախ թափահարելով՝ երգում է իր սիրած երգերը: Եվ եթե հաշվի առնեն, որ Հայվազովսկու ժամանակներում Վենետիկում գոյություն է ունեցել առնվազն տասը հազար գոնդոլ, ապա կարելի է պատկերացնել, թե ինչպիսի գեղեցիկ տեսարան էր այդ օրը բացվել երիտասարդ նկարիչների հայացքի առջև:

Առաջին իսկ օրը Հայվազովսկին, մենակ թողնելով Շտերնբերգին, ուղղվեց դեպի Սուրբ Ղազար կղզին: Չէ՞ որ այնտեղ էր գտնվում նրա եղբայրը՝ սիրելի Գաբրիելը, իր մանկության խաղընկեր Գարիկը:

Շատ տարիներ էին անցել այն օրից, երբ իրենց ընտանիքին ծանոթ հայ վաճառականը Գաբրիելին սովորելու բերեց Վենետիկ կոչվող այս հեքիաթային քաղաք:

Հայվազովսկին, մտքերից սթափվելով, շուրջը նայեց: Ահա հիմա նա Վենետիկում է: Քաղաքն իրոք կախարդական հեքիաթների միջի քաղաքներն է հիշեցնում: Գոնդոլներն էլ ասես կարապներ լինեն, որ թեթև թռչում են ջրի վրայով: Բայց ոչ թե Գարիկը բերեց իրեն այստեղ, այլ ինքը եկավ և ինքն է փնտրում նրան: Եղբայրը հազվադեպ էր իմաց տալիս իրենց իր գոյության մասին. վերջին նամակը ստացվել էր մի տարի առաջ: Գաբրիելը վանական էր դարձել: Հայվազովսկին հիշում էր, թե ինչպես սիրտը կուչ եկավ ցավից, երբ իմացավ այդ մասին: Գարիկին կարծես դրանով գերեզման էին դրել: Այնտեղ՝ վանքում, նա ուսումնասիրում էր արևելյան լեզուներ, պատմություն և աստվածաբանություն, դաստիարակները հպարտանում էին նրանով:

Իրիկնադեմին Հայվազովսկին հասավ վանք: Ծերունի մի վանական առաջնորդեց եղբոր խուցը: Դուռը բաց արեց վանականի սքեմ հագած նիհար, վտիտ մի երիտասարդ՝ ամիսներով արևի երես չտեսած կալանավորի հողագույն դեմքով: Սեղանը բեռնված էր գրքերով ու հին ձեռագրերով: Հայվազովսկին շուրջը նայեց և անասելի ցավ զգաց սրտում: Մինչդեռ վանականն իր կրտսեր եղբորը նայում էր հանդիմանությամբ և խաղաղ ու հանգիստ հարցնում հարազատների, Թեոդոսիայի, Գեղարվեստի ակադեմիայում նրա ունեցած հաջողությունների մասին: Ավագ եղբոր ձայնը հնչում էր անկիրք ու անտարբեր՝ առանց հուզմունքի նշույլ իսկ դրսևորելու: Պատմելով իր գիտական պարապմունքների մասին՝ նա սկսեց եղբորը հարց ու փորձ անել, թե արդյոք բավարար չափով հաստատո՞ւն է հավատի հարցում, կանոնավոր եկեղեցի հաճախո՞ւմ է, ե՞րբ է վերջին անգամ խոստովանել ու ճաշակ վերցրել, ո՞վ է նրա հոգևոր առաջնորդը…

Հայվազովսկուն թույլ տվեցին գիշերել վանքում: Վերակացուն կարգադրեց, որ երիտասարդ նկարչին տեղավորեն Բայրոնի սենյակում: Դա չլսված պատիվ էր: Անգլիացի մեծ բանաստեղծը Վենետիկում եղած ժամանակ շնորհ էր արել այցելել հայ վանականներին: Բայրոնին գրավել էր Սուրբ Ղազար վանքի հարուստ գրադարանը, և նրան այնտեղ հատկացրել էին առանձին սենյակ, ուր բանաստեղծը կարդացել էր հին ձեռագրեր և գրքեր: Վանական-գիտնականների օգնությամբ Բայրոնն ուսումնասիրել էր հայոց լեզուն և մի փոքր անգլո-հայերեն բառարան կազմել:

Սուրբ Ղազարի վանականները շատ թանկ էին գնահատում Բայրոնի այցելության հիշատակը վանքում և նրա սենյակը պահպանում էին որպես թանգարան՝ ամեն ինչը թողնելով այնպես, ինչպես եղել էր բանաստեղծի ժամանակ: Այդ սենյակը նրանք ցույց էին տալիս միայն անվանի հյուրերին: Այժմ Հայվազովսկուն այդ տեղը տրամադրելու վանահոր որոշումը ապացույց էր նրա ավագ եղբոր վայելած մեծ հարգանքին: Գաբրիել Հայվազովսկու հետ վանքը մեծ հույսեր էր կապում: Հիմա էլ, չնայած իր երիտասարդ տարիքին, նա իր գիտունությամբ աչքի էր ընկնում մյուս վանականների շարքում:

Հայվազովսկին, մեծապես հուզված, ամբողջ գիշեր չքնեց: Նա ակնածանքով էր զննում այն սենյակը, ուր ինչպես թվում էր իրեն, մինչև հիմա զգացվում էր մեծ բանաստեղծի շունչը: Բայց ավելի շատ մտածում էր սիրելի եղբոր ճակատագրի մասին: Որքան հեռու էր վանականի սև սքեմ հագած, անկիրք դեմքով այդ երիտասարդը երբեմնի զվարթ ու առույգ Գարիկից: Եվ որքան հեռու էին նրանց բաժանող տարիներն իսկ:

Անքուն անցկացնելով այդ գիշերը՝ Հայվազովսկին զգաց, թե ինչպես մի բան պոկվեց ու մնաց իր կյանքից: Աչքերի առաջ նորից հառնեց հայրենական տան աղքատիկ մթնոլորտը, կարիքը, որի մեջ անցավ նրանց մանկությունը: Եթե չքավորությունը չլիներ, մի՞թե նրա հայրն ու մայրը Գարիկին կտային այն հարուստ վաճառականին: Այս բոլորն անասելի ծանր էր Հայվազովսկու համար: Խաղաղ սենյակում՝ գիշերային լռության մեջ, նա դառը լաց էր լինում, բայց արցունքները սփոփանք չէին բերում: Նա ողբում էր եղբոր համար, նրա կորած երիտասարդության և անուրախ ապագայի համար:

Հաջորդ օրը, երբ արդեն պատրաստվում էր հրաժեշտ տալ, Գաբրիելը պահեց նրան: Ավագ եղբայրը վաղուց է, ինչ հետաքրքրվում էր իրենց ազգանվան ծագումնաբանությամբ: Նրան տարօրինակ էր թվում, որ իրենց հոր ազգանունը ոչ թե հայկական, այլ լեհական ազգանուն է հիշեցնում: Հին գրքեր ու ձեռագրեր ուսումնասիրելով՝ Գաբրիելը մանրամասն իմացել էր, թե ինչպես, երբ սելջուկներն ավերել էին հին հայկական պետությունն ու նրա մայրաքաղաք Անին, տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ հետապնդումից փրկվելու համար գաղթել էին օտար երկրներ: Այնտեղ էլ խոր արմատներ թողնելով՝ նրանք հիմնել էին հայկական գաղութներ: Իրենց հեռավոր նախնիները նույնպես ինչ-որ ժամանակ ապրել էին Հայաստանում, բայց հետագայում ստիպված էին եղել անցնել Լեհաստան: Նրանց ազգանունն Այվազյան էր եղել, որը լեհերի շրջանում հետզհետե ստացել էր լեհական Հայվազովսկի անվանումը: Հիմա Գաբրիելը նրան առաջարկում էր այդ Հայվազովսկին փոխարինել «Այվազովսկիով», որն ավելի ճիշտ էր: Կրտսեր եղբայրը համաձայնեց, նա նույնիսկ գտավ, որ Այվազովսկին շատ ավելի բարեհունչ է: Այդ օրվանից նա այդպես էլ կստորագրեր իր նկարները՝ Այվազովսկի:

Ռուսերենից թարգմանությունը՝ Մարգարիտ Թերզյանի

Խմբագիր՝ Նունե Ալեքսանյան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *