Էբրահիմ Գոլեստան | Ազար` աշնան վերջին ամիսը

Ծնվել է 1922թվականին Շիրազում: 1942թվականին տեղափոխվել է Թեհրան, ընդունվել տեղի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, սակայն ակտիվ քաղաքական գործունեության պատճառով կիսատ է թողել ուսումը: Մահացել է 2023-ի օգոստոսի 22-ին:

Առաջին պատմվածքը հրատարակվել է 1948 թվականին, առաջին ժողովածուն` «Ազար` աշնանվերջինամիս» անվանումով, 1950 թվականին: Բազմաթիվ ստեղծագործությունների, գիտական հոդվածների, կինոսցենարների հեղինակ է, վավերագրական ու գեղարվեստական ֆիլմերի ռեժիսոր: 1958թ. հիմնել է «Գոլեսթանստուդիա»-ն: Նրա «Միկրակ» ֆիլմն արժանացել է Վենետիկիկի կնոփառատոնի բրոնզե մրցանակին:

Իրանական հեղափոխությունից հետո ապրում էր Լոնդոնում:

 

 

ԱԶԱՐ՝ ԱՇՆԱՆ ՎԵՐՋԻՆ ԱՄԻՍ

Տեսնես այդ միտքն ինձ հանգիստ կթողնի՞: Ինչո՞ւ այդպես վարվեցի: Մի՞թե վատ բան եմ արել: Մտածեցի՝ կանհանգստանա, գուցեև ամաչի, գուցե թևաթափ լինի: Վերջին գիշերն էր, չէի ուզում՝ հիշեր նրանց: Չէ՛, չէի ուզում՝ ընկճվածությունն ու խղճահարությունը սասանեին նրա հաստատակամությունը: Ե՛վ ես, և՛ ինքը գիտեինք, որ ծանր պարտականություն է ուսերին վերցրել: Ուզում էի՝ ամուր մնա: Մտածում էի՝ եթե փաթեթը ձեռքը տամ, կամաչի կամ կանհանգստանա: Օ՜ֆ: Մի՞թե այդ փաթեթն այսուհետ ինձ հանգիստ կթողնի: Կանհետանա՞ աչքերիս առջևից: Վրայի ձեռագիր տառերը որդերի նման խլվլում են ուղեղիս մեջ: Եվ ես չգիտեմ՝ ընդհանրապես, երբևէ դրանք ինձ հանգիստ կթողնե՞ն: Ինչո՞ւ այդպես վարվեցի: Մի՞թե մեղանչել եմ:

Շվարել եմ: Այլևս չեմ ընկալում լսածս: Այլևս չեմ կարողանում նստել: Նկատեցի՝ Ֆերեյդունի ծնոտը դողում է, և վախեցա, որ նրա նման կդառնամ: Դառնում եմ: Այլևս չկարողացա նստել և վեր կացա: Սեղանների արանքում, ափսեների մեջ, առաստաղից կախ, չգիտեմ, ամեն տեղ, ամեն ինչի մեջ խլվլում էին փաթեթի վրայի տառերը՝ որդերի նման: Ախր ինչո՞ւ էի այդպես համոզված: Հա՛, ամեն ինչ էլ հնարավոր էր, բայց ինչո՞ւ հենց դա: Ինչո՞ւ դա, որ մոր ուղարկածն էր, չտվեցի նրան:

Այդ միտքն ինձ այլևս հանգիստ չի թողնի:

Այլևս չէի կարողանում նստել: Վեր կացա: Ֆերեյդունին, բժշկին ու երեխաներին թողեցի և դուրս եկա ռեստորանից: Հեռվից լսվում էր սգավորների՝ ձեռքերը թափահարելու աղմուկը:

Աշնան վերջին ամսվա մի երեկո էր: Թեթև ու ահարկու մի սառնություն էր փչում ընդարձակ ու դատարկ հրապարակում: Ստվերս՝ երկար ու անճոռնի, փռված էր ինձնից առաջ և ընկնում էր ոտքերիս տակ: Չգիտեի՝ ուր եմ գնում: Մի անդամալույծ մուրացկան քստքստացնելով քարշ էր տալիս սեփական մարմինը գետնի վրայով, տնքում էր և գալիս դեպի ինձ: Չէի ուզում՝ հասնի: Քայլեցի: Հասա հրապարակի  կենտրոնին: Շուրջբոլորը դատարկություն էր: Հեռվից լսվում էին ձեռքերի թափահարումների ձայները: Մի՞թե փաթեթի ձեռագիրը կչքանա:

Լույսերը շարան-շարան հեռանում էին: Ասես իրար շղթայված օղակներ էին, որ ընթացքում ծանրանում,աղավաղվում էին: Իմ երեք-չորս ստվերները, հենց ընկնում էին ոտքերիս տակ, խառնվում էին ու սևանում: Ձեռքերը թափահարողներն անցնում էին հեռվից, և վիճակս վատթարանում էր այնպես, կարծես դանակը սլլացնում էին պղնձե սկուտեղի վրայով: Այդ միտքը դարձյալ ինձ հանգիստ չէր տալիս: Նրա դեմքը, եղբոր դեմքը, կնոջ դեմքը, որից անձրև էր կաթում, մոր կարճլիկ ու տկար կերպարը, որ սևով էր պատվել…  Որ կողմ նայում էի, բռնում էին մեկը մյուսի տեղն ու շուրջանակի պտտվում: Բայց վատթարը փաթեթն էր: Ինչո՞ւ այդ գիշերը ես գնացի: Եթե չգնայի…

Թեև սպասում էի այդ զանգին, երեք կարճ և մեկ երկար զանգ, բայց միևնույնն է, պատուհանը բացեցի, տեսնեմ՝ ի՞նքն է: Հանկարծ որոշեցի ավելի զգուշավոր լինել: Կնոջս ասացի.

-Ավելի լավ է, դո՛ւ նայիր:

Նա պատուհանից կռացավ դեպի փողոց ու կանչեց՝ ո՞վ է: Պատասխան չեղավ:  Հետ քաշվեց.

-Մութ է, լավ չի երևում:

Չէի կարծում, որ ուրիշը կարող է նույնկերպ զանգը տալ: Բայց դարձյալ զգուշացա: Ասացի.

-Նայի՛ր, մենա՞կ է:

Կրկին դուրս կախվեց, ասաց՝ հա:

-Նայի՛ր, փողոցում հանգի՞ստ է:

Այս ու այն կողմ նայեց, ասաց.

-Հա՛, ընդհանրապես մարդ չկա:

Չգիտեի՝ ինչ անեի: Մտքովս ոչինչ չէր անցնում: Չէի կողմնորոշվում: Կինս ասաց.

-Հա, հետո՞:

-Նայի՛ր, դրսում մեքենա կա՞:

Առանց դուրս նայելու պատասխանեց՝ չէ: Ասացի.

-Դե՛ նայիր, իրո՞ք չկա:

Դարձյալ գլուխը հանեց պատուհանից և պատասխանեց՝ ասացի՝ չկա:

Դեռ չգիտեի ինչ անել: Հնչեց դռան զանգը: Երեք կարճ, մեկ երկար զանգ, ավելի երկար, քան նախորդ անգամվանը: Միևնույն ժամանակ լսվեց դռան թակիչի ձայնը: Կինս հապճեպ կռացավ դեպի դուրս, իսկ ես, ճիշտն ասած, վախեցա: Լսվեց դռան շրխկոցը: Կինս ասաց՝ ներս մտավ: Ակնհայտ էր՝ երկյուղած է, ձայնը դողում էր: Ասաց.

-Աստված իմ, ո՞նց դրա դնջության հախից գամ:

Սպասավորին հազար անգամ ասել էինք՝ երբ դուռը ծեծում են, նախ հարցրու՝ ով է, մեզ տեղեկացրու, հետո միայն կա՛մ դուռը բաց, կա՛մ ասա՝ տանը մարդ չկա: Կինս աճապարանքով դուրս թռավ սենյակից և աստիճաններով վազեց: Լսեցի Ալիի ձայնը: Շփոթմունքս անցավ: Դուրս եկա և աստիճանների կեսին հանդիպեցի Ալիին: Բարևեց: Հարցրի.

-Բա ավտոն ո՞ւր է:

Ասաց՝ բերել եմ, և միասին ներքև իջանք: Կինս քթի տակ փնթփնթում էր: Ալին հրաժեշտ տվեց: Կինս պատասխանեց՝ բարի գիշեր: Ես արդեն դրսում էի:

Փողոցում լուռ էր ու մութ: Ալին դուրս եկավ և դուռը փակեց: Պարզեցի ձեռքս: Նա տվեց մեքենայի բանալին: Ուզում էի գնալ, ասաց.

-Այս կողմով:

Շրջվեցի, և փողոցի մյուս հատվածով քայլեցինք: Ալին մեքենան կայանել էր օժանադակ փողոցում: Ուրիշ մեքենաներ էլ կային: Մոտեցել էինք ավտոմեքենային, երբ մեկն էլ եկավ: Գիտեի՝ այդտեղ մի բեյրութցի վաճառականի տուն է: Ձեռքս հետ քաշեցի բռնակից: Երկու կին ու տղամարդ՝ երեկոյան հագուստով, իջան մեքենայից և մտան ներս: Ալին քմծիծաղ տվեց՝ ասելով.

-Վատ տեղ եմ կանգնել, հա՞:

Ժպտացի: Ալին բացեց դուռը: Նստեցի, փակեցի դուռը: Ալին, ինչպես նախօրոք որոշել էինք, ինձ մենակ թողեց: Ճամփա ընկա: Չէի կարծում՝ հետևող լինի: Բայց զգուշության համար միանգամից չուղղվեցի դեպի նպատակակետս: Շրջանցեցի, հետո, ի վերջո, բռնեցի ճիշտ ճանապարհը: Չէի կարծում՝ ինձ հետևող լինի, բայց թվում էր՝ հենց տեղ հասնեմ, մեկը կհայտնվի: Հնար չկար: Պիտի գնայի ու վերցնեի Ահմադի իրերը: Ահմադն ու նրա երկու համախոհները մեկնելու էին: Պիտի գնային: Բոլորիս հույսը դա էր:

Հասա նպատակակետին: Քաղաքի հարավային այդ պողոտայում անցուդարձը քիչ էր, և ես հեռվից նկատեցի ճամպրուկների ուրվագծերն ու չորս հոգու՝ ճամպրուկների մոտ՝ մայթեզրին կանգնած: Փողոցի գլխին՝ ճամպրուկներից ահագին հեռու, կանգնեցի: Զննեցի շուրջս: Անցուդարձը շատ չէր: Ճամպրուկներին մոտ մի մեքենա կար, և դա ինձ շփոթեցնում էր: Թացն ու չորը իրար էին խառնվել: Այն, որ նոր էր մթնում և փողոցում անցուդարձը քիչ էր, և՛ լավ էր, և՛  դժվարացնում էր գործը: Երբեք չես կարող ասել անկանխատեսելի որևէ բան կլինի՞, թե՞ ոչ: Չես կարող ասել հաջողությա՞ն հավանակությունն է ավելի մեծ, թե՞  վտանգի: Ես նայում էի փողոցին ու մայթերին, իսկ մեքենաներն ու անցորդները գալիս էին ու գնում: Այնուամենայնիվ, պիտի գնայի: Դա իմ պարտականությունն էր: Չէ՛, ես երբևէ չեմ մտածել, թե ինձ՝ ինչ: Ինչպե՞ս թե, ինձ՝ ինչ: Անշուշտ, դա ինձ էլ էր վերաբերում: Իջա: Ակամայից իջա: Պիտի քշեի առաջ: Բայց իջել էի: Մի քանի քայլ ներքև նպարեղենի խանութի լամպը մի ծուռ քառակուսի էր արտացոլել մայթի վրա: Առաջացա և երբ հայտնվեցի լուսե քառակուսու մեջ, սիրտս նվաղեց, ու կշտամբեցի ինքս ինձ: Ինչո՞ւ խցկվեցի լույսի մեջ: Կտեսնեն ինձ: Չէի ուզում հետ դառնալ: Մտա խանութ և մի տուփ լուցկի գնեցի: Երբ դուրս եկա, հայացքով տնտղեցի փողոցը: Նույն անցուդարձն էր և նույն մեքենան՝ ճամպրուկների մոտ կայանած: Ասել էի՝ երեկոյան յոթի կողմերը կգամ, այժմ յոթն անց յոթ-ութ րոպե էր: Նստեցի մեքենան և գործի գցեցի շարժիչը:  Առջևից եկող մեքենայի լուսարձակների ցոլքն ընկավ աչքերիս: Սպասեցի, մինչև անցնի: Անցավ, ու ես առաջ շարժվեցի: Արագ չէի վարում, ոչ էլ՝ դանդաղ: Մոտեցա ճամպրուկներին: Նայեցի մայթերի ու փողոցի և՛ այս, և՛ այն կողմը:  Ոչ մի նոր բան: Հասա ճամպրուկներին: Մի երիտասարդ, այն երիտասարդը, որի հետ նախապես պայմանավորվել էինք այս հանդիպման համար, մի տղեկ, մի կարճահասակ կին՝ սև չադրան գլխին և մի ուրիշ կին՝ ինչ-որ բան գրկած, կանգնած էին ճամպրուկների մոտ: Հասա նրանց ու չկանգնեցի: Հեռացա: Առաջ գնացի: Հետ նայեցի: Իմ հետևից մեքենա էր գալիս, որի լույսերն ընկնում էին աչքերիս: Հասա փողոցի վերջին, մտա հաջորդ փողոցն ու շարունակեցի: Կրկին հետ նայեցի: Ոչ ոք չկար: Այստեղ ավելի հանգիստ էր: Երանի ճամպրուկներն այստեղ դրած լինեին: Վերադարձա, շրջադարձն անցնելով՝ մտա առաջին փողոցը: Ամեն ինչ նույնն էր: Որոշեցի մեքենան կայանել բեռների մոտ: Հանկարծ գլխի ընկա, որ փոխելով մեքենայի ուղղությունը, ճամպրուկները հայտնվել են ձախ կողմում: Մինչ հուսալքվելս՝ մտքովս անցավ, որ էլ ավելի զգուշավոր լինելու հարմար առիթ է: Գոհունակությամբ քշեցի առաջ ու նայեցի փողոցում կանգնած այն մեքենային, որ այժմ իմ աջ կողմում էր՝ ճամպրուկների դիմաց: Այս անգամ նկատեցի, որ ճամպրուկներն են, ծածկոցով փաթաթված կապոց ու մի բարձ: Հենց այդպես էլ պայմանավորվել էինք: Հանկարծ մտքովս անցավ, թե ինչ անզգույշ ենք եղել: Փողոցում մութ էր, և ոչինչ չէր երևում: Ի՞նչ կա, որ չի երևում, և ես չեմ կարողանում տեսնել: Բայց հնարավոր չէ: Չէ՛: Նրանք պիտի գնան: Հասել էի փողոցի վերջին: Մտա հաջորդ փողոցը: Այնտեղ իրարանցում էր, և դժվարությամբ շրջադարձ կատարեցի: Դեռ չէի հայտնվել իմ ուզած փողոցում, երբ կատարվեց այն, ինչին ընդհանրապես չէի սպասում: Դիմապակու  վրա հայտնվեցին աշնանային առաջին անձրևի ծանր կաթիլները: Դիմապակին պեծկլտում էր: Անձրևը խառնվում էր մեքենաների լույսերին  և ապակին լիզելով՝ սահում ներքև: Այլևս չէր կարելի հապաղել: Անձրևում էր, իսկ ճամպրուկներն ու այն չորս հոգին անձրևի տակ էին: Արագացրի ընթացքը: Կանգնեցի ուղիղ ճամպրուկների կողքին: Շարժիչն աշխատում էր, բայց լուսարձակներն անջատեցի և արագ իջա: Անցա մեքենայի առջևով, մոտեցա և բարևեցի: Երիտասարդը վերցրել էր երկու ճամպրուկը, իսկ տղեկը գլխին էր դրել անկողնու կապոցը: Չադրան գլխին քաշած կարճահասակ կինը մոտեցավ և հայացքը հառեց երեսիս: Տարուբերեց գլուխը: Կարծես ուզում էր դեմքիցս, աչքերիցս ծանոթ ուրվագծեր դուրս քաշել: Ընդհատ հեծկլտոցից մարմնիս մեջ դող ընկավ: Պտտվեցի ու տեսա մեքենայի մոտ մեկ այլ կին կա՝ բարուրով երեխան գրկին: Լացում էր: Չգիտեի՝ ինչ անեմ: Եղանակի պատճառով փողոցում մարդ չկար: Անձրևն ուժգնանում էր: Մոտեցող ավտոմեքենայի լուսարձակների ցոլքերի մեջ պարզ երևացին տեղատարափ անձրևի շիթերը: Կինը լացում էր: Շվարել էի: Սիրտս տրոփում էր: Երիտասարդն առաջացավ՝ հարցնելով.

-Դե՛, ո՞ւր դնենք:

Ուշքի եկա: Տեսա՝ բեռն այնքան էլ շատ չէ և բեռնախցիկում տեղավորելու անհրաժեշտություն չկա: Նույնիսկ չէի հիշում, որ Ալիից չեմ վերցրել բեռնախցիկի բանալին: Հետևի դուռը բացեցի, ասացի՝ էստեղ: Անձրևն ուժեղանում էր: Հեծկլտոցն ազդում էր ինձ վրա: Ուզում էի հանգստացնել: Բայց նրանց ծանոթ չէի: Միայն ճամպրուկները տեղափոխող այդ երիտասարդն էր երեկ եկել, ինձ այս փողոց բերել ու ասել, որ ինձ այստեղ կսպասեն:

Վախս գնալով սաստկանում էր: Սիրտս հազիվ էր զարկում: Անձրևին նաև քամին էր խառնվել: Ճամպրուկները, կապոցն ու բարձը մեքենայի մեջ էին: Լացն ավելի էր ուժեղացել: Կարճահասակը լացող կնոջն ասաց.

-Լավ նշան չի, ինչի՞ ես լացում: Մ՛ի լացի, հանգստացի,- հետո, կարծես հիշելով, ավելացրեց,- երեխան թոքաբորբ կընկնի: Դե՛, գնա՛:

Նրա ձայնն էլ էր դողում:

-Դե՛ գնա, ջանըմ: Ախր, ոնց կգար: Չի լինի: Գնա՛:

Իր լացն էլ էր գալիս:

Երիտասարդը մոտեցավ, ընկավ կնոջ թևի տակ և նայելով ինձ՝ ասաց.

-Մեզանից շատ բարև տարեք:

Նրա խնդրանքում անսահման տառապանք կար:

-Ահմադ խանը լավ էր: Բոլորիդ բարևներ է ուղարկել,-պատասխանեցի,- ախր, չէր կարող ինքը գալ: Այն էլ՝ այստեղ: Դուք հո գիտեք՝ դռնեդուռ ընկած նրան են փնտրում:

Վախս ավելի էր սաստկանում: Հանկարծ հիշեցի դիմացի մեքենան, որի մասին մոռացել էի: Տեղատարափ էր: Փողոցի մյուս հատվածում մեքենան կանգնած էր վարար, ծանր, մռայլ անձրևի տակ: Ասացի.

-Թույլ տվեք… որևէ բան ուզո՞ւմ եք փոխանցել:

Կանայք լալիս էին: Հեծկլտում էին, իսկ հորդառատ անձրևը թափվում էր մեզ վրա: Երիտասարդը փորձում էր հանգստացնել նրանց: Տղեկը կծկվել էր և ակնհայտ էր, որ անձրևից նեղվում է և չգիտի՝ ինչ անի: Կարճահասակ կինը առաջ եկավ: Առաջ եկավ և  երբ մոտեցավ ինձ, փորձելով հանգիստ երևալ, խուլ ձայնով ասաց.

-Աստծու օրհնանքը քեզ հետ լինի: Ցավդ տանեմ, իմ փոխարեն նրան պաչի: Մեռնեմ կյանքիդ, Ահմադ, ասա՝ մամադ ուզում է՝ գաս, մի անգամ էլ մեզ տեսնես,- և չկարողացավ լացը զսպել,- Աստված տա, մի լավ օր չտեսնեն: Աստված տա, դռնեդուռ ընկնեն, թափառական դառնան, որ իրենց անիրավությամբ մարդկանց էսպես չտանջեն… Հույս ունեմ՝ Հուսեյնի արյան գինը չի, կվերանան, կավարտվի դրանց ժամանակը: Դրանց իշխանությունը քարուքանդ կլինի…

Ներսումս ամեն ինչ իրար էր խառնվել: Սիրտս արագ էր զարկում: Ինչպիսի՜ տեղատարափ էր: Երիտասարդն էր.

–  Մամա՛, ես երեխային տանում եմ: Հաջողությո՛ւն, պարո՛ն, նրան կբարևեք: Աստված տա, շուտ վերադառնա:

Երկու կանանց լացը հուզեց ինձ: Կինը թույլ չտվեց, որ երեխային տանեն: Ազատվեց երիտասարդից ու քայլեց դեպի ինձ: Ծեր կինը հեծկլտալով ասում էր, թե ինչո՞ւ է երեխային մրսեցնում անձրևի տակ: Կինը մոտեցավ: Անձրևը թրջել էր նրա վարսերն ու գլխաշորի տակից սպրդած մազերը սոսնձել դեմքին: Երիտասարդը փնթփնթաց.

-Ինչո՞ւ չեք գնում: Մարդը գործ ունի: Ինչո՞ւ եք կանգնեցրել անձրևի տակ:

Կինը մոտեցավ և ասաց.

-Պարո՛ն, Ահմադին կասեք,- ու սկսեց հեկեկալ:

-Ջա՛նս, հանգստացի՛ր… Պարոնը գործ ունի… Տե՛ս, ինչ անձրև է,- միջամտեց  ծեր կինը:

-Կասեք՝ իր Հուշանգին եք տեսել: Կասեք՝ Հուշանգը եկել էր հորը…

Նրա լացը տակնուվրա արեց ներսս:

-Եկել էր հորը հաջողություն ասելու…

Երիտասարդը մոտեցավ, ընկավ նրա թևը.

-Հանգստացի՛ր, Մեհրի ջան: Գիշերվա կեսին, երբ էն անպիտանը ատրճանակը ձեռքին դուռը ջարդեց ու ներս մտավ, քեզ ինչպե՜ս պահեցիր, հիմա ոնց որ երեխա լինես:

Կինը լալիս էր:

-Պարո՛ն, Ահմադը Հուշիին դեռ չի տեսել, բայց իրեն ասեք՝ թող պինդ մնա: Ցա՛վդ տանեմ, Ահմա՛դ,- ասաց ծեր կինը:

Կարծես ինձ հիպնոսացրած լինեին: Ընդհանրապես չէի ըմբռնում՝ ինչ է կատարվում: Կանգնել էի, իսկ անձրևը թրջում էր ինձ, և սիրտս սեղմվում էր: Քարացել էի, ոչինչ չէի հասկանում: Ինչո՞ւ չէի գնում: Ինչո՞ւ էի կանգնել: Ինչո՞ւ չէի գնում:

Երիտասարդը նորածնին դուրս քաշեց մոր գրկից ու ասաց.

-Հաջողությո՛ւն, պարո՛ն: Ուշացրինք ձեզ: Կբարևեք նրան,-  և  նետվեց մութ ու մռայլ փողոցը:

Համառ կինն անիծում էր ու աղոթում: Երիտասարդ կինը մայթից իջավ ու մոտեցավ մեքենային: Ես չգիտեի՝ ինչ անել: Ծեր կինն արձագանքեց՝ պարո՛ն, մի՛ թողեք: Կինն ընկել էր ճամպրուկների վրա և համբուրում էր դրանք: Մոտեցա և զգուշությամբ կնոջը դուրս քաշեցի մեքենայից: Շարունակաբար ասում էր.

-Կասեք՝ Հուշանգն էլ էր եկել: Կասեք՝ Հուշանգն էլ էր եկել հորը տեսնելու: Կասեք…

Ես զգուշորեն դուրս քաշեցի նրան մեքենայից և շրխկացրի դուռը: Նրա բազուկը ափիս մեջ էր: Գլուխն անփույթ շրջեց դեպի ինձ և հարցրեց.

-Ե՞րբ կվերադառնա: Կլինի՞ ես էլ ձեզ հետ գամ:

Ի՞նչ ասեի: Ի՞նչ էի ասում: Ուղեկցեցի նրան դեպի մայթ՝ ասելով.

– Լա՛վ, տիկնա՛յք, թույլ տվեք գնամ:

Բացեցի մեքենայի դուռը: Մտքիցս թռել էր, որ շարժիչը չեմ անջատել: Գլխի ընկա, երբ նստեցի: Փակեցի դուռը, նայեցի դուրս: Նայեցի փողոցին: Այն մեքենան նույն տեղում էր: Մի մեքենա եկավ հետևից, անցավ ու գնաց: Հանկարծ նկատեցի՝ դռան ապակին ծեծում են: Ծեր կինն էր: Արտասվելով ասաց.

-Սա ճանապարհի համար էինք բերել, տվեք նրան: Ա՜խ, Ահմա՛դ ջան, մամադ մեռնի ջանիդ…

Ես արդեն հոգնել էի: Պարզեցի ձեռքս: Վերցրի փաթեթը: Թերևս չադրայի տակ էր պահել, որ չէր թրջվել:

-Մի՛ լացեք: Գոհ եղեք, որ չկարողացան նրան բռնել ու հիմա ողջ-առողջ է: Թողեք գնամ: Անշուշտ, շուտով կվերադառնա: Եթե թույլ տաք, երբեմն կայցելեմ ձեզ: Խնդրո՛ւմ եմ, հանգստացեք: Ցտեսությո՛ւն:

Դուռը փակեցի: Կանայք դեռևս կանգնած էին անձրևի տակ: Լույսի ցոլքերը լամպերից կախվել էին փողոցի ողորկ ափի մեջ: Քշեցի մեքենան: Այն մեքենան նույն տեղում էր: Պտտվեցի և արագացրի ընթացքը: Հետ նայեցի: Կանայք այնտեղ էին: Անձրևն ու լույսի ցոլքերը, որոնք պատռում էին գետնի կուրծքը, իմ ու նրանց միջև մշուշոտ ու անգույն վարագույր էին քաշել: Շրջադարձն անցա ու հայտնվեցի բանուկ փողոցում: Լամպերի  լույսերը ցրիվ էին եկել անձրևապատ դիմապակու վրա, և ես չէի կարողանում հանգստանել: Նետվել էի խցանման ծովը: Տեսնես մեքենան, որ կանգնած էր հակառակ մայթին, հիմա ինձ հետևո՞ւմ է: Վստահ եմ՝ եթե մեկն ուզի նրանց գտնի, կսկսի նրանց տնից, նրանց հետքը տան շրջակայքից կբռնի: Եթե հետևեն ինձ, ամեն ինչ իզուր կլինի: Պետք է մի կերպ ճամփա գտնեմ այս խառնաշփոթից ու անձրևի ճիրաններից դուրս գալու համար: Ի՞նչ իմանամ՝ այս պլշած  ու զննող աչքերը կամ իմ հետևից եկող մեքենաները հետևո՞ւմ են ինձ, թե՞ ոչ: Պետք է կորցնեմ հետքս: Ակամայից միացրի դիմապակու ձնամաքրիչ խոզանակները: Մերկ մետաղյա ձողը նվալով անցավ ապակու վրայով: Փշաքաղվեցի: Դող անցավ միջովս: Անջատեցի: Ահն աճում էր: Աչքերս ակամայից այս ու այն կողմ էի պտտեցնում՝ շարունակելով վարել: Առաջ էի ընթանում, բայց հետապնդողներն ինձ հետ էին քաշում աներևույթ պարանով: Ապակուն թափվող անձրևն ամեն ինչ դարձնում էր կասկածելի: Ամեն ինչ ճոճվում էր: Անընդհատ հետ էի նայում: Մի՞թե լույսի հետապնդող ցոլքերն ինձնից ձեռք կքաշեն: Որտե՞ղ են ուզում ինձ բռնել: Արդյոք խաչմերուկի մո՞տ են դարանակալել: Որտե՞ղ ինձ կբռնեն: Լա՛վ, բռնում են, բռնեն: Ասենք բռնեցին, հետո ի՞նչ: Ձեզ ի՞նչ, թե ում ճամպրուկներն են: Ի՛մն են: Որտե՞ղ էիր: Գյուղում: Ձեզ ինչ: Բոլոր այդ դեմքերը հռհռում են: Արագացնում եմ ընթացքը: Հասկանում եմ, որ անիվները սահում են: Բայց սրընթաց թեքվում եմ դեպի հարևան փողոց: Այն պատկերը, որ անձրևապատ ապակու հետևում ձևախեղվել ու լույսեր է արձակում, անցնում է իմ առջևով: Փողոցի վերջին չհասած՝ կրկին պտտվում եմ, կանգնեցնում մեքենան, անջատում լույսերը: Մեքենաները սլանում են: Ի՛մն է: Տե՞րը: Ե՛ս եմ: Ես եմ, էլ ո՞վ: Բայց եթե ինչ չբռնեն, եթե ինձ չբռնեն ու հետևիցս գան, կտեսնեն՝ ուր եմ գնում, այդ ժամանակ՝ վա՜յ: Գործի եմ գցում շարժիչը:

Չէ՛, ես մի քանի անգամ կրկնեցի դա: Ոլորանին արագացնում էի ընթացքն ու պտտվում: Հեռանում էի, դարձյալ միանգամից կանգնում: Եթե հետևող լինի, կկորցնի հետքս: Եթե նույնիսկ հետևիցս պտտվեն, կշարունակեն ընթացքը և ինքնըստինքյան ինձնից առաջ կանցնեն: Ե՛վ անձրև է, և՛ մութ է, և՛ ջուրը կմաքրի անիվների հետքը: Շատ լավ է:

Բայց որ կողմ էլ գնայի, մտքի նույն շրջապտույտի մեջ էի: Ինչ-որ բան ինձ հանգիստ չէր տալիս ոչ մի տեղ: Կարծես միատեսակ աշխարհ էին նկարել, և  ուր էլ գնայի, նույն միատեսակ, միապաղաղ պատկերն էր՝ ինչպես բանվորների աշխատանքը՝ գործարանի հաստոցների միալար ձայնի տակ, ինչպես գնացքով կամ քարավանով ճամփորդելը, երբ ամենուրեք անիվների ռիթմիկ չխկխչկոց է կամ զնգզնգոց, կյանքի համար մի նախապայման, որտեղ իմ ուշքն ու միտքը Ահմադն էր: Ահմադները: Բոլոր նրանք, ովքեր հասկացել էին՝ պարտականություն ունեն, նրանք, որոնց կամքը ջուր էր ցողում բորբոքված աշխարհի ու կրակոտ կյանքի վրա, այն ձեռքերի, որոնք առաջ էին պարզված վաղվա համար:

Ես տեսել էի Ահմադին: Կնոջն էլ տեսա: Նրանց երեխային էլ: Նրանց երեխային, որ վախի, սվիններով ներխուժման ու ատրճանակավոր ձեռքերի արանքում էր ծնվել:

Լցվել էին Ահմադենց տուն: Լցվել էին նրանց բակն ու կտուրը: Ծննդկանը հեծկլտալով պատմում էր, որ այդ «մահվան տեսիլները» դուռը աքացիներով ջարդել են և սվիններով ներխուժել ներս: Ահմադն այնտեղ չի եղել: Բայց կինը ծննդաբերել է: Ահմադն այլևս չի վերադարձել տուն: Ատրճանակով, սվիններով, զոռբայությամբ ներս են խուժել, բայց երեխան ծնվել է:

Անձրևում է: Ճանապարհս երկարացրել եմ: Գուցե քաղաքի կեսով անցել եմ: Փողոցի գլխին ազդանշան տվեցի և հենց կայանեցի մեքենան, տան դուռը բացվեց: Կնոջս օգնությամբ ճամպրուկները, կապոցն ու բարձը դրեցի նախամուտքում և գնացի մեքենան վերադարձնելու:

Անձրևն արդեն կտրվել էր: Խաղաղվել էի: Բավականության զգացողությունը պատել էր սիրտս: Ահմադի մասին մտորումներիս ռիթմը համահունչ էր մտքիս ելևէջներին: Տեսնես նույնքան դյուրի՞ն կլինի վաղը Ահմադի քաղաքից հեռանալը: Ո՞վ է Ահմադի հայրը: Ով ուզում է լինի: Ինչպե՜ս էր անձրևում: Բայց ինչո՞ւ հերթապահող չկա: Դրանք դռնեդուռ ընկած իրենց են փնտրում: Մեքենան էստեղ ի՞նչ է անում: Հա՜, վախեցար: Վա՞խ: Թո՛ւհ: Ի՞նչ եղավ: Ասացի՝ ձեզ ինչ: Ասացի՝ ձեզ ինչ, թե ում ապրանքն է: Մի՞թե իզուր էր: Լա՛վ, կասեմ իմն է: Ի՜նչ անձրև էր: Երեխան ինչպե՜ս էր լացում: Ընկել էր ճամպրուկների ու կապոցի վրա: Ինչո՞ւ պիտի չլացեր: Ահմադն այնքա՜ն լավն է: Պիտի որ սիրահարված լիներ: Պիտի՞: Ի վերջո, սերն էր պատճառը, Չէ՞: Ինչո՞ւ: Հաստա՛տ: Բայց ինչ դժվար էր ծննդաբերել: Այդ անամոթները: Բայց մայրն ինչո՞ւ չէր լացում: Գուցե ուզում էր կնոջն էլ ավելի չհուսալքել: Կինը կերակրող մայր էր: Գուցե ուզում էր կերակրող մորը չլացացնել: Բայց նա լացում էր: Իսկ Ահմադի մայրը ինչո՞ւ չէր լացում: Չէ՞ր լացում: Ինչպե՞ս չէր լացում: Լացում էր: Երբ թակեց  ապակին, և երբ բացեցի դուռը, գլուխը ներս մտցրեց… վա՜յ, փաթեթը… Հապշտապ մեկնեցի ձեռքս, որ այն վերցնեմ: Դպրոցական օգտագործված տետրի թերթերից էին սարքել: Վերևի մասը ծալել էին, որ միջի եղածը չթափվի: Բացեցի: Ընկուզեղեն էր: Ափսոս, որ փաթեթը գտա, ափսոս այն չեմ կորցրել:

Շարունակում էի վարել մեքենան: Անձրևը դադարել էր:

Ալին պայմանավորված տեղում էր: Երբ կանգ առա, մոտեցավ, դուռը բացեց.

-Ինչո՞ւ այդքան ուշացար: Անհանգստացա:

-Զգուշության համար էր:

Ասաց՝ անհանգստացա, և ուզեց՝ նստի: Արագ վերցրի փաթեթը, որ չճզմի: Հարցրեց՝ սա ի՞նչ է:

-Սա՞:

Ի՞նչ ասեմ: Ինքն ասաց՝ տղայի համար է, ճանապարհի համար:

-Հա՜-հա՜: Դեռ էս փաթեթներից սարքո՞ւմ են: Հա՜: Որտեղի՞ց ես գտել: Ջհուդների թաղի՞ց: Մեջն ի՞նչ է:

Ի՞նչ ասեմ: Լա՛վ, ասեմ՝ որդու համար է ուղարկել: Չէ՛: Ալիին ինչ, թե ես որտեղ էի: Ալին ընդամենը պիտի մեքենան բերեր և բերել է: Ալիի ի՞նչ գործն է, թե ճամպրուկների համար ուր եմ հասել: Կարճ կապեցի.

-Քեզ ինչ: Ոչինչ:

Դուռը բացեցի, որ իջնեմ: Ալին ասաց.

-Լա՛վ, արի՛ տուն տանեմ: Տուն չե՞ս գնում:

-Հա՛, տուն եմ գնում, բայց ուզում եմ՝ ոտքով գնամ:

Եթե Ալին ինձ հետ գար, գուցե ուզեր ներս մտնել ու մի քիչ նստել: Ես չէի ուզում: Ես չէի ուզում՝ Ալին իմանար՝ մեր տանն ովքեր են ապրում:

-Ի՞նչ: Ոտքով: Էս անձրևի՞ն:

-Անձրևը կտրվել է: Ճանապարհին ուրիշ գործ ունեմ, նեղլիկ փողոց է, պիտի գնամ,-   իջա,- ցտեսությո՛ւն, – փակեցի դուռն ու ճամփա ընկա:

Անցա փողոցը, հետո վերադարձա ստուգելու՝ Ալին գնացե՞լ է, թե՞ չէ: Գնացել էր: Քայլեցի դեպի կանգառ: Ավտոբուս եկավ: Նստեցի:

Ինչո՞ւ չի կարելի այլևս այս փաթեթներից օգտագործել: Անպայման պիտի ստվարաթղթե տո՞ւփ լինի: Եթե տուփ լիներ, Ալին չէր ծիծաղի: Ի՞նչ տարբերություն: Հիմա՛ր, ի՞նչ կա ծիծաղելու: Ա՛յ, ձեռագի՜րը: Միրզա Ալի խանն ի՜նչ լավ մարդ էր: Գեղագրության ժամին բոլորս ծիծաղում էինք: Չէր կարողանում մեզ հանդարտեցնել: Բայց ուզո՞ւմ էր: Ի՜նչ լավ օրեր էին: Ի տարբերություն միրզա Բոզորգի: Բոլորիս ծեծում էր: Բոլորին հայհոյում: Վա՜յ էդ պատիժները: Ինչքա՜ն էի գրում: Քանի՜ անգամ: Արաբերենի ժամին բայերը խոնարհելիս մի քանի հարյուր հազար անգամ կրկնում էի ն-ի շեշտադրությունը: Բայց ամենամեծ տխմարությունը սիյաղն[1] էր:  Սիյա՜ղ: Ծիծաղս եկավ:

-Խաչմերո՞ւկ… Խաչմերուկում իջնող չկա… Գնա…

Ուշք ու միտքդ որտե՞ղ էր: Սա իմ կանգառը չէ: Եթե լիներ էլ, լսած չէիր լինի: Արդեն անցավ: Ուշքի արի: Ոչ մի ավտոբուս այդ հատվածով չի անցնում: Երկրորդական փողոց է: Ավելի լավ:  Մի մեքենա տեսար, վա՜յ աման, ոնց վախեցար: Տարօրինակ գիշեր է: Մի՞թե ոչ: Անդադար միթե, միթե… ինչո՞ւ արեցիր: Լա՛վ, կասես՝ իմը չէ: Ձեզ՝ ի՞նչ: Կրկին շեղվեցիր: Շեղվեցիր և կանգառն անցար:

-Կանգնե՛ք:

Մի քիչ կքայլեմ: Մի քիչ ու մի բան էլ ավելի:

Իջա: Փաթեթը դրել էի ծնկներիս ու մոռացել դրա մասին: Փաթեթի խշխշոցը կրկին հիշեցրեց իր գոյության մասին: Ինչո՞ւ այլևս այդպիսիք չկան: Եթե տուփ լիներ, Ալին չէր ծիծաղի: Դպրոցական տետրի գրոտված էջ է: Գրոտված:

Միրզա Ալի խան և Ամիրզա Բոզորգ: Իսկը «Կրիան ու նապաստակը»[2] առակի նման: Ալին ծաղրեց: Ծաղրեց: Վերևներում այդ փաթեթից չեն օգտագործում: Ներքևներում էլ ո՛չ ծաղկավաճառություն կա, ո՛չ բազմաթիվ այլ բաներ: Այդ տարբերությունները: Մի՞թե ամեն ինչն է տարբեր:  Հաց, արմավ ու ձիու գոմաղբ: Կամ արյուն սպանդանոցներում: Ցավ, հիվանդություն ու քաղց: Սևություն ու տառապանք: Մի՞թե հնարավոր է: Ե՞րբ: Ա՞յս տարի: Հաջո՞րդ տարի: Երբ գարունը գա՞: Ահմադը վաղը գնում է: Ահմադը վաղը գնում է: Իր երեխային չի տեսել: Կտեսնի: Օ՜հ: Այդ անձրևոտ եղանակին երեխային բերել էին: Ինչո՞ւ մայրը տուփով չբերեց: Տուփով բերեր, Ալին չէր ծիծաղի: Այդ հիմար ծիծաղը: Փաթեթ, որ դպրոցական օգտագործված տետրակից էին սարքել: Նրանց ունեցածն էլ դա է: Մի՞թե չլսեցիր՝ երբ ներխուժել են նրանց տուն, սպան ամաչել է ծննդաբերող կնոջ անգորգ սենյակից: Այն կնոջ, որ լալիս էր. ..Կասեք՝ Հուշանգն էլ էր եկել… Եկել էր հորը տեսնելու… Ե՞րբ կգա… Կլինի՞ ես էլ գամ.. Իսկ ի՞նքը, որ ընկել էր բարձի ու կապոցի վրա:

Ճամփան առել էի առաջս ու ակամա քայլում էի: Գուցե ուրիշներն էլ ծիծաղեն: Գուցե միայն ես եմ, ում ծիծաղը չի գալիս: Ահմադը կծիծաղե՞ր: Լա՛վ, չեն ունեցել: Չունենալը ծիծաղելի չէ: Ջանում էի մտքերս իրար խառնել, որ ոչինչ չզգամ: Անձրևից թրջված չոր տերևների ու ծառերի խոնավ հոտն ինձ հաճույք էր պատճառում, արթնացնում անցյալի հիշողությունները: Ինչ-որ աղոտ ու թախծոտ մի բան ստվերում էր զգայարաններս: Տերևների հոտը, ագռավների կռկռոցը ինձ հիշեցնում էին անցյալի անձրևոտ օրերի առավոտները, երբ ես դպրոց էի գնում, իսկ ագռավները երամ-երամ կռկռում էին ծառերի վրա: «Սպիտակ օրեր»: Պա՜հ: Երբ Ամիրզա Բոզորգն ուզում էր թարգմանել դա: «Թռչունը վանդակում»[3]  հեքիաթո՞ւմ էր, թե՞ «Վանդակում փակվածը»:  «Ես փոքրիկ ճնճղուկ էի»,- սկսվում էր հեքիաթը, և երբ վերջում անցյալն էր հիշում, ասում էր. «Ի՜նչ երջանիկ օրեր էին»: Սպիտա՜կ օրեր: Սպիտակ գիշերնե՞ր: Ո՞վ էր գրել: Վա՜յ, հիշեցի: Ի՜նչ երջանիկ օրեր էին: Որպես պատիժ՝ ինչքա՜ն գրեցի: Փաթե՜թ: Փաթե՜թ: Ինչո՞ւ էր ծիծաղում: Ծիծաղելու առիթ չկար: Բոլորն են ծիծաղում: Եթե այն երկուսի ներկայությամբ փաթեթը Ահմադին տամ, նրանք էլ են ծիծաղելու: Թերևս կծիծաղեն: Ապա ինչո՞ւ ես չեմ ծիծաղում: Եթե ես ծիծաղեմ, եթե որևէ մեկը ծիծաղի, Ահմադը գուցե ամաչի: Հավանաբար կամաչի: Կամ կտխրի: Հնարավոր է մոր գորովանքը խնդիր դառնա նրա համար: Շփոթվի, նրանց հիշի, անհանգստանա, հուզվի, երկմտի:  Ա՜խ:

Դժվարությամբ, բայց փաթեթը նետեցի: Մի ակնթարթ սև գնդակը սուրաց փողոցի լապտերների լուսացոլքի ներքո, հետո մի բան խուլ ձայնով ճողփեց ջուրը: Գուցե ընկավ փողոցի փոքրիկ, ցիրուցան ջրափոսերից մեկի մեջ, որ անձրևից էին առաջացել:

Ես էի ու միայնությունը: Գիշերը ծանրացրել էր աշխարհը: Լապտերների շղթայված օղակները գալիս էին մթության խորքից, անցնում գլխավերևովս և չէի իմանում՝ ո՞ւր են հեռանում իմ թիկունքում: Զեփյուռն անցնում էր իմ ամայի աշխարհի վրայով:

Հրապարակը դատարկ էր, և նրանից սկիզբ առնող կամ դեպի հրապարակ եկող ճանապարհներն ընկղմվել էին սգավոր գիշերի հմայքի մեջ: Ոտքերիս առաջ՝ մետաղե աստիճանների արանքում, աշնան շունչն ապրած վտիտ խոտեր էին, և ստվերը վաղնջական բանաստեղծի արձանի, որին թիկն էի տվել, ձգվել էր մթության մեջ:

Ես էի, միայնությունը, այս անհոգին և ուժասպառությունը: Չգիտեմ՝ քանի անգամ պտտվեցի դափ-դատարկ հրապարակի ու այս արձանի շուրջը: Նրան բռնել էին, և արթնացել էին էությանս ցավերը: Ես նրան չէի ճանաչում: Լավ չէի ճանաչում: Բայց նրա կյանքն ինձ համար ի՜նչ մեծ իմաստ ուներ: Ահմադը փախել էր անարդարությունից, գորշությունից, անբարոյական խմորումներից և գնացել էր կառուցելու վաղը՝ օրհնությամբ լի: Դա էր նրա կյանքի իմաստը: Իմաստավորված կյանք, որն այժմ ծակծկվել էր փամփուշտներից: Ինձ տանջում էր այն, որ մոր ուղարկածը չհասցրի նրան: Իմ ողջ ցավն ու տառապանքը պարփակվել էին այն ձեռագիր միօրինակ տողերի արանքում: Հիշողություններս՝ խառնիխուռն ու ծվատված, արթնանում էին քնից, հոգնած աչքերը հառում երեսիս, հետո նորից քուն մտնում:

Նրան սպանել էին: Ես ռեստորանում էի, երբ ռադիոյով հաղորդեցին՝ նրան սպանել են:

Դարձյալ ճամփա ընկա: Ինձ հետ, իմ հետևից՝ շատ հիշողություններ, որոնցից յուրաքանչյուրի ձեռքին ձեռագիր թերթով մի փաթեթ էր: Ի՞նչ կլինի: Այժմ նրանց հերթն է… կսպանեն: Ինչո՞ւ նետեցի փաթեթը: Այդ ի՞նչ ցանկություն էր: Այդ փաթեթը, որը չի անհետանում աչքերիս առջևից: Նրան սպանեցին, բոլորին կսպանեն, և ամեն ինչ սպանված է արդեն: Ա՜խ, էլ ի՞նչ է մնալու: Եթե այն գիշեր ինձ բռներին… բռնեին… բռնեին… Ավելի լավ կլիներ: Ի՞նչը լավ կլիներ: Ահմադը գնացող էր: Վաղը չէ մյուս օրը, հենց վաղը, կամ գուցե չգնա՞ր: Չգնար, որ ի՞նչ լիներ: Մի՞թե միայն նրան են սպանել: Քեզ էլ կսպանեն: Գրողի ծոցը: Յոթանասուն գորշ տարիներ են… Թող գան: Հենց հիմա կանչեմ՝ եկեք ինձ… Է՜հ: Բայց իրոք, էլ ի՞նչ օգուտ: Գրողի ծոցը: Սև գրողի ծոցը: Այդ փաթեթը՝ ձեռագիր տառերով: Երանի դեն նետած չլինեի: Հիմա կտանեի, հետ կտայի: Հա՛, հետո՞: Մի՞թե միայն նրան են սպանել: Դու էլ յոթանասուն տարեկան ես: Յոթ գորշ տասնամյակ: Թող ավերվի, կրակի մատնվի: Որ կրակի մատնվի, կավերվի էլ: Քեզ կորցրել ես: Ինչո՞ւ դուրս եկար: Դե՛, գնա: Դե՛, գնա՛, նստի՛ր, ասա՝ քեզ համար օղի բերեն: Օղի: Օղի, որ մարդկանց ջերմացնում է, ուրախություն է բերում և ամեն տեսակ չար բան հեռացնում է մարդու գլխից:

Արդեն հեռանում էի, երբ աչքս ընկավ արձանին, որին թիկն էի տվել: Անհեթեթությո՜ւն… Սա ի՞նչ է, որ սարքել են… էսպես կուզը ցցել է: Դժբախտնե՜ր: Արձաններ են սարքել: Պետության համար արձաններ: Մեռածների արձան՝ մեռած արձանների համար: Հազար տարի առաջվա արձան՝ տասը հազար տարի առաջ մեռած արձանների համար: Կխփեք, կվերջացնեք, կհանգստանաք: Մեռածնե՛ր: Արձաննե՛ր: Տասհազարամյա: Խփելը ժառանգել եք ձեր հայրերից, ձեր յոթ պորտ հեռու ապուպապերից, յոթանասունհազարամյա նախնիներից: Ամեն ինչ բանաստեղծություն է: Ամեն ինչ խոսք է: Ամեն ինչ տասհազարամյա ոչ ճշմարիտ կամ ճշմարիտ հիշողություն է: Հոր հոր հոր հոր՝ յոթանասուն հազար տարի առաջվա հոր դաշույնն ու գլխարկն է: Իսկ դո՞ւ, հա՞յրդ, կամ հորդ հայրը: Մեռած… Արձան… Ամեն ինչ բանաստեղծություն է: Արձանի պատվանդանին գրված բանաստեղծություն: Բանաստեղծություն արձանից՝ արձանի տակ գտնվող արձանի համար: Մեռած պոեզիա՝ մեռած դագաղի մեռյալների համար: Է՜հ: Ամեն ինչ պահանջ է. «Չեմ մեռնի այսուհետ, որովհետև ողջ եմ…»: Է՜հ:

Հեռացա արձանից: Դուրս եկա փողոց: Խորքից սլացող մեքենայի լուսացոլքը կանգնեց ճանապարհի մեջտեղում և էլ չառաջացավ:

Իմ տձև ստվերները փռվել էին ոտքերիս առջև: Պտտվեցի տեղումս: Գիշերվա լանջաբաց պարանոցին պսպղում էր լուսե ապարանջանը: Գեղեցիկ էր: Ասես ծուռկոթ դաշույն լիներ, որ ուր որ է ճեղքելու էր գիշերվա սևաթույր կուրծքը: Շուրջս այնպիսի անդորր էր, որ լսում էի սեփական սրտխփոցս:  Առնվազն զգում էի: Այդ կիսամութ և դատարկ լայնարձակության մեջ զգացի, որ ողջ եմ, մեռած չեմ:

Կարծես այն մեքենան կրկին շարժվեց. լույսն ավելի ու ավելի էր մոտենում: Կրկին ուղղվեցի դեպի հրապարակ:

Ահմադը սպանվել էր: Խե՜ղճ մայրը: Կինը: Կին, որ այդպես համբուրում էր նրա բարձն ու վերմակը: Վա՜յ: Այդ փաթեթը: Ահմադը մահացել է, իսկ դու ուզում ես կոնծել: Դե՛ գնա: Ինչո՞ւ չես գնում: Համարձակություն չունե՞ս օղի խմելու, հա՞: Միգուցե: Օղի խմես, որ ի՞նչ: Որ ի՞նչ լինի: Ահմադը մահացել է, որ դու օղի՞  խմես: Ահմադը մահացել է, և այս հանգամանքը պահանջում է, որ ես չմեռնեմ: Այս ցամաք արձանը… Ինչքա՜ն մարդիկ են մահացել: Մի քանի հարյուր հազարամյակ է՝ մարդիկ մահանում են: Ամենուր՝ մահ, մահ… և չի ավարտվում: Ի՜նչ տարօրինակ բան է մարդը: Եվ այս ցամաք արձանը: Մեքենայի երկու արագընթաց լույսերը, ճեղքելով գիշերային վարագույրը, սլացան առաջ, մոտեցան ինձ ու անցան կողքովս:  Սթափվեցի: Սիրտս արագ զարկում էր: Հանկարծակիի եկա իմ իսկ հապճեպ քայլքից: Հայացքս հապշտապ սահում էր շրջակա իրերի վրայով: Փաթեթ: Ամեն ինչ փաթեթ է թվում: Ինչքա՜ն փաթեթ կա: Ինչքա՜ն մահացած: Ահմա՞դ: Ինչո՞ւ ես խելագարի նման անիմաստ պտտվում այս դատարկ հրապարակում: Այս մեռած արձանի շուրջը: Անցյալի հիշողության շուրջը:  Հիմա էլ ինքնակամ ձեռքից գնում ես: Ուզում ես գնալ, աղճատել ինքդ քեզ: Թո՛ւհ: Դանդալո՛շ: Քո օղի խմելով Ահմադը չի վերակենդանանալու: Վաղն ի՞նչ ես անելու: Մյո՞ւս օրը: Հետո՞:

Արագ եմ քայլում՝ հապճեպ, փախչելով ամեն ինչից և ամեն ինչի հետ, ամեն ինչի հետ, որ պտտվում են: Դարձյալ կանգնում եմ: Կանգնում եմ անցյալի հուշի ստվերում, որն ասում է՝ չեմ մեռել: Ահմադը մահացել է: Մահացել է: Ռադիոյով են հայտարարել: Ինչքա՜ն փաթեթ կա: Ինչքա՜ն շփոթ, մտածմունք ու հուշ: Ուշ գիշեր է: Բավական ժամանակ է՝ մութն ընկել է: Որքա՜ն պիտի կանգնես կամ պտտվես այս խաչմերուկում: Մի ճանապարհով գնա: Կանգնած ես այնտեղ, որտեղ կանգնած էիր: Չորսբոլորը աշնանահար դեղին խոտածածկ է՝ բոլորված երկաթե ճաղերով: Ու այս ամենն այս արձանի շուրջն է: Այս արձանի, որի հայացքը նախորդ հազարամյակի խորքից է գալիս:

Կրկին հայացք եմ նետում արձանի վրա: Չոր ու պղնձե՝ նստած է վերևում և ասես աչքի պոչով ինձ է հետևում: Եվ ես շվարած կանգնել եմ դատարկ հրապարակի կենտրոնում՝ սեփական տձև ստվերների ընկերակցությամբ: Ընկճված ու ամոթահար մոտենում և թիկնում եմ պատվանդանին:

Ո՞ւր ես գնում: Այդ վատ մարդիկ… Այս արձանը չի կարող ոչ ոքի վնասել: Ճամփա՛ ընկիր: Ողջերը մեռելներից լավ են: Շնչում են: Բոլոր ողջե՞րն են վատը: Դու էլ ես վատը: Դու էլ ես խաբում: Փաթեթը չես տվել, որովհետև չես ուզել՝ քո ներկայությունից ամաչի, դու էլ այդ ամոթի պատճառով տանջվես: Տե՛ս: Դու էլ ես վատը: Անհանգիստ եմ: Ավելի անհանգիստ: Ընդհանրապես, ինչո՞ւ գնացի: Կրկին ուզում ես փաթեթի՞ց խոսել: Ինչո՞ւ գնացի: Ի՞նչ կլիներ, եթե չգնայի: Դե, ուրիշը կգնար: Ի վերջո, նրանք կգնային: Պիտի գնային: Մի՞թե այս ամենը կատարվել է, որ դու թևաթափ լինես: Նրանք պիտի գնային և գնացին: Որ չգնայիր, ի՞նչ: Դու աշխարհի կենտրոնում չես, ու աշխարհը հանուն քեզ չի պտտվում: Հիմա էլ պիտի գնաս: Չէ՛: Չէ՛: Չէ՛: Ասում եմ՝ չէ՛: Չեմ ուզում: Չեմ գնա: Հուշա՞նգ: Ինձ ի՞նչ: Ապա ինչո՞ւ փաթեթը չտվեցիր: Այն, ինչ նրան էին ուղարկել, դեն նետեցիր, և հիմա ուզում ես մենակ թողնել  այն, ինչ մնացե՞լ է նրանից: Թողնել, որ հեռանա՞: Դու մենակ ես: Դու մենակ ես, և իղձերդ հրի են մատնվել: Ի՞նչ փաթեթ: Ինչո՞ւ ես ցավերդ ու հուսալքությունդ դրա հետ կապել: Աննշան բան է: Փաթեթը չի չէ՞ Ահմադին սպանել: Միայն Ահմադը չի զոհվել: Տեսա՞ր՝ ինչպես իրերը բերեցիր: Ինչքան ջանք թափեցիր: Ինչո՞ւ ես դրանք մոռացած՝ ցավերդ ժողովել մի անիմաստ, չնչին բանի շուրջը: Տե՛ս՝ ինչ ես սարքել, այս ամենը հորինվածք է: Մի փոքր բանի շուրջ: Մոր ուղարկած փաթեթը չես տվել, չես տվել: Լավ չի՞, որ չես տվել: Գուցե ամաչեր: Գուցե թևաթափ լիներ: Կամ զգոնությունը կորցներ: Կամ կամքը սասանվեր: Գուցե մոր կամ անցյալի հետ կապվածությունը չթողներ, որ վաղվա ճանապարհով գնա: Մահացել, մահացել է: Վաղվա ճանապարհին է մահացել: Բայց թողել է նաև Հուշանգին: Դե՛, վե՛ր կաց: Հուշանգը պիտի մեծանա: Վաղուց գիշեր է, և դու այս դատարկ հրապարակում՝ խոտերի կողքին, թերթել ես անցյալի այդ հուշը՝ քո ստվերների հետ միասին: Գնա՛ մի ճանապարհով, մի ճանապարհով, որով տեղ կհասնես: Ե՛վ դու, և՛ վաղվա օրը, և՛ այն, ինչ մնացել է Ահմադից:

 1948 թ, աբան ամիս

 Թարգմանությունը պարսկերենից` Նունե Հովհաննիսյանի

[1] Հատուկ նշագրերով հաշվարկ անելու մեթոդ:

[2] Կրիան ու նապաստակը որոշում են մրցել: Մեծամիտ նապաստակը պառկում է և սպասում, թե երբ է կրիան անցնելու ողջ ճանապարհը, որպեսզի վերջին պահին վազի: Չէ՞ որ ինքն էր ամենաարագավազը բոլոր կենդանիների մեջ: Եզրագծին, սակայն, առաջինը հասնում է կրիան ու հաղթում:

[3] Բնագրում՝ արաբերեն:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *