Ա.Բ. | Բաց նամակ Արամ Ավետիսին

 

Նվիրում եմ ընկերներիս՝ Ն. Մ.-ին եւ Կ. Ժ.-ին

He is otherworldly… Through some unknown path he abandoned this world, on a day that wasn’t on the calendar. As his steps moved along the tracks of the map the map itself began to disappear. He entered the world of death and solitude. He wants to live it to the bone. The veil fell from the eyes and things are seen through. The veil is upon the eyes and things are seen through it. He is senseless and pierced by senses. Those who enter this world do not want to leave it.  

He is otherworldly. He found nothing in this life except hell. He stepped into it. Wherever he turned, his mind reasoned twisted minds, his eyes contemplated monsters, his ears heard nothing, his tongue emitted words that carried poison. As he moved ahead he saw the beyond. And beyond was nothing. Some say he was holding a mirror against the world around him, others say that it was a trick, in reality he was holding a mirror against himself. And there are still others that claim that this too was a trick, in truth, there was no mirror, but a hole framed by a frame. After all, they said, this man is a trickster. 

José Régio

Cântico Negro (հատված)

“Vem por aqui” — dizem-me alguns com os olhos doces
Estendendo-me os braços, e seguros
De que seria bom que eu os ouvisse
Quando me dizem: “vem por aqui!”
Eu olho-os com olhos lassos,
(Há, nos olhos meus, ironias e cansaços)
E cruzo os braços,
E nunca vou por ali…

A minha glória é esta:
Criar desumanidades!
Não acompanhar ninguém.
— Que eu vivo com o mesmo sem-vontade
Com que rasguei o ventre à minha mãe

Não, não vou por aí! Só vou por onde
Me levam meus próprios passos…
Se ao que busco saber nenhum de vós responde
Por que me repetis: “vem por aqui!”?

«Ինչպիսի՞ն է Արամ Ավետիսը (այսուհետ Ա.Ա.) որպես անձ», մի օր ինձ հարցրեցին որոշ հետաքրքրասեր անձինք։ Լեզուս կապ ընկավ, քանի որ այդ պահին հասկացա, որ Ա.Ա.-ը այդքան էլ անձ չէ։ Նրա գոյության մեջ ոչ մարդկային ինչ-որ բան կա։ «Ա.Ա.-ը անձ չէ, պատասխանեցի, այլ դիմակների  հավաքածու, որոնք նա խաղացնում է ըստ կամքի կամ ակամա։ Նա երիտասարդ է եւ ծեր, տեսնող եւ կույր, ամենալսող եւ քյառ, կիրթ եւ քյառթու, քաղաքավարի եւ վիրավորող, ծայրահեղ զգայուն եւ սարսափելիորեն անզգա, մարդուն հարգող եւ անարգող ու օգտագործող։ Եվ եթե ոմանք կարծում են, որ նա հրեշտակ է, մաքուր հրեշտակ, ես կասեի այո, անշուշտ, երբ տեսնում եւ լսում եմ Ա. Ա.-ին աչքիս առջեւ հառնում է Վ. Բլեյքի հրեշտականման հրեշը (Satan in His Original Glory).

Իսկ ինչպիսի՞ն են նրա գրածները։ Ուրիշների ասածներին կարելի է հավելել. սա ոչ թե «կամ կամ»-ի թագավորությունն է, այլ «եւ եւ»-ի։ «Եվ եւ»-ը կարող է ստեղծված լինել հակասություններից, կամ բազմաթիվ տարբեր մտքեր/վիճակներից։ Բազմապատկելով «եւ»-երը Ա.Ա.-ը իր ձգտումներում հասնում է մինչեւ «լավ գիրքը ամեն ինչի մասին է» արտահայտության։ Ա.Ա.-ի ձգտումները տոտալ են, ամբողջական (եւ ամբողջատիրակա՞ն), անսահմանորեն ծավալվելու եւ բովանդակելու (անգամ կիսատը)՝ էպիկական, եւ այս էպոսի կենտրոնում, այն կրողը մարդն է, կամ որոշ դեպքերում գրողը։

«Եվ եւ»-ի թագավորությունը, սակայն, չսահմանվող է։ Ա. Ա.-ը ալերգիկ է սահման(ում)ների հանդեպ։ Երբ դրանց է բախվում սկսում է ուժգին փռշտալ, հազալ, թարախակալել, եւ ի վերջո գազանային մռնչյուներ արձակել։ «Կարծում եք կարող եք ինձ ճանաչել, նկարագրել, սահմանել եւ գիտեք ես ով եմ… Փախա′ք էստեղից»,- գոռում է նա։ Անշուշտ, «եւ եւ»-ի թագավորությունը կարող է լինել նաեւ անիմաստ ու անկապ, մի տարածք, որը Յուղաբեր տատին լցրել է ամենազանազան իրերով, որոնք նա գտել է իր կյանքի ճանապարհներին, մաքուր ու կեղտոտ, գողացել տներից, ստացել նվեր, թռցրել աղբանոցից, մի տարածք որտեղ երբեմն կարելի է տրամաբանություն գտնել, երբեմն՝ անգիտություն, երբեմն էլ՝ հորանջող քաոս։

Սակայն, որքան էլ որ ապագան Ա.Ա.-ի համար չկա (կամ հակառակը կա, մարգարեի ժամանակն, ի վերջո, ապագան է), առաջ անցնենք, սպիտակած մազերով մանուկների անտառով, ու պատմենք այս հեքիաթը, այս հալվան, ինչպես ասում էր իմ արաբ ընկերուհին, որը պատմելիս հալվում է լեզվիդ տակ (արաբ ընկերուհին հորինվածք չէ):

Լինում է չի լինում Ա.Ա. է լինում… 

Ա.Ա.-ը պարզապես չի գրում, նա հայտարարում է իր մասին կյանքում ու տողերում։ Բարձրաձայն, շեշտերով, կտրուկ։ Հայտարարում իր ձայնի միջոցով, որն ընթերցում է իր իսկ գործերը նրանց ովքեր եկել են նրան հանդիպելու, կամ պատահականորեն հանդիպել են։  Նրա տեքստերի ձայնը լսելիս ոմանք պապանձվում են, ոմանք սիրահարվում, ոմանք տհաճությամբ երես թեքում, իսկ ֆրանսահայերն ասում են օլալա՜։ Հնչում է նրա ձայնը ինչպես հնչում են Հայտնության 7 շեփորները։

Ա. Ա.-ը գրում է մանիֆեստներ եւ մեզ հաճախ հիշեցնում իր սիրելի ֆուտուրիստների մասին։ Սակայն Ֆուտուրիստները սիրում էին տեխնոլոգիա, ապագա, դինամիզմ։ «Կույր կետադրությունը» բացվում է այդ ռիթմով, բայց մնացա՞ծ գիրքը… Մնացածը կանգառներ են, առկախումներ, դռները փակվում են եւ գիքը ծովախեցգետնու պես հետ հետ է գնում։

Ա.Ա.-ը Ֆուտուրիստ Բարթլբին է։

Ա.Ա.-ը բացակա է, այն բացական, որ ձգտում է լինել ամենածավալվող ու ամենաթափանցող ներկայությունը։ Նրանք ովքեր նրան երբեւէ տեսել ու լսել են գիտեն, որ նա եւ նրա գործերը իրենք իրենց միշտ բացառում են։

Ա. Ա.-ը փախած գրող է (գրաքննադատ):

Ա.Ա.-ը «Կույր Կետադրությունում» գրում է կորուստը, անհետացումը, չեղածները, եւ կարծես ուրախություն չկա։

Ա. Ա.-ը թշվառական է (գրող):

«Իմ գրքի հերոսը ես եմ, ես իմ գիրքն եմ։ Իմ առաջին գիրքը կգրի (Չ)-երը՝ չեղածը, չապրածը, չստացվածը եւ անսպասելիորեն կշեղվի, կամ կգրի պարզապես տարածությունն ու ժամանակը, ինչեւէ։ Պարապ, կիսատ, անկապ, օդից կախված, անհասկանալի, տգեղ, մերկացում, վերադարձ նախավիճակին։ Ես չեմ ստեղծում ու հիմնում (իրո՞ք)։ Ես քանդում, ջնջում եմ ու բացառվում։ Հեղափոխությո՛ւն ։ Ի՛մ Հեղափոխությունը։ Դուք ինձ կկորցնեք եւ կփորձեք կրկին ինձ գտնել ու այնժամ կփորձեք գտնել նաեւ բառերը, եւ գրականությունը կլինի ձեր տարածքը։ Կխոսեք դուք եւ կապրեք դուք, ոչ՝ ես։ Կմտնեք իմ (իմ գրքերի մեջ ու կապրեք դրանք, այն բանից հետո երբ ես բառերի միջոցով ինքնասպան կլինեմ։ Ու նրանք ովքեր ինձ կյանքում գիտեին, ովքեր սկսել էին ինձ սիրել ու հասել ատելության սահմանին, առավել տենդագին կփնտրեն ինձ եւ բառերը։ Քանզի նրանք համտեսել են բառն ու մարմինը։ Կարծում եք մարգարե՞ եմ։ Ամենեւին։ Պարզապես մուր՛րացկան։ Հեղափոխական մուր՛րացկան որ ապրում է թվային ժամանակներում»:

Սե՞ր

‘Es muy difícil hablar de amor’  Պ. Ալմոդովարը իր սիրելի երգչուհի Չավելա Վարգասին ներկայացնելիս

‘Nunca moriré porque canto de amor’  Չավելա Վարգասն իր ունկնդրողին

Հակոբ Հակոբյանն մի նկար ունի. երիտասարդ տղամարդ, նստած, ձեռքերով դեմքը փակած, թվում է՝ հետեւում տառապանք, դիմացը՝ երկու կենդանի՝ գառնուկը ու մայրը, որ թեքվում է դեպի իր ձագը, շուրջը՝ խանձած, քարքարոտ բնություն։ Նկարի տակ կարդում ենք ՝«Սեր»։ Իսկ որտե՞ղ է սերը, շփոթված փնտրում ենք։ Իսկ միգուցե նկարի երիտասարդը տալիս է նույն հարցը։ Եվ շրջանակից այն կողմ այս հարցը (կրկին) բացում է մեր վերքերը, որոնք թաքնվում են ձեռքերի ափերի մեջ, որոնք ծածկում են դեմքը։ Հայացքը ուրվագծում է նկարը տարբեր ուղղություններով, կանգ առնում, կրկին շարժվում, փնտրում, քննում, անշարժանում եւ կտրում շրջանակի սահմանները։

Ի՞նչ է սերը։ Դժվարանալով պատասխանել, կարող ենք տալ աղոտ մի պատասխան. դա որոշակի տեսակի շարժում է։ Շարժման հակադարձը անշարժությունն է։ Ավելի տարածված երեւակայության մեջ սիրո հակառակը ատելությունն է։ Ա.Ա.-ի գրածները սիրո այն կողմում են, այնտեղ, ուր այդ սերը չկա, ուր այն աղոտ է, անըմբռնելի, եւ սիրո լարումը շրջանակից դուրս է։

Իսկ Նուսրաթ Ֆաթեհ Ալի Խանը իր ձայնալարերով խաղում է ժամանակի մնացորդքի հետ ու ստեղծում ժամանակը, երգում է սուֆիզմի առաքեալը աստվածային սիրո մասին։ Սեր, որին ընդամենը սպասում է։

Առանց քեզ, առանց քեզ իմ սրտի փափագ

Միտք չունի ապրել

Ամեն ջիղ ու երակ երգում է քո անունը

Աչքերս սպասում են քո գալուստին

Սիրտս կարոտում ու կանչում է քեզ

Վերադարձիր, երդվում եմ մեր սիրով

Քո հեռանալուց հետո մենությունն եմ ապրում

Անգամ թռչունները հեռացել են տանից

Աչքերս կարոտել են քեզ

Սիրտս քեզ է կանչում

Չեմ դիմանում այս մենությանը,

վերադարձիր իմ սեր

Գարունը եկավ ու անցավ

Իսկ ես դեռ սպասում եմ քեզ

Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ ես գալու

Աչքերս սպասում են, նշան տուր

Գարնան թռչունները կրկին այստեղ են

Ինչո՞ւ դու էլ չես գալիս

Ինձանից երես մի թեքիր, խնդրում եմ

Այս սիրո եղանակին, վերադարձիր

Բոլոր ընկերներս քեֆ են անում ու երգում

Բոլոր ընկերներս քեֆ են անում ու երգում

Երգում են սիրո երգեր

Ինչո՞ւ դու էլ չես գալիս, իմ սեր

Նայում եմ փողոցներին, ճամփեքին

Լքված քեզ եմ սպասում

Համրում եմ ամեն պահը

Ամեն րոպեն

Վերադարձիր իմ սեր

Նվիրյալները գնում եմ մզկիթ՝ աղոթք անելու

Իսկ ես պարզապես նստում եմ ու ճամփին են նայում

Երջանկությունը երես է թեքել

Ուրախությունը վտարել են իմ կյանքից

Սիրեկան, այլեւս չեմ կարող ապրել

Չեմ կարող ապրել առանց քեզ

Ի՞նչ ես շահում ինձ տանջելով

Արեւելքի քամին բերում է միայն թախիծ

Դողում եմ, երբ լսում եմ թռչունների երգը

Եթե միայն դու տեսնեիր ինչպես եմ տառապում

Աղաչում եմ, վերադարձիր ինձ մոտ

Աչքերիս արցունք է, սպասում եմ քեզ

Փողոցի լակոտներն ինձ ծաղրում են

Իսկ ես անցնում եմ, մտքերիս մեջ կորած, միայնակ

Տարվա եղանակները ծաղրում են մենությունս

Վերադարձիր, վերադարձիր սեր իմ

Աչքերս քեզ են կարոտել

Վերադարձիր իմ սեր…

Սիրո դադար

  1. Pasolini: ‘I giovani infelici’ “Alla fine – cioè oggi, primi giorni de ’75 – il mio sentimento è, ripeto, di condanna. Ma poiché, forse, condanna è una parola sbagliata […] dovrò precisarla: piú che una condanna, infatti io mio sentimento è una “cessazione di amore”: cessazione di amore, che, appunto, non dà luogo a “odio” ma a “condanna”.”

 

Իր ժամանակի իտալական հասարակության սուր քննադատ, հակաֆաշիստ, կոմունիստ, եւ հետագայում անարխիստական մտքին հարող Պ. Պազոլինին հայտարարում է «սիրո դադարի» մասին (սակայն ոչ ատելության) եւ դատապարտելու։ Այլեւս խոսք չի կարող գնալ սիրո մասին, խոսելու է ճակատագիրը՝ որդիները (որոնք հրեշավոր են Պազոլինիի նկարագրության մեջ) անխուսափելիորեն պատասխան են տալու հայրերի մեղքերի դիմաց (հետհայացք դեպի հունական ողբերգություն)։ Սա նաեւ Պ. Պազոլինիի զգացմունքն է իր հասարակության հանդեպ։ Նա այն՝ սպառող հասարակությունը պարզապես չի սիրում եւ ոչ մի լավ խոսք չունի ասելու դրա մասին։ Կրքերով ապրող այս մտավորականը գրում է իրեն շրջապատող հասարակության հանդեպ «սիրո դադարի» մասին 75 թվի սկզբին։ 75 թ.-ի նոյեմբերի 2– ի գիշերը Պ. Պազոլինիի խոշտանգված մարմինը գտնում են Օստիայում, Հռոմից ոչ հեռու։ Սպանության պատճառները մինչ օրս մշուշոտ են։ Դրա նախորդ օրը Պ. Պազոլինին ընթրում է Հռոմի Սան Լորենցո թաղամասի Պոմմիդորո ռեստորանում։ Վերջին ընթրիքի վճարը՝ Պ. Պազոլինիի ստորագրությամբ մինչ օրս փակցված է ռեստորանի մուտքի դռանը։

Ինչի՞ մասին է «Ճարտարապետական Մուտացիան»։ Հեղինակը երկու տարի այն գրել է, գրել եւ անցկացրել իր աղիքային տրակտով։ Այդ պատմություններին այստեղ այնտեղ իմ աչքը կպել է։ Հետեւել եմ նրան, կիսաչար աչքով, երբեմն իշմար տվել, իսկ նման աչքը Ա.Ա.-ին թե՛ գրավում էր, թե՛ վախեցնում ու երբ հետ-հետ գնալով հեռանում էր Ա.Ա.-ը՝ նրա առջեւից ցաքուցրիվ թափվում էին թղթերը։ Հավաքում ու մեկումեջ աչք էի անցկացնում։ Սակայն վերջնական տարբերակը՝ գիրքը, (առաջին եւ վերջին անգամ) հետեւելով հեղինակի խորհրդին, չեմ ընթերցել։

Սակայն լսել եմ այն խոսքերը, որ ասվել են գիքի շնորհանդեսին։ Ա. Թոփչյանը կարծես շփոթված էր, «սոսկալի» -ն այն խոսքն է, որ մնացել է հիշողությանս մեջ։ «Մարդատյաց», «ատելություն», «անլույս», այն խոսքերն էին որ նկարագրում էին գիրքը։ Եվ այդուհանդերձ հնչում էին հիմնականում լավ խոսքեր թե՛ գրքի, թե՛ հեղինակի մասին։ Իսկ ինչո՞ւ։ Ասում են՝ առհասարակ գրականության համար, որ անհրաժեշտ է տարբերակել հեղինակի անձը եւ նրա գրածը /գրական կերպարները։ Բայց չէ որ այս դեպքում ինքը՝ հեղինակը, ոչ միշտ, սակայն հաճախ, ակնարկել է իր ու իր գրքերի միությունը։ Ես չեմ հերքում հեղինակի այլակերպումները, ես կասկածում եմ, որ դրանք անմարմին, վերացարկված բառեր են, մտքերի գրանցում։

–  Ա.Ա., ասացեք խնդրեմ, դուք ստո՞ւմ եք, ստորանո՞ւմ եք ու ստորացնո՞ւմ, դավաճանո՞ւմ եք, բամբասո՞ւմ եք, գողանո՞ւմ եք, տանջո՞ւմ եք, եւ այլն, եւ այլն…. այլ կերպ ասած, սատանայի դեր խաղո՞ւմ եք։ Թե՞ սա երազ է, որ տեսնում եք գիշերով եւ մոռանում առավոտյան։

– _______________________________________________

– Ձեզ մեղավոր ճանաչո՞րմ եք, Արամ Ավետիս։

– __________________________________________

Այս պատարագի ընթացքում մենք մնացինք միայն անմաս վկաներ այն հանցանքի, որը գործել էր Ա.Ա.-ը եւ ենթադրեցինք, որը նա՝ Ա.Ա.-ը, այն ընդամենը տեսել էր երազում իր գրական հերոսների միջոցով։ Դրանից հետո, երբ հարցազրույցի ընթացքում հարց է տրվում Աբրահամ Ավետիսին՝ «Շարունակ խոսում ես քաղաքի, մարդկանց հանդեպ քո ատելության մասին, բայց ինչպե՞ս է, որ ընթերցողին չի վիրավորում այդ ատելությունը» (mediamax.am), նրա պատասխանն է. «Իմ գիրքը եւս մեկ ապացույց էր, որ միակ զգացողությունը, որ միավորում է մեզ եւ ստեղծում քաղաքը, ատելությունն է ինքներս մեր հանդեպ»։

Ես կասեի այլ կերպ. «քանի որ մենք վախենում ենք ի հայտ բերել մարդատյացին եւ մարդատյացությունը որպես ճշմարիտ՝ կյանքում գործող»։ Քանի որ դա սոսկալի է։ Որքան ավելի սոսկալի է դառնում իրականությունը, երբ ատրճանակի մեջ, ինչպես Ա. Խոդորովսկու մղձավանջային ֆիլմի մեջ իրական փամփուշտ է դրված։ Ի՞նչ կանեին բոլոր այն ընթերցող-ունկնդորղները, որոնք հավաքվել էին պատարագին, եթե ստիպված լինեին ընդունել, որ մարդատյացը ճշմարիտ է, իսկ ասված խոսքերը իսկապես վերաբերում են բոլորին։ Ինչ-որ մեկի գլուխը պետք է անխուսափելիորեն թռներ. հեղինակինը, բոլորինը կամ գրականությանը։

Ոճրագործ օվկիանոսը

«Ոճի համար պատրաստ եմ ոճրի…»ն Ո՞վ է հանցագործը եւ ինչպե՞ս է կատարվել հանցանքը։ Նա՝ որպես կինոգետ, պետք է որ իմանա, որ այս հարցերը որոշակի ժանրի ֆիլմերում միշտ հնչում են։ Եվ կծիկը դանդաղորեն քանդվում է… Ոճի հանցագործը թերեւս Ա.Ա.-ն է, իսկ մտքերի, հոգեվիճակներինը, թերեւս եւս Ա.Ա.-ը, եւ սակայն, կադրի մեջ հայտնվում են նոր, անսպասելի դեմքեր, փաստեր… հանցագործին ինչ-որ մեկը ամեն օր սնունդ է հասցրել, մյուսը հագուստ, երրորդը ավլել-թափել է, ուրիշները շոյել, իսկ ոմանք ապտակել, իսկ կան նրանք ովքեր նրա հետ երկար զրուցել են եւ նրանց խոսքերից հանցագործը ամենաթանկարժեքը որսացել, գրպանն է դրել։ Այս որսը հետո վազել է նրա ստեղծագործությունների էջերով։ Ոմանք նրան անգամ լուսանկարել են… Կադրի մեջ մտնողներին Ա.Ա.-ը ոչ միայն ատում է, այլեւ սարսափելիորեն սիրում եւ ծավալվու՜մ է միմիկրիան… մինչեւ հանկարծ, մի պահ, հանցագործին թվում է, թե նա թակարդի մեջ է եւ ուր որ է նրա գլուխն ուտելու են եւ խուճապահար, մեկ պատառով, կուլ է տալիս իր շուրջը եղած կադրի մեջ պատեհ անպատեհ մտած կերպարներին։ Եվ պահում իր մեջ՝ կույր օձի նման ոմանց արհամարելով, իսկ ուրիշներից մնացած պատկերները նկարելով ու խոսքերը գրելով, եւ այս զոհասեղանի վրա ծնվում է գիրքը։ Այս գրքի մեջ երկաթ չէ, այլ արճիճ, որ իր ծանրությամբ մեզ քաշում է օվկիանոսի հատակ։ Ովքե՞ր են հանցագործները, օվկիանոսի խորքից մռնչում եմ ես։

Այս անգամ Ա.Ա.-ին տպագրել է «Ջեբգիրը», մյուս անգամ, զգուշացե՛ք, տպագրելու է «Գլխակերը»։

Եռաբանություն։ Սեռ, այլասեռ, անսեռ

Անսեռ են Ա.Ա.-ի (չ)ձգտումները,  «ես չեմ ստեղծում, ես հերքում եմ ու ջնջում», այլասեռված է Ա.Ա.-ը. «ես ուրիշ խմորից եմ, ես այլ եմ ծնում», սակայն երբ խոսքը գնում է կանանց մասին, անսեռը դառնում է սեռական եւ այլախոհությունը, դեմ առնելով հիասքանչ Սֆինքսերին, ինքնասպան է լինում։ Սակայն ոչ այնպես, ինչպես հասկացաք։   

Ա.Ա.-ի համար Տղամարդիկ անհատներ են, կանայք՝ կատեգորիա, Տղամարդիկ հեղինակություններ են, կանայք՝ հեղինակազուրկ, Տղամարդիկ կերտողներ են, կանայք՝ քերթվածք, Տղաները Տղամարդ են դառնում , կանայք միշտ մնում են աղջիկներ, Տղամարդիկ կարող են լինել խելացի, կանայք՝ այդքան էլ չէ, Տղամարդիկ բանական են, կանայք՝ հիմարորեն սենտիմենտալ, Տղամարդկանց կարելի է հարգել եւ նրանց հետ երկխոսել, կանանց հետ՝ մենախոսել եւ թույլ տալ, որ հարցեր տան, անկողնում կանանց սիրողը Տղամարդն է, կինը պասիվ է, կինը ոգեշնչում է եւ մնում աննկատ, եւ առհասարակ եթե գոյություն չունենար, ավելի լավ, եւ այլն, եւ այլն։ Այս մոտեցումները բավական ակնհայտ են թե Ա.Ա.-ի ստեղծագործություններում, թե նրա հետ հարցազրույցներում։

Երբ Բիբլիսը գաղթում է Օվիդիուսի «Կերպարանափոխություններից» դեպի Ա.Ա.-ի «Ղուրան Վաճառողը», նրա կերպարը կտրուկ փոխվում է. Օվիդիուսի Բիբլիսը սահմանազանց, ինցեստային ցանկություն ունեցող կին  է (եւ միաժամանակ գիրք), որը գրում է, Ա.Ա.-ինը՝ մի գիրք, որը ստեղծել է Սատանան, այսինքն տղամարդ հեղինակը։ Երբ Ա.Ա.-ը հղում է կատարում դեպի կնոջը արարելու աստվածաշնչյան պատմությունը («Քնի հիգիենա») ապա Գիրք Ծննդոցի երկու հատվածից (Գլ. Ա , 26-27  Գլ. Բ, 18-25), ուր այդ մասին խոսվում է (եւ խոսվում է բավական տարբեր կերպ), ընտրում է երկրորդը։  Հաճախ հիշում է Հոկտեմբերյան հեղափոխությունը եւ դրա մտավորականներին, սակայն մոռանում, որ Հոկտեմբերյան հեղափոխության կենտրոնական խնդիրներից է եղել կնոջ ազատագրումը։ Օրինակները Ա. Ա.-ի բանավոր ու գրավոր խոսքերից բազմաթիվ են, սակայն կանգ առնենք։

Երբ խոսքը գնում է կանանց մասին Ա.Ա.-ը այլախոհ չէ, նա ոչ միայն համաշխարհային կինատյաց ավանդույթի մասն է, այլեւ մարմնավորում է տեղացի միջին մարդուն. կրիմինալ ավտարիտետից մինչեւ մտավորականներ,  բազմաթիվ տղամարդիկ (եւ կանանց մի զգալի մաս) կիսում են նրա մոտեցումները։

 Գրչակներ եւ գրքերի ճակատագրեր

Գրչակներ

 

Հռոմ։ Միքելանջելոն վառվում է ցանկությունից՝ տեսնելու թե ինչպես է ընթանում Ռաֆայելի աշխատանքը Վիլլա Ֆառնեզինայում։ Հագնելով առեւտրականի շորեր եւ շեղելով պահակներին իր ապրանքով՝ մտնում է ներս եւ տեսնում դեռ կիսատ որմնանկարները։ Հիանում է։ Սակայն չի դիմանում, վերցնում է ածուխի մի կտոր եւ այսպես, առանց գույների, պատի վրա երիտասարդի մի սքանչելի ու հսկայական գլուխ է նկարում, որից հետո փախուստի է դիմում։ Ներս է մտնում Ռաֆայելը ու տեսնում երիտասարդի գլուխը եւգլխի է ընկնում, որ միայն Միքելանջելոյի ձեռքի գործ կարող է լինել։ Թեպետ բարկանում է, սակայն ձեռքը չի գնում, որ այն ջնջի, ավելին, հրահանգ է տալիս, որ ոչ մեկ դրան չդիպչի։  

 

Արվեստի, գրականության մարդիկ կարող են միմյանց սուր քննադատել, տարբեր պատճառներով՝ գրական կամ անձնական, կարող են մրցել, կատաղաբար, կարող են անգամ կրակել, ինչպես Սիդնեյ Բեշեն, երբ նրանց ստեղծագործելու ոճը քննադատում են։ Արդյոք Ա.Ա.-ի հաճախակի հարձակումների պատճառը ընդդեմ գրչակների, ինչպես ասում է նա, անձնական են, թե գրական, լավագույնս հայտնի է նրան։ Եթե իհարկե մեր միտքը մեզ համար թափանցիկ է (ողբերգակ Սենեկան (ոչ փիլիսոփան) կասեր, մարդկային միտքը սոսկալի մի լաբիրինթոս է)։ Իմ կարծիքով  90-ականներից հետո հայ գրականության մեջ եղել են նաեւ այլ գրողներ, ալհամդուլիլլահ։

Գրքերի ճակատագրեր 

Կարդում ես Թ. Է. Լոուրենսի կամ Լոուրենս Արաբացու արկածախնդիր եւ վտանգավոր կյանքը արեւելքում, եւ վերջում «պարզում», որ մահը վրա է հասել ընդամենը ավտովթարի ժամանակ, երբ նա արդեն վերադարձել էր տուն՝ իր խաղաղ կյանքին։ Բախտախնդիր ճակատագիր

 

«Քանի՞ մարդ է հիմա Լենին կարդում եւ քանի՞ մարդ՝  Չարենց»,- ասում է Ա.Ա.-ը՝ շեշտելու գրականութան բացարձակ գերակայությունը քաղաքականության եւ դրա վերաբերյալ աշխատությունների հանդեպ։ Սակայն գրքերի եւ դրանց հեղինակների ճակատագիրը շատ ավելի բախտի բան է կամ պատմական հանգամանքների, ինչպես կասեին ավելի ռացիոնալ մարդիկ, քան դա պնդում է Ա.Ա.-ը։ Պլատոնն ու Արիստոտելը գրել են քաղաքականության մասին, եւ ամենաճանաչված հեղինակներից են։ Հին հունական ողբերգակները մեծաքանակ ողբերգություններ են գրել (հնարավոր է տաղանդավոր), մեզ հասել են մի բուռ ողբերգություններ։ Հա՞րկ է ավելացնել, որ զանգվածային գրագիտությունը պատմության մեջ ուշ երեւույթ է։ Հա՞րկ է ասել, որ նույն հեղինակի գրքերը մի ժամանակաշրջանում այրում են, իսկ մյուսում պաշտում։ Եվ որ իրական հեղինակին մենք երբեմն անգամ չգիտենք եւ որ ժանրային սահմանները հստակ գծված չեն։ Գրքերի եւ հեղինակների ճակատագիրը այնչափ հեղհեղուկ է (Ա.Ա.-ի գրածների վրա ջուր լցնելու մտադրություն այստեղ չկա), որ դրանց վերջը թողնենք բախտ բացողներին։

Գրողի «գաղտնի» զարտուղիները

(2 սեպտեմբեր, 2017, գիշեր)

Ասա, ասա ի՞նչ կանեիր ինձ հետ, բառեր եմ ուզում, բառեր, ինձ բառերն են խելքահան անում… 

…………………………………………………………………………………..

դավաճանեց՝ Ա.Բ.

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *