Գյունթեր Գրաս | Բանականության լքումը

Հայտարարություն Արեւելյան Բեռլինի գրողների հետ հանդիպման ժամանակ

Նույնիսկ ինձ նման մեկը, որն իրականում հակված չէ դատողություններ անելու աշխարհի վերջի մասին, Երկիր մոլորակի վրա կանխատեսում է մարդկության վերջը: Բնության ուժերը չեն, որ սպառնալիք են դառնում, այդ մե’նք ենք մեզ համար սպառնալիքներ ստեղծում: Մենք կախված չենք ինչ-որ անկշռելի ճակատագրից, այլ մեր իսկ անպիտան գործունեությունից: Շատ դեպքերում մարդիկ են փորձում ավերել գոյության հիմքերը կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կհանգեցնեն մարդկային հասարակության կործանմանը, եթե ունակ չլինենք հիմնովին շրջադարձ կատարելու:
Անկախ այն բանից, թե ինչպիսի գաղափարներով ենք փորձում երջանկացնել մարդկանց, մենք բռնություն ենք գործադրում բնության վրա: Մենք շահագործում ենք նրան: Մենք սպառում ենք նրան եւ նրա պաշարները, թեեւ մենք ընդամենը քմահաճույք ենք կամ բնության ստեղծագործություն եւ պետք է համեստորեն ճանաչենք մեր ունակությունների սահմանը:
Սակայն մենք ոչ միայն շահագործում ենք բնությունը, այլեւ ինքներս մեզ ենք շահագործում` մեր ամեն մի գաղափարախոսությամբ զարգացնելով շահագործման սեփական մեթոդը: Մենք ոչ միայն զինված ենք մինչեւ ատամները, այլեւ մեր սեփական ընկալումների հորիզոնից այն կողմ, եւ, որպես առաջադիմության կեղծ հայեցակարգի ստրուկներ, ունակ ենք ոչնչացնելու ինքներս մեզ:
Վերջին սպառնալիքն այն է, ինչի մասին մենք սիրում ենք խոսել այստեղ` տեսադաշտից չհեռացնելով մյուս սպառնալիքները` երրորդ, ավերիչ համաշխարհային պատերազմի վտանգը, ռազմականացման աճը եւ բանականության լքումը:
Գրողներն ու գիտնականները խոսում են իրենց փորձի մասին, որը հարուստ է եւ սովորաբար ավելի բարդ է, քան` քաղաքական գործիչներինը:
Այդ ամենը ես համառոտ ամփոփել եմ յոթ թեզերում:
Առաջին. երկու համաշխարհային պատերազմներից եւ մարդասպան ռումբերի առաջին կիրառումից հետո մեծ տերությունները որոշեցին առաջնահերթությունը տալ խաղաղությանը, չնայած բոլոր տարաձայնություններին եւ հակամարտություններին: Այնուամենայնիվ, մեծ տերություններն էին, որ նախաձեռնեցին, խթանեցին կամ երկարաձգեցին կայծակնային պատերազմներ եւ այդ կերպ մինչեւ վերջին ժամանակները վտանգեցին համաշխարհային խաղաղությունը: Վիետնամն ու Աֆղանստանը երեք տասնամյակ շարունակվող պայմանավորված պատերազմի առհավատչյան են: Նիկարագուային եւ Լեհաստանին առաջարկում են սարսափելի օրակարգ: Մեր խաղաղությունը կեղծ խաղաղություն է:
Երկրորդ. տեւական ժամանակ մեծ տերությունների եւ նրանց դաշնակից ռազմական բլոկների միջեւ այդ խաղաղությունը հիմնված էր փոխադարձ զսպման սկզբունքի վրա, ահաբեկչությունը հավասարակշռելու վրա, այդ իսկ պատճառով ներդրվեցին ավելի սարսափելի զենքի համակարգեր` միջուկային զսպումը վստահելի դարձնելու համար: Մյուս կողմից նշվում էր, որ աշխարհում պահպանվելու է խաղաղությունը:
Երրորդ. խաղաղապաշտության այս համակարգը ստիպել է մեծ տերություններին եւ նրանց դաշնակիցներին ներգրավվել սպառազինությունների մշտական մրցավազքում: Այժմ կուտակված սպառազինության ներուժը կարող է բազմիցս վերացնել մարդկությանը: Այն սպառնում է դուրս գալ վերահսկողությունից: Այն այլեւս հնարավոր չէ հաշվել, ուստի կարելի է հավասարակշռություն հաստատել: Այն այլեւս չի կարող խաղաղություն ապահովել զսպման միջոցով: Այն կորցրել է իր գործառույթը:
Չորրորդ. մեծ տերությունների վերազինման քաղաքականությունը դեռեւս մշուշոտ է, թեեւ նրանք ավելի հաճախ եւ երբեմն նույնիսկ վստահաբար են խոսում գլոբալ զինաթափման անհրաժեշտության մասին:
Դաշինքային համակարգերում քաղաքական գործիչների այս վարքագիծը, հատկապես սպառնալից ժեստերի եւ խաղաղության երաշխիքների միջեւ հանկարծակի փոփոխությունը ուշադիր դիտարկելիս այն թվում է ինֆանտիլիզմ: Քանի որ նրանք մշտապես համագործակցում են, կարողանում են հաղթել: Քանի որ նրանք տանը մշտապես բախվում են ճգնաժամերի եւ տնտեսական վատ վիճակին, նախընտրում են մեկնել ծառայության: Նրանց գերմարդկային ուժը հաճախ նրանց շարժումները դարձնում է անմարդկայնության վկայություն: Նրանք ցանկանում էին սիրված լինել, սակայն ավելի շատ արժանացան ատելության կամ արհամարհանքի: Մարդիկ գաղտնի վախենում էին նրանցից:
Հինգերորդ. երկու համաշխարհային տերություններում էլ քաղաքականության եւ քաղաքական գործիչների ձախողումն աղետալի հետեւանքներ է ունենում: Գիտնականների կեսից ավելին աշխատում է սպառազինությունների վրա: Աշխարհում վերազինման վրա ծախսված միլիարդները թույլ չեն տալիս ազդեցիկ օգնություն ցույց տալ Երրորդ աշխարհի երկրների կարիքավորներին, քանի որ սպառազինությունը միայն ավելացնում է աղքատությունը, թշվառությունը եւ սովյալների թիվը տարեկան տասնհինգ միլիոն մարդով: Եվ վախն ահագնանում է, քանի որ այնտեղ, որտեղ վախը հաղթահարվում է միայն ռացիոնալ ելույթներով, կարելի է պատկերացնել մարդկային գոյության վախճանը:
Վեցերորդ. միայն մերժումը եւ տեւական բողոքը կարող են հասցնել հետընթացի: Անհրաժեշտ է, որ մշտապես աճող խաղաղության շարժումը կրկնվի Արեւելյան Եվրոպայում: Միգուցե այդ ընդլայնվող, ինքնաբուխ եւ ժողովրդավարական զանգվածային շարժումը կարող էր հաջողության հասնել, եթե քաղաքական գործիչները բանական գտնվեին, իսկ երկու համաշխարհային տերություններն էլ գիտակցեին իրենց պատասխանատվության չափը:
Յոթերորդ եւ վերջինը. գերմանական երկու պետություններն էլ պատասխանատվություն են կրում, կարծում եմ` առանձնակի պատասխանատվություն:
Երկու համաշխարհային պատերազմները սկսվել են գերմանական հողի վրա: Գերմանացիներն այսօր էլ պատասխանատու են այդ մեղքի եւ դրա հետեւանքների համար, այդ իսկ պատճառով գերմանական երկու պետությունների քաղաքական գործիչները պարտավոր են քննադատաբար վերաբերվել` զգուշացնելով դաշնակիցներին` իրենց հետ կապ ունեցող խոշոր տերություններին: Խաղաղության այս համագերմանական պատասխանատվության համար մենք պարտական ենք մեզ եւ Եվրոպային: Արեւելքում եւ Արեւմուտքում մենք պետք է լինենք զինաթափման արագաչափեր: Մենք պետք է օգտագործենք զինաթափման արդյունքում ազատված ռեսուրսները` օգնելու համար Երրորդ աշխարհի պետություններին եւ ժողովուրդներին, որպեսզի հաղթահարեն սովն ու աղքատությունը: Գերմանիայի ստանձնած այս պարտավորությունը պետք է անվիճելի լինի, որովհետեւ սովը նույնպես պատերազմի է հանգեցնում:
Իհարկե, ես ռուսներից վտանգ չեմ զգում: Կարծում եմ, որ ես այնքան լավ եմ ճանաչում ամերիկացիներին որպես ժողովուրդ, որ կարող եմ վստահեցնել` ոչ ոք չպետք է իրեն վտանգված զգա ամերիկացիների կողմից:
Որտեղից որ ես վտանգ եմ զգում, փորձեցի դա պարզաբանել իմ թեզում. երկու մեծ տերություններն էլ ջանքեր են գործադրում եւ մեծ պահանջներ են ներկայացնում, եւ նրանց պահանջը, որ իրենց սիրեն ոչ միայն իրենց երկրում, այլեւ` ամբողջ աշխարհում, իրենց հնարավորություններից չի բխում: Նրանք կիրառում են ժեստեր, որոնք նախատեսված են խաղաղության համար, օգտագործում են բառապաշար, որն ուղղորդում է դեպի խաղաղություն, սակայն վերջում ծնվում է ագրեսիան:
Վերջին երեսուն տարիները նշանավորվել են խաղաղ ժեստերով, որոնք ագրեսիվ ընթացք են ունեցել, եւ որոնցից յուրաքանչյուրի հետընթացը կապված է այս կամ այն հզոր ուժի հետ: Հնարավոր է, որ միջուկային հավասարակշռությունը այդ դեպքում խոչընդոտեց ճգնաժամի սրմանը: Բայց քանի որ ատոմային հավասարակշռությունը կա’մ այլեւս չկա, կա’մ որոշիչ դեր չի խաղում, առաջացել է վակուում, սկսվել են ճգնաժամեր, ինչպիսիք եղել են հիսունականներին եւ վաթսունականներին, մինչեւ յոթանասունականների սկիզբը, որոնք չէին սպառնում երրորդ համաշխարհային պատերազմով. այսօր դրանք թեեւ ավելի մեծ չեն, քան սահմանափակ հակամարտությունները, սակայն ունակ են դրդելու այս կամ այն մեծ տերությանը` առաջին, երկրորդ, երրորդ քայլերն անելու այդ ուղղությամբ: Երկու մեծ տերություններ: Կարծում եմ, դատապարտելի է, որ վախ եւ անվստահություն սերմանող քաղաքականության մասին խոսելու համար ԱՄՆ-ն, օրինակ, ռազմական պայմանագիր է կնքում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ: Դուք պետք է իմանաք, որ այդ ժեստը, որը ռազմական տեսանկյունից այնքան էլ ճշգրիտ չէ հաշվարկված, այնուամենայնիվ, Խորհրդային Միությունում գրկախառնության զգացում է առաջացնում: Սրանք գործոններ են, որոնք վախ եւ անկանխատեսելիություն են առաջացնում այս կամ այն բլոկում: Նմանատիպ եւ համաժեք ժեստեր արել է Խորհրդային Միությունը, որը ներգրավված է Աֆրիկայում, որտեղ Կուբան` մի երկիր, որը դժվարությամբ է հաղթահարում ինքն իրեն, օգտագործվում է Աֆրիկայի գործերին միջամտելու համար, ինչի պատճառով կուբացիները հայտնվել են ճնշված վիճակում: Նրանք նույնքան աղոտ պատկերացում ունեն այնտեղի մտածելակերպի մասին, որքան ամերիկացիները եւ ռուսները` Եգիպտոսի. եթե նույնիսկ սկզբում նրանց ողջունել են, ապա մի քանի տարի անց նրանք դարձել են ատելի եւ արհամարհված: Երկու չսիրված հսկաներ, որոնք սեր են փնտրում եւ երբեմն սպառնում են մեզ սիրելի լինելու իրենց ցանկությամբ: Նրանց` վտանգավոր լինելու հիմնական պատճառներից մեկը դա է: Ուզում եմ նշել, որ խոսքը միայն չի վերաբերում երկու մեծ տերություններին: Մենք չպետք է անտեսենք այդ կետը: Եթե նույնիսկ մեզ հաջողվի, ինչի հետ հույսեր ենք կապում, խուսափել Երրորդ համաշխարհային պատերազմից, ապա բոլոր արդյունաբերական զարգացած ազգերի հետ` լինեն արեւմտյան, թե արեւելյան, ինչ-որ բան տեղի կունենա, քանի որ մենք խուսափել ենք պատասխանատվությունից: Դժվար ժամանակներ են, եւ մենք պետք է վճարենք Երրորդ աշխարհի երկրներին անտեսման եւ շահագործման համար:
Ես գիտեմ, որ այնտեղ կան գաղափարական շրջանակներ, որոնք հարաբերական տեսանկյունից են ներկայացնում կամ քողարկում են հանցագործությունները, որոնց համար պատասխանատու են ինչպես մեծ տերությունները, այնպես էլ` նրանց դաշինքները: Արդյունքը լինում է այն, որ այնտեղ աղքատությունը եւ թշվառությունը աճում են սարսափելի չափերով: Եվ այս ամենն ուղեկցվում է բնակչության պայթյունով, մինչդեռ 2000 թվականին աշխարհի բնակչությունը 4,5 միլիարդից կհասնի գրեթե յոթ միլիարդի: Մենք բոլորս կզգանք այդ ճնշումը: Իսկ նման ճնշմանը կարելի է հակազդել. Վիլի Բրանդտը դա հստակ ներկայացրել է իր Հյուսիս-Հարավի մասին զեկույցում` հասնելով ամբողջ աշխարհում փոխադարձ զինաթափման եւ միաժամանակ ապահովելով, որ ծախսերի մի մասը, որից կազատվեն, վճարեն ի շահ Երրորդ աշխարհի երկրների:
1982թ.
Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի

Վիլի Բրանդտ- գերմանացի քաղաքական գործիչ, սոցիալ-դեմոկրատ կուսակցություն, Գերմանիայի չորրորդ դաշնային կանցլեր, Նոբելյան մրցանակի դափնեկիր:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *