(Պատասխաններ «Գրական թերթի» հարցաթերթիկին)
1. Ավանդների և նորարարության պրոբլեմն ինչպե՞ս է դրսևորվում ժամանակակից պոեզիայում
2. Ինչպե՞ս եք գնահատում խորհրդային բազմազգ պոեզիայի արդի վիճակը:
3. Ինչպիսի՞ն են ժամանակակից պոեզիայի զարգացման միտումները:
1. Իմ խորին համոզմամբ այս պրոբլեմն ավելի շատ տեսության մեջ է ապրում, քան թե բուն գրականության: Բոլոր արվեստագետները, այդ թվում նաև գրողները, իրենց տաղանդի ընձեռած չափով նորարար են և, որն ամենակարևորն է, անկրկնելի, ենթակա չեն ո՛չ կրկնօրինակման, ո՛չ պատճենահանման: Իսկ նրանց ստեղծագործական ժառանգությունն ու փորձը պետք է ուսումնասիրվեն ինստիտուտներում և գիտահետազոտական այլ հաստատություններում` նրանց արվեստի առանձնահատկություններն ու գաղափարներն ընթերցող լայն զանգվածներին մատչելի դարձնելու չափազանց շնորհակալ նպատակով: Իսկ գրողներն առավել խորությամբ պիտի յուրացնեն անցյալի մեծերի ստեղծագործական փորձը, բայց բոլորովին այլ` նրանց չկրկնելու և իրենց սեփական ուղին ճշտելու նպատակով: Այլապես, ես, օրինակ, չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է նշանակում շարունակել, ասենք, Չարենցի ավանդները, երբ Չարենցն ինքը երբեք ավանդական չի եղել ու չի էլ դառնա, երբ Չարենցն անվերջ նորարար է ու ժամանակակից, երբ Չարենցն ինքը շատ բարեհաջող էլ շարունակվում է իր վիթխարի հանճարի շնորհիվ և ոչ մի շարունակողի կարիք էլ չի զգում: Նույնը կարելի է ասել Նարեկացու, Քուչակի, Երզնկացու, Վարուժանի, Մեծարենցի, Տերյանի, Թումանյանի և մեր մյուս ու այլոց մեծերի մասին: Լայն առումով` նրանց ընդհանրացնողը կամ ընդհակառակը` հակադրողը, գաղափարներն ու համոզմունքներն են և լեզուն, որով ստեղծագործում են:
Բանաստեղծ բառն ինքը հենց տառացիորեն նշանակում է նորարար` բան ստեղծող: Ինչպես հայտնի է, ստեղծվում է նոր բանը, իսկ նույն բան չեն ստեղծում, այլ սարքում են: Այս տեսակետից հասկանալի և ընդունելի է իմ հայրենի քաղաքի` Լենինականի արհեստավորների ավանդապահությունը. նրանք առ այսօր սարքում են ճիշտ և ճիշտ այնպիսի օրորոցներ, փականներ, երկանքներ ու պայտեր, ինչպիսիք նրանց ապուպապերն են սարքել: Ոչ մի աշակերտ, որքան էլ հնարամիտ ու համարձակ լինի, իրավունք չունի որևէ նախշ կամ պտուտակ փոխել այդ պարզունակ իրերի ավանդական կառուցվածքի մեջ: Արվեստագետը, ի տարբերություն արհեստավորի, պիտի անպայման զանազանվի բոլորից, և ինչքան մեծ է նրա տաղանդը, այնքան նա տարբեր է և ինքնատիպ: Իհարկե միշտ չէ, որ տարբեր ու ինքնատիպ երևալու ձգտումը հանգիստ կյանք է ապահովել արվեստի մարդու համար: Ինչ որ դառն օրինաչափություն կա այն երևույթի մեջ, որ գրեթե բոլոր տաղանդավոր ստեղծագործողները նախ քննադատվել են, համարվել են օտարամոլ, նույնիսկ ապազգային, որովհետև արդեն ընդունված գեղարվեստական մտածողությանը նրանք հակադրել են նորը, դեռևս չյուրացվածը, հենց դրանով իսկ ընդլայնել ազգային գրականության ու արվեստի սահմանները մի նոր տարածքով, որն առաջին պահ, բնականաբար, կարող է խորթ թվալ… Ահա թե ինչու, խորհելով ավանդների և նորարաության խնդրի շուրջ, ես շարունակում եմ մնալ այն համոզման, որ բոլոր ժամանակներում իսկական և մեծ բանաստեղծն իր ազգային գրականության մեջ գոյանում է Էյֆելյան աշտարակի պես` նախ քարկոծվելով ու քննադատվելով որպես օտար ու խորթ երևույթ, ապա` տարիներ անց, այնպես ձուլվելով ազգի նկարագրին, որ շատ հաճախ հենց Էյֆելյան աշտարակի ճակատագրի հանգվույն վերածվում է նրա խորհրդանիշին… Բերեմ մի օրինակ. հայերեն առաջին սոնետը գրել են, եթե չեմ սխալվում, Վահան Տերյանն ու Վահան Թեքեյանը: Եվ ահա, մի քանի տասնամյակ անց, արևմտյան պոեզիայից վերցված և հայկական պոեզիայի ավանդների հետ ոչ մի կապ չունեցող այդ ձևն այնպես է միահյուսվում մեր բանաստեղծությանը, որ նույնիսկ բանասիրության հայազգի դոկտորներից մեկը, գովելով մերօրյա երիտասարդ բանաստեղծներից մեկին, դրվատանքով նշում է նաև, որ նա անդրադարձել է ՄԵՐ սոնետին…
Իսկ ընդհանրապես, այս հարցի ամենասպառիչ պատասխանն արաբական հայտնի ասացվածքն է տալիս. «Մարդիկ շատ ավելի իրենց ժամանակին են նման, քան թե իրենց ծնողներին…»:
2. Խոսելով այն սերնդի մասին, որի մեջ նաև ինքս եմ և որին համեմատաբար լավ եմ ճանաչում` պիտի ասեմ, որ գրեթե բոլոր հանրապետություններում էլ կան անպայման տաղանդավոր, ձևավորված անհատականությամբ բանաստեղծներ, որոնք ներկայացնում են և կամ պիտի ներկայացնեն ժամանակակից խորհրդային պոեզիայի արդի վիճակն ու մակարդակը, որը բավականին բարձր է և ոչ մի տագնապի տեղիք չի տալիս: Սակայն հետզհետե հաճախակիանում են գրավոր և բանավոր այն կարծիքները, որոնց մեջ անսքող տագնապ կա (այդ կապակցությամբ խոսքը կենտրոնական գրական մամուլին է վերաբերում), և այս առումով դժվար է մեղադրել այդ կարծիքների տերերին, որովհետև նրանք պարզապես անտեղյակ են, ինչ խոսք, ոչ իրենց մեղքով… Չափազանց դանդաղ է ընթանում բանաստեղծների ժամանակակից սերնդին համամիութենական ընթերցողին ներկայացնելու պրոցեսը: Էլ չեմ խոսում ներկայացնելու որակի մասին: Էլ չեմ խոսում տողացիներից կատարվող թարգմանությունների մասին, որոնց մեջ սվաղվում եմ թարգմանվող հեղինակների ոճն ու անհատականությունը: Էլ չեմ խոսում թարգմանիչների մասին, որոնք երեկ ուզբեկերենից էին թարգմանում, այսօր` վրացերենից, երեկոյան` հայերենից, առավոտյան` մոլդովերենից…
3. Ժամանակակից համաշխարհային պոեզիայում և խորհրդային պոեզիայում նույնպես, դժվար չէ նկատել չափածո խոսքի ժանրային դեմոկրատացումը` «հաշտության» եզրեր որոնելը գրական մյուս ժանրերի հետ: Չուզենալով խորանալ այս երևույթի արմատների մեջ, որովհետև սա ինքնին շատ հետաքրքիր և շատ ջուր քաշող խոսակցություն է` նշեմ ամենակարևորները, որոնք շոշափելիորեն տեսանելի են ներկայիս բանաստեղծական խոսքի հյուսվածքի մեջ` դրամատուրգիային յուրահատուկ զարգացման դինամիկ տարրերը և արձակի` պաթետիկայից զերծ լեզուն, ձևի անկաշկանդությունը… Եվ զգացմունքներն այս բանաստեղծություններում ոչ թե ածականների մեջ պիտի որոնել, որոնք գրեթե չկան, այլ բովանդակության, որը ծայրահեղորեն պարզեցված է և նույնքան էլ լարված ու հագեցած, ինչպես այն մարդկանց կյանքն ու փոխհարաբերությունները, որոնք ապրում են այսօր, ինչպես այն մթնոլորտը, որի մեջ ապրում է այսօրվա մարդը…
«Գրական թերթ», 1984, 20 հունվարի