Զավեն Բեկյան | Մի դադար անտառի մոտ

 

Լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի

Ամերիկացի մեծ բանաստեղծ Ռոբերտ Ֆրոստը «Դադար անտառի մոտ» վերնագրով համաշխարհային ճանաչում ու սեր գտած մի բանաստեղծություն ունի, որը մեզ համար «հայացրել» է երջանկահիշատակ Սամվել Մկրտչյանը, ահավասիկ այն․

ԴԱԴԱՐ ԱՆՏԱՌԻ ՄՈՏ

Ես լավ գիտեմ, թե ում անտառն է սա։
Անտառապահը գյուղում է հիմա
Ու չի կասկածում, որ այստեղ կանգնած
Դիտում եմ ձյունոտ անտառը նրա։

Զարմանում է իմ ձիուկը թմրած՝
Ինչու՞ կանգնեցինք դաշտերում այս բաց,
Անտառի ու այս լճակի միջև,
Այն էլ գիշերվա ժամին մթամած։

Զանգուլակներն է ցնցում հևիհև՝
Ինչու՞ ենք կանգնել դաշտերում այս սև։
Լսվում է միայն մեղմիկ մի հառաչ,
Փաթիլներ իջնող ու քամի թեթև։

Անտառը այնպես խորն է ու մթին,
Բայց խոստում ունեմ ես տված մեկին,
Ու երկա՜ր ճամփա՝ քնելուց առաջ,
Ու երկա՜ր ճամփա՝ քնելուց առաջ։

Հայտնի է, որ ձիերն արտակարգ լսողություն ու ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ ունեն՝ այնպիսին, որ ․․․ լսում ու զգում են գուցե նաև ԱՅՆԿՈՂՄՆԱՅԻՆԸ ․․․ Պրոզայիկ թվացող բանաստեղծություն է, բայց հսկայական միստիկ «լիցք» ունի, հատկապես վերջին քառյակը — բանաստեղծը «գիշերվա ժամին մթամած», այսինքն ԵՐԿՐԱՅԻՆԻ ԵՎ ԵՐԿՆԱՅԻՆԻ մի ճամփաբաժանում, կանգնած է ԱՆՀԱՅՏԻ առաջ, «Անցման մառ կամարի» ( իմ մի բանաստեղծությունից է՝ «Գյուղական շիրմատուն» վերնագրով, «Պսակբացեք», 1990թ․ ) առաջ։ ԱՆՀԱՅՏԸ, որ «անտառի պես խորն է ու մթին», բայց բանաստեղծը ԴԵՌԵՎՍ չի ուզում անցնել այդ կամարով՝ «քնելուց»՝ Մահվանից՝ «հավիտենական քնից» առաջ․․․ Նա խոստում ունի տված ինչ-որ մեկին ու դեռևս «երկար մի ճամփա՝ քնելուց առաջ», գուցե նկատի ունի իր դեռևս իրագործելիք երկրային նպատակները, թեկուզ ասենք դեռևս գրելիք մի հիսուն բանաստեղծություն․․․
Ես Ռոբերտ Ֆրոստի այս բանաստեղծությանը «նման» մի բանաստեղծություն ունեմ ( գուցե և ենթագիտակցաբար գրվել է Ֆրոստի այդ բանաստեղծության ազդեցության տակ․․․) , նման ՝ իր միստիկ «լիցքով» , ահավասիկ այն․

ԱՆՏԱՌԱՊԱՀԻ ՏՆԱԿԻ ՄՈՏ

Սկզբից խանդավառ,
լայն հայացքն ընդգրկում է
անծայրածիր կանաչ
տարածությունը – ցնծում։
Զի սերը չի քննում,
սերը Հոմերոսի
կույր հայացքն է՝
ինքն իրենով ոգեշնչված։
Սերը կույրի մատների
վարքն է, որ աֆեկտի մեջ
չի ուզում շոշափել տրված
ողորմության մետաղադրամը․․․

Սկզբից խանդավառ,
լայն հայացքն ընդգրկում է
անծայրածիր կանաչ
տարածությունը – ցնծում։
ՈՒ միայն հետո է
լսողությունը խորանում
թավուտներից լսվող ձայների մեջ,
վայրի ճիչերի՝
միմյանց հոշոտող գազանների։
Եվ հառաչն է լսվում
իրականությունից խոցված,
լուրթ ջրերի մոտ արնաքամվող
տարաբախտ Նարցիսի ․․․
Բանաստեղծությունը բացատրություն չի սիրում ( ինչպես որ երբեմն սիրահարներն են խուսափում սեր բացատրել, վախենալով, որ․․․խոստովանելով, բացատրելով կարող են ․․ վնասել այդ ՏԱՐԱՇԽԱՐՀԻԿ ԶԳԱՑՄՈՒՆՔԸ․․․), բայց փորձեմ մի երկու բան ասել։ Մենք Աստծո աշխարհին՝ «անտառին» նայում ենք ռոմանտիկ «ակնավայելքով» ( իմ բառն է՝ սիրում եմ մեկ-մեկ նորաբանել․․․), բայց չգիտենք, ինչ խորհուրդներ ( երբեմն նաև՝ սարսափելի ) է թաքցնում այն իր էմպիրիկ խորխորատ-տեսադաշտերում։ Բանաստեղծը, որ «կանտաբար» դողում է այդ խորհրդավոր գաղտնիքի երկվության առաջ, «ինքնին իր» աշխարհի գաղտնիքի մեջ որքան խորանում , այնքան․․․ողբում է աշխարհի տեսանելի «աստառի» տակ պահված ու իր հայտնաբերած․․․ողբերգությունների պատճառով ( թող բանաստեղծության մեջ դրանք լինեն․․․գազանների ճիչեր )․
Եվ հառաչն է լսվում
իրականությունից խոցված,
լուրթ ջրերի մոտ արնաքամվող
տարաբախտ Նարցիսի ․․․
Ռոբերտ Ֆրոստի պես բանաստեղծի հետ համեմատվելու հավակնությունն, անշուշտ, տղայական է և ծիծաղելի, բայց ի՞նչ արած՝ «Ինչ գրեցի՝ գրեցի»․․․

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *