Բիբլիական հողի հրաշք ծնունդը՝ Եվ այր մի՝ Սևակ անուն

Նրանց ծնունդը միշտ էլ թվում է անսպասելի

Եվ հետո մարդկանց դարեր շարունակ զարմանք պատճառում,
Բայց նրանք կյանքում միշտ էլ ծնվում են լոկ այն պատճառով
Որ անչափ շատ են սպասել նրանց։
Ժողովրդի մեջ նիրհում են նրանք
Ինչպես ջրի մեջ՝ ահեղ գոլորշին։
Պ․ Սևակ

93 տարի առաջ բազում երկնառաք հրաշքներ տեսած բիբլիական այս փոքր հողը, նրա այս նշխար կտորը, ականատես եղավ հոգևոր շնորհի մի նոր կայծակման, Աստվածաշնորհ մի ծնունդի, որի մասին մարգարեաբար Ե․ Չարենցը պիտի գրեր հետևյալ տողերը․

Եվ կգա նա, պոետն այն մեծ․
Մեր երազած պոետը նոր,
Եվ ներկայիս մարդուն կերգե
Երգով իր նոր և՛ բորբ, և՛ խոր,
Պղնձաձույլ իր քնարով
Շունչը կերգե մեր նոր դարի,
Կայրի սրտերը բորբ սիրով
Եվ չի դավի իր քնարին։

Չարենցյան կանխատեսումն իրականացավ․ հերոսներն ընկնելիս մեզ համար անըմբեռնելի մի կանչով արթնացնում են իրենց զենքը բռնողին։ Այսօր հայոց հինավուրց երկինքն ու հողը 93-րդ անգամ տոնում են մեր քնարերգության Վահագնի ծնունդը։ Պ․ Սևակը կամոքն Աստծո բանաստեղծ ծնվեց, բայց և տիտանական աշխատասիրության շնորհիվ «Աստծո քարտուղարի» ներհեղական շնորհին Ավետարանական մշակի ջանասիրությամբ իր անվանը անանջատելիորեն կցեց բանասերի, գրականգետի, լեզվաբանի, գրաբարագետի, թատերագետի, թարգմանչի, ազգագրագետի, պատմաբանի, կոչումները ևս։ Պ․ Սևակի նման մեծությունների ծնունդը դարերի երկունքի արդյունք է։ Նման մեծությունները իրենց կյանքով ու գրչով վերադարձնում են իրենց ազգին և մարդկությանը նրա կերպարի և նկարագրի խամրած գեղեցկությունը, մարդկայնության, բարության, ազնվության, քաղաքացիական բարձր նկարագրի ու կեցվածքի, որդիական պարտքի ու երախտագիտության նշխարհ-մասունքներ։

Ու գալիս է մի ժամանակ
Երբ որ մարդիկ մերպեսներին
Պիտի պաշտեն ո՛չ կուռքի պես
Ոչ էլ Աստծո,
Այլ՝ հերոսի։
Իսկ հերոսների կյանքը որպես օրինակ և ջահ ազգին և ազգայինին որդեգրվելիս, ավելին՝ որդիանալու հրամայական ունեն։
Մի առիթով Պ․ Սևակն ասել է․ «XX դարի հրաշքը ատոմային ռումբը չէ, XX դարի հրաշքը հրեաների պետությունն է», բայց մեր ժողովրդի հավերժման խորհուրդը պատմության դասն ու դժնդակ քառուղիներում ազգային պետություն ստեղծելու մեջ չէ, այլ ազգային և համամարդկային մշակույթ («․․․ Եթե տիրել ենք՝ լոկ մեր գրքերով, եթե գերել ենք լոկ մեր ձիրքերով») ստեղծելու և ազգային աննկուն ոգով ապրելն է։ Մեծերի վաստակը ծալ-ծալ դասվում է նախորդների արածին՝ դառնալով հաջորդների համար և՛ օրինակ, և՛ ազդակ, և վստահություն ազգի ապագայի հանդեպ։ Այո՛, մեր ազգի պատմական երթն ընթացել և ընթանում է նրա հոգու ճարտարապետներ-լուսադավան իմաստուն այրերի շնորհիվ։
20-րդ դարի 60-ական թվականներին ազգային ինքնագիտակցության և ազգային արժանապատվության , ազգային սթափման հզոր լուսավոր աստղ դարձավ Պ․ Սևակը՝ «Անլռելի զանգակատուն», «Մարդը ափի մեջ», «Եռաձայն պատարագ», «Եղիցի լույս» պոետական գրչի իքնատիպ ու անզուգական փայլատակումներով։
«Սիրել, չի նշանակում նայել իրար, սիրել նշանակում է նայել միևնույն ուղղությամբ»։ Ս․ Էքզյուպերիի այս խոսքը ընդգծող բանաստեղծի հրամայականով մենք պիտի նայենք Զանգակատուն գյուղից միս ու արյուն առած, մտքի, հոգու, ներշնչանքի վիթխարի պարգևառուի հայացքի ուղղությամբ, որն իր գրչով մեծացրեց բանաստեղծական իր աշխարհի զուգահեռականներն ու միջօրեկանները, իր ազգային կենսագրությունը բարձրացրեց համամարդկային կենսագրության՝ տառապանքներով ու տքնությամբ, լուսավոր ապագայի մեծ բաղձանքով, համամարդկային բաբախումներով մի ժողովրդի, որն ամեն տեղ թողել է «իր աչքից ցոլանք, իր սրտից նշխար և մասունք հոգուց»։
Զանգակատնից երևում է ողջ մոլորակը, որովհետև իսկական բանաստեղծի կանգնած տեղը աշխարհի ամենաբարձրն տեղն է։ Այսօր, նրա ծննդյան շնորհավորանքը բոլորիս կողմից խնկարկումի մի նշխար է, որ ծնվում է այստեղ՝ Զանգակատանը, մեր բիբլիական հողին անձեռագործ գետնահակ երկու առհավատչյա զանգերի՝ վեհ Մասիսների հայացքի ներքո և նրանց զանգ-ղողանջները այս ծննդյան ավետիսը լսելի են դարձնում հայ հոգիներին։
Շնորհավո՛ր ծնունդդ, ամենահայ մեծ բանաստեղծ
Երիցս շնորհավոր․․․
Զանգակատուն
Զանգակատու՜ն, Զանգակատու՜ն
Դու նոր Նարեկ հազարամյա
Սուրբ Կաճառի աղոթքներով
Եվ աղոթող այն մեծ այրի,
Որ խոսել է և Աստծո հետ։
Դու նոր Դսեղ կախարդաթով
Կախարդախոս իր հանճարով։
Դու նոր Գյումրի հայրենաշունչ
Զվարճախոս, հումորապաշտ,
Դու նոր Գանձա միշտ երկնամերձ
Քերթող ծաղկող արվեստով մեծ։
Զանգակատու՜ն, Զանգակատու՜ն
Քո մեծ այրը լեգենդ դարձած
Ձեռք է մեկնել Նարեկացուն
Կարդացել է «Մատյանը» սուրբ
Տողերով լույս, Աստվածախոս։
Զանգակատու՜ն, Զանգակատու՜ն
Նա կյանքի չափ սիրում էր քեզ,
Տարվում, այրվում քո ցավերով,
Եվ հայրաշունչ իր գորովով։
Նոր ես ծնվել քո հրաշքով
Չես ծերանա դարերիդ մեջ
Իմ թանկ, անգին հայրենի գյուղ
Մի Նարեկ էլ դու ես այսօր
Քո զավակով Աստվածատուր։
Կանցնեն դարեր, դու կմնաս
Որպես հավատ միշտ սրտամոգ
Սուրբ աճյունը քո գիրկն առած։
Պահում ես այն միշտ հաստատուն
Ու պահապան սրտով մաքուր
Որպես հավերժ Զանգակատուն։

Վարազդատ Գրիգորյան

Հեղինակ՝ Ա․ Գրիգորյան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *