Անի Պետրոսյան | Հարցադրումներ Արամ Ավետիսի «Կույր կետադրություն» գրքի շուրջ

Ես կմեռնեմ վերջին բառի հետ:
Եվ ինձնից հետո թեկուզ լռության ջրհեղեղ:

Ա. Ավետիս

Կուրությունը խիստ գիտական իմաստով երկու աչքի տեսողության կայուն և անվերադարձ կորուստն է, լույսը մթից տարբերելու անընդունակությունը: Սակայն գիտական այս բնորոշումը թերևս կարելի է համարել բժշկական դասագրքերում քարացած կանոններից մեկը, և գործնական ու սոցիալական իմաստով կուրությունը ավելի լայն հասկացություն է: Բուդդայական սուտրաներից մեկի համաձայն՝ կուրությունը տեսողության պարզությունն է: Ֆիզիկական և հոգեբանական վիճակ է կուրությունը, որ կարող է բերել մտքի կատարելության: Եվ ինչպես նշում է «Գրառումներ կուրության մասին» ֆիլմի գլխավոր հերոս Ջոն Հուլը՝ «Կուրությունը նվեր է: Այն նվերը չէ, որ կցանկանայի, բայց միևնույն է, Աստծուց պարգև է: Խնդիրն այն չէ, թե ինչու է այն ինձ տրվել, այլ այն, թե ինչ եմ պատրաստվում անել դրա հետ»:

Երբ կույր ես, ոչ մի բան չես տեսնում, ոչ մի արգելք չունես և առաջ ես գնում, իսկ կետադրությունը արգելքներ է ենթադրում: Հարցի մյուս ելակետով մոտենում ենք կետադրության հիմնախնդրին: Լեզվաբանական գրականության մեջ կետադրությունը սահմանվում է որպես կանոնների համակարգ, որը օգնում է հասնելու գրավոր տեքստի բովանդակության հնարավոր լիարժեք ընկալմանը: Բայց մի՞թե այդ կանոնների ամբողջությունը կոչված չէ սահմանափակելու խոսքը: Չէ՞ որ կանոնները միշտ էլ սահմանափակում են առաջացնում ներքին գերություն, և այդ գերությունից է, որ մարդը պետք է ազատվի: Եվ ինչիպիսի՜ հեգնանք՝ անգամ Բրայլյան համակարգում կան հատուկ կետեր, որոնք իրենցից ենթադրում են կետադրական նշաններ: Այսպես, հեղինակը հարցի երկու ելակետով մոտենում է իր գրականության հիմնական գաղափարին՝ գրականություն առանց սահմանափակումների, առանց ավելորդ կանոնների: Գրականություն, որ ընկալման մեջ կլինի պարզ, բայց միևնույն ժամանակ խորհրդավոր, ինչպես տեսողական պարզությունը:

Այս գրքում բառերի ու նյութի նեղվածք է ու մտքերի լայնություն: Սրանով է հենց բացատրվում գրքում տեղ գտած նշանակալի իմաստ ունեցող բանաձևումների սեղմ ու լակոնիկ արտահայտված, բայց իրենց խոր բովանդակությամբ մտքերի ու գաղափարների հարստությունը:

Հեղինակի ոճը տարբեր իզմերով չսահմանափակելու համար բավական է ասել, որ նա գրող է, ով գրում է իր և բոլորիս մասին: Նա այն մարդն է որին գրականությունը շատ է սիրում:

«Իմ ոճի մեջ է ամփոփված իմ մենությունը»:

Գրքի տարբեր հատվածներում հեղինակը հիշեցնում է իր մենության մասին և խորապես ուսումնասիրելով գիրքը՝ նկատում ենք որ այստեղ Զ. Ֆրեյդի հոգեբանական օտարացման տեսությունն է: Ըստ որի՝ ինքնակամ օտարացման շնորհիվ հանգում ենք կամ սեփական «ես»-ի նևրոտիկ կորստի կամ շրջապատող աշխարհի իրականության զգացման կորստի:

«Այս պահին շուրջս լուռ է, և միայն մենությունն է շնչում իմ ներսում»:

Գրքի երեք գլուխներն ունեն խորագրային սահմանումներ «Տեսունակ կուրություն», «Անհետացող քաղաքի քարտեզը» և «Գրականության համընդհանուր պատմություն»:

Գրքի առաջին մասում խոսվում է տեսողության կորստի, դրա առավելությունների թերությունների և այն հիվանդության մասին, երբ մարդ ֆիզիկապես տեսողության խնդիր չունի, սակայն չի ընկալում իր տեսածը:

Գրականությունը միակ ելքն է կուրությունից, գրականությունը ելք է մտքի պարզությունից:

Կույր մարդու համար անցյալն ու ապագան բախվում են իր իսկ կոպերի տակ:

«Կույրերն անցյալ չունեն, դրա համար էլ չեն ծերանում»:

Անցյալի ու ներկայի խաչուղում պետք է փոքր-ինչ կույր լինենք, որ ունենանք ապագա և չծերանանք:

Երկու աչքը մեզ խանգարում են լինել այն, ինչ ուզում ենք լինել:

Պատճառն այն է, որ աչքերը հիշողություն ունեն, և մենք շատ հաճախ չենք ներում մեզ տեսածի համար:

«Ես հրաժարվում եմ ժամանակակից գրչակներին գրող անվանելուց:

Ինձ համար այն, ինչ կոչվում է արդի գրականություն, ոչ այլ ինչ է, քան պարապ բառ: Դատարկ գրքեր՝ ոչնչի մասին»:

Վերադառնանք հայկական գրական առաջին մանիֆեստին՝ Երեքի դեկլարացիա: Դեռ 1922թ.-ին Չարենցն ասում էր նույն բանը. «Ներկա հայ բանաստեղծությունը մի թոքախտավոր է, որ անխուսափելիորեն դատապարտված է մահվան: Նրա գոյության միակ արդարացումը – մահամերձ լինելն է: …Կորչեն գրական շկոլաները, առանձնասենյակային գրողները և գրադարաններում ննջող գրքերը…»:

Չարենցն էլ էր իր ժամանակակիցներից շատերին մերժում քանի որ վատ գրականության պատճառով անտեսվում էր իրենը: Եվ ինչը կարող է առավել դիպուկ գնահատական տալ արդի հայ գրական հոսանքին, քան չարենցյան թոքախտավոր բնորոշում, երբ տարբեր ամբիոններից արդի գրողներից շատերը իրենց բարձրագոչ ելույլթներում հայտարարում են, որ իրենց բերածը ոչ այլ ինչ է, քան նոր գրականություն:

Այս գրքում խնամքով զետեղված են այն բոլոր հեղինակների անունները, որոնց պետք է կարդա յուրաքանչյուրը:

«Հիմա ընթերցող երևալն ավելի կարևոր է, քան ընթերցող լինելը:

Մենք ընթերցող և գրող երևացող ենք…»

Հեղինակը մտահոգվում է այս և մի շարք նմանատիպ հարցերով: Այո, սա դարի խնդիրն է: Մենք երևացող ենք ամեն հարցում, որովհետև կախված ենք կարծիքներից ու կարծրատիպերից:

Գրքում յուրահատուկ նշանակություն ունի «քաղաք» հասկացությունը: Հեղինակը նշում է, որ քաղաք բառն ինքնին ելք չունի, և այն քաղաքը, որտեղ ապրում են միայն կույրեր, անհետանում է: Քաղաքի անունը դեկորացիա է, և այնտեղ միակ ծանոթ խաչմերուկը հեղինակն է: Այս քաղաքի քարտեզը հեղինակի ափերն են, որտեղ մանր գծիկների օգնությամբ կարող ենք ճամփորդել Նյուրնբերգից Պրահա և մինչև Երևան: Իսկ մատների ծայրերին կարող ենք հանդիպել այգու մարմնավաճառից մինչև չինացի աղջիկն ու հրեա կինը:

Գրքում խոսվում է հեղինակների մասին, որոնք կույր են եղել, բայց մտքեր են թելադրել: Կրկին վերադառնանք բուդդայականության այն կանոնին, որ ֆիզիկական կուրությունը կամ տեսողության կորուստը չի կարող խոչընդոտել մտքին: Մտքերը նյութական են, և մենք դառնում ենք այն, ինչի մասին մտածում ենք: Առավել դժբախտ են այն մարդիկ, որոնք կույր են հոգեպես և հեռու գրականությունից:

«Իմ չգրած մտքերը փայլուն են, և ես, որպես ինքնասիրություն ունեցող մարդ, հրաժարվում եմ դրանք թղթին հանձնել, որպեսզի չաղտոտվեն դատարկ հայացքներից»:

 Գրողի համար ամենասարսափելի խնդիրը՝ ով կկարդա իրեն և ինչպես կընկալի: Նա ուզում է լինել ամենաչկարդացվող հեղինակը: Մի՞թե չարժե կարդալ այն գրողին, ով ուզում է չկարդացված լինել: Այն գրողին, ում ձեռքերը նման են Մոնա Լիզայի ձեռքերին, և որը գրում է առանց ոգեշնչման: Հաստատ արժե կարդալ այն գրողին, որը կոչ է անում չկարդալ իրեն: Բայց չկարդալ երբեք դատարկ հայացքներով: Եվ մինչ իրեն կարդալը գոնե ծանոթանալ Ֆերնանդո Պեսոայի և Կոնստանտինոս Կավաֆիսի պոեզիային, կարդալ Լադիսլավ Կլիմայի վեպերից գոնե մեկը, անգիր իմանալ Բրոթիգանից մեկ տող և այլն…

Ժամանակակից հայ գրականության մեջ շատ ենք հանդիպում համաշխարհային հեղինակներից մեջբերումների կամ էլ նրանց ազդեցությունը տվյալ գրքում: Արամ Ավետիսի դեպքում նկատում ենք, որ այն բոլոր հեղինակները, որոնց նշել է նա գրքում, այսպես ասած, անցկացված են իր միջով: Մենք այս գրքում չենք կարող հստակ նշել որևէ հեղինակի ազդեցություն, բայց ակնհայտ նկատում ենք գրողի լայն մտահորիզոնն ու կարդացվածության մակարդակը:

«Ապագան վաղվա «այսօրն» է»:

Ֆուտուրիստական գաղափարներով հարուստ այս գրքում հեղինակը ասես մոլորվել է իր օրերում:

Երեկվա ու այսօրվա միօրինակությունը խանգարում է նրան ապրել և կյանքից բավարարություն ստանալ: Կուրանում են մեր օրերը մեր իսկ անտարբերությունից:

Գրքի երրորդ մասում խոսում է բառի, խոսքի արժեքի, գրականության գնահատման ու վերագնահատման մասին:

«Նրա մի աչքի ետևում

Ինձ կնոջ երկու աչքերն են հետևում»:

Ժամանակակից արձակագիր, որը տեղ-տեղ հանգավորում է իր խոսքը՝ խառնելով արձակն ու պոեզիան:

Յուրօրինակ է Արամ Ավետիսի ոճը: Նա և՛ արձակագիր է, և՛ բանաստեղծ: Չնայած կարծում է, որ ինքը պոեզիայի համար արդեն ծեր է, իսկ արձակի համար դեռ երիտասարդ: Նա ոճի համար պատրաստ է նույնիսկ ոճրի: Անհնար է շփոթել նրա ստեղծագործությունները մեկ այլ հեղինակի գործերի հետ: Այս գրքի յուրաքանչյուր ընթերցող հարյուրավոր տողերից կճանաչի Ավետիսինը:

Արթյուր Ռեմբո արտասանող հեղինակը համոզված է, որ կյանքից է գալիս արվեստը, իսկ արվեստում կյանք չկա: Կան միայն բառեր, բառեր և ուրիշ ոչինչ:

«Բառերն այնքան դժվար են տրվում, որ նրանց իմաստն իմանալուց հետո գերադասում ես լռել»:

Գիրքն ընթերցելիս կարծես զգում ես այն էներգիան ու էմոցիաները, որոնք հեղինակը կորցրել է բառերն ընտրելիս:

Էսսեներից յուրաքանչյուրն ասես փոքրիկ մեդիտացիա է, և հեղինակը, խորասուզվելով իր մտքերի մեջ, ձեռք է բերում անխռով հոգեվիճակ՝ հասնելով նիրվանայի:

Պատահական չէ, որ գիրքը վերջանում է Սելինի բազմակետերով: Հեղինակը ներդաշնակ է իր մտքերի հետ, իսկ ներդաշնակությունը գալիս է հոգուց: Սա հենց հոգու կատարելության բարձրագույն վիճակն է:

«Կույր կետադրություն» գիրքը ոչ կուրության մասին է, ոչ էլ առավել ևս կետադրության: Այս գիրքը ավելի կարևոր բանի մասին է:

Փոքրիկ էսսեներից կազմված մի վեպ է, որի գլխավոր հերոսը հեղինակի աչքերն են:

«Կույր կետադրությունը» գիրք է, որը պետք է կարդան բոլորը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *