քո բոլոր կանայք նմանություն են փնտրելու ինձ հետ
ցանկանալու են հասկանալ՝ ինչու՞ ես ինձնից հետո ընտրել իրենց
ընտրե՞լ ես արդյոք
նրանց թվալու է, թե դու ճիշտ ես
թվալու է, թե դու սիրել գիտես
թվալու է, թե ամեն բան լավ է
թվալու է.. նրանց թվալու է,
թե գտել են
ու նրանք ինձ չեն սիրելու՝ ամենուրեք լինելու համար —
ինձ մտքիցդ չհանելու համար
ձեռագրերս պահելուդ համար
ինձ ատելուդ համար
բայց նրանք չեն հասկանալու, որ պետք է հետևել ինձ
ու փախչել քեզնից
գնալ առաջին չպատասխանած թակոցից
ու չսպասել, թե երբ
պիտի հեռախոսին գրվի անունդ
ու չլսել քեզ ու չհավատալ,
ու չհավատալ
ու չհավատալ
նրանք չեն հասկանալու, թե ինչու ես ընտրել իրենց
ու չեն հասկանալու` ինչու ես չեմ ընտրել քեզ
նրանք չեն հասկանալու, որ կանայք իզուր չեն թողնում
ու որ քեզնից հեռացող բոլոր կանայք ճիշտ էին
ու որ նրանք չեն էլ մտածում վերադառնալու մասին
որովհետև դու վերադարձի կետ չես
որովհետև դու ոչինչ չունես քո մեջ վերադարձի
ես ափսոսում եմ նրանց ժամանակն ու օրերը, որ պիտի
մաշվեն քեզ հետ
ես ափսոսում եմ նրանց արցունքները, որ պիտի իզուր լինեն
ես ափսոսում եմ էն ստերը, որ նրանք պիտի հորինեն քեզ արդարացնելու համար
ես ափսոսում եմ էն բոլոր սերերը, որոնք հետաձգվելու են նրանց կյանքում
քեզնից հեռացող բոլոր կանայք գիտեն՝ ոչինչ չի հիշեցնում քո մասին
քեզնից հեռու աշխարհն էնքան սիրուն է, էնքան կանաչ
ու էնքան մաքուր, որ քո կարիքը չի զգացվում
ու ջնջվում են բոլոր հիշողությունները քո մասին
որովհետև դու ոչ այլ ինչ ես, քան օդում պարող փոշի, որը
սեղանին իջնելուց հետո անպայման սրբել է պետք