ԱՆԱՏՈԼԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ | Հայելի

* * *
Սայթաքած բառը
Անզգույշ – մահաբեր կրակոց է,
Մնացածը խոսքեր են՝
Կասկածի խարխուլ կամրջով
Վախվխելով անցնող:
Մի փորձիր շտկել վիճակը՝
Դու հետ ես քաշում
Սրտումս խրած դանակը,
Եվ աշխարհը կուրանում է
Հրո ճարակ դարձած տան պատուհանների նման:
Աշխարհը…
Ես այնքան եմ սիրով լցրել այս աշխարհը,
Որ էլ ինձ համար
Տեղ չկա…

1.
Արյունոտ ծաղիկների այս գարունր
Բացվեց
Միջուկային պայթյունի կուրացնող լույսով,
Ես մեռա,
Եվ դիս ութ անգամ
Տարան այս քաղաքի անկենդան փողոցներով:
Սատանաներն ու սրբերը`
Իմ արյունր լափող այդ շները,
Քարեր էին նետում Տան վրա,
Եվ պատուհանի ապակին ես էի,
Երկնային դատաստանից չվախեցողները
Դատավորներ էին,
Ռետինե մահակներով պատանիները
Նրանց մեղքերով բեռնված գրաստներ,
Հայրենիքը գողացված ավտոմեքենայի նման
Սուրում էր,
Եվ համարանիշներն արդեն
Չէին երևում…

2.
Մորթված անասունի հայացքով
Քարացած քաղաքում
Զինվորների` փողոցները պատած շղթան
Խեղդում է պարանոցս:
Աղոթքի պոռթկումով հրապարակ ելած մարդիկ
Այսօր քայլում են վախվորած`
Տառասխալներով գրված
Հայհոյանքի նման
Պատերին քսվելով,
Եվ ոգին,
Որ բույնն էր
Երկինքն իմաստավորող աղավնիների,
Թվում է, որսաշան գտնելուն իսկ անարժան
Զոհ է`
Հոգեվարքում թպրտացող…

* * *
Հայացքս գգվում է քեզ,
Կարծես տապին՝ ալիքներին հանձնվելով:
Օրվա մնացած ժամերը
Կասկածների տեսքով
Հավաքվում են իմի:
Դու գնալու տեղ չունեցող
Կապույտ երկինքն ես՝
Արևի դեմ բռնած խոշորացույց՝
Սևեռուն հայացքով ինձ նայող,
Ես՝ ոտնաթաթերիս կանգնած
Վառվող ծառ՝
Սաղարթի երկինք հառնելու երազով
Եվ իրականության չթոթափվող
Ստրկությամբ…

* * *
Մեկնվող ձեռքս
(Օդում գնդակահար թռչուն)
Մի պահ քարանում է՝
Երևակայությամբ հետ տանելով ճակատիդ մազափունջը:
Շատրվանների ջուրը
Թմբկահարում է միտքս՝ խճողելով…
Մագնիսական դաշտի կենտրոնում
Մեխվել է համր, մոլորված ճանապարհացույցը:
Ժամանակը խառնել է հետուառաջի քայլերը,
Այս՝ թիթեռի թևերի նման թրթռացող ամառային օրվա մեջ,
Բևեռային երկնքի՝ անթարթ, ընկնելու պատրաստ
Սառցե աստղերի
Թիրախն եմ էլի կարծես:
Բայց փախչելու տեղ չկա.
Աշխարհը զսպաշապիկ է,
Որ ինձ հագցրել ես դու…

* * *
Ես կախվում եմ ձայնից՝
Իմ միջից դուրս չեկող բառերի
Եվ խեղդվում եմ լո՜ւռ,
Անբողոք, ինչպես նինջը…
Գոնե վատ երազ տես
Իմ վրա…

* * *
Արտասվում էի մի օր՝
Փողոցում՝
Բոլորից գաղտնի,
Ու թրջվել էր սիրտս
Թղթի պես:
Հետո անձրև տեղաց՝
Աշխարհն առանց անձրևանոցի էր,
Արևը դուրս եկավ,
Եվ փողոցի, թղթի ու երկնքի վրա
Ես բանաստեղծություն գրեցի,
Կեղտոտ շուն,
Քո մասին…

* * *
Անընդհատ ձայն է հնչում ականջումս,
Այդպես հուսահատ տուն մտած ծիծեռնակն է
Զարնվում պատուհանի ապակուն,
Շրջվում եմ, նայում,
Էլի դու չես…

* * *
Այս աշխարհի
Ապականության ու կեղտի միջով
Ինչպես կարապը՝ առանց թրջվելու,
Ես անցնում եմ անմեղսապարտ.
Որորվհետև մինչև վերջին բջիջս,
Բերնեբերան՝
Լցված եմ քեզնով ու պոեզիայով:
Խլությանը խնայում է
Աղմուկի մսաղացը.
Կույրի նման տեսնելը
Վերին իմաստնություն է,
Որ ունի միայն երկինքը,
Ես նրա հիացքի անբառ աղաղակն եմ
Քո՝ վայելքից նվաղող աչքերի
Շաղված անդրադարձում…

* * *
Շրթունքներս սառել, քարացել են՝
Փչել-բորբոքելով կրակը,
Որի վրա ինձ խորովում ես դու…

* * *
Մի տխրիր այդպես,
Թե չէ կկուրանամ,
Ինչպես մութ սենյակում
Անդրադարձից զրկված
Հայելին…

* * *
Նորից բացվել է այս՝
Կրծքով հրակնատը փակող առավոտը…
Ծննդյան տոների առևտրի նման
Աշխույժ մարդիկ
Կարծես գտել են իրենց կորցրածը.
Բավարարվածության գավաթից հեղվող
Գարեջրի փրփուրի լիությամբ՝
Թափվել են նրանք փողոցներում,
Ուր աներևույթ թափառում է
Երեկվա, մյուս օրվա քո մեղավոր կյանքը՝
Որսորդների գիշերային լուսարձակներով
Հալածվող
Գազանիկի թիրախ – աչքերի առկայծումով…

* * *
Փոփոխվում է աշխարհը քո շուրջը,
Դու չես նկատում
Ծառերի անատամ սվսվոցը,
Ուշ աշնան գունառատ աղաղակը
Չի հասնում քեզ,
Դու՝ անբուժելիորեն բանաստեղծ,
Ժամանակիդ փշաքաղված մաշկը
Ամայի բանջարանոցի խրտվիլակի հավատարմությամբ,
Որից քամին պոկել է
Հագուստի վերջին ծվենները,
Չես տեսնում.
Լացի պես բարձր ու խուլ երկինքը
Կույր է,
Եվ հայացքը չի փախցնելու երբեք…

* * *
Կառչելու հույսը սպանող
Այս անկյուններ չունեցող արենան,
Բերանը բացուխուփ անող
Խելակորույս պտտահողմը՝
Քո շնչահատ ստվերը, որին չես կարող մի կողմ հրել:
Հավասարակշռությունդ պահելու մասին մոռացած՝
Շարժումներդ կապկող հայելու հետ կռիվ տալով,
Առանց տեսնելու ճանապարհը,
Ժամանակի սայրով,
Դու քայլում ես՝
Տանելով ու՞ր, չգիտես,
Նահատակի քո դին
Եվ պայմանականություների կեղեքող խարանը՝
Կանաչ արտում տարածվող
Հրդեհի պատկերով…

* * *
Փողոցի կենտրոնում
Մարդկանց, մեքենաների ազդանշանների ու աղմուկի
Ոտքերի տակ ընկած
Առնետը
Մոլորվել, կորցրել էր հետդարձի ուղին
Եվ, երկարուկ պոչը
Բեռի նման քարշ տալով,
Ակնապիշ նայում էր՝
Կարծելով, թե ես գիտեմ
Ճանապարհը…

* * *
«Ես էս քաղաքի վրա երազ դեռ չեմ տեսել», – ասում էր հայրս՝
Հովեյ Խաչոյի Հրանտը
Հայրս՝
Հաց բաժանելով երջանիկ հայրս,
Ինձ տալիք սերը տարավ իր հետ՝
Օզոնային շերտի պես բացելով
Վերջապես վրաս տաքացած աչքը:
Ամառ ու ձմեռ
Քայլում եմ
Այս ամայի քաղաքի մայթերով,
Ուր նա
Օտար տուն մտած հյուր զգաց
Ու հեռացավ՝
Առանց զգուշացնելու ինձ, որ մահը կա,
Որպես մութուլուսին
Ցելերից բարձրացող գոլորշի…

* * *
Նյարդերս
Ահաբեկված երեխաներ են՝
Գիշերվա լռության խորքերից
Հազարաչք նայող:
Հիմա, հիմա կմարի
Վերջին կերկերացող կերոնը,
Եվ ինձ,
Կուրորեն, առանց տեսնելու,
Կկլանի մթությունը՝
Ծով նետած քարի նման:
Խաղաղ, անցավ,
Ականջ չգտած հառաչանքի գոյությամբ
Կշարունակվի ժամանակը՝
Չգիտակցելով,
Որ ինքը սոսկ արձագանք է…

* * *
Լողանը հանգիստ օրորվում է,
Ձկները մոտ չեն գալիս,
Ամեն ինչ հանդարտ է,
Ջուրը չի պղտորվում համր աղաղակից՝
Կարթի վրայի որդը ես եմ…

* * *
Ձյունը իջավ՝ ծածկելով անցած ժամանակը,
Իսկ ես մերկ եմ ու մենակ՝
Ծխնելույզից բարձրացող ծխի պես…

* * *
Ես շաղ եմ տվել ինձ
Աշնան տերևների նման
Ու չեմ կարողանում հավաքել…

* * *
Գոռալու հնար չունեցող,
Բերանը փակ՝ եռացող կաթսա՝
Այս գիշերակեսին,
Երբ լռության ոհմակը հարձակվում է,
Եվ նահանջի ճանապարհը պարսպող պատերը
Ավելի բարձր են, քան երկինքը,
Դու այլևս
Մյուս այտդ դեմ անող քրիստոնյան չես,
Այլ խցանված խողովակի ձևն ստացած ջուր:
Բանականության գայթակղեցնող աստված
Պոեզիա չի կարդացել
Եվ ամեն ինչ գիտի այս կյանքի մասին,
Դու ես միայն կասկածողը.
Սիրելը աշխարին նայելու քո կերպն է,
Մի վախեցիր, գնա՝
Կույրի նման՝ սրտիդ ձեռքը բռնած…

* * *
Թևաթափ այս երկիրը`
Մանկան դագաղի պես անհեթեթ,
Ասպատակում է հաղթական ճիչերով,
Եվ հրապարակը մեր կյանքն է:
Երեսպաշտության դիմակները թափված են ամենուր`
Հերթական ընտրությունից հետո
Պատերից նայող
Չընտրված թեկնածուների
Ուշացած – շողոքորթ ժպիտներով:
Գաղթականի իմ արյունը
Ծառս է լինում
Սպանդանոց քշված ձիու նման,
Որովհետև ես տեսնում եմ`
Գտածի կանխավայելումը` վաղվա օրը.
Ասֆալտին պսպղացող
Թուք է և ոչ թե ոսկեդրամ…

***
Երազում պարզված ձեռք,
Որ ուզում ես բռնել,
Բայց արթնանում,
Տեսնում ես հայելային անդրադարձդ`
Խումարդ,
Քո դեմքը` կիսախմած բաժակ անհեթեթ:
Շտապող մարդկանց ոտքերի տակ ճմլվող
Լիքը դրամապանակի մենակությամբ,
Միտքդ փնտրում է հենման կետ…
Այս աշխարհի ներկապնակին լղոզված
Գույները
Տեսանելի են միայն քեզ.
Ցերեկվա պայծառության մեջ քարացած
Դու անբառ ու համր
Լուսինն ես…

* * *
Մենակ են ծառերը,
Եվ մենակ է
Նրանց ճղակոտոր անող
Քամին…

* * *
Երջանկության, ճակատագրի,
ՙԿարելիի՚ ու ՙչի կարելիի՚
Ճանապարհը սալարկո’ղ քար,
Երջանիկ եղիր,
Երբ քեզ տրորում են…

* * *
Ես ինձ փնտրում եմ
Իմ փլատակների տակ
Ու չեմ գտնում.
Այնտեղ կապույտ երկինք է…

* * *
Ժամանակը սորում է մատներիս միջից,
Ափերս դատարկ ակնախոռոչներով ինձ են նայում.
Դու իմ ավազի ժամացույցն ես…

* * *
Ես ուզում եմ համբուրել ձեռքս,
Երբ մտածում եմ,
Որ դիպել է քեզ…

* * *
Հայացքս`
Լիքը գանձանակ նետվող
Մետաղադրամի նման խուլ,
Սահում է կրծքիդ բացվածքից,
Եվ մեղքն այնքան շքեղ է,
Որ համոզում է`
Սատանան հրեշտակ է եղել…

* * *
Իմ զգացողության երակներով
Հոսում ես դու
Իբրև մաղձ, թույն, սեր ու թրթիռ,
Կախաղանի ոսկե օղակ,
Որ ինձ կտրում երկրից
Ու տանում է երկինք,
Ու տանում է գետի նման`
Առանց հետ նայելու…

* * *
Պահարանում կախված չհագնվող զգեստների
Լեթարգիկ քնի ճահճում
Թևերս ցամաքած գետեր են…
Ես քեզ էլ չեմ խեղդի քնքշանքներով,
Դու ազատ ես,
Ինպես անպատասխան սերը…

* * *
Ես ինքս իմ մեջ խճճված
Ուռկան եմ,
Որ Աստված նետել է ծով
Ու մոռացել…

* * *
Պոեզիան վերջացավ:
Կյանքը մատը խոթել է աչքս,
Ուր դու էիր ապրում:
Նյարդերի գունդը ոչ մի զառիվայրով
Չի գլորվի`
Ֆիզիկան այստեղ կապ չունի,
Բառերը միայն
Տեսանելի առարկաներ են արտացոլում,
Իսկ բոլոր հայելիները փշրվել են.
Դու անցել ես նրանց վրայով
Հեռանալիս…

* * *
Ես ապրում եմ սպասման մեջ,
Կարծես ծաղիկների գերեզմանում:
Ալիքի վրա բարձրացած
Ալիքի նման,
Գագաթ լինելու պրկումով
Եվ փշրվելու խոնարհությամբ
Շունչս պահած`
Ես համրորեն տարալուծվել եմ
Վիճակի զգայարաններում
Եվ փորձում եմ դառնալ բաժանման գծի սպին…
Պապակ ցայտաղբյուրի եզրին
Մոռացած, թե ինչու էին եկել,
Ճնճղուկներ են հավաքվել,
Որոնց չի էլ նկատում
Ցեխաջրում չոր հացը թրջող ագռավը…

* * *
Թող գրկեն բառերը
Ձեռքերիս փոխարեն քե’զ,
Անմարմին ներկայությունդ,
Որ թողելու ես այստեղ`
Հեռանալուց հետո:
Ինքնաթիռի պատուհանից
Նետված
Հայացքի նման անխարիսխ,
Ես թափառելու եմ`
Չհասկանալով`
Որտեղից են սկսվում
Եվ ուր են գնում փողոցները,
Որովհետև դու ես իմ տունը
Եվ հորիզոնի ժապավենը,
Որով աչքերս են կապել…

* * *
Իմ ընկերներին,
Բանաստեղծությունների անթերի թվացող
Թերթիկների պես,
Ձեռքիցս տարավ քամին`
Միայն իրեն իմանալի ճանապարհներով:
Նրանց երևի ես շատ էի սիրում.
Բարձր էլեկտրական լարումը
Հաշվենկատ չէ`
Այրում է
Ցածր դիմադրողականություն ունեցող հոսանքագծերը…
Հիմա` երազիս մեկ-մեկ գալիս են
Էդ Պրեվեր կարդացող տղերքը,
Բայց ես էլ չկամ.
Բաժանվել եմ իբրև ողորմություն…

* * *
Դատարկությունը լցվում է վախի ճիչով.
Լարը, որի վրայով
Լուսնոտի նման անցել եմ,
Ձգված է եղել ինձնից` քեզ,
Իսկ դու չկաս…
Արճճե մշուշը ցրվում է,
Եվ առուծախի կեղծ կշեռքների
Խաղացկուն աչքերով
Սիրտս են մտնում շուկայի մագիլները:
Ե’ս, խաչի վրա ճիչս կորցրած,
Ե’ս` պարանոցիդ շղթայից պոկված խաչ`
Խուլ ու կույրերի վազվզոցում ոտնատակ,
Ե’ս, որ էլ ձմռան սառած ապակուն փարված
Բյուրեղի մեջ մի հատիկ աստղիկը չեմ,
Այլ տխեղծ գոլությունից
Հալված
Ու չգիտես, թե ուր գլորվող
Կաթիլի մաս…

© Անատոլի Հովհաննիսյան

Share Button

13 Կարծիք

  • Կարեն Անտաշյան says:

    Իմ նոր հայտնագործությունը (ինքս ինձ համար իհարկե)

  • Ձուկը գլխից է հոտած/լավ իմաստով/-ՀԱՅԵԼԻ`վերնագիրը շա~տ լավն է!!!

  • Ծովինար says:

    զիլ էր…շատ զիլ էր…

  • Լիզա Ճաղարյան says:

    Իրոք հայտնագործություն է, Կարեն: Հիացած եմ:

  • RIma says:

    Hrashali e,cnocx….

  • Ռիմա says:

    շատ լավեր մի շնչով կարդացի.եսել եմ գրում կփորձեմ գրանցվել այստեղ.

  • Նարե says:

    Ինչ սիրո՜ւն է…
    Սիրում եմ,երբ պոեզիան ու փիլիսոփայությունը, այսքան ներդաշնակորեն միաձուլված են լինում///
    Իմ գրականության տետրի մեջ այս բանաստեղծություններից մի քանիսը արդեն արտագրել եմ,որ ձեռքիս տակ լինի ու երբ ուզենամ կարողանամ կարդալ:
    Շատ շնորհակալ եմ…

  • Սիրուն says:

    Ես ինձ փնտրում եմ
    Իմ փլատակների տակ
    Ու չեմ գտնում.
    Այնտեղ կապույտ երկինք է…

    Շնորհակալություն…Կարդում եմ ու ամաչում, որ մինչև հիմա չեմ կարդացել…

  • lilia lusinyan says:

    xndum em xorhurd tveq,te vor jamanakakic groxi mot kan shat hexinakayin norabanutyunner!!!!!!

  • ARSEN says:

    Ուղղակի ցնցված եմ

  • Գոհար says:

    վաղուց էի փնտրում,ու վերջապես,վերջապես ես կարդացի…շատ չափից շատ շնորհակալ եմ:

  • haykaz says:

    Anchap shnorhakal em;Zer stexcagorcutyunnern li en xor@ pilisopayutyamb;bnutyan gexeckutyamb u mor srti nurb zgacoxutyamb:Ev ays amboxch@ nerdashnakelov stexcel eq mek marmin:Sirum em,erb pilisopayakan mtqeri u patkeravor hamematutyunneri het miazamanak;stexcagorcutyunn uni naev zgacoxakan dasht:Es apreci ayt zgacoxutyun@: Ես այնքան եմ սիրով լցրել այս աշխարհը,
    Որ էլ ինձ համար
    Տեղ չկա… erbeq chem morana ays xosqer@…shnorhakal em

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *