Մեքսիկայում` 83 տարեկան հասակում մահացել է հանրաճանաչ գրող Կարլոս Ֆուենտեսը: Համարձակ գրողի և հրապարակախոսի անունը հայտնի էր Մեքսիկայում և նրա սահմաններից դուրս բազմաթիվ հարցերի վերաբերյալ իր սուր դիտարկումների շնորհիվ: Նա մահացել է Մեքսիկայի հոստպիտալներից մեկում, ուր ավելի վաղ հոսպիտալացվել էր սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Ֆուենտեսի անունը համահավասար հարթությունում է դիտարկվում կոլումբիացի Գաբրիել Գարսիա Մարկեսի, պերուացի Մարիո Վարգաս Լյոսայի և ուրուգվայցի Մարիո Բենեդիտի հետ:
Բազմաթիվ պետություների հասարակական ու մշակույթի գործիչներ նրա մահը անվանել են` «անդառնալի կորուստ գրականության համար»: «Ֆուենտեսի թողած ժառանգությունը ոչ միայն նրա հանրաճանաչ գրական ստեղծագործություններն են, այլ նաև նրա էսսեներն ու հրապարակումները` նվիրված քաղաքականության ու արվեստի բնագավառի բազմաթիվ խնդրահարույց հարցերի»,- նշել է 2010- թվականի գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակակիր Մարիո Վարգաս Լյոսան: Նա նաև հավելել է, որ չնայած իր պատկառելի տարիքին, Ֆունետսը երբեք գրիչը վայր չի դրել և մշտապես զբաղվել է հրապարակախոսությամբ:
Կարլոս Ֆուենտեսը ծնվել է դիվանագետների ընտանիքում` 1928-թվականի նոյեմբերի 11-ին: Կրթություն ստացել է Մեքսիկայի ինքնավար համալսարանում: Կարիերան սկսել է որպես լրագրող`1959-1960 թթ-ներին խմբագրելով «Espectador» և «Revista Mexicano de literature» գրական պարբերականները:
Ֆուենտեսը նաև դիվանագիտական աշխատանքով է զբաղվել. եղել է Մեքսիկայի դեսպանը Ֆրանսիայում: 1958 թ-ին հրատարակվել է նրա առաջին վեպը` «Թափանցիկ մաքրության տարածաշրջան» անվանումով, որը նկարագրում է հետհեղափոխական Մեքսիկան:
Խորհրդային Միությունում և Հայաստանում լայն ճանաչողություն է ձեռք բերել «Արտեմիո Կրուսի մահը» վեպով (հայերեն թարգմանությունը` Հովհաննես Գրիգորյանի): Վերջին` «Ադամը Եդեմում» վեպը նվիրված է Մեքսիկայում թմրանյութերի վաճառքի հիմնախնդրին։ Ֆուենտեսը կինոյի մեծ սիրահար էր, բազմաթիվ են նրա սցենարներով նկարահանված ֆիլմերը։
Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, որոնց թվում են` իսպանալեզու գրականության համար ամենահեղինակավոր` Սերվանտեսի (1987թ) և Աստուրյան թագաժառանգի անվան մրցանակները: