Չարլզ Բուքովսկի | Ճռճռոց

չափազանց շատ
չափազանց քիչ
կամ ոչ բավարար

չափազանց գեր
չափազանց նիհար
կամ ոչ ոք

ծիծաղ կամ
արցունքներ
կամ բացարձակ
անտարբերություն

ատողներ
սիրողներ

բանակներ, վազող արյան փողոցներով
գինու շշեր թափահարելով
դանակահարելով ու բռնաբարելով կույս աղջիկներին

կամ ծեր տղամարդ էժանագին սենյակում նստած
Մերլին Մոնրոյի լուսանկարը ձեռքին

ծեր տղամարդիկ էժանագին սենյակներում նստած առանց
որևէ լուսանկարի

ծեր կանայք տերողորմյա գողացող
որոնք, սակայն, կնախընտրեին առնանդամներ գողանալ

աշխարհում մենակությունն էնքան մեծ է
որ կտեսնես ժամացույցի սլաքների
դանդաղ շարժման մեջ

աշխարհում մենակությունն էնքան մեծ է
որ կտեսնես նեոնային լույսերի մեջ թարթելիս
Վեգասում, Բալթիմորում, Մյունխենում

մարդիկ էնքան հոգնած են
էնքան ճնշված
էնքան այլանդակված կամ սիրուց
կամ էլ դրա պակասից
որ սուպերմարկետում զեղչված թունայի
պահածո գնելը
իրենց մեծագույն պահն է
մեծագույն հաղթանակը

մենք կարիք չունենք իշխանության
նոր հեղափոխությունների
մենք կարիք չունենք նոր տղամարդկանց
նոր կանանց
մենք կարիք չունենք նոր ուղիների
կանանց փոխանակելու
հարմար անկողինների
Կոլումբիական
լավ կոլաների
ջրի խողովակների
դիլդոների
ռետինե գլխով խցանահանների
ոչ էլ ժամացույցների

մարդիկ լավը չեն իրար նկատմամբ
ոչ ոք
անիծվես դու, Մարքս
մեղքը որոշակի համակարգերի ամբողջությունը չի
անիծվես, քրիստոնեություն
մեղքը աստծու սպանությունը չի

ուղղակի մարդիկ լավը չեն իրար նկատմամբ

մենք վախենում ենք
մենք մտածում ենք, թե ատելություն նշանակում է ուժ
մենք մտածում ենք, թե Նյու Յորքը Ամերիկայի
ամենահրաշալի քաղաքն է

մենք կարիք ունենք ավելի քիչ շքեղության
մենք կարիք ունենք ավելի քիչ հրահանգների

մենք կարիք ունենք ավելի քիչ պոետների
մենք կարիք ունենք ավելի քիչ Բուքովսկիների
մենք կարիք ունենք ավելի քիչ Բիլլի Գրեհեմների

մենք կարիք ունենք ավելի շատ
գարեջրի
մեքենագրողների
ավելի շատ ճնճղուկների
ավելի շատ կանաչաչք պոռնիկների, որոնք չեն ուտում սիրտդ
վիտամինի կոճակի նման

մենք չենք մտածում ինչ-որ տեղում տառապող
մարդու սարսափի մասին

որը միայնակ է
որին ոչ ոք չի դիպել
ոչ ոք չի խոսել հետը
դրսում գիշերող
առանց հեռախոսի, որը երբեք էլ չի զանգի
որովհետև չկա

ավելի շատ ատողներ, քան սիրողներ

մահվան կտորներ տաֆտայի նման

մարդիկ լավը չեն իրար նկատմամբ
մարդիկ լավը չեն իրար նկատմամբ
մարդիկ լավը չեն իրար նկատմամբ

ու ուլունքահատիկները գլորվում են ու ամպերը մթնում են
ու շները շռում են վարդերի վրա
ու մարդասպանը գլխատում է երեխային էնպես, ինչպես
պաղպաղակ կկծեր

ու օվկիանոսը ետ ու առաջ է շարժվում
ետ ու առաջ, անհեթեթ լուսնի ղեկավարությամբ

ու մարդիկ լավը չեն իրար նկատմամբ

Թարգմանությունը անգլերենից՝ Գոհար Աթիկյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *