անվերջություն
կորցնելու և վերագտնելու
մի հինավուրց լռություն կա
գերեզմանոցի շուրջ
ուր մանկությունից
մի ծանոթ քամի
չի դադարում
թաց մագիլներով
քեզ գուրգուրելուց
ապրողների և մեռյալների
չտարբերվող ու հարազատ
շշուկների մեջ
և միակ սփոփանքն
ապրելու և մեռնելու
ամենուր մեր գոյության
անխուսափելիությունն է
գուցե
ճյուղերից կախ ընկած
մեր աչքերում և մեր ձեռքերի վրա
գարուն ու ամառ տանելով
մենք քայլում ենք
տերևաթափի ծառողին ի վար
հմայված ու արցունքոտ
ցնորքներով վարակված
և անբժշկելի
գնում ենք փնտրելու
մշուշներում թաքնված
ձմեռնամուտի ծառեր
ճյուղերից կախ ընկած
աշնան տերև դառնալու
հիվանդասայլակ
ճերմակ խալաթներով
խուլ ու համր հրեշտակները
ամենազոր Աստծո համար
զանազանում են
գուցե
մեր աղոթքներից
լսելիներն ու անլսելիները
մինչ Երկնքի ու երկրի
միջանցքներով մեկ
հիվանդասայլակը մի մարդաչափ
ցավ ու աղերսանք է տանում
դռնեդուռ
անհաշտություն
մեր հոգու հավերժությունը
թաքցնում ենք կիսատ
ու արնահոսող ավարտների տակ
և չենք հաշտվում երբեք
գոյությունների հետ
որ մեզնից դուրս են
ու մեզնից հեռու
…ու բոլոր բոլոր
բաժանումներն աշխարհում
անզորությունից կոչվում են —
մահ
անկում
փախուստը
վերադարձ է փնտրում
արագության մեջ անկումի
և նոր տողից
նոր էջից սկսվող
սղագրությունների մեջ
անցյալի
անցյալի
ու էլի անցյալի
մասին
հավերժություն
որքան
որքան դյուրահավատ
երեխաներ են
ժամերը
օրերն ու տարիները մեր
տապանաքարեր կրծոտող
քամիների մեջ
***
անկենդան մարմինների շուրջ
ծանր լռությունն է առեղծվածի
…մահը խաղաղ թևածում է
շենքերի վրա
և պողոտաներով մեկ
***
մեղեդին
ժպիտի մեջ է միշտ
մատնում ցավը
և գեղեցկության առջև
անհնազանդ խարխափող
մեր աչքերում
—ներիր,
երջանկությո՛ւն,
մեր չապրած տարիները
որ այդպես էլ
կմնան գերեզմանոցում
կամ բոլորովին մոռացված
և օտարացած աչքերի մեջ
…մեղեդին
մատնում է բոլոր
բոլոր երջանկությունները մեր
որ անիմաստության չափ
հեռավոր են միշտ
ու հետմահու
չոր ու ամայի լույսերի վրա
մարդկային դեմքեր կան
մանրաքանդակված
անկենդան թափվող
ակնթարթների վրա
քաղաքները լեցուն
լեցուն են մեզնով
իբրև չկնքված
գերեզմաններ
և Հարության հրաշքն է
անհաղորդ ու անտարբեր
թափառում
չոր ու ամայի լույսերի վրա
…ամենուր
ամենուր
դեղին կտկտոցն է
ավազե ժամացույցի