Չվելու ժամանակը
հիմա, երբ մեր միջև եղած տարածությունը չվերջացող օվկիանոս է,
երբ անորոշության հեղեղը բթացրել է կարոտը,
ու քնաբերը՝ որպես վաղեմի հիշողություն, հալվում է լեզվիս վրա,
ու պատին սառած գրադարանը որոշել է ինձ համար պահք պահել,
մայրիկը նոր տեսակի զենքեր է գնում պատերազմից փրկելու համար,
ու հոգեհանգստի համար պատրաստված ամբոխը շարունակ անցնում է դռան միջով:
ինչ-որ ծանր լուսավորություն ներթափանցել է ենթագիտակցության մեջ,
ու այն Ղազարոսը, որ հարություն չառավ մեռելներից,
ինձ ամեն օր պատմում է անդրշիրիմյան խորտակումների,
հաշմանդամության աստիճան ունեցող ցավի
ու սովորական մահվանից առաջող քիմիական ռեակցաների մասին…
ես, ես վախենում եմ ձուլվել կիսաթաց ասֆալատին հասունացող ցավի բողբոջների հետ:
…ձայներ, որոնք լսեցին առաջին միաբջիջ օրգանիզմները,
և հրաբուխներ, որոնք ժայթքեցին բոլորովին անծանոթ էկոհամակարգերում,
մարդիկ, ովքեր որոշեցին քայլել տիեզերքի ուրիշ ավազների վրա,
ես, որ մարմնիս վրա ընդունեցի արեգակի մահաբեր ճառագայթները,
հիմա դժվարանում եմ առողջ բառեր գտնել թափթփված գրքերիս միջից
ու վախենում եմ ծնվել նույն երկրաշարժի մեջ՝ նույն չվերականգնվող քաղաքում,
ու վախենում եմ նորից չկարողանալ արգելափակել արյանս մեջ տարածվող Մահը…
հիմա, երբ հարևան մոլորակ տեղափոխվելն ինձ համար սուրճ խմելու պես մի բան է,
երբ ինչ-որ մեկը մսաղացով մանրացնում է իմ կյանքը,
ու այն ամենը, ինչ մնացել է ինձնից, ծակծկված նյարդերն են,
որոնց անցքերից դու նկարում ես նոր հայտնաբերված ինքնաթիռի թռիչքը,
ես գիտնականի տոնով խոսում եմ տիեզերքի կառուցվածքի մասին,
որ Ատլանտյան օվկիանոսի գրավումը իմ թռիչքի միայն սկիզբն է,
որ ինձ այստեղից ինչ-որ մեկը պետք է, որ այլմոլորակայինների լեզվից գլուխ հանի,
մեկ էլ հաճախակի ծեծի ինձ. ես չեմ ուզում կորցնել ցավի զգացումը,
եթե դու ոչինչ չիմանայիր թվերի մեջ ներծծված թախծի մասին,
ու նաև այսքան մոտ կանգնած չլինեիր շնչառությանս,
միգուցե խնդրեի քեզ ապագայի սարք ստեղծել
ու մեկ-մեկ պատմել ինձ սլաքավարի մասին,
որովհետև ես պատկերացում չունեմ ուրիշ մոլորակի ժամսլաքների մասին:
Գեդոիզմ
ես վիրակապել էի կրծքավանդակս,
խմել ամենօրյա բառերը մի բաժակ հուսահատությամբ,
հասցրել էի գրություն թողնել տանդ մոտ, որ երեկոյան ուշ կվերադառնամ,
որ մեջս կարկատած տողեր կան,
որոնք պետք է սպառել մինչև աշխատանքային օրվա վերջ,
ու միգուցե այդ անպատեհ ժամին ես կարողանամ ուղղել ձեռքերս,
կսովորեմ հետաքրքիր սիմետրիայով դասավորել գրքերս,
քեզ մոտ կվերադառնամ չմաշված կոշիկներով,
ու բոլորովին մենակ կպառկեմ գերեզմանափոսիս մեջ`
հիշելով մոռացված քարանձավը, որտեղից այդպես էլ դուրս չեկանք,
ու երևի դեպի տիեզերք ելքը այս ցնցումն է մահվան:
բոլոր առավոտները վերջանում են նույն ողբերգությամբ՝ բանանի հյութով,
ու որովհետև ես գտել էի լամպերից չկախված պարանի ուրվագիծը…
չնայած այնքան ուշացա, որ քո ներսի օվկիանոսը հասցրեց ցամաքել,
ու ես ստիված իմ արնոտ ձեռքերով գծեցի քո հատակագիծը
ու երևի սիրեցի քեզ իմ բոլոր օրերի մենակության մեջ,
ու երևի սիրեցիր ինձ, քո բոլոր կործանումների նման:
ու ես ամեն անգամ բացում եմ դուռը՝
հայհոյանքներով չլցված բերանով,
ինժեներական գծագրերը ուսիս,
առանց վերջին թերթում մնացած արցունքների,
հիացած Լիզա Մեյտներով,
որովհետև ես ամեն անգամ վերադառնում եմ քեզ մոտ:
ու երևի այս ստվերոտ քաղաքում,
ուր բոլորը շարունակ խաչվում են մոդեռն փայտերի վրա,
ինչ-որ մեկը քեզ պես հագել է իր մանկության բլուզը,
ու սպասում է չղողանջող զանգերին,
ու
սպասում
է
Դողացող տղան
Հայրդ նորից մութ նկուղներ է փնտրում քեզ թաքցնելու համար,
նա նոր դահլիճ է գտել, որ լցված է քո չփոխանցվող ցավով,
ու այնտեղ զանազան իրեր կան բնական աղետներից պաշտպանվելու,
կենցաղային տենդը չզգալու ու մի բաժակ սուրճ խմելու համար,
չէ՞ որ դու երբեք, երբեք չես կարող շրջանցել ամբոխից առանձին քայլելու ամոթը…
բժիշկներն այդպես էլ չկարողացան զգալ
մարմինը բաց վերքի պես քարշ տալու ցավը,
ես խցկեցի քեզ իմ մեջ խորացող դատարկության մեջ
ու փորձեցի պարիսպներ մագլցել հերթական նոպայից առաջ,
փորձեցի նոր քարանձավներ գտնել՝ առանց ամենօրյա լացերի,
ու վախեցա գիտակցել, որ քո մեջ վաղուց մեռել է հին եգիպտացին,
որ կարմիր լույսի տակով վազելը, թերևս, խելագարության նշան չէ:
Ես փորձում եմ քեզ համար նոր տարածություն գտնել,
որտեղ դու հերձված ողջերի ցանկում չես,
որտեղ դատարկ աթոռ են պահել քեզ համար:
Դու չես կարող նետվել մայրիկի մաքրած լուսամուտից,
երկար-բարակ ճառեր ասել սեփական հիվանդության
ու մարդկանց հետ շփվել չկարողանալու,
ծնողներիդ հետ ունեցած անբարենպաստ հարաբերությունների
ու մանր-մունր հիմարություններ մասին…
ու երևի արդեն կարելի ա սկսել ճանապարհորդությունը,
պետք է, չէ՞, էս մոլորակում ինչ-որ տեղ լինի քեզ համար…