Իոսիֆ Բրոդսկի | Բանաստեղծի դատապարտումը

Իոսիֆ Բրոդսկի

ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ

Սովետական երկրի առօրյա կյանքում դեպքեր էին կատարվում, իրադարձություններ էին տեղի ունենում, պատահարներ էին լինում, որոնք երկրի ու ռեժիմի, կյանքի ու իրականության մասին շատ ավելի բան էին ասում, քան կասեր բարեխղճորեն նկարագրող եւ վարպետորեն գրված որեւէ հաստափոր վեպ: Երկրում տեղի ունեցած հարյուր-հազարավոր «պատահական» պատահարներից մեկը բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկու դատավարությունն է 1964 թվականին, ավելի ճիշտ՝ հաշվեհարդարը Իոսիֆ Բրոդսկու հետ:

Իոսիֆ Բրոդսկին (1940-1996) 20-րդ դարի մեծագույն բանաստեղծներից մեկն է, ետպաստեռնակյան շրջանի ռուս ամենամեծ բանաստեղծը, թարգմանիչ, էսսեիստ, բանաստեղծական մետր եւ ուսուցիչ, մի խոսքով՝ գրականության մեծ եւ հզոր դեմք: 1987-ին արժանացել է Նոբելյան մրցանակի, 1991-ին դարձել Ամերիկայի դափնեկիր-բանաստեղծ:

Եվ ահա, այն մարդուն, ով կարողացավ ռուսաց բանաստեղծական լեզվին նոր հարստություն տալ եւ նոր արտահայտչականություն հաղորդել, ով կարողացավ այդ լեզվի հարստության նոր ու աննախադեպ հնարավորությունները եւ մեծ կարողությունները բացահայտել, ով նոր բարձունքի հասցրեց ռուսական գրականության եւ ռուսական բանաստեղծության փառքը, ահա այդ մարդուն, բոլորովին երիտասարդ, հազիվ 21-22 տարեկան, ճզմում-ոչնչացնում է պետական հզոր մեքենան…

Երիտասարդ Բրոդսկին, շատ շատերի պես, անցնում է սովետական դժոխքի բոլոր պարունակներով… Առաջին ձերբակալությունը՝ 1961-ին… Հոգեբուժարան, բանտ, դաժան ծեծ ու ֆիզիկական խոշտանգումներ… Երկրորդ ձերբակալությունը՝ 1963-ին… Բայց Բրոդսկու մասին, իբրեւ տաղանդավոր բանաստեղծի, գիտեն, նրան ճանաչում են՝ նրա բանաստեղծությունները, մեքենագիր, Սամիզդատ-Ինքնահրատի միջոցով, տարածված են ամբողջ երկրով մեկ, նրա մասին խոսում են գրականության եւ մշակույթի ճանաչված ու տաղանդավոր մարդիկ, ու հիմա արդեն ռեժիմի տերերից այլ մոտեցում է պահանջվում. ի վերջո, երկրում մտավորականություն կար, այսինքն՝ կար հանրային կարծիք: Եվ Բրոդսկու անունը, կապելով Ալեքսանդր Ումանսկու եւ Օլեգ Շախմատովի անուններին, ռեժիմը կազմակերպում է Բրոդսկու դատավարությունը 1964 թվականի մարտին: Հետագայում` 1986-ին, Սոլոմոն Վոլկովի հետ ունեցած երկխոսությունների ընթացքում, այս մասին խոսելիս Բրոդսկին ասում է, որ վիթխարի դահլիճի կեսից ավելին ուսադրավոր մարդիկ էին եւ որ անգամ Նյուրնբերգյան դատավարությունը ներկայացնող կինոնկարում չի տեսել այդքան ուսադրավոր մարդ դահլիճում:

Իրերի բարեբախտ բերումով պահպանվել է այդ դաժան, անմարդկային դատավարության գրեթե ողջ ընթացքի գրառումը: Մի խիզախ ու շիտակ անձնավորություն՝ գրող եւ լրագրող Ֆրիդա Վիգդորովան (1915-1965), չնայած բոլոր տեսակի արգելքներին, սղագրել է դատավարության ընթացքը: Նրան, ի վերջո, հեռացրել են դահլիճից, եւ Բրոդսկին 1986-ին հիշում է, որ դատավարության ամենադրամատիկ մասերը չկան գրառման մեջ: Այնուամենայնիվ, այն, ինչ գրի է առել Ֆրիդա Վիգդորովան, ցնցող փաստաթուղթ է, պատմական փաստաթուղթ, որ կատարյալ ճշմարտությունն է ասում երկրի, ռեժիմի, իրականության ու մարդկանց մասին: Երբ կարդում ես այդ գրառումը, քեզ զգում ես ֆանտաստիկական իրականության կամ սյուրռեալիստական իրադրության մեջ, քեզ թվում է, թե քեզ են դատում, դու ես նստած մեղադրյալի աթոռին, այն էլ ոչ մի մեղք ու հանցանք չգործած, եւ քեզ վրա է դղրդալով գալիս պետական վիթխարի մեքենան՝ բուլդոզերի պես եւ տանկի նման:

Ամենից ցնցողը այսօր զարմանալիորեն ոչ թե Բրոդսկու ճակատագիրն է կամ նրա վիճակը դատարանի դահլիճում, այլ այն «պարզ» ու «հասարակ» մարդիկ՝ զանազան բանվորներ, փականագործներ, թոշակառուներ եւ այլն, որոնք ո՛չ կարդացել են եւ ո՛չ էլ ճանաչում են Բրոդսկուն եւ գրականության հետ կապ չունեն առհասարակ, ովքեր դատում եւ դատապարտում են բանաստեղծին: Այդ պլեբեյական-լյումպեն պրոլետարական զանգվածը յոթանասուն տարի այդպես է վարվել մտավորականության հետ: Նրանք են դատել ու դատապարտել բոլորին՝ Բլոկից ու Գումիլյովից սկսած մինչեւ Մանդելշտամ, Ցվետաեւա, Ախմատովա ու Պաստեռնակ, Գառնիկ Քալաշյանից սկսած մինչեւ Չարենց, Բակունց, Թոթովենց, Մահարի եւ մինչեւ Պարույր Սեւակ: Եվ ողբերգությունն այն է, որ այսօր էլ նրանք են կազմում մեր հասարակությունն ու ժողովուրդը: Սա մտածելու բան է:

Երկրորդ ցնցող երեւույթը, իհարկե, Գրողների միության ծախու եւ ծախված գրչակներն են, որ Բրոդսկիներին ոչնչացնելով, տեղ են բացում իրենց համար եւ առավել հաստատուն եւ մնայուն են դարձնում իրենց տեղը: Այս վոյեվոդիններից շատ են եղել, կային եւ, այսօր էլ կան, նաեւ հայ իրականության մեջ:

Եվ, վերջապես, սքանչելիորեն ապշեցնող է ռուս իսկական մտավորականության բարձր նկարագիրը՝ ի~նչ ազնվությամբ ու քաղաքացիական համարձակությամբ են տաղանդավոր բանաստեղծին ներկայացնում եւ պաշտպանում նշանավոր գրողներ, գրականագետներ Եֆիմ Էտկինդը, Վլադիմիր Ադմոնին, բանաստեղծուհի Գրուդինինան եւ տասնյակ ու տասնյակ այլ անձինք:

Այսօր, տասնյակ տարիներ անց, մեզ հետաքրքրական է, թե ի՞նչ են մտածել Բրոդսկուն տանջած, խոշտանգած, ի վերջո աքսորի դատապարտած մարդիկ, ովքեր Բրոդսկուն դատել են ձրիակերության եւ գրող չլինելու համար (համապատասխան տեղից բանաստեղծ լինելու մասի տեղեկանք չուներ), երբ Բրոդսկին հասավ համաշխարհային փառքի ու ճանաչման: Դատավոր Սավելեւան, զանազան սորոկինները դեռ հասկանալի են՝ սովետական ռեժիմի վճարվող կերբերոսներ, իսկ մյուսնե՞րը… Նրանք խղճի խայթ զգացե՞լ են, մեղքի եւ մեղավորության զգացում ունեցե՞լ են… Կամ նրանց զավակները բարոյական պատասխանատվություն զգացե՞լ են հայրերի համար: Դատելով ըստ Հայաստանի սավելեւաների, սորոկինների, վոյեվոդինների եւ մյուսների, իհարկե՝ ո՛չ եւ ամենեւին՝ ո՛չ: Սովետական «փայլուն» բանաձեւումը կա՝ նրանք (մենք) ինչ մեղավոր են (ենք), ժամանակն այդպիսին էր… Բայց նույն ժամանակի մեջ են Չարենցը, Բակունցը, Պաստեռնակը, Բրոդսկին եւ մյուս զոհերը, Նաիրի Զարյանը, Հրաչյա Քոչարը, Արտաշես Ոսկերչյանը, Սավելեւան, Լերները եւ մյուս դահիճները:

Այս փաստաթուղթը ժամանակին մեքենագիր շրջում էր մարդկաց մեջ իր գոյության օրերից: Այն հայտնի էր եւ տպագրվել էր արտասահմանում: Ռուսները առաջին անգամ հրապարակել են 1988 թվականի դեկտեմբերին: Այդ հրապարակման համար փոքրիկ նախաբան է գրել մի ուրիշ բարձր մտավորական՝ գրող, հրապարակախոս Լիդիա Չուկովսկայան (1907-1996): 1988 թվականն է, դեռ սովետական իշխանություն է, եւ Չուկովսկայան խոսում է ընդամենը սովետական բյուրոկրատիայի մասին՝ կատարվածի մեղքը գցելով նրա վրա… Այդ ժամանակ միայն այդքանը կարելի էր…

Բրոդսկու դատավարության գրառումը հայերեն հրապարակվում է առաջին անգամ: Թարգմանելիս ջանացել եմ պահպանել բնագրի յուրահատկությունները՝ առանձին վկաների խոսքի մակարդակը, գրագիտությունը եւ այլն: Հայերեն թվացյալ անհարթությունները գալիս են, ուրեմն, բնագրից:

Շատերին այս նյութը կարող է թվալ այլեւս ժամանակավրեպ, չէ՞ որ խորհրդային երկիրը պաշտոնապես այլեւս գոյություն չունի: Բայց եկեք պարզ ու հստակ նայենք կյանքին: Շա՞տ բան է փոխվել մեր կյանքում՝ դատարա՞նը, դատավորնե՞րը, հասարակությո՞ւնը, հանրությունը հիմա բարձր ու ազնիվ անհատների՞ց է բաղկացած, գրականության ու մշակույթի հանդեպ պետական վերաբերմո՞ւնքն է փոխվել դեպի լավը… Հանրային կարծիքը, մամուլի ձայնը շան տեղ դնող կա՞, եթե հատուկենտ մտավորականների խոսքը համարենք հանրային կարծիք: Իսկ կա՞ այսօր իրոք հանրային կարծիք, ո՞ւր անհետացան այդ եղած-չեղած մտավորականությունն ու հանրային կարծիքը… Կամ՝ ո՞վ անհետացրեց, ո՞ւմ էր ձեռնտու: Արդարությունը, ազնվությունն ու ճշմարտությունը հաղթանակե՞լ են, ամենուր օրենքն ու օրինականությո՞ւնն են իշխում…

Այնպես որ, այնուամենայնիվ, արժե կարդալ այս փաստաթուղթը, որ ստիպում է լավ տեսնել եւ գլուխն առնելով ափերի մեջ` մտածել շատ բաների մասին…

ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԸ

ԼԻԴԻԱ ՉՈՒԿՈՎՍԿԱՅԱ

– Դադարեցրեք գրի առնելը,- պահանջում է դատավորը:

Ֆրիդա Վիգդորովան չի դադարեցնում:

– Խլեք դրա գրառումները,- բացականչություն դահլիճից:

Վիգդորովան գրի է առնում: Երբեմն՝ գողունի, երբեմն բացահայտ:

– Էյ, դուք, դուք, որ գրում եք: Խլեք դրա գրածներն ու վերջ:

Ֆրիդան համառորեն շարունակում է: Դե, ինչպես գրի չառնել, զսպել իրեն: Այստեղ ամեն մի կերպար կարծես Գոգոլի, Սալտիկով-Շչեդրինի կամ Զոշչենկոյի ստեղծածը լինի: Դատավորի ամեն մի բառը անօրինականության նմուշ է, մեղադրողի ամեն մի բառը՝ մարտնչող բռիության անկապ խռնչոց: Ամեն մի թուղթ ու տեղեկանք՝ բացարձակ կեղծիք: Դատում են գրողի, բայց հավաքվել է մի յուրահատուկ բազմություն, որն ամենանվազ կապն ունի գրականության հետ եւ գրականություն չի էլ հասկանում:

Կյանքը մեծ արվեստագետ է, բայց նրան էլ միշտ չէ, որ հաջողվում է ստեղծել այդպիսի արտահայտչականության այսպիսի անթերի ավարտվածության երեւույթներ: Դատում են ոչ թե ինչ-որ մեկին, այլ բանաստեղծի, եւ դատում են ոչ թե ինչ-որ այլ մի բանի, այլ անբանության, ձրիակերության համար: Դատարանում բախվում են երկու ուժ, որ, թվում է, հավերժորեն դիմակայում են միմյանց՝ մտավորականությունն ու բյուրոկրատիան: Ոգեշունչ բառի ուժը եւ հրահանգի, չինովնիկական իշխանության ուժը:

Բախման կենտրոնում,- երեւի թե ցուցադրանքի համար,- կյանքը դրել է բանաստեղծին: Եվ բանաստեղծին ստորացնելու եւ անարգելու երեւույթը արձանագրել կյանքը հանձնարարում է նույնքան տաղանդավոր, որքան որ արդարամիտ, ուժով լեցուն, իրեն չխնայող ու համարձակ մի կնոջ:

Մանկավարժ, գրող, լրագրող Ֆրիդա Վիգդորովայի (1915-1965) անունը առանձնապես լայն ճանաչում գտավ հիսունական թվականների վերջերին – վաթսունականների սկզբներին: Մամուլի իր հոդվածներով՝ «Իզվեստիայում», «Կոմսոմոլսկայա պրավդա»-ում», «Լիտերատուրնայա գազետա»-ում, մի անգամ չէ, որ նրան հաջողվել է նպաստել արդարության վերականգնմանը:

Բայց Իոսիֆ Բրոդսկու երկու դատավարությունների գրառումը տպագրության ենթակա չէր: Որեւէ թերթ չհամարձակվեց այն դարձնել մատչելի հանրությանը: Սա մի փաստաթուղթ է, որ միավորում է խոսքային պատկերավորությունը անթերի ճշգրտության հետ, եւ որը ժամանակին ձեռքից ձեռք էր անցնում, առանց հոգնելու իրենց գրամեքենաներով գիշեր ու ցերեկ այն բազմացնում էին Բրոդսկու պոեզիայի սիրահարները: Այդ գրառումները դարձան նոր-նոր ծնվող Սամիզդատի (Ինքնահրատի) երեւի թե առաջին ստեղծագործություններից մեկը: Հայրենիքում դա կարդացել են հարյուրավոր մարդիկ, հետո այն ինքնուրույն անցավ-չվեց եւ Արեւմուտք: Նրա դերը աճում էր օրեցօր. Ֆրիդա Վիգդորովան իրավաբանորեն հիմնավորված բողոքներով դիմում էր բոլոր ատյաններին եւ իր բոլոր դիմումներին ու բողոքներին կցում էր նաեւ իր գրառումը:

Անօրինականությունը մերկացնող անհերքելիորեն ճշգրիտ այս փաստաթուղթը ցնցող տպավորություն է թողնում բոլորի վրա, ովքեր կարդացել են դա, բոլորի, բացի հասցեատերերից: Արդարադատության մինիստրության չինովնիկները հավանաբար գիտեին, որ Բրոդսկու հանդեպ կատարված հաշվեհարդարի իսկական կազմակերպիչները իշխանության շատ բարձր աստիճաններին կանգնած մարդիկ էին: Իսկ ո՞ր թերթը, ո՞ր ողջամիտ ատյանն ու հիմնարկը կհամարձակվեր դեմ գնալ չինովնիկական իշխանությանը: (Քանի՞սը այսօր դեմ կգնան):

Բրոդսկուն պաշտպանում էին նրա պոեզիայի մեծաթիվ երկրպագուները՝ Լենինգրադի գրեթե ամբողջ մտավորական երիտասարդությունը: Բայց՝ ի՞նչ: Ավելի վատ նրանց ու Բրոդսկու համար: Ի պաշտպանություն Բրոդսկու հանդես են եկել գրողներ եւ գիտնականներ, Գրողների միության անդամներ եւ ոչ անդամներ, որոնք ներկա են եղել դատավարությանը կամ միայն կարդացել էին Վիգդորովայի գրառումը՝ Ն. Գրուդինինան, Ն. Դոլինինան, Է. Լինեցկայան, Դ. Դարը, Բ. Վախտինը, Յա. Գորդինը, Ռ. Օռլովան, Լ. Կոպելեւը, Վ. Իվանովը, Ա. Իվիչը, Ե. Գնեդինը, Ի. Ռոժանսկին, Ն. Կինդը, Մ. Պոլիվանովը եւ ուրիշներ: Դատավարության ընթացքում Բրոդսկու ձիրքի մասին բարձր կարծիք են հայտնել գեղարվեստական թարգմանության եւ բանաստեղծության այնպիսի գիտակներ, տեսաբաններ, վարպետներ, ինչպիսիք են Գրողների միության անդամ, Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտի պրոֆեսորներ Վ. Գ. Ադմոնին եւ Ե. Գ. Էտկինդը… Բայց ի՞նչ էին նրանք իրենց գիտականությամբ եւ գրած-մրածներով ամենավերեւներում կանգնած քարտուղարների համար: Սեւ կոպեկի արժեք չունեին: Ճիշտ է, եւ դատից առաջ, եւ դատից հետո Բրոդսկու պաշտպանությամբ շատ գործնականորեն հանդես էին եկել այնպիսի հայտնի մարդիկ, ինչպես, օրինակ, Աննա Ախմատովան, Դմիտրի Շոստակովիչը, Կոնստանտին Պաուստովսկին, Սամուիլ Մարշակը, Կորնեյ Չուկովսկին… Դրանց կարծիքի վրա թքելը հարմար չէր: Դրա համար դատավորները դիմեցին այլ միջոցի՝ թույլ չտվեցին, որ այդ անունները հնչեն դահլիճում: Դատարանը թույլ չտվեց իրավաբան, դատապաշտպան Զ. Ն. Տոպորովային՝ հրապարակելու նրանց հեռագրերը, նամակները: Լսելով այդ հնչեղ անունները, մեկ էլ տեսար մեկնումեկը սթափվեց դատարանում:

Հարցաքննության ձեւը. «Պատասխանեք դատարանին, թե ինչո՞ւ դուք չէիք աշխատում» – «Ես աշխատում էի: Բանաստեղծություն էի գրում»: «Պատասխանեք, ինչո՞ւ չէիք աշխատում» – «Ես աշխատում էի: Ես բանաստեղծություն էի գրում»: «Իսկ ինչո՞ւ դուք դա որեւէ բուհում չեք սովորել» – «Ես կարծում էի… Ես կարծում էի, թե դա Աստված է տալիս»:

Իր վավերական ձիրքի հանդեպ համոզվածությունը Բրոդսկուց պահանջում էր խորացնել եւ ընդլայնել իր գիտելիքները: Նա ինքնուրույն սովորել է մի քանի լեզու, ջանասիրաբար կարդացել եւ ուսումնասիրել է գրականության պատմության եւ փիլիսոփայության բազմաթիվ գրքեր: Պատանեկության տարիքից նա բռնված է եղել ստեղծագործական մեղվաջան աշխատասիրությամբ: Ինքնօրինակ աշխատանքով բռնված լինելը վարակիչ է, ավելին՝ ինչպես ամեն մի ի մի բերված եւ համակենտրոնացված հոգեկան ուժ, իշխանություն է: Ենթակարգված բյուրոկրատական հանրության համար այդ ուժը վտանգ է ներկայացնում:

Ֆրիդա Վիգդորովայի կատարած գրառումը ստիպում է ամեն մեկին, ով կարդացել է այդ գեղարվեստական փաստաթուղթը, բանաստեղծի հետ կատարված հաշվեհարդարն ու դատաստանը ապրել այնպես, կարծես թե այդ վիրավորանքն ու անարգանքը հասցվել է անձամբ իրեն: Այդպիսին է արվեստի ուժը: Կարծում եմ, որ ժամանակակից ընթերցողը նույնպես, այս գրառումը կարդալով կընկալի այն նույն սուր ցավով:

…Բրոդսկուն նախանձելի բախտ էր վիճակվել՝ պաշտպանել,- եւ պաշտպանե՛ց,- ռուսական պոեզիայի պատիվը: Տանը եւ արտասահմանում: Բյուրոկրատիային հակահարված տալու համար մտավորականությանը զինելու պատիվը բաժին ընկավ Ֆրիդա Վիգդորովային: Բրոդսկու համառ պաշտպանները խանգարեցին բյուրոկրատիային մինչեւ վերջ խորտակելու բանաստեղծին: Բրոդսկին աքսորից վերադարձավ ոչ թե հինգ տարի անց, այլ մեկուկես տարի հետո:

Նրանք՝ Իոսիֆ Բրդոսկին եւ Ֆրիդա Վիգդորովան կյանքում չհանդիպեցին: Ֆրիդա Վիգդորովան վախճանվեց քաղցկեղից 1965 թվականի օգոստոսի 7-ին, Բրոդսկու ազատումից մեկ ամիս առաջ:

ԻՈՍԻՖ ԲՐՈԴՍԿՈՒ ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ձերժինսկու շրջանի դատարանի դահլիճ

Քաղաք Լենինգրադ, Ապստամբության փողոց, N 36

18 փետրվարի 1964 թվականի

Դատավոր՝ Սավելեւա

Դատավոր.– Դուք ինչո՞վ եք զբաղվում:

Բրոդսկի.– Բանաստեղծություններ եմ գրում: Թարգմանում եմ: Ես կարծում եմ…

Դատավոր.- Ոչ մի «ես կարծում եմ»: կարգին կանգնեք: Մի’ հենվեք պատին: Նայե՛ք դատարանին: Պատասխանեք դատարանին ինչպես որ հարկն է: (Ինձ) Անմիջապես դադարեցրե՛ք գրի առնելը: Այլապես կհեռացնեմ դահլիճից: (Բրոդսկուն) Դուք մշտական աշխատանք ունե՞ք:

Բրոդսկի.- Ես կարծում էի, որ բանաստեղծություն գրելը մշտական աշխատանք է:

Դատավոր.– Պատասխանե՛ք ճշգրիտ:

Բրոդսկի.- Ես բանաստեղծություններ էի գրում: Ես կարծում էի, որ նրանք կտպագրվեն: Ես կարծում էի…

Դատավոր.– Մեզ չի հետաքրքրում ձեր «ես կարծում էի»-ն: Պատասխանեք: Ինչո՞ւ դուք չէիք աշխատում:

Բրոդսկի.- Ես աշխատում էի: Ես բանաստեղծություններ էի գրում:

Դատավոր.- Դա մեզ չի հետաքրքրում: Մեզ հետաքրքրում է, թե դուք ինչ հաստատությունների հետ եք կապված:

Բրոդսկի.- Ես պայմանագրեր ունեի հրատարակչության հետ:

Դատավոր.- Այդպես էլ պատասխանեք: Դուք այնքան պայմանագիր ունեիք, որ դրանցով կարող էիք ապրե՞լ: Թվարկեք, ինչ պայմանագրեր, երբ, որ ամիսներին, ինչ գումարի չափով…

Բրոդսկի.– Ճշգրիտ չեմ հիշում: Բոլոր պայմանագրերը իմ փաստաբանի մոտ են:

Դատավոր.– Ես ձեզ եմ հարցնում:

Բրոդսկի.- Մոսկվայում լույս է տեսել երկու գիրք իմ թարգմանություններով: (Թվարկում է):

Դատավոր.- Ինչքա՞ն է ձեր աշխատանքային ստաժը:

Բրոդսկի.- Մոտավորապես…

Դատավոր.- Մեզ չի հետաքրքրում «մոտավորապես»-ը:

Բրոդսկի.- Հինգ տարի:

Դատավոր.- Որտե՞ղ եք դուք աշխատել:

Բրոդսկի.- Գործարանում, երկրաբանական արշավախմբերում…

Դատավոր.- Ինչքա՞ն ժամանակ եք աշխատել գործարանում:

Բրոդսկի.– Մի տարի:

Դատավոր.– Իբրեւ ի՞նչ:

Բրոդսկի.– Իբրեւ ֆրեզերային հաստոցի մոտ աշխատող բանվոր:

Դատավոր.– Իսկ առհասարակ ի՞նչ մասնագիտություն ունեք:

Բրոդսկի.- Բանաստեղծ եմ, բանաստեղծ-թարգմանիչ:

Դատավոր.– Իսկ ո՞վ է ընդունել, որ դուք բանաստեղծ եք: Ո՞վ է ձեզ դասել բանաստեղծների շարքը:

Բրոդսկի.– Ոչ ոք: (Առանց մարտահրավերի) Իսկ ո՞վ է ինձ դասել մարդկային ցեղի շարքը:

Դատավոր.– Իսկ դուք սովորե՞լ եք դա:

Բրոդսկի.– Ի՞նչը:

Դատավոր.– Որ բանաստեղծ լինեք: Չեք փորձել ավարտել մի բուհ, որտեղ պատրաստում են… Որտեղ սովորեցնում են…

Բրոդսկի.– Ես չէի կարծում… Ես չէի կարծում, թե դա ձեռք է բերվում կրթությամբ:

Դատավոր.– Հապա ինչպե՞ս:

Բրոդսկի.– Ես կարծում եմ, որ դա… (Շփոթված) Աստծուց է…

Դատավոր.– Դուք միջնորդություն ունե՞ք դատարանին:

Բրոդսկի.– Ես ուզում եմ իմանալ՝ ինչի՞ համար են ինձ ձերբակալել:

Դատավոր.– Դա հարց է եւ ոչ թե միջնորդություն:

Բրոդսկի.- Այդ դեպքում ես միջնորդություն չունեմ:

Դատավոր.– Պաշտպանությունը հարցեր ունի՞:

Փաստաբան.– Ունի: Քաղաքացի Բրոդսկի, ձեր վաստակը դուք տալիս եք ընտանիքի՞ն:

Բրոդսկի.– Այո:

Փաստաբան.– Ձեր ծնողները նույնպե՞ս վաստակում են:

Բրոդսկի.– Նրանք թոշակառու են:

Փաստաբան.– Դուք միասի՞ն եք ապրում:

Բրոդսկի.– Այո:

Փաստաբան.- Հետեւաբար, ձեր վաստակը միացնում էիք ընտանիքի միջոցների՞ն:

Դատավոր.– Դուք հարցեր չեք տալիս, այլ ընդհանրացնում եք: Դուք օգնում եք նրան պատասխանել: Ոչ թե ընդհանրացրեք, այլ հարցեր տվեք:

Փաստաբան.– Դուք հոգեբուժական դիսպանսերում հաշվառման մե՞ջ եք գտնվում:

Բրոդսկի.– Այո:

Փաստաբան.– Հիվանդանոցային բուժման ենթարկվե՞լ եք:

Բրոդսկի.– Այո, Մոսկվայի Կաշչենկոյի անվան հիվանդանոցում 1963 թվականի դեկտեմբերի վերջից մինչեւ այս տարվա հունվարի 5-ը:

Փաստաբան.– Դուք չեք կարծում արդյոք, որ ձեր հիվանդությունը խանգարել է ձեզ երկար ժամանակով համաչափորեն նույն տեղում աշխատելու:

Բրոդսկի.– Հնարավոր է: Հավանաբար: Ի դեպ ասած, չգիտեմ: Ոչ, չգիտեմ:

Փաստաբան.– Դուք բանաստեղծություններ թարգմանե՞լ եք կուբայական բանաստեղծների ժողովածուի համար:

Բրոդսկի.– Այո:

Փաստաբան.- Դուք թարգմանե՞լ եք իսպանական ռոմանսեր:

Բրոդսկի.– Այո:

Փաստաբան.- Դուք եղել եք կապված Գրողների միության թարգմանչական մասնաճյուղի հետ:

Բրոդսկի.– Այո:

Փաստաբան.– Դատարանին խնդրում եմ գործին կցել թարգմանիչների մասնաճյուղի բյուրոյի բնութագիրը… Հրապարակված բանաստեղծությունների ցանկը… Պայմանագրերի պատճենները… Այս հեռագիրը՝ «Խնդրում ենք արագացնել պայմանագրերի ստորագրելը»… (Թվարկում է: Եվ միայն թվարկումից արդեն պարզ է դառնում, որ ձրիակերության մեղադրանքը փոշի է): Եվ ես խնդրում եմ ուղարկել քաղաքացի Բրոդսկուն բժշկական վկայակոչության իր առողջական վիճակի մասին եզրակացության համար եւ այն բանի համար, թե իր առողջական վիճակը խանգարե՞լ է կանոնավոր աշխատանքին: Բացի այդ, խնդրում եմ անմիջապես ազատել քաղաքացի Բրոդսկուն կալանքից: Ես կարծում եմ, որ նա ոչ մի հանցագործություն չի կատարել եւ որ նրան կալանքի մեջ պահելը անօրինական է: Նա ունի ապրելու մշտական տեղ եւ կարող է պահանջված ժամանակին ներկայանալ դատարանի պահանջով:

Դատարանը հեռանում է խորհրդակցության: Եվ հետո վերադառնում է, եւ դատավորը կարդում է վճիռը.

Ուղարկել դատա-հոգեբուժական փորձաքննության, որի առաջ հարց դնել, թե տառապո՞ւմ է արդյոք Բրոդսկին որեւէ հոգեկան հիվանդությամբ եւ կխոչընդոտի՞ արդյոք այդ հիվանդությունը Բրոդսկուն հեռավոր վայրեր պարտադիր աշխատանքի ուղարկելու համար: Գործը վերադարձնել միլիցիային նրա վաստակած միջոցների լրացուցիչ քննության համար: Նկատի առնելով, որ նրա հիվանդության պատմությունից երեւում է, որ Բրոդսկին խուսափել է հիվանդանոց պառկելուց, առաջարկել միլիցիայի N 18 բաժանմունքին՝ նրան տանել հիվանդանոց դատա-հոգեբուժական փորձաքննություն անցնելու համար:

Դատավոր.– Դուք հարցեր ունե՞ք:

Բրոդսկի.– Ես խնդրանք ունեմ. բանտախցում ինձ տան գրիչ ու թուղթ:

Դատավոր.– Դուք դա կխնդրեք միլիցիայի պետից:

Բրոդսկի.– Ես խնդրել եմ, նա մերժել է: Ես խնդրում եմ թուղթ ու գրիչ:

Դատավոր (մեղմանալով).- Լավ: Ես կփոխանցեմ խնդրանքը:

Բրոդսկի.- Շնորհակալություն:

Երբ մենք դուրս եկանք դատարանի դահլիճից, միջանցքներում եւ սանդուղքների վրա տեսանք վիթխարի թվով մարդկանց, հատկապես երիտասարդների:

Դատավոր.– Ինչքան մարդ է հավաքվել: Ես չէի կարծում, թե այսքան մարդ կհավաքվի:

Ամբոխի միջից մեկը.- Հո ամեն օր բանաստեղծի չեն դատում:

Դատավոր.- Իսկ մեզ համար մեկ է՝ բանաստեղծ թե ոչ բանաստեղծ:

Դատապաշտպան Զ. Ն. Տոպորովայի կարծիքով, դատավոր Սավելեւան պարտավոր էր Բրոդսկուն ազատել կալանքից, որպեսզի հաջորդ օրը նա ինքը գնար նշված հոգեբուժարանը բժշկական քննության ենթարկվելու համար, բայց դատավորը նրան թողեց կալանքի մեջ, այնպես որ հաջորդ օրը նա ուղարկվեց հիվանդանոց պահակախմբի հսկողությամբ:

ԻՈՍԻՖ ԲՐՈԴՍԿՈՒ ԵՐԿՐՈՐԴ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Շինարարների ակումբի դահլիճ

Քաղաք Լենինգրադ, Ֆոնտանկա, 22

13 մարտի 1964 թվականի

Դատավոր՝ Սավելեւա

Բժշկական քննության եզրակացությունը ասում է. «Բնավորության մեջ հոգեկան խանգարման նշաններ կան, բայց աշխատունակ է: Այդ պատճառով կարող են կիրառվել վարչական կարգի միջոցներ»:

Դատարանի դահլիճ մտնողների դիմաց պարզված է մի մեծ հայտարարություն՝ «Ձրիակեր Բրոդսկու դատավարությունը»: Շինարարների ակումբի մեծ դահլիճը լեցուն է մարդկանցով:

– Ոտքի: Դատարա՛նն է գալիս:

Դատավոր Սավելեւան հարցնում է Բրոդսկուն, թե նա ունի՞ միջնորդություններ՝ ուղղված դատարանին: Պարզվում է, որ ո՛չ առաջին դատից առաջ, ո՛չ հիմա Բրոդսկուն չեն ծանոթացրել իր դատական գործին: Դատավորը հայտարարում է ընդմիջում: Բրոդսկուն տանում են, որպեսզի նա ծանոթանա իր գործին: Որոշ ժամանակ հետո նրան ետ են բերում, եւ նա ասում է, որ 141-րդ, 143-րդ, 155-րդ, 200-րդ եւ 234-րդ էջերի բանաստեղծությունները (Թվարկում է) իրենը չեն: Դրանից բացի, նա խնդրում է գործին չկցել իր օրագիրը, որ նա պահել է 1956 թվականին, այսինքն՝ այն ժամանակ, երբ ինքը 16 տարեկան էր: Դատապաշտպանը նույնպես միանում է այդ խնդրանքին:

Դատավոր.- Նրա այսպես կոչված բանաստեղծությունների մասով մենք հաշվի կառնենք, բայց իր անձնական տետրի մասով գործից այն հանելու անհրաժեշտություն չկա: Քաղաքացի Բրոդսկի, սկսած 1956 թվականից դուք 13 աշխատատեղ եք փոխել: Դուք գործարանում աշխատել եք մեկ տարի, հետո կես տարի չեք աշխատել: Ամռանը աշխատել եք երկրաբանական արշավախմբում, հետո չորս ամիս չեք աշխատել… (Թվարկում է աշխատանքի հաջորդ վայրերը, դրանց հաջորդած դադարները): Բացատրեք դատարանին, թե ինչու դադարներին չեք աշխատել եւ վարել եք մակաբույծ կյանք:

Բրոդսկի.- Ես դադարներին աշխատել եմ: Ես զբաղվել եմ նրանով, ինչով որ զբաղվում եմ եւ հիմա՝ ես բանաստեղծություն էի գրում:

Դատավոր.- Ուրեմն, դուք գրում էիք ձեր այսպես կոչված բանաստեղծություննե՞րը: Իսկ ի՞նչ օգտակար բան կա այն բանում, որ դուք այդքան հաճախ փոխում էիք ձեր աշխատանքի վայրը:

Բրոդսկի.- Ես աշխատել սկսել եմ 15 տարեկանից: Ինձ համար ամեն ինչ հետաքրքրական էր: Ես աշխատանքս փոխում էի, որովհետեւ ուզում էի ավելի լավ ճանաչել կյանքը եւ մարդկանց:

Դատավոր.- Իսկ ի՞նչ օգտակար բան եք արել դուք Հայրենիքի համար:

Բրոդսկի.- Ես բանաստեղծություններ էի գրում: Դա իմ աշխատանքն է: Ես համոզված եմ… Ես հավատում եմ, որ այն, ինչ ես գրել եմ, կծառայի մարդկանց, եւ ոչ միայն հիմա, այլեւ գալիք սերունդներին:

Ձայն դահլիճից.- Դրան տեսեք: Երեւակայում է:

Մի այլ ձայն.- Նա բանաստեղծ է, նա պետք է այդպես մտածի:

Դատավոր.- Ուրեմն, դուք կարծում եք, որ ձեր այսպես կոչված բանաստեղծությունները մարդկանց օգո՞ւտ կտան…

Բրոդսկի.- Իսկ ինչո՞ւ եք դուք բանաստեղծությունների մասին ասում «այսպես կոչված»:

Դատավոր.- Մենք ձեր բանաստեղծությունները անվանում ենք «այսպես կոչված» այն պատճառով, որ դրանց մասին այլ պատկերացում չունենք:

Սորոկին (հասարակական մեղադրող)1.- Դուք խոսում եք գալիք սերունդների մասին: Դուք, ինչ է, համարում եք, որ հիմա ձեզ չե՞ն հասկանում:

Բրոդսկի.- Ես այդպիսի բան չասացի: Պարզապես իմ բանաստեղծությունները դեռ հրապարակված չեն, եւ մարդիկ չգիտեն դրանք:

Սորոկին.- Դուք կարծում եք, եթե մարդիկ իմանային դրանք, ապա կգնահատեի՞ն:

Բրոդսկի.- Այո:

Սորոկին.- Դուք ասում եք, թե ձեր մեջ հետաքրքրասիրությունը խիստ զարգացած է: Ինչո՞ւ դուք չեք ցանկացել ծառայել Սովետական բանակում:

Բրոդսկի.- Ես չեմ պատասխանի նման հարցերի:

Դատավոր.- Պատասխանե՛ք:

Բրոդսկի.- Ես ազատված եմ եղել զինվորական ծառայությունից: Ոչ թե «չեմ ցանկացել», այլ ազատված եմ եղել: Դրանք տարբեր բաներ են: Ինձ ազատել են երկու անգամ: Առաջին անգամ այն պատճառով, որ հայրս հիվանդ էր, երկրորդ անգամ՝ իմ հիվանդության պատճառով:

Սորոկին.- Հնարավո՞ր է ապրել այն գումարներով, որ դուք էիք վաստակում:

Բրոդսկի.- Հնարավոր է: Բանտում եղած ժամանակ ես ամեն երեկո ստորագրել եմ այն բանի համար, որ այդ օրը ինձ վրա ծախսվել է 40 կոպեկ: Իսկ ես վաստակում էի շատ ավելին, քան մեկ օրվա համար 40 կոպեկը:

Սորոկին.- Բայց պետք է կոշիկ ունենալ, հագնվել:

Բրոդսկի.- Ես մի կոստյում ունեմ, ճիշտ է՝ հին է, բայց ունեցածս դա է: Եվ երկրորդը ինձ պետք էլ չէ:

Փաստաբան.- Մասնագետները գնահատո՞ւմ էին ձեր բանաստեղծությունները:

Բրոդսկի.- Այո: Չուկովսկին եւ Մարշակը շատ լավ են խոսել իմ թարգմանությունների մասին: Ավելի լավ, քան ես արժանի էի:

Փաստաբան.- Դուք կապ ունեցե՞լ եք Գրողների միության թարգմանիչների մասնաճյուղի հետ:

Բրոդսկի.- Այո’: Ես հանդես եմ եկել մի բանավոր ալմանախում, որ կոչվում էր «Առաջին անգամ ռուսերեն լեզվով» եւ կարդացել եմ լեհերենից կատարած իմ թարգմանությունները:

Դատավոր (դատապաշտպանին).- Դուք պետք է նրան հարցնեք օգտակար աշխատանքի մասին, մինչդեռ հարցնում եք ելույթների մասին:

Դատապաշտպան.- Նրա թարգմանությունները հենց օգտակար աշխատանք են:

Դատավոր.- Ավելի լավ է, Բրոդսկի, բացատրեք դատարանին, թե ինչո՞ւ դուք աշխատանքների դադարներին չէիք աշխատում:

Բրոդսկի.- Ես աշխատում էի: Ես բանաստեղծություններ էի գրում:

Դատավոր.- Բայց դա ձեզ չէր խանգարի որեւէ տեղ աշխատելու:

Բրոդսկի.- Ես հենց աշխատում էի: Ես բանաստեղծություններ էի գրում:

Դատավոր.- Բայց կան մարդիկ, որոնք աշխատում են գործարանում եւ բանաստեղծություններ են գրում: Ի՞նչն էր ձեզ խանգարում նույն ձեւով վարվելու:

Բրոդսկի.- Բայց չէ՞ որ մարդիկ նման չեն իրար: Նույնիսկ մազերի գույնը, դեմքի արտահայտությունը…

Դատավոր.- Դա ձեր հայտնագործությունը չէ: Դա բոլորին է հայտնի: Ավելի լավ է, դուք բացատրեք, թե ինչպես գնահատենք ձեր մասնակցությունը մեր մեծ հաղթարշավ ընթացքին դեպի կոմունիզմ:

Բրոդսկի.- Կոմունիզմի կառուցումը միայն հաստոցի մոտ կանգնելը կամ հողը վարելը չէ: Դա նաեւ մտավոր աշխատանք է, որը…

Դատավոր.- Մի կողմ թողեք բարձր դարձվածները: Ավելի լավ է, պատասխանեք, թե ինչպես եք մտադիր կարգավորել ձեր աշխատանքային գործունեությունը ապագայում:

Բրոդսկի.- Ես կցանկանայի բանաստեղծություններ գրել եւ թարգմանություններ անել: Բայց եթե դա հակասում է ինչ-որ համընդհանուր կանոնների, ես կմտնեմ մշտական աշխատանքի եւ այնուամենայնիվ կշարունակեմ բանաստեղծություններ գրել:

Ատենակալ Տյագլի.- Մեզանում ամեն մի մարդ աշխատում է: Ինչպե՞ս եք դուք անբանություն արել այսքան ժամանակ:

Բրոդսկի.- Դուք իմ գործը աշխատանք չեք համարում: Ես բանաստեղծություն էի գրում, ես դա համարում եմ աշխատանք:

Դատավոր.- Դուք եզրակացություններ արե՞լ եք մամուլի ելույթներից:

Բրոդսկի.- Լերների հոդվածը կեղծիքով ու ստով լեցուն է: Ահա միակ եզրակացությունը, որ ես արել եմ:

Դատավոր.- Ուրեմն, դուք այլ եզրակացություններ չե՞ք արել:

Բրոդսկի.- Չեմ արել, ես ինձ չեմ համարում մակաբույծ կյանքով ապրող մարդ:

Փաստաբան.- Դուք ասացիք, որ «Երեկոյան Լենինգրադ» թերթում հրապարակված «Մերձգրական բոռ-ձրիակերը»2 հոդվածը ճիշտ չէ: Ինչո՞վ:

Բրոդսկի.- Այնտեղ ճիշտ են միայն անուններն ու ազգանունները: Նույնիսկ իմ տարիքը ճիշտ չէ: Նույնիսկ բանաստեղծությունները իմը չեն: Այնտեղ ինձ ընկեր են համարել մարդկանց, որոնց հազիվ եմ ճանաչում կամ բոլորովին չեմ ճանաչում: Ինչպե՞ս ես կարող եմ այդ հոդվածը ճշմարիտ համարել եւ դրանից եզրակացություններ անել:

Փաստաբան.- Դուք ձեր աշխատանքը օգտակար եք համարում: Դա կարո՞ղ են հաստատել իմ կանչած վկաները:

Դատավոր (փաստաբանին, հեգնանքով).- Դուք վկաներին միայն դրա՞ համար եք կանչել դատարան:

Սորոկին (Բրոդսկուն).- Դուք ինչպե՞ս կարող էիք ինքնուրույն, առանց օգտագործելու ուրիշի աշխատանքը, թարգմանություն կատարել սերբերենից:

Բրոդսկի.- Դուք հարցը տալիս եք անկիրթ ու անհարգալից: Պայմանագիրը երբեմն ենթադրում է տողացի թարգմանություն: Ես գիտեմ լեհերեն, սերբերենը գիտեմ մի քիչ պակաս, բայց դրանք ցեղակից լեզուներ են, եւ տողացիի օգնությամբ ես կարող էի անել իմ թարգմանությունը:

Դատավոր.- Վկա Գրուդինինա:

Գրուդինինա.- Ես ղեկավարում եմ սկսնակ բանաստեղծների աշխատանքը 11 տարուց ավելի: Յոթ տարի ես եղել եմ երիտասարդ հեղինակների հետ տարվող աշխատանքի հանձնաժողովի անդամ: Հիմա ես ղեկավարում եմ Պիոներների պալատում բարձր դասարանցի բանաստեղծների խմբակը եւ «Սվետլանա» գործարանի երիտասարդ ստեղծագործողների խմբակը: Հրատարակչության խնդրանքով կազմել եւ խմբագրել եմ երիտասարդ բանաստեղծների 4 բազմանուն ժողովածու, որոնք ընդգրկում են ավելի քան երկու հարյուր նոր անուն: Այսպիսով, ես գիտեմ քաղաքի բոլոր երիտասարդ բանաստեղծների գործերը:

Բրոդսկու աշխատանքը, իբրեւ սկսնակ բանաստեղծի, ինձ հայտնի է նրա 1959 եւ 1960 թվականների բանաստեղծություններից: Դրանք նրա անկատար բանաստեղծություններն էին, բայց վառ գյուտերով ու պատկերներով: Ես դրանք չեմ դրել այդ ժողովածուների մեջ, բայց նրան համարել եմ օժտված հեղինակ: Մինչեւ 1963 թվականի աշունը ես Բրոդսկուն անձամբ չեմ հանդիպել:

«Երեկոյան Լենինգրադ» թերթում «Մերձգրական բոռ-ձրիակերը» հոդվածի լույս տեսնելուց հետո ես ինձ մոտ հրավիրեցի Բրոդսկուն զրույցի համար, քանի որ երիտասարդությունը ինձ պաշարում է զրպարտված մարդու գործին խառնվելու խնդրանքներով: Բրոդսկին իմ այն հարցին, թե ինչո՞վ է զբաղվում հիմա, պատասխանեց, որ լեզուներ է ուսումնասիրում եւ մոտ մեկուկես տարի է, ինչ զբաղվում է գեղարվեստական թարգմանություններով: Ես վերցրի նրա ձեռագրերը թարգմանություններին ծանոթանալու համար:

Իբրեւ պրոֆեսիոնալ բանաստեղծ եւ կրթությամբ գրականագետ, ես պնդում եմ, որ Բրոդսկու թարգմանությունները կատարված են պրոֆեսիոնալ բարձր մակարդակով: Բրոդսկին օժտված է բանաստեղծությունների գեղարվեստական թարգմանության առանձնահատուկ, հազվադեպ հանդիպող տաղանդով: Նա ինձ ներկայացրեց 368 տող բանաստեղծության թարգմանություն, բացի այդ, ես կարդացի 120 տող բանաստեղծություն նրա այլ թարգմանություններից, որոնք տպագրված են մոսկովյան հրատարակություններում:

Գեղարվեստական թարգմանության իմ անձնական փորձով գիտեմ, որ նման ծավալի աշխատանքը հեղինակից պահանջում է կես տարուց էլ ավելի խիտ ու լեցուն աշխատանքային ժամանակ, չհաշված բանաստեղծությունների հրատարակության ու մասնագետների հետ խորհրդակցելու հետ կապված հոգսերն ու քաշքշուկները: Այդպիսի հոգսերի հետ կապված ժամանակը, ինչպես հայտնի է, կանխահաշվարկի չի ենթարկվում: Եթե նույնիսկ հրատարակչական ամենացածր գներով գնահատենք այն թարգմանությունները, որոնք ես տեսել եմ իմ աչքերով, ապա Բրոդսկին արդեն վաստակել է 350 ռուբլի նոր դրամով, եւ հարցը միայն այն է, թե երբ ամբողջությամբ կտպագրվի կատարված աշխատանքը:

Բացի թարգմանության պայմանագրերից, Բրոդսկին ինձ ներկայացրեց ռադիոյի եւ հեռուստատեսության պայմանագրերը, որոնցով նախատեսված աշխատանքները արդեն կատարված են, բայց ամբողջությամբ չեն վճարված:

Բրոդսկու եւ նրան ճանաչող անձանց հետ իմ ունեցած զրույցներից ինձ հայտնի է, որ նա ապրում է շատ համեստ, իրեն զրկում է հագուստից ու զվարճանքներից, իր հիմնական ժամանակը անց է կացնում գրասեղանի առջեւ: Իր վաստակած դրամը նա ամբողջությամբ տալիս է ընտանիքին:

Փաստաբան.- Բանաստեղծությունների գեղարվեստական թարգմանության համար արդյոք անհրաժեշտ է իմանալ հեղինակի ստեղծագործությունը ընդհանրապես:

Գրուդինինա.- Այո, լավ թարգմանությունների համար, նման Բրոդսկու թարգմանություններին, անհրաժեշտ է իմանալ հեղինակի ստեղծագործությունը եւ թափանցել նրա ձայնի մեջ:

Փաստաբան.- Նվազո՞ւմ է, արդյոք, վարձավճարը, եթե թարգմանում են ըստ տողացի թարգմանության:

Գրուդինինա.- Այո, նվազում է: Ըստ տողացի թարգմանության թարգմանելով հունգարացի բանաստեղծներին, ես ստացա մեկ տողին մեկ ռուբլու չափով (հին դրամով) պակաս:

Փաստաբան.- Թարգմանիչները կիրառո՞ւմ են ըստ տողացիի թարգմանելու գործը:

Գրուդինինա.- Այո, համատարած: Լենինգրադյան խոշորագույն թարգմանիչներից մեկը՝ Ա. Գիտովիչը, հին չինարենից թարգմանում է ըստ տողացի թարգմանության:

Ատենակալ Լեբեդեւա.- Կարելի՞ է ինքնուսուցմամբ օտար լեզու սովորել:

Գրուդինինա.- Ինքնուսուցմամբ ես սովորել եմ երկու լեզու ի լրացումն այն լեզուների, որոնք ես ուսումնասիրել եմ համալսարանում:

Փաստաբան.- Եթե Բրոդսկին սերբերեն չգիտի, կարո՞ղ է նա, չնայած այդ բանին, բարձրարժեք գեղարվեստական թարգմանություն անել:

Գրուդինինա.- Այո, իհարկե:

Փաստաբան.- Իսկ դուք տողացիի օգտագործումը չե՞ք համարում ուրիշի աշխատանքի դատապարտելի օգտագործում:

Գրուդինինա.- Աստված հեռու պահի:

Ատենակալ Լեբեդեւա.- Ահա ես թերթում եմ գիրքը: Այստեղ Բրոդսկու ընդամենը երկու փոքրիկ ոտանավոր կա:

Գրուդինինա.- Ես կցանկանայի որոշ բացատրություններ տալ, որոնք վերաբերում են գրական աշխատանքի առանձնահատկությանը: Բանն այն է…

Դատավոր.- Ոչ, պետք չէ: Այսպես, ուրեմն, ի՞նչ է ձեր կարծիքը Բրոդսկու բանաստեղծությունների մասին:

Գրուդինինա.- Իմ կարծիքը այն է, որ նա իբրեւ բանաստեղծ շատ տաղանդավոր է եւ մի գլխով բարձր է շատերից, ովքեր համարվում են պրոֆեսիոնալ թարգմանիչ:

Դատավոր.- Իսկ ինչո՞ւ է նա միայնակ աշխատում եւ գրական որեւէ միավորման չի մասնակցում:

Գրուդինինա.- 1958 թվականին նա խնդրել է իրեն ընդունել իմ գրական միավորման մեջ: Բայց ես նրա մասին լսել էի իբրեւ հիստերիկ (ջղաձիգ) պատանու եւ չընդունեցի նրան, վանեցի նրան իմ ձեռքերով: Սխալ բան արեցի, ինչի համար շատ եմ ափսոսում: Հիմա ես հաճույքով կընդունեմ նրան իմ գրական միավորումը եւ կաշխատեմ նրա հետ, եթե նա ինքը ցանկանա:

Ատենակալ Տյագլի.- Դուք ինքներդ երբեւիցե տեսե՞լ եք, թե նա անձամբ ինչպես է աշխատում թարգմանելիս, թե նա օգտագործում է ուրիշի աշխատանքը:

Գրուդինինա.- Ես չեմ տեսել, թե ինչպես է Բրոդսկին նստել եւ գրում: Բայց ես չեմ տեսել նաեւ, թե ինչպես է Շոլոխովը նստել եւ գրում: Բայց դա չի նշանակում, որ…

Դատավոր.- Անպատշաճ է Շոլոխովին եւ Բրոդսկուն համեմատելը: Մի՞թե դուք չեք բացատրել երիտասարդությանը, որ պետությունը պահանջում է, որ երիտասարդությունը սովորի: Չէ՞ որ Բրոդսկին ընդամենը յոթերորդ դասարանի կրթություն ունի:

Գրուդինինա.- Նրա գիտելիքների ծավալը շատ մեծ է: Ես դրանում համոզվեցի, երբ կարդում էի նրա թարգմանությունները:

Սորոկին.- Կարդացե՞լ եք նրա անպարկեշտ, պոռնոգրաֆիական բանաստեղծությունները:

Գրուդինինա.- Ոչ, երբեք:

Փաստաբան.- Ահա թե ես ինչ եմ ուզում ձեզ հարցնել, վկա: Բրոդսկու աշխատանքի արդյունքը 1963 թվականին այս է՝ բանաստեղծություններ «Արշալույսը Կուբայի վրա» գրքում, Գալչինսկու բանաստեղծությունների թարգմանությունները (ճիշտ է, դեռեւս անտիպ), բանաստեղծություններ «Հարավսլավիայի բանաստեղծները» գրքում, Գաուչոյի երգերը եւ այլ հրապարակումներ «Խարույկ» ժողովածուի մեջ: Այդքանը կարելի՞ է համարել լուրջ աշխատանք:

Գրուդինինա.- Այո, անկասկած: Դա աշխատանքով լեցուն մի ամբողջ տարի է: Իսկ փող այդ աշխատանքը կարող է բերել ոչ թե այսօր, այլ մի քանի տարի անց: Հեշտ չէ երիտասարդ բանաստեղծի աշխատանքը որոշել այդ պահին նրա ստացած հոնորարի գումարի չափով: Երիտասարդ հեղինակը կարող է մատնվել անհաջողության, գուցե եւ հարկ լինի նոր երկարատեւ աշխատանքի: Այսպիսի մի կատակ կա. ձրիակերի եւ երիտասարդ բանաստեղծի միջեւ տարբերությունն այն է, որ ձրիակերը չի աշխատում, բայց ուտում է, իսկ երիտասարդ բանաստեղծը աշխատում է, բայց միշտ չէ, որ ուտում է:

Դատավոր.- Մեզ դուր չեկավ ձեր այդ հայտարարությունը: Մեր երկրում ամեն մի մարդ ստանում է ըստ իր աշխատանքի եւ այդ պատճառով չի կարող պատահել, որ նա աշխատի շատ, բայց ստանա քիչ: Մեր երկրում, որտեղ այդքան մեծ հոգածություն է ցուցաբերվում երիտասարդ բանաստեղծների հանդեպ, դուք ասում եք, որ նրանք սոված են: Ինչո՞ւ եք դուք ասում, թե երիտասարդ բանաստեղծները չեն ուտում:

Գրուդինինա.- Ես այդպես չեմ ասել: Ես նախազգուշացրի, որ դա կատակ է, որի մեջ ճշմարտության մաս կա: Երիտասարդ բանաստեղծների վաստակածը շատ անհամաչափ է:

Դատավոր.- Դե, դա իրենցից է կախված: Հարկ չկա դա մեզ բացատրելու: Լավ, դուք բացատրեցիք, որ ձեր խոսքերը կատակ են: Ընդունենք ձեր բացատրությունը:

(Հրավիրում է նոր վկայի՝ Եֆիմ Գրիգորեւիչ Էտկինդին):

Դատավոր.- Ինձ տվեք ձեր անձնագիրը, որովհետեւ ձեր ազգանունը ինչ-որ հստակ չի արտասանվում (վերցնում է անձնագիրը): Էտկինդ… Եֆիմ Գերշեւիչ… Մենք ձեզ լսում ենք:

Էտկինդ (Գրողների միության անդամ, Գերցենի անվան ինստիտուտի դասախոս).- Իմ գրական-հասարակական աշխատանքի բերումով, որ կապված է սկսնակ թարգմանիչների աշխատանքի հետ, ես հաճախ եմ կարդում եւ լսում երիտասարդ գրողների թարգմանությունները: Մի տարի առաջ ես առիթ ունեցա ծանոթանալու Բրոդսկու աշխատանքների հետ: Դրանք թարգմանություններն էին լեհ հրաշալի բանաստեղծ Գալչինսկու, ում բանաստեղծությունները մեզանում դեռեւս քիչ են հայտնի եւ գրեթե չեն թարգմանվել: Ինձ վրա ուժեղ տպավորություն թողեցին բանաստեղծական պատկերների հստակությունը, բանաստեղծության երաժշտականությունը, զգացմունքայնությունը եւ էներգիան: Ինձ ապշեցրեց նաեւ այն, որ Բրոդսկին ինքնուրույն, առանց կողմնակի օգնության է սովորել լեհերենը: Գալչինսկու բանաստեղծությունները նա կարդում էր նույն հափշտակությամբ, ինչ հափշտակությամբ որ կարդում էր իր ռուսերեն թարգմանությունները: Ես հասկացա, որ գործ ունեմ բացառիկորեն օժտված եւ,- ինչը պակաս կարեւոր չէ,- աշխատունակ ու նստակյաց մարդու հետ: Այն թարգմանությունները, որոնք ես կարդացի ավելի ուշ, ամրապնդեցին իմ այդ կարծիքը: Դրանք, օրինակ, կուբայացի բանաստեղծ Ֆերնանդեսի բանաստեղծությունների թարգմանություններն են, որ հրապարակված են «Արշալույսը Կուբայի վրա» գրքում, եւ ժամանակակից հարավսլավացի բանաստեղծների գործերն են, որ տպագրել է Պետգրակհրատը: Ես շատ եմ զրուցել Բրոդսկու հետ եւ զարմացել եմ ամերիկյան, անգլիական եւ լեհական գրականության նրա իմացության վրա:

Բանաստեղծության թարգմանությունը դժվարագույն աշխատանք է, որ պահանջում է ջանք, իմացություն, տաղանդ: Իր ճանապարհին գրողին կարող են հանդիպել բազում անհաջողություններ, իսկ նյութական շահը հեռավոր ապագայի գործ է: Կարելի է տարիներ շարունակ բանաստեղծություն թարգմանել եւ մեկ ռուբլի անգամ չվաստակել: Այդպիսի աշխատանքը պահանջում է ինքնամոռաց սեր պոեզիայի եւ հենց աշխատանքի հանդեպ: Այլ ժողովրդի լեզվի, պատմության ու մշակույթի յուրացումը միանգամից չի տրվում: Այն ամենը, ինչ ես գիտեմ Բրոդսկու մասին, համոզում է ինձ, որ մեր առջեւ մեծ ապագա ունեցող բանաստեղծ-թարգմանիչ է: Սա միայն իմ կարծիքը չէ: Թարգմանիչների մասնաճյուղի բյուրոն, իմանալով, որ հրատարակչությունը չեղյալ է համարել Բրոդսկու հետ կնքված պայմանագրերը, միաձայն որոշում է կայացրել միջնորդել հրատարակչության տնօրենի առջեւ Բրոդսկուն թարգմանական աշխատանքի մեջ ընդգրկելու, նրա պայմանագրերը վերականգնելու համար:

Ինձ ստուգապես հայտնի է, որ նույն կարծիքն են պաշտպանում բանաստեղծական թարգմանության ասպարեզի խոշորագույն հեղինակություններ Մարշակն ու Չուկովսկին, որոնք…

Դատավոր.- Խոսեք միայն ձեր մասին:

Էտկինդ.- Բրոդսկուն պետք է հնարավորություն տալ աշխատելու իբրեւ բանաստեղծ-թարգմանչի: Մեծ քաղաքից հեռու, որտեղ ո՛չ անհրաժեշտ գրքեր կան, ո՛չ գրական միջավայր, դա շատ դժվար կլինի, գրեթե անհնարին: Կրկնում եմ, այս ճանապարհին, իմ խորին համոզմամբ, նրան մեծ ապագա է սպասում: Պետք է ասեմ, որ ես շատ զարմացա, տեսնելով «Ձրիակեր Բրոդսկու դատը» հայտարարությունը:

Դատավոր.- Դուք հո գիտեիք այդ կապակցությունը:

Էտկինդ.- Գիտեի: Բայց չէի կարծում, որ այդպիսի կապակցությունը կընդունի դատարանը: Բրոդսկու բանաստեղծական տեխնիկայի պարագային նրան ոչինչ չէր խանգարում անորակ գործ անելու եւ շատ վաստակելու, նա կարող էր հարյուրավոր տողեր թարգմանել, եթե նա աշխատեր թեթեւորեն, մակերեսաբար: Այն փաստը, որ նա քիչ փող է վաստակել, դեռ չի նշանակում, թե նա աշխատասեր չէ:

Դատավոր.- Իսկ ինչո՞ւ նա որեւէ միավորման անդամ չէ:

Էտկինդ.- Նա մասնակցել է մեր թարգմանական սեմինարներին…

Դատավոր.- Դե, սեմինարներ…

Էտկինդ.- Նա մասնակցում է այդ սեմինարներին այն իմաստով…

Դատավոր.- Իսկ եթե առանց մտքի՞… (Ծիծաղ դահլիճում): Այսինքն, ես ուզում եմ հարցնել՝ ինչո՞ւ նա չի մտել որեւէ միավորում:

Էտկինդ.- Մենք չունենք «անդամություն», դրա համար էլ ես չեմ կարող ասել «մտել է…»: Նա գալիս էր մեզ մոտ, կարդում էր իր թարգմանությունները:

Դատավոր (Էտկինդին).- Ձեր աշխատանքում, ձեր անձնական կյանքում թյուրիմացություններ եղե՞լ են:

Էտկինդ (Զարմանքով).- Ոչ: Ասենք, ես արդեն երկու օր է ինստիտուտում չեմ եղել: Միգուցե, այնտեղ իրոք ինչ-որ մի բան տեղի է ունեցել:

(Հարցը դահլիճին եւ, ինչպես երեւում է, նաեւ վկային մնում է անհասկանալի):

Դատավոր.- Ինչո՞ւ դուք, խոսելով Բրոդսկու գիտելիքների մասին, շեշտը դնում եք արտասահմանյան գրականության վրա: Ինչո՞ւ դուք չեք խոսել մեր՝ հայրենական գրականության մասին:

Էտկինդ.- Ես խոսել եմ նրա հետ իբրեւ թարգմանչի եւ այդ պատճառով հետաքրքրվել եմ ամերիկյան, անգլիական, լեհական գրականության ասպարեզում նրա ունեցած գիտելիքներով: Դրանք մեծ գիտելիք էին, բազմաբղետ եւ ոչ մակերեսային:

Սմիռնով (մեղադրող կողմի վկան, Պաշտպանության տան պետ).- Ես անձամբ Բրոդսկու հետ ծանոթ չեմ, բայց ուզում եմ ասել, որ եթե բոլոր քաղաքացիները նյութական արժեքներին վերաբերվեին այնպես, ինչպես Բրոդսկին, կոմունիզմ մենք երկար ժամանակ չէինք կարող կառուցել: Բանականությունն ու խելքը վտանգավոր զենքեր են տիրոջ համար: Բոլորն ասացին, որ նա խելացի է եւ համարյա թե հանճարեղ է: Բայց ոչ մեկը չասաց, թե նա ինչ մարդ է: Հասակ առնելով մտավորական ընտանիքում, նա ընդամենը յոթնամյակի կրթություն ունի: Այ հիմա թող այստեղ ներկա եղողները ասեն, թե իրենք կուզենայի՞ն ունենալ զավակ, որն ընդամենը յոթերորդ դասարանի կրթություն ունենար: Նա բանակ չի գնացել այն պատճառով, որ եղել է ընտանիքի միակ կերակրողը: Բայց նա ի~նչ ընտանիք կերակրող է: Այստեղ ասում են, թե նա տաղանդավոր թարգմանիչ է, իսկ ինչո՞ւ ոչ մեկը չի ասում, որ նրա գլխում շատ բան խառնաշփոթ է: Եվ հակասովետական տողեր կան այդ գլխում:

Բրոդսկի.- Դա ճիշտ չէ:

Սմիռնով.- Նա պետք է փոխի իր շատ մտքերը: Ես կասկածի եմ ենթարկում այն տեղեկանքը, որ տվել են Բրոդսկուն նյարդային բուժարանում ջղային հիվանդության հետ կապված: Այդ պայծառափայլ բարեկամները սկսեցին խփել բոլոր զանգերը եւ պահանջել՝ ախ, փրկեք երիտասարդ մարդուն: Իսկ նրան անհրաժեշտ է բուժել պարտադիր աշխատանքով, միայն եւ միայն պարտադիր աշխատանքով, եւ ոչ ոք նրան չի օգնի, ոչ մի պայծառափայլ բարեկամ: Ես նրան անձամբ չեմ ճանաչում: Նրա մասին գիտեմ մամուլից: Եվ ծանոթ եմ տեղեկանքներին: Ես բժշկական տեղեկանքը, որ նրան ազատել է բանակում ծառայելուց, ենթարկում եմ կասկածի: Ես բժիշկ չեմ, բայց ենթարկում եմ կասկածի:

Բրոդսկի.- Երբ ինձ ազատել են զինվորական ծառայությունից իբրեւ ընտանիքի միակ կերակրողի, հայրս հիվանդ էր, նա պառկած էր ինֆարկտից հետո, իսկ ես աշխատում էի ու վաստակում էի: Իսկ հետո հիվանդացա ես: Դուք ինձ որտեղի՞ց եք ճանաչում, որ իմ մասին խոսում եք այդպես:

Սմիռնով.- Ես ծանոթացել եմ ձեր անձնական օրագրին:

Բրոդսկի.- Ի՞նչ իրավունքով:

Դատավոր.- Ես հանում եմ այդ հարցը:

Սմիռնով.- Ես կարդացել եմ նրա բանաստեղծությունները:

Փաստաբան.- Գործում հայտնվել են բանաստեղծություններ, որոնց հեղինակը Բրոդսկին չէ: Իսկ դուք որտեղի՞ց գիտեք, որ այն բանաստեղծությունները, որ դուք եք կարդացել, իսկապես Բրոդսկունն են: Չէ՞ որ դուք խոսում եք չտպագրված բանաստեղծությունների մասին:

Սմիռնով.- Գիտեմ, եւ վերջ:

Դատավոր.- Վկա Լոգունո՛վ:

Լոգունով (Էրմիտաժի տնօրենի տեղակալ տնտեսական գծով).- Բրոդսկուն ես անձամբ ծանոթ չեմ: Առաջին անգամ նրան հանդիպել եմ այստեղ, դատարանում: Ապրել այնպես, ինչպես Բրոդսկին է ապրում, այլեւս անկարելի է: Ես չէի նախանձի այն ծնողներին, ովքեր այսպիսի զավակ ունեն: Ես աշխատել եմ գրողների հետ, ես պտտվել եմ նրանց մեջ: Ես համեմատում եմ Բրոդսկուն Օլեգ Շեստինսկու հետ: Օլեգը շրջում էր ագիտխմբերի հետ, նա ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը եւ Սոֆիայի համալսարանը: Ու նաեւ՝ Օլեգը աշխատել է ածխահանքում: Ես ուզում էի ելույթ ունենալ այն իմաստով, որ անհրաժեշտ է աշխատել, հարկավոր է փոխանցել մշակութային հմտությունները: Եվ այն բանաստեղծությունները, որոնք կազմում է Բրոդսկին, կլինեին իսկական բանաստեղծություններ: Բրոդսկին պետք է սկսի իր կյանքը նոր ձեւով:

Փաստաբան.- Ի վերջո, պետք է, որ վկաները խոսեն փաստերի մասին: Իսկ նրանք…

Դատավոր.- Դուք կարող եք հետո վկայական ցուցմունքներին տալ ձեր գնահատականը: Վկա Դենիսո՛վ:

Դենիսով (վերանորոգման գրասենյակի բանվոր, խողովակ տեղադրող).- Ես Բրոդսկուն անձամբ չեմ ճանաչում: Ես նրան ճանաչում եմ մեր մամուլի տպագրածներով: Ես ելույթ եմ ունենում իբրեւ քաղաքացի եւ հասարակության ներկայացուցիչ: Ես թերթի հրապարակումից հետո վրդովված եմ Բրոդսկու աշխատանքից: Ես ուզեցի ծանոթանալ նրա գրքերի հետ: Գնացի գրադարան՝ նրա գրքերը չկա: Հարցնում եմ ծանոթներիս՝ գիտե՞ն այդպիսի մեկին: Ոչ, չգիտեն: Ես բանվոր եմ: Ես իմ ամբողջ կյանքում աշխատանքի երկու տեղ եմ փոխել: Իսկ Բրոդսկի՞ն: Ինձ չեն բավարարում Բրոդսկու այն ցուցմունքները, թե նա տիրապետում է շատ մասնագիտությունների: Ոչ մի մասնագիտություն այդքան կարճ ժամանակում ձեռք չես բերի: Ասում են, թե Բրոդսկին իրենից ինչ-որ բան է ներկայացնում իբրեւ բանաստեղծ: Այդ դեպքում ինչո՞ւ նա գրական որեւէ միավորման անդամ չէ: Նա համաձայն չէ դիալեկտիկական մատերիալիզմի՞ն: Չէ՞ որ Էնգելսը կարծում էր, որ աշխատանքն է ստեղծել մարդուն: Իսկ Բրոդսկուն այս ձեւակերպումը չի բավարարում, նա այլ բան է կարծում: Միգուցե նա շատ տաղանդավոր է, այդ դեպքում ինչո՞ւ նա ճանապարհ չի գտնում մեր գրականության մեջ: Ես ուզում եմ իմ կարծիքս հուշեմ, որ ինձ նրա աշխատանքային գործունեությունը իբրեւ բանվորի չի բավարարում:

Դատավոր.- Վկա Նիկոլա՛եւ:

Նիկոլաեւ (թոշակառու).- Ես անձամբ Բրոդսկուն ծանոթ չեմ: Ես ուզում եմ ասել, որ նրա մասին գիտեմ այն այլասերող ազդեցությունից, որ ունի նա իր հասակակիցների վրա: Ես հայր եմ: Ես իմ օրինակով գիտեմ, թե ինչ դժվար է ունենալ այնպիսի զավակ, որ չի աշխատում: Ես իմ տղայի մոտ հաճախ եմ տեսել Բրոդսկու բանաստեղծությունները: Մի պոեմ 42 գլխով եւ տարբեր բանաստեղծություններ: Ես Բրոդսկուն գիտեմ Ումանսկու գործից: Առած կա՝ ասա ովքեր են ընկերներդ… Ես Ումանսկուն ճանաչում էի անձամբ: Նա երդվյալ հակասովետական է: Բրոդսկուն լսելով՝ ես տեսնում էի իմ որդուն: Իմ տղան էլ է ասում, որ ինքն իրեն հանճար է համարում: Նա էլ, Բրոդսկու պես, չի ուզում աշխատել: Բրոդսկու եւ Ումանսկու նման մարդիկ կործանարար ազդեցություն են թողնում իրենց հասակակիցների վրա: Ես զարմանում եմ Բրոդսկու ծնողների վրա: Նրանք, երեւում է, ձեն-ձենի են տվել Բրոդսկու հետ: Նրանք երեւում է միաձայն են երգում: Բանաստեղծության ձեւից երեւում է, որ Բրոդսկին կարողանում է բանաստեղծություն հորինել: Բայց՝ ոչ, վնասից բացի, այդ բանաստեղծությունները ոչինչ չեն բերում: Բրոդսկին ոչ միայն ձրիակեր է: Նա մարտնչող ձրիակեր է: Բրոդսկու պես մարդկանց հետ պետք է վարվել անողոքաբար: (Ծափահարություններ):

Ատենակալ Տյագլի.- Դուք կարծում եք, որ ձեր տղայի վրա ազդել են Բրոդսկու բանաստեղծություննե՞րը:

Նիկոլաեւ.- Այո:

Դատավոր.- Բացասաբա՞ր են ազդել:

Նիկոլաեւ.- Այո:

Փաստաբան.- Դուք որտեղից գիտեք, թե դրանք Բրոդսկու բանաստեղծություններն են:

Նիկոլաեւ.- Այնտեղ մի թղթապանակ կա, վրան գրված՝ «Իոսիֆ Բրոդսկի»:

Փաստաբան.- Ձեր որդին ծանո՞թ էր Ումանսկու հետ:

Նիկոլաեւ.- Այո:

Փաստաբան.- Ինչո՞ւ եք դուք կարծում, որ Բրոդսկին է եւ ոչ թե Ումանսկին բացասաբար ազդել ձեր որդու վրա:

Նիկոլաեւ.- Ես կարծում եմ՝ Բրոդսկին եւ իր նմանները: Բրոդսկու բանաստեղծությունները ամոթալի են եւ հակասովետական:

Բրոդսկի.- Թվեք իմ հակասովետական բանաստեղծությունները: Դրանցից գոնե մի տող ասեք:

Դատավոր.- Մեջբերել թույլ չեմ տա:

Բրոդսկի.- Բայց ես ուզում եմ իմանալ, թե ինչ բանաստեղծությունների մասին է խոսքը: Միգուցե դրանք իմը չեն:

Նիկոլաեւ.- Եթե ես իմանայի, որ խոսելու եմ դատարանում, ես կլուսանկարեի դրանք եւ կբերեի հետս:

Դատավոր.- Վկա Ռոմաշովա՛:

Ռոմանշովա (Մուխինայի անվան ուսումնարանի մարքսիզմ-լենինիզմի ուսուցչուհի).- Ես անձամբ Բրոդսկուն չեմ ճանաչում: Բայց նրա այսպես կոչված գործունեությունը ինձ հայտնի է: Պուշկինն ասում էր, որ տաղանդը ամենից առաջ աշխատանքն է: Իսկ Բրոդսկի՞ն: Մի՞թե նա աշխատում է: Մի՞թե նա աշխատում է հասնել այն բանին, որ իր բանաստեղծությունները հասկանալի լինեն ժողովրդին: Ինձ զարմացնում է, որ իմ գործընկերները լուսապսակ են սարքում նրա շուրջը: Չէ՞ որ միայն Սովետական Միությունում է հնարավոր, որ դատարանը այդքան բարյացակամորեն խոսի բանաստեղծի հետ, այդպես ընկերաբար խորհուրդ տա սովորելու: Ես, իբրեւ Մուխինայի անվան ուսումնարանի կուսկազմակերպության քարտուղար, կարող եմ ասել, որ նա վատ է ազդում երիտասարդության վրա:

Փաստաբան.- Դուք երբեւիցե տեսե՞լ եք Բրոդսկուն:

Ռոմաշովա.- Ոչ մի անգամ: Բայց նրա այսպես կոչված գործունեությունը ինձ թույլ է տալիս դատելու նրա մասին:

Դատավոր.- Իսկ ինչ-որ փաստեր դուք կարո՞ղ եք բերել:

Ռոմաշովա.- Ես, իբրեւ երիտասարդությանը դաստիարակող, գիտեմ երիտասարդների կարծիքը Բրոդսկու բանաստեղծությունների մասին:

Փաստաբան.- Դուք ինքներդ ծանո՞թ եք Բրոդսկու բանաստեղծություններին:

Ռոմաշովա.- Ծանոթ եմ: Դա սարսաա~փ է: Հնարավոր չեմ համարում դրանք կրկնելը: Դրանք սարսափեեելի են, ահավո՛ր:

Դատավոր.- Վկա Ադմոնի: Եթե կարելի է, տվեք ձեր անձնագիրը, որովհետեւ ձեր ազգանունը անսովոր է:

Ադմոնի (Գերցենի անվան ինստիտուտի պրոֆեսոր, լեզվաբան, գրականագետ, թարգմանիչ).- Երբ ես իմացա, որ Իոսիֆ Բրոդսկուն դատական պատասխանատվության են ենթարկել ձրիակերության մեղադրանքով, իմ պարտքը համարեցի դատարանի առաջ ասելու իմ կարծիքը: Ես ինձ իրավասու եմ համարում այդ անելու այն պատճառով, որ 30 տարի աշխատում եմ երիտասարդության հետ իբրեւ բուհերի դասախոս, այն պատճառով, որ վաղուց զբաղվում եմ թարգմանությամբ:

Իոսիֆ Բրոդսկու հետ ես գրեթե ծանոթ չեմ: Մենք բարեւում ենք միմյանց, բայց, կարծեմ, նույնիսկ երկու նախադասություն չենք փոխանակել միմյանց հետ: Այնուամենայնիվ, վերջին մեկ տարվա ընթացքում կամ գուցե մի քիչ ավելի ժամանակ ես սեւեռուն հետեւում եմ նրա թարգմանչական աշխատանքներին՝ թարգմանական երեկոներին նրա ելույթներին, նրա հրապարակումներին, որովհետեւ նրա թարգմանությունները տաղանդավոր են, վառ են: Եվ Գալչինսկուց, Ֆերնանդեսից եւ այլ բանաստեղծներից նրա կատարած այդ թարգմանությունների վրա հիմնվելով ես կարող եմ ասել, որ դրանք պահանջել են թարգմանողի կողմից կատարվող արտակարգ մեծ աշխատանք: Իսկ հրաշքներ չեն լինում: Ինքն իրե ո՛չ վարպետություն է գալիս, ո՛չ մեծ հմտություն: Դրա համար հարկավոր է երկարատեւ եւ համառ աշխատանք: Եթե նույնիսկ թարգմանիչը աշխատում է ըստ տողացի թարգմանության, նա պարտավոր է, որպեսզի իր թարգմանությունը լիարժեք լինի, պատկերացում կազմել այն լեզվի մասին, որից նա թարգմանում է, զգալ այդ լեզվի կառուցվածքը, պետք է ճանաչի այդ ժողովրդի կյանքն ու մշակույթը եւ այլն: Իսկ Իոսիֆ Բրոդսկին, դրանցից բացի, սովորել է նաեւ այդ լեզուները: Դրա համար էլ ինձ համար հստակ է, որ նա աշխատել է, աշխատել է լարված ու համառ: Իսկ երբ ես այսօր,- միայն այսօր,- իմացա, որ նա ընդամենը յոթերորդ դասարան է ավարտել, ապա ինձ համար պարզ դարձավ, թե նա ինչ ահռելի աշխատանք պիտի աներ, որպեսզի ձեռք բերեր այն վարպետությունն ու այն մշակույթը, որին նա այսօր տիրապետում է: Բանաստեղծ-թարգմանչի աշխատանքին է վերաբերում այն, ինչ ասել է Մայակովսկին բանաստեղծի աշխատանքի մասին. «Միակ բառի համար հազար տոննա բառային հանքաքար եմ հանում»:

Այն Հրամանը, ըստ որի դատական պատասխանատվության է ենթարկվում Բրոդսկին, ուղղված է նրանց դեմ, ովքեր քիչ են աշխատում, եւ ոչ թե նրանց դեմ, ովքեր քիչ են վաստակում: Ձրիակերները նրանք են, ովքեր քիչ են աշխատում: Ուստի Բրոդսկուն ձրիակերության մեջ մեղադրելը անհեթեթություն է: Չի կարելի ձրիակերության մեջ մեղադրել այն մարդուն, ով աշխատում է Բրոդսկու պես՝ աշխատում է համառ, պատրաստ իրեն զրկելու ամենաանհրաժեշտ բաներից, որպեսզի կատարելագործվի իր արվեստի մեջ եւ կարողանա ստեղծել բարձրարժեք գեղարվեստական ստեղծագործություններ:

Դատավոր.- Դուք այդ ի՞նչ էիք ասում այն մասին, թե չի կարելի դատել նրանց, ովքեր քիչ են վաստակում:

Ադմոնի.- Ես ասում էի, որ Հրամանի էությունը այն է, որ պետք է դատել նրանց, ովքեր քիչ են աշխատում, եւ ոչ թե նրանց, ովքեր քիչ են վաստակում:

Դատավոր.- Դուք ի՞նչ եք ուզում դրանով ասել: Իսկ դուք կարդացե՞լ եք մայիսի 4-ի հրամանը: Կոմունիզմը կառուցվում է միայն միլիոնների աշխատանքով:

Ադմոնի.- Ամեն մի աշխատանք, որ հանրությանը օգուտ է բերում, պետք է արժանանա հարգանքի:

Ատենակալ Տյագլի.- Որտե՞ղ է Բրոդսկին կարդացել իր թարգմանությունները եւ ի՞նչ օտար լեզուներով է կարդացել:

Ադմոնի (ժպտալով).- Նա կարդում էր ռուսերեն: Նա օտար լեզուներից թարգմանում է ռուսերեն:

Դատավոր.- Եթե ձեզ հարցնում է հասարակ մարդը, դուք պետք է բացատրեք եւ ոչ թե ժպտաք:

Ադմոնի.- Ես էլ հենց բացատրում եմ, որ նա թարգմանում է լեհերենից եւ սերբերենից ռուսերեն:

Դատավոր.- Ասեք դատարանին եւ ոչ թե հասարակությանը:

Ադմոնի.- Խնդրում եմ ինձ ներել: Դասախոսական սովորություն է՝ խոսել՝ դիմելով լսարանին:

Դատավոր.- Վկա Վոեվոդի՛ն: Դուք անձամբ ճանաչե՞լ եք Բրոդսկուն:

Վոեվոդին (Գրողների միության անդամ).- Ես ընդամենը կես տարի եմ աշխատում Միությունում: Նրա հետ անձամբ ծանոթ չեմ եղել: Նա քիչ է գալիս Միություն, միայն թարգմանչական երեկոներին: Նա, ըստ երեւույթին, հասկանում էր, թե ինչպես կվերաբերվեն իր բանաստեղծություններին, դրա համար էլ այլ միավորումներին չէր գնում: Ես կարդացել եմ նրա էպիգրամները: Դուք կկարմրեիք, ընկեր դատավորներ, եթե կարդայիք դրանք: Այստեղ խոսում էին Բրոդսկու տաղանդի մասին: Տաղանդը չափվում է միայն ժողովրդի ճանաչումով: Իսկ այդպիսի ճանաչում չկա եւ չի էլ կարող լինել:

Գրողների միությանն էին փոխանցել Բրոդսկու բանաստեղծությունների թղթապանակը: Դրանց մեջ երեք թեմա կա. առաջին թեման աշխարհից վերացածությունն է, երկրորդը՝ պոռնոգրաֆիական, երրորդը՝ Հայրենիքը, ժողովուրդը չսիրելու թեման է, որտեղ Բրոդսկին խոսում է Հայրենիքի օտարության մասին3:

Սպասեք, հիմա կհիշեմ… «Միօրինակ է ռուսական ամբոխը»4: Թող այս այլանդակ տողերը մնան իր խղճին: Բանաստեղծ Բրոդսկի գոյություն չունի: Թարգմանիչ միգուցե թե կա, բայց բանաստեղծ գոյություն չունի: Ես բացարձակորեն պաշտպանում եմ այն ընկերոջ կարծիքը, որը խոսում էր իր որդու մասին, որի վրա կործանարար ազդեցություն է թողել Բրոդսկին: Բրոդսկին երիտասարդությանը կտրում է աշխատանքից, աշխարհից ու կյանքից: Հենց սա է Բրոդսկու հակահասարակական մեծ դերը:

Դատավոր.- Դուք հանձնաժողովում քննարկե՞լ եք Բրոդսկու տաղանդը:

Վոեվոդին.- Մի կարճ ժողով է եղել, որի ընթացքում խոսքը գնում էր Բրոդսկու մասին: Բայց քննարկումը չվերածվեց լայն բանավեճի: Կրկնում եմ, Բրոդսկին սահմանափակվում էր անպարկեշտ էպիգրամներով, իսկ Միություն գալիս էր շատ հազվադեպ: Իմ ընկեր բանաստեղծ Կուկլինը մի անգամ բեմից բարձրաձայն հայտնեց իր վրդովմունքը Բրոդսկու բանաստեղծությունների հանդեպ:

Փաստաբան.- Այն տեղեկանքը, որ դուք եք գրել Բրոդսկու մասին, հավանության արժանացրե՞լ է ձեր հանձնաժողովը:

Վոեվոդին.- Էտկինդի հետ, որն այլ կարծիքի է, մենք տեղեկագիրը չենք համաձայնեցրել:

Փաստաբան.- Իսկ հանձնաժողովի մյուս անդամներին ձեր տեղեկանքի բովանդակությունը հայտնի՞ է:

Վոեվոդին.- Ոչ, այն հայտնի է հանձնաժողովի ոչ բոլոր անդամներին:

Բրոդսկի.- Իսկ ինչպես են հայտնվել ձեզ մոտ իմ բանաստեղծություններն ու իմ օրագիրը:

Դատավոր.- Ես այդ հարցը հանում եմ: Քաղաքացի Բրոդսկի, դուք դեպքից դեպք եք աշխատել: Ինչո՞ւ:

Բրոդսկի.- Ես արդեն ասել եմ: Ես աշխատել եմ ամբողջ ժամանակ: Հաստիքով, իսկ հետո բանաստեղծություն էի գրում: (Հուսահատ): Դա աշխատանք է՝ բանաստեղծություններ գրելը:

Դատավոր.- Բայց ձեր վաստակածը շատ քիչ է: Դուք ասում եք, թե տարեկան ստացել եք 250 ռուբլի, բայց ըստ տեղեկանքի, որ ներկայացրել է միլիցիան, 100 ռուբլի է:

Փաստաբան.- Նախորդ դատավարության ժամանակ որոշում ընդունվեց, որ միլիցիան ստուգի վաստակի վերաբերյալ տեղեկանքը, իսկ դա չի արվել:

Դատավոր.- Գործում ահա մի պայմանագիր կա, որ ուղարկել են հրատարակչությունից: Բայց սա պարզապես մի թղթի կտոր է, ոչ մեկի կողմից չստորագրված:

(Հավաքվածների միջից մի գրություն է ուղարկվում դատավորին, որի մեջ ասվում է, որ պայմանագիրը նաեւ պետք է ստորագրի հեղինակը, հետո միայն հրատարակչության ղեկավարները):

Դատավոր.- Խնդրում եմ ինձ այլեւս որեւէ գրություն չուղարկել:

Հասարակական մեղադրող Սորոկին.- Մեր մեծ ժողովուրդը կոմունիզմ է կառուցում: Սովետական մարդու մեջ հրաշալի ու բացառիկ հատկություն է ձեւավորվում՝ հաճույք ստանալ հասարակական օգտակար աշխատանքից: Ծաղկում է միայն այն հանրությունը, որտեղ անբանություն չկա: Բրոդսկին հեռու է հայրենասիրությունից: Նա մոռացել է գլխավոր սկզբունքը՝ ով չի աշխատում, նա չի ուտում: Իսկ Բրոդսկին տարիներ շարունակ պորտաբույծի կյանք է վարում: 1956 թվականին նա թողել է դպրոցը եւ մտել գործարան: Այդ ժամանակ նա 15 տարեկան էր: Նույն տարում էլ թողնում է աշխատանքը (Թվարկում է աշխատանքների ցուցակը եւ նորից աշխատանքների միջեւ եղած դադարները հայտարարում է անբանություն: Կարծես թե պաշտպանության վկաների բացատրությունները, թե գրական աշխատանքը նույնպես աշխատանք է, ամենեւին չեն էլ հնչել):

Մենք ստուգել ենք, որ մի աշխատանքի համար Բրոդսկին ստացել է 37 ռուբլի, իսկ ինքն ասում է, թե 150 ռուբլի:

Բրոդսկի.- Դա կանխավճար է: Դա միայն կանխավճար է: Մի մասը այն գումարի, որ ես հետո պիտի ստանամ:

Դատավոր.- Լռեք, Բրոդսկի:

Սորոկին.- Այնտեղ, որտեղ Բրոդսկին աշխատել է, բոլորին վրդովեցրել է իր անկարգապահությամբ եւ աշխատել չուզենալով: «Երեկոյան Լենինգրադ» թերթի հոդվածը մեծ արձագանք է գտել: Առանձնապես շատ նամակներ են ստացվել երիտասարդներից: Երիտասարդությունը խստորեն դատապարտում է Բրոդսկու վարքը (կարդում է նամակներ): Երիտասարդությունը կարծում է, որ Բրոդսկին տեղ չունի Լենինգրադում: Որ նա պետք է խստորեն պատժվի: Բրոդսկու մեջ լրիվ բացակայում է խղճի եւ պարտքի գիտակցությունը: Ամեն մի մարդ բանակում ծառայելը երջանկություն է համարում: Իսկ նա խուսափել է: Բրոդսկու հայրը որդուն ուղարկում է բուժարան քննության, եւ նա այնտեղից մի տեղեկանք է բերում, որն ընդունում է դյուրահավատ զինկոմիսարիատը: Մինչեւ զինկոմիսարիատ կանչվելը Բրոդսկին գրում է իր ընկեր Շախմատովին, որ ներկայումս դատապարտված է. «Ինձ հանդիպում է սպասվում Պաշտպանության կոմիտեի հետ: Քո գրասեղանը հուսալի ապաստարան կլինի իմ յամբերի համար»:

Բրոդսկին պատկանում էր մի ընկերախմբի, որ սատանայական քրքիջով է դիմավորում «աշխատանք» բառը եւ հարգանքով է լսում իր ֆյուրեր Ումանսկուն: Բրոդսկուն եւ Ումանսկուն միավորում են ատելությունը աշխատանքի եւ սովետական գրականության հանդեպ: Սրանց մոտ առանձնակի հաջողություն ունի պոռնոգրաֆիական բառերի եւ հասկացությունների հավաքածուն: Շախմատովին Բրոդսկին «սըր» է անվանում: Ոչ այլ կերպ: Շախմատովը դատի է ենթարկված: Ահա թե ինչ չարաղետ տեղից է հայտնվում Բրոդսկին: Խոսում են Բրոդսկու օժտվածության մասին: Իսկ ովքե՞ր են դա ասում: Բրոդսկու եւ Շախմատովի նման մարդիկ:

(Իմ հարեւանը տեղից կանչում է՝ Ո՞վ: Չուկովսկին ու Մարշակը նմա՞ն են Շախմատովին: Մոտենում են կարգ պահպանողները (դրուժիննիկները) եւ դուրս են տանում մարդուն)5:

Սորոկին.- Բրոդսկուն պաշտպանում են ստահակները, ձրիակերները, պորտաբույծները, ճիճուները, սրիկաները… Բրոդսկին բանաստեղծ չէ, այլ մարդ, որ փորձում է ոտանավորներ գրել: Նա մոռացել է, որ մեր երկրում մարդը պետք է աշխատի, արժեքներ ստեղծի՝ հաստոցներ, հաց: Բրոդսկուն պետք է պարտադրել աշխատանքի բռնությամբ: Նրան պետք է արտաքսել մեր հերոս-քաղաքից: Նա ձրիակեր է, պորտաբույծ, բռի, ստահակ, գաղափարապես կեղտոտ մարդուկ: Բրոդսկուն պաշտպանողները փսլինք են թափում: Իսկ Նեկրասովն ասել է.

Բանաստեղծ կարող ես դու չլինել,

Բայց քաղաքացի լինել պարտավոր ես:

Մենք այսօր դատում ենք ոչ թե բանաստեղծի, այլ ձրիակերի: Ինչո՞ւ են այստեղ պաշտպանում մի մարդու, որ ատում է մեր Հայրենիքը: Պետք է ստուգել բարոյական կերպարը այն անձանց, ովքեր պաշտպանում են Բրոդսկուն: Նա իր բանաստեղծություններում գրում է՝ «Ես սիրում եմ հայրենիքը օտար»: Նրա օրագրում այսպիսի գրառում կա. «Ես վաղուց եմ մտածում կարմիր գծից դուրս գալու մասին: Իմ շիկահեր գլխում կոնստրուկտիվ մտքեր են հասունանում»: Նա գրում է նաեւ այսպես. «Ստոկհոլմի ռատուշան ինձ ավելի շատ հարգանք է ներշնչում, քան Պրահայի Կրեմլը»: Մարքսին նա այսպես է անվանում. «Ծեր որկրամոլ, որի դեմքը շրջանակված է եղեւնու կոներով»: Իր նամակներից մեկում գրում է. «Ես թքած ունեմ Մոսկվայի վրա»:

Ահա թե ինչ են իրենից ներկայացնում Բրոդսկին եւ նրան պաշտպանողները:

(Հետո մեղադրողը մեջ է բերում նամակը մի աղջկա, որ անհարգալից է գրում Լենինի մասին: Բացարձակապես անհասկանալի է մնում, թե ինչ կապ ունի այդ նամակը Բրոդսկու հետ, ո՛չ Բրոդսկին է գրել նամակը եւ ո՛չ էլ այն Բրոդսկուն է ուղղված):

Այդ ժամանակ դատավորը դիմում է ինձ. «Դադարեցրեք գրելը»:

Ես.- Ընկեր դատավոր, ես խնդրում եմ ինձ թույլ տալ գրի առնել:

Դատավոր.- Ո՛չ:

Ես.- Ես լրագրող եմ, Գրողների միության անդամ, ես գրում եմ երիտասարդության դաստիարակության մասին, խնդրում եմ ինձ թույլ տալ գրի առնել:

Դատավոր.- Ես չգիտեմ, թե դուք այդտեղ ինչ եք գրի առնում: Դադարեցրե՛ք:

Բազմության միջից.- Խլեք դրա գրածները:

(Սորոկինը շարունակում է իր մեղադրական ճառը, հետո խոսում է դատապաշտպանը, որի ճառը ես կարող եմ ներկայացնել միայն թեզիսների տեսքով, որովհետեւ գրի առնելը ինձ արգելեցին):

ԴԱՏԱՊԱՇՏՊԱՆԻ ՃԱՌԻ ԹԵԶԻՍՆԵՐԸ

Հասարակական մեղադրողը օգտագործում էր նյութեր, որոնք մեղադրական գործում չկային, որոնք նոր էին հայտնվել գործում եւ որոնց շուրջ Բրոդսկուն չէին հարցաքննել, եւ նա դրանց շուրջ բացատրություններ չէր տվել:

Նյութերի իսկությունը, որոնք առնված էին 1961 թվականին լսված հատուկ գործից, մեր կողմից չի ստուգվել, եւ այն, ինչ մեջ է բերում հասարակական մեղադրողը, մենք հնարավորություն չունենք ստուգելու: Եթե խոսքը գնում է Բրոդսկու օրագրին, ապա այն վերաբերում է 1956 թվականին: Դա պատանեկան օրագիր է: Հասարակական մեղադրողը իբրեւ հասարակական կարծիք վկայակոչում է ընթերցողների նամակները՝ ուղղված «Երեկոյան Լենինգրադ» թերթին: Նամակների հեղինակները Բրոդսկուն չեն ճանաչում, իր բանաստեղծությունները չեն կարդացել եւ դատում են կանխակալորեն եւ ըստ փաստերի շատ բաներով ոչ ճիշտ լրագրային հոդվածի: Հասարակական մեղադրողը վիրավորում է ոչ միայն Բրոդսկուն, գործածելով «բռի», «ձրիակեր», «պորտաբույծ», «հակասովետական տարր» բառերը, այլեւ նրանց, ովքեր պաշտպանում են Բրոդսկուն՝ Մարշակին ու Չուկովսկուն, ինչպես նաեւ հարգարժան վկաներին: Այսպիսով, չունենալով առարկայական ապացույցներ, հասարակական մեղադրողը օգտվում է անթույլատրելի հնարքներից ու միջոցներից:

Ի՞նչ փաստեր ունի մեղադրող կողմը:

ա) Տեղեկանք 1956 թվականից մինչեւ 1962 թվականի աշխատանքային գործունեության մասին: 1956 թվականին Բրոդսկին եղել է 16 տարեկան, նա կարող էր շարունակել իր ուսումը եւ, օրենքի համաձայն, իր ծնողների խնամքի տակ լինել մինչեւ 18 տարեկանը: Աշխատանքի վայրը հաճախակի փոխելը բնավորության ջղաձիգ գծերի ազդեցության եւ կյանքում միանգամից իր տեղը չգտնելու հետեւանք է: Աշխատանքային դադարները բացատրվում են, մասնավորապես, երկրաբանական արշավախմբերի ժամանակին լինելու պատճառով: Մինչեւ 1962 թվականը ոչ մի պատճառ չկա խոսելու աշխատանքից խուսափելու մասին:

(Փաստաբանը խոսում է ատենակալների հանդեպ իր հարգանքի մասին, բայց ափսոսում է, որ ատենակալների մեջ չկա մի մարդ, որ գիտենար գրական աշխատանքի հետ կապված հարցերը: Երբ մեղադրում են որեւէ անչափահասի, ապա ատենակալների մեջ անպայման լինում է մի ատենակալ-մանկավարժ: Եթե մեղադրյալի աթոռին բժիշկ է, ապա ատենակալների մեջ անպայման մի բժիշկ կա: Ինչո՞ւ այս արդարացի եւ բանական մոտեցումը մոռացվում է, երբ հարցը վերաբերում է գրողներին):

բ) Հաստիքով Բրոդսկին չի աշխատում 1962 թվականից: Այնուամենայնիվ ներկայացված են հրատարակչության հետ իր ունեցած XI.1962 եւ X.1963 պայմանագրերը, հեռուստատեսության ստուդիայի տեղեկանքը, «Խարույկ» ամսագրի տեղեկանքը, հարավսլավական բանաստեղծների թարգմանությունների գրքի տպագրությունը խոսում է ստեղծագործական աշխատանքի մասին:

Այդ աշխատանքի որակը: Կա մի տեղեկանք, որ ստորագրել է Ե. Վոեվոդինը, խիստ բացասական, հակասովետական գործունեության անթույլատրելի մեղադրանքներով, տեղեկանք, որ հիշեցնում է անհատի պաշտամունքի վատթարագույն ժամանակների փաստաթղթերը: Պարզվեց, որ այդ տեղեկանքը Հանձնաժողովում չի քննարկվել, Հանձնաժողովի անդամներին այն անծանոթ է, եւ այդպիսով, այն արձակագիր Վոեվոդինի միանձնյա կարծիքն է: Բայց եւ կան կարծիքները այնպիսի մարդկանց, ովքեր թարգմանական գործի լավագույն գիտակներ ու վարպետներ են, ինչպիսիք են Մարշակն ու Չուկովսկին: Վկաները՝ Վ. Ադմոնին՝ խոշոր գրականագետ, լեզվաբան, թարգմանիչ, Էտկինդը՝ թարգմանական գրականության գիտակ, թարգմանիչների մասնաճյուղի բյուրոյի անդամ եւ երիտասարդ հեղինակների հետ աշխատող հանձնաժողովի անդամ, գրող եւ բանասեր Ն. Գրուդինինան, որը շատ է աշխատել երիտասարդ հեղինակների հետ: Նրանք բոլորը բարձր են գնահատում Բրոդսկու աշխատանքը իբրեւ թարգմանչի եւ խոսում են կատարված մեծ աշխատանքի մասին, որ նա կատարել է թարգմանելու համար այն, ինչ նա թարգմանել է 1963 թվականին: Այստեղից եզրակացություն. Վոեվոդինի տեղեկանքը չի կարող հերքել այս անձերի կարծիքը:

գ) Մեղադրող կողմի վկաներից եւ ոչ մեկը Բրոդսկուն չի ճանաչում, նրանից բանաստեղծություններ չի ստացել եւ չի լսել նրա կարդացածը: Վկաները ցուցմունք են տալիս հենվելով ինչ-որ անհասկանալի ճանապարհներով ձեռք բերած եւ չստուգված փաստաթղթերի հիման վրա եւ արտահայտում են իրենց կարծիքը՝ այն վերածելով մեղադրական ճառի: Նրանք ավելի շուտ մեղադրողներ են, քան վկաներ:

Ուրիշ փաստեր ու նյութեր մեղադրող կողմը չունի:

Դատարանը պետք է քննարկումից հանի.

1. Նյութերը հատուկ գործի, որ քննության է առնվել 1961 թվականին, որի շուրջ Բրոդսկու վերաբերմամբ վճիռ է կայացվել՝ գործը կարճել:

Եթե Բրոդսկին այն ժամանակ կամ ավելի ուշ գործեր հակասովետական արարք, եթե գրեր հակասովետական բանաստեղծություններ, դա արդեն կլիներ պետանվտանգության քննչական օրգանների քննության առարկա:

Բրոդսկին իսկապես ծանոթ է եղել Շախմատովին եւ Ումանսկուն եւ գտնվել է նրանց ազդեցության տակ: Բայց, բարեբախտաբար, նա վաղուց ազատվել է այդ ազդեցությունից: Մինչդեռ հասարակական մեղադրողը կարդում էր այդ տարիների գրառումներ, դրանք մատուցելով ժամանակից ու տարածությունից դուրս, ինչով, բնականաբար, հարուցեց հավաքված մարդկանց զայրույթը ընդդեմ Բրոդսկու: Հասարակական մեղադրողը այնպիսի տպավորություն ստեղծեց, իբր թե հիմա էլ Բրոդսկին պաշտպանում է իր հին հայացքները, ինչը կատարելապես ճիշտ չէ: Բազմաթիվ երիտասարդներ, որոնք եղել են Ումանսկու ընկերախմբում, շնորհիվ շրջահայաց հասուն մարդկանց միջամտության, վերադարձել են իրենց բնականոն կյանքին: Նույնն է եղել վերջին երկու տարում նաեւ Բրոդսկու հետ: Նա սկսեց շատ ու արդյունավետ աշխատել, բայց ահա այդ ժամանակ էլ նրան ձերբակալեցին:

2. Բրոդսկու բանաստեղծությունների որակի հարցը: Մենք դեռ չգիտենք, թե գործին կցված բանաստեղծություններից որո՞նք են պատկանում Բրոդսկու գրչին, քանի որ նրա հայտարարությունից պարզ է դառնում, որ այնտեղ կան մի շարք բանաստեղծություններ, որոնք Բրոդսկուն չեն պատկանում:

Որպեսզի մենք կարողանանք դատել այն մասին, թե անկումային են այդ բանաստեղծությունները, հոռետեսական, թե՞ քնարական, պետք է կատարվի հեղինակավոր գրականագիտական փորձաքննություն. ոչ դատարանը, ոչ կողմերը չեն կարող լուծել այս հարցը:

Մեր խնդիրն է՝ պարզել, ձրիակե՞ր է արդյոք Բրոդսկին, որ ապրում է ոչ աշխատանքային եկամուտներով եւ վարում է պորտաբույծ կյանք:

Բրոդսկին բանաստեղծ-թարգմանիչ է, որ իր աշխատանքն է ներդնում եղբայրական հանրապետությունների, խաղաղության համար մղվող պայքարին մասնակից ժողովրդական դեմոկրատիայի երկրների բանաստեղծների թարգմանությա գործում: Նա հարբեցող չէ, նա անբարո մարդ չէ, նա ընչաքաղց չէ: Նրան նախատում են այն բանի համար, որ նա քիչ հոնորար է ստացել, հետեւաբար, դուրս է գալիս, որ քիչ է աշխատել:

(Փաստաբանը հանգամանալից տեղեկացնում է գրական աշխատանքի առանձնահատկության եւ վճարումների կարգի մասին: Նա խոսում է թարգմանության ընթացքում կատարվող վիթխարի աշխատանքի, օտար լեզուներ ուսումնասիրելու եւ սովորելու, թարգմանվող հեղինակների ստեղծագործության ուսումնասիրության անհրաժեշտության մասին: Ու նաեւ այն մասին, որ ներկայացվող ոչ բոլոր գործերն են ընդունվում եւ վճարվում):

Կանխավճարների կարգը: Թվերը, որոնք դեր են խաղում այս գործում, ճիշտ չեն, սխալ են: Ըստ Բրոդսկու հայտարարության, այդ գումարները ավելի մեծ են: Անհրաժեշտ էր այդ բոլորը ստուգել եւ ճշտել: Գումարները աննշան են: Ուրեմն, ինչո՞վ էր ապրում Բրոդսկին: Բրոդսկին ապրում էր ծնողների հետ, որոնք նրան, իբրեւ բանաստեղծ կայանալու ժամանակահատվածում, նյութապես նեցուկ են եղել: Անաշխատ եկամուտի որեւէ աղբյուր Բրոդսկին երբեք չի ունեցել: Նա ապերլ է համեստ, որպեսզի հնարավորություն ունենա ապրելու, իր սիրած գործով զբաղվելու:

Եզրակացություններ.

Պարզված չէ Բրոդսկու պատասխանատվության հանգամանքը: Բրոդսկին պորտաբույծ չէ, եւ չի կարելի նրա հանդեպ ներգործման վարչական միջոցներ կիրառել:

4.V.1961 թ. հրամանի նշանակությունը շատ մեծ է: Այն իրոք զենք է քաղաքը իսկական ձրիակերներից եւ պորտաբույծներից մաքրելու համար: Անհիմն մեղադրանքը վարկաբեկում է Հրամանի գաղափարը:

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1963 թվականի մարտի 10-ի որոշումը պարտադրում է դատարաններին քննադատորեն նայելու ներկայացվող նյութերին, թույլ չտալ դատապարտելու նրանց, ովքեր իրականում աշխատում են պաշտպանել մեղադրվողների իրավունքները, մասնավորապես այն, որ նրանք կարողանան ծանոթանալ իրենց գործին եւ հնարավորություն ունենան իրենց անմեղության ապացույցներ ներկայացնելու:

Բրոդսկին անհիմն ձեւով կալանվել է 1964 թվականի փետրվարի 13-ին եւ զրկված է եղել իր անմեղության ապացույցներ ներկայացնելուց:

Չնայած դրան, դատարանին ներկայացված ապացույցները արդեն բավական են եզրակացնելու համար, որ Բրոդսկին ձրիակեր եւ պորտաբույծ չէ:

(Դատարանը գնում է խորհրդակցության: Հայտարարվում է ընդմիջում):

ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ

– Գրողնե՛ր: Դրանց բոլորին հանես ջրի երես:

– Ինտելիգենտնե՛ր: Փաթաթվել են մեր վզին:

– Իսկ ինտելիգենցիան ի՞նչ է, չի՞ աշխատում: Նա էլ է աշխատում:

– Իսկ դու, ի՞նչ ես ասում: Չե՞ս տեսել, ինչպես է աշխատում: Ուրիշի աշխատանքն է օգտագործում:

– Ես էլ պիտի տողացի ճարեմ եւ սկսեմ բանաստեղծություն թարգմանել:

– Իսկ դուք գիտե՞ք, թե տողացին ինչ է: Դուք գիտե՞ք, թե բանաստեղծը ինչպես է թարգմանում տողացիով:

– Պահ, զարմացրիք, գո~րծ է:

– Ես Բրոդսկուն ճանաչում եմ: Նա լավ տղա է ու լավ բանաստեղծ է:

– Հակասովետական տիպ է նա: Լսեցի՞ք, թե մեղադրողն ի՞նչ էր ասում:

– Իսկ դատապաշտպանն ի՞նչ էր ասում, լսեցի՞ք:

– Պաշտպանը փողով է խոսում, իսկ մեղադրողը՝ անփող: Ուրեմն, նա ճիշտ է:

– Իհարկե, պաշտպանները միայն թե շատ փող ստանան: Նրանց համար մեկ է, թե ինչ կասեն, մենակ թե գրպանները շատ փող լցվի:

– Հիմար բան եք ասում:

– Հայհոյո՞ւմ եք: Հիմա դրուժիննիկներին կկանչեմ: Լսեցինք, ի՞նչ մեջբերումներ էին անում:

– Նա դրանք վաղուց է գրել:

– Ինչ անենք, որ վաղուց է գրել:

– Ես էլ ուսուցիչ եմ: Եթե իմ դաստիարակությանը չհավատացի, ինձնից ինչ ուսուցիչ:

– Ձեզ նման ուսուցիչները մեզ պետք չեն:

– Դպրոց ենք ուղարկում մեր երեխաներին, բայց նրանց ի՞նչ են սովորեցնում:

– Բայց Բրոդսկուն նույնիսկ թույլ չտվեցին արդարանալու:

– Հերիք է: Կուշտ ենք ձեր Բրոդսկիով:

– Իսկ դուք, դուք, որ գրի էիք առնում: Ինչո՞ւ էիք գրի առնում:

– Ես լրագրող եմ: Գրում եմ դաստիարակության մասին, ուզում եմ նաեւ այս մասին գրել:

– Իսկ ի՞նչ կա այս մասին գրելու: Ամեն ինչ պարզ է: Դուք բոլորդ մեկ եք: Մարդ խլի ձեր գրածները:

– Փորձե՛ք:

– Իսկ ի՞նչ կլինի այդ ժամանակ:

– Իսկ դուք փորձեք խլել: Այդ ժամանակ կիմանաք:

– Ըհը՛: Սպառնո՞ւմ եք: Էյ, դրուժիննիկ, այստեղ մեզ սպառնում են:

– Նա կարգ պահպանող է, դրուժիննիկ է եւ ոչ թե ոստիկան, որ կառչի ամեն բառից:

– Էյ, դրուժիննի~կ: Այստեղ ձեզ ոստիկան են անվանում: Մարդ ձեր բոլորին դուրս քշի Լենինգրադից, այն ժամանակ կիմանայիք, թե ինչն ինչոց է, ձրիակերնե՛ր:

– Ընկերներ, ի~նչ եք ասում: Նրան կարդարացնեն: Լսեցի՞ք ինչ ասաց դատապաշտպանը:

Դատարանը վերադառնում է, եւ դատավորը կարդում է դատավճիռը:

Բրոդսկին մշտապես չի կատարել սովետական մարդու պարտականությունները նյութական արժեքներ ստեղծելու եւ անձնապես ապահովվելու առումով, ինչը երեւում է աշխատանքի տեղի հաճախակի փոփոխումից: 1961 թվականին նախազգուաշցվել է Մոսկվայի պետական անվտանգության եւ 1963 թվականին՝ միլիցիայի կողմից: Խոստացել է ընդունվել մշտական աշխատանքի, բայց եզրակացություններ չի արել, շարունակել է չաշխատել, գրել եւ գրական երեկոներին կարդացել է իր անկումային բանաստեղծությունները, երիտասարդ բանաստեղծների հետ աշխատող հանձնաժողովի տեղեկանքից երեւում է, որ Բրոդսկին բանաստեղծ չէ: Նրան դատապարտել են «Երեկոյան Լենինգրադ» թերթի ընթերցողները: Դրա համար դատարանը կիրառում է 1961 թվականի մայիսի 4-ի հրամանը. Բրոդսկուն հինգ տարով աքսորել հեռավոր վայրեր պարտադիր աշխատանքի կիրառումով:

Դրուժիննիկներ (դատապաշտպանի կողքով անցնելով).- Հը՞~, գործը տարվեցիք, ընկեր փաստաբան:

Փետրվար-մարտ, 1964

Հրապարակումը՝ Ա. Ա. ՌԱՍԿԻՆԱՅԻ

Ծանոթագրություններ

1. Ֆ. Սորոկինին դատարանի կազմի մեջ են մտցրել հակառակ Ի. Բրոդսկու եւ փաստաբանի դեմ լինելուն:

2. Հոդվածը տպագրվել է 1963 թվականի նոյեմբերի 29-ին, եւ այն ստորագրել էին, Վ. Լերներից բացի, Ա. Իոնինը եւ Մ. Մեդվեդեւը: 1964 թվականի հունվարի 8-ին նույն «Երեկոյան Լենինգրադ» թերթում տպագրվում է ընթերցողների նամակների մի հավաքածու՝ «Ձրիակերները տեղ չունեն մեր քաղաքում» ընդհանուր խորագրով:

3. Վոեվոդինը (ինչպես որ հետագայում Ֆ. Սորոկինը իր մեղադրական ճառում) միտումնավոր աղավաղում է Ի. Բրոդսկու «Երկրով անցնելիս սիրիր բարեկամներիդ հայրենիքը» (1961) բանաստեղծությունը, որտեղ «օտար հայրենիք» ասելով հասկանում է Մոսկվան:

4. Ի. Բրոդսկու «Шествие» պոեմի ենթատեքստից փրցված մի տող:

5. Կ. Ի. Չուկովսկու եւ Ս. Յա. Մարշակի պատվին ջատագով է կանգնում պատմաբան եւ հրապարակախոս Ե. Ա. Գնեդինը (1898-1983), նախկինում՝ արտաքին գործերի ժողկոմատի պատասխանատու աշխատող, որ տասնվեց տարի անց է կացրել ստալինյան ճամբարներում եւ աքսորավայրերում:

Ծանոթագրությունները՝ Է. Լ. ԲԵԶՆՈՍՈՎԻ

ՁՐԻԱԿԵՐ ԲՐՈԴՍԿՈՒ ԴԱՏԸ

N 15 շինվերանորոգչական գրասենյակի ակումբի ընդարձակ դահլիճը երեկ լցրել էին Ձերժինսկու շրջանի աշխատավորները: Այստեղ կայացավ ձրիակեր Ի. Բրոդսկու դատավարությունը: Նրա մասին գրվել է «Մերձգրական բոռ-ձրիակերը» հոդվածում, որ տպագրվել է մեր թերթի 1963 թվականի 281-րդ համարում:

Շրջանային ժողդատարանի արտագնա նստաշրջանը բացեց նախագահողը՝ դատավոր Ե. Ա. Սավելեւան: Ժողովրդական ատենակալներն էին բանվոր Տ. Ա. Տյագլին եւ թոշակառու Մ. Ի. Լեբեդեւան:

Ընթերցում են Ձերժինսկու միլիցիայի շրջանային բաժանմունքի եզրակացությունը: Բրոդսկին 24 տարեկան է, յոթերորդ դասարանի կրթություն ունի, իրեն գրական հանճար երեւակայելով մշտական որեւէ տեղ չի աշխատում: Այդ ձրիակերի անդուր դեմքը առանձնապես պարզ է երեւում հարցաքննության ժամանակ:

– Ձեր ընդհանուր աշխատանաքյին ստա՞ժը,- հարցնում է դատավորը:

– Ես դա հստակ չեմ հիշում,- պատասխանում է Բրոդսկին ընդհանուր ծիծաղի ներքո:

Ո՞նց կարող է հիշել, երբ սկսած 1956 թվականից Բրոդսկին 13 աշխատատեղ է փոխել, ամեն տեղ մնալով մինչեւ երեք ամիս: Իսկ վերջին տարիներին առհասարակ չի աշխատել:

Իրեն երեւակայելով, Բրոդսկին խոսում է իր իբր թե հանճարեղության մասին, ճռճռան ֆրազներ է արտասանում, անամոթաբար հայտարարում է, թե միայն ապագա սերունդները կարող են հասկանալ իր բանաստեղծությունները: Այդ հայտարարությունը դահլիճում ուրախ ծիծաղ է առաջացնում:

Չնայած բոլորի համար ակնհայտ Բրոդսկու հակահասարակական վարքի ու պահվածքին, որքան էլ զարմանալի լինի, գտնվել են Բրոդսկու պաշտպաններ: Բանաստեղծուհի Ն. Գրուդինինան, Գիտությունների ակադեմիայի Լեզվաբանության ինստիտուտի Լենինգրադյան բաժանմունքի ավագ գիտական աշխատակից Վ. Ադմոնին, Ա. Ի. Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտի դոցենտ Ե. Էտկինդը, որոնք դատավարության ընթացքում հանդես եկան իբրեւ պաշտպանության վկա, փրփուրը բերանին ուզում էին ապացուցել, որ Բրոդսկին, որ ընդամենը մի քանի ոտանավոր է հրապարակել, ամենեւին ձրիակեր չէ: Այդ նույն բանն էր կրկնում եւ փաստաբան Զ. Տոպորովան:

Բայց մեղադրական կողմի վկաները լրիվ մերկացրին Բրոդսկուն իբրեւ ձրիակերի, բացահայտեցին նրա ոտանավորների վնասակար, այլասերող ազդեցությունը երիտասարդության վրա: Այդ մասին վրդովմունքով խոսեցին գրող Ե. Վոեվոդինը, Վ. Ի. Մուխինայի անվան գեղարվեստա-տեխնիկական բարձրագույն ուսումնարանի ամբիոնի վարիչ Ռ. Ռոմաշովան, թոշակառու Ա. Նիկոլաեւը, խողովակ տեղադրող բանվոր Պ. Դենիսովը, պաշտպանության տան դիրեկտոր Ի. Սմիրնովը, Էրմիտաժի դիրեկտորի տեղակալ Պ. Լոգունովը: Նրանք նշեցին նաեւ, որ շատ բանով մեղավոր են Բրոդսկու ծնողները, որոնք խրախուսել են որդուն, խրախուսել նրա անբանությունը: Նրա հայրը՝ Ա. Բրոդսկին, փաստորեն պահել-կերակրել է մեծահասակ պորտաբույծի:

Դատավարության ընթացքում վառ ճառով հանդես եկավ ժողովրդական մեղադրողը՝ Ձերժինսկու շրջանի ժողովրդական դրուժինայի ներկայացուցիչ Ֆ. Սորոկինը:

Ուշադիր լսելով կողմերին եւ հանգամանորեն ուսումնասիրելով գործում եղած փաստաթղթերը, ժողովրդական դատարանը կայացրեց վճիռ. ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի 1961 թվականի մայիսի 4-ի Հրամանի համաձայն՝ Իոսիֆ Բրոդսկուն Լենինգրադից արտաքսել առանձնահատուկ նշված վայրեր հինգ տարի ժամանակով՝ նրան ենթարկելով պատժիչ պարտադիր աշխատանքի:

Այս որոշումը դահլիճում ներկա գտնվողները ընդունեցին մեծ գոհունակությամբ:

«Երեկոյան Լենինգրադ»

Ռուսերենից թարգմանությունը՝ Յու. Խաչատրյանի

Share Button

3 Կարծիք

  • Կարեն Անտաշյան says:

    Այստեղ Բրոդսկու գործերի մեծ հավաքածու կա (ռուսերեն)

    http://www.litera.ru/stixiya/authors/brodskij/all.html#kak-zhal-chto

  • Pachyan says:

    20-րդ դարի վերջին պոետը…

  • Artur says:

    Վերը հիշատակված Սալամոն Վոլկովի հետ երկխոսության ժամանակ Բրոդսկին պատմում է, որ 1972-ին ՍՍՀՄ-ից արտաքսելուց առաջ <> հանդեսի հանձնարարությամբ Հայաստանում աշխատել է հայկական բանահյուսության թարգմանության վրա: Այս կապակցությամբ կան լրացուցիչ նյութեր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *