Ես լավ գիտեմ, թե ում անտառն է սա։
Անտառապահը գյուղում է հիմա
Ու չի կասկածում, որ այստեղ կանգնած
Դիտում եմ ձյունոտ անտառը նրա։
Զարմանում է իմ ձիուկը թմրած՝
Ինչու՞ կանգնեցինք դաշտերում այս բաց,
Անտառի ու այս լճակի միջև,
Այն էլ գիշերվա ժամին մթամած։
Զանգուլակներն է ցնցում հևիհև՝
Ինչու՞ ենք կանգնել դաշտերում այս սև։
Լսվում է միայն մեղմիկ մի հառաչ,
Փաթիլներ իջնող ու քամի թեթև։
Անտառը այնպես խորն է ու մթին,
Բայց խոստում ունեմ ես տված մեկին,
Ու երկա՜ր ճամփա՝ քնելուց առաջ,
Ու երկա՜ր ճամփա՝ քնելուց առաջ։
Թարգմանությունը անգլերենից՝ Սամվել Մկրտչյանի

