Հոկտեմբերի 27-ին, ժ․ 19․00 Պատանի հանդիսատեսի թատրոնում Արմինե Բոյաջյանի «Նապաստակ»-ը վերջապես կհանդիպի իր ընթերցողներին, հերոսներին, ընկերներին․․․
Մուտքն ազատ է:
Ֆեյսբուքյան միջոցառմանը կարող եք միանալ այստեղ
«Նկարում եմ նապաստակ» գրքից
…Նա ձևն ունի իմ ձեռքերի,
Նա գույնն ունի իմ աչքերի,
Նա սուզվում է իմ ստվերում,
Ինչպես քարը երկնքի մեջ…
Պոլ Էլյուար
-Դու սիրո՞ւմ ես ինձ, Անյա´, – ամեն օր հարցնում էի իմ շիկահեր, պեպենոտ, վիլվետե շալվարով, դեղին դարսերով վերնաշապիկ հագած տիկնիկին: Նա քնում ու արթնանում էր հետս, ուներ իր առանձին ափսեն, դանակ-պատառաքաղը, բաժակները` ջրի ու մածնի, հատուկ աթոռը, փոքրիկ վերմակը, ասեղնագործած բարձը: Ապրում էր ինձ պես. երգում էր խոհանոցում, լողասենյակում, ննջարանում, երգում էր բարձր, ձայնը գլուխը գցած: Տխրում, երբ մի բան իր սրտով ու ուզածի պես չէր: Պատշգամբում նստած սպասում էր հորս, երբ երեկո էր ու նրա գալու ժամը: Միշտ անթարթ նայում էր աչքերիս: Ես Անյայից սովորեցի մարդկանց հետ խոսելիս ուղի´ղ նայել նրանց աչքերին. բիբն ու ոսպնյակը խաբել չգիտեն:
***
-Արմի´ն, դու աճառաձուկ կերած կա՞ս:
-Զահլես մի´ տար: Էդպիսի ձուկ չկա´:
-Կա´, լուրջ եմ ասում, ես կերել եմ:
-Որտե՞ղ ես կերել, գլուխգովան լակո´տ: Էդ ո՞նց եղավ, դու կերել ես, ես` չէ, եթե մենք նույն տանն ենք ապրում:
-Ընկերներիցս մեկի տանն եմ կերել, լո´ւրջ:
Աճառաձկան ցեցը գցեց ուղեղիս մեջ, կոշիկները հագավ.
-Մեկ էլ լակոտ չասե´ս, սիրուն բառ չի, – ու տնից դուրս թռավ:
Տխրեցի: Երևի նրանից, որ առանց ինձ էր կերել էդ գրողի տարած ձուկը կամ էն կասկածից, որ հոգուս հետ էր խաղում: Մեծ եղբայրներս էդպես էին սիրում ինձ: Ամբողջ ցերեկվա մեջ սուտ-մուտ բաներ էին փչում, երեկոյան ստերը հերթով բռնում էի, թեև դրանք անշառ ստեր էին, ավելի շատ հանաք էր, ներվակերություն: Իրենք ցերեկն էին ցնծում, ես` երեկոյան:
-Սև շունի´կ, – ասաց հայրս, երբ արդեն գնում էի քնելու, – աճառաձուկ իսկապես կա, պարզապես չեմ կարծում, որ էդ ախմախը կերած լինի: Բայց էդպիսի դեպքերում բառարան բացիր:
-Պա´պ, իսկ Ջեքսոնը Հայաստանում համերգ ունեցե՞լ է, երբ ես շա˜տ փոքր եմ եղել:
-Չէ´, էդ մեկը հաստատ չի եղել, հանգիստ քնի´ր:
Շապիկներիս վրա գուաշով ու ջրաներկով գրված էր` M.J., ալբոմներում նրա լուսանկարներն իմից շատ էին, ամեն առավոտ բուֆետի համար ինձ տրվող դրամները «Շիրակ» հանրախանութում աֆիշներ էին դառնում, որոնք ես փակցնում էի այնտեղ, որտեղ մայրս չէր բողոքի.
-Խնդրում եմ, էս տունը կոշկակարի բուդկա մի´ սարքիր:
Շինարարների փողոցում, հենց սկզբնամասում շենքի նկուղային հատվածում կասսետների վարձույթի տեղ կար, մեր լեզվով «Վահիկի զապիսնոցն» էր: Անցնելուց եթե Վահիկը ձեռքով ինձ կանչում էր, նշանակում էր` նորություն կա: Կար նոր ալբոմ, ուրեմն առաջինը ես պիտի ունենայի: Կարճ ասած` շատ կտխրեի, եթե Ջեքսոնը եկած լիներ, ու ես նրան տեսած չլինեի: Կտխրեի` խռովելով բոլորից: Բայց նա Երևան չէր եկել, ու ես պառկեցի` մշտական ամպահաս երազանքներովս: Տեղերումս շուռումուռ գալով էնքան պատմություն էի մոգոնում, մինչև բժժում, քնում էի: Ամեն օրվա հետ պատմություններս ուռճանում էին, կերպարները` շատանում. ալվլան գույներ էի տալիս` հիմնական ֆաբուլային չդիպչելով: Բոլոր սյուժեներս խիստ մտածված էին ու պատճառաբանված: Իմ տեսիլքներում ոչինչ անպատասխան չէր, ոչինչ չէր հյուսվում պատահականության սկզբունքով. եթե կար հերոս, ուրեմն նրա գոյությունն իմաստավորված էր և իմ պատմություն էր եկել կարևոր գործով: Ամեն օր սպասում էի իրականության մեջ իմ «դրամատիկական երկի» ձևակերպմանն ու պրոյեկտմանը: Կար մի սուր զգացողություն, որ հեքիաթս մարմին է հագնելու: Գիշերը թատրոն էր ծնում իմ մեջ, ես անգիտակ էի: Տեսիլքներ էին հայտնվում` փայտե հատակապատ բեմեր, պլպլան զգեստներ, դեղին, աչք ծակող մեծ լամպեր, իջնող-բարձրացող հաստ վարագույրներ, դիմակներ` ներկված բրոնզով, արծաթով, ոսկով: Մոգոնողն է´լ էի ես, ռեցենզիստն է´լ. թե աննշան շեղում էր լինում, միանգամից ինքս ինձ դիտողություն էի անում, վերադառնում էն խաչմերուկին, խաչմերուկի էն կետին, որտեղից «թեք էի եղել», հատված առ հատված ուղղելով, տեսարաններն իրար ձուլելով` շարունակում էի: Լուցկու չոփերով պահում էի փակվող կոպերս. վախենում էի քնել ու կորցնել հեքիաթներս:
***
Ամենագթած, ամենաբժիշկ, ամենազնին, ամենագո, ամենահաս, ամենամերձ, ամենալույս, ամենագետ ու անեղածին է Տիեզերքը: Մարդ հորինելիս Նա չի սխալվում: Կիսատես մարդիկ կարծում են` այստեղ վերջանում է ազատությունը: Ամենատեսները գիտեն, որ այն հենց այստե´ղ է սկսվում: Հոգին ճանաչում է իր ճանապարհը, նպատակն ու առաքելությունը: Հոգին միադավան է, միալեզու: Նա էյդոսների տիրույթում ընտելանում է հավերժի, բացարձակի, մուսաների, ակունքից բխող չպղծված լուսանվագների հետ, այնտեղ գիտակցում է բարիքն ու ճշմարիտը, սովորում երկրի վրա ապրելու կերպը` ներդաշնակ գերագույն ամենածին Մտքի հետ: Մարմինը կաղապար չէ, այլ` գործելու միջոց:
Հոգին հուշում էր ինձ իմ ճանապարհը:
***
-Դու սիրո՞ւմ ես ինձ, Անյա´, – ամեն օր հարցնում էի իմ շիկահեր, պեպենոտ, վիլվետե շալվարով, դեղին դարսերով վերնաշապիկ հագած տիկնիկին: Նա երկար լսում էր ինձ, կկոցում մուգ թարթիչներն ու.
-Սիրո´ւմ եմ:
***
-Սո˜ւս, մա´մ, Անյան քնած է:
-Ինչո՞ւ Անյայի թեյը չես տաքացրել:
-Պա´պ, Անյայի համար էլ ժակետ կառնե՞ս:
***
Անյայի հետ ես խոսում էի այնպես, ինչպես դերասաններն իրենց տեքստերը կարդում են բեմից` պահանջվող շեշտադրությամբ, անհրաժեշտ դադարով, ռիթմով` բնական երաժշտականություն հաղորդելով խոսքիս: Ինչպես հետո հասկացա, ես սոցռեալիզմի սիրահար էի. արհեստական ամեն ինչ ծակում էր աչքս ու ականջս: Անյան խստապահանջ ունկնդիր էր: Տեսնում էի, թե ինչպես էին կիտվում հոնքերը, մթնում դեմքը, երբ պատահած նախադասության մեջ աղճատված ու անհարթ բառ էի «դուրս գցում»:
***
Չորս տարեկան էի: Մի ձեռքով հորս բաճկոնի թևքից կախ ընկած, մյուսով` գրկած շիկահերիս, հրապարակի շատրվաններից քայլում էինք դեպի Նալբանդյան փողոց. Մինասի հուշատախտակի բացումն էր: Երևանի էդ հատվածն իմ ամենասիրելի տեղերից էր: Ցերեկներն էդ ջրերի մեջ էինք` աղջիկ-տղա, ծանոթ-անծանոթ, մի հասարակ տռուսիկով. դա մեր ընդհանուր «ընտանեկան» լողավազանն էր: Երեկոն իջնելուն պես մեր շատրվաններն սկսում էին երգել: «Աշխարհում շատ քիչ քաղաքների շատրվաններ երգել գիտեն» – սա օդում ճախրող ամենակիրառվող նախադասությունն էր, որով սկսվում ու ավարտվում էին տեղում իրար հետ ծանոթացած երևանցիների բազմաթեմա զրույցները: Չթե, քամու հետ խաղացող դեյրաներ, թաց տոտիկներով տաք սալիկների վրա վազվզող մանուկներ, կվաս վաճառող, ճերմակ գոգնոցով, հաստլիկ, մեծ կրծքերով, գանգրամազ տիկին, կաթնաբույր ու վանիլահամ պաղպաղակ, տուֆից շենքեր` արևից տաքացած, արևի հոտով… Ցուցամատն ինձ պարզած կիսաճաղատ հպարտ քարե տղամարդը Լենինն էր, որ անթաղ էր ու անգերեզման: Ոչ թե մի կարգին թաղող չէր ունեցել, ինչպես Չարենցը, այլ նրան սովետական «խաղաղասեր» ու «հաշտ» ժողովուրդները բարձրացրել էին, «դրել» բաբելոնյան աշտարակի գլխին, Վերի հետ մեկ արել` մեր մտքի մեջ նրան անմահ կարգելով: Նրա մասին բոլորս անվերապահ գիտեինք մի տափակ ոտանավոր` «Լենին պապիկն էլ մանուկ է եղել, մեզ նման պստիկ, ժիր ու սիրունիկ…»: Ազգերի խուլ ականջներին սոցիալիզմի մասին երկար, լպրծուն լապշաներ կախ տվող բռնակալը մեր թոթով լեզվին դառնում էր մեզ նման մեկը, մեր հերոսը, սիրելին ու ընկերը:
-Անյա´, տեսնո՞ւմ ես այս մարդուն: Նա Լենինն է:
Անյան ուշադիր նայում էր քարե ահռադեմ հսկային:
-Կոմունիստ ու դալտոնիկ Լենինն է, որ մի գրչով ծախեց մեր հողերը,- չդիմացավ հայրս: Նա երբեք պարտիական չդարձավ, միշտ պատռեց բոլոր անդամատոմսերը, որոնք ամեն տարի սարքվում, դրվում էին սեղանին` սպասելով ստորագրության: Անդրժվելի էր, սկզբունքի համար մեռնելու պատրաստ: Էդ անդամատոմսը չստորագրելու համար մեր տուն մի քանի անգամ գնաց-եկավ տարածքի կարմրաքիթ թաղայինը` պատշգամբի ապօրինաբար տեղադրած լուսամուտները քանդելու պատրվակով:
-Եթե բոլորին չի կարելի, ուրեմն քեզ էլ, ընկե´ր Բոյաջյան: Շենքի տեսքը գցում եք: Պետի որոշումն է:
-Շենքն առանց դրա էլ անտեսք է: Սովորական պանելային բարձրահարկ է, սրա տեսքից գցելը ո՞րն է: Գիտեմ` նկուղային կենցաղ վարողները զեկուցել են, ձեր ականջին հասցրել, որ պարտկոմի հետ խնդիրներ ունեմ: Ես էլ առանց հերքելու կրկնում եմ` խնդիրները եղել են, կան և լինելու են. ինձ ստիպելով համակիր չեք սարքի: Ես գաղափարական դաշնակ-ձիավորների ցեղից դուրս եկած ճյուղ եմ, երկու հորեղբայրներիս կոմունիստներն աքսորել են աշխարհի տարբեր ծերերն էնպես, որ էլ երեսները չենք տեսել: Ձեր սուտ հավասարությանը դե´մ եմ, մտածող գլուխների կտրմանը դե´մ եմ, քո պետին ու քո պետի որոշումներին դե´մ եմ: Պատշգամբում պատուհան չի կարելի˜… Ինչու՞: Վաղն էս շենքի բնակիչներին համոզելու եմ, տո´ բոլորի պատուհաններն առնելո´ւ եմ ու բալկոնները հատ-հատ փակեմ: Քամին ու փոշին տուն է լցվում, մեր երեխեքն են շնչում: Քանդի´ր: Էս մի բաժակ կոնյակը քաշիր գլուխդ ու քանդի´ր, ես էդքան հավես չունեմ: Ինքդ էլ գիտես` ոտքդ քաշեցիր, նորից եմ դնելու:
-Ես չէ, դո´ւ պիտի քանդես, ընկեր ջա˜ն:
-Ես քանդելու բան չունեմ: Ուզո՞ւմ ես, քանդի´ր, չես ուզո՞ւմ, խմելիքդ խմի´ր ու գնա´:
Կարմրաքիթը կոնծեց հինգաստղանի կոնյակը, պատուհանները քանդել տվեց, բարձեց բեռնատարն ու գնաց:
-Քեզ լուսամուտ էր պետք, հասցեդ տայիր, մի մեքենա էլ ձեր տուն կիջեցնեի,- հետևից հեգնեց հայրս:
-Գոհ պիտի լինես, որ չտուգանեցի:
-Կոկորդդ մեռոնի պես անապակ կոնյակով կոմպրես արեցի, դու ինձ տուգանո՞ղն էիր:
Հաջորդ երեկոյան մեր պատշգամբում տեղադրվեցին նոր լուսամուտներ:
***
Ես, հայրս, Անյան քայլում էինք դեպի Նալբանդյան փողոց. Մինասի հուշատախտակի բացումն էր:
-Պա´պ, Մինասը ե՞րբ ա մահացել:
-75 թվականի ձմռանը:
-Ծե՞ր էր:
-Չէ´, շունիկս, հակառա´կը:
-Բա՞…
-Ավտովթարից: Հանելուկ մնա´ց:
Ես Մինասին լավ էի ճանաչում. հորս ամենասիրած գույները Մինասի գույներն էին: Հետո հասկացա, որ հայրս էլ` Մինասի պես, ճանապարհի մի կետում թողել էր մորն ու լեռները, մնացած ճանապարհն անցնում էր մոր, լեռների ուրվագծորեն աչքի լույսի մեջ դաջված կարմիր պատկերների հետ: Անհագ ու աներախտիք է հիշողության զնդանը. լցվում է, որքան լցնես:
***
-Անյա´, դու չնեղացա՞ր, չէ՞, որ հայրս Լենինի մասին էդպես կոշտ խոսեց:
-Չէ´, ես ինչո՞ւ պիտի նեղանամ:
-Դե˜, դու է´լ ես ռուս, Լենինն է´լ:
-Լենինը ռուս չէր, հրեա´ էր:
Փաստորեն, հրեան էր եղել մեր հողերը վաճառողը: Ընկա մտատանջության մեջ:
-Պա´պ, հիմա ես ո՞ւմ պիտի չսիրեմ` հրեային, թե՞ ռուսին:
-Դու պիտի´ սիրես մարդուն, կենդանուն, բույսին:
-Իսկ եթե Լենինը հրեա է ու վաճառել է մեր հողերը, նրան էլ պիտի սիրե՞մ:
-Հա´, նրա´ն պիտի սիրես, արա´ծը պիտի չսիրես: Դիկտատուրան վտանգավոր ու կեղտոտ գործիք է, սև շունի˜կ:
-Դիկտատուրան Լենի՞նն է, – հարցրի ես` զվարճանալով. սիրում էի ամբարել նոր բառեր:
-Չէ´, դիկտատուրան Լենինի տնկած ցուցամա´տն է, – ինչպես միշտ կիսապարզ բացատրեց հայրս:
Շատ անքաղաքավարի քարե տղամարդ էր այդ Լենինը. ինչպե՞ս կարելի է վաճառել մի բան, որ քեզ չի պատկանում, էն էլ` գրչով: Մի տեսակ զարհուրելի էր նայել նրա քարե ցուցամատին: Ես հասկանում եմ, որ հայրս ոտքից գլուխ, իր բոլոր խլվլացող բջիջներով հումանիստ էր ու սարոյանաբար սովորեցնում էր սիրել մեղավորին` ատելով նրա գործած մեղքը, բայց էս անգամ ասածը պիտի շրջանցեի. Լենինին սիրել չստացվե´ց: Կներես, պա´պ:
***
Մոտիվներն ունեն կրկնվելու հատկություն: Շրջանաձև է տարածքը, որի պինդ շերտի վրա ապրեց մարդը: Շրջանը հարում է ինքն իրեն, հետո` Լույսին և հայտնվում այնտեղ, որտեղից որոշել էր գծել ոլորանները: Դիմակներն ունեն չերևացող խորք: Դիմակը քող չէ: Դիմակի´նն է քողը: Դիմակն ունի երկու սեռ` տրագոս և կոմոս: Ես ուզում եմ հասկանալ` դրանցից որն է արականը: Սեռը պարգև է: Նրանից պե´տք չէ խրտնել: Նրան պե´տք չէ սպանել: Քարե ցուցամատներն անսեռ են, հերքում են նախնականը, անհաշտ են իրենց սնող երակների հետ: Պատումները շրջում են ամենուր: Սևի-սպիտակի են զատված բանակները: Թևեր և պոզեր: Վախ և ազատություն: Գերեզման և երկինք: Խաղաղություն և շղթա: Ներս ու դուրս: Անապատ ու զավակատուն: Ջուր և կոկ: Սեր և սեր: Կա արնոտ բևեռ, որ Զատիկ է կնքում: Միշտ և անընդհատ մեկին գումարած մեկ գումարած մեկ գումարած մեկ հավասար է մեկի:
***
Ես ու Անյան մի փոքրիկ «պիես» «գրեցինք»: Վերնագիրն էսպես էր` «Դալտոնիկ կոմունիստը»: Հատակին ցաքուցրիվ շաղ էինք տվել գրիչներ` տարբեր չափերի ու գույների. սիմվոլիստ ռեժիսորնե˜ր: Կենտրոնում դրված էր մի աթոռ, աթոռի վրա` տղամարդու թղթից կիսանդրի: Տղամարդը ճաղատ էր, լայնաճակատ, չուներ քիթ, աչքեր, ուներ միայն բերան: Ճակատի կենտրոնում կարմիր ֆլոմով մի մեծ աստղ էինք նկարել: Ստանիսլավսկին տեսներ, կհրճվեր ապրումն այսքան շոշափելի կերպով ցուցադրելու իմ կարողությամբ:
-Հարգելի հանդիսատե´ս, ձեզ ենք ներկայացնում նոր մոնոներկայացում: Սա պատմություն է անմազ առաջնորդի մասին, որ մի գրչով վաճառել է հայ ժողովրդի սեփական հողատարածքները, իսկ հայ ժողովուրդը, նրան պատժելու փոխարեն, ամենակարևոր հրապարակում, որտեղ խաղում են բոլոր երեխաները և զբոսնում բոլոր մեծերը, հսկա պատվանդան է սարքել, պատվանդանի վրա դրել ճիշտ ու ճիշտ անմազի նմանությամբ քարե մի տղամարդ, կարմիր կակաչներ շարել պատվանդանի շուրջը, – վարագույրի հետևից լսվում էր ձայնս` ողողված հռետորական ելևէջներով: Անյան ծափահարեց: Սենյակի լույսերը մարեցին: Մեր հերոսը թղթից էր, բայց շատ ավելի լիարյուն ու ռեալ, քան բեմում խաղացող կերպարները, որոնք հուզել կարող էին անգամ ամենասառնասիրտ ու զգացմունքայնությունից զուրկ հանդիսատեսին:
Ներկայացման ավարտից հետո նեղսրտած էի մասնավորապես չորս կողմից կարմիր կակաչներով պճնված պատվանդանի համար. կարմիրը Մինասի ու հորս սիրած գույնն էր. Մինասն իր մոր զգեստն էր կարմիր «արել», հայրս մորս համար կարմիր վերարկու էր բերել Լենինգրադից: Լենինգրադի՞ց… Դարձյալ էդ դալտոնիկ, ճակատն աստղով կնքած անմա՞զը:
Սենյակը լցվեց լույսով: Ներշնչումն ավարտված էր: Օդում անօթևան ուրվականի պես այս ու այն կողմ էր գնում տեքստի ստվերը: Այս ամենի մեջ կար զարմանալի «պատահականության» կնիք: Լռությունը խոսում էր երկուսիս փոխարեն: Լռությունը խոսում էր մեր մասին: Սենյակի թանձրության մեջ երևացին Անյայի ժպտացող աչքերը: Ժպիտը մնաց ու այլևս չհեռացավ նրա պեպենոտ դեմքից: Հիմա էլ, երբ գրկում եմ նրա սառած մարմինը, դարձյալ կկոցում է երկար թարթիչներն ու նայում նո´ւյն աչքերով: Նրա կանաչ աչքերի մեջ ես տեսնում եմ հորս փակ աչքերի փայլը:
***
-Արմի´ն, կինտոն ի՞նչ է:
-Կինտո՞ն… Կինտոն թիֆլիսցի միրգ վաճառող է:
-Էդքա՞նը:
-Նա մեծ սինիով լի մրգերը դնում է գլխին ու պտտվում Հավլաբարի շուկայում:
-Էդքա՞նը:
-Հագնում է սև լայն տաբատ, կապում է մետաղից գոտի, գոտուց կախում է կարմիր թաշկինակ:
-Էդքա՞նը:
-Հա´, էդքա´նը: Ստեր չփչե´ս: