Դերենիկ Դեմիրճյան | Դատողություններ Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ

Ի՞նչ բան է «Ղարաբաղը»: Սա մի հարց է, որին պետք է պատասխանել: Հասարակ հարց կարելի է համարել, հարցնել և պատասխանել: Երևի Ղարաբաղը գոյություն չուներ` իբրև հարց (ո՛չ՝ պրոբլեմ, այլ հարց, հարցմունք): Այսինքն` մինչև 1918 թիվը: Դա ցարական պետության մեջ գտնվող մի շրջան էր, ուր ապրում էին բնակչության համարյա հարյուր տոկոսը կազմող հայեր: Դա, ըստ տերիտորիալ, էթնիկ փաստի, հայերինն էր: Հարցը հետո` 18 թվին ստեղծվեց: Ո՞վ ստեղծեց:

Տաճիկ հրամանատարությունը` Բաքու արշավելու նախօրյակին: Նա Ալեքսանդրապոլում կարգադրեց Խատիսովին, որ Ղարաբաղը մտնի Ադրբեջանի սիստեմի մեջ:

Ինչո՞ւ` անպատճառ Ադրբեջանի սիստեմի մեջ. ի՞նչ «особый заказ» էր: Հասարակ պատասխան. դա տաճկական հրամանատարությանը պետք էր:

1) Երբ կատարվեց տաճկական հրամանատարության հրամանը, կատարվեց Տաճկաստանի նույն պահի, ասենք, ժամանակավոր պլանը: Ի՞նչ: Ասենք` չգիտենք:

2) Երբ արդեն սովետականացվել էր Անդրկովկասը, և Նարիմանովը հայտարարեց, որ Ղարաբաղը վերադարձվում է Հայաստանին, ինչո՞ւ տաճկական կառավարությունը արգելք դրեց: Ասենք` ժամանակավոր պլանը դեռ մնում էր: Տաճկաստանի ցուցմունքն ընդունվեց. Ղարաբաղին ձեռք չտվեցին: Ինչո՞ւ: Ասենք` Ղարաբաղը պետք էր Տաճկաստանի 1918-ի պլանին: Ուրեմն պլանը ժամանակավոր չէր կամ երկարացվեց:

Եվ այժմ, որ իբրև չպիտի ձեռք տրվի Ղարաբաղին, կնշանակի պիտի մնա ժամանակավոր պլանը: Դա պետք է Տաճկաստանին:

Եզրակացություն: Ղարաբաղը տաճկական զակազ է. ժամանակավոր չէ, այլ մշտական, և ով պաշտպանում է Ղարաբաղի ներկա ստատուսը, նա պաշտպանում է 18 թվի ստատուսը: Նա ընդունում է տաճկական օրիենտացիան: «Նա»-ն այստեղ պետք է համարել նրան, ով պաշտպանում է, ով գիտի և ընդունում է, որ դա տաճկական օրիենտացիա է: Թող հրապարակ գա այդ «նա»-ն և բարձրաձայն հայտարարի: Չի՞ հայտարարում բարձրաձայն: Միևնույն է. «նա» ցածրաձայն ընդունում է տաճկական օրիենտացիան: Որովհետև տրամաբանությունը տանում է այդտեղ` իր երկաթե ուժով:

Այո՛, ընդունում է, հանդուրժում է, ենթարկվում է` հաճությամբ, զիջելով, ստիպված:

Կարո՞ղ է մի պլան վնասակար լինել տանողին և պաշտպանվել նրա կողմից: Ո՛չ: Ուրեմն Ղարաբաղի պլանը օգտակար է և պաշտպանվում է: Բաց անենք քարտերը. Ղարաբաղը պետք է Տաճկաստանին և Ադրբեջանին: Հետևապես այդ օրիենտացիան պետք է: Իսկ եթե պետք չէ, թող վերականգնվի հին ստատուսը` էթնիկական Ղարաբաղը միանա իր էթնիկական ազգակցին` Հայաստանին: Դա են պահանջում Սովետական իդեոլոգիան, լենինիզմը և պրոլետարարությունը:

Ով դեմ է, կողմնակից է տաճկական օրիենտացիային:

Կարելի՞ է այժմյան պայմաններում պահանջել Ղարաբաղը: Ո՛չ` կասեն: Ե՞րբ կարելի կլինի: Երբ իրենք` ադրբեջանցիները կամենան: Ե՞րբ կկամենան: Երբե՛ք: Ուրեմն` այս օրս նույնարժեք է, ինչ որ երբևէն:

Կարելի՞ է այնպես անել, որ հոժարությամբ վերադարձնեն Ղարաբաղը: Այո՛, եթե Ղարաբաղի պաշտպանները` մուսաֆաթիստները, վերանան և առաջ գան լենինիստները:

Կլինի՞ այդ: Ես չգիտեմ:

Ղեկավարությունը (Շահումյան, Ֆիոլետով, Ազիզբեկով, Ջափարիձե և մնացածները) Բաքվում ստեղծեց այնպիսի տրադիցիա, որ Բաքուն դարձրեց բոլշևիզմի միջնաբերդը Անդրկովկասում: Եվ թեպետ վեց ամսվա հերոսական դիմադրության վերջում պարտվեց Բաքուն, բայց նրա ստեղծած տրադիցիան հիմք դարձավ Հյուսիսային Կովկասից Բաքու արշավող բոլշևիկյան զորամասերի համար` մտնելու Բաքու և ստիպելու մուսաֆաթական զորքին չդիմադրել:

Փաստ է, որ Բաքվի բանվորության մեծամասնությունը հայեր էին, Բաքվում հավաքվել էին գերմանական և ավստրիական ճակատներից տուն վերադարձած հայ (մեծ մասամբ` գյուղացի) զինվորները: Եվ (չնկատված (!) փաստ) Ղարաբաղի գյուղացիների հաղթական դիմադրությունները տաճկական կանոնավոր զորամասերին թուլացնում էին Բաքու գնացող տաճիկ զորամասերի պաշտպանական ուժը:

Չնկատված է մնացել մի շատ կարևոր փաստ. Բաքվի հետ միասին Ղարաբաղի հայ ժողովուրդը ևս ռուսական օրիենտացիա ուներ: Փաստ է, որ նրանք չկամեցան միանալ դաշնակցական Հայաստանին, որի օրիենտացիան անգլո-ամերիկյան էր: Այնպես որ, վերոհիշյալ երկու փաստը պետք է գնահատել հետևյալ կերպ. Բաքվի հետ միաժամանակ ռուսական օրիենտացիա է ունեցել նաև Ղարաբաղը. նա անգնահատելի ծառայություն է մատուցել Բաքվին և ռուսական գաղափարին. նախ` կռվելով տաճիկների դեմ իր լեռներում և երկրորդ` չի միացել դաշնակցական ավանտյուրային և հարել է ռուսների գործին, որով և չի թուլացրել ռուսական գործը Անդրկովկասում, այլ ուժ է տվել: (поддержка): Եվ սրանից հետո պետք է այլևս ասել` Բաքու-Ղարաբաղի դիմադրություն: Կավելացնեի նաև` Զանգեզուրի:

Ծանոթություն. Ահա, թե ինչ նշանակություն ուներ և ունի Ղարաբաղը տաճիկ զորահրամանատարության աչքում: Ղարաբաղը եղել և մնում է իբրև աչքի փուշ Տաճկաստանի համար: Դեռ Անդրկովկասի դռների մոտ դեպի Բաքու արշավանքը ծրագրող տաճիկ հրամանատարությունը ճիշտ հասկացավ ու բարձր գնահատեց Ղարաբաղի այդ ռազմաքաղաքական նշանակությունը: (Փոքրկովկասյան լեռնաշղթայի միջնաբերդ, կռվող (հայ) ժողովուրդ` ռուսական հին օրիենտացիայի ստեղծողը և հավատարիմ պահողը): Ալեքպոլի դաշնակցությամբ Ղարաբաղը հանվեց Հայաստանից և կցվեց Ադրբեջանին: Քեմալական Թյուրքիան դիմադրեց 22 (?)-ին Նարիմանովի «առաջարկին»՝ Ղարաբաղը վերադարձնել Հայաստանին:

Ինչո՞ւ չվերադարձնել Հայաստանին: Ինչո՞ւ հանձնել Ադրբեջանին: Ի՞նչ ապագա նպատակների համար: Ինչո՞ւ էր և է հոգում, որ Ղարաբաղը մնա Ադրբեջանի ձեռքում: Ինչո՞ւ է վստահում նրան…

Հարցեր, հարցեր և հարցեր, որոնց պատասխանը շատ պարզ է նրանց համար, ովքեր չեն վախենում տրամաբանությունից:

Իմիջիայլոց, տաճիկները նոր չէ, որ մեծապես գնահատում են Ղարաբաղը: Նրանք շատ են արշավել Ղարաբաղ և շատ են ՙկերել՚ նրանից: Ղարաբաղը Զանգեզուրի թիկունքն է տաճիկների համար. Զանգեզուրի, որի դռները չկարողացան կոտրել տաճիկները ո՛չ պատմության մեջ, ո՛չ 18 թվին, Զանգեզուրի, որին կարող են տիրել` թիկունքից հարվածով:

Ո՞վ պիտի հարվածի… Նա մի հարվածող ունի, հնարավոր մի ագրեսոր. դա Տաճկաստանն է:

Մի հանգամանք ևս պետք է նշել և ընդգծել: Տաճկական կառավարությունը բնաջնջեց իր պետության մեջ ապրող հայությանը: Եթե իր «պատիժը» վերագրում էր իրեն հպատակ հայերին, ապա ինչո՞ւ կոտորեց Ախալքալաքի, Լենինականի, Շիրակի, Փամբակի, Բաքվի հայությանը: Ինչո՞ւ է մտադրվել բնաջնջել նաև Անդրկովկասում: Ի՞նչ պլան էր Անդրկովկասի հայերի բնաջնջումը, որ ծրագրեց Վեհիբ փաշան` 1918-ի գարնանը:

Թյուրքերը հարձակվեցին Անդրկովկասի վրա: Ծրագիրն էր` տիրել այն մինչև Բաքու-Դերբենտ և իրենց ենթարկել Անդրկովկասի ժողովուրդներին: Նրանք հարվածի օբյեկտ ընտրեցին հայ ժողովրդին, որի բնաջնջումը սկսված էր Թյուրքիայում և ծրագրվում էր ավարտել Անդրկովկասում: Հարվածը տրվեց Հայաստանի գծով` Լենինական-Կիրովական-Դիլիջան-Աղստաֆա:

Թյուրքերին դիմադրեց (ուրեմն) հայ ժողովուրդը: Նրան օգնության չհասան մենշևիկները և մուսաֆաթը, և հայ ժողովուրդը սրանց, հասկանալիորեն, չի մեղադրում: Քանի որ հայ ժողովրդի թշնամիների մեջ էին և՛ մենշևիզմը, և՛ մուսաֆաթը: Սրանք բարեկամ չէին նաև դաշնակցության, որ անշուշտ, չի նշանակում, թե դաշնակցությունը հայ ժողովրդի բարեկամն էր:

Ղարաբաղը և Նախիջևանը տաճկական ռազմաքաղաքական պլան է կամ էր:

Ով պաշտպանում է Ղարաբաղն ու Նախիջևանը Ադրբեջանում թողնելու ստատուսը, նա գիտակցաբար, թե անգիտակցաբար պաշտպանում է այդ պլանը: Այդ երկրամասերը Հայաստանին վերադարձնելու ուղղությամբ քայլեր եղել են (Նարիմանովը և ուրիշները), բայց վերջը հարցը ճնշվել է և լքվել: Ի՞նչն է եղել դրա արգումենտը. երևի` «վիրավորանք» հասցնելը Ադրբեջանի ժողովրդին: Հարց: Ի՞նչ է նշանակում այդ «վիրավորանքը» սովետական սոցիալիստական պետությունների սիստեմում` Միությունում, եթե ճիշտ է, որ նա գնում է դեպի կոմունիզմ, և եթե ճիշտ է, որ այս կոմունիզմը պոլիտիկա չէ, մանյովր չէ, «ագիտացիա» չէ, պրոֆանացիա չէ, այլ ճշմարիտ մարքս-լենինյան ուսմունքի և քաղաքական պլանի արդյունք, և սա` անկեղծ, անվերապահ, աներկմիտ և ազնիվ:

Ի՞նչ վիրավորանք հայերի համար, եթե Աջարիան միացրած է Վրաստանին: Ի՞նչ վիրավորանք վրացիների համար, եթե Ղարաբաղն ու Նախիջևանը միանան Հայաստանին: Ի՞նչ վիրավորանք հայերի համար, եթե պարսկական Ադրբեջանը միացվեր Ադրբեջանին:

Ի՞նչ վիրավորանք կլինի Ադրբեջանի համար, եթե Ղարաբաղն ու Նախիջևանը վերադարձվեն Հայաստանին: Նրանց ինչի՞ն են պետք Ղարաբաղը և Նախիջևանը:

Եվ ի՞նչ են ներկայացնում Ղարաբաղն ու Նախիջևանը Ադրբեջանում. երիտասարդությունը չի կարող բարձրագույն կրթություն ստանալ իր մայրենի լեզվով. ուրեմն և չի կարող Ադրբեջանում մասնակցել որակյալ աշխատանքի` իր իսկ բուն մարզում: Ղարաբաղի ժողովուրդը մնում է կիսակիրթ. գյուղացին հետ է մնում: Նա պետք է ադրբեջանականանա, որ կարողանա ապրել և զարգանալ: Ուրեմն ասիմիլիացիա՜… և այն էլ ինչպիսի՜…

Ղարաբաղը և Նախիջևանը Թյուրքիայի ագրեսիայի սիմվոլներն են Արևելքի նկատմամբ. նրա պլացդարմը: Պաշտպանո՞ւմ է Ադրբեջանը այդ պլանը: Եթե ոչ, այդ դեպքում ի՞նչ վիրավորանք, եթե բանակցության ժամանակ հաշվի չառնվի այդ հին պլանը:

Թերևս հարկ կա սահմանավորելո՞ւ հայերի պահանջը: Սահմանավորվել էին իրենց ներկա սահմանում, բայց ինչո՞ւ փորձեցին և սկսեցին հայերի թիվը պակասեցնել:

Ես վստահ եմ, որ ինչքան էլ հայերը սեղմվեն, չի դադարելու ճնշումը, չի դրվելու սահման նրանց «սահմանավորման»: Նրանց կճնշեն մինչև բնաջնջում: Հայերը պետք չեն մուսաֆաթական, մենշևիկյան, ինչպես նաև թյուրքական որևէ պլանի, այլ խանգարում են նրանց` իբրև ռուսական հենասյուն, և նրանք կռվում են ոչ «հայերի» դեմ, այլ «ռուսների» դեմ Անդրկովկասում:

Ավելի ուժեղ հենասյուն կստեղծվեր Ղարաբաղի, Նախիջևանի և Հայաստանի միացումից. այսինքն` ավելի ուժեղ հենասյուն կստեղծվեր ռուսական օրիենտացիայի համար Անդրկովկասում: Չէ՞ որ այն ժամանակ, երբ ռուս զորքերը հեռացան Անդրկովկասից (1918թ.), Բաքուն, Ղարաբաղը և Նախիջևանը (ժողովուրդը) պաշտպանեցին ռուսական օրիենտացիան, որով և մեծապես օգնեցին ռուսական ռևոլյուցիային (բոլշևիկներին, «ռուսներին»): Եվ եթե այն ժամանակ, այն պայմաններում դա կարողացան, ուրեմն որքա՛ն կարող են ներկա պայմաններում, երբ Անդրկովկասում ավելի ուժեղացել է հայ, վրացի և ադրբեջանցի բուն ժողովուրդների համակրանքը դեպի ռուս ժողովուրդը:

1918-21-ի դեպքերի ծավալը չէ, որ մեծ է: Չնչին է այն խոշոր դեպքերի համեմատությամբ, որ տեղի ունեցան Ռուսաստանում: Նրանք ծավալուն են իրենց քաղաքական (ներքին և արտաքին) նշանակությամբ: Դրանք համակովկասյան ծավալ ունեցան: Այդտեղ գործում էին անգլո-տաճկական ագրեսիան և ինտերվենցիան, որ նպատակ ունեին գրավել Կովկասը, համեստ դեպքում` Անդրկովկասը: Դրա զոհը եղավ (և կլինի ավելի չարաբախտորեն) հայ ժողովուրդը, որը միայնակ կանգնեց տաճկական զորքերի դեմ Էրզրումից մինչև Բաքու:

Ի՞նչ պետք է եզրակացնել սրանից: Ի՞նչ անել: Պետք է սրանից եզրակացնել, որ խնդիրը մեր շահագրգռությունը չէ, որ շահագրգռությունը, խնդիրը միայն հայկական չէ, այլ Միության շահագրգռությունն է Անդրկովկասում: Այդ շահագրգռությունը, որ թվում է, թե իրոք մերն է, ստացվել է պատմականորեն: (Ռուսական օրիենտացիա, տաճկական թշնամություն: Կարելի է ավելացնել՝ վրացական և ադրբեջանական թշնամություն):

Իհարկե, առանձին ուսումնասիրության հարց է, թե իրո՞ք գոյություն ունի այս վրացական և ադրբեջանական թշնամությունը` ընդդեմ հայերի, և ովքե՞ր են դրա կրողները: Ժողովուրդնե՞րը, թե՞ դրանց ինտելիգենցիան (քաղաքական ինտելիգենցիան): Սա կարևոր է, բայց ավելի կարևորն այն է, թե որքա՞ն վճռական դեր կարող է խաղալ դրանցից այս կամ այն խավը: Անդրկովկասը ռազմաքաղաքական «աքացիների» վայր է: Անդրկովկասն անգլո-տաճկական քաղաքական և ռազմական ագրեսիայի վայր է: Անդրկովկասը մի անգամ` 1918-ին, բաժանվել է Ռուսաստանից: Անդրկովկասում երեք քաղաքական բուրժուական կուսակցություններ` մենշևիկյան, մուսաֆաթական և դաշնակցական, Անգլիայի, Ամերիկայի, Գերմանիայի (Եվրոպայի) օրիենտացիա են ունեցել: Անդրկովկասում երեք ժողովուրդներ քաղաքական (տարբեր թեև) հաշիվներ են ունեցել Տաճկաստանի (իմա` Անգլիայի, Ամերիկայի, Գերմանիայի) հետ: Կապեր և կոնֆլիկտներ են առաջացել Տաճկաստանի, Անգլիայի, Ռուսաստանի հետ: Հայերը կռիվներ են վարել տաճիկների դեմ: Վրացիները և ադրբեջանցիները կապեր են հաստատել Տաճկաստանի հետ: Այնպես որ, «կուսական» վայր չէ Անդրկովկասը, անգամ` Կովկասը:

Սրա հիման վրա կարող ենք դեռ ավելի առաջ գնալ մեր անալիզի մեջ: Այսինքն` փաստ է, որ վերջին հարյուր տարվա մեջ միայն հայերն են, որ տաճիկների դեմ կռվել են` Զեյթունից, Սասունից, Էրզրումից սկսած, մինչև Բաքու: Իսկ 17-րդ դարից սկսած` հատուկ կռիվներ են ունեցել հայերը տաճիկների դեմ Զանգեզուրում և Ղարաբաղում: Եթե պատմությունը հանգիստ թողնե՞նք` իբրև «վաղեմություն», որ կարելի է «մոռանալ», իբրև մի «տեսական» ֆակտոր` նոր, կենդանի հարաբերությունների ֆակտորի դիմաց և, ուրեմն, անարժեք կատեգորիաներ` 1915-ի Հայկական Ջարդը, Աքսորը, կռիվները` Էրզրումից մինչև Սարդարապատ, Ապարան, Ղարաքիլիսա և ապա Ղարաբաղ, Բաքվի պատերի տակ վեց ամիս տևող կռիվները: Այս ամենը հայտածելով այն ֆակտորի կողքին, որ ո՛չ վրացիները և ո՛չ ադրբեջանցիները տաճիկների հետ այս հարյուր տարվա ընթացքում ընդհարում չեն ունեցել, ավելացնենք և այն ֆակտորը, որ Անդրկովկասի երեք գլխավոր ժողովուրդներից միայն հայերն են, որ ռուսական նախկին կայսրության մեջ ապրում էին երկու պետության մեջ, իսկ վրացիները և ադրբեջանցիները` միայն մի պետության մեջ, որ միայն հայերն էին, որ տաճիկների հետ արյան պատմություն ունեին, իսկ վրացի և ադրբեջանցի ազնվականությունը՝ բարեկամական կապեր: Այս բոլորը բացահայտ ցույց են տալիս, որ Անդրկովկասի ժողովուրդները` իրար կողքի, Տաճկաստանի դեմ կանգնած են հիմնավորապես տարբեր դիրքավորման մեջ: Նրանց կենդանի պատմությունը իրար վերաբերմամբ հակառակ ուղղություն է ունեցել մինչև 1920-21 թիվը: Այս թվերին Անդրկովկասը մտավ այս րոպեի Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկաների Միության սիստեմի մեջ, որով և երեք ժողովուրդներն իրենց պատմությամբ մտան այնպիսի մի բոլորովին նոր վիճակի մեջ, որ պետք է վերջանային այդ երեքի պատմությունները:

Վերջացա՞ն, թե՞ շարունակվեցին:

Դաշնակցության ձեռքը Րաֆֆի և Պատկանյան տալը եղավ Բաքվից՝ Ամիրխանյանի ձեռքով: Հարությունյանի ղեկավարության ժամանակ մեզ հարվածել են մեր ձեռքով: Հետո մենք ևս անգիտակցաբար հարվածել ենք ինքներս մեզ (դժգոհ մասսա մեր դեմ` Ղարաբաղը, Նախիջևանը, Ախալքալաքը)` գցելով այս դժգոհ մասսան դաշնակցության ձեռքը: Տնտեսական հարվածները ավելի խորացրին այս վտանգավոր դժգոհությունը:


Հենց 18 թվից անգլիացիները, մուսաֆաթիստները համառորեն Նախիջևանն ու Ղարարաբաղը գցում էին Ադրբեջանի սիստեմի մեջ: Նրանք ստեղծեցին մի պահի ասած «պատմական տրադիցիա», հոգեբանության և վաղեմության նման մի բան, որի վրա պնդելով` ամրացրին այն կարծիքը, որ այս երկրամասերը Ադրբեջանինը պիտի լինեն և մնան Ադրբեջանի սիստեմի մեջ: Դրան ավելացրին նաև վախը և լռությունը այս հարցերը շարժողների դեմ:

Լենինականում և Ախալքալաքում երևաց այն խաբեբայությունը, որով Քեմալական Թյուրքիան վարում էր սովետների հանդեպ իր վարքագիծը: Չեկիստ (անունը մոռացել եմ) գրում է հուշեր իր` Լենինականում եղած ժամանակի, դեպքերի մասին (գտնել նրան): Պատերազմի մեջ երևաց, թե ինչ բարեկամ է Թյուրքիան մեզ համար. նույնը և՝ ներկայում:

Անգլոթյուրքական ագրեսիան այժմ արտահայտվում է իդեոլոգիական «< >» մեթոդով: Թյուրքիան ուզում է նոր քեմալական ներկայացում տալ, երբ մենք հաղթենք Ամերիկային: Թյուրքիայի մի նոր վտանգման ժամանակ Ն. Հիքմեթը, Մ. Իբրահիմովը պրոբլեմներ են: Հիշենք. 22 (?), Բաքվի թյուրք «բոլշևիկները», 20-ի վերջերում «բոլշևիկ» սպաների արշավանքը Ղարաբաղի և Զանգեզուրի վրայով դեպի Թյուրքիա` «պրոպագանդ» անելու, որոնք լավ «պրոպագանդ» արին Ղարաբաղում…

(Թյուրքիայի «կոնստիտուցիոնալ» օրիենտացիան, վիճակը է մշտական պայքար Ռուսաստանի դեմ):

Նոր ֆակտորներ Սովետական Հայաստանում՝ գաղութահայությունը և նոր հայրենազրկությունը: Հարկավոր է զրկել դաշնակցությանն այս հարցին մասնակցելու հնարավորությունից, որով և կարող է սնվել նա: Սա մեր Սովետական Սոցիալիստական Միության ներքին հարցն է, որ ոչ ոքի չենք զիջի: Սովետական հայրենասիրությունը ամենահաստատ և կազմակերպիչ ուժն է մեր պետության: Ահա դրան էին խփում… նացիոնալիզմի զրպարտանքով:

Նկատելի է, որ Թիֆլիսը ճնշեց և խեղդեց բոլշևիկների ելույթներն ու ապստամբության փորձը, իսկ Բաքուն՝ չկարողացավ: (Թիֆլիսը` մենշևիկները, Բաքուն` մուսաֆաթիստները):

«Կարողանալու», «չկարողանալու» փաստերը ես դնում եմ խիստ կարևորությամբ: Դա ճակատագրական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար 1918- 20 թվերին և խիստ կարևորություն է ներկայացնում նաև այժմ… քանի որ բոլշևիզմի ներկայությունն ու բացակայությունը Անդրկովկասում ունեցավ և ունի ճակատագրական նշանակություն հայ ժողովրդի համար: Դա ուներ և ունի նշանակություն Անդրկովկասի մնացած երկու ժողովուրդների համար ևս: Դա ճիշտ է՝ միայն որոշակի սահմաններում, մինչդեռ հայ ժողովրդի համար` բացառիկ, վերին աստիճանի արտակարգ: Ամենևին մտադիր չլինելով տենդենցիոզ ու անճիշտ գաղափար կազմել տալ վրացի ու ադրբեջանցի ժողովուրդների` դեպի բոլշևիզմը տածած համակրանքի հարցում` ես հարուցում եմ ժողովուրդների օրիենտացիայի ուժի կարողության հարցը: Որքա՞ն կարող էին և կարողացան ադրբեջանական և վրացական ժողովուրդները պահել բոլշևիզմը Անդրկովկասում, երբ ռուսական զորքն ամբողջովին անցավ Կովկասյան լեռնաշղթայի այն կողմը:

Ես նայում եմ մերկ փաստին: Նրանք չկարողացան, թեև, ասենք, կամեցան (այսինքն` նրանց մեջ եղած բոլշևիկները և բոլշևիկացած տարրերը):

Հայ ժողովուրդը միայն կամեցավ և որոշ չափով կարողացավ: Կարողացավ` Բաքվում: Բաքվում կազմելով զգալի ուժ` կարողացավ, ռուս (թուլացած) բոլշևիկների և ադրբեջանական (նույնպես թույլ) բոլշևիկների գլուխ անցած, պաշտպանել Բաքուն տաճիկների հարձակումից վեց ամիս: Բաքվի այս բռունցքը՝ կոմունարների (այստեղ ձեռագիրն ընհատվում է- Կ. Ռ.):

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

 (Արվել են ընդհանուր շարադրանքից դուրս, առանձին թերթիկների վրա — Կ.Ռ.)

***

Վասակը անկախությունը, ազատությունը և < > ուզում է իր համար, ինքն է անկախը: Հայերի վիճակը արտակարգ է և բացառիկ: Այդ արտակարգությունը ստեղծել են նրա թշնամիները: Հայերն էլ, ի վերջո, նպաստել են դրան:

_______

Այդ հայերն են. ի՞նչ օգնություն կարող են ցույց տալ մեզ մեր երկու հարևանները նեղ օրում, երբ ռուսական զորամասերը քաշվեն ռազմական անելանելիության հետևանքով: 1) Փոքր նահանջի ժամանակ` ապաստարան. 2) Մեծ նահանջի ժամանակ, տաճիկ զորքի առաջխաղացման ժամանակ

Այս… (այստեղ ձեռագիրն ընհատվում էԿ. Ռ.):

 ***

Հայաստանի պոտենցիալը, ֆակտորները, նշանակության առանձնահատկությունը:

Բաքվում վարկաբեկեցին սովետական իշխանությունը, պրոֆանացիայի ենթարկեցին բոլոր քաղաքական, տնտեսական արժեքները:

«Մի՛ դիմեք ռուսներին, նրանք ձեզ ոչինչ չեն տա, բացի ձեզ զոհի նացիա դարձնելուց»:

 ***

 1) Անդրկովկասի, ավելի ճիշտ` Կովկասի սովետական սոցիալիստական գործին մեծ հարված է տրված Բերիայի և Բագիրովի դավաճանական գործունեությամբ:

2) Ոչ թե Հայաստանի պաշտպանություն (ծիծաղելի կլինի տանել միայն Հայաստանի պաշտպանություն), այլ` Փոքր Կովկասի, այլ` Անդրկովկասի, և ապա` Կովկասի պաշտպանություն, Բաքվինն էլ:

Հարց. Ամբողջ Կովկասը պետք է կանգնի Բաքվի պաշտպանության համար:

 3) Մենք երկու անգամ ռուսներին բերինք (օժանդակեցինք) Անդրկովկաս.

ա) Պյոտր 1-ինին և բ) բոլշևիկներին` Բաքու: Այսուհետև պետք է երրորդ անգամ բերենք ռուսական գաղափարը (օրիենտացիան), որ թուլացել է:

— Մեզ առանձնացրին և իրենք էլ մեզնից առանձնացան: Ապա թե ոչ` ինչո՞ւ Ղարաբաղի և Հայաստանի միջև խցկեցին «Քուրդիստանը»: Ինչո՞ւ Գանձակի և Սևանի միջև խցկեցին նորաշեն ադրբեջանական գյուղերը: Ինչո՞ւ խրեցին «երզնկյանական» սեպը Արփաչայի ակունքների ուղղությամբ:

— Ինչո՞ւ չէին նպաստում ռուսական օրիենտացիայի ուժեղացմանը և դեմոնստրատիվ արտահայտում այդ, որ Թյուրքիան փակի իր ախորժակը: Մուսաֆաթն ու մենշևիզմը թյուրքական օրիենտացիա ունեն, ինչպես նաև դաշնակները: Բայց Հայաստանի մեջ թյուրքական օրիենտացիա չկա: Մեզ առանձնացրին` մի կերպ, իրենք առանձնացան` մի այլ կերպ. և առաջին իսկ օրից. Զանգեզուրի, Ղարաբաղի, Սևանի, Լենինականի և Արաքսի սահմանագծերը:

_______

Ամբողջ տրագեդիան այն է, որ մի կողմից մեզ լռեցնում են ավելի և ավելի, մյուս կողմից այնպիսի պրովոկացիաներ են անում, որ մենք պոռթկանք, անհավասարակշիռ ելույթներ ունենանք, ավելի և ավելի ընկնենք ծայրահեղությունների մեջ (Հռիփսիմեն, Մաշտոցը, Կարսը), և մեզ մեղադրեն նացիոնալիզմի մեջ այն ժամանակ, երբ մենք ստիպված ենք լինում ցուցադրել մեր պատրիոտիզմը:

 Առհասարակ չգրված մի օրենք է դարձել, չպայմանավորված համաձայնություն միշտ հայերի պատրիոտիզմը դարձնել մեղադրանք` նացիոնալիզմ:

Հայ կուլտուրայի որևէ երևույթը նշելը, վեր հանելը, հայ ժողովրդի որևէ պատմական կամ ներկայի առավելությունը, հայերեն խոսելու ցանկությունը և այլն որակվել է որպես նացիոնալիզմ:

Ոչ մի լենինյան դրույթ, որ հայ ժողովրդի համար ևս գոյություն ունի կարծես. հայերի դեպքում նացիոնալիզմ է: Ղարաբաղի պահանջը, Նախիջևանի պահանջը, Ախալքալաքի համար որևէ դրության պահանջը միշտ համարվել է նացիոնալիզմ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *