Այսօր քչերը պատկերացում ունեն Հայաստանի երաժշտական մշակույթի մասին, չնայած այն եղել և մնում է հզոր, ինչպես բազմադարյան պատմություն ունեցող երկրի ցանկացած մշակույթ: Նույնիսկ կարիք չկա թվարկելու հայ դասական կոմպոզիտորների անունները. նրանք հայտնի են ողջ երաժշտական աշխարհի սահմաններից դուրս:
Երևի թե վերջին հանրահայտ հայ կոմպոզիտոր կարելի է համարել Ավետ Տերտերյանին: Նրանից հետո տեղեկատվության ընդհատում, մշակութային անդունդ, մեռյալ լռություն, դատարկ տարածություն… Այո՛, նույնը տեղի է ունենում նկարիչների հետ նախկին ԽՍՀՄ-ի մյուս երկրներում, օրինակ՝Ռուսաստանում:
« Աո՜ւ,- հաճախ լսում եմ ես:- Որտե՞ղ եք դուք, ժամանակակից կոմպոզիտորներ»: Ի պատասխան՝ լռություն է, ինչպես հանրահայտ երգում: Բայց ոչ այն պատճառով, որ պատասխանող չկա, պարզապես հնարավորություն չկա հայտարարելու քո մասին: Դեռ բավական չէ ճչալ. «Ես այստեղ եմ, ահա՛ ես» և տեղադրել ինչ-որ բան YouTube –ում: Իրականությունն այնպիսին է, որ եթե այսօր բավականին մեծ գումարներ չեն ներդրվում նոր նախագծերի և նրանց գովազդի մեջ, իհարկե, համատեղված լայնամասշտաբ սկանդալով, և եթե չկա հանրաճանաչ զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվական աջակցություն, մասնավորապես այդ սկանդալները հրահրողներին, ապա կարելի է հաշվել, որ չկան ո՛չ այդ նախագծերը, ո՛չ էլ դրանցով զբաղվող մարդիկ: Ահա և ստացվում է, որ մենք ոչինչ չունենք՝ ո՛չ նոր բնանկարչություն, ո՛չ նոր պոեզիա, ո՛չ նոր երաժշտութուն…
Խորհրդային ժամանակաշրջանում մշակույթը գաղափարախոսության կարևոր մաս էր: Այսօր մշակույթը բիզնեսի օբյեկտ է: Եվ այդ բիզնեսը, պետք է նշել, իրականացվում է նույնքան ինքնատիպ և պարզունակ, որքան և արդյունավետ ՝ բերելով եկամուտ, որը, օբյեկտիվորեն ասած, պայմանավորված է ոչ գեղարվեստական արժանիքներով: Դրանք կարող են և՛լինել, և՛ չլինել. ընդհանուր առմամբ, դա չէ առաջնայինը:
Հայաստանը փոքր երկիր է և այսօրվա դրությամբ՝ բավականին մեկուսացած, պարփակված իր մեջ: Եվ հայ կոմպոզիտորների համար մեր օրերում ավելի դժվար է, քան ռուս կամ Կենտրոնական Ասիայի իրենց գործընկերների: Եվ այդ պատճառով կարևոր եմ համարում տալ գոնե ինչ-որ պատկերացում այն մասին, թե ինչ է կատարվում Հայաստանի երաժշտական աշխարհում: Ես արդեն փոքր-ինչ պատմել եմ Աշոտ Զոհրաբյանի մասին և այժմ ուզում եմ տալ մի փոքր տեղեկություն նրա լավագույն սաներից մեկի՝ երևանյան կոմպոզիտոր Դավիթ Բալասանյանի մասին, ում վերաբերվում եմ մեծ համակրանքով և խորին հարգանքով:
Դավիթ Բալասանյանը կոմպոզիտոր է, դաշնակահար և իմպրովիզատոր: Ծնվել է Երևանում 1983 թ: Վառ, անսովոր մտածելակերպի տեր և բազմակողմանի զարգացած մարդ . նա ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ որպես կոմպոզիտոր (պրոֆեսոր Աշոտ Զոհրաբյանի դասարանը) 2005 թ. և ասպիրանտուրան՝ 2008 թ: Ավարտելուն պես սկսել է աշխատել կոնսերվատորիայում՝ որպես ասիստենտ և աշխատել է մինչև 2013 թ: 2006 թ. Դավիթը դարձավ Հայաստանի Կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ և այսօր նա ազատ ստեղծագործող է:
Դավիթ Բալասանյանը դաշնամուրային, խմբերգային, գործիքային, վոկալ և նվագախմբային ստեղծագործությունների հեղինակ է, որոնցից շատերը կատարվել են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս՝ Գերմանիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Բրազիլիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Հունաստանում, որոնցից մի քանիսը տպագրվել “Sordino” շվեյցարական երաժշտական հրատարակչությունում:
Դավիթ Բալասանյանը պատվերներ է ստանում արևմտյան երաժիշտ-կատարողներից : Օրինակ՝ նրա “ The Pillow Tagh” ստեղծագործությունը գրվել է “Octoplus” անսամբլի համար NDR Radiophilharmonie-ի պատվերով, որի պրեմիերան կայացել է 2014թ. Հաննովերում:
Դավիթ Բալասանյանը դափնեկիր է կոմպոզիտորների միջազգային մրցույթների, որոնցից են «Benjamin Britten Competition» (2003), «Naregatsi Young Composers Award» (2006), « 6th Sichuan Composition Competition»(2010)։
Իր ուսուցչի՝ Աշոտ Զոհրաբյանի հետ Դավիթ Բալասանյանը 2006թ. Վիեննայում ներկայացրել է Հայաստանը Եվրոպական կոմպոզիտորների առաջին կոնգրեսում: Ուզում եմ նշել, որ Զոհրաբյանի և Բալասանյանի մասնակցությունը որոշել էին ոչ հայ պաշտոնյաները, այլ համագումարի կազմակերպիչները, ովքեր դիմել են անմիջականորեն Զոհրաբյանին և Բալասանյանին ՝ շրջանցելով պաշտոնական աստիճանները:
Դավիթ Բալասանյանի ստեղծագործություններն առանձնանում են զգայուն ու խորին ստեղծագործականությամբ, զերծ հայկական ֆոլկլորի վերաբերյալ կլիշեային ու պարզունակ գրելու ընդունված հնարքներից: Հայկական մելոսով են թաթախված նրա բոլոր կոմպոզիցիաները, և ժողովրդական նրբերանգները առանց չափազանցության նոր կյանք են ստանում նրա կողմից ստեղծված ձայնի տարածության պայմաններում: Երաժշտական ժամանակի առանձնահատուկ հոսքը նրա ստեղծագործություններում հնարավորություն է տալիս նոր ձևով լսելու Հայաստանի հնագույն հնչյունային խորհրդանիշերը, և այդ առումով նա շարունակում և զարգացնում է իր ուսուցչի գործը: Դավիթ Բալասանյանի երաժշտությունը առանձնանում է նաև հատուկ էներգիայով. նույնիսկ ցածր, քնարական էպիզոդներում զգացվում է հզոր պոտենցիալ ունեցող էներգիա, որը հնարավորություն է տալիս երաժշտական նյութին զարգանալու ազատ և բնական:
Դավիթ Բալասանյանի ստեղծագործություններին կարելի է ծանոթանալ այստեղ:
Հոդվածը գրվել է Պ. Ի. Չայկովսկու անվ. Մոսկովյան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Յուրի Կասպարովի կողմից հատուկ specialradio.ru պորտալի համար: