Պիես երկու գործողությամբ
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՔ
ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ – նախկին ուսուցիչ, ֆերմեր, նույն ինքը` ԴԱՐԲԻՆ ՀԱՅԿ, ԻՇԽԱՆ ԹԱԹՈւԼ, ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ և ԳՈւՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ
ԺՈՐԺ ԳԵՆՐԻԽՈՎԻՉ ՏՈՒԳՕՂԼՅԱՆ – «Կոսմոպոլիտ» հկ նախագահ, նույն ինքը` ՎԵՍՏ ՍԱՐԳԻՍ և ԻՇԽԱՆ ՏՈՒԳ-ՎԱՍԻԼ,
ՆԺԴԵՀ ՎԻԼԵՆԻՉ ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆ – մեծամասնական պատգամավոր, «Ցեղակրոն» հիմնադրամի տնօրեն, նույն ինքը` ՆԱԽԱՐԱՐ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՏԵՐ-ՀԱՈԲՅԱՆ և ՔՆՆԱԴԱՏ ՈՍԿԵՐՉՅԱՆ
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ
ԾՆՆԴԱՏԱՆ ՔՈւՅՐ
ՊԵՏՐՈՍ ԳԵՏԱԴԱՐՁ ԿԱԹՈՂԻԿՈՍ
ԼՐՏԵՍ
ՏՈւՂՐԻԼ ԲԵԿ
ԱԼԵՔՍԱՆ – պաշտոնյա
ԱՀՄԱԴ – պարսիկ լաստավար
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ
ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ
ՄԱՏՈւՑՈՂ
ՆԻԿՈՂՈՍՅԱՆ – ՆԳԺԿ ավագ լեյտենանտ
Պարուհիներ, սելջուկ-թուրք զինվորներ ու ծառաներ, Գ. Նժդեհի թիկնազորի զինվորներ, գաղթականներ, երկու չեկիստ, մի քանի թիկնապահներ
ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆ ԱՌԱՋԻՆ
ՏԵՍԱՐԱՆ ԱՌԱՋԻՆ
Ծննդատան բակում Նժդեհ Տեր-Հակոբյանը, Ժորժ Տուգօղլյանն ու Հայկ Նահապետյանը լուռ ետուառաջ են անում: Դուրս է գալիս ծննդատան քույրը:
ՔՈՒՅՐ_ (ձայն է տալիս) Պարո~ն Տեր-Հակոբյան… Պարո~ն Նժդեհ…
ՆԺԴԵՀ_ Հա, ես եմ… Շուտ ասա… Ի՞նչ ա…
ՔՈՒՅՐ_ Ձեր աչքը լույս, տղա է…
ՆԺԴԵՀ_ (քույրի գրպանը ինչ-որ բան դնելով) Ապրես, ցավդ տանեմ, բա տղես ո՞նց ա, կի՞նս ոնց ա…
ՔՈՒՅՐ_ Ամեն ինչ լավ է, մի անհանգստացեք, երեխայի քաշն էլ բավարար է` 4.2կգ…
ՆԺԴԵՀ_ Տղա եմ ասել, է… Ես ընդամենը 3.8 եմ ծնվել, իսկ հերս` 3.5… (շրջվելով ու բղավելով) Արա, հլը շամպանսկի բերեք… (կրկին քույրին) Ապրես, ցավդ տանեմ, լավ խաբար բերեցիր… (կրկին բղավելով) Ի՞նչ եղավ էդ շամպանսկին…
ՔՈՒՅՐ_ (Նժդեհին) Առողջ երեխա թող մեծանա… (ապա բղավելով) Տուգօղլյան Ժո՞րժն ով է…
ԺՈՐԺ_ Ես եմ… (շտապ մոտենալով) Դե՞, ի՞նչ է…
ՔՈՒՅՐ_ Շնորհավորում եմ, Ձերը նույնպես տղա է…
ԺՈՐԺ- էս ինչ լավ բան ասացիք, մերսի… Բա քա՞շն ինչքան է, կի՞նս ինչպես է իրեն զգում…
ՔՈՒՅՐ_ Ձեր կինը լավ է, իսկ երեխայի քաշը 4.3կգ է…
ԺՈՐԺ_ Հիանալի է… Ես ընդամենը 3.7 էի…
ՀԱՅԿ_ (մոտենալով և հերթով սեղմելով Ժորժի ու Նժդեհի ձեռքերը) Շնորհավորում եմ, թող առողջ մեծանան…
Հայտնվում է Նժդեհ Տեր-Հակոբյանի թիկնապահներից մեկը` ձեռքին շամպայն ու բաժակներ: Թիկնապահը բաժակները բաժանում է ներկաներին, ապա շամպայն է լցնում ու հեռանում:
ԺՈՐԺ_ Մերսի եղբայր…
ՆԺԴԵՀ_ Տարոսը քեզ…
ՀԱՅԿ_ (քույրին) Կներեք, իսկ իմ կնոջի՞ց ինչ լուր ունեք…
ՔՈւՅՐ_ Ի՞նչ է ձեր կնոջ անունը…
ՀԱՅԿ_ Հայկուհի… Նահապետյան Հայկուհի…
ՔՈւՅՐ_ Ախ, հա, Հայկուհին… Գիտեք, ձեր երեխան դեռ չի ուզում ծնվել… Երևի մամայի փորիկում իրեն լավ է զգում… Դուք պետք է սպասեք…
ՀԱՅԿ_ Իսկ այդպես որքա՞ն կարող է շարունակվել…
ՔՈՒՅՐ_ Չեմ կարող ասել, բայց եթե շատ ձգձգվի, ստիպված կլինենք խթանիչներ ներարկել… (Ժորժին) Ձեզ նույնպես մաղթում եմ, որ առողջ երեխա մեծանա…
ԺՈՐԺ_ Մերսի, մերսի… Ուղղակի չեք պատկերացնի, թե որքան ուրախ եմ…
ՔՈւՅՐ_ Մերսիի համար չարժե… (կարծես ինչ-որ բան սպասելով) Բայց…
ԺՈՐԺ_ Բայց ի՞նչ…
ՔՈՒՅՐ_ Չե՞ք ուզում մերսիին ինչ-որ բան կցել…
ԺՈՐԺ_ Ի՞նչ կցեմ… Մեր երկրում ծննդօգնությունը ձրի է, էլ ի՞նչ կցեմ…
ՔՈՒՅՐ_ Ընկեր ջան, մեր երկրում նույնիսկ երեխա սարքելը ձրի չէ…
ԺՈՐԺ_ Հիմա ի՞նչ է Ձեր ուզածը… Ես ոչ մի բան չունեմ ոչ կցելու, ոչ էլ առավել ևս խցկելու (ցույց է տալիս քույրի գրպանը)… Էս բարքերով էլ ուզում եք Եվրոպա գնա՞լ…
ՔՈՒՅՐ_ Հմը… Եվրոպացուս տեսեք…
Քույրը դժգոհ հեռանում է:
ԺՈՐԺ_ Ճիշտ չեմ ասու՞մ, ընկեր ջան… Եթե ձրի է, ուրեմն ձրի է…
ՆԺԴԵՀ_ Էս հլը խմենք` մեր երեխեքին առողջություն ու բախտավորություն… (խմում են) Իսկ ինչ վերաբերում ա մաղարիչին` մեծ բան չի, ուղղակի ուրախությունդ կիսելու ձև ա… Դարերից եկող… Ուրիշ բան, որ իրենք իրենց բերանով չպետք ա ուզեն…
ԺՈՐԺ_ Դարերից եկո՞ղ… Այ հենց էդ դարերից եկող հետամնացությունն է, որ պետք է արմատախիլ անել էս ազգի միջից… Ի դեպ, չծանոթացանք, (ձեռքը հերթով մեկնում է երկու զրուցակիցներին) Ժորժ Գենրիխովիչ Տուգօղլյան` «Կոսմոպոլիտ» հասարակական կազմակերպության նախագահ…
ՆԺԴԵՀ_ Ուրախ եմ, Նժդեհ… Նժդեհ Վիլենիչ Տեր-Հակոբյան` Ազգային ժողովի մեծամասնական պատգամավոր, «Ցեղակրոն» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն…
ՀԱՅԿ_ Ես նույնպես ուրախ եմ, Հայկ… Հայկ Նահապետյան… Նախկինում ուսուցիչ, իսկ հիմա` ժամանակակից բառով ասած` ֆերմեր…
ԺՈՐԺ_ Շատ հաճելի է… Մի խոսքով, ընկերներ, պետք է դուրս գալ ազգային նեղ, սահմանափակ մտածողության ճահճից ու նետվել համաշխարհային առաջադեմ մտքի օվկիանոսը…
ՆԺԴԵՀ_ Էդ ի՞նչ ես ասում… Ո՞նց թե ազգային սահմանափակ ճահճից… Բա մեր ազգային արժեքնե՞րը… Մեր ազգային գաղափարախոսությու՞նը, Նժդե՞հը, Մեծ Հա՞յքը…
ԺՈՐԺ_ Դե լավ, թողեք դրանք… Մի՞թե դուք չեք տեսնում, որ ձեր ասած այդ ազգային գաղափարախոսությունը ծանր, ես կասեի` ավելորդ բեռի նման ձգում է մեզ պատմության օվկիանոսի հատակը և խանգարում է հավասարը հավասարի նման ոտք գցել աշխարհի առաջադեմ ազգերի հետ… Ովքեր շատ շուտով նույնիսկ իրենց ազգային պետություններից կհրաժարվեն հանուն մարդկության միասնական ապագայի…
ՆԺԴԵՀ_ Հա, ու էդ միասնական մարդկությանը կղեկավարեն չգիտես ովքեր, մեր երեխաների կնունքներն ու ծնունդները կնշենք ՄակԴոնալդսներում, տերտերի փոխարեն հոգեբան կլինի, աղջկանիցդ էլ մի բաժակ ջուր ուզես` կդատվես երեխաների իրավունքները ոտնահարելու համար, իսկ նրա տուտուզին էլ նոր նակոլկա կհայտնվի, որը սիմվոլիկ կերպով կնշանակի` ծնողների կողմից բռնության ենթարկված…
ԺՈՐԺ_ Բա ի՞նչ էիր ուզում, որ հարս բերես տուն` երեկոյան քնելուց առաջ ոտքե՞րդ լվա, ու կնոջդ քիթն էլ ջարդես երբ քե՞ֆդ տա… Չէ, եղբայր, այդպես չեղավ, դա արդեն բարբարոսություն է… Հապա մի նայեք Ամերիկային… Ինչպիսի երկիր է… (կարծես դիմում է Հայկին) Եվ ի՞նչ եք կարծում, ինչի՞ հաշվին…
ՀԱՅԿ_ Չգիտեմ…
ԺՈՐԺ_ Մի՞թե պարզ չէ… Այնտեղ ապրող մարդիկ մի կողմ են դրել իրենց հոտած ազգային սովորություններն ու հավակնությունները և միասին լծվել են թե իրենց, թե ողջ աշխարհը բարեկեցիկ ու դեմոկրատական դարձնելու սուրբ գործին…
ՀԱՅԿ_ Անկեղծ ասած` ինձ դա ամենևին չի հետաքրքրում…
ԺՈՐԺ_ Իզուր, շատ իզուր… Այդ դեպքում կարելի՞ է իմանալ, թե ի՞նչն է հետաքրքրում, եթե Ձեր երեխայի ապագան չի հետաքրքրում…
ՀԱՅԿ_ Իմ երեխայի ապագան հայտնի է… Նա մշակելու է այն հողը, որը մշակում եմ ես, մշակել է իմ հայրը, պապը, ապուպապը ու այդպես շարունակ…
ԺՈՐԺ_ Եվ Դուք այդքան հանգիստ խոսում եք նրա մասին, որ Ձեր երեխան իր ապուպապերի նման ստիպված է լինելու անվերջ մշակել էս անիծված հո՞ղը…
ՀԱՅԿ_ Այո, ես հանգիստ եմ…
ԺՈՐԺ_ Ուղղակի զարմանալի է… Մեր այս խառը ժամանակներում, երբ ամենահասարակ որոշումը պետք է լուրջ կշռադատել ու հաշվարկել, երբ ես երեխայիս անունը արդեն վեց ամիս է` չեմ կարողանում որոշել, Դուք…
ՆԺԴԵՀ_ Էս հարցում ես քո հետ լրիվ համաձայն եմ… Ոնց կարելի ա էդքան անտարբեր ու անպատասխանատու լինել սեփական երեխայի ապագայի նկատմամբ: Արդեն ութ ամիս էլ ես չեմ կարողանում անուն որոշել…
ՀԱՅԿ_ Ի՞նչ կա այդտեղ որոշելու, դրեք Ձեր նախնիներից մեկն ու մեկի անունը, վերջացավ-գնաց…
ԺՈՐԺ_ Ինչպե՞ս թե վերջացավ-գնաց… Չէ՞ որ դրանք բոլորովին այլ ժամանակներ էին… Աշխարհն այնքան արագ է փոխվում, որ հիմա նույնիսկ ես եմ նեղվում իմ անունից, որը, ի դեպ, եվրոպական անուն է…
ՀԱՅԿ_ Ի՞նչ ասեմ… Էդ դեպքում Ձեզ հեշտ որոշում չի սպասվում…
ՆԺԴԵՀ_ Իսկ կարա՞նք իմանանք, թե դու ինչ ես դնելու երեխուդ անունը…
ՀԱՅԿ_ Իհարկե… Հայկ կամ Հայկուհի…
ՆԺԴԵՀ_ Ո՞նց, էլի Հա՞յկ…
ՀԱՅԿ_ Ի՞նչ կա որ… Հորս անունն էլ էր Հայկ, պապինս էլ, ապուպապերինս էլ…
ԺՈՐԺ_ Եվ նրանցից ոչ ոք երբեք խնդիրներ չի ունեցե՞լ անվան պատճառով…
ՀԱՅԿ_ Ի՞նչ իմանամ, գուցե և ունեցել են… Բայց դե այդ մանր խնդիրներն անցողիկ են, իսկ ժամանակավոր բաների մասին չարժե մտածել…
ԺՈՐԺ_ (մտքերի մեջ ընկնելով, կարծես ինքն իրեն) Իսկ ես պապիցս այն կողմ չգիտեմ էլ, թե ովքեր են եղել իմ նախնիները… Բայց դե ինչի՞ս են պետք այդ նախնիները… Որքան քիչ հիշես, այնքան գլուխդ հանգիստ կլինի…
ՆԺԴԵՀ_ Այ այստեղ համաձայն չեմ քո հետ… Դու չես էլ պատկերացնում, թե վախտ-վախտ ինչքան շահավետ են նախնիները…
ԺՈՐԺ_ Ի՞նչ շահ պետք է լինի հարյուր տարի առաջ էն աշխարհ ուղևորված նախնիներից…
ՆԺԴԵՀ_ Շատ կոնկրետ, ես կասեի` շոշափելի շահ… Դու ի՞նչ ա, չես լսել «Նյու Յորք Լայֆ»-ի մասին…
ԺՈՐԺ_Ասենք թե լսել եմ, հետո՞…
ՆԺԴԵՀ_ Հետո էն, որ Ջարդից առաջ հազարավոր հայեր ապահովագրված են եղել, ու հիմա իրանց սերունդները կարող են լուրջ փոխհատուցում ստանալ… Բայց եթե նախնիներիդ չես հիշում…
ԺՈՐԺ_ Այո, չեմ հիշում… Բայց չկա՞ մի տեղ, որտեղից կարող եմ հետաքրքրվել իմ նախնիների մասին…
ՀԱՅԿ_ Մի րոպե… Կարծում եմ` ես կարող եմ ձեզ օգնել… Այստեղից մի երկու խաչմերուկ ներքև մի կազմակերպություն կա, կոչվում է «Տոհմածառ սերվիս», դիմեք նրանց. հաստատ կօգնեն…
ԺՈՐԺ_ Ասում եք մի երկու խաչմերու՞կ… Չգիտեմ… Չգիտեմ… Գուցե և արժե՞ փորձել…
ՀԱՅԿ_ Դե Ձեզ հաջողություն եմ ցանկանում Ձեր նոր բացահայտումներում…
ՆԺԴԵՀ_ Դեհ, տղերք, ես էլ գործ ունեմ, պիտի գնամ…
Բոլորը միմյանց ձեռք են սեղմում և հեռանում են տարբեր ուղղություններով:
ՏԵՍԱՐԱՆ ԵՐԿՐՈՐԴ
Գրասենյակ` բարձր գրադարակներով (արխիվի նման), գրասեղանով ու աթոռներով: Գովազդային պաստառ, որի վրա մեծ տառերով գրված է. «ՏՈՀՄԱԾԱՌ ՍԵՐՎԻՍ»: Ժորժը նստած է գրասեղանի մոտ` աթոռին, և կարծես ձանձրանում է` ինչ-որ մեկին սպասելով:
ԺՈՐԺ_ (բարձրաձայն կարդալով պաստառի վրա գրվածը) Տոհմածառ սերվիս… Բայց ես ինչի՞ պիտի իմանայի, թե նախնիս ով է եղել ասենք 1348 թվին…. Կամ թե ինչացու է եղել… Իմ նախնիներից ո՞վ է իր նախնիներին հիշել, որ ես հիշեմ… Ամբողջ օրը քարոզում եմ, որ պետք է մոռանալ անցյալը, իսկ հիմա հիմարի պես նստել, սպասում եմ… Ու ինչի՞ն եմ սպասում… Գուցե բախտի՞ն… (ասես զայրանալով վերջին մտքի վրա) Բա՞խտ, ի՞նչ բախտ… Բախտ չկա, կան միայն կոնկրետ արարքներ, որոնք ունեն կոնկրետ հետևանքներ` թեկուզ հազար տարի անցնի… Օրինակ, եթե իմ խելոք պապն իր ժամանակի համար առաջադեմ մտածողությամբ մարդ եղած լինի ու ապահովագրված լինի, ես հիմա կարգին կբարելավեմ իմ ֆինանսական վիճակը… Եվ դա կլինի կոնկրետ արարքի կոնկրետ հետևանք… Իսկ հիմար մարդիկ, միևնույն է, կասեն` բախտը բերեց…
Դուռը բացվում է, և մի քանի հաստափոր գրքեր ձեռքին` ներս է մտնում արխիվի աշխատակիցը:
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ _ Ահա… (գրքերը շրխկոցով դնում է գրասեղանին` Ժորժի դիմաց) Այստեղ կգտնեք Ձեզ հուզող բոլոր հարցերի պատախանները…
ԺՈՐԺ _ (վախեցած գրքերից մեկի փոշին փչելով ու բացելով) Ուղղակի խենթանալ կարելի է… Դուք վստա՞հ եք, որ այստեղ իմ տոհմի պատմությունն է…
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ Այո, իհարկե… Եվ եթե կուզեք, ես Ձեզ կօգնեմ գլուխ հանել… Դուք ինչպե՞ս եք ցանկանում. մեր օրերից գնանք հին ժամանակնե՞րը, թե՞ հին ժամանակներից գանք մեր օրերը…
ԺՈՐԺ _ Չգիտեմ… Ճիշտն ասած… Գուցե հի՞ն ժամանակներից գանք…
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ Ինչպես կուզեք… Այդ դեպքում պետք է սկսել սրանից… (հանում է ամենաներքևի գիրքն ու բացում այն)
ԺՈՐԺ _ (կարծես ավելի ու ավելի զարմանալով իր վրա) Ուղղակի գժվել կարելի է…
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ Կարծում եմ` վախենալու ոչինչ չունեք… Գիտե՞ք, ոմանք մեզնից հեռացել են զարմացած, ոմանք` հպարտ, ոմանք հիասթափված, նույնիսկ դեպքեր են եղել, որ հեռացել են զայրացած, կարծես թե մենք ենք մեղավոր իրենց նախնիների ապրածի համար, բայց մի բան բոլորի համար նույնն է եղել. այստեղից հեռանալուց հետո բոլորի կյանքում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել… Իսկ Դուք անընդհատ փոփոխությունների կողմնակից եք, այնպես չէ՞… Ինչպես հասկացա Ձեր գաղափարներից, նորությունները Ձեզ չեն վախեցնում, և դեռ մի բան էլ քարոզում եք… Այնպես որ այն, ինչ կիմանաք, չնայած նրան, որ վաղուց պատմություն է, խոստանում եմ, որ Ձեր վրա նույն տպավորությունը կթողնի, ինչպես, եթե հանկարծ CNN-ով լսեիք, իբր Պակիստանի նախագահի քարտուղարուհին հարբած սեղմել է ատոմային ռումբի կոճակը, և այդ ռումբը, չգիտես ինչու, գալիս է ուղիղ Ձեզ վրա…
ԺՈՐԺ _ (ծիծաղում է) Դա արդեն չափազանցություն է… Պակիստանը մահմեդական երկիր է, և այնտեղ բոլորովին չեն խմում, այն էլ կանայք…
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ Կներեք, իհարկե, գուցե օրինակս անհաջող էր… Բայց դե կարո՞ղ էր, չէ՞, նախագահի քարտուղարուհին մահմեդական չլինել… Եվ հետո, նրանք կարծեմ միակ երկիրն են, որ չեն ճանաչել մեր անկախությունը, ուստի մենք իրավունք ունենք մի քիչ վատ ճանաչելու նրանց… Ինչ որ է, ավելի լավ է անցնենք մեր բուն գործին… Այսպես ուրեմն (թերթում է գիրքը), Ձեր վերջին կամ առաջին նախնուն մեզ հաջողվել է հայտնաբերել 1045 թվականին` Բագրատունիների հարստության ժամանակ…
ԺՈՐԺ _ (հեգնանքով) 1045 թվականի՞ն… Շատ հետաքրքիր է… Եվ ո՞վ էր նա, ինչով էր զբաղված, չլինի՞ թե Աշոտ Երկաթն էր…
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ Նախ` Աշոտ Երկրորդ Բագրատունին թագավորել է մինչև 928 թվականը, իսկ Ձեր նախնին… Ի դեպ, ինչպե՞ս եք վերաբերվում արևմտյան արժեքներին…
ԺՈՐԺ _ Միանշանակ լավ… Մարդկության իրական զարգացումը սկսել է ու հիմա էլ շարունակվում է Արևմուտքից… Իմ խորին համոզմամբ…
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ Այդ դեպքում կարծում եմ` Դուք գոհ կլինեք Ձեր բախտից, որովհետև Ձեր նախնուն իր ժամանակակիցները կոչում էին Վեստ Սարգիս…
ԺՈՐԺ _ Վեստ Սարգի՞ս… Չէ, Դուք երևի կատակում եք…
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ Ոչ, ես միանգամայն լուրջ եմ, և Ձեր այդ նախնի Վեստ Սարգիսն իր ժամանակի բարձրատոհմիկ ամենաակտիվ գործիչներից մեկն է եղել, ով Պետրոս Գետադարձ կաթողիկոսի հետ մեծ, ես կասեի, ճակատագրական դեր է ունեցել մեր երկրի պատմության մեջ…
ԺՈՐԺ _ (զարմացած) Իրո՞ք… Զարմանալի է… Երբեք չեմ լսել նրա մասին…
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ Դե ուրեմն, եթե կուզեք, միանգամից անցնեմ պատմությանը…
ԺՈՐԺ _ Այո, իհարկե… Ես ուղղակի ապշած եմ…
ՏԵՍԱՐԱՆ ԵՐՐՈՐԴ
Սրահ Անիի միջնաբերդում: Խոժոռ դեմքով նստած է Պետրոս Գետադարձ կաթողիկոսը, իսկ Վեստ Սարգիսը նյարդային այս ու այն կողմ է քայլում: Հեռվից մերթընդմերթ լսվում են կռվի ու զենքերի ձայներ:
ԳԵՏԱԴԱՐՁ_ Զավակս, քեզ ի՞նչ է պատահել… Ի՞նչն է քեզ այդպես տանջում…
ՎԵՍՏ ՍԱՐԳԻՍ_ Վեհափառ, ինչպե՞ս թե` ինչն է… Ես զարմանում եմ, թե դու ինչպես կարող ես այդքան հանգիստ լինել… Արդեն քսան տարի է անցել այն օրից, ինչ կայսերը խոստացանք Անին հանձնել նրան, և այդքան ջանք գործադրելուց հետո Հայկ անունով մի ինչ-որ դարբին, ով քաղաքի արհեստավորների ջոկատն է գլխավորում, չի համաձայնում զենքը վայր դնել…
ԳԵՏԱԴԱՐՁ_ Դու ճիշտ ես, որդյակս, եթե այս անգամ էլ չհաջողեցինք քաղաքը հանձնելու գործի մեջ, ապա լուրջ խնդիրներ կունենանք կայսեր առաջ…
ՎԵՍՏ ՍԱՐԳԻՍ_ Իհարկե, լուրջ խնդիրներ կունենանք… Կայսրն այս տարիների ընթացքում մեզ այնքան է վճարել, որ…
ԳԵՏԱԴԱՐՁ_ Որ դու մի հսկայական գավառ ես գնել Կեսարիայից քիչ հեռու, որդյակս…
ՎԵՍՏ ՍԱՐԳԻՍ _ Իսկ դու` մի գավառ Սեբաստիայում, և մի քանի շենք էլ Կոստանդնապոլսում, Վեհափառ տեր…
ԳԵՏԱԴԱՐՁ_ Դե լավ, իշխան Սարգիս, այդ գավառն ու շենքերը պիտի ծառայեն մեր եկեղեցու կարիքներին…
ՎԵՍՏ ՍԱՐԳԻՍ_ Ինչպես չէ, Վեհափառ տեր… Եկեղեցու կարիքներին…
ԳԵՏԱԴԱՐՁ_ Այնուհանդերձ, իշխան, ավելի լավ է մտածենք գործի մասին… Գուցե ես ի՞նքս խոսեմ այդ դարբնի հետ…
ՎԵՍՏ ՍԱՐԳԻՍ_ Ես մարդ եմ ուղարկել նրա հետևից, Վեհափառ տեր, բայց չեմ կարծում, թե նա կգա… Մանավանդ այսքան բանից հետո, երբ ռամիկ ժողովուրդը չի ուզում, մեղա Քեզ, քո անունը լսել… Մի՞թե մտածում ես, թե նրանց առաջնորդը կխոսի քեզ հետ… Այն էլ այդ դարբինը, որի մասին պատմում են, թե իր մուրճի պես ծանր միտք ունի, և իմ լրտեսներից մեկին արդեն իր ձեռքերով նետել է պարսպից ցած, երբ սա փորձել է համոզել, որ զենքը վայր դնի…
ԳԵՏԱԴԱՐՁ_ Այո, զավակս, մեր հայկազուն ազգի մեջ հաճախ են պատահում առանձնահատուկ պնդաճակատներ, որոնց նույնիսկ, մեղա Քեզ, Տեր Աստված, խաբել հնարավոր չէ…
Ներս է մտնում Լրտեսը:
ԼՐՏԵՍ_ (գլուխ տալով) Ռամիկների առաջնորդը…
Ներս է մտնում Հայկը` զինավառ:
ՀԱՅԿ_ (գլուխ է տալիս` արհամարհանքը մի կերպ զսպելով) Իմ ընկերները սպասում են ինձ, և ես կխնդրեի…
ՎԵՍՏ ՍԱՐԳԻՍ_ (կոպիտ ընդհատելով) Քո անունը Հայկ է, այնպես չէ՞…
ՀԱՅԿ_ Այո, Հայկ է…
ՎԵՍՏ ՍԱՐԳԻՍ_ Լսիր, Հայկ, ես նույնպես ժամանակ չունեմ և մտադիր չեմ երկար-բարակ ճառեր ասելու… Դու իմ մարդկանցից մեկին քո ձեռքերով պարսպից նետել ես ցած… Ի՞նչ էր արել այդ խեղճը, որ դու այդպես դաժան վարվեցիր նրա հետ…
ՀԱՅԿ_ Ես վարվեցի այնպես, ինչպես վարվել են իմ նախնիները դավաճանների հետ…
ՎԵՍՏ ՍԱՐԳԻՍ_ Բայց նա ընդամենը փորձել է համոզել, որ զենքդ վայր դնես… Մի՞թե խելամիտ խորհուրդը դավաճանություն է համարվում… Եվ մի՞թե կարծում ես, թե հնարավոր է հավերժ ընդդիմանալ կայսեր կամքին…
ՀԱՅԿ_ Չի կարող մահկանացու կայսրը հավերժ կամք ունենալ…
ՎԵՍՏ ՍԱՐԳԻՍ_ Լավ, եթե այդքան վստահ ես, որ այդ խեղճը դավաճան էր, Աստված նրա հետ… (մի փոքր խորհելուց հետո) Իսկ ի՞նչ կասեին քո հաջորդները, եթե դու նրանց որպես ժառանգություն կայսրության ամենաապահով վայրերից մեկում մի քանի գյուղ թողնեիր… Նրանք այլևս ստիպված չէին լինի ծանր մուրճ գործածել, և վստահ եմ, որ կօրհնեին իրենց այն խելամիտ նախնուն, ով, ժամանակին ճիշտ կողմնորոշվելով, թույլ տվեց լիուլի վայելել այս կարճատև կյանքի բարիքները…
ՀԱՅԿ_ (զայրացած) Ինչպե՞ս կարող է խելամիտ համարվել մեկը, ով իր սերունդներին զրկում է հայրենիքից…
ՎԵՍՏ ՍԱՐԳԻՍ_ Ընդամենը մի քանի տարի անց քո սերունդներն իրենց հայրենիքը կհամարեն այն նոր երկիրը, որը դու կթողնես նրանց… Իսկ օգուտը կլինի այն, որ այլևս չեն լինի աղքատ ռամիկներ…
ՀԱՅԿ_ Իսկ ի՞նչ խորհուրդ կտաս Տեր (աչքի տակով նայում է Վեհափառին)… Ինչպե՞ս վարվեմ, եթե հանկարծ նոր հայրենիքում սերունդներիս էլ ավելի հարստացնելու դիմաց առաջարկեն խաչը փոխարինել կիսալուսնով կամ էլ մի ուրիշ բանով…
ԳԵՏԱԴԱՐՁ_ Սպասիր, որդյակս, մի վրդովվիր (տեղից ելնելով մոտենում է Հայկին և խաչակնքում է)… Դու ավելի լավ է ինձ լսիր… Հոռոմի մեծ կայսրը հիմա շատ ուժեղ է… Եվ եթե նույնիսկ այս անգամ չկարողանա վերցնել Անին, միևնույն է նա չի հանգստանա… Մի՞թե ափսոս չեն բազում այն հայկազունները, ովքեր ոչ հեռատես առաջնորդների մեղքով Անիի պարիսպների տակ պիտի կեր դառնան ագռավներին ու վայրի շներին… Մի՞թե դու փոքրիկ մուրճով գութանի խոփի համար երկաթ կծեծեիր…
ՀԱՅԿ_ Պատահել է նաև այդպես, երբ գործը շատ շտապ է եղել, իսկ ձեռքի տակ ծանր մուրճ չի եղել… Եվ քաջ հայկազուններն էլ ուրախությամբ կեր կդառնան գիշակերներին, քան իրենց սերունդներին կդարձնեն ստրուկ ու մուրացկան…
ԳԵՏԱԴԱՐՁ_ Լսիր, զավակս, դու անշուշտ ուղիղ խոսքեր ես ասում, բայց մի մոռացիր, որ մեր հանգուցյալ արքա, Աստված նրա հոգին փառավորի, Հովհաննես-Սմբատն իր ձեռքով իր թագավորությունը կտակել է Հոռոմի կայսրին, ու հիմա նա է այս երկրի ու քաղաքի օրինավոր տերը…
ՀԱՅԿ_ Այո, Վեհափառ տեր, ոչ ոք չի մոռացել, նույնիսկ ամենավերջին ռամիկն էլ հիշում է, թե ինչպես ոչ թե իր, այլ քո ձեռքով մեր հանգուցյալ արքան, Աստված փրկի նրա հոգին, ստիպված եղավ կտակել իր թագավորությունը հոռոմցիներին… Եվ մեր սերունդներն էլ չեն մոռանա… Ու բոլոր դավադիրների հոգիները հավերժ կայրվեն դժոխքում նրանց անեծքներից…
Հայկը հեռանում է:
ԳԵՏԱԴԱՐՁ_ Ասում էի, չէ՞… Ուղղամտությունը անհաղթահարելի չարիք ու անբուժելի ախտ է մեր օրերում…
ՎԵՍՏ ՍԱՐԳԻՍ_ Մնում է գործադրել վերջին միջոցը… (նշանով իր մոտ է կանչում լրտեսին և ականջին ինչ-որ բան փսփսում, որից հետո լրտեսը գլուխ տալով հեռանում է) Եթե ինքնակամ վայր չի դնում զենքը, ապա մեզ ոչինչ չի մնում, քան…
ԳԵՏԱԴԱՐՁ_ Մեղա քեզ, Տեր Աստված… Քաղաքի խուժանը դեռ հավատում է, թե մանկամիտ արքան վերադառնալու է… Ուստի հարկավոր է լուր տարածել, որ Գագիկը հրաժարվել է թագից… Եվ կալվածքներ է վերցրել կայսրության այլ վայրերում…
ՎԵՍՏ ՍԱՐԳԻՍ_ Լուրն արդեն տարածում են, բայց դա բավական չէ… Հարկավոր է նաև, որ հոռոմները գոնե այս անգամ համառություն ու կամք ցուցաբերեն… Եվ հետո ի՞նչ վստահություն ունեք, որ նույնիսկ հոռոմների` քաղաքը վերցնելուց հետո մենք կարող ենք այստեղ ապահով մնալ… Խուժանի ատելությունը չափ ու սահման չունի…
ԳԵՏԱԴԱՐՁ_ Այո, որդյակս, խուժանի ատելությունը չափ ու սահման չունի, սակայն, բարեբախտաբար, նրա հիշողությունը սահման ունի, և այն շատ կարճ է… Հազիվ մի տասը տարի անցնի, և նա մոռանալու է, թե ով ով էր…
ՎԵՍՏ ՍԱՐԳԻՍ_ Գուցեև ռամիկի հիշողությունը կարճ է, բայց պատմության հիշողությունն է երկար… Եվ մանավանդ հիմա, երբ գիրը հասանելի է ում ասես, իսկ պատմիչներն էլ շնից շատ են, մեղա քեզ, Տեր Աստված…
ԳԵՏԱԴԱՐՁ_ Անհոգ եղիր, զավակս, տասը դար հետո էլ միանշանակ չեն լինելու մեզ տրված գնահատականները, վստահ եմ, որ այն ժամանակ էլ կլինեն մեզ նման Աստծո արարածներ, ովքեր իրենց շահերից ելնելով տարբեր կերպ կմեկնաբանեն պատմությունը… Ամեն բան մեկնաբանության մեջ է, որդյակս…
ՎԵՍՏ ՍԱՐԳԻՍ_ Ուզում եմ հավատալ խոսքերիդ, Վեհափառ տեր… Բայց ինչ-որ մի չար կասկած ինձ հուշում է, որ ժողովուրդը հաճախ հիշելու անբացատրելի ընդունակություն է ցուցաբերում…
Ներս է մտնում Լրտեսը:
ԼՐՏԵՍ_ (գլուխ տալով) Տեր իմ, ահա դարբնի սուրը (դնում է Վեստ Սարգսի ոտքերի առաջ), սակայն տեր իմ, Ձեր ձեռնարկը չօգնեց, քանի որ քիչ առաջ քաղաքի պաշտպանները անսպասելի անցան հարձակման, և հիմա հոռոմները փախչում են…
ՎԵՍՏ ՍԱՐԳԻՍ_ Իսկ ինչպե՞ս պատահեց դա… Ինչպե՞ս է, որ հոռոմները փախչում են…
ԼՐՏԵՍ_ Իշխան Պահլավունին, Տեր իմ…
ՎԵՍՏ ՍԱՐԳԻՍ_ Ախ, էլի այդ Պահլավունին… Վեհափառ տեր, մի՞թե այդ Աստծո պատիժ ծերը երբեք չի լքելու այս մեղավոր աշխարհը…
ԳԵՏԱԴԱՐՁ_ Ոչինչ, որդյակս… Նրանք բոլորն էլ կհանձնվեն, երբ իմանան, որ մանկամիտ արքան զիջել է թագը… (տեղից ելնելով ու դեպի խորքը հեռանալով) Իսկ հիմա ավելի լավ է դուրս գանք քաղաք և ինքներս ձեռնամուխ լինենք մեր սրտին այդքան հաճո լուրը տարածելուն…
ՏԵՍԱՐԱՆ ՉՈՐՐՈՐԴ
Քոչվոր թուրքերին բնորոշ վրան բեմի վրա, որի մուտքի երկու կողմերում կանգնած են սելջուկ պահապաններ` երկար նիզակներով ու կեռ թրերով: Վրանի դիմաց թախտ է դրված, որի վրա պառկած է Տուղրիլ Բեկը և գետնին ծնկած մի կիսամերկ գեղեցկուհու ձեռքից խաղող է ուտում: Հայտնվում է մի թուրք ծառա:
ԹՈւՐՔ ԾԱՌԱ_ (ծնկի գալով և խորը գլուխ տալով) Օ~, անպարտելի Տուղրիլ Բեկ, Ալլահի աչքը թող միշտ քեզ վրա լինի…
ՏՈւՂՐԻԼ ԲԵԿ_ Խոսիր, ի՞նչ է պատահել…
ԹՈւՐՔ ԾԱՌԱ_ Օ~, մեծ սուլթան, ում բազկից դողում է նույնիսկ Ռումի մեծ կազարը, մի հայ իշխան է եկել քո ոտքը համբուրելու և անթիվ գանձեր է բերել քեզ…
ՏՈւՂՐԻԼ ԲԵԿ_ Կանչիր այստեղ…
Թուրք ծառան հեռանում է և խորքից ներս է բերում իշխան Վասիլին: Նրանց հետևից երկու այլ թուրք ծառաներ ներս են բերում մի բավականին մեծ սնդուկ: Տուղրիլ Բեկին հասնելով` ուղեկցող թուրք ծառան կրկին ծնկի է գալիս, իսկ իշխան Վասիլը խորը գլուխ է տալիս` կարծելով, թե դա բավարար է, սակայն թուրք ծառան ուժգին հարվածում է իշխանի ոտքերին, և վերջինս ակամա ծնկի է գալիս բեկի առջև: Ծառաները սնդուկը դնում են Տուղրիլ Բեկի առջև, և բացելով նրա կափարիչը` նույնպես ծնկի են գալիս:
ՏՈւՂՐԻԼ ԲԵԿ_ (ձեռքի մի շարժումով իր մոտից հեռացնելով կիսամերկ գեղեցկուհուն) Խոսիր, գյավուր… Ի՞նչն է քեզ բերել իմ ոտքը…
ԻՇԽԱՆ ՎԱՍԻԼ_ (շարունակելով ծնկած մնալ) Օ~, Ալլահի ընտրյալ մեծ սուլթան, ում` վրանից դուրս գալով` խամրում է արևի լույսը… Ում…
ՏՈւՂՐԻԼ ԲԵԿ_ (զայրացած) Հիմար-հիմար դուրս մի տուր, անհավատ շուն… Կարճ կապիր, ի՞նչ ես ուզում…
ԻՇԽԱՆ ՎԱՍԻԼ_ Մեծ սուլթան, ես եկել եմ քո ոտքը` իմ հպատակությունն ու հնազանդությունը հայտնելու, իսկ այս գանձերը բերել եմ որպես խոսքերիս գրավական…
ՏՈւՂՐԻԼ ԲԵԿ_ (արհամարհանքով) Բայց ես քեզնից դեռ հպատակություն չեմ պահանջել, շուն… Այդ ինչպե՞ս է, որ դու ինքնակամ եկել ես… Հը՞… Շուտ խոսիր…
ԻՇԽԱՆ ՎԱՍԻԼ_ Օ~, մեծ սուլթան, քո խորաթափանց միտքը նկատում է ամեն գաղտնիք ու ցանկություն, քո արծվի աչքից չի կարող վրիպել նույնիսկ ամենաչնչին…
ՏՈւՂՐԻԼ ԲԵԿ_ (զայրացած) Ես քեզ ասացի` հիմար-հիմար դուրս մի տուր… Շուտ մտքինդ ասա, քանի գլուխդ չեմ կտրել, իսկ լեշդ ագռավներին շպրտել…
ԻՇԽԱՆ ՎԱՍԻԼ_ Մեծ սուլթան, իմ դրկից իշխան Թաթուլը համարձակվել էր զենք բարձրացնել քո` Ալլահի ընտրյալի դեմ… Բայց հենց Ալլահի կամոք էլ գերի է ընկել քո զորականներին… Եվ ես` քո առաջ նվաստս ու ոչնչությունս, խնդրում եմ ինձ հանձնես նրա կալվածքը… Մեծ սուլթանը հանձին ինձ կունենա մի հավատարիմ ու խոնարհ ծառա, ում կարող է միշտ հրամայել, և հավատարմությանը վստահ լինել…
ՏՈւՂՐԻԼ ԲԵԿ_ (արհամարհանքով) Ես առանց դրա էլ կարող եմ քեզ հրամայել, իսկ ինչ վերաբերում է քո հավատարմությանը… Ինչպե՞ս կարող եմ վստահել մեկին, ով հարմար առիթը բաց չի թողնում` իր հարևանին հայրենազուրկ անելու… Ձեր նախնիները կողք կողքի ապրել են դարերով, և գուցե հարյուր անգամ իրենց հողերի սահմանագծին` մի որևէ սառնորակ աղբյուրի մոտ, հաց են կիսել… Հիմա ինչպե՞ս վստահեմ… Հը՞, շուն, դե խոսիր…
ԻՇԽԱՆ ՎԱՍԻԼ_ Մեծ սուլթանի միտքն ուղղորդում է ինքը` Ալլահը… Ինչպե՞ս կարող է իմ այս չնչին ու անպետք միտքն արդարանալ նրա առաջ, երբ այն մազի պես կտրվում է մեծ սուլթանի հենց միայն հայացքից…
ՏՈւՂՐԻԼ ԲԵԿ_ Անպետքը ձիու պոչն է, երբ պատահաբար կտրվում է մարտի ժամանակ, իսկ միտքը չպետք է չնչին ու անպետք լինի, որպեսզի նրա տերը նույնպես չնչին ու անպետք չդառնա… Ի՞նչ է քո անունը, գյավուր…
ԻՇԽԱՆ ՎԱՍԻԼ_ Վասիլ, մեծ սուլթան…
ՏՈւՂՐԻԼ ԲԵԿ_ Այսուհետև քո անունը կլինի Տուգ, իսկ քո սերունդները կկոչվեն Տուգօղլիներ… Պա՞րզ է, շուն…
Թուրք ծառաներն ու զինվորները ծիծաղում են:
ԻՇԽԱՆ ՏՈւԳ-ՎԱՍԻԼ_ Խոնարհվում եմ մեծ սուլթանի առջև և հնազանդվում նրա ամենազոր կամքին…
ՏՈւՂՐԻԼ ԲԵԿ_ Հիմա սպասիր, ես քեզ հետ դեռ չեմ վերջացրել… (ծառային) Գնացեք և այստեղ բերեք գերուն…
Թուրք ծառաները հեռանում են: Տուղրիլ բեկը ծափ է տալիս, և երկու կիսամերկ գեղեցկուհիներ, հայտնվելով բեկի առջև, սկսում են պորտապար պարել: Քիչ անց խորքից երևում է թուրք ծառան, որը հրելով բերում է իշխան Թաթուլին` կապկպված: Տուղրիլ բեկը ձեռքով նշան է անում, և գեղեցկուհիները հեռանում են: Թուրք ծառան, հասնելով բեկին, երկար փորձում է ստիպել Թաթուլին ծնկի գալ, սակայն ապարդյուն:
ՏՈւՂՐԻԼ ԲԵԿ_ Թող դրան… (թուրք ծառան ենթարկվելով ինքն է ծնկի գալիս) Դու՞ ես իշխան Թաթուլը…
ԻՇԽԱՆ ԹԱԹՈւԼ_ Ես եմ…
ՏՈւՂՐԻԼ ԲԵԿ_ Ինչպե՞ս ես համարձակվում չխոնարհվել իմ առջև, շուն…
ԻՇԽԱՆ ԹԱԹՈւԼ _ Իմ տոհմում սովոր չեն խոնարհվելու… Իսկ եթե ձեռքերս ազատ լինեին, ես ցույց կտայի, թե ով է շունը…(ապա մի արհամարհական հայացք գցելով քիչ այն կողմ ծնկի իջած իշխան Տուգ-Վասիլին) Դու ինչու՞ ես ծնկի եկել այդտեղ, իշխան… Ոտքի կանգնիր իսկույն և հպարտությամբ ընդունիր այն ճակատագիրը, որ վիճակված է քեզ…
ԻՇԽԱՆ ՏՈւԳ-ՎԱՍԻԼ_ Իշխան, փոխարենը ինձ վտանգավոր ու անմիտ խորհուրդներ տաս, լավ կլիներ` ինքդ հնազանդություն ցույց տայիր, և մեծ սուլթանի ոտքը համբուրելով` ներում հայցեիր… Մեծ սուլթանն անչափ գթասիրտ է և գուցե քեզ ազատ արձակեր…
ՏՈւՂՐԻԼ ԲԵԿ_ (արհամարհանքով) Լռիր, հիմար… Եթե ես նրան ազատ արձակեմ, ապա ինչպե՞ս ես պատրաստվում տեր դառնալ նրա կալվածքին… (իշխան Թաթուլին) Դու, ում համառությունը մթագնել է միտքը… Գիտե՞ս արդյոք, որ քո դրկիցը (ցույց է տալիս սնդուկը) այս գանձերը բերել է ինձ, որ ես իրեն հանձնեմ քո հայրական տունը…
ԻՇԽԱՆ ԹԱԹՈւԼ _ Իմ հայրական տանը դեռ ապրում է հայրս, և չնայած ութսունամյա ծեր է` նրա բազուկը չի երերա կտրելու յուրաքանչյուրի գլուխը, ով կհանդգնի զինված ոտք դնել մեր տան շեմին, լինի դա այս դավաճանը (հայացքով ցույց է տալիս իշխան Տուգ-Վասիլին), թե մի ուրիշը…
ՏՈւՂՐԻԼ ԲԵԿ_ Քո անվախ կեցվածքն ու քաջությունն ինձ հիացնում են, սակայն դու վիրավորել ես իմ սիրելի զորականներից մեկին, որը նաև իմ եղբորորդին է… Եթե նա առողջանա, ես միայն կկտրեմ քո այդ անպատկառ ու հանդուգն լեզուն… Իսկ եթե մեռնի, քեզ մատաղ կանեմ նրան…
ԻՇԽԱՆ ԹԱԹՈւԼ _ Եթե հարվածն իմն է` չի ապրի…
Մի ուրիշ թուրք ծառա նետվում է բեկի ոտքերի մոտ:
ԹՈւՐՔ ԾԱՌԱ_ Օ~, մեծ սուլթան, անսահման վիշտը չոքեց մեր դռանը… Երիտասարդ էմիրը հոգին ավանդեց…
ՏՈւՂՐԻԼ ԲԵԿ_ (կատաղությունից ոտքի կանգնելով) Տարեք սրան, մարմինը մասնատեք և ուղարկեք հորը… (իշխան Տուգ-Վասիլին) Իսկ դու իմ զորքի հետ կվերադառնաս Շիրակ և հողին կհավասարեցնես սրա հայրական տունը… Եվ միայն դրանից հետո նրա կալվածքը կմիացնես քո իշխանությանը…
Տուղրիլ Բեկը ձեռքով նշան է անում, որ հեռանան, իսկ ինքը մտնում է վրան:
ՏԵՍԱՐԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ
Կրկին «Տոհմածառ սերվիսի» գրասենյակը: Ժորժն անհանգիստ այս ու այն կողմ է քայլում` մերթընդմերթ բռնելով գլուխը:
ԺՈՐԺ_ Բավական է… Բավական է… Վերջ… Այլևս ոչինչ չեմ ուզում լսել… (ապա մի պահ կանգ առնելով) Սա ի՞նչ պատիժ էր… Ի՞նչ սատանա էր` մտավ մեջս, որ ես քրքրեմ նախնիներիս… Եվ ընդհանրապես, ես չեմ հավատում Ձեր ոչ մի բառին…
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ Բայց սրանք իմ բառերը չեն… Սրանք փաստեր են, որոնք գրված են մատյաններում…
ԺՈՐԺ _ Թեկուզ նկարահանված լինեին BBC-ի կողմից… Միևնույն է, չեմ հավատում…
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ Դե գիտեք, դա արդեն Ձեր իրավունքն է… Մենք ասում ենք այն, ինչ մեզ է հայտնի, իսկ…
ԺՈՐԺ _ Իսկ ի՞նչ է հայտնի… Ի՞նչ… Որ իմ նախնիներն առանց բացառության ստոր դավաճաննե՞ր են եղել… Որ չկա գոնե մեկը, ով իր ազգի համար մի լավ գո՞րծ արած լինի… Դա՞ է միայն հայտնի…
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ Բայց ես Ձեզ զգուշացնում էի, չէ՞, որ…
ԺՈՐԺ _ Ի՞նչ էիք զգուշացնում… Որ պիտի նվաստացնե՞ք ինձ… Պիտի վիրավորեք իմ արժանապատվությու՞նը… Նախնիներիս հանդեպ ունեցած իմ նուրբ զգացմունքնե՞րը… Այո՞, դա՞ էիք զգուշացնում…
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ Կներեք, բայց ստիպված եմ մեկ անգամ ևս կրկնել` մենք ընդամենը ներկայացնում ենք փաստերը, և եղածի վրա ոչինչ չենք ավելացնում…
ԺՈՐԺ _ Իսկ ո՞վ կարող է ապացուցել այդ փաստերի իսկությունը, հը՞… Ո՞վ… Ինչու՞ պիտի ես հավատամ դրանց… Գուցե դուք ինչ-որ պատվեր եք կատարում, հը՞… Մարդկանց նվաստացնելով և դրա արդյունքում մեղքի զգացում առաջացնելով` ապակողմնորոշելու ինչ-ինչ նպատակներ եք հետապնդում, հը՞… Ինչու՞ ոչ… Չէ՞ որ դուք հասարակական կազմակերպություն եք… Չգիտես թե որտեղից ֆինանսավորվող…
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ Այո, մենք հասարակական կազմակերպություն ենք, բայց դա…
ԺՈՐԺ _ Էլ ի՞նչ բայց… Ինձ չեք կարող խաբել… Ես ինքս ամբողջ կյանքում հասարակական գործունեությամբ եմ զբաղվել և լավ գիտեմ` որտեղից և ինչպես են ֆինանսավորում ստանում… Այնպես որ ինձ չեք կարող խաբել… Եվ ընդհանրապես, այնպիսի տպավորություն ունեմ, որ այս ամենն իմ դեմ կազմակերպված դավադրություն է… Եվ բավականին հաջող…
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ Ինչե՞ր եք ասում… Ի՞նչ դավադրություն…
ԺՈՐԺ _ (կարծես անսպասելի ինչ-որ բան հիշելով) Այո, դավադրություն է… Իսկական դավադրություն… Այդ Հայկը, որ հիվանդանոցի բակում էր, շատ կասկածելի տիպ էր երևում… Կարծես հատուկ ծառայությունների գործակալ լիներ… Ինչպե՞ս ես գլխի չէի ընկել… (հեգնանքով) Դարերից եկող սովորություն, ապուպապեր, հող մշակել… Ես քեզ ցույց կտամ, սպասիր…
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ Ներեցեք, բայց ի՞նչ հիվանդանոց, ի՞նչ հող մշակել… Մենք նման որևէ բանի մասին չենք խոսել, և մեր պատմության մեջ ոչ մի Հայկ այդպիսի խոսքեր չի ասել…
ԺՈՐԺ _ Լռեք… Դա Ձեզ չի վերաբերում… (ապա նոր բան հիշելով) Ասենք, ինչպե՞ս չի վերաբերում… Չէ՞ որ Դուք էլ եք նրանցից, այնպես չէ՞… Խոստովանեք…
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ Բայց նրանք ովքե՞ր են… Ում նկատի ունեք…
ԺՈՐԺ _ Գիտե՞ք ինչ, Ձեզ հիմարի տեղ մի դրեք… Դուք էլ եք այդ հատուկ ծառայությունների գործակալ…
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ Դա արդեն չափազանց է… (կարծես վերջնականապես հունից դուրս գալով և ձեռքի գիրքը ծալելով) Դուք ինքներդ եք խնդրել մեզ, և ես չեմ պատրաստվում հանդուրժել ամեն տեսակ անհիմն ու վիրավորական կասկածներ իմ և իմ գրասենյակի հասցեին… Իսկ հիմա խնդրում եմ հեռացեք…
ԺՈՐԺ _ Եվ կհեռանամ… Իսկ Ձեր այս քոսոտ գրասենյակը, որ չգիտես`ում պատվերով մարդկանց անցավորներին է արատավորում, խոստանում եմ` լուրջ խնդիրներ կունենա… Ձեր գործողությունները մարդու իրավունքների կոպիտ խախտում են… Եվ ես կբողոքեմ մարդու իրավունքների եվրոպական դատարան…
Շրջվում է ու հեռանում:
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ (նրա ետևից բղավելով) Դուք մտածեք, որ Ձեր սերունդներն իրենց վիրավորված չզգան… Հիմար…
ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆ ԵՐԿՐՈՐԴ
ՏԵՍԱՐԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ
Կրկին «Տոհմածառ սերվիսի» գրասենյակ: Արխիվարիուսն անհանգիստ դեսուդեն է քայլում:
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ _ (ինքն իրեն) Աստված իմ, էս ի՞նչ կրակ ու պատիժ էր իմ գլխին… Մեծ-մեծ խոսում էր` անցյալն ինձ չի կարող հունից հանել, քանի որ ինձ միայն ապագան է հետաքրքրում… Տեսանք` ոնց չի կարող հունից հանել, քիչ էր մնում` գրասենյակս տակնուվրա աներ…
Ներս է մտնում Նժդեհը:
ՆԺԴԵՀ_ (հեգնանքով) Էդ ինչի՞ էր իրան պատեպատ տալիս… Բարև Ձեզ… Էդ նախնիներն էդքան վա՞տն են եղել, որ տենց կատաղել էր…
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ Ես ի՞նչ անեմ, ես հո մեղավո՞ր չեմ… Բարև Ձեզ…
ՆԺԴԵՀ_ Լավ, Աստված նրա հետ… Դու էն ասա` ինձ համար ինչ-որ բան գտե՞լ ես…
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ Այո, իհարկե… Բայց զգուշացնում եմ` շատ բաներ հնարավոր է Ձեզ դուր չգան, ու խնդրում եմ ավելորդ սկանդալ չսարքել…
ՆԺԴԵՀ_ Հանգիստ եղիր, ես լավ գիտեմ, թե իմոնք ովքեր են եղել… Ուղղակի հետաքրքիր էր մի անգամ էլ նրանց պատմությունը կողմնակի մարդուց լսել… Գիտե՞ս, հերս որ ամեն անգամ պատմում էր, հոգիս փառավորվում էր հպարտությունից…
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ Հասկանալի է… Միայն թե Ձեր նախնիներից ամենաառաջինը, ում մասին մեզ հաջողվեց տեղեկություն գտնել, այնքան էլ վաղուց չի ապրել… Մեր տեղեկությունները վերաբերում են 1920-21թթ.-ին… Զանգեզուրի դեպքերին… Եվ ևս մեկին, որը, չգիտես ինչու, ոչ միայն իր անունն է փոխել, այլև ազգանունը…
ՆԺԴԵՀ_ Զանգեզուրի դեպքերի՞ն… Հետաքրքիր ա, շատ հետաքրքիր ա… Կարո՞ղ ա հենց ինքը` Գարեգին Նժդեհն ա…
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ Անկեղծ ասած` Դուք մասամբ ճիշտ եք կռահում… Գարեգին Նժդեհը նույնպես իր կարևոր դերն ունի այս պատմության մեջ, սակայն…
ՆԺԴԵՀ_ Էլ ի՞նչ սակայն, ես հիմա ուրախությունից խելքս կթռցնեմ… Դե շուտ պատմիր, էլ չեմ համբերում…
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ Բայց մի րոպե… Դուք կարծես ինձ ճիշտ չհասկացաք… Ես մի անգամ էլ եմ պահանջում, որ Դուք խոստանաք չաղմկել, եթե Ձեզ ինչ-որ բան դուր չգա…
ՆԺԴԵՀ_ Դե խոստանում եմ, պատմիր… Ես կարող եմ ինձ տիրապետել… Հետո հո պատահական չե՞մ կրում այս անունը…
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ Այո… (կարծես ինքն իրեն) Պատահական…
ՆԺԴԵՀ_ Ի՞նչ…
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ Ոչինչ… Ուզում էի ասել, որ Գարեգին Նժդեհը մի լավ ծեծ է տվել Պատահական…
ՆԺԴԵՀ_ Գարեգին Նժդեհը պատահական մարդ ծեծի՞… Էդ հնարավոր բան չի… Ուրեմն մի բան արել ա, որ ծեծել ա…
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ Այո… Դուք ճիշտ եք, մի բան արել էր… Պետական միջոցներով փոխանակ սովամահ գաղթականներին ու ժողովրդին կերակրելու, փոխանակ զինվորների պարենավորման հարցը լուծելու, նրանց հաշվին հարստացել էր…
ՆԺԴԵՀ_ Որ ասում եմ…
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ Հասկանու՞մ եք… Ուղղակի… Բանն այն է, որ ոչ թե Գարեգին Նժդեհը պատահական ծեծեց, այլ…
ՆԺԴԵՀ_ Էլ ի՞նչ այլ…
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ Այլ ծեծեց ու հասարակության առջև մերկացրեց Պատահական Տեր-Հակոբյանին…
Նժդեհը կարծես ապշում է վերջին նորությունից և սառած, բերանը բաց` նայում է Արխին` չկարողանալով որևէ բառ արտաբերել:
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ (կարծես վախվորած ետ-ետ գնալով) Դուք խոստացել եք… Հիշեք` Դուք խոս -տա – ցել եք…
ՆԺԴԵՀ_ (մի կերպ ուշքի գալով) Ո՞նց… Ախր ո՞նց… Պատահակա՞ն…Տեր-Հակոբյա՞ն… Թալանչի ու դավաճա՞ն…
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ Այո… Ցավում եմ, բայց… Պատահականը Ձեր նախապապի անունն է… Տեր-Հակոբյան…. Լեռնահայաստանի պարենավորման նախարար… Ծննդականում Պատվականի փոխարեն սխալմամբ գրել են Պատահական, և հետագայում այդպես էլ մնացել է պատմության մեջ…
ՆԺԴԵՀ_ Բայց ո՞նց… Պատահակա՞ն, հա՞… Պատահական Տեր-Հակոբյա՞ն, ու Նժդեհը ժողովրդի աչքի առաջ ծեծե՞ց…
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ Հիշեք` Դուք խոստացել եք…
ՆԺԴԵՀ_ (գլուխը բռնելով) Ես հիմա կգժվեմ… Չի կարող պատահել…
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ Եթե լավ չեք զգում, գուցե թողնե՞նք… Հը՞…
ՆԺԴԵՀ_ Դա ուղղակի հնարավոր չի…
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ (տեղից ելնելով) Ես ջուր կբերեմ, մի փոքր կհանգստանաք, այնուհետև կշարունակենք… Եթե կուզեք…
Արխիվարիուսը գնում է ջրի հետևից:
ՏԵՍԱՐԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ
Արաքսի ափին մի խրճիթ, որի դիմաց խմբված ցնցոտիավոր գաղթականությունը, աղմկելով ու միմյանց հրմշտելով, փորձում է պարսիկ Ահմադին համոզել, որ վերջինս իրենց լաստով անցկացնի Արաքսի մյուս ափը:
ԱՀՄԱԴ_ (զայրալից ու սկզբունքային կեցվածքով) Երեսուն թուման ու ոչ մի թուման պակաս…
ՄԵԿԸ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻՑ _ Ախր այ Ահմադ ջան, էլ փող չունենք… Էդ տասնհինգ թումանն էլ հազիվ ենք տալիս…
ՄԵԿ ՈւՐԻՇԸ_ Մեր երեխեքի բերնից կտրել ենք, որ Արազն անցնենք, դու էլ էսօր կրկնակի՞ ես ուզում…
ՄԵԿ ՈւՐԻՇԸ_ Ախր մի ամսից ավել ա` սոված-ծարավ էս չոլերում կոտորվեցինք… Մեր հագի շորերն էլ, ունեցած-չունեցածն էլ հացի հետ ենք փոխել, որ սովից չմեռնենք, այ Ահմադ ջան, հին գնով անցկացրու, հոգուդ մատաղ, մեղկ ենք…
ԱՀՄԱԴ_ Տասնհինգ թումանն էլ ձեռք չի տալիս, ամեն ինչ թանկացել ա… Ես էլ տուն եմ պահում, հարկ եմ տալիս, ես ի՞նչմեղավոր եմ… Երեսուն թուման ու վերջ…
ՄԵԿԸ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻՑ_ Ախր չունենք, այ Ահմադ ջան, որտեղի՞ց տանք…
ԱՀՄԱԴ_ Ես ի՞նչ անեմ, գնացեք, Ձեր կառավարությանն ասեք… Ես իմ գինն ասեցի, լաստն իմն ա, գինը ես եմ որոշում` երեսուն թուման…
Ահմադը կտրուկ շրջվում է ու մտնում խրճիթ:
ՄԵԿԸ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻՑ _ (հուսահատ) Ի՞նչ անենք, գնանք-ընկնենք Արազը,պրծնե՞նք…
ՄԵԿ ՈւՐԻՇԸ_ Մենք ընկնենք, բա մեր երեխե՞քն ինչ անեն…
Երևում է Ալեքսանը:
ՄԵԿԸ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻՑ _ Ալեքսանը, ժողովուրդ… Նրան խնդրենք, կարող ա մի բան անի…
Ալեքսանն ու վերջին հույսը փայփայող գաղթականներն ընդառաջ են գնում միմյանց:
ԱԼԵՔՍԱՆ_ Հանգիստ, ժողովուրդ, հանգիստ… Ի՞նչ եք ձեններդ գլուխներդ գցել…
ՄԵԿԸ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻՑ _ Պարոն Ալեքսան, պարսիկ Ահմադը մի գիշերվա մեջ լաստի գինը կրկնակի բարձրացրել ա…
ՄԵԿ ՈւՐԻՇԸ_ Երեսուն թուման ա ուզում…
ՄԵԿ ՈւՐԻՇԸ_ Երեսուն թուման որտեղի՞ց տանք, սոված կոտորվեցինք…
ԱԼԵՔՍԱՆ_ Հանգստացեք, լավ, մի բան կանենք… Ահմադի հետ ես կխոսեմ, դուք գնացեք…
ՄԵԿԸ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻՑ _ Մենակ թե շտապիր, պարոն Ալեքսան, էլ ճար չունենք…
ԱԼԵՔՍԱՆ_ Լավ, ի՞նչ եք խառնվել իրար, Արաքսը չփախավ, ոնց հազար տարի հոսում էր, էսօր էլ հոսում է… Դեռ կհասցնեք խեղդվել… (բոլորը մի պահ լռում են, իսկ Ալեքսանը ցինիկ ծիծաղով շարունակում է) Կատակ էր… Դեռ կհասցնեք անցնել…
ՄԵԿԸ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻՑ _ Ախր, պարոն Ալեքսան, էս երեխեքը, կնանիք մեղկ են, էլ չեն դիմանում…
ԱԼԵՔՍԱՆ_ (զայրացած) Ասեցի` կխոսեմ Ահմադի հետ, հիմա գնացեք, էն ծառերի հովին սպասեք…
Ամբոխը գլխիկոր դանդաղ հեռանում է, իսկ Ալեքսանը թակում է խրճիթի դուռը: Դուրս է գալիս Ահմադը:
ԱԼԵՔՍԱՆ_ Սալամ, Ահմադ…
ԱՀՄԱԴ_ Ալեյքում սալամ, աղա Ալեքսան…
ԱԼԵՔՍԱՆ_ Հը՞, ի՞նչ կա… Ժողովուրդը ո՞նց ընդունեց թազա գինը…
ԱՀՄԱԴ_ Է~, նեղվեցին, աղա Ալեքսան… Ալլահն էս խեղճերին օգնական…
ԱԼԵՔՍԱՆ_ Դե լավ, ինձնից շատ չես իմ ազգին խղճում… Սրանք բոլորն էլ հոգեպահուստ ունեն, ես լավ գիտեմ իմոնց… Հենց տեսնեն` էլ ճար չկա, կհանեն…
ԱՀՄԱԴ_ Ես բան չասացի, աղա Ալեքսան, բայց դե խեղճերը տուն-տեղ կորցրած, հողուջուր թողած պիտի ընկնեն դեսուդեն, որ էլի մի կտոր հացի տեր դառնան… Մարգարեն սովորեցնում է խղճով լինել…
ԱԼԵՔՍԱՆ_ Հիմա դու ուզու՞մ ես փող աշխատել, թե՞ չէ… Քրիստոսն էլ է սովորեցնում խղճով լինել, բայց մեկը չկա, որ մեզ խղճա…
ԱՀՄԱԴ_ (պատրաստակամ) Ես ի՞նչ պիտի անեմ…
ԱԼԵՔՍԱՆ_ Դու ոչինչ չպիտի անես… Ես կանեմ. ժողովրդին կասեմ, որ մի կերպ պայմանավորվել եմ քսանհինգ թումանի վրա, ու նրանք գոհ ու շնորհակալ փողերը կհավաքեն… (հեռվից անհասկանալի աղմուկ-աղաղակ է լսվում) Բայց էս ի՞նչ է, Ահմադ… (քայլում է բեմի այն կողմը, ուր գնաց դժգոհ ժողովուրդը) Պարոն նախարա՞րը… Դու գնա, Ահմադ, ես հետո քեզ կկանչեմ…
Դուրս է գալիս Պատահական Տեր-Հակոբյանը:
ՊԱՏԱՀԱԿԱՆ_ (դժգոհ ու անհանգստացած) Ալեքսան, էս ժողովուրն ինչի՞ է կատաղել, ես քեզ չասացի` սրանց հաց բաժանիր, թող հանգիստ մնան…
ԱԼԵՔՍԱՆ_ Այո, պարոն նախարար, բայց…
ՊԱՏԱՀԱԿԱՆ_ Ի՞նչ բայց… Քիչ էր մնում պատառ-պատառ անեին ինձ էլ, ձիս էլ, թե ինչ է ոսկով մի քիչ գարի եմ գնել խեղճ անասունի համար… Բա ի՞նչ անեի, թողնեի` սովից սատկի՞…
ԱԼԵՔՍԱՆ_ Պարոն նախարար, ասում են, եթե հայկական դրամ է, ուրեմն թող բոլորն էլ դրամ գործածեն…
ՊԱՏԱՀԱԿԱՆ_ Ես ինքս եմ որոշում` ով, որտեղ, ինչ գործածի… Մնում էր` ինձ ուղղություն ցույց տան… Իսկ հացը ինչու՞ չես բաժանել…
ԱԼԵՔՍԱՆ_ Էսօր-էգուց լավ գնորդ եմ սպասում… Մտածեցի…
ՊԱՏԱՀԱԿԱՆ_ Հիմար, ես չասացի՞ ինքնուրույն ոչինչ մի մտածիր ու ոչինչ մի ձեռնարկիր… Հնարավոր է, որ հենց վաղն էլ անցնենք Թավրիզ, իսկ ինձ ստացականներ են պետք… Կուսակցության առաջ պիտի հաշվետու լինեմ ցորենի համար, իսկ դու էլի գնո՞րդ ես փնտրում… Որքան ծախեցինք, բավական չէ՞… Մի քանի գրոշի համար չեմ ուզում մեծ պատմության մեջ ընկնել, իսկ դրա համար ստացականներ են պետք… Միայն չափ ու սահման իմացող ու խելացի մարդիկ են իրենց կերածը մարսում… Լսու՞մ ես, Ալեքսան… Առանց ձգձգելու պահեստի ողջ ցորենը բաժանիր ու ամեն գրամի համար ստացական ստացիր…
ԱԼԵՔՍԱՆ_ Եղավ, պարոն նախարար… Կանեմ այնպես, ինչպես Դուք եք հրամայում…
ՊԱՏԱՀԱԿԱՆ_ Ես մոտակա այգիներում կլինեմ… Մի բարեկամի մոտ ճաշում եմ, դու ցորենը բաժանիր, երբ գամ, զեկուցելու ես… (շրջվում է, որ գնա, սակայն ինչ-որ բան հիշելով) Հա, Ալեքսան, եթե հնարավոր է, ստացականների թվերը մեծացրու…
Կրկին ուզում է հեռանալ, բայց հայտնվում է Գարեգին Նժդեհը մի քանի զինվորներով, իսկ նրանց հետևից` գաղթականնների խումբը:
ՆԺԴԵՀ_ (հեգնանքով) Հարգանքներս, պարոն նախարար… Շտապու՞մ եք…
ՊԱՏԱՀԱԿԱՆ_ Հարգանքներս, պարոն Նժդեհ… Այո, շտապում եմ, անհետաձգելի գործեր ունեմ…
ՆԺԴԵՀ_ Կարծում եմ` Ձեր անհետաձգելի գործերը կսպասեն, քանի որ հիմա ավելի կարևոր հարց պիտի պարզաբանենք…
ՊԱՏԱՀԱԿԱՆ_ Դե ինչ, եթե այդ հարցն ավելի կարևոր է, քան այս հազարավոր գաղթականությունը կերակրելու ու Արաքսն անցկացնելու հարցը, ապա կմնամ մինչև պարզաբանվի…
ՆԺԴԵՀ_ Հավատացնում եմ, որ դա նույն հարցն է, ինչը Ձեզ այդքան անհանգստացնում է… (արհամարհանքով դիմելով Ալեքսանին) Դու՞ ես Ալեքսանը…
ԱԼԵՔՍԱՆ_ Այո, սպարապետ…
ՆԺԴԵՀ_ Ուրեմն այսպես, Ալեքսան, ժողովուրդը բողոքում է, որ հացը նորմալ չեք բաժանում, ու մարդիկ սովից գլուխները կորցրել են…
ԱԼԵՔՍԱՆ_ (վախվորած) Ոչ, սպարապետ, հացը, ինչպես կարգն է, բաժանվում է…
ՆԺԴԵՀ_ Այդ դեպքում մարդիկ ինչու՞ են բողոքում…
ՄԵԿԸ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻՑ_ Տված ժամանակ էլ հաց չի, հող ու ավազ են բաժանում…
ԱԼԵՔՍԱՆ_ Սուտ է… Հողն ու ավազը Ալեքսա՞նն է հացին խառնում… Պարսկաստանից ինչ ուղարկում են, այն էլ բուռ-բուռ բաժանում եմ ժողովրդին… Ախր, սպարապետ, այ հոգուդ մեռնեմ, իմ երեխեքն էլ սոված-ծարավ, բոլորի նման հացի կարոտ…
ՄԵԿ ՈւՐԻՇԸ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻՑ _ Սուտը դու ես, ձեր երեխեքը լավ էլ կուշտ ու տաք են…
ՄԵԿ ՈւՐԻՇԸ_ Հացին էլ դուք եք ավազ խառնում… Պարսիկը Արաքսի ափի ավազը որտեղի՞ց պիտի խառնի…
ՄԵԿ ՈւՐԻՇԸ_ Պարսիկներին էլ դուք եք սովորեցնում, որ լաստի գինը թանկացնեն…
ՊԱՏԱՀԱԿԱՆ_ Ձեններդ, երախտամոռ շներ… Էդպե՞ս եք մեր չարչարանքը գնահատում…
ՆԺԴԵՀ_ Պարոն նախարար, շներ չեն, մեր ժողովուրդն են, իսկ թե ով է երախտամոռ ու ստախոս շուն, այ հիմա կպարզենք… (զինվորներին) Էստեղ բերեք էդ պարսիկ Ահմադին…
Զինվորները բերում են Ահմադին, իսկ Ալեքսանը, նրան տեսնելով, անհանգստության նշաններ է ցույց տալիս:
ՆԺԴԵՀ_ Ահմադ, քեզ ոչինչ չեմ անի, եթե միայն, որպես ուղղամիտ հավատացյալ` ժողովրդի առաջ խոստովանես, թե ով է քեզ ստիպել` թանկացնես լաստի գինը…
ԱՀՄԱԴ_ Ներիր, մեծ աղա… Մարգարեն արգելում է խեղճերին կողոպտել… Էս մարդը համոզեց (ցույց է տալիս Ալեքսանին), որ թանկացնեմ, մի մասը տամ իրեն… Ասեց, որ ինքը լավ է ճանաչում հայերին. բոլորն էլ հոգեպահուստ ունեն…
ՆԺԴԵՀ_ (զինվորներին) Բաց թողեք… Գնա, Ահմադ, ազատ ես… (ցույց տալով Ալեքսանին) Ձերբակալեք էս սրիկային ու ոսկորները ջարդեք…
Երկու զինվոր բռնում են Ալեքսանին ու ծեծելով տանում, իսկ Ահմադը շտապ հեռանում է:
ՊԱՏԱՀԱԿԱՆ_ Պարոն Նժդեհ, մի՞թե մեր ամենաարժեքավոր պաշտոնյաներից մեկին ինչ-որ անգրագետ պարսիկի ցուցմունքով կարելի է ձերբակալել, այն էլ այդպիսի ստորացուցիչ ձևով…
ՆԺԴԵՀ_ Պարոն նախարար, իսկ մի՞թե ստորություն չէ սեփական ժողովրդին թալանող գողերին ու ավազակներին այս էլ որերորդ անգամ հովանավորելը… Ի դեպ, պարոն նախարար, ինչու՞ այդպես էլ լաստի հարցը չլուծվեց, որպեսզի մեր խեղճ ժողովուրդն ու մի կերպ պայքարող պետությունը չմնա կախված, ինչպես Դուք եք ասում, անգրագետ պարսիկ լաստատերերի քմահաճույքներից… Կարծեմ դա Ձեր նախարարության պարտականությունն էր…
ՊԱՏԱՀԱԿԱՆ_ Պարոն Նժդեհ, պետք չէ դեմագոգիայով զբաղվել, ինքներդ գիտեք, որ մեր միջոցները չափազանց սուղ են, և պարանների ու այլ մատերիալի համար չեն բավականացնում…
ՆԺԴԵՀ_ Իսկ ես լսել եմ, որ Ձեր ձիերին կերակրելու ու այգիներում քեֆեր քաշելու համար ոսկին լիուլի հոսում է Ձեր գրպաններից… (զինվորներին) Ձերբակալեք ու խուզարկեք…
Մի քանի զինվոր բռնում են ապարդյուն ընդդիմանալու փորձեր կատարող նախարարին և բավականին բռի կերպով նրա գրպաններից ոսկով լի քսակներ հանելով` հանձնում են Նժդեհին:
ՊԱՏԱՀԱԿԱՆ_ Ինչպե՞ս եք համարձակվում… Ես նախարար եմ… Ես Ձեզ դատի կտամ… Ես պատիվ կպահանջեմ…
ՆԺԴԵՀ_ (քսակների ոսկե դրամները գետնին թափելով) Պարոն նախարար, Ձեր սուղ միջոցները 200 ոսկուց ավելի կլինեն… Իսկ սրանով մի քանի լաստի հարց կլուծվեր…
ՊԱՏԱՀԱԿԱՆ_ (թպրտալով զինվորների ամուր բազուկների մեջ) Դուք անպատկառ սրիկա եք… Ես Ձեզ ցույց կտամ… Դրանք իմ անձնական միջոցներն են…
ՆԺԴԵՀ_ (ընդհուպ մոտենալով) Իսկ սա իմ անձնական վերաբերմունքն է Ձեր նման ստահակներին (ապտակում է)… Ջարդեք ոսկորները…
Հեռանում է:
ՏԵՍԱՐԱՆ ՈւԹԵՐՈՐԴ
1936թ.: Ամառային երեկո: Երևանյան մի ռեստորան, որտեղ փակցված են Ստալինի ու Բերիայի մեծ նկարները, նաև մի կարմիր պաստառ, որի վրա գրված է. «Слава КПСС»: Հաճախորդներ չկան և միայն մի մատուցող քթի տակ ինչ-որ երաժշտություն սուլելով սեղաններն է կարգի բերում: Ներս են մտնում սկզբում Վահրամ Փափազյանը, այնուհետև Հրաչյա Ներսիսյանն ու Գուրգեն Մահարին` թևի տակ ինչ-որ թերթեր ու գրքեր:
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ _ (իր հեղինակությունն իմացողի ինքնավստահությամբ) Տղերք, եկեք պատուհանի մոտ նստենք… Հիմա եթե լինել, ապա միայն այնտեղ, որտեղ զովն է տեր-տիրական…
Նստում են հանդիստեսին ամենամոտ սեղանի շուրջ:
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ _ Նկատե՞լ եք` վերջերս նույնիսկ երեկոյան զով քամին է իրեն անվստահ զգում Երևանում…
ԳՈւՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ _ Այսպիսի անտանելի եղանակի պայմաններում միայն մի փրկություն կա…
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ _ Չլինի՞ թե փախչելը, ջանս…
ԳՈւՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ _ Ո~չ… Սառը ձմերուկը…
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ _Իրոք որ, դա է միակ փրկությունը…
ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ _ Ասում են` հիմա ամենուր են եղանակներն անտանելի…
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ _ Դա էլ է ճիշտ… Ուղղակի մի տեղ շատ ավելի անտանելի է, քան մի ուրիշ տեղ…
Մոտենում է մատուցողը և ընդգծված հարգանքով կանգնում Վ. Փափազյանի կողքին:
ՄԱՏՈւՑՈՂ_ Բարև ձեզ… Ի՞նչ եք կամենում…
ԳՈւՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ _ Սկզբի համար սառը ձմերուկ…
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ _ (կարծես վիրավորվելով, որ իրենից առաջ են ընկնում) Կարծում եմ, ջանս, կոնյակն ավելի հարմար է սկզբի համար, իսկ սառը ձմերուկին ամեն դեպքում երկրորդ հերթն է վայել…
Մատուցողը հեռանում է:
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ _ (կարծես իր վայրկենական զայրույթը մեղմելու համար) Հետո մեր ժամանակներում անտանելի տոթն ավելի հեշտ է կոնյակի օգնությամբ մոռանալ, քան թե սառը ձմերուկով ժամանակավորապես զովացնել…
ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ _ Ոչ մոռանալ է լինում, ոչ զովանալ…
Մի պահ բոլորը լուռ են նմում:
ԳՈւՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ _ (կարծես լռությունն ընդհատելու համար) Իսկ էսօրվա ներկայացումից գոհ մնացի՞ր, Վահրամ…
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ _ Է~, Գուրգեն… Աշխարհի որ ծայրում էլ Համլետ տեսնեք, տուն վերադառնալուց հետո փակվեք ինքներդ ձեր մեջ ու կարդացեք գործը… Այնժամ կտեսնեք իսկական ներկայացումը…
ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ _ (քմծիծաղով) Եթե տուն հասնենք…
Հանկարծ նրանց կողքին հայտնվում է մատուցողը, որին Հ. Ներսիսյանը չէր նկատել, մատուցարանի մեջ բերելով կոնյակ, բաժակներ, կտրատած ձմերուկ և այլն: Վ. Փափազյանն ու Գ. Մահարին զգաստանում են` կարծես վախենալով` չլինի թե մատուցողը լսեց Հրաչի վերջին ռեպլիկը:
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ _ (մինչ մատուցողը սեղանին է շարում մատուցարանի պարունակությունը) Հետաքրքիր տղա ես Հրաչ, ինչ կարևոր է` երբ կհասնես: Երբ էլ հասնես, մի մեծ բաժակ տաք թեյ խմիր, մոշի մուրաբայով, լսու՞մ ես, անպայման մոշի մուրաբայով, և քնիր: Առավոտյան մրսածությունից ու հոգնածությունից հետք էլ չի մնա… (մատուցողին) Ճիշտ չե՞մ ասում, տղաս…
ՄԱՏՈւՑՈՂ_ (անակնկալի գալով) Այո, իհարկե…
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ _ (Հրաչին) Տես, որ ասում եմ…
ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ _ Մոշի մուրաբայով թեյն ամեն դեպքում չի խանգարի…
Մատուցողը հեռանում է:
ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ _ (կարծես շարունակելով կիսատ թողած միտքը) Ամեն պահ կարող ես երկար ու ցուրտ ճանապարհին հայտնվել…
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ _ (Հրաչին) Երեխա՞ ես, ի՞նչ է… Էլ քանի կոպեկի արժեք ունի Խանջյանին դատապարտող ձեր այդ երկարաշունչ նամակը, եթե տարրական զգուշավորություն չես պահում…
ԳՈւՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ _ (կարծես ինքն իրեն) Ախ, այդ նամակը… Դրա տակ ստորագրելու համար մինչև կյանքիս վերջն ինձ չեմ ների…
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ _ (զայրացած նայելով Մահարուն) Հիմա էլ դու՞… Դուք ի՞նչ է, իսկապե՞ս ընկել եք ինքներդ ձեր հետևից…
ԳՈւՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ _ (կարծես չդիմանալով) Ախր այ Վահրամ, Աղասու նման հայրենասեր մարդու գլուխը էդ վրացի դևը կերավ, իսկ մենք այդքանն իմանալով ստիպված ենք դեռ մի բան էլ նրան դատապարտող նամակով հանդես գալ թերթում, թե ինչ է դևը մեզ ձեռք չտա…
Բոլորը լուռ, ատելությամբ, վախով ու զզվանքով լի մի հայացք են ուղղում Բերիայի նկարին:
ԳՈւՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ _ Այդքան բան արեց մեր գրականության ու արվեստի համար… Ուզում էր մեր դասականներին հրատարակել, բայց չէին թողնում, իսկ վրացիք առանց դժվարության իրենց բոլոր դասականներին վերահրատարակում են…
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ _ (վերցնելով իր բաժակը) Ապա մի վերցրեք… (ցածրաձայն, քանի որ խորքում երևում է մատուցողը) Մեծ հայի կենացը… (կամացուկ խփում են, ապա բարձրաձայն) Մեր մեծ առաջնորդի կենացը…
Խմում են, ապա լուռ ձմերուկ են ուտում: Մատուցողը սեղաններն է կարգի բերում, սակայն ակնհայտ է, որ ուշադրությունը դեպի միակ հաճախորդներով սեղանն է: Կարծես փորձում է լսել, թե ինչ են խոսում: Հանկարծ Վ. Փափազյանը ձեռքի ձմերուկը գցում է սեղանին և հուզված գրպանից թաշկինակ հանելով սկսում է մաքրել արցունքոտ աչքերը: Հ. ներսիսյանն ու Գ. Մահարին զարմացած նայում են Վ. Փափազյանին:
ԳՈւՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ _ Ի՞նչ պատահեց, Վահրամ…
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ _ Վահանիս հիշեցի… Թոթովենցին… Կապուտաչյա տղեկին… Հրեշտակի մաքրությամբ տղեկին…
Գուրգեն Մահարին լուռ կոնյակ է լցնում բաժակները: Վերցնում են բաժակները:
ԳՈւՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ _ (ձեռքը երկարելով) Ցուրտ ճանապարհներին թափառող պոետական հոգիների կենացը…
Խփում են բաժակները և խմում են:
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ _ (կարծես ինչ-որ մեկին լսեցնելով ու արհեստական լավ տրամադրությամբ) Կեցցե մեր առաջնորդը…
Մատուցողը մի հայացք է նետում սեղանի շուրջ նստածների վրա, ապա քթի տակ մի տեսակ նենգորեն ժպտալով` հեռանում է: Սակայն խորքում` դռան մոտ, հանդիպում է հենց այդ պահին ներս մտնող Ոսկերչյանին: Վերջինս ինչ-որ բան է հարցնում մատուցողին, իսկ սա շրջվելով մատնացույց է անում սեղանի շուրջ նստածներին, և նորեկը շտապում է նրանց ուղղությամբ:
ԳՈւՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ _ (մինչ Ոսկերչյանը կհասնի նրանց սեղանին) Պահ, էս ի՞նչ փորձանք էր…
ՈՍԿԵՐՉՅԱՆ_ Բարև ձեզ, ընկերներ…
Բոլորը բարևում են մի տեսակ սպասողական դեմքերով:
ՈՍԿԵՐՉՅԱՆ_ Ընկեր Մահարի, ամբողջ օրը Ձեզ եմ փնտրել, մի քանի անգամ եկել եմ խմբագրություն, Դուք տեղում չեիք…
ԳՈւՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ _Ինչո՞վ է ինձ նման կասկածելի նացիոնալիստն արժանացել բոլշևիզմի հիմքերն անխախտ պահող մեր անփոխարինելի քննադատի ուշադրությանը…
ՈՍԿԵՐՉՅԱՆ_ Թողեք այդ ծաղրական տոնը, ընկեր Մահարի… Դա Ձեզ լավ տեղ չի տանի… Հիշեք այն դաշնակ տականքին, Թոթովենց կոչվող գրական խալտուրիստին ու փոխարենը ինձնից նեղանալու, իսկապես մի կողմ դրեք Ձեր նացիոնալիստական մաստերիզմը… Ուղղակի հոգիս փառավորվում է, երբ պատկերացնում եմ, թե հիմա ուր է այդ սրիկան… Իսկ առայժմ (մեկնում է ձեռագիրը) վերցրեք իմ նոր հոդվածը… Ես ցանկանում եմ, որ այն լույս տեսնի «Խորհրդային Հայաստանի» առաջիկա համարներից մեկում…
ԳՈւՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ _ (վերցնելով իրեն մեկնված ձեռագիրը) Եվ ո՞վ է հերթական դժբախտը, որ շարժել է Ձեր` անկասկած արդարացի զայրույթը, ընկեր Ոսկերչյան (սկսում է թերթել Ոսկերչյանի ձեռագիրը)…
ՈՍԿԵՐՉՅԱՆ_ Ես հիմա մտադիր չեմ քննարկելու իմ հոդվածը: Երբ կկարդաք, այնժամ կխոսենք… Իսկ ընկեր Փափազյանին, առիթից օգտվելով, մի հարց ունեմ տալու…
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ _ Խնդրեմ, տվեք… Մեծ ուրախությամբ կպատասխանեմ… (մի տեսակ թաքուն հեգնանքով) Մանավանդ որ մամուլում հաճախ եմ հանդիպել Ձեր` արվեստի նրբաճաշակ գիտակի բանիմաց հոդվածներին… Սակայն, մինչև Ձեզ հուզող հարցը կտաք, գուցե մի-մի բաժակ կոնյա՞կ խմենք միասին…
ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ _ Ճիշտ որ, ընկեր Ոսկերչյան, աթոռ վերցրեք, նստեք… Ես էլ մեծ հաճույքով Ձեզ հետ մի բաժակ կխմեմ… Վաղուց մեծ ցանկություն ունեի Ձեզ հետ անձամբ ծանոթանալու…
ՈՍԿԵՐՉՅԱՆ_ Ոչ, շնորհակալություն, ընկերներ, ես չեմ խմում… Անկեղծ ասած` ժամանակ էլ չունեմ, քանի որ պիտի ուշադիր հետևեմ արվեստի և գրականության մեջ նկատվող զարգացումներին` հարկ եղած դեպքում սթափ ու կործանարար հակահարված տալու համար…
ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ _ Չեք խմում, մի խմեք, ի սեր Աստծո, գոնե աթոռ վերցրեք, նստեք…
ՈՍԿԵՐՉՅԱՆ_ Ոչ, չեմ նստում, և Աստված էլ այստեղ կապ չունի…
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ _ Դե լավ, ընկեր Ոսկերչյան, ինչպես կուզեք… Տվեք Ձեր հարցը, կփորձեմ բավարարող պատասխան տալ…
ՈՍԿԵՐՉՅԱՆ_ Անկեղծ ասած` ընկեր Փափազյան, ես պիտի խոստովանեմ, որ թատրոնի ասպարեզին այնպես չեմ տիրապետում, ինչպես գրականությանը կամ երաժշտությանը, բայց վստահեցնում եմ, որ դա ընդամենը մի քանի ամսվա հարց է… Վերջերս անընդհատ հանգիստ չի տալիս թատրոնին վերաբերող քննադատական հոդվածներով հանդես գալու միտքը, և…
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ _ (ընդհատելով Ոսկերչյանի խոսքը) Ես վստահ եմ, որ Ձեզ նման նրբանկատ քննադատն անպայման կհաջողի նաև այդ ասպարեզում…
ՈՍԿԵՐՉՅԱՆ_ Այո, անկասկած… Այն օրից, ինչ ինձ վերականգնեցին հարազատ կուսակցության շարքերում, որից անարդարացի կերպով հեռացվել էի նացիոնալիստ ու հակահեղափոխական տականքների մեղքով, ես որոշեցի, որ իմ գրիչը պետք է մեր խորհրդային կյանքում թեկուզ մի չլուսավորված անկյուն չթողնի, որտեղ կարող են բույն դնել ամենատարբեր հակահեղափոխական վիժվածքներ, որոնք փորձում են խանգարել մեր առաջնորդներ Ստալինի ու Բերիայի կողմից նշված ուղեգծին…
Վերջին բառերն ասելիս Ոսկերչյանը շրջվում է դեպի Ստալինի ու Բերիայի նկարները և ակնածանքով լի հայացքն ուղղում նրանց: Այդ ընթացքում սեղանի շուրջ նստածները դժգոհ, իբր «ինչպես ազատվենք էս փորձանքից» դեմքի արտահայտություններով նայում են միմյանց:
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ _ Այո, իհարկե, ընկեր Ոսկերչյան: Անկասկած յուրաքանչյուր ոք, ով կփորձի խանգարել մեր առաջնորդների մեծ գործին, արժանի է բացահայտվելու և խստորեն պատժվելու… Իսկ ի՞նչ էիք ուզում հարցնել…
ՈՍԿԵՐՉՅԱՆ_ (զարմացած) Հարցնե՞լ… Այո, իհարկե, հարցնել: Ուզում էի իմանալ թե Դուք, ընկեր Փափազյան, ի՞նչ կարծիք ունեք դասական պիեսների մասին, ինչպիսին օրինակ այսօրվա Համլետն էր Ձեր ներկայացմամբ, մասնավորապես, արդյոք չպե՞տք է ազատվել կերպարը ներկայացնելու դասական, հին բուրժուական հասարակարգին հատուկ ձևերից…
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ _ Ինչ խոսք, Ձեր հարցի մեջ ճշմարիտ մտահոգություն կա… Ես Ձեր հարցին կպատասխանեմ իմ անունից ու իմ վերաբերյալ: Թե այսօրվա Համլետի, և թե ընդհանրապես մյուս դասականների դեպքում իմ արվեստը ռեալիստական է ձևավորումով և արտահայտությամբ, բայց միշտ դասական է իր բնույթով…
ՈՍԿԵՐՉՅԱՆ_ Իսկ արդյոք վերանայման կարիք չունի՞ դասական պիեսների հենց դասական բնույթը… Որն իմ կարծիքով խոչընդոտ է հանդիսանում իրական պրոլետարական բնույթի ներկայացումներ ստեղծելու համար…
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ _ (զարմացած) Ուզում եք ասել` վերանայվի հենց Շեքսպիրի՞ց եկող բնույթը…
ՈՍԿԵՐՉՅԱՆ _ Այո, ինչու՞ ոչ… Չէ՞ որ ամեն արվեստի գործ, լինի դա դասական, թե ժամանակակից, պիտի միայն մի նպատակ ունենա. ծառայել կոմունիստական հասարակարգի շուտափույթ կայացման սուրբ գործին, իսկ դրա համար արվեստը պիտի պրոլետարական լինի ոչ միայն իր արտահայտությամբ ու ձևի մեջ, այլև բնույթով:
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ _ Գիտեք, ընկեր Ոսկերչյան, նպատակն այնքան սուրբ է, որ դրան հասնելու համար Ձեզ նման գիտակ մարդիկ հաստատ ոչնչի առաջ չեն կանգնի… Բայց քանի որ դասական գործերի դասական բնույթը պրոլետարականով փոխելու մասին ես դեռ առիթ չեմ ունեցել մտածելու, հիմա կոնկրետ ոչինչ ասել չեմ կարող… Նաև հույս ունեմ` Դուք շուտով հանդես կգաք մի տաղանդավոր հոդվածով, որով կօգնեք մեզ` թատրոնի գործիչներիս ճիշտ կողմնորոշվել այս կարևորագույն հարցում…
ՈՍԿԵՐՉՅԱՆ_ Այո, ընկեր Փափազյան, ես այդպիսի մտադրություն ունեմ… Սակայն դա ոչ հիմա… Թատրոնը մի փոքր ուսումնասիրելուց հետո: Ամեն դեպքում շնորհակալ եմ հարցիս պատասխանելու համար, իսկ հիմա պետք է գնամ, ցտեսություն, ընկերներ… Ես վաղը կմտնեմ Ձեզ մոտ` խմբագրություն, ընկեր Մահարի…
Սեղանի շուրջ նստածները նույնպես հրաժեշտ են տալիս, իսկ Ոսկերչյանը շրջվելով մի անգամ ևս պատկառանքով նայում է Ստալինի ու Բերիայի նկարներին և հեռանում է: Նրա հեռանալուց հետո միայն սեղանակիցները կարծես հանգիստ շունչ են քաշում, սակայն մի որոշ ժամանակ ծանր լռություն է տիրում:
ԳՈւՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ _ Կան մարդիկ, որոնց չհանդիպելու համար միայն ուզում ես, որ վաղվա օրը երբեք չգա… Որքան էլ կյանքը սիրես… (ցույց տալով ձեռագիրը) Ահա, մի նայեք սրա անպատկառությանը. ինձ մերկացնող հոդված է բերել, որ ինքս իմ ձեռքով տպեմ թերթում… Այսինքն` իմ ձեռքով դատավճիռս տպեմ…
ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ _ Եվ այդ սրիկան իբր քիչ ավերածություններ է արել գրականության ու երաժշտության մեջ, հիմա էլ ուզում է թատրոնին անցնե՞լ… Ասա` ոտքով-գլխով կորանք, էլի…
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ _ Այոո~… Որքան հիմար են մարդիկ, այնքան հանդուգն են նրանց գործերը… (ապա մի պահ լռելուց հետո, վերցնելով բաժակը) Սա այն դեպքերից է, երբ չի կարելի չխմել` շառից, փորձանքից հեռու… (խմում են) Կեցցե առաջնորդը…
ԳՈւՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ _ Չգիտեմ էլ, թե էլի ինչ պիտի լինի, որ սրանից ավել տրամադրությունս փչանա…
ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ _ Գուրգեն, չգիտեմ` աչքիս երևաց, թե ինչ… բայց քո այդ խոսքի վրա էն (գլխով ցույց է տալիս Բերիայի նկարը) չորսաչքանի տականքը կարծես քմծիծաղ տվեց…
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ _ Դե լավ, ջանս, դա արդեն ծիծաղելի է…
Հանկարծ խորքի դռնից իրեն արագ ներս է գցում մատուցողը և վախվորած կանգնում է դռան մոտ` մեկ նայելով իր շփոթված տեսքից ու շնչակտուր հայտնվելուց ապշած սեղանակիցներին, մեկ դռան խորքը, որտեղից կարծես սատանայի չափ վախենալու մեկը պիտի հայտնվեր: Մի ակնթարթ հետո ներս են մտնում երեք հոգի ՉԿ-ի համազգեստով և արագ ու խրոխտ քայլերով մոտենում են սեղանին, որտեղ նստած են ռեստորանի միակ հաճախորդները: Սեղանին հասնելով` երեքից այն մեկը, որ առջևից էր քայլում և ակնհայտորեն գլխավորն էր, կտրուկ կանգ է առնում: Սեղանի շուրջ նստածները կարծես ինքնաբերաբար ոտքի են կանգնում:
ՆԻԿՈՂՈՍՅԱՆ_ (գրպանից հանելով կարմիր վկայականը և բացելով) ՆԳԺԿ ավագ լեյտենանտ Նիկողոսյան… (ապա սևեռուն նայելով Գ. Մահարու վախվորած աչքերին) Ձեզնից ո՞վ է քաղաքացի Գուրգեն Աճեմյանը, այսպես կոչված` Մահարին…
ԳՈւՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ _ Ես եմ… Գուրգեն Մահարին…
ՆԻԿՈՂՈՍՅԱՆ_ (հետևում կանգնած երկուսին) Խուզարկեք սրան… (և մինչ վերջիններս խուզարկում են) Քաղաքացի Մահարի, Դուք ձերբակալված եք…
ԳՈւՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ _ Բայց ինչի՞ համար…
ՆԻԿՈՂՈՍՅԱՆ_ Բաժնում կիմանաք… (ապա ցույց տալով սեղանը) Այստեղ Ձեզ պատկանող իրե՞ր կան…
ԳՈւՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ _ Այո, այդ թերթերն ու գրքերն իմն են…
ՆԻԿՈՂՈՍՅԱՆ _ (սեղանից թերթերն ու գրքերը վերցնելով և ցույց տալով Ոսկերչյանի ձեռագրերը) Այս ձեռագրե՞րն էլ են ձերը…
ԳՈւՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ _ (տարակուսանքով) Այո…
ՆԻԿՈՂՈՍՅԱՆ _ (խիստ և արհամարհանքով) Տարեք սրան…
Նիկողոսյանի հետ եկած երկուսը, արագ ավարտելով խուզարկությունը, Գ. Մահարուն թեթև հրում են առաջ, իսկ վերջինս, ասես վերջին անգամ մի շփոթված հայացք նետելով լուռ կանգնած Հրաչին ու Վահրամին, շարժվում է դռան ուղղությամբ: Նիկողոսյանը, մի թունոտ հայացք նետելով Վահրամի ու Հրաչի վրա, ինքը ևս շրջվում է ու առանց բառ ասելու` հեռանում: Նրանց հետևից դուրս է գալիս նաև մատուցողը, իսկ Հրաչն ու Վահրամը մի որոշ ժամանակ ևս լուռ կանգնած են մնում, հետո Վահրամը դանդաղ բարձրացնում է բաժակը:
ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆ _ Պոետական անմեղ հոգիների կենացը…
ՏԵՍԱՐԱՆ ԻՆՆԵՐՈՐԴ
Ծննդատան բակում անհանգիստ ու միայնակ այս ու այն կողմ է քայլում Հայկ Նահապետյանը:
ՀԱՅԿ_ (ինքն իրեն) Մարդ կխելագարվի… Բայց ախր ես ի՞նչ կարող եմ անել… Սպասելուց բացի… Չի ուզում ծնվել ու վերջ… Իսկ եթե ճիշտ է անում, որ չի ուզու՞մ… Ծնվի` ի՞նչ անի, եթե արդեն քանի դար է` մեր ցեղի ոչ մի տղամարդ իր երեխեքի ոչ հասունությունն է կարգին տեսել, ոչ էլ մի մուրազի է հասցրել… Ջահել-ջահել կամ պատերազմում են զոհվել կամ ինչ-որ անանուն նամակի են զոհ գնացել… Ու հիմա ծնվի, որ ինքնուրույն ոտի կանգնի, ինքնուրույն մարդ դառնա, ինքնուրույն… Ինչի՞ն է պետք… Էս անգամ էլ մարդը ինքնուրույն որոշել է չծնվել ու վերջ… Հոգնել է…
Դուրս է գալիս ծննդատան քույրը:
ՀԱՅԿ_ (ընդառաջ շտապելով) Հը՞, քույր ջան, նորություն չկա՞…
ՔՈՒՅՐ_ Չէ, նորություն չկա… Չի ուզում ծնվել, էլի, հո զոռով չի…
ՀԱՅԿ_ Ախր այ քույր ջան, արդեն երրորդ օրն է, ո՞նց կլինի…
ՔՈւՅՐ_ Ընկեր ջան, ես ի՞նչ անեմ…
ՀԱՅԿ_ Բա Դուք ասում էիք` հնարավոր է խթանիչ ներարկել ու արագացնել…
ՔՈւՅՐ_ Է~, հիմա էլ ենք ասում… Բայց դե գլխավորն ասում է` պետք չի շտապել…
ՀԱՅԿ_ Շտապելու հարց չի, ուղղակի… Ուղղակի մյուսներն արդեն իրենց կանանց ու երեխաներին տուն են տարել, իսկ ես…
ՔՈւՅՐ_ Դուք մի անհանգստացեք… Ամեն ինչ լավ կլինի… Գլխավորն իր գործը լավ գիտի: Եթե խթանիչ ներարկելու անհրաժեշտություն լինի, նա կանի….
Հեռանում է:
ՀԱՅԿ_ (Հետևից բղավելով) Իսկ կի՞նս ինչպես է…
ՔՈւՅՐ_ (հետ շրջվելով) Լավ է, լավ… Մի անհանգստացեք…
ՀԱՅԿ_ (կրկին դեսուդեն քայլելով ու ինքն իրեն) Մի անհանգստացեք, հա մի անհանգստացեք… Ախր խթանի՞չը որս է… Եթե մի տեղ ավելի վատ է, քան այնտեղ, որտեղ գտնվում ես, ու քեզ ասում են` գնա, դա արդեն խթանել չի… Դա.. Դա չգիտեմ ինչ է… Դա խանգարել է… Իսկ եթե ծնողներիցդ բացի, քեզ ոչ ոք չի սպասում, ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես խթանվել… Դե թող խթանեն` Փոքր Մհերը քարանձավից դուրս գա… Կամ էլ խթանեն` Փրկիչը մի անգամ էլ իջնի…
Հայտնվում է Ժորժն ու մի տեսակ հուզված ու լարված մոտենում է Հայկին:
ԺՈՐԺ_ (ագրեսիվ տոնով) Հա՞յկ էր, չէ՞ Ձեր անունը…
ՀԱՅԿ_ (զարմացած) Այո՞…
ԺՈՐԺ_ Ձեր հողագործ որդին էլ դեռ չի ծնվել, ինչպես հասկացա…
ՀԱՅԿ_ Ոչ, բայց…
ԺՈՐԺ_ (կոպիտ ընդհատելով) Գուցե ոչ մի որդի էլ չկա՞… Եվ Դուք էլ ոչ թե ֆերմեր Հայկն եք, այլ մի ինչ-որ գործակալ 007՞…
ՀԱՅԿ_ Ինչե՞ր եք խոսում… Ի՞նչ գործակալ 007… Ես Հայկ Նահապետյանն եմ…
ԺՈՐԺ_ Հա, գործակալ 007, ես այդպես էլ հավատացի… Ինձ անձնագիր էլ պետք չէ… Վստահ եմ, որ հատուկ ծառայությունների համար դա խնդիր չէ…
ՀԱՅԿ_ Ի՞նչ հատուկ ծառայություններ… Ինչե՞ր եք դուրս տալիս…
ԺՈՐԺ_ Դե գիտե՞ք` ինչ… Բավական է արդեն… Ինձ ու՞մ տեղն եք դրել… Ձեզ թվում է` ես չգիտե՞մ, որ ինձ հետևում եք… Ես նույնիսկ գիտեի, որ ձեզ այստեղ կհանդիպեմ…
ՀԱՅԿ_ Լսեք, Դուք երևի զառանցում եք… Գուցե բժի՞շկ կանչեմ…
Հայտնվում է Նժդեհը մի քանի սափրագլուխ թիկնապահների հետ ու միանգամից վրա տալիս:
ՆԺԴԵՀ_ (Հայկի օձիքը բռնելով) Ստե՞ղ ես, արա, հլը էնքան դուխ ունես, որ չես փախե՞լ…
ՀԱՅԿ_ (առավել զարմանալով) Սպասեք, էս ի՞նչ ա կատարվում… Ի՞նչ ա պատահել…
ՆԺԴԵՀ_ Հեսա կիմանաս` ինչ ա պատահել… (շրջվելով ու ձայն տալով) Բերեք դրան, արա… Հեսա կտեսնենք` էլի քեզ ապուշի տեղ կդնես, թե չէ…
Եվս երկու սափրագլուխ թիկնապահներ քարշ տալով բերում են համարյա կիսամեռ արխիվարիուսին:
ՆԺԴԵՀ_ Դե հիմա խոսա. ճանաչու՞մ ես սրան…
ՀԱՅԿ_ Չէ, չեմ ճանաչում, բաց թողեք ինձ…
ՆԺԴԵՀ_ Տո լսի, է… Էլ մի քեզ էշի տեղ դիր… Մեզ ուղարկում ես սրա մոտ, բայց դու չես ճանաչու՞մ…
ՀԱՅԿ_ Չէ, չեմ ճանաչում… Ո՞վ ա էս մարդը…
ՆԺԴԵՀ_ Տոհմածառ-սերվիս, ապուպապեր, չգիտեմինչ… Չես ճանաչու՞մ… Բա ինքը քեզ ճանաչում ա, արա… Հենց ասեցինք` Հայկ, ասեց, որ դու միակ մարդն ես, որ կարա իմ հախից գա…
ՀԱՅԿ_ Մի անգամ էլ եմ կրկնում. ես էս խեղճ մարդուն չեմ ճանաչում…
ԺՈՐԺ_ Ներեցեք, մի՞թե սրանք հատուկ ծառայություններից չեն…
ՆԺԴԵՀ_ Ի՞նչ հատուկ ծառայություն… Սրանց հաստատ էն Կնդոն ա ուղարկել, որ… Որ չգիտեմ հլը ինչ, բայց հաստատ ինչ-որ մի բան բզբզան, ինչ-որ մի բան սարքեն, որ եկող ընտրություններին իմ ընտրատրածքից ինքն ընտրվի…
ԺՈՐԺ_ Իսկ դա հաստա՞տ է…
ՆԺԴԵՀ_ Հաստատն էն ա, որ սրանք չգիտեն, թե ում հետ գործ ունեն… Էդ ընտրատարածքից հլը իմ տղեն էլ պիտի դեպուտատ ընտրվի… Էդ ես եմ ասում` ցեղակրոն Նժդեհը…
ԺՈՐԺ_ Իսկ ես պատրաստվում էի պետության դեմ հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան… Բայց ահա թե ինչ է պարզվում… Իսկ այդ դեպքում ե՞ս ինչ կապ ունեմ. ոչ պատգամավոր եմ ուզում դառնալ, ոչ էլ նախագահ…
ՆԺԴԵՀ_ Չգիտեմ` դու ինչ կապ ունես… Մենք էլ հենց ուզում ենք ճշտել, թե ով ինչ կապ ունի…
ԺՈՐԺ_ (ցուց տալով արխիվարիուսին) Բայց այսպիսի մեթոդներո՞վ… Թույլ տվեք ինձ չմասնակցել Ձեր ճշտմանը… Ես ավելի լավ է իմ մեթոդներով աշխատեմ… Ձեզ հաջողություն…
Հեռանում է:
ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻՑ ՄԵԿԸ_ Շեֆ, բայց իզուր թողեցինք գնա… Կարող ա էդ էլ ա սրանց հետ…
ՆԺԴԵՀ_ (մի պահ մտածելուց հետո) Չէ, թող գնա, բայց երկու հոգի հետևից գնացեք, տեսեք` ուր ա գնում… Եթե սրանց հետ ա, ուրեմն կգնա զակազչիկի մոտ… (Հայկին) Իսկ դու հիմա մեզ մանրամասն կպատմես, թե ով ա ձեզ ուղարկել ու ինչ նպատակով…
Թիկնապահներից երկուսը շտապում են Ժորժի հետևից:
ՀԱՅԿ_ Ես նորից եմ ասում` ինձ ոչ ոք չի ուղարկել, ես ոչ ոքի չեմ ճանաչում, ու իմ միակ նպատակը առողջ երեխա ունենալն է…
ՆԺԴԵՀ_ Չէ, դու երևի լավ չես հասկանում` ում հետ գործ ունես… (թիկնապահներին) Տարեք էն ծառերի տակ, մի քիչ բացատրեք, թող խելքը գլուխը գա…
Երկու թիկնապահ, ապարդյուն ընդդիմացող Հայկի թևերը մտնելով, տանում են:
ՆԺԴԵՀ_ (քիչ այն կողմ ընկած արխիվարիուսին ոտքով բզելով) Հը՞, արա, պիսար ես, պատմիչ ես, ինչ ես…. Ասում ես` Նժդեհը պապուս պապուն ժողովրդի առաջ գցել ա քացու տա՞կ… Հա՞… Ասում ես` պապս աֆերիստ կոմունիստ ա եղել, ու ինքն իրա մատը տապոռով կտրել ա, որ կռիվ չգնա՞…. Հա՞… Բա ե՞ս ով եմ, հը՞, արա… Իմ մասի՞ն ինչ ստեր եք գրելու… Չլինի՞ գրելու եք` իրա հողն ու ջուրը չէր սիրում… Կամ իրա ժողովրդին թալանում էր… Հը՞, արա…Բա էդ եկեղեցին կարո՞ղ ա իմ համար եմ սարքել… Կամ էդքան բարեգործությունն իմ համար եմ անում, հը՞… Էդ էն շակալ Կնդո՞ն ա ասել, որ տենց բաներ գրեք, արա… Պրիզնատ արի…
Վախվորած դեմքով վազելով գալիս է թիկնապահներից մեկը:
ԹԻԿՆԱՊԱՀ_ Շեֆ, էն հարիֆը մեռավ…
ՆԺԴԵՀ_ Ո՞նց մեռավ, արա…
ԹԻԿՆԱՊԱՀ_ Շեֆ, ես ի՞նչ մեղավոր եմ, էնքան նվազ էր` մի երկու հատ զըմփըցրի, մեռավ…
ՆԺԴԵՀ_ Արա, հո դուք հիմա՞ր չեք, արա… Էդի մեզ սաղ էր պետք, որ բան իմանայինք…
ԹԻԿՆԱՊԱՀ_ Շեֆ, ի՞նչ անեմ, չդիմացավ…
ՆԺԴԵՀ_ Լավ, գնացինք, ես ձեր հետ հետո կխոսամ…
ԹԻԿՆԱՊԱՀ_ (ցույց է տալիս արխիվարիուսին) Շեֆ, բա սրա՞ն ինչ անենք…
ՆԺԴԵՀ_ Թողեք, թող մնա… Գնացինք…
Հեռանում են:
Արխիվարիուսը, որն ամբողջ ժամանակ համարյա անշարժ պառկած էր գետնին, սկսում է կյանքի նշաններ ցույց տալ, տնքում է ու ցածրաձայն օգնություն կանչում: Հայտնվում է ծննդատան քույրը, և գետնին ընկած արխիվարիուսին տեսնելով` նետվում է դեպի նա և փորձում օգնել…
ՔՈւՅՐ_ Ի՞նչ է պատահել Ձեզ… Ո՞վ է արել… (ձայն է տալիս) Օգնեցե~ք… Հիմա… Հիմա կօգնեն… (ձայն է տալիս) Օգնեցե~ք…
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ (տնքալով, հազիվ լսելի) Սպանեցին… Նրան սպանեցին… Սպանեցին…
ՔՈւՅՐ_ Ու՞մ սպանեցին… Ո՞վ սպանեց… Ի՞նչ եք խոսում… (ձայն է տալիս) Օգնեցե~ք…
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ Սրիկաները սպանեցին նրան… Սպանեցին… Նա այստեղ էր… Երեխա էր սպասում…
ՔՈւՅՐ_ Ու՞մ սպանեցին… Հայկի՞ն… Նահապետյան Հայկի՞ն… (ձայն է տալիս) Օգնեցե~ք…
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ Հայկին… Հայկին սպանեցին սրիկաները…
ՔՈւՅՐ_ Բայց ինչպե՞ս… Ովքե՞ր… Իսկ ես գալիս էի` ասելու, որ… Ինչու՞ սպանեցին… Նա արդեն երեք օր է` սպասում էր…
ԱՐԽԻՎԱՐԻՈւՍ_ Չգիտեմ ինչու սպանեցին… Չգիտեմ…
ՔՈւՅՐ_ (լալով) Նա որդի է ունեցել… Ինչու՞ սպանեցին… Շատ փոքրիկ ու թույլ… Ընդամենը 1,7կգ… Չգիտենք` կապրի, թե ոչ… Ինչու՞ սպանեցին… (ձայն է տալիս, սակայն այս անգամ չափազանց աղեկտուր ու ազդեցիկ, ասես հուսահատ) Օգնեցե~ք…
ՎԵՐՋ
© Սարգիս Հովսեփյան, 2009