Ովքե՞ր են ոռնում հեռվում,
երբ գայլերը վաղուց լքել են մեզ։
Ես ուզում եմ խոտի տակ մտնել,
ոչ թե որ մեռնեմ,
այլ տաքանամ։
Իսկ նա տաք ավազի
ապահովությամբ
խոստանում է խաղաղուղություն։
Նա, ում, աչքիս, սիրահարվում եմ։
Մաշվելու այս ծեսը
ծանր է նստում սրտիս վրա,
որ դեռ հավատում է։
Սիրած կինոների սաունդրեքերը
էլ չեն օգնում,
բայց նրան, աչքիս, սիրահարվում եմ։
Նա մազերս ետ է տանում
այնպիսի սիրով,
որ ինձ ողջ եմ զգում,
որ հիշում եմ՝ կին եմ։
Երբեմն դժվար է դառնում
ճանաչել սեռը,
երբ մենակ ես,
երբ միշտ մենակ ես։
Ովքե՞ր են ոռնում հեռվում,
երբ գայլերը վաղուց լքել են մեզ։
Ես դեմքիս քսել եմ
անհրաժեշտ շիճուկները եւ կրեմները,
բայց եկող արցունքներն
ամեն ինչ փչացնում են։
Ովքե՞ր են հաչում
պատուհանի տակ,
երբ շները նույնպես հոգնել են։
Նա այնքան է համբուրում մատներս,
որ ձեռքի կրեմները
շատացել են,
ու ես համարյա չեմ մոռանում քսել։
Ես ու մայրս չենք հասկանում իրար,
նա չի հավատում երազանքներին,
դա ինձ տխրեցնում է,
բայց ես սիրում եմ նրան։
Ես չեմ հավատում կրոններին,
բայց սիրում եմ լսել եկեղեցու զանգերն
ու շուրջը թռչող աղավնիներին։
Մեկ-մեկ ուզում եմ ես էլ թռչել,
բայց ծանր եմ, պարզվում է,
այնքան, որ թվում է՝
կարող եմ միայն հողին հասնել։
Բայց դեռ էստեղերք եմ․
ուզում եմ էստեղերք լինել։
Նա այնպես կրքով է
համբուրում պարանոցս,
որ ուզում եմ վիզս երկարացնել
ու տեսնել՝
ինչ կա էս խավարից դուրս;
Երբեմն տեսնում եմ։
Վերջերս համով պիրոգներ եմ սարքում՝
դդումով, խնձորով, գազարով,
բայց դառնությունը չի անցնում։
Եվ ինչ հրաշալի է
անձրեւի հետ խառնված մայրամուտը,
որ քեզ չի բերում ինձ մոտ։
Երբեմն պետք է կարողանալ կանգնել
ու ընտրել միայն քեզ։
Եւ երբեմն գալիս է պահ,
որ ուզում ես
մորդ հետ լինել ամենամտերիմը։
Իսկ առասպելները, թվում է,
շարունակվում են առանց քեզ,
առասպելները, որտեղ ես մենակ եմ
բոլոր աստվածների հետ,
եւ նրանք չեն ուղարկում ինձ փորձության։
Գայլերն ուզում են վերադառնալ,
դու ուզում ես վերադառնալ,
արեւն ուզում է վերադառնալ,
ծանոթ խավարն ուզում է վերադառնալ․
միթե՞ էությունը վերադարձի մեջ է։
Դու ուտում ես խնձորը,
իսկ այն ուզում է վերադառնալ։
Ովքե՞ր են ոռնում հեռվում։
Գայլերն են։
Նրանք չեն ուզում լքել մեզ,
նրանք չեն ուզում հեռանալ,
եւ միթե՞ իսկական սերը նույնպես փորձություն չէ՞․․․