Վառում եմ ծխախոտը: Նեղ միջանցքի խավարած լամպի լույսի տակ տեսնում եմ արնաշաղախ մարմինս՝ պատից կախված հայելու դիմաց փռված: Ներշունչ: Դանդաղ դուրս եմ թափում ներսիս ծուխը: Ներս քաշածից շատ է: Անդուլ դուրս եմ թափում: Վերջ չկա: Օդում են ծխի քուլաները: Մեջս: Թոքերիս վրա: Նայում եմ քարացած մարմնիս: Կյանք: Վերջացավ: Հիմա դի եմ: Ինչո՞ւ էսպես: Կախվում եմ մոխրագույն քուլաներից, ճիգ անում բռնել: Անկում: Անվերջ: Մեկը մարմինս սպիտակ սավաններով անորոշության մեջ է կախել: Փոքրիկս: Մեծս: Մեծիկս: Խելագարս: Արյունն ամբողջ հատակին է: Ո՞վ կմաքրի: Մորս արցունքները: Կեղտերս մաքրողս: Արև: Խավար: Արև: Խավար: Էլ չեմ տեսնի: Գլխիս անցքից արյան հետ մտքերն են ծորացել հատակին: Տեսնես՝ ո՞վ կմաքրի: Կքայլեն վրայով: Կգնան-կգան, կգնան-կգան: Էստեղ միշտ է էդպես: Օդ չկա: Խեղդվում եմ, շնչակտուր եմ: Մեռածները չեն շնչում: Մութ: Ճառագայթները ներս են սպրդում, ջարդում խավարը: Լույս: Վե՞րջ: Վերջ:
Արթնանում եմ: Ամեն օր զարթնելիս միակ հույսդ մոնոտոնությունն է: Ամեն բան նույնը կլինի՝ միալար, միապաղաղ: Ոչ մի գիծ ավել, ոչ մի բիծ պակաս: Դանթեական դժոխքի ոլորաններից առաջինում եմ՝ կանգառում ավտոբուսի սպասելիս, երկրորդում՝ ավտոբուսի մեջ, երրորդում՝ համալսարանում: Դիվահար նախախնամությամբ ինչ-որ մեկը կարծել է, որ դպրոցական տասներկու տարիները քիչ են պատմություն սովորելու համար ու որոշել, որ մաթեմատիկական ֆակուլտետում մի չորրորդ ոլորան էլ պատմության առարկա է պետք ավելացնել:
Բարև ձեզ: Ինձ հինգ հատ սպիտակ թուղթ տվեք: Հիսուն դրամ: Գրադարանում եմ: Խզբզում եմ: Գրող եմ: Միշտ եմ եղել: Երբեք էլ չեմ եղել: Ոչինչ եմ: Մեկ-երկու-երեք: Հիսուն տող: Ջնջում եմ: Շըշշշ: Աղմկում եմ: Մեռելացած բանասեր է: Գրող է: Ոչ ոք չի կարդում: Գրող է: Ցավ է: Ոչինչ է: Ինձ պես: Մեկ-երկու-երեք: Չորրորդ թուղթն եմ ճմրթում: Վերջինն է: Բան չմնաց: Մեկ-երկու-երեք: Հիսուն տող: Չեմ ջնջում: Գրել եմ: Խնամքով ծալում եմ ու դնում վերարկուիս ներսի գրպանիկում: Քայլում եմ: Արև է: Տաք է: Աշնան արև է: Ինձ սև թեյ: Դառը: Ամեն բան դառը: Տերևները դանդաղ թափվում են: Քամին խաղում է հետները: Դեղին: Կարմիր: Քայլում եմ նորից: Հաճելիորեն տաք է: Հանում եմ վերարկուս ու պահում ձեռքումս: Շոյում է մեջքս: Քամին է: Հազում եմ: Ճանապարհն անխնա զարդարված է ծխախոտի մնացքներով: Մենք ենք: Ես եմ: Պատկեր է։ Ինքնապատկեր է։
Ծխախոտ եմ վառում: Փաբում մռայլ է: Մի տեսակ մշուշոտ: Մնացած բոլոր փաբերի պես: Աչքերս փակվում են էդ մռայլությունից: Կիմը խմելու բան է պատվիրում այս քավթառ մատուցողուհուց: Ո՞վ է բերել սրան: Ինքն է եկե՞լ: Ծխել չի կարելի՝ ասում է: Չգիտի՝ ինչու: Մոխրաման է բերել: Չգիտի՝ ինչու: Օդում ծխից մառախուղ է գոյացել: Չգիտի՝ ինչպես: Ծխել չի կարելի: Ծուխը շնչել կարելի է: Ինչո՞ւ: Չգիտի: Բերում է: Մեկ-երկու-երեք բաժակ: Խմենք Հայաստանի համար: Մայթերի զարդարանքի: Անողնաշարի համար: Ուտիճների համար: Խավարասերների: Մակաբույծերի: Էստեղ կենացները շատ են: Էստեղ հանուն կենացի խմելու փոխարեն խմում են կենացը մոռանալու համար: Հարբել եմ: Հարբել ես: Հանուն Հայաստանի միշտ էլ արժի հարբել: Էդպես ենք սովոր: Մենակ հարբեցինք հանուն Հայաստանի, էնքան շատ, որ հիմա ինքը Հայաստանն է հարբել:
Ատում եմ աշունը: Մռայլը: Ցուրտը: Անձրևը: Կիմն ասում է,որ ինքը սիրում է: Նոր կենաց եմ առաջարկում: Խմենք աշնանային մարդկանց կենացը: Ասենք, էդպիսի երեք միլիոն մարդ եմ ճանաչում:
Ջորջին Թբիլիսիում տեսա: Էնտեղ է ապրում: Էստեղից չէ: Նա աշնանային մարդ չէ: Ուրիշ է: Լրիվ ուրիշ։ Չորս լեզվով է խոսում: Միասին վայելում էինք փողոցում նվագող բենդը: Ասենք, ես ավելի շատ իրեն էի վայելում: Ինքն ապրում էր երգը, ամեն հնչյունը, նոտան: Ես իրեն էի նայում: Ժամերով կարելի է նայել էմոցիաների այդ տոպրակին: Ջորջը փողոցային է: Նա մուրացիկ է: Ինքն էլ է ատում աշունը: Ինքը շատ բաներ է ատում։ Ես՝ շատ ավելի։ Նա կորցրած ժպիտների երկրից չէ: Ասում է՝ երջանիկ է: Լիքը չորքոտանի ընկերներ ունի՝ կատուներ ու շներ: Ջորջը փողոցային է: Փողոցում է ապրում: Չորս լեզվով է խոսում: Չգիտեմ՝ ինչպես է հիմա։
Կեսգիշեր է համարյա: Սառը օդը սթափեցնում է: Էլ հարբած չեմ: Հարբած չենք, Կիմ: Ընդամենը խմած ենք: Տաքսի եմ վարձում: Տանն եմ: Սիրելիս: Ինձ մոտ ես եկել: Թաց ես: Չոր են շուրթերդ: Թաց են հիմա: Խոնավ են: Ծնկել ես: Արձակիր: Խաղա լեզվով: Էդպես: Խորը: Ձեռքս սահում է մազերիդ միջով: Թաց ես: Թաց եմ: Վեր կաց: Պառկիր: Շրջվիր: Մարմինդ փափուկ է: Մատերս սահում են վրայովդ: Պահպանակ չունեմ: Ոչինչ: Էդպես: Տնքոցդ խլացնում է ներսիս ձայնը: Առավոտներին ներսիս ձայնը ճչում է: Շարժվում եմ: Հետ-առաջ: Բռնիր ձեռքս, սիրունս: Արևս: Արագ է: Վերջացա: Վերջացանք: Ծորում ես: Ընկնում եմ: Սկսում եմ արագ շնչել: Ո՞ւր ես: Լեզուդ ո՞ւր է: Վազիր վրայովս: Չկաս:
Նորից առավոտ: Լոգանք: Նիրվանա: Քուին: Ոլորաններ: Կանգառ: Ավտոբուս: Խելագարվում եմ Էմիի համար: You know I’m no good. Back to black: Ստոպ: Սեղմում եմ կանգառի կոճակը: Չի կանգնում: Հաջորդ կանգառում եմ իջնում ու շտապ քայլում եմ: Ուշանում եմ: Աշխատանք: Ուսուցիչ: Դպրոց: Երեխաներ: Քաոս: Աղմուկ: Միզահոտ: Փոշի: Փաբի մատուցողուհուց քավթառ ուսուցիչներ, որ փչացնում են երեխաներին: Երեխաներիս: Զուգարանն ամոթ բառ չէ: Գրողի ծոցը դասվարդ: Միջնամատ: Երեխաներ: Հայհոյել չի կարելի: Երեխաներ: Լուռ: Դաս: Նորից ավտոբուս։ Խցանում։ Մեկ-երկու-երեք ժամ: Հավերժություն։ Տուն: Լամպ: Միլեր: Ռունի: Սեքս: Նարեկ: Ղուկաս: Անջատում եմ լամպը: Քնում եմ: Համալսարան: Մաթեմատիկական ֆակուլտետում միայն փիլիսոփայության դասերին եմ նստում: Զանգ: Վերջ: Կարելի է ծխե՞լ: Փառք Աստծու: Վերջին երկու ամսվա մեջ վերջապես ժամանակ եմ գտնում եկեղեցի գնալու: Աղոթելու համար ժամանակ միշտ եմ գտնում, ցանկություն՝ երբեմն ոչ: Մեկ-երկու-երեք: Մոմեր: Հայր: Որդի: Սուրբ Հոգի: Բաց իմ առջև՝ ես բախում եմ: Փնտրում եմ վաղուց, բայց դեռ չեմ գտել: Սխալ եմ: Սխալանք։ Անարժան: Թերություն: Մոլորյալ: Գանձանակից ընկած աղբի կտոր եմ: Քաոս: Ամեն: Ապոկալիպսիս: Խենթություն: Տեսիլքներ: Գլխապտույտ: Դեղեր: Հաբ: Մեկ-երկու-երեք: Ջուր: Շունչ: Լռություն: Կարոտել եմ: Որտեղ ես: Լռության պահերին ավելի բարձրաձայն եմ կարոտում: Եկար: Ի՞նչ ես բերել: Տուր ինձ այդ զենքը: Ինձ համա՞ր է: Նվեր: Բախտավորություն: Երջանիկ եմ: Բավականին երջանիկ: Երբեմն մտածում եմ՝ երջանիկ եմ զուտ նրա համար,որ դժբախտությունը չի հասցրել ամբողջովին կուլ տալ ինձ: Լռություն: Անորոշություն: Ոչինչ: Ամեն ինչ ու ոչինչ: Դրա մեջ էլ երջանկություն: Հենց դրա մեջ ամենաշատը:
Համալսարան: Դասեր: Չկամ: Քննություն: Զրո: Լուծարք: Զրո: Հեռացում: Ցտեսություն։ Միշտ էլ մաթեմատիկոս չեմ եղել: Գրող եմ: Միշտ եմ եղել: Երբեք էլ չեմ եղել: Մամա: Լվացք: Վերարկու: Գրպանիկ: Չկա: Թաց քաքի գունդ է: Գրո՞ղ եմ: Ոչինչ եմ: Ոչինչների երկրում ոչինչ եմ: Ամեն ինչ եմ:
Մի քանի շունչ օդ: Համբույր: Շորեր: Սեքս: Ջուր: Հաց: Աղոթք: Կյանք: Մահ: Հարձակում: Մեկ-երկու-երեք օր : Պատերազմ։ Մահ: Վախճան: Սիրուն բառեր: Պոռնկություն: Քաոս: Ելույթներ: Թուլամորթ: Ոչինչ: Բոլորիս ոչինչ: Ամենաոչինչ: Ճիչ: Լաց: Դադար: Սպասում: Երկար: Անվերջ: Դաժան: Սպանող: Սպասում: Վե՞րջ: Սկի՞զբ: Սպասում: Որդ: Կրծող որդ: Նոպաներ: Անքնություն: Մազեր։ Ճանկեր: Պատ: Խազեր: Արյուն: Հիստերիա:
Բանալին դանդաղ պտտում եմ աջ: Մեկ-երկու-երեք: Ներս եմ մտնում: Նայում եմ պատից կախված հայելու մեջ: Ես եմ: Բարև: Ծիծաղ: Դիվահարություն: Լռություն: Ատրճանակ: Դանդաղ սահեցնում եմ դեմքիս վրայով ու պահում գլխիս: Ձգան։ Կրակոց: Դմրփյուն: Սպանե՞լ եմ ինձ: Չէ։ Մեռածներին չեն սպանում: Եվ կամ ես այդքան խիզախ չեմ:
Վառում եմ ծխախոտը: Նեղ միջանցքի խավարած լամպի լույսի տակ տեսնում եմ հատակին փռված հայելու կտորները: