Հրայր Խաչատրյան | Մինչ դու բացահայտում էիր Կաֆկային

Ձեռքերս սիրել են քո կոնքերը…
Նրանք մաքրեցին մենության փոշին.
դանդաղել էր նույնիսկ օդը՝ շնչակտուր սպասելով,
թե երբ կներարկեմ ինձ քո մեջ կամ հակառակը։
Ցուրտ էր,
մեր տեղը խոսում էր գոլորշին,
որ աստիճանաբար բարձրանում էր՝ հպվելով երկնքի պատերին։
Կանգնել են մեր աչքերն իրար դեմ,
ասես մենամարտում են,
ուր պարտվողը նույնիսկ հաղթող է։

 

***
Ես բովանդակություն եմ,
բայց ինքնամփոփ.
հազար տարի է,
ինչ չեմ լսել ինձ,
կորցրել եմ երաժշտությունս դրամապանակի նման,
մնացել եմ անտեր թափառական,
ով իր ուղղությունը փնտրում է արևի հետ։
Ես շողում եմ իմ տխրությունից,
մի պատճառ,
որ գետի նման հոսում է իմ մեջ,
փոխվում են թվերը,
հետո ամիսներ,
տարին էլ երազի պես բան է…
(ես դեռ գնում եմ իմ երաժշտության հետևից):

 

***
Ես թշվառ եմ այնքանով,
որ չկարողացա սիրել մեկին մինչև վերջ,
(հարմարվող չէի)։
Մեկը պեպենոտ էր,
բայց քմահաճ,
երբ ջղայնանում էր դեմքի ավազահատիկները սեղմվում էին՝ աչքերի տակ կազմելով մի բռունցք։ Մյուսի դեմքը գունատ էր մեռածի նման
(դժվար էր նրանից մի կաթիլ արյուն պոկել,
բայց ես փորձում էի),
երրորդը խնձոր էր հիշեցնում
(կծելուց հետո զգում էի շրթունքներիս վրա թարմ հետքերը,
և բաղձալի համը մխրճվեց ատամներիս արանքում):
Ես թշվառ եմ այնքանով,
որ ոչ մեկի սրունքներն այդպես էլ չմնացին իմ մոտ,
չմաշվեցին,
չկնճռոտվեցին իմ անկողնում։
Ես թշվառ եմ այնքանով,
որ, ի վերջո,
ամուսնացա իմ սենյակի խուլ պատերի հետ:

 

***
Մինչ դու բացահայտում էիր Կաֆկային,
աշխարհը կերպարանափոխվեց հազար դեմքով,
ապրեց բռնության և քաղցի կարոտը,
սեթևեթեց սիրահարված աղջկա նման,
ունեցավ իր երկրպագուները,
որոնք փորձում էին գրավել նրան,
տիրանալ նրա սիրուն։
Բայց դու մի բլոճ ես,
մի սենյակ՝ փակված ինքդ քո մեջ,
որ չտեսավ իր պատերից անդին մի բան:

 

***
Ւմ մտքերի տան ամենասիրելի սենյակը դու ես…
Լինի մութ,
լինի լույս,
ես միշտ քո մեջ եմ փակված:

 

***
Մթության մեջ ավելի անկեղծ ենք խաղում…
Տրվում ենք լռության հմայքին,
որտեղ բառերը չեն կարող պաշտպանել մեզ:

 

***
Ծնվելն էր ճիշտ,
թե մեռնելը,
տնկելը,
թե փորելը։
Երկուսին գումարած երկու հավասար է չորսի,
բայց կյանքը թվաբանությունից դուրս մի բան է:

 

***

Երբ երկնքից պարելով իջնում է անձրևը,
ուզում եմ հարցնեմ նրան.
ո՞ւմ ես կորցրել,
որ այդքան թրջում ես երկիրը։
Գիտեմ մենք տխմարներ ենք,
որ հավատում ենք,

թե դու հովանավորում ես սիրահարներին,
մենք ուրիշ բան մտածել չենք կարող,
չգիտեմ, թե ինչ ես կորցրել այստեղ (Բայց բոլորս գիտենք համբուրվել քո ներկայությամբ):

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *